Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2011-12-27

Կախարդական ղողանջներ




Armen Mkheyan

ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ




 Փոքրիկ տղան Ամանորի նախօրեին անհավանական արկածների մեջ է ընկնում: Նա պատահմամբ մի կախարդական զանգակ-քար է գտնում, որն անմիջապես կարող է տեղափոխել իրեն կախարդանքի ու հրաշագործության աշխարհ: Սա իսկապես հրաշք է, հատկապես եթե կարող ես այդ կերպ իրականացնել անիրական թվացող երազանքները՝ հանուն բարու և գեղեցիկի: 


  «Կախարդկան ղողանջներ» հեքիաթը հեղինակի առաջին նմանատիպ ստեղծագործությունն է: Այն ոչ միայն փոքրիկների համար գեղեցիկ ու Ամանորի կախարդական հեքիաթ է, այլև հետաքրքիր ընթերցանության նյութ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Հրաշքին…

  Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի թույլտվության:
http://armmkheyan.blogspot.com
©ArmenMkheyan

  Կախարդական զանգակներն արդեն ղողանջում են ու ավետում Նոր Տարվա գալուստը: Ասում են` Ամանորի գիշերը լսելի են նրանց հեքիաթային ձայնն ու ամենահեքիաթային երազանքներն ու ցանկություններն անգամ կարող են դառնալ իրական. միայն հավատալ է պետք…






«Որքա՜ն գեղեցիկ է ձյունը»,—մտածում էր փոքրիկ Դավիթը՝ նայելով պատուհանից դուրս:
Այս տարվա առաջին ձյունն այնքան մեծ-մեծ փաթիլներով էր տեղում, որ Դավիթին թվում էր՝ երբեք նման մեծ փաթիլներ չի տեսել իր կյանքի տասնմեկ տարիների ընթացքում: Երբ ձյուն է գալիս, ասես միանգամից Նոր տարին թակում է դուռը, իսկ Ամանորին իսկապես քիչ է մնացել, ընդամենը մի քանի օր: Այսօր դպրոցում տարվա վերջին դասն էր, ուրեմն պետք է նախապատրաստվել, պետք է զարդարել եղևնին:
Դավիթը ցատկեց պատուհանագոգից ու արագ վազեց խոհանոց:
Մա՜մ, մա՜մ
Ինչո՞ւ ես աղմկում, Դավիթ: Ի՞նչ է պատահել,— հարցրեց տիկին Նունեն դուրս գալով խոհանոցից:
Ես պետք է տոնածառը զարդարեմ, հիշո՞ւմ ես հայրիկն ասաց, որ նախապատրաստեմ մինչ ինքը գա:
Դավիթ, ինչպե՜ս վախեցրիր ինձ: Դու գիտես, թե որտեղ գտնես խաղալիքներն ու փայլերը, միայն թե քրոջդ ոչինչ դեռ ցույց մի տուր և հանկարծ ձեղնահարկ չտանես:
Դավիթն արագ վազեց՝ կանչելով քրոջը.
Էլե՜ն, Էլե՜ն մայրիկը քեզ խոհանոց է կանչում
Փոքրիկ Էլենը Դավիթի առաջ հայտնվեց ձեղնահարկի աստիճանների մոտ: Նա մոտ չորս տարի փոքր էր իր եղբորից:
Էլեն, գնա խոհանոց, մայրիկը քեզ է կանչում:
Ես գիտեմ, դու գնում ես տոնածառը  բերելու,— մեղմ ասաց Էլենը, ասես հենց ինքն էր մեղավոր, որ Դավիթը պետք է գնա ձեղնահարկ:
Է՜Ես, չէ՛, Էլենխոսք եմ տալիս, որ մենք միասին հայրիկի հետ կզարդարենք այն, բայց ախր ձեղնահարկ գալ դու չես կարող, ուզո՞ւմ ես սպասիր ինձ, ու ես կբերեմ տոնածառը, և հենց հայրիկը գա, կզարդարենք:
Էլենը գլուխը կախեց:
Եղբայրը շրջվեց, որպեսզի բարձրանա ձեղնահարկ` վստահ չլինելով, որ Էլենը չի գա իր ետևից: Հանկարծ հիշեց մոր խոսքերը՝ «հանկարծ ձեղնահարկ չտանես»:
Նա արագ շրջվեց:
Իսկ եթե մենք պատրաստենք գնացքը, մինչև հայրիկը գա:
Ես քեզ կսպասեմ այստեղ, հաստատ չեմ գա: Չմոռանաս նաև հայրիկի ասած կախարդական քարն էլ բերել:
Դավիթը ժպտաց:
Դու խո՞սք ես տալիս չգալ: Ես բոլոր խաղալիքները կբերեմ ու մենք միասին կգտնենք կախարդական խաղալիքը:
Էլենը գլխով համաձայնության նշան արեց:
Այդ դեպքում ավելի լավ կլինի գնաս մայրիկի մոտ, նրան օգնիր մինչ ես գամ:
Էլենը լուռ իջավ աստիճաններով: Դավիթն սպասեց մինչև քույրը կամաց-կամաց և բազրիքից բռնվելով իջավ ու վազեց դեպի խոհանոց: Երբ խոհանոցից լսեց մոր ձայնն ու համոզվեց, որ քույրը չի գա իր ետևից, բարձրացավ ձեղնահարկ, որտեղ պահվում էին ամենը այն ժամանակներից, երբ դեռ  տատիկն ու պապիկն էին ապրում այս տանը:
Երբ Դավիթը բարձրացավ ձեղնահարկ, հասկացավ որ այդքան էլ հեշտ չի լինի այստեղ գտնել այն ինչ, փնտրում է: Ամենուրեք հին իրեր էին: Ասես մի մեծ սենյակ լիներ իր հնաոճ կահավորանքով, իսկ մթությունը խորհրադավորության քողով էր ամեն ինչ պատում: Այստեղ կարելի էր գտնել ամենազանազան անպետք ու պիտանի իրեր, որ տատիկն ու պապիկը տարիների ընթացքում հավաքել էին, կամ գուցե նրանք էլ իրենց ծնողներից էին ստացել, ինչպես հայրիկն ու մայրիկը: Հատկապես պապիկն ամեն անգամ պատվիորում էր, որ պահպանեն ամեն ինչ, մինչև նորից վերադառնան հայրենիք, իսկ նրանք հիմա այնքա՜ն հեռու էին:
Դավիթը նայեց սենյակի այն անկյան կողմը, որտեղ մեկ տարի առաջ ինքն ու հայրը տոնածառի զարդարանքներն ու հենց արհեստական տոնածառն էին տեղադրել, որի բարձրությունը գրեթե երկու մետր էր, ու հազիվ էր տեղավորվել գետնի ու առաստաղի միջևԴավիթն իջեցրեց սպիտակ կտորը, որ գցված էր տոնածառի վրա՝ փոշուց պաշտպանելու համար: Եղևնին արհեստական էր, բայց այնքան գեղեցիկ: Արդեն տասը տարի շարունակ այն զարդարվում էր ու իր ողջ շքեղությամբ կանգնում հյուրասենյակում: Դավիթի համար այն վաղ մանկության կախարդանքի, ցանկությունների ու հրաշքի իրականացման խորհրդանիշ էր:
Եղևնու կողքին՝ մի մեծ ստվարաթղթե արկղի մեջ դասավորված էին խաղալիքները, տոնածառի լույսերն ու փայլերը, որոնց մի քանիսն էլ կավելանան. այն խաղալիքներն ու  փայլերը, որ Դավիթն է գնել մայրիկի հետ այս տարի:
Նա ետ քաշեց գունավոր ձյունիկներն ու փայլերը, ապա նայեց ապակյա խաղալիքներին:
Իսկ հիմա Էլենի կախարդական խաղալիքը գտնենք,— ինքն իրեն ասաց Դավիթն ու ձեռքն առավ կարմիր խաղալիքներից մեկը, որ եղևնու կոն էր հիշեցնում: Հանկարծ հին դաշնամուրի ու պատի արանքում՝ հենց եղևնու կողքին ինչ-որ բան փայլեց: Նա կռացավ: Հատակին ապակյա փայլուն իր էր ընկած: Այն նման էր տոնածառի խաղալիքներից մեկին, սակայն արտասովոր փայլ ուներ, հատկապես մթության մեջ փայլում էր այնպես, ասես արևի շողերը վրան էին ընկել, չնայած ձեղնահարկում ոչ մի շող էլ չկար բնավ: Դավիթը ստիպված ծունկը հենեց փոշոտ հատակին ու մեկնեց ձեռքը: Երբ նա ձեռքն առավ փոքրիկ ու փայլուն իրը, հասկացավ, որ այն խաղալիք չէ: Այն նման էր ջրի կաթիլի, իսկ կողքից նայելիս ավելի շուտ զանգակի տեսք ուներ, սակայն առանց զանգակի լեզվակիԱյն բավականին ծանր էր, քան սովորական տոնածառի խաղալիքը ու որևէ անցք չուներ, որպեսզի հնարավոր լինել կախել: Տղան սրբեց փոշին ու ապշեց փոքրիկ գտածոյի գեղեցկությամբ: Այն մուգ կապտավուն գույն ուներ, վրան զարդանախշեր կային, որոնց գեղեցկությունը չէր կարող աչքի չընկնել: Խաղալիքը, եթե կարելի էր այդպես կոչել, ամբողջական ապակուց  էր պատրաստված: Նախշերը, որ ասես փորագրած լինեին հենց ապակու վրա, ավելի բաց երանգային գունավորում ունեին ու իրենց փայլով ասես առանձնանում էի մակերեսի ընդհանուր գույնից: Թվում էր՝ կենտրոնում մի թույլ լույս էր վառվում ու այդ լույսի շնորհիվ փոքրիկ «խաղալիքը» ավելի փայլուն էր երևում մթության մեջ: Նման առարկա նա երբեք չէր տեսելՆա ավելի ուշադիր նայեց հրաշք-խաղալիքի կենտրոնին: Մուգ կապտագույն գույնից ասես իսկապես լույս էր առկայծում, սակայն, երբ Դավիթը մի կողմ շրջեց, նկատեց մի բիծ, որ ձգվում էր ծայրից մինչև կենտրոն: Հավանաբար ուժեղ հարվածից ապակին ճաք էր ստացել, որը սակայն, ոչ մի կերպ չէր գցում ապակյա կաթիլի գեղեցկությունը:
Մի քանի վայրկյան Դավիթը չէր կարողանում հայացքը կտրել այդ կապույտ հրաշքից:
Դավի՜թ,— լսվեց մայրիկի ձայնը:
Դավիթը չարձագանքեց, ասես չլսեց անգամ:
Դավի՜թ, որտե՞ղ ես,— ավելի մոտից լսվեց Նունեի ձայնը:
Դավիթն ուշքի եկավ ու արագ պահեց խաղալիքը գրպանում:
Այստեղ եմ մայրիկ, գալիս եմ հիմա,— բղավեց Դավիթն ու  վազեց դեպի դուռը:
Մայրիկն արդեն աստիճաններով բարձրանում էր վեր:
Մայրիկ, ես այստեղ եմ,— ասաց Դավիթը,— ուզում էի եղևնին իջեցնել, բայց
Հավանաբար ծանր է, սպասի՛ր միասին իջեցնենք, լա՞վ,— շարունակեց Նունեն` ժպտալով նայելով Դավիթին:
Ոչ, այն այնքան էլ ծանր չէ,— կմկմաց Դավիթը: Դավիթն ուզում էր ասել իր հայտնաբերած ապակու կտորի մասին, սակայն լռեց: Նունեն բարձրացավ ձեղնահարկ, ու նրանք միասին իջեցրին մեծ տոնածառը, իսկ փոքրիկ Էլենն ուրախությունից թռչկոտում էր: Երբ խաղալիքներով արկղը իջեցրեցին, Էլենի առաջին գործողությունը եղավ ողջ արկղը դատարկել ու փնտրել այն կախարդկան խաղալիքը, որի հեքիաթը  հայրիկը պատմում էր, սակայն նրա ընտրած ամենագեղեցիկ խաղալիքն անգամ չէր կարող իր գեղեցկությամբ համեմատվել այն ապակյա քարի հետ, որ Դավիթի գրպանում էր: Դավիթին նույնիսկ թվում էր, որ այդ գեղեցիկ ու քանդակազարդ ապակին իր գրպանից լույս է առկայծում:
Էլենը վերջապես գտավ ամենագեղեցիկ խաղալիքն ու մեկնեց մայրիկին:
Մայրիկ, տե՜ս, սա այն խաղալիքն է, որի մասին հայրիկը պատմում էր: Գիտե՞ս, այն կախարդական  է
Ճի՞շտ,— զարմացած տեսք ընդունեց մայրիկը, — ա՜խ դու իմ հրաշագործ փերի,— բացականչեց նա ու գրկեց փոքրիկ Էլենին:
Էլենը ձեռքն առավ խաղալիքը, որ հազիվ էր տեղավորվում իր փոքրիկ ափի մեջ ու շարունակեց հիացած նայել: Ասես կախարդանքի նշույլ էր փնտրում գունավոր ապակու մեջ:
Ես ուզում եմ այն տոնածառի ամենագեղեցիկ ճյուղին կախել, սպասիր կախեմ, մայրիկ, թող հայրիկը գա, որ ցույց տամ նրան,— ասաց Էլենն ու ազատվեց մոր գրկից:
Ա՜խ Գևորգ, որքա՜ն հեքիաթներ է պատմել Էլենին,— ժպտալով ասաց մայրիկը Դավիթին:
Էլենը վազելով հասավ տոնածառին և կանգնելով ոտքերի թաթերի վրա, որքան հնարավոր է ձգվեց ու խաղալիքը կախեց, ապա մի քանի քայլ ետ եկավ, նայեց՝ արդյոք լավ է տեղադրել եղևնու վրա:
Հանկարծ խաղալիքը վար ընկավ, ու լսվեց ապակու կոտրվելու ձայնը:
Մայրիկն ու Դավիթը նայեցին Էլենի կողմը: Մայրիկը վեր կացավ ու արագ մոտեցավ Էլենին:
Քեզ չես վնասե՞լ, հեռո՛ւ գնա՝ ապակին չվնասի քեզ:
Էլենը բավականին հեռու էր ու բարակ ապակու կտորները նրան չէին էլ հասել, բայց մայրիկի խոսքերը լսելուց հետո, փաթաթվեց նրան ու սկսեց լալ:
Մայրիկ, ես կոտրեցի կախարդական խաղալիքըԻմ կախարդական խաղալիքը, հայրիկին ի՞նչ եմ ասելու, — լալիս էր Էլենը:
Էլե՜ն, իմ փոքրիկ փերի, տես որքան խաղալիքներ կան, նրանք նույնպես կախարդական են: Դավիթ, բե՛ր այն խաղալիքները, որ գնել եմ: Նրանք նույնպես կախարդական են: Լաց մի՛ եղիր
Նրանք կախարդական չեն, դու չէիր կարող կախարդական խաղալիք գնել, չէ որ նրանք չեն վաճառվում
Իմ փոքրիկ խենթուկ, բայց մենք կարող ենք այդ խաղալիքները կախարդական դարձնել:
Էլենը ոչինչ չպատասխանեց, սրբեց արցունքերն ու նայեց նոր խաղալիքներին, որ Դավիթի ձեռքում էին:
Դավի՛թ, արի միասին պատրաստենք կախարդական խաղալիքը, —առաջարկեց նա ու վազեց Դավիթի մոտ:
Բայց ես չգիտեմ՝ ինչպես կախարդական դարձնել խաղալիքը, Էլե՛ն,— հանկարծակիի եկավ Դավիթը:
Մայրիկը նայեց որդուն՝ հասկացնելով, որ օգնի քրոջը:
Լավ, սպասիր, հիմա մի բան կանենք,— ասաց Դավիթն ու թափանցիկ պլաստմասսայե տուփից հանեց փայլուն խաղալիքներից մեկը:
Ոչ, սա չի դառնա կախարդկան, արի գնանք իմ սենյակ ու կախարդական փայտիկով այն կախարդական դարձնենք,— ասաց Էլենն ու մի ձեռքով գրեթե խլեց խաղալիքը Դավիթի ձեռքից, իսկ մյուսով բռնեց Դավիթը ձեռքն, ու միասին գնացին Էլենի ննջասենյակ:
Նունեն ժպտալով նայեց հետևից:
«Որքան երջանիկ եմ ես,—մտածեց նա,— Աստված ինձ նման հրաշալի երեխաներ է պարգևել, հիանալի ամուսին, ընտանիք…»
Դավի՜թ, զգո՜ւյշ եղեք՝ այդ մեկն էլ չկոտրեք ու հանկարծ չվնասեք ձեզ,— երեխաների ետևից կանչեց մայրիկն ու սկսեց հավաքել ապակու կտորները:

