2012-09-29

Գիշեր բարի





Ես կստեղծեմ աշխարհն 
Իմ երազներից այս գիշեր,
Կհյուսեմ երկինքը լուրթ
Ու մարգարիտներ կշաղեմ,
Որ աստղեր դառնան երկնքում՝
Հեռու ու մոտ, այնքա՜ն գունեղ…
Հոգուս լույսը կհանեմ, 
Կվառեմ անմար մի կանթեղ,
Արևի պես ջերմ ու լուսավոր
Եվ իմ երազում բարի
Շաղ կտամ սերն իմ անհուն՝
Խոր ծովերից երկրային,
Մինչև աստղերն հեռավոր…
Սրտիս բաբախյունով
Կյանքի կկոչեմ բնությանը ողջ.
Նոր աշխարհ, նոր տիեզերք՝
Լեցուն սիրով, առանց ցավի:
Կպարուրեմ  իմ սիրով 
Այս ամենն ու նաև ձեզ...
Միայն բարին ու լուսավորը
Միայն ձեզ ու միայն ձեզ:
Վերջում կասեմ հրաժեշտին՝
Ես քնեցի, իսկ ձեզ` 
Լի ջերմությամբ, լույսով բարի
Գիշեր բարի…

2012-09-25

Արտիստին


Դու խաղում ես հմուտ դերասանի պես,
Ամեն օր մի նոր կերպար ես հագնում.
Դիմակներ՝ շինծու անիրական,
Ու այդ ամենը Քեզ դուր է գալիս:
Այնպես եմ ուզում իրական հոգիդ
Գեթ մեկ վայրկյան անդեր տեսնել,
Առանց կերպար, առանց դիմակ,
Բայց ավաղ դու նորից խաղում ես,
Խաղում հոգուս լարերի հետ:
Մեկ աշնան թախիծով լցնում հոգիս,
Մեկ էլ գարնան ջերմությամբ...
Բայց տես չկոտրես հոգիս հանկարծ
Այնտեղ սիրտն է իմ պարփակված…

