Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-12-07

Ներիր, քանի դեռ կարող ես





Կարենը մոտեցավ պատուհանին ու մտահոգ մի հայացք նետեց փողոցի կողմը:
―Կա մեկ ելք միայն: Դու պետք է կարողանաս ներել նրան, Եվա:
Եվան բարձրացրեց գլուխը:
―Նույնիսկ եթե ամեն ինչ կրկնվի՞: Որպես հոգեբան` դու պետք է հասկանաս նաև ինձ: Ես կներեմ նրան, բայց վախենում եմ, որ նորից ամենը կպատահի: Ամենաշատը ես վախենում եմ նրանից, որ չեմ կարող հաջորդ անգամ ներել նրան…
Նա հազիվ էր կարողանում, զսպել հուզմունքը:
Կարենը շրջվեց ու Եվայի աչքերում արցունքներ տեսավ:
―Ես լավ գիտեմ իմ եղբորը: Հիմա նա իսկապես քո օգնության կարիքն ունի: Դու կին ես ու չես ներում դավաճանությունը: Չգիտեմ` ինչպե՛ս կվարվեր իմ կինը նման դեպքում, բայց ես կուզեի, որ նա նախևառաջ լսեր ու հասկանար ինձ: Դու չփորձեցիր լսել նրան: Արմանը խնդրեց, որ ես քեզ ասեմ ամենը, ինչ կատարվել է այդ օրը: Մեկ ամիս շարունակ նա փորձում է կապ հաստատել քեզ հետ ու ասել այն, ինչ ես հիմա կասեմ:
Մի փոքր լուռ մնալուց հետո Կարենը շարունակեց.
―Այն օրը, երբ  գործուղումից վերադարձար ու եկար քո լավագույն ընկերուհու տուն` մասնակցելու խնջույքին, հավատա՛,  Արմանը այն վիճակում էր, որ անկարող էր անգամ ոտքերը քարշ տալ: Նա այնպիսի քնաբեր հաբերի ազդեցության տակ էր, որ չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել:
―Ախր ես տեսա նրան անկողնում նրա հետ, Կարեն…
Եվան չկարողացավ զսպել արցունքներն ու սկսեց հեկեկալ:
―Եվա, դու մեկ տարի է` ճանաչում ես Արմանին, իսկ ես` արդեն քսանյոթ: Նա իմ փոքր եղբայրն է, բայց միշտ էլ ինձ օրինակ է ծառայել, հավատա: Ես չեմ կարող չասել այն, ինչ ինքն է խնդրել: Խնդրում եմ, լսիր ինձ: Գուցե դու Նելլին ավելի լավ չես ճանաչում, բայց նախքան քեզ հետ հանդիպելը, Նելլին ամեն հնարավորն անում էր Արմանին գայթակղելու համար, սակայն ապարդյուն: Հավատա, Արմանին ես երբեք նման վիճակում չեմ տեսել: Եթե ես լինեի Արմանի տեղը, ապա կարելի էր հավատալ տեսածին, որովհետեև ժամանակին ես խաղամոլ էի, հարբեցող ու թեթևաբարո կյանքի մեջ մխրճված, բայց Արմանը… Արմանը երբեք չի հանդուրժել այն ամենը, ինչ անում էի ես: Նա հորս բնավորության ժառանգողն է՝ ազնիվ ու բարոյական: Նրանից կիլոմետրերով հեռու են ալկոհոլն ու նման մոլությունները, որոնցով ես հաճախ տարվում էի: Նույն օրը Նելլին, որ չգիտես ինչպես էր հայտնվել այդ խնջույքին, որպես հին ծանոթ` Արմանին գինի է հյուրասիրում, ու հենց ինքն է տալիս Արմանին: Ես վստահ եմ, գինու մեջ քնաբեր է լցված եղել:
―Ես չեմ հավատում, Կարեն, ― խեղդված ձայնով խոսեց Եվան:
―Ես ասացի այն, ինչ օրեր շարունակ փորձում էր քեզ ասել Արմանը: Ես նրան մեկ նշույլ անգամ կասկածել չեմ կարող, ու այս ամենը քեզ չեմ հրամցնում ու խորհուրդ տալիս ինչպես հոգեբան, այլ որպես հարազատ ու մտերիմ, բայց ներելով նրան դու կփոխես իրավիճակը թե՛ քեզ համար և թե՛ Արմանի: Այն օրից նա աշխատանքի չի գնացել, հաճախ չի պատասխանում հեռախոսազանգերին, երեկ էլ հազիվ իմ առաջ բացեց դուռը:
Կարենը մոտեցավ ու Եվայի ձեռքն ափերի մեջ առավ: Նոր միայն նկատեց, որ ամուսնական մատանին բացակայում էր Եվայի մատից:
―Նա քեզ շատ է սիրում: Մի՛ թույլ տուր իր իսկ չգործած մեղքի համար ցավ զգալ: Երեկ ես հազիվ ճանաչեցի նրան: Ես վախեցա անգամ նրան մենակ թողնել` մտածելով, որ կարող է վնասել իրեն, հասկանո՞ւմ ես, Եվա: Եթե անգամ չես ներելու, գոնե մեկ րոպե լսիր նրան:
Այն օրից, ինչ Եվան հեռացավ, չէր խոսել Արմանի հետ, անգամ չէր փորձել բացատրություն լսել: Այն, ինչ արեց Արմանը, Եվան աններելի էր համարում, հատկապես երբ մեկ շաբաթ առաջ հայտնեց ամուսնուն, որ երեխայի է սպասում: Նա սիրում էր Արմանին խենթի պես ու ամենաերջանիկ մարդը համարում իրեն, որ նման ամուսին ունի: Բայց սերը մեկ ակնթարթում վերացավ, ավելի շուտ` ատելության վերածվեց, երբ ամուսնուն գտավ նախկին ընկերուհեւ հետ նույն անկողնում: Նրա համար կյանքը ավարտվեց ասես, իսկ երկու օր  ծանր ապրումների պատճառով հայտնվեց հիվանդանոցում, կորցրեց երեխային: Արմանի հետ մեկ բառ անգամ չխոսեց` բացի հիվանդասենյակից դուրս հրավիրելուց: Նա ոչ թե չէր կարող ներել, այլ չէր կարող համակերպվել, որ ամուսինը դավաճանել է իրեն: Միայն այդ ժամանակ հասկացավ, թե ինչու էր Արմանը այդ օրը անարձագանք թողնում իր խոսքերը, հասկացավ` ինչ էր կատարվել իրականում: Արմանը ոչ թե դավաճանել էր, այլ դարձել նախկին ընկերուհու զոհը, իսկ Նելլին առիթը բաց չէր թողել ու ամեն ինչ արել էր իրենց ընտանիքը քայքայելու և Արմանին վերջնականապես իրենով անելու համար: Եվայի հոգում մի նոր զգացողություն առաջացավ` մեծ ցանկություն Արմանին փարվելու, ներողություն խնդրելու և  ասելու, թե որքան շատ է սիրում ու պատրաստ է ամեն ինչի` հանուն իրենց սիրո: Նա լուռ նայեց Կարենին` վերջին անգամ փորձել հասկանալու համար` արդյոք ճի՞շտ է ասում: Բայց Կարենի դեմքին կեղծիքի նշույլ չկար անգամ: Նրա կապույտ աչքերը հիշեցնում էին Արմանին:
Ես գիտեմ, դու ուժեղ և համարձակ կին ես: Դու կկարողանաս լսել, հասկանալ ու ներել… Չէ՞ որ երբ սիրում ես մեկին, ապա անպայման կհասկանաս ու կներես նրան: Ամեն րոպեն թանկ է, ես չեմ կարող վստահ լինել, որ հաջորդ վայրկյանին դու կարող ես նրան ասել՝ ներում եմ:
Կարենը երկու քայլ հեռու գնաց ու հայացքը թեքեց:
Արմանը շատ նման է հորս, թե արտաքինով և թե բնավորությամբ: Այդ պատճառով մայրս նրան շատ է սիրում, իսկ ինձ, կարելի ասել, ոչ,― քմծիծաղով շարունակեց Կարենը,― գիտե՞ս` ինչո՛ւ եմ այս ամենն ասում քեզ. որովհետեև ինքս անցել եմ այդ ամենի միջով: Տարիներ առաջ, երբ անհոգ պատանի էի, ու ինձ թվում էր, որ աշխարհը միայն իմ շուրջն է պտտվում, անում, էի այն, ինչ ուզում էի: Իմ առօրյայից անպակաս էին խաղատները, միշտ ուշ էի գալիս տուն ու գրեթե ամեն օր` հարբած: Մի անգամ լուսադեմին նոր տուն