Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2014-10-18

Արթնացրու, երբ բացվի լույսը

Պատմվածքը խմբագրեց Արամ Հովակիմյանը


Նվիրում եմ տատիկիս պայծառ հիշատակին


Ծեր կինը կրկին նայեց փողոցի ձախ ու աջ կողմերը: Հանկարծ մեքենա չհայտնվի, թե չէ ստիպված կլինի կանգնել փողոցի կենտրոնում ու սպասել, որ վարորդները ճանապարհ տան, առանց այդ էլ հիվանդ ոտքերը դանդաղ են առաջ գնում, մի բան էլ ձեռքի տոպրակը ծանր է: Տարիներ առաջ ծիծաղելի կլիներ նույն քաշով տոպրակը ծանր համարել, բայց այսօր այն շատ ծանր է: Ծերությունը, ինչ խոսք, իրեն  արդեն զգալ է տալիս: Հեշտ չէ կրել իննսուն երկար ու ձիգ տարիների բեռը
Կինը հազիվ էր անցել փողոցը, երբ գրեթե վազելով նրան մոտեցավ Լիլիթը:
-Մարի՛ տատ, տուր օգնեմ, - դիմեց աղջիկը` փորձելով վերցնել միակ տոպրակը կնոջ ձեռքից:
-Վա՜յ, Լիլիթ ջան էդքան էլ ծանր չի, կարող եմ տանել, - միայն երկար ու գանգուր մազերից կռահելովոր օգնություն առաջարկողը հարևանուհու դուստրն է:
-Ոչինչ, տատ, ես կբերեմ, - պնդեց Լիլիթն ու տոպրակը վերցրեց կնոջ ձեռքից:
-Ի՜նչ էի անելու առանց քեզ, Լիլիթ ջան, - շարունակեց մեծահասակ կինը, - մի օր ասեցի ինքս գնամ ու գնումներ անեմ, էն էլ դու էլի օգնության եկար:
Լիլիթը ոչինչ չպատասխանեց, իմանալով, որ Մարիա տատը, ում ինքը դեռ փոքրուց հարազատ տատիկի պես էր սիրել, ու ավելի փաղաքշական Մարի տատ էր ասում, հեշտությամբ չէր դիմում ուրիշի օգնությունը, իսկ ամեն անգամ ամենափոքրիկ խնդրանքով դիմելիս անգամ այնքան ներողություն էր խնդրում,  որ մերժել հնարավոր չէր լինում:
Արդեն երկար տարիներ Մարի տատը միայնակ էր ապրում: Ծեր կինը այդքան էլ հաճախ չէր սիրում խոսել իր միայնության մասին, բայց Լիլիթը գիտեր, որ Մարի տատը` Մարիա Չադնովան, հայ չէր: Դեռևս պատերազմի տարիներին զինվորական հոսպիտալում ծանոթացել էր Ավետիսի հետ, սիրահարվել, ամուսնացել, իսկ մեկ տարի անց Ավետիսը զոհվել էր` չհասցնելով տեսնել իրենց փոքրիկին: Պատերազմի ավարտից հետո Ավետիսի ծնողները Մարիային կանչել էին Հայաստան: Մարիան եկել էր ապրելու իր զոհված ամուսնու ծնողների հետ, նրանց հետ մեծացրել իր փոքրիկին` Ահարոնին: Լիլիթն այս ամենը լսել էր իր հարազատ տատիկից, ով Մարի տատի մտերիմ հարևանուհին էր: Հիշում էր իր հարազատ տատիկի խոսքերը` Մարի տատը ամենամեծ դժբախտությունների միջով է անցել, մեծ փորձություններ հաղթահարել և այդ պատճառով է իր մեջ կուտակել այսքան բարություն, իսկ վատը թողել անցյալի դժվարություններում:
Ամեն առավոտ Լիլիթը թակում էր Մարի տատի փոքրիկ բնակարանի դուռն ու հարցնում` ինչ է պետք գնել և նոր միայն գնում խանութ՝ գնումներ կատարելու, իսկ իր պատրաստած ուտեստներից ու գնումներից անպատճառ մի մասն առանձնացնում երրորդ տատիկի համար: Մարի տատիկի համեստ բնակարանը Լիլիթենց բնակարանից մեկ հարկ ներքև էր, ու Լիլիթն ամեն անգամ մեծ սիրով էր այցելում բարի և միշտ ժպիտով դիմավորող կնոջը:
Շենքի մուտքի մոտ  նրանց առաջը կտրեց Սարոն` Մարի տատի ծոռը: Սարոն՝ մոտ 22 տարեկան, փոքրամարմին ու խորամանկ աչքերով երիտասարդ էր և հազիվ թե ամիսը մեկ այցելեր տատիկին, այն էլ միայն այն օրերին, երբ կինը պետք է թոշակ ստանար: Լիլիթը, որ անձնական հակակրանք ուներ այս տղայի նկատմամբ, կանգ առավ ու փորձեց օգնել  կնոջը բարձրանալ աստիճաններով:
-Տա՞տ, ո՞ւր ես կորել, մի ժամա քեզ եմ սպասում,- հանդիմանական տոնով առանց բարևելու խոսեց տղան:
-Խանութ էի գնացել, բալա ջան: Մենա՞կ ես եկել:
-Հա մենակ եմ:
Մարի տատը օգնություն հայցող հայացքով նայեց Լիլիթին:  Սարոյին լավ գիտեր՝ եթե հասել է այստեղ, ուրեմն հաստատ «փորացավ» ունի, իսկ «փորացավը» հնարավորինս շատ գումար պոկելն է:
Լիլիթը հասկացավ ծեր կնոջ հայացքը:
«Սրան պետք է մի լավ քոթակել, որ հասկանա, թե որը որն է»:
Լիլիթը օգնեց մինչև տատիկը կհասներ դռան մոտ ու կբացեր դուռը: Երիտասարդն առաջ ընկավ Լիլիթից ու մտավ ներս: Լիլիթը հազիվ կարողացավ զսպել զայրույթը Սարոյի նման անշնորհք պահվածքից ու տոպրակը լուռ տարավ խոհանոց:
Պետք էր հնարավորինս ժամանակ ձգել Մարի տատին մենակ չթողնելու համար, ու Լիլիթը գտավ միջոց: Տատիկից համաձայնություն ստանալով` սկսեց թեյ պատրաստել ու սպասել մինչ Սարոն կսկսի հեթական անգամ տատիկին համոզել, որ փող տա, բայց կարծես` այս անգամ Սարոն համբերությամբ էր զինվել և հրաժարվելով թեյից, նստեց հյուրասենյակում ու սկսեց փոխել հեռուստացույցի ալիքները:
Լիլիթն ու Մարի տատը նստեցին խոհանոցում:
Մարի տատի հետ թեյելը այնքան հաճելի էր: Կինը սկսում էր վերհիշել անցած երկար տարիների ամենազվարճալի դեպքերն ու իրադարձությունները, իսկ Լիլիթն ուշադիր լսում ու հաճախ զարմանում՝ ինչպես է, որ այս տարիքում Մարի տատը շարունակում է այդքան խոսել ու պատմել, այնպես պատմել, որ ուզում ես նորից ու նորից լսել: Ամեն անգամ, երբ Մարի տատը իրենց հյուր էր լինում, ինքն ու քույրիկները մեծ հաճույքով էին լսում ծեր կնոջ պատմածները: Այս անգամ Մարի տատը լուռ էր, ու նրա ժպիտը ասես կորել էր բարի ու խորշոմապատ դեմքից: Լիլիթը լավ գիտեր, թե ինչն է պատճառը: Երկար լռությունից հետո կինը վերջապես խոսեց:
-Լիլի՛թ ջան, ես քեզ պետք է մի գիրք տամ, չեմ ուզում որ այն այստեղ մնա
-Ի՞նչ գիրք, Մարի տատ, - հետաքրքրվեց Լիլիթը, լավ իմանալով որ Մարի տատը տանը հին հրատարակություններից հարյուրավոր գրքեր ունի:
-Այն սովորական չէ, ինչպես մյուսները, այդ պատճառով ուզում եմ, որ այն արժանի մարդու ձեռքում լինի, - ավելի ցածրաձայն խոսեց կինը, որպեսզի հյուրասենյակում նստած Սարոն չլսի իր խոսքերը:
 Լիլիթին թվաց, թե Սարոն լսեց կնոջ ասածն ու ավելի հարմար տեղավորվեց բազմոցին: Լիլիթը չփորձեց այլ հարցեր տալ:
Լռությունը խախտեց Լիլիթի բջջայինի ձայնը:
-Մամ, Մարի տատի տանն եմ, կգամ քիչ հետո,- հակիրճ պատասխանեց Լիլիթը՝ առաջարկելով, որ մայրիկն էլ գա:
-Տանը չեմ, Լիլիթ ջա՛ն: Ուզում էի համոզվել, որ տանն ես: Մարի տատիկին էլ բարևիր ու ասա՝ մեզ հյուր գա այսօր:
-Լավ, մամ, կասեմ:
Լիլիթը հեռախոսն անջատեց ու հազիվ էր տիկին Ռուզանի խոսքերը փոխանցել, երբ հայտնվեց Սարոն:
-Տա՛տ, ես գնացի:
«Այ էդպես կփախչես», - մտածեց Լիլիթը, երբ որսաց Սարոյի ծուռ հայացքը, որն ուղղակի չէր կարող չնկատել:
Կինն ուղեկցեց Սարոյին մինչև դուռը, ապա հետ եկավ:
-Նա այնքան էլ վատ տղա չէ, Լիլիթ ջան, պարզապես երիտասարդությունն այսօր այնքան է փոխվել:
-Մարի տատ, քանի որ հիմա մենակ ենք, կարո՞ղ ես ասել, թե ինչ գրքի մասին էր խոսքը:
-Ա՜, սպասի՛ր, Լիլիթ ջան, հիմա:
Ծեր կինը քայլեց ննջասենյակ: Լիլիթը հետևեց նրան:
Խորհրդավոր գրքի փնտրտուքը երկար չտևեց: Ծեր կինը բացեց փոքրիկ դարակն ու դուրս բերեց հնամաշ, մուգ շագանակագույն կազմով ոչ թե գիրք, այլ բավական հաստ նոթատետր:
-Քեզ մի խնդրանք ունեմ, եթե ժամանակ գտնես, այն կարդաս ինձ համար
Լիլիթն անակնկալի եկավ ծեր կնոջ ասածից:
-Քեզ համա՞ր, - զարմացած հարցրեց Լիլիթը` մի պահ վարանելով վերցնել իրեն մեկնված մաշված կազմով նոթատետրը:
-Այո՛, այո՛,- շփոթվեց ծեր կինը, - հավատա, այն ինձ համար ամենաթանկն է, ամենաթանկ հիշողությունները, որ կարող են կապել ինձ հեռավոր անցյալի հետ: Վերցրո՛ւ, վստահ եմ` քեզ դուր կգա:  Ես էլ չեմ կարողանում կարդալ, աչքերս դավաճանում են, համ էլ  հայերեն է գրված: Որքան էլ վարժ սովորեցի խոսել հայերեն, ամենևին կարդալն ինձ համար այդքան էլ հեշտ չէ: 
Ծեր կնոջ ձայնում նկատվեց հուզմունք ու էլ չկարողացավ շարունակել խոսքը:
Լիլիթը լուռ ձեռքն առավ գրքույկը: Զգուշությամբ բացեց այն ու հենց առաջին էջի կենտրոնում նկատեց միակ գրությունը: Պարզ ու գեղեցիկ ձեռագիրը գրավեց ու ստիպեց անմիջապես կարդալ գրությունը:
«Կյանքի ընթացքը չի կանգնում, անգամ մեկ ակնթարթով, իսկ այդ ընթացքում միշտ էլ գտնվում է  Նա, ով ստիպում է առաջ գնալ` սրտի տրոփյունով ու կողքին լինելու փափագով»:
-Սա օրագի՞ր է, Մարի տատ, - հարցրեց Լիլիթը` չկարողանալով զարմանքը զսպել:
-Այո՛, օրագիր, որ միայն ես եմ կարդացել, մի քանի էջ միայն, և հեղինակը. կկարդաս նաև  դու:
Լիլիթը ոչինչ չկարողացավ ասել: Այն, որ ինքը դառնալու է եզակի ընթերցողներից մեկը, պարտավորեցնող էր, և հետո մերժել Մարի տատին չէր կարող և չէր ուզում:
՞րբ կարդամ, Մարի տատ, - քիչ հետո հարցրեց Լիլիթը:
-Դե՜, երբ քեզ հարմար լինի, Լիլի՛թ ջան:
-Շատ լավ, այսօր երեկոյան:
Լիլիթը կնոջ բնակարանը լքեց ինչ-որ տարօրինակ զգացումով: Սիրտն ասես ասում էր` մնա:
Մեկ հարկ բարձրանալով` բացեց իրենց բնակարանի դուռն ու ներս մտավ, մինչ այդ լսելով ինչպես Մարի տատը իր հետևից փակեց դուռը:
Գիրք-նոթատետրը տեղավորեց դարակում: Այն ավելի ուշ կկարդա, իսկ հիմա անտեսանելի պետք է մնա, համենայնդեպս Մարի տատն այդպես է ուզում: Բայց հետաքրքրությունը հանգիստ չէր տալիս Լիլիթին ու տեղավորվելով բազմոցին` նոթատետրը կրկին ձեռքն առավ:
Հնամաշ կազմը է՛լ ավելի մեծ խորհրդավորություն էր տալիս գրքին: Բացեց նոթատետրի վերջին էջերը: Լիլիթի համար արդեն սովորություն էր դարձել կարդալ ցանկացած գրքի վերջաբանը ու հետո նոր սկսել ընթերցել: Օրագրի վերջին դեղնած էջերը դատարկ էին, ասես այն անավարտ լիներ: Մի քանի էջ հետ թերթելուց հետո վերջապես գտավ վերջին գրությունն ու ամենահարմար պարբերությունից փորձեց կարդալ, բայց վերջին պահին փակեց նոթատետրն ու դրեց դարակը: Չէ՞ որ խոսք էր տվել կարդալ Մարի տատի համար: Հազիվ էր գիրքը տեղավորել դարակում, երբ  բազմոցից վեր թռավ: Ականջին հասած ձայնը ստիպեց, որ լսողությունը հնարավորինս լարի ու հասկանա, թե որտեղից է գալիս աղմուկը: Մի քանի վայրկյան անց ձայներն ավելի հստակ դարձան, որ լսվում էին ներքևից: Մի պահ լռություն տիրեց, ապա այն ընդհատվեց ապակու կոտրվելու, ավելի ճիշտ կլինի ասել՝ փշուր-փշուր լինելու ձայնից: Մեկ վայրկյան անց Լիլիթն արդեն շտապում էր աստիճաններով ներքև` Մարի տատի բնակարան:
Բնակարանից ձայներն ավելի հստակ էին լսվում, հատկապես ավելի շատ տղամարդու ձայն, ու Լիլիթը չէր սխալվում. Սարոն էր գոռում
Լիլիթը հյուրասենյակ մտավ հենց այն պահին, երբ Մարի տատը Սարոյի «թեթև» ձեռքով հայտնվեց հատակին: Մի վայրկյան Լիլիթը սարսափահար կանգնեց, ապա նետվեց դեպի Սարոյի ու Մարի տատի միջև առաջացած փոքրիկ տարածությունը:
Վախն ակնթարթորեն պատեց Սարոյին: Հիմա նրա առջև ծեր ու միայնակ կինը չէր: Լիլիթի՝ զայրույթից այլայլված հայացքը այդքան չէր վախեցնում, որքան այն, որ Լիլիթը վկա դարձավ՝ ինչպես Սարոն հրեց Մարի տատին:
-Դու՛րս, - գոռաց Լիլիթը, - դուրս կորի, անասո՛ւն:
«Անասուն» բառը դուրս թռավ ակամայից: Հավանաբար առաջին անգամ էր, որ Լիլիթը նման բառի էր արժանացնում որևէ մեկին:
-Ես չէի ուզում, - չհասցրեց խոսքն ավարտել Սարոն, երբ Լիլիթն առաջ նետվեց ու հրեց Սարոյին դեպի դուռը:
-Դու՜րս կորի, թե չէ գլուխդ կփշրեմ, - գոչեց Լիլիթը` հայացքով հարմար առարկա փնտրելով: Ամենամոտը բյուրեղապակե ծաղկամանն էր:
Սարոյին ոչ մի ուրիշ ելք չէր մնում, քան բնակարանից դուրս վազելը: Մեկ վայրկյան էլ հապաղելը կարող էր ավարտվել ծաղկամանի հետ կոշտ «համբույրով»: Լիլիթն արդեն ձեռքն էր առել ծաղկամանը` պատրաստ այն նետելու Սարոյի գլխին:
Սարոն այնպես արագ ծլկեց, որ մինչ Լիլիթը կհասներ դռան մոտ, Սարոն արդեն հասցրել էր դուրս պրծնել շենքից:
Լիլիթն արագ վերադարձավ հյուրասենյակ, որտեղ հատակին ընկած էր ծեր կինը: Մարի տատը հեկեկում էր՝ ձեռքերով փակելով դեմքը: Անհասկանալի էր ցավի՞ց, թե՞ ամոթից:
Լիլիթը մոտեցավ ու փորձեց օգնել կնոջը վեր բարձրանալ, միայն այդ պահին նկատելով, որ Մարի տատի ճերմակ մազերի մի փունջ ներկվել է կարմիրով:
Հատակն ամբողջությամբ պատմված էր ապակու կտորներով: Ծեր կինն ընկնելով՝ գլուխը հարվածել էր ապակու կտորներին:
-Հանգի՛ստ, Մարի տատ, նա գնաց, - դեռ երկար Լիլիթը փորձում էր կնոջը հանգստացնել

***
Երկու շաբաթ անցել էր այն օրից, ինչ կատարվել էր Մարի  տատի փոքրիկ բնակարանում: Թեպետ Մարի տատի վերքը լավացել էր, բայց չարաբաստիկ դեպքից հետո Մարի տատը օրվա մեծ մասն անց էր կացնում անկողնուն գամված: Լիլիթն ամեն օր այցելում էր ու ավելի շատ ժամանակ անցկանցում ծեր կնոջ հետ: Հիմնականում երեկոները, երբ ավարտում էր դասերը, գալիս էր ծեր կնոջ համար թեյ պատրաստելու: Մարի տատն էլ ոչինչ չէր ասում: Այդ օրերի ընթացում Մարի տատի թոռնուհին` Սարոյի մայրը միայն մեկ անգամ բարեհաճեց այցելել ծեր կնոջը` իր որդու ապաշնորհ քայլի մասին ոչինչ չիմանալով: Երբ Լիլիթը պատմեց ողջ եղելությունը, կինը թերահավատ հայացք գցեց Լիլիթի ուղղությամբ ու ֆշշացրեց.
- Սարոս նման քայլի ընդունակ չէ: 
Լիլիթին եթե մնար, մի լավ ապտակ կհասցներ այդ ինքնասիրահարված կնոջ` շպարի հաստ շերտով պատված այտին, մի հատ էլ մյուսին նրա համար, որ անդաստիարակ որդի է մեծացրել, բայց կարողացավ զսպել իրեն` հանուն Մարի տատիկի: Մյուս կողմից էլ իջնել այդ տիկնոջ մակարդակին ու  ձեռքերը  շպարով պատել չէր ուզում:
Մարի տատի տված նոթատետրի մասին Լիլիթը լրիվ մոռացել էր: Մարի տատն էլ ոչինչ չէր ասում: Լիլիթը նոթատետրի մասին հիշեց, երբ մի առավոտ կինը ծրարով նամակ տվեց ու խնդրեց տանել փոստ:
«Այս ժամանակներում ո՞վ է փոստով նամակ ուղարկում, համակարգիչն ու համացանցը լրիվ լուծում են այդ հարցը, - մտածում էր Լիլիթը, բայց այնուամենայնիվ կատարեց խնդրանքը: Տարօրինակն այն էր, որ նամակի հասցեատերը  Գերմանիայի ինչ-որ Գյորլից քաղաքից էր: Ծրարի վրա գրված էր նաև գերմաներեն, այն էլ բավական վարժ ձեռագրով: «Գերմաներե՞ն: Մարի տատը որտեղի՞ց գիտի գերմաներեն: Չէ՞ որ լեհուհի է»,- մտածում էր Լիլիթը:  Համենայդեպս այդպես էր միշտ լսել:
Հետաքրքրությունը տանջում էր Լիլիթին, բայց այդպես էլ ոչինչ չհարցրեց, հատկապես տեսնելով, որ Մարի տատը խոսելու ցանկություն այդքան էլ չուներ:
Նամակը փոստ տանելուց առաջ փորձեց հիշել հասցեն` ք. Գյորլից, Ցիտաուերշտրաս 128: Օրը ուրբաթ էր, ու լավ է, որ այսօր համալսարանում դաս չունի: Անպայման կգնա Մարի տատի մոտ ու կկարդա նոթատետրը: Ինչպե՞ս կարող էր մոռանալ: Լիլիթի գլխից դուրս չէր գալիս Գերմանիայի հասցեատերը, գուցե Մարի տատը պատմի վերջապես:

***
Երեկոյան Մարի տատին մոտ գնալուց առաջ Լիլիթը փորձեց իմանալ, թե  այդ ինչ քաղաք է Գյորլիցը: Պարզվեց Գերմանիայի ամենաարևելյան քաղաքն է, բավական փոքրիկ ու սահմանակից Լեհաստանին, ավելի ճիշտ կլինի ասել՝ բաժանված Լեհաստանի ու Գերմանիայի միջև: Բաժանումը արվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Սահմանն անցել էր քաղաքի միջով` գերմանական կողմում մնալով Գյորլից, իսկ լեհական հատվածում Զգոժելեց: Հարցերի տարափը էլ ավելի մեծացավ: Ո՞վ կարող էր լինել Գերմանիայում այդ նամակի հասցեատերը, որի մասին ոչ ոք չգիտեր, և ակնհայտ էր` Մարի տատը չէր ուզում իմանային: Այդ դեպքում ինչո՞ւ հենց իրեն խնդրեց, որ նամակը հասցնի փոստ:
Մարի տատը թեպետ հիվանդ է կարծես, բայց կարողանում է քայլել, փոստն էլ մեկ շենք այն կողմում է:
Ո՜չ, Մարի տատի հոգին «խորն» է: Այստեղ շատ են հարցերը: Եթե հեռու մի ազգակից, որ հանկարծ որոշել է գտնել Մարի տատին, այդ դեպքում ինչո՞ւ Գերմանիա, այլ ոչ թե Լեհաստան: Չէ՞ որ Մարի տատը ծնունդով Լեհաստանից էր: Միակ հավանական բացատրությունը, որ կարողացավ Լիլիթը գտնել այն էր, որ հեռու ազգակիցը գտել է ծեր կնոջը, և այդ նույն հեռու ազգակիցը Լեհաստանից տեղափոխվել է Գերմանիա: Լիլիթը հիշում էր աղոտ մի պատմություն այն մասին, որ Մարի տատի ընտանիքի անդամները այդքան էլ կողմ չէին եղել նրա` Հայաստան տեղափոխվելու որոշմանը: Մարի տատը, գալով Հայաստան, այլևս որևէ կապ չէր ունեցել իր բարեկամների հետ: Իսկ գուցե ինքը սխալվո՞ւմ է
 Լիլիթը ձեռքն առավ նոթատետրն ու Մարի տատի բնակարան հասավ այն վստահությամբ, որ ամեն դեպքում կփորձի հարցնել, և եթե Մարի տատը ուզենա, կպատմի, եթե ոչ, ապա ոչ մի խնդիր: Մյուս կողմից էլ` լավ է ունենալ գոնե մեկ հեռու ազգակից, քան մոտ գտնվող նման թոռնուհի ու ծոռ
Մարի տատը պառկած էր, բայց լսելով դռան բացվելը, նստեց անկողնում: Նկատելով Լիլիթի ձեռքում նոթատետրը` կնոջ դեմքին ժպիտ հայտնվեց, բայց բավական թածխոտ հայացքը ավելի նկատելի էր:
Լիլիթը թեյ պատրաստեց, ապա տեղավորվեց կնոջ անկողնուն հնարավորինս մոտ:
-Մարի տատ, լրիվ մոռացել էի օրագրի մասին: Այսօր հիշեցի ու որոշեցի անպայման կարդալ,- արդարացավ Լիլիթը:
-Շատ լավ ես արել, ես էլ էի մոռացել, - վրա բերեց կինը:
 Մարի տատը չէր մոռացել ու այսօր խնդրելու էր Լիլիթին անպայման կարդալ: Մի տեսակ ծանրություն  կար հոգում:
 -Բացիր վերջին գրառումները, ես դրանք այդպես էլ չեմ կարդացել, - շարունակեց կինը:
Լիլիթը բացեց ամենավերջին գրառումը: Մատիտով գրված բառերի մի մասը դժվար էր նկատվում թղթի` տեղ-տեղ վնասված և գունաթափված լինելու պատճառով: Փորձելով հնարավորինս շեշտադրված արտահայտել բառերը` Լիլիթն սկսեց կարդալ.
«Ես չգիտեմ՝ այնտեղ ինչպես է, բայց  կուզենայի, որ Արևը երբեք մայր չմտներ: Կուզենայի, որ սոսափը մեղմ շոյեր արդեն դեղնած հասկերի կատարները, իսկ արտերը ձգվեին անծայրածիր հորիզոնից այն կողմ: Այսօր նա նորից եկավ ու ամուր գրկեց ինձ: Դաժան պատերազմը խլեց ինձնից այն ամենը, ինչ թանկ էր ու ես սկսեցի հեկեկալ, լալիս էի երեխայի պես` թրջելով նրա հագուստը: Նա ոչինչ չասաց, այլ միայն սրբեց աչքերս: Ես նրա հայացքում թախիծ տեսա, իսկ աչքերում` արցունք: Գուցե նա գիտի՞ արդեն, բժիշկն ասել է հավանաբար, որ ժամանակը քիչ է, որ ապրելու այլևս հույս չկա, որ նրան ու իմ դեռ չծնված փոքրիկին պետք է թողնեմ մենակ այս դաժան աշխարհում և հեռանամ: Գնամ այնտեղ, որտեղ մինչև անծայր հեռուներ ձգվում են ոսկեհասկ արտերը: Համենայնդեպս, ես այդպես եմ պատկերացնում այնտեղ…
Հուսով եմ` մի օր կկարդաս այս տողերն ու շնորհակալական խոսքս: Ես անչափ շնորհակալ եմ ինձ պարգևած այս փոքրիկ ու կարճ ժամանակամիջոցի համար, որ ինձ ես նվիրել քո կյանքից: Այն կարճ ժամանակամիջոցը ինձ համար հավերժություն է եղել, անսահամանություն: Կան անսահմանություններ, որ ավելի անսահման են, քան մյուսները: Ինձ համար քո պարգևածն առավել անսահման երջանկություն է եղել: Այնքան հեռու են աստղերն ու սառը, որ միայն մի կետ են մեզ համար, իսկ նրանց մոտենալու համար ժամանակը հավերժությունն է… Բայց Արևն այնքան մոտ է ու ջերմ, որ հեռու գնալն անգամ խենթություն է… Եթե անհամար աստղերն էլ քեզ շրջապատեն ու իրենց փայլով գերեն քո հոգին, գտի՛ր քո միակ Արևին ու մի՛ հեռացիր նրանից, հակառակ դեպքում նա էլ աստղ կդառնա՝ սառն ու հեռավոր… Ես գտա իմ Արևին, բայց կորցնում եմ»:

Սա վերջին գրառումն էր, որից հետո դատարկ էջեր էին միայն:
Լիլիթն անմիջապես հասակացավ` ով է եղել այս նոթատետրի տերը: Մարի տատի հանգուցյալ ամուսինը` Ավետիսը, ով զոհվել էր պատերազմի ժամանակ երկար տարիներ առաջ: Լիլիթն անհամբերությամբ բացեց մեկ այլ էջ, բայց չշարունակեց կարդալ` նկատելով թե ինչպես Մարի տատը սրբեց թաց աչքերը:
Լռություն տիրեց: Լիլիթը չգիտեր ինչ ասել` մտածելով, որ ցանկացած բառ ավելորդ էր լինելու:
-Այս գրառումը վերջինն էր, - լռությունը խախտեց Մարի տատը, - հիշում եմ, երբ մի կողմ դրեց նոթատրերը, փակեց աչքերն ու հազիվ արտասանեց` արթնացրու, երբ նորից բացվի լույսը: Վերջին շրջանում, երբ հաջողվում էր գալ հոսպիտալ՝ ինձ տեսնելու, միշտ նույն բառերն էր ասում: Ավաղ, հաջորդ առավոտյան նա արթնացավ արդեն ոչ այս աշխարհում:
Ծանր լռությունը նորից լցրեց Մարի տատի սենյակը: Լիլիթը բառեր չէր գտնում ասելու: Հավանաբար չկային էլ բառեր, որով կարող էր մխիթարել ծեր կնոջը:
-Դու կարդացե՞լ ես սկզբի մասը, - երկար լռությունից հետո շարունակեց  Մարի տատը:
-Չէ, չեմ կարդացել, Մարի տատՍկզբից կարդա՞մ :
-Ո՜չ, ավելի լավ կլինի ես պատմեմ, - փորձելով հնարավորինս ժպտալ` խոսեց կինը: - Դու հավանաբար զարմացար նամակից, մտածելով, թե ո՞վ է այդ հեռու բարեկամը, որին նամակ եմ ուղարկում: Ես կփորձեմ ամեն ինչ ասել, պատմել ողջ ճշմարտությունը, որ այսքան երկար տարիներ թաքցրել եմ
Լիլիթն իր ականջներին չէր հավատում, սա էլ հենց իր ուզածն էր:
-Սակայն մինչ սկսելը պետք է խնդրեմ, որ դռան մոտ դրված արկղն այսօր քեզ հետ տանես: Պահիր քեզ մոտ, գուցե մի օր գան դրա հետևից
Լիլիթը հայացք գցեց ննջասենյակի դռան մոտ դրված ոչ մեծ արկղին:
-Ի՞նչ կա այդ արկղում, Մարի տատ:
-Հիմա, հիմա ամեն ինչ կփորձեմ բացատրել
Ծեր կինը խորը հոգոց հանեց` հավանաբար փորձելով հասկանալ` ինչից սկսել:
-Գուցե հիմա քեզ համար շատ տարօրինակ հնչի և շատ հարցեր բարձրացնի, բայց ասեմ միանգամից` ես լեհուհի չեմ, այլ զտարյուն գերմանուհի
Լիլիթի աչքերը կլորացան: Նույնիսկ չկարողացավ ասել` այդ ինչպե՞ս: Մարի տատը  հոգոց հանեց.
-Հենց պատերազմի սկզբում գերմանական զորքերը հարձակվեցին Լեհաստանի արևմտյան տարածքների վրա: Մեծ պատերազմից շուրջ մեկ տարի առաջ հայրս, նոր կոչում ստանալով, տեղափոխվեց լեհական բնակավայրի մոտ գտնվող ռազմակայան: Սահմանից այն կողմ մասնատված Լեհաստանի մի հատվածն էր, արդեն սովետական միութայն կազմի մեջ մտնող լեհական բնակավայրերը: Մինչ պատերազմը, իմ կյանքը լցված էր երջանկությամբ, մեծ հույսերով, բազում գույներով, մինչև պատերազմի խավարը չպատեց Եվրոպան: Մեր տան դիմաց` փոքրիկ անտառակից այն կողմ, արդեն լեհական սահմանն էր: Ես ու մայրս հաճախ էինք գնում փոքրիկ գյուղի շուկա` մթերք գնելու: Սահմանը գծված էր հենց գյուղի միջով, մի մասը խորհրդային հատվածում էր, մի մասը՝ գերմանական: Շատ ծանոթներ ու արդեն մտերիմ մարդիկ կային գյուղում: Թեպետ գյուղը բաժանել էին երկու պետությունների միջև, բայց բնակիչները չէին կարողանում հարմարվել, և սահման` որպես այդպիսին, չկար: Լինում էր այնպես, որ ես մենակ էի գնում, հաճախ այցելում այնտեղ ապրող իմ ամենամտերիմ ընկերուհուն` Մարիային:
Մարիա անունը ստիպեց, որ Լիլիթը մի փոքր սթափվի զարմանքից:
-Մարիա՞,- հարցրեց Լիլիթը:
-Այո՜, - շարունակեց կինը, - Մարիա… Մարիան հղի էր, իսկ ես այդ ժամանակ նոր էի ավարտել բժշկական ինստիտուտի չորրորդ կուրսն ու հարկ եղած դեպքում ոչ միայն իրեն, այլև ողջ գյուղի բնակչությանը օգնություն էի ցույց տալիս:
Մի երեկո հորս գենշտաբից բարձրաստիճան սպա այցելեց: Հասկանալի էր, որ պատերազմի լուրն էր հասցնում ու հարձակման անցնելու հրամանը: Թաքուն մոտեցա աշխատասենյակին ու փորձեցի լսել: Նրանք կամաց էին խոսում. հազիվ կարողացա մի քանի բառ որսալ, բայց այդ մի քանի բառերն էլ բավական էին` պատկերացնելու համար այն ողջ սարսափը, որ պետք է պատուհասեր առավոտյան: Վերջին բառերը սահմռկեցուցիչ էին` չխնայել ոչ մի դիմադրողի:
Մթության մեջ խարխափելով դուրս վազեցի տանից, բայց այդքան էլ հեշտ չէր բակից դուրս գալ. ամենուր զինվորներ էին: Ետ վազեցի տուն` տան հետնամասից դուրս գալու համար,  ու այդ պահին դիմացս հայտնվեց հայրս: Նրա խոժոռ հայացքը անմիջապես ստիպեց սառել տեղում:  Ամենասարսափելին այն էր, որ հայրս նկատել էր ինձ, երբ փորձել էի դռան արանքից լսել խոսակցությունը:
-Գնա սենյակդ, արդեն ուշ է,- կարգադրեց հայրս: Ես երբեք նրան չէի տեսել այդպիսին: Երբ անցել էի կողքով, կանչեց` Ադելինդա: Այո, իմ իսկական անունն Ադելինդա է, ոչ թե Մարիա…
Տիրեց ծանր լռություն: Լիլիթի զարմանքից ու ապշանքից կլորացած աչքերը կենտրոնացած էին հեռավոր կետի վրա: Անհավատալի էր լսել մի ողջ կյանքի պատմություն, այն էլ այսքան երկար տարիներ անց:
-Հավատա, ես էլ չեմ ուզում պատերազմ, - շարունակեց հայրս: Նրա հայացքում վիշտ կար: Լավ է, որ շրջվեցի ու վերջին անգամ նայեցի նրան: Հորս ես երբեք այլևս չտեսա, ոչ մայրիկիս, ոչ եղբորս ու ոչ էլ փոքրիկ քույրիկիս: Ընդհանրապես ոչ մեկին:  Եթե ժամանակը հետ տայի ու նորից հայտնվեի այդ ակնթարթում, կփարվեի նրան, ամուր կգրկեի: Բայց միշտ էլ ուշ է լինում հետ գնալ անցյալ և ուղղել անցյալում կատարած քայլերը: Ցավոք, կյանքում ամեն ինչ լինում է մեկ անգամ, երկրորդ հնարավորություն նույն ելման կետից մենք չենք ունենում: Հիմա միայն զղջում եմ, որ նրան այդպես էլ չգրկեցի, բայց մնացած քայլերի համար չեմ զղջում: Ամեն ինչ արել եմ այնպես, ինչպես թելադրել է խիղճս…
Ակամա Լիլիթի աչքերն էլ արցունքով լցվեցին, երբ Մարի տատը հերթական անգամ թաշկինակը մոտեցրեց աչքերին:
-Ես չէի կարող սպասել մինչ առավոտ, - շարունակեց կինը,- ես չէի կարող հանդուրժել ու տեսնել՝ ինչպես է գնդակոծվելու հարևան փոքրիկ գյուղը,  որտեղ իմ լավագույն ընկերներն էին: Մի միտք ուղղակի մտել էր գլուխս ու դուրս չէր գալիս. անտարբերությունը կարող է մահ արժենալ: Պետք է սպանել անտարբերությունն ու փրկել կյանքեր... Մահը մեկ անգամ է լինում, սակայն՝ միայն ֆիզիկական մահը, իսկ, օրինակ, խիղճն սպանվում է ամեն անգամ, երբ անտարբեր ես մնում անարդարության հանդեպ... Ես պետք է ամեն գնով հասնեի գյուղ ու տեղեկացնեի բնակչությանը:  Գիշերով տանից դուրս փախա ու վազեցի որքան ուժ կար ոտքերիս մեջ: Ճանապարհները փակ էին: Ամենուր զինվորներ ու զինվորական տեխնիկա էին: Սարսափելի էր անգամ մտածել, որ ժամեր անց մահաբեր կրակը պետք է ուղղվեր սահմանին: Անտառն անցա` առանց ճանապարհին մոտենալու, նույնիսկ արահետներն էին վտանգավոր: Վերջապես հասա գյուղ ու թակեցի Մարիայենց տան դուռը: Պարզվեց` ոչ ոք քնած չէր, և ընդհանրապես գյուղում մարդիկ չէին քնել: Նկատելով զինվորների շարժը` նախօրոք պատրաստվել էին, իսկ ոմանք հասցրել հեռանալ գյուղից,  մի մասն էլ շտապել դեպի գյուղի մոտով անցնող երկաթգծի մոտ, սպասելով կարմիր բանակի զինվորներին:
Մարիան չէր կարող երկար քայլել, իսկ ամուսինն ու ընտանիքի մյուս անդամները պատրաստ էին մինչև վերջ մնալ նրա կողքին:
Առավոտյան մարտը սկսվեց: Խորհրդային զորքերն այդպես էլ չեկան: Տեղի զինված մարդիկ դիմադրություն ցույց տվեցին, սակայն գրեթե ապարդյուն, գյուղը գրավվեց կարճ ժամանակահատվածում: Ռմբակոծվում էին բոլոր տները, ու մի քանի րոպեում ողջ գյուղը դարձավ հրո ճարակ: Երբ հիշում եմ սարսափը, մարմնովս դող է անցնում: Չեմ ուզում հիշել բոլոր մանրամասները: Մարիան մահացու վիրավորվեց: Հազիվ կարողացանք դուրս գալ վառվող տան նկուղից: Ես նրան ոչ մի օգնություն ցույց տալ այդպես էլ չկարողացա: Գերմանացի զինվորների անմարդակային դաժանությունը պարզապես անտանելի էր ու անհավատալի: Ես չէի կարողանում հավատալ այն ամենին, ինչ կատարվում էր, սակայն իրականությունն այնքան դաժան է, որ եթե անգամ փորձում ես չհավատալ, այնուամենայնիվ այն ցույց է տալիս իր սահմռկեցուցիչ դեմքը:
Լիլիթը զգաց՝ ինչպես են արցունքներն ակամա գլորվում այտերով վար: Ծեր կնոջ պատմածը հիմա աչքերի առջև ասես ֆիլմի էր վերածվել:
-Զինվորներից մեկն ինձ ճանաչեց, - շարունակեց Մարի տատը, - բացատրեցի, որ այստեղ էի եկել հղի կնոջն օգնելու: Առանց մի բառ լսելու ուժով ինձ նստեցրեց զինվորական մեքենան ու հրահանգեց վարորդին անմիջապես տանել տուն: Ես սարսափից արտասվում էի: Կյանքումս առաջին անգամ էի տեսնում արյունահեղություն, ցավ, մահ ու հիմա միայն մի բան էի ուզում. հեռու փախչել բոլորից, իմ հորից, բոլոր գերմանացիներից:
Մեքենան հեռացավ գյուղից ու քարոտ ճանապարհով ուղղություն վերցրեց դեպի գերմանական սահմանը: Մնում էր միայն մեկ ելք: Հենց ընթացքից ինձ մեքենայից դուրս նետեցի: Չեմ էլ հիշում` քանի պտույտ գործելով` զառիթափով գլորվեցի վար: Երբ բացեցի աչքերս, մեքենան բավական հեռու էր: Վարորդն իջել ու անունս էր կանչում` փորձելով գտնել ինձ, կամ օգնություն կանչել: Ես խելակորույս փախա, բայց ոչ դեպի տուն, այլ հակառակ ուղղությամբ: Երեք օր շարունակ վազում էի: Ականների ու կրակոցների ձայնը լսվում էին թիկունքից ու ասես հետապնդում էին ինձ: Միայն չորրորդ օրը դիմացից շարժ նկատեցի: Զինվորներ էին, բայց ոչ գերմանացի: Լեհական բանակի փոքրիկ ջոկատ էր: Հասա նրանց և ուժասպառ ընկա: Աչքերս բացեցի վրանում: Մեծահասակ կինը լվանում էր ոտքերիս ու ձեռքերիս վերքերը: Առաջին հարցը, որ հնչեց լեհերեն էր ու անունս էին հարցնում: Ես միայն կարողացա ասել` Մարիա, իմ անունն Մարիա է…
Այդպես էլ դարձա Մարիա: Այդ օրից ի վեր ես Մարիան էի: Լեհերենին բավական վարժ տիրապետում էի, ու ոչ ոք չկասկածեց, որ ես լեհուհի չեմ, այլ գերմանուհի, ավելին գերմանացի սպայի դուստր:
Խորհրդային բանակն անընդմեջ նահանջում էր, ես էլ՝ նրանց հետ: Ես ռազմաճակատից հեռու չգնացի, այսինքն չկարողացա էլ: Միշտ մնում էի զինվորական վրանային հոսպիտալներում: Մնացի ռազմաճակատում հնարավորինս օգնելու բոլոր նրանցովքեր ունեին օգնության կարիք: Այդպես ասես ես փոխհատուցում էի այն հասցրած ցավին ու վնասին, որ տալիս էին նացիստները: Ես մոռացել էի, որ գերմանուհի էի, ես հիմա սովետական միության քաղաքացի էի:
Կինը լռեց ու հայացքն ուղղեց դեպի Լիլիթը` դողդոջուն ձեռքերով սրբելով արցունքները:
-Ահա և այն պատմությունը, որ երկար տարիներ ոչ ոք չի իմացել, միայն ես ու Ավետիսը: Իսկ Ավետիսի հետ ծանոթացա զինվորական հիվանդանոցում, - շարունակեց կինը խոր հոգոց հանելուց հետո: - Դեռ 1942 թվականն էր` ծանր ժամանակներ: Գերմանական զորքերն առաջ էին շարժվում ու հասել էին Ստալինգրադի մատույցներին: Ես ու մի քանի բուժքույրեր ցերեկը պատսպարվում էինք ռումբերից, իսկ գիշերը մեկնում ռազմադաշտ` հնարավոր վիրավոր զինվորներին գտնելու, նրանց առաջին բուժօգնություն ու այնուհետև հոսպիտալ տեղափոխելու համար:
Երեկվա պես հիշում եմ այդ օրը: Ահավոր ճակատամարտից հետո գերմանական զորքերը հետ շպրտվեցին, բայց հաղթանակ տանել չհաջողվեց: Հաջորդ օրվա մարտը ավելի կատաղի էր լինելու: Գիշերը կրկին գնացինք խրամատներ` վիրավոր զինվորներին գտնելու: Այդպես էլ հանդիպեցի նրան: Հիշում եմ՝ ինչպես արդեն հոսպիտալի նկուղում բացելով աչքերը հարցրեց` ես դրախտո՞ւմ եմ: Ստացած վերքերը մահացու չէին, բայց ապաքինման ժամանակամիջոցը բավական էր, որ իմ սիրտը լցվեր նրա հանդեպ մեծ սիրով: Ստացած վերքերից դեռևս չապաքինված՝ իր հրամանատարից թույլտվություն խնդրեց մեկ ժամ տրամադրել մեր ամուսնության համար, ընդամենը մեկ ժամ: Մենք ամուսնացանք հենց հոսպիտալի նկուղում
Հիշողությանը պահ տված երջանիկ ակնթարթներից մնացած հուշերը ստիպեցին, որ կնոջ դեմքին փայլի ժպիտը:
Կինը սրբեց արտասուքը:
-Հենց հիվանդանոցո՞ւմ,- փորձեց կնոջ մտքի թելը վերադարձնել Լիլիթը,- այ թե սեր է
-Այո՜, մեծ սեր, որ երբեք մոռանալ այդպես էլ չկարողացա: Մեկ տարի անցել էր: Ավետիսի կոչումը բարձրացրել էին, խորհրդային զորքերն էլ որոշակի հաջողությունների էին հասել: Այսպես հեշտ է ասել՝ մեկ տարի, բայց թե ինչերի միջով ստիպված եղանք անցնել, անհնար է նկարագրել: Երկրորդ անգամ ստացած վերքերը նրա կյանքն արժեցան: Երանի չարթնացնեի նրան այդ առավոտ, որ չմեկներ ռազմաճակատ: Հաշված ժամեր անց Ավետիսն արդեն չկար: Այս տողերը, որ հասցրել է գրել, վերջին ճիգերով է գրվել: Շատ դժվար է համակերպվել ցավին, երբ մարդկանց դարձնում ենք մեր աշխարհի մի մասն ու հետո կորցնում` կորցնելով արդեն  ողջ աշխարհ: Հիմա միայն անցյալն է մնացել: Այդ անցյալը կազմված է ակնթարթներից, և որքան այդ ակնթարթները վառ են ու գունեղ, այնքան վերապրելիս զգացողությունն ավելի ուժեղ է լինում, և, եթե այս ակնթարթը դառնա անցյալ, ուրեմն այն արդեն չկա, կա միայն նրա «հոգին»` ակնթարթից մնացած հիշողությունը: Ես նրան երբեք չեմ մոռանա, քանի որ անհնար է չհիշել նրան, ով կարողացել է կյանքդ լցնել գույներով, իսկ մոռանալ` կնշանակի աշխարհը կրկին անգույն տեսնելՄի կարևոր դաս էլ է տվել կյանքն ինձ ու հավանաբար այն քեզ նույնպես պետք կգա: Բոլորին կարող ես նվիրել ժպիտ, ոմանց՝ ջերմություն, բայց միայն մեկին կարող ես թույլ տալ, որպեսզի զգա սրտիդ թրթիռը...
Լիլիթի մարմնով դող անցավ: Ծեր կնոջ խորիմաստ բառերի ողջ փիլիսոփայությունը հասկանալու համար երկար ժամանակ  է պետք: Բայց այդ բառերը, դրանք միայն բառեր չէին, այլ ճշմարտություններ, որ գալիս էին երկար ու ձիգ տարիների փորձից, կրած զրկանքներից ու մեծ համբերությունից:
-Ավետիսի մահից հետո, երբ ծնվեց որդիս, եկա Հայաստան: Առանձնապես ուրիշ տեղ էլ չկար գնալու: Ավետիսի ծնողները ինձ իրենց հարազատ դստեր պես ընդունեցին: Ավետիսից հետո դատարկությունը լցնում էր միայն որդուս ճիչը: Իմ միակ զավակը ստիպեց ինձ գնահատելարժևորել կյանքի ամեն մի ակնթարթը և ապրել այնպես, ասես այն վերջինն է, բայց ոչ ավարտի սպասումով, այլ նորին ձգտելու ու հասնելու մեծ ցանկությամբ: Ավա՜ղ, ինձ վիճակված էր որդուս մահը ևս տեսնել ու սգալ: Զարմանում եմ, թե ինչ քար սիրտ ունեմ, որ կարողացել է այս ամենը տանել ու դեռ շարունակում է բաբախել, իսկ մի՞տքս: Ո՞նց կարող էի չխելագարվել…
Մարի տատը լռեց ու հայացք ձգեց փոքրիկ սեղանիկին դրված ժամացույցին: Այն արդեն ցույց էր տալիս տասն անց կեսին մոտ:
-Այսքան խոսում եմ, ժամին էլ չեմ նայել: Արդեն ուշ է: Վաղը, եթե հարմար լինի, նորից կխոսենք:
Լիլիթը դեռ կնոջ պատմածից ուշքի գալ չէր կարողանում: Միայն մի քանի վայրկյան անց հասկացավ, որ Մարի տատը, կամ տիկին Ադելինդան լուռ է: Իհարկե սպասելի էր անակնկալ պատմություն, բայց այսպիսին հաստատ չէր կարող պատկերացնել:
-Ես առավոտյան կգամ, Մարի տատ: Բարի գիշեր,- վեր կացավ Լիլիթը` այդքան էլ չուզենալով:
-Շատ լավ, Լիլիթ ջան: Կներես, որ քեզ ձանձրացի իմ երկար-բարակ պատմությամբ:
՜նչ ձանձրացնել, Մարի տատ, նման պատմություն կյաքումս հաստատ ոչ մի տեղ էլ չեմ լսի:
-Շնորհակալ եմ, Լիլիթ ջան: Չմոռանաս վերցնել արկղը: Մի օր դրա հետևից կգան, իսկ ես չեմ ուզում, որ այն աստեղ մնա: Քեզ մոտ ավելի ապահով կլինի:
-Մարի տատ, բայց չասեցիր ինչ կա այնտեղ, - սրտնեղեց Լիլիթը ավելի շատ ոչ թե հետաքրքությունից, այլ արկղի թեպետ փոքր, բայց բավական ծանր լինելուց:
-Այդ ամենի մասին կխոսենք վաղը, - ժպտաց Մարի տատը:
«Վաղը մի նոր հետաքրքիր պատմություն է լինելու: Տեսնես կա՞ էլ գաղտնիք, որի մասին չի ասել Մարի տատը: Իհարկե կլինի, բա այս ծանր արկղն ի՞նչ է»,- ինքն իրեն խոսում էր Լիլիթը մինչև բարձրացավ իրենց բնակարան: Լուռ գնաց իր սենյակն ու արկղը տեղավորեց անկողնու տակ: Մարի տատի պատմությունը գլխից ոչ մի կերպ դուրս չէր գալիս, ու պետք էր դեռ այն ամբողջացնել, իսկ այդ հարցում պետք է օգներ օրագիրը: Հարմար տեղավորվելով անկողնու մեջ` բացեց առաջին իսկ պատահած գրությունը:
«Օդը հագեցած էր վառոդի ու պայթած ականների ծխով: Արևելքում երկինքը կարմրին էր տալիս, ու նշմարվում էին ականներից գոյացած փոսերից ելնող ծխի քուլաները: Առավոտը խաղաղություն չէր խոստանում: Արդեն մեկ շաբաթից ավել էր կատաղի մարտեր էին ընթանում, ամենուր մահ էր ու արյուն: Հազարավոր զոհեր: Ո՞ւմ են պետք այս պատերազմները: Այս հարցը հաճախ էի տալիս ինքս ինձ  ու արդեն քանի՜-քանի անգամ»:
Էջն ավարտվեց, ու Լիլիթն անհամբերությամբ թերթեց` գտնելու հաջորդ գրությունը:
«Ճակատամարտը վերսկսվեց արևի առաջին իսկ շողերի հետ: Գերմանական տանկային գումարտակները փոշու ամպ էին բարձրացրել հորիզոնի ողջ երկայնքով: Ահեղ մարտ էր: Այդ կռվից հետո շատերին չտեսա, նրանք մնացին այնտեղ, և ես էլ կմնայի, եթե չլիներ նա… Պատերազմի դաշտում, երբ ամեն րոպե կողքիդ տեսնում ես՝ ինչպես է մեռնում կյանքը, սկսում ես մտածել, որ սեփական կյանքդ չի ավարտվի, կամ երբ ավարտվի, չես իմանա՝ ինչպես: Կյանքիդ ավարտը կլինի միանգամից ու առանց ավելորդությունների: Մահը կյանքի ամենահավատարիմ ուղեկիցն է և յուրաքանչյուր ակնթարթի հետ մեզ ավելի է մոտենում: Միաժամանակ այն ամենամեծ վախն է. վախ, որ կհաղթահարվի միայն մահանալուց հետո: Մահը նաև ցավոտ պարտություն է թվում, երբ հասկանում ես, որ այս կյանքում այլևս պայքարել չես կարող, ու զրկված ես նորից պայքարի մեջ մտնելու հնարավորությունից:
Կողքիս կռվող ռուս զինվորը` Վանյան, զոհվեց իմ վիրավորվելուց մեկ օր առաջ: Ականջիս մեջ էին նրա արտասանած վերջին խոսքերը, որ ստիպում էին մարմնովս դող զգալ: Որքան էլ փորձում էի համոզել, որ չխոսի, միևնույն է, ինձ չէր հաջողվում:
-Ես հասկացա, - գրեթե գոռում էր Վանյան հնարավորինս մոտենալով, որ կարողանամ լսել պայթող ականների ու կրակոցների ձայների մեջ, - ես հասկացա… այս սատանայական պատերազմի, կյանքի ու մահվան խաղը: Մարդիկ հենց այնպես չեն մեռնում, ամեն մեկն իր ստեղծած աշխարհն ունի: Ես մեռնում եմ քո ստեղծած աշխարհում, իսկ դու էլ գուցե վաղը զոհվես իմ աշխարհում…
Մի պահ նրա ձայնը խլացավ պայթող ականի ձայնից:
- Ցանկացած հապաղում բերում է պարտության, միայն խիզախությունն ունի հաղթանակ տանելու ավելի մեծ հնարավորություն…
Նրա դեմքին խաղաց հեգնական ժպիտը: Վանյան հանգավ իմ ձեռքերում, իսկ արտասանած վերջին բառերը մնացին իմ ականջներում:
Հաջորդ օրը թշնամու ռումբը պայթեց ինձնից ամենաշատը հինգ-վեց մետր հեռավորությամբ:  Զգացի վառված ու ծխահարված հողի հոտը, որ ամբողջությամբ ծածկեց ինձ: Գիտակցությունս հրաժարվում էր ընդունել իրականությունը: Իրականությունն այն է, երբ անգամ դադարում ես հավատալ նրան, բայց նա շարունակում է գոյություն ունենալ: Հողի հաստ շերտը գրեթե ամբողջությամբ ծածկել էր ինձ, միայն գլուխս էր դուրս մնացել: Աչքերս ոչինչ չէին տեսնում, ու այն, ինչ կարող էի անել, միայն գոռալն էր: Ես գոռում էի ամբողջ ուժով` զգալով` ինչպես եմ ամեն րոպեի ընթացքում կորցնում ուժերս: Չէի զգում ոտքերս, ձեռքերս էլ շարժել չէի կարողանում: Ես գոռում էի ոչինչ չլսելով, և հույս էլ չունենալով, որ կլսեն: Սակայն շարունակում էի գոռալ: Հանկարծ զգացի՝ ինչպես են հողը մի կողմ տանում: Այդ պահին կատարվեց հրաշք: Ես հասկացա` հրաշքներ լինում են այն պահին միայն, երբ արդեն պայքարի ուժ չի մնացել, սակայն շարունակում ես պայքարել` չհանձնվելով մինչև վերջ ու այդ պահին ցանկացած քայլ, որ քեզ փրկության դուռ է ցույց տալիս, դառնում է հրաշք...  
 Արթնացա բունկերում և առաջինը տեսա նրան: Աչքերիս հավատալ չէի կարողանում: Ամբողջությամբ ճերմակի մեջ փաթաթված մի հրեշտակային դեմք էր երևում: Վերջ, դրախտում եմ, բացականչեցի ես ու ակամա ժպտացի, ստանալով պատասխան ժպիտ, բայց հանկարծ սուր ցավը ստիպեց գոռալ: Դրախտն իսկույն վերածվեց դժոխքի»:
Լիլիթի ձեռքից նոթատետրը վար սահեց: Աչքերը փակվեցին ու զգաց, որ ծանրացած կոպերն անկարող է բացել: Րոպեներ անց օրվա ու Մարի տատի ողջ պատմությունը հիմա պատկերվում էր արդեն նրա երազում:

***
Լիլիթն արթնացավ տարօրինակ աղմուկից, որ գալիս էր հյուրասենյակից: Ականջում դեռ երազում հնչած արտահայտությունն էր` արթանցրու, երբ բացվի լույսը: Մարի տատի պատմությունն այսօր մի ողջ սերիալի սյուժե էր դարձել իր երազում: Ասես ինքը հենց երիտասարդ Մարիան լիներ, որ վազում էր ծխի ամպերի միջով ու հեռվից լսում ինչ-որ մեկի ձայնը, որ խնդրում էր արթնացնել իրեն, երբ նորից բացվի լույսը:
Երազների աշխարհից իրականություն վերադառնալու համար մի քանի վայրկյան պահանջվեց: Ննջասենյակը լուսավորված էր հյուրասենյակից թափանցող լույսով, ինչպես նաև պատուհանից ներս ընկնող կարմիր և կապույտ լույսերի փնջով, որ առաստաղին տարօրինակ պատկերներ էր կերտում: «Տնեցիները դեռ չե՞ն պառկել քնելու»,- զարմացավ Լիլիթն ու հայացք ձգեց պատուհանի ուղղությամբ: Սովորաբար արթնանալիս նայում էր պատուհանին ու փորձում գուշակել ժամը, բայց դեռ մութ էր, այսինքն գիշեր է: Բջջայինի էկրանին էլ ժամացույցը ցույց էր տալիս գիշերվա չորսն անց երեսունմեկ րոպեն: Արագ վառեց գիշերային լամպն ու միայն այդ պահին հիշեց, որ քնելուց առաջ կարդում էր նոթատետրը, իսկ հիմա այն հայտնվել էր հատակին: Լավ քնի համար հաճախ խորհուրդ են տալիս քնելուց առաջ գիրք կարդալ, սակայն իր դեպքում նման մեթոդը հակառակ ազդեցությունն է ունենում, ու ամբողջ գիշեր վառ և գունեղ երազները ստիպում են արթնանալ, ինչպես այսօր: Դեռ լուսաբացին բավական ժամանակ կա, համ էլ շաբաթ է, կարելի է մի փոքր ավելի երկար քնել: «Երևի հայրիկին էլի շտապ կանչել են հեթապահության»,- հանգստացրեց ինքն իրեն Լիլիթն ու անջատեց գիշերալամպը: Հազիվ էր փակել աչքերը, երբ հյուրասենյակից եկած ձայները ստիպեցին նորից սթափվել: Լիլիթը վեր կացավ անկողնուց: Ոչ, այստեղ հաստատ մի բան այն չէ:
Հենց ննջարանի մոտ կանգնած էր տիկին Ռուզանը:
Լիլիթի աչքերից չվրիպեց տիկին Ռուզանի` արտասուքից կարմրած աչքերը:
-Մա՞մ, ի՞նչ է պատահել, - շփոթվեց Լիլիթը:
Տիկին Ռուզանը լուռ գրկեց Լիլիթին:
-Մամ, ի՞նչ է եղել, - կրկնեց Լիլիթը` հասկանալով, որ կատարվել է անդառնալին, բայց ի՞նչ:
-Մարի տատը, - վերջապես խոսեց տիկին Ռուզանը, - Մարի տատն էլ չկա…