2012-09-18

Ամպերի միջով

Լուսանկարի հեղինակ՝ Արմեն Մխեյան


  Երբեք չէր եղել, որ այդքան շուտ ճանապարհ ընկնեի: Արթնացա առավոտյան 03: 00-ին, թեպետ ընդամենը երկու ժամ առաջ էի պառկել: Մեքենան պետք է մոտենար 04:15-ին: Բավական ժամանակ կար ճամպրուկը դասավորելու համար, չնայած գիտեի, վերջին պահին միշտ էլ մի բան մոռանալու եմ: Ճանապարհը երկար ու դժվար էր լինելու: Մեկնում էինք Հայաստանի ամենհարավային բնակավայրեր՝ Մեղրի ու Կապան: Փոքր ժամանակ էի եղել այնտեղ ու գրեթե ոչինիչ չէի հիշում, բայց հաճախ էի լսել ոլորուն ճանապարհների ու հատկապես Մեղրի քաղաքի բարիքների մասին: Հավատացած էի, որ հիանալի ուղևորություն էր սպասվում, բայց որ այդքան անականկալներով ու էքստրիմ պահերով հարուստ, չէի պատկերացնում: 
  Առավոտյան հինգն էլ չկար Երևանից դուրս էինք եկել: Կատակում էինք, զվարճանում, երաժշտություն լսում մեկ մեկ երգում, բայց հենց ես էի երգում գործընկերուհիներիցս մեն անընդհատ ասում էր՝ «սխալ նոտայով մի երգի», ես էլ առանց նեղանալու ավելացնում էի՝«Դու մի լսի» ու առիթը բաց չէի թողնում երգելու համար: Առաջին երկու ժամը այդքան էլ հետաքրիր չէր: Չորս կողմը խավար էր, սակայն արևածագից հետո ամեն ինչ փոխվեց: Ես ավելի շատ լուռ էի մնում, քան սովորաբար, միայն ֆոտոխցիկն էր ձեռքումս ժամանակն առ ժամանակ միանում ու անջատվում: Լուսանկարում էի հենց մեքենայի ընթացքից: Սկսվեց վերելքը: Եղանակն անմիջապես փոխվեց: Արևի շողերը կորան, երկինքը պատվեց սև ամպերով, իսկ մեքենան մեկ հայտնվում էր ամպի մեջ ու մեկ էլ դուրս գալիս: 
  Մառախուղը հաճախ այնքան թանձր էր լինում, որ ոչինչ չէր երևում, բայց երբ մեքենան դուրս էր գալիս ամպի միջից, մի աննկարագրելի տեսարան էր բացվում մեր առջև: Երևում էր ձորը՝ պարուրված սպիտակ ամպերով, որ քիչ առաջ մեզ մառախուղ էր թվում: Այնպիսի զգացողություն էր, ասես մեկ մետր այն կողմ փափուկ ու ճերմակ բամբակ էր փռված ու ձեռքդ մեկնելով կարող էիր բռնել այն, բայց դա միայն խաբկանք էր, առավել ևս երբ ձյունաճերմակ բամբակի միջից դուրս էին թռչում թռչունները: Իսկ մենք շարունակում էինք վերելքը՝ նոր ամպերի մեջ մխրճվելով, որոնք հեռվից ամպ էին, իսկ ներսից՝ մառախուղ: Երբ ամպից ազատվում էինք ու մեր առջև բացվում էր լեռնային ճանապարհն ու ամպերով պատված ձորը, զարմացական բացականչությունները չէինք կարողանում զսպել: Առավել ևս երբ Արևի շողերն ասես ներս էին սողոսկում, մեզ լուսավորում, բայց ոչ այնքան հեռու գտնվող ամպից ներս չէին թափանցում: Հենց դուրս էին գալիս ամպի միջից, խիտ անտառներն այնքան պարզ էին երևում, որ նշմարվում էր ամպի սահմանը` սպիտակ եզրագծով գծած, որ ասես մեղմ փաթաթվել ու իր գրկի մեջ էր առել լեռան լանջն ու գագաթը: 
  Մի պահ փակեցի աչքերս: Մառախուղն անմիջապես ցրվեց ու դիմացս բացվեց անծայր հորիզոնը: Ոչինչ չկար սահմանափակող: Կորան մեքենան, ճանապարհը, կողքիս նստած ընկերներս: Միայն բնությունն էր ու ես: Արագ բացեցի աչքերս: Սա ընդամենը տեսիլք էր, գուցե երազ, բայց ես չի քնել: Հստակ լսում էի մեքենայի շարժիչի ձայնն ու առավել ևս մեկ վայրկյան առաջ ես արթուն էի…
  Մառախուղը վերածվեց անձրևի: Օդում կախված ջրային գոլորշիներն ավելի թանձրանալով ոչ թե վար էին թափվում, այլ պարզապես կպչում էին ապակուն ու հոսում ներքև: «Իսկապես մի փոքր կարելի է քնել», — մտածեցի ես ու ճամպրուկը բարձի փոխարեն գլխիս տակ առնելով, փակեցի աչքերս: Որոշ ժամանակ դեռ լսում էի մեքենայի ձայնն ու զգում վերելքը: Հանկարծ լռություն տիրեց: Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ: Զգացի ինչպես է լսողություննս ավելի սրվում՝ գեթ մեկ աղմուկի աղբյուր որսալու համար, բայց ապարդյուն: Ոչինչ: Գործի դրեցի մյուս կարևոր զգայարանը՝ բացեցի աչքերս ու տեսա այն, ինչ հավանաբար երբեք չեմ տեսնի այլևս: Իմ առջև նորից անսահամանությունն էր, ես լեռան կատարին էի, որի չորս կողմն անդունդ էր, իսկ դիմացն՝ ավելի ցածր լեռներ էին՝ պատված անտառներով: Ես զգում էի ամենը՝ բնությունը, քամին, հովը: Միայն հիմա լսողությունս սկսեց ընկալել քամու ու տերևների շփունից ծնված սոսափը: Ձեռքս առաջ պարզեցի, բայց չտեսա այն: Նայեցի ներքև ու մարմինս չկար, ես անտեսանելի էի, անմարմին, ասես հոգիս ազատվել էր մարմնիցս, բայց փորձում էր դեռ կառավարել այն: Անգամ չէի կարողանում մտածել: Ուղեղս շարունակում էր ընկալել շրջապատը, ոչ միայն տեսողական, լսողական, այլ նոր ու ինձ համար անծանոթ զգայարաններով: Ես տեսնում էի հեռուն, Արևն ու իր շողերը, զգում ինչպես են ֆոտոններն էներգիան հասցնում երկիր, ինչպես են ամպի գոլորշու հատիկներն ավելի մեծանում և քամուց այս ու այն կողմ շպրտվում: Զգում էի ինչպես է քամին յուրաքանչյուր ծառի սաղարթով անցնում, տարուբերում ճյուղերն ու տերևները, ինչպես են ծառերի արմատները կենարար հեղուկն իրենց միջով հասցնում տերևներին, սնում դրանց: «Սա անհավանական է, երազ», — վերջապես կարողացա միտքս կտրել ողջ բնությանն ընկալելու բարդ զգացողությունից: Նորից փորձեցի առաջ մեկնվել, այս անգամ ամբողջ մարմնով ու թվաց հիմա կընկնեմ անդունդը, բայց չընկա, այլ սլացա առաջ, դեպի դիմացի անտառապատ լեռան լանջը: Մի ակնթարթ ու հիմա էլ կանգնած էի ծառերի կատարներին: Նորից սկսվեց բնության ընկալումը: Ականջներս որսում էին ամենաթույլ ձայնն անգամ, մեղվի թևիկերի շարժումից մինչև մանկան լացը: Ոչ մի ձայն չէր միախառնվում, յուրաքանչյուրը հստակ ու պարզ լսվում էր ականջիս: Ասես ես ունեի միլիարդավոր ականջներ որպեսզի ոչ մի ձայն, ոչ մի բացականչություն, լաց, ծիծաղ բաց չթողնեի: Յուրաքանչյուր ձայն առանձնահատուկ էր ու յուրօրինակ: Մի պահ ձայները կորան, նորից տիրեց լռություն:
  Անսահման թեթևություն զգացի: Ասես ճախրեի երկնքում՝ անմարմին ու անսահման ազատ: Զգում էի օդի ամեն մասնիկի շարժումը, տարածումը: Հետո զգացի ջերմություն ու լույս, որ մեծ արագությամբ սլանում էր հեռու ու ես հենց այդ լույսի մեջ էի, ես լույսն էի: Այն կանգ չէր առնում, ինձ հետ գալիս էր անսկիզբ հեռուներից ու սլանում անծայր հեռուներ: Ոչ մի արգելք չկար, ամեն ինչ հաղթահարվում էր, բայց հանկարծ երևաց կապույտ մի կետ, մեկ ակնթարթ հետո ես բախվեցի այդ կապույտին: Աստիճանաբար տեսարանը փոխվեց ու ես դարձա ալիք, մի հսկայական ջրային հոսանք, որ անկառավարելի էր ու մղվում էր առաջ: Այնպիսի զգացողություն էր, ասես, ես մի կաթիլ էի, որ ձուլվել ու դարձել հսկա ալիքի մի մասնիկը, բայց զգում էի այդ ալիքի ամեն մի շարժումն, ուժն ու զորությունը: Մեկ ակնթարթ հետո, նորից լեռնային տեսարան բացվեց իմ առջև: Ես դարձա ավելի ամուր ու կայուն, ուժեղ ու աներեր: Ավազի մեկ հատիկի պես միացա անհաշիվ հատիկներին: Ես ձուլվեցի՝ դառնալով ընդհանուրի մի մասը: Այս զգացողությունն ավելի երկար տևեց: Ես Երկիրն էի, ողջ հողագունդը, զգում էի ամեն հատվածի ջերմությունն ու զովությունը, ամեն քարի ու ավազահատիկի տեղաշարժը: Իմ մարմինը խորունկ ձորերն ու վեհ լեռնագագաթներն էին: Զգում էի մարմինս կնճռոտած գետերի ու օվկիանների փրփրուն ալիքների շարժը, անտառներն ու տափաստանները, անապատներն ու մարգագետինները: Երկվայրկյան հետո ես նորից բարձունքում էի: Նորից սկսվեց աղմուկը, բայց ամենահստակը իմ ներքին ձայնն էր՝ «Էությունդ Բնությունն է, Բնությունը՝ հավերժությունը: Էությունն հավերժ է…»:
  Զգացի քամու բախվելը մարմնիս, թեպետ չէի տեսնում ինձ, բայց զգացի ինչպես քամին հարվածեց դեմքիս ու ես մի քանի քայլ ետ գնացի: Այն չէր դադարում: Իբրև թե փակեցի աչքերս: Ձայներն անհետացան: Ականջիս շարժիչի ու քամուց թրթռացող շորերի ձայն սկսեց հասնել: Բացեցի աչքերս: Գիրկս ճամպրուկն էր, իսկ դիմացս նստած գործընկերուրիհիս ամբողջությամբ իջեցրել էր ապակին, ու լեռնային թարմ օդը ագահորեն ներս էր խուժում: Ամպից ազատվել էինք, բայց այն շատ մոտ էր:
  — Ուզում եմ բռնել ամպը, — բացականչեց նա: 
  Բոլորս ծիծաղեցինք: 
Լուսանկարի հեղինակ՝ Նարինե Պողոսյան
  «Իսկ ես մի քանի վայրկյան առաջ հենց այդ ամպն էի ու ողջ բնությունը, — մտքուս ավելացրի ես: — Էությունն հավերժ է, Բնությունը՝ էությունդ կամ հակառակը ինչպես լսել էի իմ երազում: Այդ խոսքերի շուրջ դեռ շա՜տ կխորհեմ, իսկ հիմա արժե վայլել մաքուր օդը»:
 Ես թաքուն ժպտացի ու միացա ընկերներիս զվարճանքին: Իմ երազն անհետացավ, բայց մնաց լուսանկարը: Չգիտեմ, այս պահին, ես կրակն էի, հողը, ջուրը, թե օդը, բայց ֆիզիկական մարմինս մեքենայում էր, իսկ մեքանան սլանում էր Սյունյաց աշխարհի հրաշք բնության քարքարոտ ճանապարհով, որի մի մասնիկն էի դարձել ես՝ իմ անիրական երազում….

