Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-10-20

Աշուն է ոսկի



Աշունը եկել հավքի փետուրի պես
Անձայն ու քնքուշ սրտիս է նստել,
Ոսկի տերևով ճամփաս է պատել
Ու հիմա միայն դեղինն է ի տես
Իմ կանաչ աչքերին հասու դարձել:
Լսում եմ` այնտեղ՝ ինչ-որ տեղ հեռվում,
Քամին է վայրագ սառը հողմի հետ
Դեղնած տերևները ցիրուցան անում,
Արևի շողը զատում ջերմությունից,
Ու ջերմությունը՝ շողից գողացած
Իր հետ դեպի հյուսիս տանում:
Չարախինդ ժպիտը դեմքից անպակաս՝
Սպառնում է աշխարհին, մարդկանց,
Բարկանում հաճախ, ու պոկում արդեն
Տերևները դեղին` ծառերից կառչած:
Սլանում հեռու և նոր ուժով կրկին
Ոռնոցով լցնում դաշտերը դատարկ,
Բախվում լեռներին, ցավից սսկվում,
Հեռանում, բայց նորից ու նորից
Գալիս է զարկվում, փոշին ամպ սարքում,
Զայրանում,  ու տեսնելով, որ անզոր է,
Լալիս է ու անձրև է մաղում,
Մրսած դաշտերին, սառը քարերին
Ամպից պոկված կաթիլով պատում՝
«Աշուն է աշուն» քթի տակ երգում:
Իսկ Աշունը՝ ոսկով պատված,
Գահն է զարդարում տերևով դեղնած,
Հիանում իր ոսկի հանդերձով երկար,
Որ պատել է լե՜ռ ու անտառ:
Հորիզոնից անծայր ոսկի է հիմա,
Ու ոսկին այդ սահմանն է իր արքայության:
Լսվում է հանկարծ մեղեդին աշնան,
Այնպես քնքուշ է այն ու հուզիչ այնքան,
Որ քուն է բերում ծառերին հոգնած,
Ու լցնում սրտերը մեր ինչ-որ թախիծով.
Այդպես ստիպում հիանալ միայն իրենով.
«Աշուն է աշուն՝ ոսկով պատված,
Կաթիլն անձրևի ապակուց կախված»,
Լսվում է հեռվից Աշնան մեղեդին:
Թախծոտ է այն, և հուզմունք կա անչափ.
Շուրջս Աշունն է՝ ոսկով պատված...

Արմեն Մխեյան

Комментариев нет:

Отправить комментарий