2016-08-08

Երբ քեզ տեսա





Միայն թե իմանաս՝ որքա՜ն կամեցա
Քեզ իմ կողքին տեսնել,
Այն խելահեղ հանդիպումից,
Երբ քեզ տեսա…
Երբ քեզ տեսա,
Կյանքն ասես սկսվեց նորից,
Փոխվեց աշխարհն իմ,
Ու դու դարձար իմ աշխարհը…

Միայն թե իմանաս՝ որքա՜ն ցանկացա
Փայփայել քեզ ինչպես հրաշքից
Մի մասնիկ իմ հոգում,
Երբ քեզ տեսա…
Երբ քեզ տեսա,
Աշխարհն իմ հրաշքով լցվեց,
Դու դարձար հոգուս մի կտոր,
Ու սիրտս սիրով պարուրվեց...

Միայն թե իմանաս՝ որքա՜ն երազեցի
Քեզ իմ սիրով պարուրել,
Սիրո թևերով աստղերին հասցնել,
Երբ քեզ տեսա…
Երբ քեզ տեսա,
Շուրջս վառվեց մի բորբ արև,
Ու գիշերն իմ լուսավորվեց
Քո սիրո լույսով միայն…

Միայն իմանաս՝ որքա՜ն երջանիկ եմ,
Դու իմ հրաշք՝ երազից եկած
Ու իրականություն դարձած,
Երբ կողքիս ես…
Երբ քեզ տեսա
Իմ կողքին ու աչքերիս նայելիս,
Ես հասկացա. պահպանել է պետք
Աշխարհն այն, որում դու կաս…



2016-08-06

Շնորհակալ եմ, որ կողքիս ես


Այնպես կուզեի գաղտնի պահել,
Սերս գիշերվա մթով քողարկել,
Բայց աստղերի մեջ արև թաքցնել
Անկարող եմ ես…
Երջանկությունը քո սիրո թևով
Հոգուս է փարվել, ու, եթե իմանայիր,
Թե որքան եմ քեզ սիրում,
Որ կեսգիշերն անգամ
Ինձ համար կեսօր է թվում…
Աշունը՝ ծաղկած գարուն,
Ձմռան սառնությունը՝
Արևի շողի վերածվում,
Երբ ամեն անգամ նայում եմ
Աչքերիդ խորունկ ու քեզ
Իմ գիրկն առնում…
Սերս թաքցնել՝ անկարող եմ
Եվ չեմ էլ ուզում, քանզի հիմա
Բառերն եմ ակամա
Քո ականջին շշնջում՝
Սիրում եմ ու կարոտում,
Երբ մեկ վայրկյան է անգամ
Մեզ իրարից բաժանում…
Չգիտեմ անգամ ինչպես
Քո մեծ սիրո համար,
Շնորհակալ լինել…
Գիտեմ՝ բառերով չես ասի,
Բայց եթե անգամ փորձեմ,
Պիտի անվերջ կրկնեմ՝
Միակ ու անբիծ քո սիրուց
Կյանքիս ամեն ակնթարթը
Այնպես թանկ է դարձել,
Եվ այս մեծ ու անսահման 
Երջանկության համար
Շնորհակալ եմ, որ կողքիս ես,
Շնորհակալ եմ…