2012-09-10

Դու ինձ հավատա


Դու ինձ հավատա,
Մի փնտրիր խաբկանք
Խոսքերում իմ անեղծ,
Սուտն օտար է ինձ…
Հավատա՜, հավատա՜,
Չէ՞ որ կապված ենք մենք
Սիրո բյուր թելերով,
Ժամանակի ակնթարթով ,
Մեր անբաժան հոգով …
Մի հեռանա ինձանից,
Առանց քեզ ես ոչինչ եմ
Առանց ինձ  դու՝ անսեր
Անլույս մի երազ…
Հավատա՜, Հավատա՜,
Կորցնել քեզ չեմ ուզում
Չէ՞ որ քո կողքին եմ
Միայն երջանիկ ես
Ու լուսավոր՝ քո լույսով…

Սիրո հաղթանակը


Աղբյուրը՝  Գրողուցավ   կայք
Հեղինակ՝ Արմեն Մխեյան



Հինգ  տարի անց նա նորից բեմ կբարձրանա:
Սիրտն այնպես է բաբախում, ինչպես այն տասնվեցամյա աղջնակինը, որ տարիներ առաջ պետք է առաջին անգամ բեմ դուրս գար, երգեր ամենամեծ դահլիճներից մեկում, իսկ հանդիսատեսը պետք է ունկնդրեր, քննադատեր, իսկ հետո հիանար ու սիրեր իրեն՝ որպես բացառիկ ձայն ունեցող երգչուհու: Ինքը շատ էր սպասել այս օրվան ու հավատացած էր. իր երկրպագուները ևս: Հինգ տարի քար լռությունից, լրատվամիջոցներից, հրավերներից ու համերգներից հեռու մնալով՝ այժմ նա նորից «կխոսի», բայց իր նոր ու հին երգերով: Մի քանի րոպե, ու ինքն արդեն բեմում կլինի:  Շլացնող լույսեր, բազմահազար երկրպագուների  ծափողջույններ, հիացական հայացքներ ու անթիվ ծաղիկներ: Բայց չի լինի նա, ով իրեն նվիրեց այս ամենը, այս կյանքը, բեմը, երգարվեստն ու առաջին ծաղիկները: Նա, ով սիրեց ոչ միայն իր ձայնը, այլև հոգին: Սիրել նրան մեծ երջանկություն էր, վայելել նրա անհուն սերը՝ այնքա՜ն հրաշալի: Բայց մի օր ավարտվեց սիրո երջանկությունը: Նա այլևս կողքին չէ, բայց միշտ իր սրտում՝ իր հոգեթով մեղեդիներով, որ ձոնվում էին միայն իր համար, այն հոգուց ծնված բառերով, որ չքնաղ էին այնքան… Եվ այսօր նա կերգի հենց այդ երգերը, որ ձոնվել էին իրեն համար, միայն իրեն համար:

***
 Ես քեզ հետ եմ, չվախենա՛ս, մի՛ նայիր դահլիճին, գուցե դա շփոթեցնի քեզ: Երբ բեմ դուրս գաս, նայիր միայն ինձ, երգիր այնպես, ինչպես միայն ինձ համար ես երգում: Գիտեմ՝ դու կարող ես: Ես առաջին շարքում եմ նստած լինելու, հաջողություն քեզ…
Վաչեն անհետացավ, իսկ ինքն անգամ ձայն հանել չհասցրեց:
Իսկ այժմ բեմ կբարձրանա մի երգչուհի, ով առաջին անգամ է կատարելու այս երգը:
Տղամարդու ձայնին հաջորդեց կին հաղորդավարի ձայն.
—Թեպետ նա սկսնակ երգչուհի է, բայց արդեն հասցրել է իր գրավիչ ու գեղեցիկ ձայնով գերել հազարավոր սրտեր:
Եվ այսպես, երգի պրեմիերա: «Անձայն կասեմ»…
Եվ լսում է իր իսկ անունը, որ միասին արտասանում են  վարողները:
Սրտի թրթիռն ավելի է ուժգնանում: Լսվում է ծափերի ձայնը: Նա կամաց դուրս է գալիս բեմ: Բաց վարդագույն զգեստն այնքան երկար է, որ հատակին է թափվում: Հանդիսավարները հեռանում եմ բեմից՝ ողջունելով իրեն: Նա հիմա բեմում է, միայնակ ու գլխիկոր: Աստիճանաբար մարում են լույսերը: Իր հետևում գտնվող մեծ էկրանին կապույտ գույն է հայտնվում, ու միայն մի լույս իր վրա է ընկնում: Ծափերի ձայնն էլ չի լսվում: Քար լռություն: Մի պահ իրեն թվում է, թե ողջ դահլիճը բարձրախոսի միջոցով կլսի իր սրտի տրոփյունը: Հնչում է մեղեդին: Վախենում է բարձրացնել գլուխը: Հիմա պետք է սկսել, մեկ… երկու… երեք…
Լսում է իր իսկ ձայնի արձագանքը, մեղեդու թռիչքը: Սրտի զարկերն ուժգնանում են: Մի ձեռքը դնում է սրտի վրա, ասես հիմա այն դուրս կթռչի: Բարձրացնում է գլուխը: Ձայնն ավելի հստակ է դառնում: Մեկ քայլ դեպի դահլիճը, ու գտնում է նրա հայացքը, որ քիչ առաջ իր կողքին էր, ապա թեքում գլուխն ու փակում աչքերը: Ձայնն այստեղ պետք է ամենաբարձրը լինի, հանկարծ չդավաճանի ձայնն իրեն: Ոչ, չի դավաճանում: Այնպես է ստացվում, ինչպես ինքն էր ուզում:
Լսում է դահլիճից եկող առաջին հիացական բացականչությունները: Գլուխը թեքում է դեպի դահլիճն ու բացում աչքերը: Որսում է նրա  ժպիտը, ակամա ինքն էլ է ժպտում: Նա այլևս չի վախենում: Նայում է հեռուն, զգում` դահլիճի ջերմությունը: Մի քանի շարժում մեղեդուն համահունչ, ու նա լրիվ իր կերպարի մեջ է՝ իսկական հավերժահարս: Բեմի վրա նոր լույսեր են վառվում, իսկ էկրանին ծովային մայրամուտի նկարներ են, ու ինքն ասես սահում է ալիքների վրայով: Բառերն ասես դուրս են հորդում իրենից ու լցնում դահլիճը: Ահա և վերջին կրկներգը, վերջին շարժումները: Նա նորից գլուխը կախում է: Սիրտն արագ է տրոփում, բայց ոչ հուզմունքից, այլ երջանկությունից: Նա արեց այն, ինչ իրենից սպասում էր Նա, ով հենց իր համար էր գրել այս երգը, խոսքերը:
Հանկարծ դահլիճը պայթեց ծափերից: Վառվեցին լույսերը: Բեմի մոտ մի քանի տասնյակ մարդիկ կային՝ ձեռքներին ծաղիկներ:
—Շնորհակալ եմ,—գրեթե շշնջաց նա, որ հազիվ լսվեց ծափահարությունների խլացնող աղմուկի մեջ:
—Հիանալի երգ, հիանալի կատարում: Շնորհակալ ենք քեզ,— բեմում հայտնվեցին վարողները, — այս ծափահարությունները միայն քեզ համար են, և ծաղիկները նույնպես —շարունակում է  տղամարդ վարողը…
Սա իր առաջին մեծ բեմն էր: Նա արեց առաջին քայլը…
***
Նա երջանիկ էր: Սիրում էր իր աշխատանքը, ամուսնուն, գնահատում նրա արվեստը: Ամեն ինչ կատարյալ էր, մինչ այն չարաբաստիկ օրը, երբ մեքենան վթարի ենթարկվեց: Աչքերը բացեց հիվանդասենյակում, ու առաջին իսկ բացականչությունը Նրա անունն էր: Սիրտը վատն էր վկայում: Ամբողջ մարմինը ցավում էր, բայց այդ ցավը ոչինչ էր հոգու ցավի դեմ: Նա լալիս էր, լալիս հոգու ցավից ու չէր էլ լսում բուժքրոջ խոսքերն անգամ.
—Մի՛ նյարդայնացեք, Ձեր այս վիճակում առավել ևս, հանգստացեք խնդրում եմ…
***