***
Մի քանի ամիս էր, որ Էլենը իր ննջասենյակում էր քնում, ու Դավիթը հաճախ չէր լինում Էլենին «հյուր», սակայն գիտեր, որ Էլենը ամենաքմահաճ խաղալիքների հավաքածուներն ուներ՝ սկսած փափուկ խաղալիքերից մինչև դիմակներ ու կենդանիների հագուստներ:
Էլենը մոտեցավ պահարանին, բացեց դարակը ու մի երկարավուն փայտիկ հանեց այնտեղից:
Այն ժամանակ տատիկն ինձ համար գնեց ու ասաց, որ իսկական է: Արի փորձենք,— ասաց Էլենն ու Դավիթին կանչեց, որ նա էլ նստի անկողնուն:
Էլենը փայտիկի կտորը մոտեցրեց փայլուն խաղալիքին, սակայն այն, ինչ սպասում էր, տեղի չունեցավ: Ոչ մի լույս, ոչ մի փայլ, իսկ խաղալիքը տեղից չշարժվեց անգամ:
Այն կախարդական չէ, իսկ խաղալիքը երբեք չի դառնա այն մեկի նման,— Էլենի աչքերում արցունքներ ևրևացին:
Իսկ ի՞նչ գիտես, որ այն չդարձավ կախարդական, տես ի՜նչ գույներ ունի,— փորձեց համոզել Դավիթը, բայց Էլենը հեշտ չէր համաձայնվի:
Դավիթը մի պահ մտածեց Էլենին ցույց տալ իր գրպանի քարը, սակայն ինքն անգամ չգիտեր ինչ է այն, դրա համար էլ որոշեց սպասել:
Արի Ձմեռ պապիկին խնդրենք, նրան նամակ գրենք ու քեզ կնվիրի իսկական կախարդական խաղալիք:
Էլենը ոչինչ չպատասխանեց, շրջվեց ու հեկեկալով ավելացրեց.
Ես արդեն գրել եմ, ու մայրիկը ուղարկել է նամակը:
Ես կգրեմ, միայն լաց մի եղիր, լա՞վ
Դավիթը որոշեց վարվել այնպես ինչպես ծնողներն էին անում ու դեռ անում են: Էլենի նամակը հավանաբար մայրիկը կկարդա ու հայրիկի հետ կգնեն նվերը, բայց Էլենը հաճախ այնքան մեծ ցանկություններ էր խնդրում իրականացնել Ձմեռ պապիկից: Օրինակ՝ բոլոր կենդանիներին տնակով ապահովել, իսկ անցած տարի խնդրել էր օգնել բոլոր հաշմանդամ երեխաներին: Թե ինչն էր նրան ստիպում նման երազանք պահել ու խնդրել Ձմեռ պապիկին, Նունեն ու Գևորգը չգիտեին, սակայն ստիպված էին լինում ամեն գնով ցույց տալ, որ Ձմեռ պապիկն ստացել է նամակը: Մի քանի տարի առաջ Դավիթն էլ Էլենի պես նամակ էր գրում Ձմեռ պապիկին՝ խնդրելով զանազան խաղալիքներ, նվերներ ու ամեն անգամ ստանում էր ուզածը՝ հավատացած լինելով, որ հենց Ձմեռն պապն է այն բերում Ամանորի գիշերը, բայց մի անգամ տեսավ, թե ինչպես է հայրիկը Ամանորի գիշերը խաղալիքը դնում տոնածառի տակ՝ իր անունը տուփին գրելով: Այդ օրվանից Դավիթը հասկացավ, որ Ձմեռ պապիկն իր ծնողներն են, իսկ բարի ու ալեհեր ծերունին միայն հեքիաթների հերոս է: Ամանորը այդ տարի այլևս նրա համար չէր. ասես նրա հոգում մի ամբողջ աշխարհ փուլ եկավ: Կախարդանքը, հեքիաթն ու հրաշքը բաժանվեցին իրենից, ու հիմա նա ուզում էր, որ Էլենը չհիասթափվի այնպես, ինչպես ինքը:
Դու կգրե՞ս,— արցունքոտ աչքերը սրբելով անկողնում նստեց Էլենը,— երբ Ձմեռ պապիկը նվիրի ինձ, մենք միասին այդ խաղալիքի միջոցով կբուժենք բոլոր հիվանդներին:
Ահա թե ինչ էր ուզում Էլենը: Դավիթը միայն հիմա հասկացավ, թե ինչու էր Էլենն այդքան տխրել ապակու կտորի կոտրվելուց: Էլենը հավատացած էր, որ խաղալիքը կիրականացնի իր երազանքը ու իրեն մեղավոր էր զգում, որ կոտրել էր այն: Որքան դժվար կլինի էլենին, երբ հասկանա որ հեքիաթայինն այլ աշխարհ է, իսկ իրականությունը հեռու է հեքիաթից, ու այստեղ՝ իրական կյանքում, հեքիաթների հրաշքներն անհասանելի են:
Դավիթը ժպտաց:
Լավ, հենց այսօր էլ կգրեմ:
Եղբայրը հասկացավ, որ այնքան էլ լավ վիճակում չի հայտնվել: Ինչպես ասել Էլենին, որ կախարդական խաղալիք գոյություն չունի, որ Ձմեռ պապիկը չի կարողանա իրականացնել իր ցանկությունը: Գուցե ասի՞ հայրիկին, որ օգնի իրեն: Նա ձեռքով շոշափեց գրպանը, մի պահ նորից ցանկություն ունեցավ ցույց տալ Էլենին ապակյա գունդը, բայց չարեց, իսկ Էլենը վեր կացավ:
Արի գնանք զարդարենք տոնածառը, մինչև հայրիկը գա, նա էլ լույսերը կտեղադրի,— ասաց Էլենն ու վազեց դեպի դուռը:
Դավիթը լուռ հետևեց նրան:
 

***
Երեխաները ողջ երեկո զարդարում էին տոնածառը, ընտրում խաղալիքներ, որոշում թե եղևնու որ ճյուղից կախեն այս կամ այն խաղալիքը, ինչ փայլեր տեղադրեն, մինչև Գևորգն աշխատանքից վերադարձավ ու քիչ հետո միացավ երեխաներին: Մայրիկը չէր մասնակցում այս ողջ գործընթացին, հեռվից հետևում էր ու ժամանակ առ ժամանակ հավաքում թափված իրերը: Երբ ավարտեցին տոնածառի զարդարելը, պարզվեց, բավականին ուշ է: Դավիթն անջատեց սենյակի լույսը ու վառեց արդեն զարդարված տոնածառի լույսերը: Այն իսկապես շքեղ էր, բայց հայրիկը երեխաներին խոստացավ մանր հուլունքերի մի երկար շղթա գնել, որպեսզի այն էլ ալիքաձև  կախեն տոնածառի ճյուղերից:
Մայրիկը հիշեցրեց, որ արդեն բավական ուշ է ու երեխաները պիտի քնեն:
Էլենը, որ այնքան էր ոգևորվել տոնածառի գեղեցկությամբ, մտադիր չէր քնելու:
Հայրիկ, կպատմե՞ս ինձ կախարդական խաղալիքի հեքիաթը,— հոր գիրը բարձրանալով՝ հարցրեց նա:
Իհարկե կպատմեմ, Արև՛ս, բայց չէ՞ որ ես մի քանի օր առաջ պատմեցի այն քեզ:
Նորից պատմիր, խնդրո՜ւմ եմ: Գիտե՞ս` Դավիթը պետք է Ձմեռ պապիկից հենց այդ խաղալիքը խնդրի:
Իսկապե՜ս,—հայրիկը նայեց Դավիթին, որ դեռ անջատում ու միացնում էր տոնածառի լույսերը,— իսկ դու ի՞նչ ես խնդրել նրանից:
Չեմ ասի, չեմ ասի,— արագ-արագ ու ժպտալով վրա բերեց Էլենը և փաթաթվեց հորը:
Երբ հայրիկը համբուրեց Էլենի այտը, զգաց որ դստրիկը ջերմում է:
Դու կարծես թե ջերմություն ունես, Էլեն: Դավի՛թ, կանչի՛ր մայրիկին, թող ջերմաչափը բերի:
Մայրիկը հաստատեց, որ երեխան ջերմություն ունի, իսկ ջերմաչափը ցույց էր տալիս մոտ երեսունութ աստիճան: Էլենին անմիջապես պառկեցրին: Մայրիկը տաք թեյ պատրաստեց, ապա ջերմիջեցնող հաբ խմեցրեց աղջկան: Սակայն Էլենը սովորականից ավելի աշխույժ տեսք ուներ ու չէր էլ պատրաստվում քնել:
Երբ մայրիկը որոշ ժամանակ անց համոզվեց, որ երեխան այլևս չի ջերմում, վերմակով ծածկեց նրան ու համբուրելով բարի գիշեր մաղթեց: Հայրիկը, որ այդքան ժամանակ չէր հեռացել երեխայի կողքից, նույնպես պատրաստվեց դուրս գալ, բայց Էլենը նորից պնդեց, որ պատմի հեքիաթը, որը շատ անգամ էր լսել:
Հեքիաթը հայրիկին էլ էին պատմել փոքր ժամանակ: Այն մի հեքիաթ էր, որ հորինել էլ Գևորգի մայրը երեխաներին պատմելու համար և այդ հեքիաթը արտասովոր էր նրանով, որ գրված չէր և ոչ մի հեքիաթի գրքում:
Նունեն դուրս եկավ դուռը կիսաբաց թողնելով՝ ապա գնաց Դավիթի սենյակ: Դավիթը նույնպես կարծես չէր ուզում քնել:
Դավիթ, լվացվիր և քնելու, — պատվիրեց  Նունեն ու բացեց անկողինը: Դավիթը գնաց լոգարան, լվացվեց, ատամները մաքրեց, սակայն նա չէր էլ պատրաստվում գնալ իր սենյակ:
Նա ուղղվեց դեպի Էլենի սենյակ: Կիսաբաց դռան արանքից նա տեսավ քրոջը, ապա հայրիկին: Նա ավելի մոտեցավ դռանը ու լսեց իրեն ծանոթ հեքիաթը:
«…Փերին փոքրիկ աղջկան մի կապույտ քար մեկնեց, որ ասես ադամանդներով պատված լիներ: Քարը լույս էր արձակում մթության մեջ: «Երբ քնելիս լինես, կշարժես նրան, ինչպես զանգակը: Երեք անգամ ու կփակես աչքերդ»,— ասաց փերին ու չքացավ: Փոքրիկ աղջնակը, նայեց քարին, այն ասես գեղեցիկ խաղալիք լիներ…»:
Դավիթի մարմնով ասես դող անցավ, ապա շարունակեց լսել:
«… Նա վազեց տուն՝ քարը ձեռքին: Երբ նրա խորթ մայրը տեսավ քարը, շատ զայրացավ ու հարցրեց, թե որտեղից է գտել: Փոքրիկ Գոհարը ասաց, որ բարի փերին է տվել, բայց  նա բարկացավ ու հրամայեց վերադարձնել տիրոջը: Գոհարիկը չգիտեր՝ ինչ անել: Ինչպե՞ս նորից գտներ փերուն, կամ ի՞նչ ասեր: Ու Գոհարիկը որոշեց խաղալիքը թաքցնել և հենց այս գիշեր էլ քնելուց առաջ անել այնպես, ինչպես ասել էր փերին:
Գոհարիկը երկար նայեց քարին ու շարժեց այն: Մեկ, երկու, երեք: Ամեն շարժման հետ Գոհարիկին թվում էր թե զանգակի ղողանջ էր լսում: Երրորդ անգամ շարժելուց հետո նա փակեց աչքերը… »:
Հապա փակիր աչքերդ,— ասաց Գևորգը:
Էլենը քրքջաց ու փակեց աչքերը:
Այ հենց այդպես:
Դավիթը դռան արանքից տեսավ թե ինչպես հայրը համբուրեց Էլենի ճակատը ու ժպտաց:
«Հայրիկը գիտի ինչպես հեքիաթ պատմել», — ինքն իրեն ասաց Դավիթը
Երբ Գոհարիկը փակեց աչքերը, միանգամից ամեն ինչ այնքան լուսավոր դարձավ: Նրան թվաց, թե երազ է տեսնում, բայց դա երազ չէր: Նա մի ակնթարթում հայտնվեց հրաշքների աշխարում: Շուրջբոլորն ամեն ինչ ճերմակ էր, ամեն ինչ ձյունով էր պատված, բայց նա չէր մրսում: Այնքան ջերմ էր ամեն ինչ, սակայն ձյունը չէր հալվում այդ ջերմությունից: Հանկարծ նա նկատեց մի ծերունու, որ մի մեծ սահնակի նստած՝ սլանում էր: Երբ ծերունին մոտեցավ դեպի իրեն, Գոհարիկը նկատեց, որ սահնակը ինչ-որ հրաշքով ոչ թե սահում է, այլ թռչում ու իր ետևից ոչ մի հետք չի թողնում:
Ո՞վ ես դու, փոքրիկ աղջիկ,— հարցրեց ծերունին բարի ձայնով,— և ի՞նչ ես անում այստեղ…»:
Հայրիկ այդ ծերունին Ձմեռ պապիկն էր, չէ՞, — հորանջելով հարցրեց Էլենը:
Այո բարի Ձմեռ պապն էր, բայց սպասիր, հիմա Գոհարիկն էլ կիմանա, —ասաց Գևորգն ու շարունակեց:
«—Ես Գոհարիկն եմ: Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի այստեղ, երևի թե այս կախարդական քարի շնորհիվ, — ասաց Գոհարիկն ու ցույց տվեց այն քարը, որ իր ձեռքում էր:
Քո անունն էլ է նշանակում անգին քար: Հրաշք անուն ունես. — ժպտալով ասաց ծերունին, իսկ դու հավանաբար հասկացար՝ ես ով եմ:
Ձմեռ պապիկը,—շշնջաց Գոհարիկը:
Ծերունին ժպտաց բարի ժպիտով, ապա գրկեց Գոհարիկին ու իր սահնակով տարավ փոքրիկ և կախարդական մի դղյակ, որտեղ ինքն էր ապրում: Նա փոքրիկ աղջկան ցույց տվեց այն սենյակը, որտեղ աշխատում էր ինքը, իր կախարդական գավազաններն ու իրերը, որոնցով բարի հոգիները օգնում էին հրաշագործ ծերունուն պատրաստել խաղալիքներ, ստանալ ու կարդալ երեխաների նամակները:
Գոհարիկն ամեն ինչից հարցնում էր Ձմեռ պապին, նրա հրաշագործ խաղալիքների ու այն ամենի մասին, ինչ իրականում չէր տեսնի, իսկ Ձմեռ պապը սիրով պատասխանում էր: Գոհարիկը երկար շրջեց Ձմեռ պապի հետ, ապա օգնեց նամակները դասավորել, որ այնքան շատ էին, ու այդ ամբողջը Ձմեռ պապը պետք է կարդար:
Երբ նամակները վերջացրեց դասավորել, Ձմեռ պապն ասաց.
Գոհարիկ, դու այնքան բարի ես ու ես ուզում եմ քեզ խնդրել այցելել ինձ նորից, իսկ հիմա դու պետք է ետ վերադառնաս: Այնտեղ, որտեղ դու ապրում ես, արդեն լուսանում է: Մենք նորից կհանդիպենք այստեղ վաղը:
Գոհարիկը տխրեց, որ պետք բաժանվի Ձմեռ պապիկից ու այդ կախարդական աշխարհից, բայց խոստացավ վերադառնալ ու շարունակել դասավորել նամակները: Նա նորից երեք անգամ շարժեց զանգակ-քարը ու հայտնվեց իր սենյակում՝ պառկած իր անկողնում: Առավոտյան նրան թվում էր, թե այդ ամենը երազ էր, որ տեսել էր գիշերը ու ամբողջ օրը մեծ անհամբերությամբ էր սպասում, թե ե՛րբ է նորից քնելու:
 Այսպես օրեր շարունակ Գոհարիկը այցելում էր Ձմեռ պապին, օգնում նվերները դասավորել ու փաթեթավորել, իսկ Ամանորին ու սուրբ ծննդյան օրերին հաշված օրեր ու ժամեր էին մնում…»
Հայրիկը վերմակով ծածկեց Էլենին, ապա շուրթերը հպեց քնած Էլենի ճակատին՝ համոզվելու համար, որ ջերմություն չունի: Աղջիկը ջերմություն չուներ:
«Գիշերը պետք է նորից ստուգել»,— մտածեց Գևորգն ու կամաց վեր կացավ:
Դավիթը, որ դեռ դռան ետևում էր, մի կողմ գնաց:
Դավի՞թ, այստեղ ի՞նչ ես անում, ինչո՞ւ քնած չես այս ժամին,— հարցրեց հայրիկը, երբ միջանցքում տեսավ Դավիթին:
Հայրիկ ես ուզում էի քեզ մի բան հարցնել,—շփոթված ասաց Դավիթը:
Ի՞նչ է պատահել, արի գնանք հյուրասենյակ: Մայիկը քնե՞լ է արդեն:
Ոչ, սենյակի լույսը դեռ վառվում է,— պատասխանեց Դավիթը՝ վստահ լինելով, որ Էլենի ջերմության պատճառով դժվար թե մայրիկն այս գիշեր աչք փակի:
Ի՞նչ է պատահել Դավիթ,—նստելով բազմոցին՝ հարցրեց Գևորգը:
Դե Էլենն այս տարի այնքան տարօրինակ ցանկություն ունի
Ի՞նչ ցանկությունախ այդ խաղալիքի համա՞ր ես ասում: Դավի՛թ, դու արդեն մեծ ես, իսկ քույրդ շատ փոքր է: Նա հավատացած է, որ Ձմեռ պապիկը կկատարի ամենամեծ երազանքներն անգամ: Նա երեխա է, իսկ մանկությունը միշտ էլ հեքիաթային է լինում: Մի օր նա ամեն ինչ կհասկանա:
Բայց ես չեմ ուզում, որ նա հիասթափվի,— չէր նահանջում Դավիթը:
Հասկանում եմ, Դավիթ, բայց մենք չենք կարող, չէ՞ կախարդական խաղալիք գտնել ու բոլոր հաշմանդամ մարդկանց առողջ դարձնել:
Դավիթն ավելի շփոթվեց ու հուզվեց հոր այդ խոսքերից:
Դավի՞թ, ինչո՞ւ անկողնում չես,— հարցրեց մայրիկը՝ ներս մտնելով հյուրասենյակ:
Մենք որոշում էինք իրականացնել Էլենի կախարդական ցանկությունը,— ժպտալով ասաց հայրիկը,— իսկ հիմա գնա քնելու, մենք դեռ կխոսենք այդ մասին: Արի համբուրեմ քեզ իմ մեծ տղա:
Մայրիկը ևս համբուրեց Դավիթին ու բարի գիշեր մաղթեց:




***
Դավիթն անկողնում պառկած էր, բայց քնել չէր կարողանում: Մտքերն իրար էին խառնվել: Այսօր իր գտած ապակին երևի սովորական զարդ է, սակայն Դավիթին այդպես չէր թվում: Հետո Էլենի տարօրինակ ցանկությունը, նրա հիվանդանալը, հայրիկի ասածը: Այնքան բան կար դեռ մտածելու: Ինչպես անել, որ Էլենը չհիասթափվի: Նա վեր կացավ ու պահարանի խոր անկյունից, որտեղ հասցրել էր պահել դեռ երեկոյան, հանեց գտածոն: Երբ պառկեց, ամբողջությամբ վերմակը քաշեց գլխին: Վերմակի տակ` մթության մեջ, քարի լույսն ավելի ուժեղ էր: Նա նորից հիշեց հեքիաթը, որ հայրիկը պատմում էր Էլենին: Ի՞նչ է լինում վերջում փոքրիկ Գոհարիկի հետ: Ցավոք, ինքն էլ չէր հիշում, կամ ինքն էլ Էլենի պես ամեն անգամ հեքիաթի կեսից քնել էր ու այդպես էլ չէր լսել մինչև վերջ: Արդյո՞ք Գոհարիկին հաջողվեց իրականացնել իր երազանքը՝ գտնել իր ծնողներին և ապրել նրանց հետ:

«Հայրիկին պետք է խնդրեմ, որ անպայման ամբողջությամբ պատմի ինձ»,— մտածեց Դավիթն ու հիշեց, թե ինչպես էր հեքիաթում Գոհարիկը երեք անգամ շարժում քարը և հայտնվում կախարդանքի ու հրաշքների աշխարհում: Դավիթն ակամա շարժեց քարը: Մի ակնթարթ անց զանգակի կամացուկ ղողանջ լսվեց: Նա մի կողմ նետեց վերմակն ու վախեցած նայեց շուրջբոլորը: Ոչ մի ձայն, ոչ մի լույս: Դավիթն ապշած նայեց կապույտ քարին ու մի անգամ էլ շարժեց: Ղողանջն ավելի հստակ լսվեց, թեպետ այս անգամ ավելի կամաց էր շարժել: Երրորդ անգամ շարժելուց հետո ողջ սենյակը այնպիսի պայծառ լույսով ողողվեց, որ Դավիթն անմիջապես փակեց աչքերը:
Մի ակնթարթում ամեն ինչ փոխվեց, սենյակի պատերն ու առաստաղը չքացան, ամեն ինչ լուսավորվեց պայծառ լույսով ու պատվեց ճերմակ գույնով: Երբ Դավիթը բացեց աչքերը, հասկացավ, որ իր սենյակում չէ, այլ անտառի բացատում, իսկ անտառն էլ սովորական անտառ չէր: Այն կանաչ չէր և ոչ էլ մեկ այլ գույն կարելի էր գտնել: Ամեն ինչ պատված էր ճեփ-ճերմակ գույնով: Միայն ճյուղերից ու ծառերի բնից կարելի էր ենթադրել, որ շուրջ բոլորը ծառեր են, բայց ասես սպիտակ գույնով ներկած: Դավիթը վախից քարացել էր: Ինչպես ստացվեց այդ ամենը, մի՞թե սա այն քարն է, որի մասին հայրիկը պատմում էր, բայց չէ՞ որ այդ ամենը հեքիաթում էր:
«Սա երազ է հավանաբար», — շշնջաց Դավիթն ու նայեց քարին:
Հանկարծ լսեց մի ձայն.
Գուցե սա երազ է, սակայն կախարդական:
Դավիթը շրջվեց, բայց ոչ ոք չկար, կամ էլ ինքը չտեսավ: Նա վախեցած երեք անգամ շարժեց քարը: Երրորդ ղողանջի հետ ամեն ինչ կորավ: Նա հայտնվեց իր սենյակում: Ոչինչ չէր փոխվել, միայն թե նա դողում էր:
«Սա ի՞նչ նշանակում,— մտածում էր Դավիթը,— գուցե իսկապես երազ էր տեսնում, բայց ինքը չէր էլ քնել, գուցե քնել էր ու չէր նկատել, բայց այդ ամենը այնքան իրական էր թվում, որ հաստատ երազ չես անվանի»:
Դավիթը վեր կացավ: Նա պառկել, առավել ևս քնել այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ քիչ առաջ, չէր կարող:
Պետք է պատրաստվել ու նորից մեկնել ուղևորության, — ինքն իրեն ասաց Դավիթն ու սկսեց հագնվել:
Հագնվելուց հետո կամացուկ դուրս եկավ ննջարանից: Ձմեռային կոշիկներն ու կիսավերարկուն շտապ վերցրեց պահարանից ու վերադարձավ սենյակ: Հյուրասենյակից լսվում էին մայրիկի ու հայրիկի ձայները. նրանք դեռ քնած չէին: Մի րոպե անց  Նունեն անցավ Դավիթի ննջարանի դռան մոտով՝ հավանաբար Էլենի սենյակ այցելելու համար:
«Իսկ եթե հանկարծ մայրիկը որոշի իմ սենյակ էլ մտնել,— հանկարծ անցավ Դավիթի մտքով,— նրանք ինձ չեն գտնի ու անհնար կլինի նրանց բացատրել թե որտեղ եմ թափառել ամբողջ գիշեր: Ամեն դեպքում նրանք չպետք է տեսնեն իմ բացակայությունը: Եվս մեկ անգամ կգնամ ու շտապ կվերադառնամ »:
Դավիթը հագավ կիսավերարկուն, դրեց գլխարկն ու ձեռնոցները:
Հիմա ամեն ինչ պատրաստ է,— ինքն իրեն ասաց Դավիթը: Մեկ, երկու, երեք ղողանջ, ու ամեն ինչ կորավ տեսադաշտից: Դավիթը փորձեց չթարթել, տեսնելու համար թե ինչ է կատարվում, սակայն մութ սենյակում միանգամից նման լույսի բռնկումը ստիպեց մի պահ փակել աչքերն, ու երբ բացեց, հայտնվեց նորից ձմեռային անտառի բացատում:
Այս անգամ Դավիթն ավելի ուշադիր նայեց շուրջը: Նա իսկապես անտառում էր՝ մի փոքրիկ բացատում: Բացատը շրջապատող եղևնիներն ամբողջությամբ ձյունով էին պատված, ու բացի սպիտակից՝ այլ գույն չէր երևում, միայն բյուրեղները փայլում էին այս ու այն կողմում՝ արծաթագույն լույս արձակելով:
Դավիթը չգիտեր՝ ինչ անել: Որևէ արահետ չէր երևում, իսկ անտառն այնքան խիտ էր, որ ծառերի միջով դժվար կլիներ առաջ գնալ: Բայց պետք էր առաջ գնալ, որքան էլ դժվար լիներ: Նա հազիվ մի քանի քայլ էր առաջ գնացել, երբ հանկարծ վերևում, հենց եղևնիների գագաթինմի բան շարժվեց: Դավիթը նայեց վեր և ապշած մնաց: Սպիտակ հյուսիսային եղջերուն ցատկում էր մի եղևնու կատարից մյուսը՝ անգամ չհպվելով նրանց: Մի քանի վայրկյան Դավիթն անշարժ նայում էր ձյունաճերմակ եղջերուին: Հանկարծ հսկա կենդանին մի գեղեցիկ ոստյունով հայտնվեց Դավիթի առաջ: Տղան վախից մի քանի քայլ ետ գնաց ու ընկավ: Եղջերուն ավելի մոտեցավ Դավիթին, ապա գեղեցիկ դունչը հպեց Դավիթի այտին: Դավիթին մի պահ թվաց՝ կենդանին կվնասի իրեն, սակայն եղջերուի նման վարմունքը մի փոքր հանգստացրեց նրան: Նա ոտքի կանգնեց ու այդժամ միայն նկատեց, որ թվացյալ ճերմակ ձյունը չի հալչում, իսկ ջերմաստիճանը բավականին բարձր է և չի տարբերվում իր սենյակում տիրող ջերմաստիճանից: Եղջերուն նորից մոտեցավ Դավիթին ու  դունչը մոտեցրեց Դավիթի ձեռքին: Տղան առաջ պարզեց ձեռքն ու շոյեց հրաշք կենդանու պարանոցը:
Կարծում եմ դու լավ ու հավատարիմ ընկեր ես ձեռք բերել այստեղ:
Դավիթը շրջվեց դեպի ձայնը: Ծառերի արանքում նա տեսավ ամբողջովին սպիտակ մուշտակով մի ալեհեր ծերունու: Նրա մազերն ու մորուքը ձյան նման ճերմակ էին: Անծանոթը, ծառերի ճյուղերը մի կողմ տանելով, առաջ էր գալիս: Եղջերուն էլ սկսեց նորից կախարդական ոստյուններ կատարել: Գեղեցիկ կենդանին մեկ մոտենում ու կամաց հպվում էր Դավիթին, մեկ հեռանում: Կարծես խաղ էր անում: Ալեհեր ծերունին վերջապես ազատվեց ճյուղերից ու հասակով մեկ կանգնեց Դավիթի առաջ: Այդ պահին եղջերուն դնչով հրեց Դավիթին ու մի կողմ վազեց: Ծերունին սկսեց քահ-քահ ծիծաղել:
Դավիթին այս ամենը այնքան տարօրինակ էր թվում, բայց նրա մեջ վախի նշույլ չէր մնացել: Ծերունին այնպիսի բարի հայացք ուներ, որ վախենալու որևէ պատճառ չկար, հատկապես եղջերուի կատակները նրան ևս ստիպեցին ծիծաղել:
Ես նրան երբեք այսքան աշխույժ չեմ տեսել, — շարունակեց ծերունին ու կանչեց եղջերուին: — Ինձ մոտ:
Կենդանին անմիջապես մոտեցավ: Ծերունին շոյեց նրա գլուխը:
Փոքրի՛կ տղա,— դիմեց ծերունին Դավիթին, — ի՞նչ ես անում այստեղ, ինչպե՞ս ես հայտնվել այս կողմերում:
Այս քարի միջոցով,— պատասխանեց տղան ու ցույց տվեց քարը:
Օ՜, որքան ժամանակ է չեմ տեսել ես այս հրաշք զանգակը,— բացականչեց ծերունին:
Զանգակը՞,— զարմացած կրկնեց Դավիթը:
Այո, իհարկե զանգակը: Չէ՞ որ դու լսել ես նրա ղողանջները,— շարունակեց ծերունին:
Լսել եմ, իսկ կներեք, Դուք ո՞վ եք,— հարցրեց նա, թեպետ գլխի էր ընկնում:
Ծերունին կռացավ և ուշադիր նայեց Դավիթի աչքերին:
Ես կարծում էի՝ դու անմիջապես գլխի կընկնես,— բարի ժպիտով պատասխանեց ծերունինին,— բայց եթե ոչ, ապա ասեմ: Ես բարի հրաշագործ եմ, սա իմ երկիրն է, իսկ այս սավառնող եղջերուն՝ իմ ամենասիրելի եղջերուն:
Նրա հայացքը կանգ առավ կապտագույն զանգակ-քարի վրա:
Թույլ կտա՞ս դիպչել նրան:
Իհարկե, կարծում եմ՝ այս քարն էլ է Ձերը:
Օ՜, ոչ փոքրիկս, այն իմը չէ. այն քոնն է հիմա, սակայն ժամանակին շատերին է պատկանել, իսկ հիմա հայտնվել է քո ձեռքում, — ասաց ծերունին և առանց վերցնելու քարը Դավիթի ձեռքից՝ իր ափը դրեց քարի վրա:
Դավիթին թվաց, որ ծերունու ափից փայլ դուրս եկավ: Մեկ վայրկյան անց ծերունին ետ քաշեց ձեռքը: Երբ Դավիթը նայեց քարին, այլևս չգտավ այն բիծը, որ տեսել էր քարն առաջին անգամ իր ձեռքը վերցնելու պահին:
Կասե՞ս անունդ, փոքրի՛կ տղա,— հարցրեց ծերունին:
Դավիթ: Իմ անունը Դավիթ է Ձմեռ պապ:
Դու շատ խելացի ես, փոքրի՛կ Դավիթ, սակայն իմ անունը միայն Ձմեռ պապ չէ,— ժպտալով շարունակեց ծերունին:— Մարդիկ ինձ շատ անուներ են տվել: Քանի որ դու այստեղ ես, իսկ իմ տունն այստեղից հեռու չէ, քեզ հրավիրում եմ միասին թեյ խմելու:
Ձմեռ պապ, — մի փոքր լռությունից հետո խոսեց Դավիթը, — ինձ թվում է, թե այս ամենը երազ է և իրական չէ:
Գիտեմ՝ ինչու ես այդպես ասում: Այստեղ ձյունը չի հալչում, թռչող եղջերու կա, և դու տեսնում ես Ձմեռ պապին, ում շատերը չեն հավատում:
Ձմեռ պապը ժպտաց: Դավիթը զղջաց իր ասածի համար: Նրան իսկապես թվում էր, որ երազ է տեսնում, սակայն ամեն ինչ այնքան գունեղ էր ու իրական, որ առաջին իսկ րոպեից սկսեց կասկածել անիրական աշխարհի մասին: Այստեղ ամեն ինչ այլ է՝ կախարդական, հրաշալի ու բարի:
Ուղղակի եսես սկսել էի չհավատալ, որ կա մի վայր, որտեղ ապրում է Ձմեռ պապիկը, — տխուր ձայնով ասաց Դավիթը:
Ծերունին նայեց Դավիթին:
Հա-հա-հա,— ծիծաղեց ծերունին: — Փոքրի՛կ Դավիթ, դու արդեն երկրորդ անգամ ես այս աշխարհում, և ասեմ, որ հավատում ես ինձ ու այս աշխարհի իրական լինելուն:
Դավիթն անմիջապես հասկացավ, որ այն ժամանակ, երբ առաջին անգամ հայտնվեց այստեղ, իրեն հարց տվողը հենց ինքն էր՝ Ձմեռ պապը:
Դու ազնիվ ես, բարի ու խելացի: Գիտե՞ս ինչից իմացա,— ծիծաղելով շարունակեց Ձմեռ պապը:— Այս կախարդական քարն ընտրում է միայն նման մարդկանց: Ասեմ ավելին: Այդ քարը, որ հիմա քո ձեռքում է ու որի միջոցով դու հայտնվել ես այս հրաշք աշխարհում, քեզ է ընտրել, և ոչ թե դու ես գտել նրան պատահաբար: Գիտե՞ս ինչու: Որովհետեև դու հավատացել ես հրաշքին ու հրաշքի գոյությանը: Հավատացել ես այն աշխարհում, որտեղ շատերը չեն հավատում, սակայն հրաշքներ լինում են նաև այնտեղ, որտեղ դու ես ապրում, ուղղակի մարդիկ հաճախ չեն նկատում դրանք, իսկ երբ չենք հավատում, կամ եթե մեկ վայրկյանով անգամ ժխտում ենք հրաշքի գոյությունը, հրաշքներն այլևս չեն ընկալվում որպես հրաշք, իսկ հիմա եկ սավառնելով գնանք իմ համեստ տնակը: Վաղուց ես հյուր չեմ ունեցել:
Դավիթը զարմացած նայեց Ձմեռ պապին:
Սավառնե՞նք, այդ ինչպե՞ս:
Ձմեռը պապը նայեց եղջերուի կողմն ու ասաց.
Երբ քո կողքին է այս չքնաղ կենդանին, որ կարողանում է նույնիսկ քո աշխարհում բարեհաջող ինձ տեղափոխել ու թաքցնել բոլոր այն սարքավորումներից, ինքնաթիռներից, ուղղաթիռներից և արբանյակներից, որ հսկում են երկիրն ամեն վայրկյան, ապա այստեղ նրան է՛լ ավելի կարելի է վստահել:
Հազիվ էր ավարտել Ձմեռ պապն իր խոսքը, երբ  Դավիթի առաջ մի մեծ ու գեղեցիկ սահնակ հայտնվեց:
Դե փոքրիկ տղա, գնացի՞նք, — հարցրեց Ձմեռ պապն ու նստեց սահնակը՝ Դավիթին ևս հրավիրելով նստել:
Երբ Դավիթը հայտնվեց սահնակի մեջ, տեսանելի դարձան սանձն ու պարանները, որոնք ընկած էի եղջերուի պարանոցին:
Իսկ այժմ՝ տուն, — բարձր ասաց Ձմեռ պապն ու սահնակը եղջերուի հետ օդ բարձրացավ:
Դավիթն ավելի ամուր բռնեց, իսկ սահնակը բավականին վեր բարձրացավ ու սկսեց ուղղահայաց դիրք ընդունել: Եղջերուն օդում սկսեց ճախրել ու իր հետևից տանել սահնակը:
Դավիթն ապշած էր այն գեղեցկությամբ, որ տեսնում էր բարձրից: Ամենուր միայն ծառեր էին երևում ու ճերմակ ձյուն: Նայեց Ձմեռ պապին, ապա եղջերուին ու սավառնող սահնակին. «Այս ամենը անիրական է թվում, սակայն իրական է: Եթե անգամ անիրական է, ապա հրաշալի, այնքան հրաշալի, որ երազել անգամ չէր լինի»,— մտքում ասաց Դավիթն ու ժպտաց:



***
Դավիթն զմայլված շուրջն էր նայում, երբ հասկացավ, որ սահնակը վայրէջք է կատարում մի մեծ բացատում:
Ահա և մենք հասանք: Ասաց Ձմեռ պապն ու իջավ սահնակից: Երբ Դավիթը իջավ, նայեց շուրջը, սակայն ոչ մի խրճիթ կամ տնակ չտեսավ:
Սպասի՛ր, հիմա դու կտեսնես, — ասաց Ձմեռ պապն ու ձեռքը շարժեց օդում: Այնտեղ, ուր մի քանի վայրկյան առաջ Դավիթը տնակ էր փնտրում, հայտնվեց փայտյա մի գեղեցիկ տուն:
Երբ Ձմեռ պապն ու Դավիթը հասան տան դռան մոտ, այն ինքնուրույն բացվեց: Դավիթն սկսում էր ավելի քիչ զարմանք ապրել ամեն հնարավոր կախարդանքից, սակայն նա չկարողացավ զսպել հիացմունքը, երբ մտան տուն: Արտաքինից տունը բավականին փոքր էր, սակայն, երբ Դավիթը մտավ ներս, նրան թվաց, թե մի հսկա ֆուտբոլային մարզադաշտ է մտել: Առաստաղը շատ բարձր էր ու թեև երևում էին փայտյա գերաններ, սակայն ինչ-որ հրաշքի շնորհիվ ձյուն էր տեղում: Ձյան փաթիլները, գետին հասնելուն պես, ոչ թե հալչում էին ու վերածվում ջրի, այլ իսպառ չքանում էին: Այս ու այն կողմ էին թռչում փաթեթավորված նվերներ, սենյակի մի անկյունում դասավորվում էին նամակներ, մյուս անկյունում տեղադրված սեղանի վրա նամակները բացվում էին, ապա ինքնուրույն շարժվող գրիչը ինչ-որ նշում էր կատարում հաստափոր մատյանում, որից հետո նամակը հասնում էր մյուս նվերներով լեցուն սեղանին: Ապա նամակը կպչում էր նվերներից մեկին ու այդպես նրանք հասնում էին մյուս սեղանին, որտեղ նամակը վար էր ընկնում, իսկ տուփը փաթեթավորվում էր ու նորից թռչելով՝ հասնում մյուս սեղանին: Այս ամենն ու հատկապես կախարդական փաթիլները այնպիսի մի հրաշք տեսարան էին  ստեղծում, որ Դավիթն աչքն անգամ չէր կտրում դրանից:
Իսկապես հրաշալի է, — ուրախությունից բացականչեց Դավիթը:
Արի գնանք,— կամաց ասաց Ձմեռ պապն ու իր հետևից կանչեց Դավիթին:
 Տղան հետևեց ծերունուն, սակայն ճանապարհին նայում էր մեկ այս, մեկ այն կողմ: Նա երբեք չէր տեսել նման տեսարան: Նրան թվում էր՝ մուլտֆիլմ կամ կախարդական ֆիլմ է դիտում:
Ձմեռ պապը Դավիթին տարավ ավելի փոքրիկ սենյակ: Այստեղ էլ էին ձյան փաթիլները հանդարտ վար իջնում: Ձմեռ պապը ձեռքով մի շարժում արեց, ու ձյունն անմիջապես կտրվեց:
Սենյակի հենց կենտրոնում մի հսկա սեղան էր դրված, որն ամբողջությամբ ծածկված էր նամակների մեծ-մեծ կապոցներով:
Դե Դավիթ, հիմա մենք կթեյենք, ու ես քեզ պետք է խնդրեմ, որ օգնես ինձ:
Մեկ այլ սեղանին, որ դրված էր բուխարու դիմաց, հայտնվեց թեյնիկ:
Ձմե՛ռ պապ, ես պատրաստ եմ օգնել քեզ. հենց հիմա էլ կարող եմ սկսել:
Մի՛ շտապիր, փոքրի՛կ տղա: Դու ինձ պետք է օգնես քո աշխարհում լինելով:
Դավիթը ձայն չհանեց: Սակայն նա այնքան հարցեր ուներ:
Դու քեզ հուզող բոլոր հարցերը կարող ես տալ,— ասես Դավիթի մտքերը կարդաց Ձմեռ պապը:
Այդ ինչպե՞ս է ամեն ինչ հայտնվում, կամ ինքնուրույն թռչում, վեր բարձրանում
Հա-հա-հա-հա,— Դավիթ ջան ամեն ինչ ցանկության մեջ է: Եթե որևէ բան ցանկանում ես ի սրտե, ապա ամբողջ բնությունը քեզ  օգնում է: Սակայն այն ինչ դու տեսար այն սենյակում, այլ բան է: Այնտեղ իմ օգնականներն են՝ բարի հոգիները, որ անտեսանելի են քեզ համար: Այդ նրանք են տեղադրում, փաթաթում, տեղափոխում, հետևում այս տանը, երբ ես երկար ժամանակ բացակայում եմ:

Դավիթն այնքան հարցեր էր տալիս Ձմեռ պապին, որ ինքն էլ արդեն հոգնել էր, բայց Ձմեռ պապը սիրով պատասխանում էր բոլորին:
Դավիթին ամեն վայրկյան ավելի ու ավելի հասկանալի էր դառնում ամեն ինչ: Կախարդական ու հրաշքների աշխարհը մեր աշխարհի մի մասնիկն է, սակայն անտեսանելի է գրեթե բոլորի համար: Միայն նրանց համար է այդ աշխարհը բացում իր դռները, ովքեր հավատում հրաշքների գոյությանը և Դավիթն արդեն հավատում էր այդ աշխարհին:
Վերջապես Դավիթը հասավ իրեն հուզող ամենամեծ հարցին: Ինչպե՞ս է այդ հրաշք քարը հայտնվել իրենց ձեղնահարկում:
Ձմեռ պապը վեր կացավ տեղից ու մոտեցավ սեղանին: Փոքրիկ դարակից նա հանեց փայտից պատրաստված մի տուփ, որը ամբողջությամբ լցված էր մանուշակագույն ավազով, ապա մոտեցավ բուխարուն:
Մի փոքր ե՛տ գնա, տղաս,— ասաց նա Դավիթին, և  տուփի պարունակությունը լցրեց բուխարու մեջ:
 Կրակը գունավորվեց, ու նրա լույսի ներքո սենյակում ամեն ինչ փոխվեց: Առաստաղն ասես թափանցիկ դարձավ, ու գիշերային երկնքում սկսեցին փայլել աստղերը: Նրա դիմաց մի փոքրիկ արահետ բացվեց: Նրանից մի քիչ առաջ կանգած էր Ձմեռ պապը:
Նա շրջվեց դեպի Դավիթն ու շշնջաց.
Այժմ դու կտեսնես ամեն ինչ:
Երբ Դավիթը նայեց շուրջը, հասկացավ որ հայտնվել են մեկ այլ աշխարհում, սակայն այդ ամենը միայն տեսիլք էր: Ինքն ու Ձմեռ պապը հայտնվել էին ինչ-որ տեսիլքի մեջ ու տեսնում էին ամեն ինչ:
Արահետը վերջանում էր ինչ-որ շինությունների մոտ: Դրանք Դավիթին պարիսպ էին հիշեցնում, իսկ պատից այն կողմ երևում էին շինություններ:
Երկնքում առկայծում էին աստղեր, սակայն դրանցից մեկն այնքան պայծառ էր շողում, որ միանգամից աչքի էր ընկնում իր մեծությամբ: Արահետով քայլում էին մի քանի հոգի: Նրանք արտասովոր հագուկապ ունեին: Մի քանիսը ջորիների վրա էին, մի քանիսն էլ քայլում էին ոտքով: Նրանց ետևից էլ մի քանի ավանակներ էին քայլում, որոնք ունեին կապոցներ ու բեռներ: Այս խմբին հետևում էին երկու բոկոտն երեխաներ, որոնց հագուստը (եթե կարելի էր ցնցոտիները հագուստ կոչել) ոչ մի կերպ նման չէին իրենցից առաջ ընթացող մարդկանց հագուստներին:
Դավիթը զարմացած նայեց Ձմեռ պապին ու փորձեց ինչ-որ բան հարցնել: Բայց Ձմեռ պապը մատը դրեց շուրթերին ու հազիվ լսելի ձայն հանեց:
ՇշշշշՀետո:
Տղան հասկացավ, որ պետք է լռի, իսկ հարցերը՝ հետո:
Երեխաները խմբին հետևում էին ոչ բացահայտ: Նրանք զգուշավոր հեռավորություն էին պահպանում նրանցից, սակայն ակնհայտ էր, որ շարժվում էին խմբի հետքերով:
Ձմեռ պապն ու Դավիթը ևս սկսեցին հետևելլ նրանց: Դավիթի ականջին էին հասնում մերթ երեխաների շշուկները, մերթ խմբից լսվող խոսակցությունները, սակայն ոչ մի կերպ չէր հասկանում, թե՛ ինչ են խոսում նրանք: Երբ հասան պարիսպների մոտ, խումբը կանգ առավ, իսկ երեխաները թաքնվեցին մոտակա թփերի ետևում:
Ճամփորդները զրույցի բռնվեցին պարսպի վրա կանգնած զինվորների հետ ու կարճ բանակցությունից հետո պարսպի վրա գտնվող փոքրիկ դուռը բացվեց, և խումբը ներս մտավ: Դուռն այդպես էլ բաց մնաց: Քիչ անց այդ նույն դռնով ներս մտան երեխաները, իսկ նրանց հետևից Ձմեռ պապն ու Դավիթը:
 Դավիթն արդեն գլխի ընկավ, թե ուր են հայտնվել ինքն ու Ձմեռ պապը: Նրանք հենց նոր մտան մի քաղաք, որ Բեթլեհեմ էր կոչվում, որտեղ պետք է ծնվեր Աստծո միակ որդին՝ Հիսուսը
Նեղլիկ փողոցները լաբիրինթոս էին հիշեցնում Դավիթին: Նրան թվում էր, որ համակարգչային խաղ է խաղում ու պետք է գտնի ելքը:
Ձմեռ պապն ու Դավիթը մի քանի րոպե պտտվեցին, մինչև նորից գտան այն խումբը, որին հետևում էին: Նրանք մեկ այս, մեկ այն կողմ էին գնում, շրջանցում տներ ու փողոցներ: Նրանք քայլում էին այն աստղի ուղղությամբ, որը շողում էր: Հանկարծ աստղից լույսի մի շող ուղիղ իջավ դեպի երկիր:
Ձմեռ պապը ժպիտը դեմքին նայեց Դավիթին: Դավիթն էլ նրան ժպտաց ու միասին առաջ գնացին:   Խումբը հավանաբար զարմացավ այն լույսից, որ արձակում էր աստղը, բայց այն օգնեց, որ նրանք ավելի արագ տեղ հասնենԱստղի լույսը, որ ճանապարհ էր ցույց տալիս, մեր ճամփորդներին նորից դուրս հանեց քաղաքի նեղ փողոցներից ու կանգ առավ մի փայտյա կիսածածկ տնակի վրա: Այն կենդանիների համար նախատեսված կացարան էր:
Երբ խմբի անդամները վար իջան ավանակներից ու մտան ներս, Ձմեռ պապն ու Դավիթը հետևեցին նրանց:
Փոքրիկ մսուրի մեջ նորածին մի մանուկ էր քնած: Նրա կողքին նստած էր Մարիամը, իսկ Հովսեփը ողջունում էր հյուրերին: Նրանք այն մոգերն էին, որ նկատել էին աստղի լույսն ու եկել էին տեսնելու Փրկչին: Նոր էին հասցրել Ձմեռ պապն ու Դավիթը ներս մտնել, երբ Դավիթը տեսավ այն նույն բոկոտն երեխաներին, որոնք գալիս էին նույն ճանապարհով: Հյուրերն իրենց նվերները ցույց տվեցին Հովսեփին ու դրեցին մանկան առաջ: Այդ ժամանակ Դավիթը տեսավ այն քարը, որ հիմա իր ձեռքում էր:
Ձմեռ պապը նայեց Դավիթին ու ձեռքով մի շարժում կատարեց: Տեսիլքը վերացավ:
Այն շատ հին ու արժեքավոր իր է Դավիթ, պահպանիր այն:
Հիսուսն է՞լ էր այս քարի միջոցով հայտնվել այստեղ:
Դավիթ, նա Աստծո որդին է: Հրաշքների աշխարհը նրանն է նաև:
Դավիթն ավելի ամուր բռնեց կապույտ քարը: Նրա համար այն այժմ շատ ավելի թանկ էր:


***
Մի քանի վայրկյան  Դավիթը  դեռ տեսիլքի ազդեցության տակ էր:
Դավիթ, իսկ հիմա ես քեզ ուզում եմ խնդրել հանձն առնել մի մեծ ու պատասխանատու գործ,— առաջինը խոսեց Ձմեռ պապը:
Դավիթը տեսավ, թե ինչպես է Ձմեռ պապը սեղանին դրված նամակների կապոցից մի նամակ վերցնում:
Այստեղ այն նամակներն են, որոնցում երեխաները խնդրում են ոչ թե խաղալիք կամ նվեր, այլ խնդրում են իրականացնել ամենատարբեր այն երազանքները, որոնք նյութականի հետ կապ չունեն:
Մի փոքր լռությունից հետո Ձմեռ պապը շարունակեց.
Կա մի փոքրիկ աղջիկ, ում ես անչափ սիրում եմ, թեպետ նրա երազանքները շատ բարդ են լինում իրականացնել:
Դավիթը հիշեց Էլենի խնդրանք-նամակները:
«Ա՛յ եթե նա լիներ իմ տեղում, որքան կուրախանար»,— մտածեց Դավիթը:
Գիտե՞ս՝ ում մասին է խոսքը,— հարցրեց Ձմեռ պապը:
Ոչ: Ես ճանաչո՞ւմ եմ նրան,— զարմացավ Դավիթը:

Այն նամակը, որ Ձմեռ պապի ձեռքում էր, օդում սավառնելով եկավ դեպի Դավիթը: Տղան վերցրեց նամակը, որում բավականին գեղեցիկ ձեռագրով գրված էր.


Երբ Դավիթն ավարտեց ընթերցելը, զարմացած նայեց Ձմեռ պապին:
Այս նամակն իմ քույրի՞կն է գրել:
Այո՛, Դավիթ: Մի՛ զարմանա, ամեն տարի էլ նա նամակ է գրում ինձ
Բայց ինչպե՞ս է այս նամակը հասել քեզ: Փոստատանը չէ՞ որ քո հասցեն չգիտեն:
Ձմեռ պապի դեմքին նորից երևաց նրա բարի ու գեղեցիկ ժպիտը:
Այն, ինչ ինձ է հասցեագրված, միշտ էլ հասնում է ինձ:
Դավիթը նայեց նամակին:
Ես էլ եմ ճանաչում Անիին, նա այնքան բարի է, — ասաց Դավիթը, — մի անգամ նա մեր տանն էր ու ինձ նվիրեց իր ամենասիրելի խաղալիքը: Ես մտածում էի՝ Անին շուտ կլավանա, բայց պարզվեց լուրջ հիվանդ է
Շա՜տ լուրջ հիվանդ է, Դավիթ, — տխուր ասաց Ձմեռ պապը,— բայց մենք միասին պետք է օգնենք նրան:
Ես պատրաստ եմ օգնել: Ի՞նչ պետք է անեմ:
Ձմեռ պապը ժպտաց.
Որքան խիզախ ես դու Դավիթ, սակայն քո աշխատանքը բավականին բարդ է:
Դու պիտի ցույց տաս հրաշքը նրան, ու նա պետք է հավատա քեզ: Հավատա ողջ սրտով: Միայն այդ դեպքում ես կկարողանամ հրաշագործության միջոցով բուժել նրան: Ձեր աշխարհում հրաշքներ իրագործելը շատ բարդ է, հավատա
Այսինքն՝ ամեն գնով անել այնպես, որ Անին հավատա հրաշքին:
Այո՜, ամե՛ն գնով,— շարունակեց Ձմեռ պապը:
Ձմեռ պապը վերցրեց անկյունում դրված փայտե երկար ձողը, որ գավազան էր հիշեցնում: Նա այն ուղղեց դեպի Դավիթն ու գավազանի ծայրից լույսի ցոլքեր առկայծեցին: Ոսկեգույն շողերը մոտեցան Դավիթին ու նրա միջով անցան:
Սա նրա համար, որ հաջողության հասնես: Այդ ցոլքերի միջոցով դու կարող ես մեկ անգամ փոխել իրական կյանքում մի բան, որ պետք կլինի քեզ: Քարը քեզ կօգնի:Կարևոր է, որ դու էլ հավատաս քո ուժերին:
Դավիթը գլխով համաձայնության նշան արեց:
Իսկ հիմա մենք պետք է բաժանվենք: Թե չէ քո բացակայությունը կնկատեն: Սպասում եմ քո գործողություններին, իսկ ինձ նորից տեսնել կարող ես զանգակ-քարի օգնությամբ միայն:
Ես կանեմ ամեն հնարավորը, որպեսզի օգնեմ,—խոստացավ Դավիթը:
Ուրախ եմ լսել այդ բառերը, իսկ հիմա գնա, Դավիթ, թե չէ ամեն ինչ այլ կերպ կընթանա
Դավիթը երեք անգամ շարժեց քարը ու հայտնվեց իր սենյակում:
Նա իրեն այնքան երջանիկ էր զգում: Նրա օգնությամբ պետք փրկվեր մի փոքրիկ աղջիկ, բայց հիմա մնում էր հասկանալ՝ ինչպե՞ս է իրագործելու իր ծրագիրը:
Տղան հանեց բաճկոնն ու կոշիկները: Այնպես քնել էր ուզում, որ անմիջապես պառկեց: Պատուհանից ևրևում էր, որ արևելքում երկինքը գունավորվում է: Առավոտյան նա կգնա Անիենց տուն ու ամեն ինչ կասի նրան: Նա փակեց աչքերն ու անմիջապես քնեց:


***
Առավոտյան Դավիթն արթնացավ ինչ-որ ձայներից: Մայրիկն էր, սենյակի դուռն էր թակում:
Դավիթ, դու դեռ քնա՞ծ ես,— հարցրեց մայրիկը՝ բացելով դուռը:
Ո՛չ, ո՛չԱրդեն վեր եմ կացել:
Դե արի: Նախաճաշը վաղուց պատրաստ է:
Դավիթն արագ հագնվեց: Էլենը ջերմություն չէր ունեցել, հայրիկը աշխատանքի էր գնացել, մայրիկն էլ պետք է գնար գնումներ կատարելու:
Մայրիկը խնդրեց երեխաներին մնալ տանը մինչ իր վերադարձը: Դրսում արև էր շողում, բայց ձյունը չէր հալչում:
Երբ մայրիկը գնաց, Դավիթը խնդրեց Էլենին գտնել Անիենց տան հեռախոսահամարը:
Էլենը զարմացավ, սակայն Դավիթն ասաց, որ ուզում է իմանալ ինչպես է Անին, իսկ հետո ինքն Էլենին ամեն ինչ կբացատրի:
Դավիթը Էլենին խնդրեց զանգ տալ ու հարցնել Անիի առողջականի մասին:
Էլենի զանգին պատասխանեց Անիի տատիկը ու հավանաբար այդպես էլ չհասկացավ՝ ով է զանգահարողը, բայց տեղեկացրեց, որ Անիին նորից տեղափոխել են հիվանդանոց: Էլենը ճշտեց նաև հիվանդանոցը, որտեղ պառկեցրել էին դասընկերուհունՀիմա պետք է մայրիկին համոզել, որ այցելության գնան Անիին: Էլենն, անմիջապես պաշտպանեց Դավիթի մտադրությունը ու առաջինը խնդրեց մայրիկին, որ գնան հիվանդանոց՝ Անիին տեսնելու:
Մայրիկը զարմացավ երեխաների նման ցանկությունը լսելով, բայց մերժել չէր կարող, և մեկ ժամ էլ չէր անցել՝ նրանք երեքով հիվանդանոցում էին: Բուժքույրերից մեկը նրանց տեղեկացրեց, որ այդ օրն առավոտյան երեխայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Դավիթը չգիտեր՝ ինչ անել: Ինչպե՞ս տեսնել Անիին, պատմել նրան իր առաքելության մասին: Ամեն ինչ ավելի բարդ էր, քան կարելի էր պատկերացնել, սակայն ետ կանգնել չէր կարող:
Բաժանմունքի սպասասրահում նրանք հանդիպեցին Անիի մայրիկին՝ տիկին Աստղիկին: Նա կանգնած էր մեծ ապակու դիմաց, որից այն կողմ հիվանդասենյակն էր ու Անիի մահճակալը: Տեսնելով Նունեին ու երեխաներին՝ նրա տխուր դեմքին մի ժպիտ երևաց:
Դավիթն առաջինը մոտեցավ ապակուն:
Մայրիկ, նրա մոտ չե՞նք կարող մտնել:
Ցավոք ոչ, Դավիթ, միայն բժիշկները կարող են մտնել:
Նունեն ու Աստղիկը մի փոքր հեռու գնացին երեխաներից, սակայն Դավիթը լսեց.
Մենք եկել էինք տեսակցության, սակայն չգիտեինք, որ փոքրիկի վիճակը այդքան բարդացել է: Ի՞նչ են ասում բժիշկները,—հարցրեց մայրիկը:
Տիկին Աստղիկը սրբեց արցունքները:
Ամեն ինչ ավելի է վատ է, դոնորի փնտրտուքը երկար տևեց: Բժիշկները միայն հրաշք են համարում փոքրիկիս փրկությունը:
Տիկին Աստղիկի աչքերից արցունքները նորից գլորվեցին:
Տիկին Աստղիկ, ես պետք է մտնեմ Անիի մոտ:
Նունեն շրջվեց ու տեսավ վճռական կեցվածքով Դավիթին:
Դավիթ, հիմա Անին պետք է հանգստանա: Երբ նա մի փոքր լավ զգա, ես կխնդրեմ, միասին կմտնենք,— աչքերը սրբելով՝ ասաց տիկին Աստղիկը:
Դավի՛թ, դու քույրիկիդ կողքին մնա, լա՞վ: —Ասաց մայրիկը:
«Նրանք ինձ չեն հասկանա»,— մտածեց Դավիթն ու շրջվեց դեպի Էլենը:
Էլե՜ն,— կամացուկ շշնջաց Դավիթը:
Էլենի աչքերում արցունք էր երևում:
Ես խնդրել էի Ձմեռ պապիկին…— չկարողացավ խոսքը ավարտել Էլենը ու  լալով փաթաթվեց եղբորը:
Գիտեմ, Էլեն, ամեն ինչ գիտեմ:
Էլենը բաց թողեց Դավիթին:
Որտեղի՞ց գիտես, նամա՞կն ես կարդացել:
Կարդացել եմ,— համաձայնվեց Դավիթը
Ուրեմն մայրիկը չի՞ տարել նամակը
Ոչ, ոչ, ոչԵս այն հենց Ձմեռ պապիկի մոտ եմ կարդացել:
Դավիթը գրպանից հանեց կապույտ քարը:
Տեսնո՞ւմ ես այս քարը, սա հենց այն կախարդական խաղալիքն է, որի մասին հայրիկը պատմում էր:
Էլենի աչքերը կլորացան:
Որտեղի՞ց քեզ այն, այդ ինչպե՞ս
Այնպես, ինչպես հեքիաթում: Այն հեքիաթ չէ, Էլեն, և մենք պետք է փրկենք Անիին այս հրաշք-քարի միջոցով: Միայն պետք է այնպես անենք, որ Անին հավատա հրաշքի գոյությանը, որպեսզի հնարավոր լինի նրան բուժել:
Ախր նա հիմա անգիտակից է
Գիտեմ,— շտապ ավելացրեց Դավիթը,— բայց ես կարող եմ օգնել նրան ու նրա հետ հենց Ձմեռ պապիկին այցի գնալ: Սա է միակ տարբերակը, որ գալիս է մտքիս:
Այդ պահին բուժքույրը մտավ հիվանդասենյակ, ապա դուրս եկավ: Հավանաբար  ինչ-որ բան էր մոռացել:
Էլեն, դու մայրիկին կասես, որ ամեն ինչ լավ կլինի,— ասաց Դավիթն ու արագ մտավ հիվանդասենյակ:
Այնտեղ նա մոտեցավ Անիին:
Անի,— կամաց շշնջաց նա,— դու լսո՞ւմ ես ինձ:
Անին չարձագանքեց: Դավիթը գրպանից հանեց քարն ու կամաց շշնջաց.
Ես ուզում եմ իրականացնել ցանկությունը: Թող Անին արթնանա:
Մի վայրկյան անց մի տարօրինակ ձայն սկսվեց, որ արձակում էին սարքավորումները: Այդ պահին ներս մտավ բուժքույրը ու երբ տեսավ Դավիթին ներսում, նախ զարմացավ, ապա զայրացած ձայնով ասաց.
Տղա՜, դո՛ւրս արի հենց հիմա, այստեղ չի կարելի մտնել: Ո՞վ է քեզ թույլ տվել մտնել: Հիմա ես կկանչեմ ծնողներիդ, — ու շտապով դուրս եկավ՝ կանչելով՝ ո՞ւմ երեխան է այն տղան:
Դավիթն ուշադրություն չդարձրեց բուժքրոջ բարձրացրած աղմուկին: Հենց այդ պահին Անին բացեց աչքերըԴավիթը ժպտաց ու բռնելով Անիի ձեռքը՝ երեք անգամ շարժեց քարը:

 ***
Այն, ինչ կատարվեց մի ակնթարթ հետո, տեսավ միայն Էլենը՝ սենյակի պատուհանից ներս նայելով: Անին ու Դավիթը չքացան: Էլենը դեռ ապշած նայում էր պատուհանից, երբ միջանցքում տեսավ մայրիկին, տիկին Աստղիկին ու հենց նոր հիվանդասենյակից դուրս եկած բուժքրոջը: Երբ բուժքույրը նորից ներս մտավ հիվանդասենյակ, զարմանքից քար կտրեց: Երեխաները չկային. անհետացել էին:
Ո՞ւր գնացին նրանք, որտե՞ղ են թաքնվել,— է՛լ ավելի զայրացած հարցրեց բուժքույրն ու շրջվեց իրենից ոչ պակաս զարմացած Նունեի ու Աստղիկի կողմ:
Տիկին Աստղիկը, տեսնելով դատարկ մահճակալը, հազիվ լսելի ձայնով շշնջաց.
Երեխա՜ս…— ապա բուժքրոջը հարցրեց. — Բայց ինչպե՞ս կարող էր նա վեր կենալ
Այդ պահին Նունեն արդեն Էլենի կողքին էր:
Ո՞ւր է եղբայրդ, Էլե՛ն: Ո՞ւր գնացին Դավիթն ու Անին:
Չգիտեմ, մայրիկ
Էլե՛ն, դու այստեղ էիր ու պետք է տեսած լիեիր, խոսի՛ր:
Ձմեռ պապիկի մոտ
Մայրիկին այս պատասխանը ծիծաղելի թվաց:
Էլեն, ես չեմ կատակում: Ի՞նչ է նշանակում Ձմեռ պապիկի մոտ: Անին չպետք է վեր կենար  անկողնուց: Հենց հիմա ասա ինձ՝ ո՞ւր է Դավիթը, քանի դեռ անդառնալի որևէ բան չի պատահել:
Հենց այդ պահին բուժքույրը մոտեցավ Նունեին:
Մնացե՛ք այստեղ, հիմա անվտանգության աշխատակիցները կմոտենան ձեզ,— ասաց նա ու հայացքով չափեց Էլենին:— Գուցե նրանց ասե՞ս, թե որ կողմ տարավ եղբայրդ հիվանդ աղջկան:
Դուք չա՛ր եք,— բղավեց Էլենն ու հետ գնաց մի քանի քայլ:
Բուժքույրը շփոթվեց, պապանձվեց ու ոչինչ չկարողացավ ասել:
Էլե՛ն, լռի՛ր: Կներեք երեխան չի տեսել ոչինչ: —Շտապեց պատասխանել մայրիկը:
Ոստիկանությանը կասեք այդ ամենը,— նետեց բուժքույրն ու հեռացավ:
Քիչ անց ամբողջ բաժանմունքի անձնակազմը հավաքվեց հիվանդասենյակի մոտ: Տիկին Աստղիկը լալիս էր՝ չկարողանալով մի բառ անգամ արտասանել: Էլենը պնդում էր, որ չի տեսել, միայն այն է տեսել, թե ինչպես Դավիթն ու Անին անհետացան: Մայրիկը փորձում էր զանգ տալ հայրիկին՝ ասելու Դավիթի անհետացման մասին: Նա այնքան հուզված էր, որ չէր կարողանում անգամ բջջայինը միացնել:
Շուտով անվտանգության աշխատակիցները ոստիկանություն կանչեցին: Իհարկե, վկաներն էին Նունեն, տիկին Աստղիկը, Էլենը և բուժքույրը: Ոստիկանության աշխատակիցները զրուցեցին նրանց հետ: Սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Ոչ ոք նույնիսկ չէր տեսել, թե երեխաները ինչպես էին  դուրս եկել հիվանդասենյակից: Բաժանմունքի անվտանգության տեսախցիկները նույնպես չէին ֆիքսել որևէ մեկին, ով դուրս է գալիս բաժանմունքից: Հատկապես հանելուկ էր այն փաստը, որ Անին անգիտակից վիճակում էր և բժիշկների հավաստմամբ, չէր կարող տեղաշարժվել, իսկ մյուս երեխան տասնմեկ տարեկան էր և այդ հասակում հազիվ թե կարողանար միայնակ գրկել  հիվանդ երեխային: Ոստիկանությունը միանշանակ հանգեց նախնական այն եզրահանգմանը, որ երեխաներն առևանգվել են:
Հիվանդանոցի ողջ շրջակայքը խուզարկվեց, բոլոր բաժանմունքներում արգելվեց ելումուտը, սակայն ոչինչ:
Երբ Գևորգը եկավ հիվանդանոց, նրան թույլ տվեցին մտնել միայն այն պատճառով, որ առևանգված երեխաներից մեկի հայրն էր:
Նունեն կցկտուր պատմեց ողջ եղելությունը, սակայն նա այնքան վրդովված էր, որ չնկատեց ամուսնու հանդարտ վերաբերմունքը, երբ պատմեց թե ինչ պատասխան է ստացել Էլենից:
Ես հիմա կասեմ, որ քեզ հանգստացնող հաբեր տան,— ասաց Գևորգն ու Էլենի հետ մի կողմ գնաց:
Էլեն, հիմա դու հայրիկին ճիշտն ասա՝ ինչ կատարվեց հիվանդասենյակում, երբ դու նայում էր ապակուց ներս:
Էլենը Հայրիկին պատմեց այն ինչ կատարվել էր առավոտյան դեռ տանից դուրս գալուց առաջ, ապա Դավիթի պատմածը, նամակի բովանդակության ու քարի մասին, իսկ հետո նաև այստեղ կատարվածը
Գևորգը լուռ լսեց մինչև Էլենը ավարտեց պատմելը, ապա մեղմ ձայնով ասաց.
Անկարելի է, բայց իրական
Էլենին այնպես թվաց, որ հայրիկն առաջին մարդն էր, որ հավատաց իրեն ու չզայրացավ, երբ ասաց, որ Դավիթն ու Անին գնացին Ձմեռ պապիկի մոտ:
 