***
Օրն անձրևոտ էր, սակայն այդ չէր պատճառը, որ մարդկանց թիվը երկու տասնյակից չէր անցնում: Պարզապես Մարի տատը այդքան էլ շատ բարեկամ չուներ: Միայն հարևաններն էին ու թոռնուհին: Սարոն այդպես էլ չերևաց. գուցե ամաչում էր սեփական արածների համար:
Ամպոտ եղանակն ասես Լիլիթի հոգու տխրության արտացոլանքը լիներ: Մինչև հիմա չէր հավատում, որ Մարի տատը չկա, ու էլ երբեք չի տեսնի նրան: Հարազատ տատիկի պես էր Մարի տատը, ու Լիլիթի համար մեծ ցավ էր հատկապես ծեր կնոջ հանկարծակի մահը:
Իր հեռանալուց որոշ ժամանակ անց Մարի տատի ինքազգացողությունը կտրուկ վատացել էր: Ծեր կինն ինքն էր զանգահարել շտապ օգնություն, բայց երբ բուժաշխատողները տեղ էին հասել, կնոջը գտել էին անգիտակից վիճակում:
«Գուցե պետք էր մնալ, գուցե այդ դեպքում ամեն ինչ այլ լիներ», - շարունակ մտածում էր Լիլիթը, ու ամեն րոպե աչքերը լցվում էին արցունքով: Մտքից դուրս չէր գալիս Մարի տատի վերջին հանդիպումը: Գուցե ինչ-որ բան զգում էր, որ կյանքի վերջին ժամերը նվիրեց իր երկար կյանքի պատմությունը Լիլիթին հակիրճ ներկայացնելուն:  Հիմա ինքը միակն էր, ով գիտեր Մարի տատի կյանքի իրական պատմությունը: Անգամ կնոջ ազգակիցները հավանաբար չգիտեին իրականությունը, ինչ հիմա գիտեր Լիլիթը:

Մեկ շաբաթ էր անցել Մարի տատի մահվանից: Լիլիթն առաջին անգամ որոշեց դասի գնալ, բայց հենց դասից կեսից տիկին Ռուզանի արտասովոր զանգը ստիպեց կիսատ թողնել ու շտապել տուն: «Հնարավորինս շուտ տուն արի, հյուրեր կան ու քեզ են սպասում»,- ասել էր տիկին Ռուզանը, բայց ոչ թե խնդրելով, այլ պահանջելով, որ թույլտվություն վերցնի ու շտապի տուն:
Լիլիթի համար զարմանալի էր. ո՞վ պետք է լիներ, որ մայրիկն այդպես շտապեցներ իրեն:
Շնչակտուր ներս վազեց ու արագ մտավ հյուրասենյակ: Սենյակում երեքն էին` տիկին Ռուզանը, մոտ իր տարիքի սևահեր և բարձրահասակ օրիորդ ու ամբողջովին դասական հագուկապի մեջ մոտ երեսուն տարեկան մի շիկահեր երիտասարդ: Հյուրերը ոտքի կանգնեցին, երբ Լիլիթը ներխուժեց հյուրասենյակ:
Լիլիթի կիսազարմացական ու կիսահարցական դեմքի արտահայտությամբ հայացքը  հյուրերից տեղափոխվեց դեպի տիկին Ռուզանը` հասկանալու համար, թե ովքեր են այս անծանոթները:
-Լիլիթն է, - արագ խոսեց տիկին Ռուզանը:
Անծանոթուհին ինչ-որ բան ասաց երիտասարդի ականջին:
-Բարև ձեզ, - խոսեց Լիլիթը, սպասելով, որ վերջապես իրեն բացատրեն, թե ինչ է կատարվում:
Երիտասարդ տղամարդը ինչ-որ բառ ասաց, իսկ անծանոթուհին նախ բարևեց, ապա շրջվելով դեպի երիտասարդը, Լիլիթին անհասկանալի լեզվով ավելի կամաց ինչ-որ բան ասաց: Միայն այդ պահին Լիլիթը գլխի ընկավ, որ անծանոթ տղամարդը հայերեն չի հասկանում, իսկ երիտասարդ աղջիկը թարգմանչի դեր է տանում:
Երիտասարդը հայացքն ուղղեց դեպի Լիլիթն ու մի քանի բառ արտասանեց, ապա նշեց անունը`Ժոզեֆ Վիգման:
«Գերմաներեն է, հաստատ»: Հազիվ էր Լիլիթն ավարտել մտքինը, երբ թարգմանչուհին վրա բերեց`
-Շնորհակալ եմ հյուրընկալելու համար: Հասկանում եմ Ձեր շփոթմունքը: Նախ ներկայանանք: Արփինեն, իմ օգնականը, և ես Ժոզեֆ Վիգմանն եմ:
«Հետո՞», - զարմացական հայացքով նորից տիկին Ռուզանին նայելով` ինքն իրեն հարցրեց Լիլիթը:
Տղամարդը Լիլիթին մեկնեց սպիտակ ծրարով մի նամակ:
-Այս նամակը ես ստացա այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ էր, - թարգմանեց Արփինեն: Լիլիթի ձեռքը դողաց: Առանց շրջելու էլ նա գլխի ընկավ՝ նամակը Մարի տատի գրածն էր, որ ինքն էլ իր ձեռքով ուղարկեց Գերմանիա, ԳյորլիցՑիտաուերշտրաս 128:
Տիրեց քար լռություն: Լիլիթը չգիտեր՝ ինչ ասել: Ահա թե ում էր ուղղված նամակը, հասցեատերն իր դիմաց նստած էր: Վերջապես շրջեց նամակը: Չէր սխալվում: Ծրարի վրա երևաց Մարի տատի անչափ գեղեցիկ ձեռագիրը:
Անհարմար լռությունն էլ ավելի էր սաստկանում, ու հիմա Լիլիթին տանջում էր այն հարցը, թե ո՞վ է այս հյուրը, իսկ տիկին Ռուզանը լրիվ խճճվեց սեփական եզրակացությունների մեջ:
-Դուք ճանաչո՞ւմ էիք Մարի տատիկին, ավելի ճիշտ կլինի ասել տիկին Ադելինդային:
Երբ Արփինեն բավական ցածրաձայն թարգմանեց Լիլիթի հարցը, երիտասարդի դեմքին խաղաց ոչ այն է ուրախ, ոչ այն է տխուր ժպիտ:
 Ժոզեֆի խրոխտ գերմաներից ոչինչ չհասկանալով` Լիլիթը օգնություն հայցող հայացք ձգեց Արփինեի ուղղությամբ:
-Քանի որ ես այս ողջ պատմությանը ծանոթ եմ, Ժոզեֆը խնդրում է, որ ներկայացնեմ: Տիկին Ադելինդայի այս նամակը առաջինը չէ: Նամակագրական կապը սկսվել է մի քանի ամիս առաջ: Պատահականորեն Ժոզեֆի հանգուցյալ պապի անունով նամակ է եկել: Նամակից պարզվել է, որ Ժոզեֆի հորական պապի քույրը` Ադելինդան, ողջ է, և ապրում է Երևանում: Երկար տարիներ ծեր կինը գաղտնի է պահել իր ով լինելը, իսկ արդեն  անկախությունից հետո փորձել է գտնել իր հարազատներին: Ժոզեֆը այստեղ է եկել` հանդիպելու իր տատիկի հետ: Ցավոք իմացանք, որ կինը մահացել է օրեր առաջ: Նամակներից պարզ է դարձել, որ դեռ պատերազմի ժամանակ տիկին Ադելինդան կորցնում է
-Այդ մասին ես գիտեմ, խնդրում եմ ասեք` ի՛նչ է գրված այս նամակում և ես ինչով կարող եմ օգնել,- ընդհատեց Լիլիթը:
Ժոզեֆը միայն գլխի շարժումով կարծես համաձայնություն տվեց, երբ Արփինեն թարգմանեց Լիլիթի ասածը:
-Նախքան այդ, պետք է ասեմ, որ տիկին Ադելինդան ոչ միայն նամակագրական կապ էր պահում իր ազգակցի հետ, այլև հասցրել էր ուղարկել մի քանի հուշագրություններ նոթատետրերի տեսքով:
Լիլիթի հայացքը կրկին կանգ առավ Ժոզեֆի վրա:
«Մի օր դրա հետևից գուցե գան,- ասես կրկին լսեց Մարի տատի իրեն ուղղված վերջին բառերը: -Ահա թե ինչ էր գրում Մարի տատը: Հուշագրություններ: Այդ պատճառով նրա սեղանից միշտ անպակաս էին գրիչներն ու նոթատետրերը: Իսկ այն արկղումԻնչպե՜ս կարող էի գլխի չընկնել: Թեպետ Մարի տատը խոստացավ պատմել, թե ինչ է արկղի մեջ, բայց չհասցրեց: Այնտեղ նրա ձեռագրերն են»:
-Ժոզեֆին հայտնի է, որ կինը Մարիա անունով է գրանցվել այստեղ, այդ իսկ պատճառով էլ չի ցանկացել փոխել անունը և ուղարկված երկու հուշատետրերն  ուղարկել  է խմբագրման, ապա տպագրման հենց Մարիա կեղծանվամբ:
-Տպագրմա՞ն, - զարմացավ Լիլիթը, բայց տիկին Ռուզանի զարմանքն ավելի մեծ էր ու այլևս չկարողացավ լուռ մնալ:
-Կներեք, բայց ես ոչինչ չեմ հասկանում: Մարի տատը պարզվում է Մարի տատը չէ՞: Լիլիթ ջան, դու գիտեի՞ր այդ մասին:
Լիլիթը չհասցրեց խոսել, երբ Ժոզեֆը սկսեց մանրամասն պատմել այն ամենը, ինչ Լիլիթը լսել էր օրեր առաջ: Արփինեն ջանք ու եռանդ չէր խնայում առավել գունեղ ու հնարավորինս գեղեցիկ թարգմանել Ժոզեֆի ասած ամեն նախադասությունը:
Պարզվում է` Մարի տատը մի փոքր համեստություն էր արել: Լեհական գյուղի բնակիչներին անմիջական օգնություն ցույց տալուց բացի, Մարի տատը հազարավոր զինվորների, բնակիչների ու երեխաների կյանք է փրկել` գրեթե չորս տարի ռազմաճակատում ապրելով: Նրա սխրագործությունների մասին լեգենդներ են պտտվում: Մարի տատը արժանացել էր ամենաբարձր շքանշանների, սակայն միշտ դրա մասին լռել է: Ճակատագրական օրից հետո, երբ Ադելինդան լքել է հայրենի տունը, նրան երկար փնտրել են, սակայն ապարդյուն, ոչ ոք չի տեսել թե լեհական գյուղի գրավումից հետո ուր է գնացել օրիորդ Ադելինդան: Երկար փնտրտուքից հետո նրան մահացած են համարել: Ո՜վ կմտածեր, որ Ադելինդան Մարիա անվան տակ անցել է սահմանն ու իր հայրենի երկրի դեմ է կանգնել: Ինչպես նամակում գրել է Մարի տատը, ինքը երկար տարիներ հնարավոր բոլոր հասցեներով նամակներ է ուղարկել, բայց միայն մի քանի ամիս առաջ է ստացել պատասխան նամակ:
Լիլիթը մի պահ պատկերացրեց, թե որքան մեծ է եղել Մարի տատի երջանկությունը, երբ հարյուրավոր անպատասխան նամակներից մեկին վերջապես պատասխան է եկել:
Տիկին Ռուզանը չկարողացավ զսպել արցունքներն, ու ներողություն խնդրելով, դուրս եկավ:
­Կնոջ մեմուարները հսկայական տեղեկություն են տալիս նախապատերազմյան շրջանի, ինչպես նաև պատերազմական շրջանի մասին: Գերմանիայի ֆաշիստական կառավարության մարդկության հանդեպ գործած հանցանքների նկարագրությունները, Մարի տատի հենց ռազմաճակատում մասնակից լինելը, հնարավորություն է տվել երկկողմանի կարծիքների համադրություն կազմել, բազմաթիվ փաստեր նշել և այլն: Դրանք խորը և բազմակողմանի ուսումնասիրության են արժանի, և արդեն իսկ որոշ մասնագետներ մեծ գումարներ են պատրաստ վճարել, միայն թե կարողանան ուսումնասիրել, էլ չասած՝ հրապարակման համար: Ժոզեֆի պապի հայրը գերմանական բանակի բարձրաստիճան սպա է եղել, բայց ինքը ևս դատապարտում է պատերազմը և նացիզմը, - վերջում Ժոզեֆի միտքը ներկայացրեց Արփինեն:
Հերթական անակնկալը զրկել էր Լիլիթին խոսելու կարողությունից: Ո՜վ կպատկերացներ, այ քեզ մեծ պատմություն: Այս ամենի մասին ինքը մի հսկա վեպ կգրի:
Ժոզեֆը հետ ընկավ աթոռին ու շարունակեց:
-Սակայն այս ամենը դեռ վերջը չէ, - թարգմանեց Արփինեն, - տիկին Ադելինդան վերջին նամակում իր ողջ հիշողութունների նոթատետրերը հանձնել է, ավելի շուտ կտակել է Ձեզ:
Լիլիթին թվաց, թե Արփինեն սխալ թարգմանեց Ժոզեֆի ասածը:
-Այո, այո, ես կարծում եմ՝ պետք է վերադարձնել դրանք: Դրանք ինձ մոտ են:
-Լիլիթ, մեկ րոպե, վերադարձնելու խնդիր չկա: Ժոզեֆն ասում է, որ հիմա դրանք անձամբ Ձերն են: Այս նամակում, - Արփինեն ցույց տվեց գրասեղանին` Լիլիթի առջև դրված նամակը,- տիկին Ադելինդան ամենը քեզ է կտակել: Հիմա դրանք բոլորն էլ քոնն են և միայն դու կարող ես տնօրինել դրանք: Տիկին Ադելինդան այդ կերպ իր երախտագիտությունն է հայտնում քեզ
Լիլիթն անկարող էր լսել շարունակությունը, նա պարզապես ի վիճակի չէր:


***
Կյանքում ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում: Մարի տատը Լիլթին կտակելով  թողած հսկայական գրականությունը, իր շնորհակալությունն էր հայտնել այն ամենի համար, ինչ Լիլիթն արել էր:
Մեկ ամիս էր անցել անծանոթ հյուրերի այցից, բայց արդեն տպագրվել էր Մարի տատի հուշագրություններից առաջին գիրքը: Ժոզեֆը չէր զլացել և անգամ ռուսերեն թարգմանությամբ էր հրատարակել, ապա մի քանի տասնյակ օրինակ ուղարկել Լիլիթին: Թեպետ գրքի վրա գրված էր Մարի տատի իսկական անունը` Ադելինդա Վիգման, այնուամենայնիվ տիկին Ադելինդան միշտ էլ կմնա Լիլիթի հիշողության մեջ որպես Մարի տատ:
Լիլիթը բացեց նոր գրքի առաջին էջը: Այս անգամ կկարդա սկզբից, թեպետ արդեն մի քանի անգամ կարդացել էր թարգմանությունը, նաև անձամբ մասնակցել ռուսերեն թարգմանման և խմբագրման աշխատանքներին, բայց հիմա կկարդա նորից

«Արևի շողերն արտում տարածվել էին մինչև հորիզոնից այն կողմ: Չգիտեմ այս անգամ ով արթնացրեց ինձ երբ բացվեց լույսը, բայց հիմա կարևոր չէ: Ես քայլում եմ ոսկի արտերի անծայր ծովում ու շուրջս միայն արտի ոսկին է ու կապույտ երկինքը: Ես ոչ թե քայլում եմ, այլ լողում ոսկեհասկ արտի միջով, լողում դեպի նա, ով հեռվից նայում է ինձ: Հիմա ես իսկապես դրախտում եմ` իմ ու նրա երազների դրախտում: Աշխարհը և կյանքը խաբկանք է միայն: Մեզ ստիպում են տեսնել այն, ինչ ուրիշներն են ստեղծում, բայց մենք կարող ենք ստեղծել մերը, ստեղծել մեր երազների աշխարհը, որը միայն մերն  է ու նաև նրանցը, ովքեր կարողացել են դառնալ այդ երազների մի մասնիկըԻմ կերտած աշխարհում չկա կեղծիք, ցավ ու դաժանություն: Այնտեղ չկա մահ
Ես հասա նրան ու ձեռքս պարզեցի՝ նրա ձեռքը բռնելու համար:
-Մենք դրախտո՞ւմ ենք:
Նրա չքնաղ դեմքին փայլում է ժպիտը:
-Այո՜: Իմ ու քո կերտած դրախտում…»:

«Մարի տատը հիմա իր պատկերացրած դրախտում է, - մտածեց Լիլիթն ու շրջեց էջը: Ստեղծագործությունից առաջ գրված ասույթը խորհելու տեղիք էր տալիս, ու իր համար դժվար էր միանգամից ընկալել Մարի տատի գրած խոսքերի իմաստը.
 «Կյանքը ժամանակն է, իսկ ժամանակը հենց մի մեծ պատրանք: Կյանքը մի պատրանք է, որ ստեղծում ենք յուրաքանչյուրս մեզ տրված ժամանակի ընթացքում, իսկ եթե կյանքը պատրանք է ու չկա ժամանակ, ապա պատրանք է նաև ավարտը դրա…»:

Վերջ


ԱՐԹՆԱՑՐՈՒ, ԵՐԲ ԲԱՑՎԻ ԼՈՒՅՍԸ
Պատմվածք

Արմեն Մխեյան



Շնորհակալությունս եմ հայտնում իմ լավ ընկերոջն ու բարեկամ Լիլիթ Սուսանյանին, ստեղծագործության գլխավոր հերոսուհու կերպարում իր թույլտվությամբ և համաձայնությամբ իրեն մարմնավորելու համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր վստահություն և ուժ են տվել այս պատմվածքն ավարտելու համար: Ինչպես նաև շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհամբերությամբ սպասում էին այս ստեղծագործության հրապարակվելուն: Շնորհակալ եմ, որ կաք…

Հարգանքով` Արմեն Մխեյան