Ահա և նա բեմում է: Դահլիճը լեփ-լեցուն է: Բացառիկ ձայնի գեղգեղանքը լցնում է դահլիճի ամենահեռավոր անկյունն անգամ: Նույն զգացողությունը և դահլիճի ջերմությունն ավելի են ոգեշնչում: Նա ճախրում է իր իսկ երգի թևերով ու մեղեդին հասցնում հեռուներ: Զգում է նրա շունչը: Նա այնտեղ է՝ բեմն ու դահլիճը շղարշող ստվերից այն կողմ, հազարավոր հայացքների մեջ:
Դահլիճը ցնծում է: Հնչում են այն երգերը, որ մեծ ճանաչում են ձեռք բերել: Ավելի քան հինգ տարի լռությունից հետո կրկին բեմում է: Որքա՜ն էր կարոտել հանդիսատեսի ջերմությանը: Հիմա պետք է հնչի այն երգը, որն իրեն մեծ հռչակ է բերել, նա կերգի նրա ու իր երգը և պետք է երգի անթերի՝ հանուն նրա…
Մարում են լույսերը, դահլիճը՝ լռում: Նա բեմի կենտրոնում է, կանգնած է այնպես, ինչպես տասը տարի առաջ: Հուզմունքը մեծ է, ու սիրտն էլի սկսում է արագ բաբախել ինչպես այն ժամանակ: Ոչ, սա հուզմունքից չէ, այլ երգից, երգի հոգուց, այն ստիպում է գնահատել սրտի թրթիռին անգամ:
Աչքերը փակում է, սկսվում է նախերգանքը ու հանկարծ տեղի է ունենում անսպասելին: Ինքը լսում է երգի բառերը, բայց ինքը չի երգում: Զարմացած բարձրացնում է գլուխը: Երգում է մի ողջ դահլիճ: Արցունքերն անկարող է զսպել: Առաջ է գնում դեպի դահլիճն ու նստում բեմահարթակի աստիճաններին: Դիմացը խավար է, ոչինչ չի տեսնում, միայն դահլիճից եկող հազարավոր ձայներն իր իսկ երգն են երգում:
Վերջապես երկրորդ կրկներգից ինքն էլ է սկսում երգել: Արցունքները խեղդում են, բայց ձայնն աներեր է, հաստատուն: Դահլիճն ու երգչուհին երգում են միասին՝ առանց խանգարելու միմյանց, իսկ երջանկության ու տխրության արցունքները միախառնված դեռ հոսում են: Նա չի նայում դահլիճին, աչքերը փակ են, բայց դահլիճից ականջին են հասնում ոչ միայն երգի բառերը: Ինչ-որ շարժում կա այնտեղ, բայց այնուամենայնիվ չի բացում աչքերը: Ահա և վերջ.  մեղեդու վերջանալուն պես դահլիճը լուսավորվում է: Դեռ նստած է: Լսվում են ծափեր: Բացում է թաց աչքերը: Ողջ դահլիճը հոտնկայս  ծափահարում է: Հենց իր առջև երկրպագուներն են՝ ձեռքներին ծաղիկներ ու նրանց մեջ մի մանկիկ, որ ամենից առաջ է կանգնած՝ ձեռքին մի մեծ ծաղկեփունջ…
 Այո, սերը հաղթում է անգամ մահվանը, ինչպես երգի բառերն էին հնչում մի քանի վայրկյան առաջ: Չէ՞ որ փոքրիկի աչքերը Նրա աչքերն են: Այդ փոքրիկն իր մեծ սիրո ծնունդն է, իր կյանքի միակ հույսը: Հենց այդ սիրո մեծ ծնունդը նորից ստիպեց նրան ապրել: Հենց սիրո այդ մեծ հրաշքը նոր կյանք  պարգևեց իրեն:
—Իմ հրա՜շք, — շշնջաց նա:
—Մայրի՜կ, մայրի՜կ, ես քեզ շատ եմ սիրում, — բղավեց մոտ չորս տարեկան երեխան ու առաջ նետվելով՝ գրկեց մորը…
Դահլիճը դեռ երկար ծափարում էր երգչուհուն, ով գրկել էր իր փոքրիկին, իսկ արցունքները նորից հոսում էին, երջանկության արցունքները...