Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-09-18

Ամպերի միջով

Լուսանկարի հեղինակ՝ Արմեն Մխեյան


  Երբեք չէր եղել, որ այդքան շուտ ճանապարհ ընկնեի: Արթնացա առավոտյան 03: 00-ին, թեպետ ընդամենը երկու ժամ առաջ էի պառկել: Մեքենան պետք է մոտենար 04:15-ին: Բավական ժամանակ կար ճամպրուկը դասավորելու համար, չնայած գիտեի, վերջին պահին միշտ էլ մի բան մոռանալու եմ: Ճանապարհը երկար ու դժվար էր լինելու: Մեկնում էինք Հայաստանի ամենհարավային բնակավայրեր՝ Մեղրի ու Կապան: Փոքր ժամանակ էի եղել այնտեղ ու գրեթե ոչինիչ չէի հիշում, բայց հաճախ էի լսել ոլորուն ճանապարհների ու հատկապես Մեղրի քաղաքի բարիքների մասին: Հավատացած էի, որ հիանալի ուղևորություն էր սպասվում, բայց որ այդքան անականկալներով ու էքստրիմ պահերով հարուստ, չէի պատկերացնում: 
  Առավոտյան հինգն էլ չկար Երևանից դուրս էինք եկել: Կատակում էինք, զվարճանում, երաժշտություն լսում մեկ մեկ երգում, բայց հենց ես էի երգում գործընկերուհիներիցս մեն անընդհատ ասում էր՝ «սխալ նոտայով մի երգի», ես էլ առանց նեղանալու ավելացնում էի՝«Դու մի լսի» ու առիթը բաց չէի թողնում երգելու համար: Առաջին երկու ժամը այդքան էլ հետաքրիր չէր: Չորս կողմը խավար էր, սակայն արևածագից հետո ամեն ինչ փոխվեց: Ես ավելի շատ լուռ էի մնում, քան սովորաբար, միայն ֆոտոխցիկն էր ձեռքումս ժամանակն առ ժամանակ միանում ու անջատվում: Լուսանկարում էի հենց մեքենայի ընթացքից: Սկսվեց վերելքը: Եղանակն անմիջապես փոխվեց: Արևի շողերը կորան, երկինքը պատվեց սև ամպերով, իսկ մեքենան մեկ հայտնվում էր ամպի մեջ ու մեկ էլ դուրս գալիս: 
  Մառախուղը հաճախ այնքան թանձր էր լինում, որ ոչինչ չէր երևում, բայց երբ մեքենան դուրս էր գալիս ամպի միջից, մի աննկարագրելի տեսարան էր բացվում մեր առջև: Երևում էր ձորը՝ պարուրված սպիտակ ամպերով, որ քիչ առաջ մեզ մառախուղ էր թվում: Այնպիսի զգացողություն էր, ասես մեկ մետր այն կողմ փափուկ ու ճերմակ բամբակ էր փռված ու ձեռքդ մեկնելով կարող էիր բռնել այն, բայց դա միայն խաբկանք էր, առավել ևս երբ ձյունաճերմակ բամբակի միջից դուրս էին թռչում թռչունները: Իսկ մենք շարունակում էինք վերելքը՝ նոր ամպերի մեջ մխրճվելով, որոնք հեռվից ամպ էին, իսկ ներսից՝ մառախուղ: Երբ ամպից ազատվում էինք ու մեր առջև բացվում էր լեռնային ճանապարհն ու ամպերով պատված ձորը, զարմացական բացականչությունները չէինք կարողանում զսպել: Առավել ևս երբ Արևի շողերն ասես ներս էին սողոսկում, մեզ լուսավորում, բայց ոչ այնքան հեռու գտնվող ամպից ներս չէին թափանցում: Հենց դուրս էին գալիս ամպի միջից, խիտ անտառներն այնքան պարզ էին երևում, որ նշմարվում էր ամպի սահմանը` սպիտակ եզրագծով գծած, որ ասես մեղմ փաթաթվել ու իր գրկի մեջ էր առել լեռան լանջն ու գագաթը: 