հասա: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Ընկերներով հերթական անգամ մի լավ զվարճացել էինք, իսկ վերջում, առաջին անգամ թմրադեղ էին հյուրասիրել ինձ: Երբ մտա հյուրասենյակ, տեսա ծնողներիս: Նրանք ողջ գիշեր ինձ էին սպասել: Մայրս փակեց դեմքն ու դուրս սեկավ սենյակից: Չեմ էլ հիշում, թե ինչ ասացի ու փորձեցի քայլել սենյակիս ուղղությամբ: Հայրս ասաց, որ պետք է խոսենք անպայման, երբ ուշքի գամ, իմաց տամ: Այս բառերն ստիպեցին ինձ կանգ առնել: «Դու մտածում ես` ես հարբա՞ծ եմ»,― գրեթե գոռացի ես:
Հայրս անակնկալի եկավ իմ պահվածքից: Ես երբեք չէի գոռացել: Մինչև հիմա  նրա բառերն իմ ականջում են: «Դու կործանում ես քեզ: Միշտ մտածել եմ, որ ավելի լավ կլինի ինքնուրույն գիտակցես, բայց ոչ, դու ոչինչ էլ չե՛ս հասկանում»: Ես երբեք չէի տեսել հորս այդքան զայրացած: Ընդարմացած ուղեղս սկսեց մեղադրանքներ շպրտել հորս հասցեին: Չգիտեմ` ինչ ասացի, որ այդ օրն առաջին անգամ հայրական ապտակ ստացա: Հայրս հարվածեց ինձ, ես ընկա: Ապտակն անմիջապես սթափեցրեց, բայց ասածս բառերը չէի հիշում, չէի հիշում ինչ եմ ասել: Երբ նայեցի հորս դեմքին, հասկացա, որ ամենամեծ սխալն եմ գործել: Նրա հայացքն ուղղակի ստիպեց, որ ասեմ՝ կներես, հայրիկ: Բայց եսասիրությունս թույլ չտվեց ձայն հանել: Նա դուրս եկավ սենյակից: Ես հատակին էի, երբ գլուխս թեքեցի ու կիսաբաց դռան մոտ տեսա մորս: Նրա աչքերը թաց էին: «Կներես, մա՛յր, ես չէի ուզում»,― հազիվ դուրս թռավ իմ բերանից: Մեկ ժամ անց զանգահարեցին ու ասացին, որ հորս տեղափոխել են հիվանդանոց: Մեքենայում սրտի նոպա էր սկսվել` հայտնեցին մորս: Արմանը դպրոցում էր: Ես ու մայրս անմիջապես գնացինք հիվանդանոց: Ճանապարհին մայրս լուռ էր, գիտեր, որ հասկանում եմ մեղքիս չափը:
Միջանցքում մոտեցան բուժքույրն ու բժիշկը: Բուժքույրը մայրիկին հիվանդասենյակ ուղեկցեց: Երբ ես ու բժիշկը մնացինք մենակ, ասաց, որ շատ ծանր է վիճակը, և հույս գրեթե չկա... Վազեցի հիվանդասենյակ, փաթաթվեցի հորս: Չգիտեի` ինչ ասել, միայն հեկեկում էի: Հանկարծ ականջիս հասավ հորս ձայնը՝ ներիր, որ խփեցի... Այլևս ոչինչ չասաց, հայացքը սառեց: Ես չհասցրեցի անգամ ասել՝ դո՛ւ ներիր ինձ, ների՜ր...
Կարենը փախցրեց հայացքը, որպեսզի Եվան չտեսնի արցունքները:
Չգիտեմ, թե ինչու պատմեցի քեզ այս ամենը, բայց դու էլ մեր ընտանիքի անդամն ես եղել, պարտավոր էի պատմել:
Ես նրան իմ կյանքից էլ առավել եմ սիրում: Մեղավոր եմ նաև ես, որ չլսեցի նրան... ―Եվայի աչքերը նորից լցվեցին, ― ես միայն հիմա հասկացա: Եթե սիրում ես, կներես ու կհասկանաս:
Կարենը լուռ ժպտաց:
Սիրո համեմունքը հավատն է սիրած էակի հանդեպ: Առանց այդ համեմունքի` սերը կորցնում է բույրը ու դառնում աննպատակ կախվածություն: Մենք հաճախ ենք սխալվում ու երբ զղջում ենք, շատ ուշ է լինում:
Մի՛ սխալվիր նրա հանդեպ, ում սիրում ես, քանզի զղջումդ ու ներողությունդ գուցե ուշ լինեն, իսկ սխալդ՝ անուղղելի…

Комментариев нет:

Отправить комментарий