***
Դավիթն ու Անին չքացան մի քանի վայրկյան շուտ, մինչ Աստղիկը, Նունեն ու բուժքույրը կհասցնեին մտնել ներս: Երբ Դավիթը բացեց աչքերը, տեսավ այն մեծ բացատը, որտեղ պետք է Ձմեռ պապիկի տունը լիներ: Անին պառկած էր գետնին: Դավիթը հանեց իր բաճկոնն ու ծածկեց Անիին: Աղջիկը բացեց աչքերը: Նա շատ թույլ էր, բայց զարմացավ տեսնելով ճերմակ ծառերն ու ձյունը:
Որտե՞ղ եմ, Դավի՞թ:
Ամեն ինչ լավ է, Անի: Մի քիչ էլ դիմացիր: Մենք հրաշքների աշխարհում ենք:
Մենք մահացե՞լ ենք, —տխուր հարցրեց Անին:
Ինչե՞ր ես խոսում, ո՛չ դու, ո՛չ ես չենք մահացել
Եվ դեռ երկար պետք է ապրեք, — շարունակեց մի բարի ձայն:
Ձմեռ պապը հայտնվեց երեխաների առջև այնպես արագ, ինչպես երեխաներն էին հայտնվել այստեղ:
Դավիթը ժպտաց: Անին վախից մի ճիչ արձակեց ու փակեց աչքերը:
Ապրե՛ս Դավի՛թ, եթե մի փոքր էլ ուշանայիր, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել: Դու խիզախորեն ու շատ ճիշտ գործեցիր: Ես շնորհակալ եմ քեզ:
 Դավիթը կարմրեց ու գլուխը կախեց:
Ձմեռ պապը գրկեց Անիին ու նրանք գնացին Ձմեռ պապի տուն:
Անին բացեց աչքերը, բայց շատ թույլ էր տեսածն ընկալելու համար, հատկապես երբ ամեն ինչ հիասքանչ էր ու այնքան տարբերվում էր հիվանդասենյակից:
Ձմեռ պապը պառկեցրեց Անիին ու ձեռքը դրեց Անիի ճակատին: Անին ապշած նայում էր շուրջը: Կամաց-կամաց նա հասկացավ, որ սա երազ չէ, այլ իրականություն: Քիչ անց Ձմեռ պապը մի կողմ գնաց: Անին իրեն հիանալի էր զգում, այնպես ինչպես առաջ, երբ դեռ չէր հիվանդացել:
Ձմե՛ռ պապիկ,— ասաց նա,— շնորհակալ եմ:
Իմ փոքրի՜կ Անի, պետք է շնորհակալություն հայտնես Դավիթին: Նա ինձ անչափ օգնեց: Քո աշխարհում ես ոչինչ չէի կարող անել, իսկ այստեղ առողջությունդ քեզ վերադարձնելը  ինձ համար այնքան հեշտ է: Դու առողջ ես: Հիմա դու հավետ կհիշես այս կախարդական օրը, ու թող այն դառնա քո երկրորդ ծննդյան օրը: Այո՛, հրաշքները մեզ հետ են միշտ, միայն հարկավոր է տեսնել դրանց ու ամենակարևորը՝ հավատալ: Պետք է հավատալ, որ երազանքներն իրականանում են, եթե կարողանում ենք գնահատել, թե որքան կարևոր են դրանք մեզ համար, երբ պատասխանում ենք այն հարցին, թե ինչո՞ւ ենք ուզում, որ դրանք իրականանան:
Ձմեռ պապը համբուրեց Անիի ճակատը, ապա մոտ կանչեց Դավիթին:
Դու կպատմես Էլենին ու Անիին ողջ ճշմարտությունը: Հրաշքի մասնիկը ձեզ հետ կլինի ամենուր: Ապրե՛ս, Դավի՛թ, դու կատարեցիր քո առաքելությունը, իրականացրեցիր փոքրիկ Էլենի երազանքն ու փրկեցիր Անիի կյանքը: Դու օգնեցիր ինձ հրաշք գործել, իսկ հրաշքը բարի է: Դու գիտես՝ ինչ պետք է անես: Այնտեղ քեզ ու Անիին սպասում են, իսկ մենք կհանդիպենք Ամանորի գիշերըԳուցե հանդիպենք, — այն նույն բարի ժպիտով ժպտաց Ձմեռ պապն ու անհետացավ:
Դավիթը հասկացավ Ձմեռ պապին: Նրանք պետք է վերադառնան: Նա շարժեց քարը:

***
Երեխաները նորից հայտնվեցին հիվանդասենյակում, սակայն այստեղ մութ էր, և ոչ ոք չկար: Դավիթը մոտեցավ դռանն ու բացեց այն: Միջանցքը մարդաշատ էր: Այստեղ բժիշկներ էին, ոստիկանական համազգեստով մի քանի մարդ այս ու այն կողմ էին գնում: Նա տեսավ տիկին Աստղիկին, որ անկյունի նստարանին լալիս էր, Էլենին, հայրիկին: Մի ոստիկան թղթապանակը ձեռքին զրուցում էր մայրիկի հետ ու նշումներ անում: Հանկարծ նա տեսավ հայրիկի հայացքը, որ ուղղված էր իրեն: Նա կամաց դուռը ծածկեց:
—Ի՞նչ պատահեց,— հարցրեց Անին,— արի գնանք այստեղից, ես մայրիկիս եմ ուզում տեսնել:
—Հիմա կգնանք:
Հազիվ էր հասցրել պատասխանել Դավիթը, երբ դուռը բացվեց, ու Գևորգը մտավ ներս:
—Դավի՜թ, տղա՜ս, լա՞վ ես, —հարցրեց հայրիկն ու գիրկն առավ Դավիթին:
—Հայրիկ, մենք այնտեղ էինք՝ Ձմեռ պապիկի մոտ: Նա բուժեց Անիին:
— Բարև Ձեզ,— շփոթված ասաց Անին՝ նայելով Դավիթի հայրիկին:
—Գիտեմ, Դավի՛թ, հավատում եմ քեզ, բայց ուրիշները չեն կարող հավատալ, ու պետք էլ չէ հավատացնել…
Դավիթը հայրիկին տվեց քարը:
— Եթե սա գտնեն, այլևս չեն վերադարձնի..
—Ո՛չ Դավիթ, — ժպտաց հայրիկը, — եթե գտնեն էլ, չեն լսի այն կախարդական ղողանջները, որ դու ես լսում:
Հյարիկը Դավիթին իջեցրեց, ապա բռնելով երեխաների ձեռքը՝ դուրս տարավ սենյակից:
Միջանցքում մի պահ քար լռություն տիրեց, ապա լսեցին բոլորի զարմացական բացականչությունները: Ոստիկանության աշխատակիցները զարմացած էին, թե ինչպես հայտնվեցին երեխաները, իսկ բժիշկներն ապշել էին՝ տեսնելով, թե ինչպես է մի քանի ժամ առաջ անգամ շարժվելու անկարող Անին վազում մայրիկի գիրկը:
— Այս ամենը հրաշք է, — լսեց Դավիթը, թե ինչպես էր բժիշկներից մեկը ասում մյուսին,— ամեն դեպքում կատարել անհրաժեշտ ստուգումներ:
 Որոշ ժամանակ անց ոստիկանները հեռացան: Բժիշկները պնդեցին, որ երեխաները թաքնվել են միայն ու հետո թաքստոցից դուրս եկել, որին անգամ իրենք չէին հավատում:
Երեկոյան հայրիկը, մայրիկը, Դավիթը, և Էլենը վերադարձան տուն: Էլենն անընդհատ Դավիթին խնդրում էր ամենայն մանրամասնությամբ պատմել այն ամենը, ինչ կատավել էր վերջին մի քանի օրը:
Անին մնաց հիվանդանոցում, նրան դեռ մի քանի օր էլ կհետազոտեն, այնուհետև բժշկական գրքում հենց այդպես էլ կգրեն՝
«Անի Սահակյան, ամբողջությամբ ապաքինվել է: Հրաշք է տեղի ունեցել…»




ՎԵՐՋԱԲԱՆ

 Ամանորի գիշերը, երբ հնչեց զանգակների ղողանջը, ու բոլորը նշեցին նոր տարվա գալուստը, Էլենը թաքուն դուրս եկավ պատշգամբ: Դավիթը, որ մինչ այդ ամեն ինչ մի քանի անգամ պատմել էր Էլենին, հավատացած էր՝ ինքը կարողացավ այդ ամենին հասնել միայն Էլենի շնորհիվ: Փոքրիկ փերին (հիմա նա այդպես էր կոչում Էլենին) այնքան ուժեղ ու անկեղծ հավատքով էր լցված, որ ամեն ինչ ստացվեց: Նա գնաց Էլենի հետևից: Երբ բացեց դուռը, լսեց իրեն ծանոթ ու բարի ձայնը.
—Շնորհակալ եմ իմ, երկրայի՜ն փերի...
Ձմեռ պապը գրկեց Էլենին:
—Ա՜, դո՞ւ էլ ես այստեղ, իմ խիզա՛խ Դավիթ:
—Ձմեռ պապ, ես կարծում էի դու շատ զբաղված կլինես:
—Միայն նրանց համար, ովքեր չեն հավատում Ձմեռ պապի գոյությանը, —ծիծաղելով ասաց Ձմեռ պապն ու նստեց իր սահնակը:
—Օ՜, ես մոռացա ասել, որ իրականացրել եմ նաև այն մյուս երազանքը:
Էլենը ժպտաց ու ձեռքով արեց: Ձմեռ պապը հաջողություն մաղթեց ու չքացավ, իսկ ներքևից  լսվեցին հարազատ ձայներ:
—Էլե՜ն, իմ սիրելի՜ թոռնիկ:
Դավիթը նայեց ներքև: Մեքենայից դուրս էին գալիս տատիկն ու պապիկը ու ասես Էլենը նրանց էր ողջունում՝ միաժամանակ հրաժեշտ տալով Ձմեռ պապին:


***
Ամանորն ու Սուրբ Ծնունդն ամենահրաշալի ու բարի կախարդանքով լի տոներն են, որ ջերմացնում են մեր սրտերը ու ստիպում մի պահ հավատալ Հրաշքին, իսկ կախարդական զանգակներն արդեն ղողանջում են ու ավետում Նոր տարվա գալուստը: Ասում են` Ամանորի գիշերը լսելի են նրանց հեքիաթային ձայնը, և ամենահեքիաթային երազանքներն ու ցանկություններն անգամ կարող են դառնալ իրական, միայն հավատալ է պետք…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:




Հեքիաթ
Արմեն Մխեյան
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ


Կախարդական զանգակներն արդեն ղողանջում են ու ավետում Նոր տարվա գալուստը: Ասում են` Ամանորի գիշերը լսելի են նրանց հեքիաթային ձայնն ու ամենահեքիաթային երազանքներն ու ցանկություններն անգամ կարող են դառնալ իրական. միայն հավատալ է պետք…