  Մի պահ փակեցի աչքերս: Մառախուղն անմիջապես ցրվեց ու դիմացս բացվեց անծայր հորիզոնը: Ոչինչ չկար սահմանափակող: Կորան մեքենան, ճանապարհը, կողքիս նստած ընկերներս: Միայն բնությունն էր ու ես: Արագ բացեցի աչքերս: Սա ընդամենը տեսիլք էր, գուցե երազ, բայց ես չի քնել: Հստակ լսում էի մեքենայի շարժիչի ձայնն ու առավել ևս մեկ վայրկյան առաջ ես արթուն էի…
  Մառախուղը վերածվեց անձրևի: Օդում կախված ջրային գոլորշիներն ավելի թանձրանալով ոչ թե վար էին թափվում, այլ պարզապես կպչում էին ապակուն ու հոսում ներքև: «Իսկապես մի փոքր կարելի է քնել», — մտածեցի ես ու ճամպրուկը բարձի փոխարեն գլխիս տակ առնելով, փակեցի աչքերս: Որոշ ժամանակ դեռ լսում էի մեքենայի ձայնն ու զգում վերելքը: Հանկարծ լռություն տիրեց: Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ: Զգացի ինչպես է լսողություննս ավելի սրվում՝ գեթ մեկ աղմուկի աղբյուր որսալու համար, բայց ապարդյուն: Ոչինչ: Գործի դրեցի մյուս կարևոր զգայարանը՝ բացեցի աչքերս ու տեսա այն, ինչ հավանաբար երբեք չեմ տեսնի այլևս: Իմ առջև նորից անսահամանությունն էր, ես լեռան կատարին էի, որի չորս կողմն անդունդ էր, իսկ դիմացն՝ ավելի ցածր լեռներ էին՝ պատված անտառներով: Ես զգում էի ամենը՝ բնությունը, քամին, հովը: Միայն հիմա լսողությունս սկսեց ընկալել քամու ու տերևների շփունից ծնված սոսափը: Ձեռքս առաջ պարզեցի, բայց չտեսա այն: Նայեցի ներքև ու մարմինս չկար, ես անտեսանելի էի, անմարմին, ասես հոգիս ազատվել էր մարմնիցս, բայց փորձում էր դեռ կառավարել այն: Անգամ չէի կարողանում մտածել: Ուղեղս շարունակում էր ընկալել շրջապատը, ոչ միայն տեսողական, լսողական, այլ նոր ու ինձ համար անծանոթ զգայարաններով: Ես տեսնում էի հեռուն, Արևն ու իր շողերը, զգում ինչպես են ֆոտոններն էներգիան հասցնում երկիր, ինչպես են ամպի գոլորշու հատիկներն ավելի մեծանում և քամուց այս ու այն կողմ շպրտվում: Զգում էի ինչպես է քամին յուրաքանչյուր ծառի սաղարթով անցնում, տարուբերում ճյուղերն ու տերևները, ինչպես են ծառերի արմատները կենարար հեղուկն իրենց միջով հասցնում տերևներին, սնում դրանց: «Սա անհավանական է, երազ», — վերջապես կարողացա միտքս կտրել ողջ բնությանն ընկալելու բարդ զգացողությունից: Նորից փորձեցի առաջ մեկնվել, այս անգամ ամբողջ մարմնով ու թվաց հիմա կընկնեմ անդունդը, բայց չընկա, այլ սլացա առաջ, դեպի դիմացի անտառապատ լեռան լանջը: Մի ակնթարթ ու հիմա էլ կանգնած էի ծառերի կատարներին: Նորից սկսվեց բնության ընկալումը: Ականջներս որսում էին ամենաթույլ ձայնն անգամ, մեղվի թևիկերի շարժումից մինչև մանկան լացը: Ոչ մի ձայն չէր միախառնվում, յուրաքանչյուրը հստակ ու պարզ լսվում էր ականջիս: Ասես ես ունեի միլիարդավոր ականջներ որպեսզի ոչ մի ձայն, ոչ մի բացականչություն, լաց, ծիծաղ բաց չթողնեի: Յուրաքանչյուր ձայն առանձնահատուկ էր ու յուրօրինակ: Մի պահ ձայները կորան, նորից տիրեց լռություն:
  Անսահման թեթևություն զգացի: Ասես ճախրեի երկնքում՝ անմարմին ու անսահման ազատ: Զգում էի օդի ամեն մասնիկի շարժումը, տարածումը: Հետո զգացի ջերմություն ու լույս, որ մեծ արագությամբ սլանում էր հեռու ու ես հենց այդ լույսի մեջ էի, ես լույսն էի: Այն կանգ չէր առնում, ինձ հետ գալիս էր անսկիզբ հեռուներից ու սլանում անծայր հեռուներ: Ոչ մի արգելք չկար, ամեն ինչ հաղթահարվում էր, բայց հանկարծ երևաց կապույտ մի կետ, մեկ ակնթարթ հետո ես բախվեցի այդ կապույտին: Աստիճանաբար տեսարանը փոխվեց ու ես դարձա ալիք, մի հսկայական ջրային հոսանք, որ անկառավարելի էր ու մղվում էր առաջ: Այնպիսի զգացողություն էր, ասես, ես մի կաթիլ էի, որ ձուլվել ու դարձել հսկա ալիքի մի մասնիկը, բայց զգում էի այդ ալիքի ամեն մի շարժումն, ուժն ու զորությունը: Մեկ ակնթարթ հետո, նորից լեռնային տեսարան բացվեց իմ առջև: Ես դարձա ավելի ամուր ու կայուն, ուժեղ ու աներեր: Ավազի մեկ հատիկի պես միացա անհաշիվ հատիկներին: Ես ձուլվեցի՝ դառնալով ընդհանուրի մի մասը: Այս զգացողությունն ավելի երկար տևեց: Ես Երկիրն էի, ողջ հողագունդը, զգում էի ամեն հատվածի ջերմությունն ու զովությունը, ամեն քարի ու ավազահատիկի տեղաշարժը: Իմ մարմինը խորունկ ձորերն ու վեհ լեռնագագաթներն էին: Զգում էի մարմինս կնճռոտած գետերի ու օվկիանների փրփրուն ալիքների շարժը, անտառներն ու տափաստանները, անապատներն ու մարգագետինները: Երկվայրկյան հետո ես նորից բարձունքում էի: Նորից սկսվեց աղմուկը, բայց ամենահստակը իմ ներքին ձայնն էր՝ «Էությունդ Բնությունն է, Բնությունը՝ հավերժությունը: Էությունն հավերժ է…»:
  Զգացի քամու բախվելը մարմնիս, թեպետ չէի տեսնում ինձ, բայց զգացի ինչպես քամին հարվածեց դեմքիս ու ես մի քանի քայլ ետ գնացի: Այն չէր դադարում: Իբրև թե փակեցի աչքերս: Ձայներն անհետացան: Ականջիս շարժիչի ու քամուց թրթռացող շորերի ձայն սկսեց հասնել: Բացեցի աչքերս: Գիրկս ճամպրուկն էր, իսկ դիմացս նստած գործընկերուրիհիս ամբողջությամբ իջեցրել էր ապակին, ու լեռնային թարմ օդը ագահորեն ներս էր խուժում: Ամպից ազատվել էինք, բայց այն շատ մոտ էր:
  — Ուզում եմ բռնել ամպը, — բացականչեց նա: 
  Բոլորս ծիծաղեցինք: 
Լուսանկարի հեղինակ՝ Նարինե Պողոսյան
  «Իսկ ես մի քանի վայրկյան առաջ հենց այդ ամպն էի ու ողջ բնությունը, — մտքուս ավելացրի ես: — Էությունն հավերժ է, Բնությունը՝ էությունդ կամ հակառակը ինչպես լսել էի իմ երազում: Այդ խոսքերի շուրջ դեռ շա՜տ կխորհեմ, իսկ հիմա արժե վայլել մաքուր օդը»:
 Ես թաքուն ժպտացի ու միացա ընկերներիս զվարճանքին: Իմ երազն անհետացավ, բայց մնաց լուսանկարը: Չգիտեմ, այս պահին, ես կրակն էի, հողը, ջուրը, թե օդը, բայց ֆիզիկական մարմինս մեքենայում էր, իսկ մեքանան սլանում էր Սյունյաց աշխարհի հրաշք բնության քարքարոտ ճանապարհով, որի մի մասնիկն էի դարձել ես՝ իմ անիրական երազում….

Комментариев нет:

Отправить комментарий