Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-05-22

Հանդուրժողականության սահմանագծին

Բարոյականության ու ազգային արժեքների մասին վերջերս հաճախ եմ կարդում ու լսում, հատկապես այն մարդիկ են սկսում խոսել, քարոզել ու տարածել, որ մի պահ լուրջ զարմանք եմ ապրում: Հայ հասարակության մի ստվար մաս իրեն ազգայնական է համարում, անգամ ազգայինը չիմանալով կամ մի մասն էլ պայքարում են հոմոֆոբների դեմ... Հարգելիներս, պայքար տանում եմ երևույթի դեմ, այդ երևույթը փոխելու համար, այլ ոչ թե անզոր պայքար մղում դրա վերացման համար: Պայքարո՞ւմ ենք միասեռականների դեմ, թե միասեռականությա՞ն: Առաջինը անհատներ են, իսկ երկրորդը երևույթ: Միանգամից նշեմ. առաջին տարբերակն ուղղակի զավեշտալի է, հատկապես անհանդուրժողականությամբ ու ոչնչացման կոչերով չեք փոխի այդ մարդկանց: Ավելին, նրանց ավելի մեծ ներուժ կտաք, այն էլ եվրոպական արժեքների տարածման քողի ներքո, միայն կտուժեն նրանք, ովքեր փորձ են անելու «ոչնչացնել» :
Այլ խնդիր է պայքարել ընդհանուր երևույթի դեմ, բայց այդ պայքարն էլ անհանդուրժողականությամբ չեք լուծի: Նախևառաջ անհրաժեշտ է նպատակը հստակեցնել ու նոր միայն սկսել պայքարը: Ազգայնական գաղափարները առաջնային են միայն ազգային արժեքների պահպանման ու նոր սերնդին փոխանցելու, ճիշտ դաստիարակելու, ազգային ոգին բարձր պահելու համար, այլ ոչ թե հավերժության նշանը տեղի անտեղի նկարելը ու համարել, որ խնդիրը կարելի է լուծել միայն նման անհանդուրժող կեցվածքով: Ազգայինը նախևառաջ միասնականության գաղափարն է:
Մեկը կասի հոմոֆոբ ես, մյուսն էլ միասեռական, հետո կասի ֆաշիստ ու էդպես… Է հետո՞, այդպես պետք է ազգայինը պահե՞նք: Դե եկեք դանակները վերցնենք ու մեկս մյուսին սպանելով գնանք, ամեն երկրոդը հոմոֆոբ կլինի, ամեն երրորդը ֆաշիստ, ամեն տասներորդը միասեռական ու խնդիրը կլուծենք:
Պայքարը միայն ոչնչացում չի ենթադրում: Հատկապես ազգայնական համարող երիտասարդների անհանդուրժող պահվածքը մյուս կողմի ներկայացուցիչներին ստիպում է գերագնահատված զգալ իրենց, առանձնահատուկ ու ավելի զգացված լինել, որ իրենց այդքան ուշադրություն են դարձնում: Նրանք ևս հանրության մի մասն են հետևաբար, գուցե թաքցված, բայց արժեքների կրողը: Պայքարը պետք է արվի հենց այս հատվածում: Զարգացնել հենց այդ  արժեքները նրանց մոտ, որոնք իսկապես ազգային են, իսկ նման բացասական վերաբերմունքով, այդ արժեքներն էլ անհետ կորսվում են: Յուրաքանչյուրն ունի արտահայտելու իրավունք, սակայն ոչ բնռությամբ ու ատելությամբ:
Գլոբալացման այս դարաշրջանում, երբ վերանում են ազգերն ու իրենց մշակույթը, առաջնային է դառնում պայքարի նոր ձև գտնելը, ինչը միայն կարելի է հանդուրժողականությամբ: Մարդիկ հաճախ սխալ են ընդունում հանդուրժողականություն ասվածը: Այն ոչ թե անտեսումն է տվյալ խնդրի, այլ այդ խնդրի լուծմանը այլ կերպ մոտենալը, այլի ընդունումը, բայց միևնույն ժամանակ ներդաշնակության պահպանումը: Անհանդուրժողական պահվածքով և ներքին խնդիրներով պայքարել արտաքինից եկող մարտահրավերներին անհնարին է: Ստացվում է մեր ուժը մենք վատնում ենք միայն ներքին խնդիրների վրա, որը կարող ենք միահամուռ կերպով ուղղել արտաքին խնդիրների լուծմանը:
 Անդրադառնամ օրեր շարունակ սոցկայքերի բուռն քննարկմանն արժանացած ծեծկռտուքի տեսանյութին, որտեղ դպրոցական երեխաները դրսևորվում են ամենայլանդակ պահվածքով: Բարոյականության ու ազգային արժեքների կրողը, ազգայնականն ու ազգայինը պահպանողը պետք է գիտակցի, որ մեր հասարակության, նոր սերնդի դաստիարակման հարցը այսօր ամենաառաջնայինն է: Համացանցը ցնցած հայ աղջիկների անբարո պահվածքի ու ծեծկռտուքի տեսանյութը, կոչ  պետք է դառնա բոլորիս: Որտեղի՞ց նրանց նման ագրեսիա՝ համեմված ամենավերջին հայոյանքերով: Նրա՞նք են մեր ազգային ոգու կրողները: Իհարկե հիմա ոչ, բայց չէ որ նրանք ևս հայ են, ծնվել են հայ ընտանիքում, սովորել հայկական դպրոցում (երկրորդ ընտանիք), բայց ինչո՞ւ են դարձել այն, ինչի ականատեսն ենք մենք: Միայն շնորհիվ նրա, որ յուրացրել են միայն վատը, այն վատը, որ կա մեր հասարակությունում: Եկեք պայքարենք այդ վատի դեմ, ճիշտ դաստիարակենք, մեր երեխաներին, չտարածենք վատը, ի ցույց չդնենք: Ամեն ինչ գալիս է հենց այստեղից, հասարակության բջիջը հանդիսացող ընտանիքից, որտեղ մեծանում է երեխան: Ամուր դնենք այն, գիտակցենք ազգային արժեքն ու բարոյականի սահմանագիծը: Ես ինքս ինձ որոշ չափով ազգայնական եմ համարում (ազգայնական այնքան, որքան կարող եմ պահպանել ազգայինն ու զարգացնել, հանուն հայ ազգի հավերժ գոյության), բայց  փորձում եմ վատ չարտահայտվել «այլախոհների» հանդեպ: Չէ որ վատ արարքը արդեն իսկ վատ, եթե անգամ հանուն բարու է արվում... 

Комментариев нет:

Отправить комментарий