2013-11-28

Առանց դիմակի. հարցազրույց Արմեն Մխեյանի հետ


                            Ամեն մայրամուտ ու ամեն արևածագ յուրովի է, ոչինչ չի կրկնվում ու ամենը ինչ կա այս  աշխարհում կարողանում է գոյատևել միայն այն պատճառով, որ յուրահատուկ է:
Արմեն Մխեյան
Գրող, բլոգեր, լրագրող Արմեն Մխեյանն արդեն երկու տարի վարում է իր անձնական բլոգն ու այնտեղ հրապարակում իր ստեղծագործությունները` բանաստեղծություններ, պատմվածքներ, անգամ վեպեր, իսկ այժմ պատրաստվում է ընթերցողների դատին ներկայացնել իր երկու նոր պատմվածքները:

-Ե՞րբ եք բացահայտել Ձեր մեջ գրելու ջիղը: Մանկության երազա՞նք, թե՞…

-Հիշում եմ` դեռ փոքր ժամանակ, երբ հարցնում էին մեծանաս ի՞նչ ես դառնալու, ասում էի` դերասան, սակայն մասնագիտությունս ընտրեցի տեխնիկական ոլորտից, չնայած միշտ էլ հումանիտար առարկաների նկատմամբ հետաքրքրություն ունեցել եմ: Փոքրիկ բանաստեղծություններ սկսեցի գրել դեռևս դպրոցական տարիքում, բայց հետո երկար ժամանակ այլևս չէի գրում. ուսում, աշխատանք, բանակ… Արդեն գիտակից տարիքում հասկացա, որ մտքերս շարադրելն ու դրանք ներկայացնելը կարող է օգնել ոչ միայն ինքս ինձ հասկանալ, այլև շատերին ևս օգնել անցնելու կյանքի այն ուղին, որը կարելի է անվանել փնտրտուքի, կամ, գուցե ինքնաբացահայտման և կայացման ժամանակաշրջան:

-Ասում են` դեռ փոքրուց ստեղծագործող մարդիկ անմիջապես տարբերվում են մյուսներից, համաձա՞յն եք:

-Ես կասեմ ավելին` ամեն մայրամուտ ու ամեն արևածագ յուրովի է, ոչինչ չի կրկնվում ու ամենը, ինչ կա այս աշխարհում կարողանում է գոյատևել միայն այն պատճառով, որ յուրահատուկ է: Այս նախադասությունը ձևակերպեցի իմ պատմվածքներից մեկում, ու այն դարձավ աֆորիզմ: Այնպես որ յուրաքնչյուրս արդեն յուրահատուկ ենք: Գուցե ոմանց մոտ այն առավել վառ է արտահայտված, իսկ ոմանց մոտ ոչ, սակայն բնության մեջ բացարձակ նման ոչինչ գտնել չենք կարող:

-Խոսեցիք պատմվածնքներից: Ովքե՞ր են Ձեր կերտած հերսները:

-Նրանք հասարակ մարդիկ են, սակայն մարդիկ են, ովքեր անցնում են անհնարինի միջով: Ես փորձում եմ իմ պատմվածքներում առավել մեծ ուշադրություն դարձնել գաղափարների վրա և ոչ թե մանրամասն կերպարների նկարագրության: Այդպես պատմվածքն առավել հարուստ և միաժամանակ գեղեցիկ մտքերով է ստացվում ու ընթերցողին շատ ավելին է տալիս:

-Արմեն, գիտեմ որ հետաքրքրվում եք նաև լրագրությամբ: Ինչո՞ւ հենց լրագրություն, որպես հո՞բի ընտրեցիք, թե՞ որպես մասնագիտություն:

-Լրագրություն ուսումնասիրելու միտքը ծնվեց բլոգի աշխատանքերին զուգահեռ: Որոշ ժամանակ անց ցավով ընդունեցի, որ Հայաստանում որպես այդպիսին իրական լրատվական դաշտ չկա. ընդամենը բացառիկ լրատվամիջոցներ են, որոնք համապատասխանում են «Չորրորդ իշխանության» կոչվածին: Լրագրության մեջ ամենակարևոր հատկանիշը լրագրողի անկողմանակալ լինելն է և հավաստի տեղեկատվության տրամադրելը հասարակությանը:

-Այդ դեպքում Ձեր քաղաքական հայացքները խոչընդոտ չե՞ն հանդիսանում:

-Իմ հայացքները զուտ քաղաքացիական են: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է նախ ունենա քաղաքացիական դիրքորոշում, այնուհետ քաղաքական: Լինել քաղաքացի չի նշանակում միայն անձնագիր ունենալ, այլև պարտավորություններ և միաժամանակ սեփական երկրի հանդեպ պատասխանատվության զգացում, որն էլ պետք է ստիպի բաձրաձայնել յուրաքանչյուր խնդիր, որն հուզում է հասարակությանը: Իմ պատրաստած հոդվածներում փորձում եմ իսպառ բացառել այսօր լրատվական դաշտում առավել տարածված դեղին մամուլին բնորոշ հատկանիշները և տալ փաստերով տեղեկություն` եզրակացությունը թողնելով արդեն ընթերցողին: Ամեն դեպքում դեռ այդ ոլորտում կարծում եմ շատ սովորելու տեղ կա…

-Դժվար չէ՞ համատեղել այլ ոլորտում աշխատանքն ստեղծագործական աշխատանքի հետ:

-Դժվարությունները նրա համար են, որպեսզի հաղթահարենք: Փորձում եմ համատեղել:

-Տարին մոտենում է ավարտին: Որքանո՞վ էր ստեղծագործական առումով այն բեղուն և ի՞նչ դեռ պետք է անեք մինչև տարեվերջ:

-Միայն այս տարի երկու վեպ, երկու պատմվածք, բանաստեղծություններ և բազում հոդվածներ: Մինչև տարեվերջ հուսով եմ կհրապարակեմ իմ երկու պատմվածքները, որոնք դեռ անավարտ են: Եթե տարին ամփոփելու լինենք, ապա տարին իմ կյանքում շրջադարձային կարելի է համարել:

-Վերջում ի՞նչ կմաղթեք և՛ մեր, և՛ Ձեր ընթերցողներին:

-Միշտ խուսափում եմ մաղթանք ասելուց… Կուզեի, որ բոլոր մարդիկ անկեղծ լինեին, չէ որ անկեղծությունից ծնվում է սեր, իսկ այն մեզ միշտ հարկավոր է առաջ գնալու, պայքարելու և կյանքի յուրաքանչյուր խոչընդոտը հաղթահարելու համար: Լինենք պարզ ու շիտակ, անկեղծ ու կարեկցող, որպեսզի երբ նայենք հայելու մեջ, տեսնենք մեր դեմքն առանց դիմակի…

Normitq.am

Комментариев нет: