Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-07-24

Ով ընտրել է ՀՀԿ-ին, նա էլ թող վճարի 150


Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում շարունակվում են տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ուղղված լայնամասշտաբ ակցիաները, անգամ մի քանի ակտիվիստների ձերբակալումից հետո, եիտասարդների պայքարը չթուլացավ: Տրանսպորտային ընդվզման մեկ օրվա քրոնիկոնը:


Մայրաքաղաքում լարված իրավիճակ է: Մի քանի տասնյակ կանգառասրահներում երիտասարդները պաստառներով և 100 դրամ վճարելու կոչերով են դիմավորում քաղաքային տրանսպորտի մեքենաներին: Պայքարը սակայն միայն այդ կերպ չի ավարտվում: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց անձնական մեքենաներով մոտենում են կանգառասրահներում կանգնած մարդկանց և առաջարկում անվճար տեղափոխել այս կամ այն վայրը, ուր իրենք ուղևորվում են:
«Նման կերպ փորձ է արվում գծատերերին հասկացնել, որ գնի թանկացման դեպքում իրենք միայն վնաս են կրելու»,- մեզ հետ զրույցում նշեց ակտիվիստներից մեկը և հավելեց, որ այս պայքարը բավականին արդյունավետ է ու իրենց միացել են ոչ միայն քաղաքացիներ, ովքեր ունեն մեքենա, այլև հանրությանը հայտնի մարդիկ` երգիչներ, դերասաններ…
Պետք է ավելացնել, որ բողոքի ակցիաներ էին անցկացվում նաև քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ:
Դեռ օրվա սկզբին արդեն իսկ բաժին բերման էին ենթարկվել չորս ակտիվիստներ: Ցուցարարների մի մասը շարժվեց ոստիկանություն` պահանջելու ազատ արձակել ակտիվիստներին, սակայն ոստիկանության բաժանմունքի մոտ, առանց որևէ բացատրության ևս երկու հոգու ձերբակալվեցին, ինչը դարձավ քաշքշուկի պատճառ: Այդ նույն պահին քաղաքի տարբեր կանգառասրահներում շարունակվում էր «պայքարը» և հանրային իրազեկման կոչերը` վճարել 100 դրամից ոչ ավել, մի հարստացրեք գծատերերին և այլն
«Ոստիկանության նման քայլերը շեղելու, և ցուցարարների վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում»,- նշեց մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից:
Բանակցությունները Երևանի ոստիկանապետի և փոխոստիկանապետի հետ բավական լարված էին ընթանում, սակայն ի վերջո ոստիկանությունը ազատ արձակեց ակտիվիստներին:
Բերման ենթարկված Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն բերման են ենթարկել առավոտյան 10:30-ի սահմաններում իր տան բակից:
«Ինձ հրավիրեցին զրուցելու, որը հետո դարձավ քրեական գործ ոստիկանին ծեծելու համար»,- նշեց Մաքսիմ Սարգսյանը: Այն հարցին թե ինչպես են վերաբերվել իրեն, ասաց որ խնդիրներ չի եղել, բայց ինքը հրաժարվել է խոսել առանց իր փաստաբանի, քանի որ ոչ մի կերպ դիմադրություն ցույց չի տվել ոստիկաններին: 
Մեկ այլ ակտիվիստ Վահե Մելքոնյանին ևս բերման էին ենթարկել նախորդ օրը  ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, սակայն ինչպես պարզվել էր ինքը նախորդ օրը ցուցարարների շարքերում չէր եղել:
Ցուցարարները ոստիկանությունից շարժվեցին դեպի կանգառասրահներ:
Լրագրող, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով միացել է ակցիային և իր մեքենայով անվճար տեղափոխում է երևանցիներին, լրագրողների հետ զրույցում նշեց.
«Պատահական գծատերեր չկան, բոլորը մեծահարուստներ են և քաղաքական գործիչներ»,- ավելացնելով, որ երիտասարդների ձերբակալությունն անհիմն է.
«Այսինքն, եթե երիտասարդը պայքարող է, ուզում է մի բան փոխել, ուրեմն պետք է ձերբակալել, իսկ եթե է քծնող է ու կրծքանշանը քծնանքով կախում է, պետք է խրախուսել: Սա՞ է ուզում հասկացնել պետությունն ու ոստիկանությունը»,- հավելեց Պետրոս Ղազարյանը:
Փորձեցինք զրուցել համար 7 երթուղային ավտոբուսի վարորդի հետ, սակայն տեսնելով ցուցարարներին, ովքեր ուղևորներին կոչ էին անում վճարել 100 դրամ, զայրացավ կանգնեցրեց մեքենան և պահանջեց, որ բոլորն իջնեն` ինքն էլ չի քշում: Ուղևորները պահանջեցին, որ վարորդը շարունակի երթը, իրենք կվճարեն, բայց միայն 100 դրամ:
Վարորդն էլ ավելի զայրանալով դիմեց փողոցում կանգնած ոստիկանության մայորին, նշելով թե խանգարում են իր աշխատանքը: Ոստիկանը պատասխանեց, որ չի տեսնում հակաօրինական գործողություն,  ոչինչ  չի կարող անել:
Այն հարցին թե ինչու իր վերադասին տեղյակ չի պահում, որ ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամ, վարորդը զայրացած պատասխանեց, որ գծի տերը մեղք չունի, իրենից էլ են հարկ ուզում և սիրուն չի, որ քաղաքացին օգտվում է ծառայությունից, բայց չի վճարում ամբողջ գումարը:
«Թող էդ դեպքում ոչ մեկ չնստի, ես էլ ասեմ, որ ուղևոր չկա, չեն նստում մարդիկ, ոչ թե նստեն ու քիչ վճարեն», - նշեց վարորդն ու իջեցնելով բոլոր ուղևորներին` իր ասելով մեքենան քշեց դեպի կայանատեղի:
Այս խնդրի շուրջ փորձեցինք զրուցել նաև համաքաղաքացիների հետ:
«Դեռ պետք է մի բան էլ էժանացնեն, թե չէ ի վիճակի չենք վճարելու», - ասաց մեծահասակ տղամարդը` ավելացնելով, որ շատ ճիշտ են անում երիտասարդները, որ պայքարում են:
«Ես էլ այսօր ուժ ստացա երիտասարդներից և վճարեցի 100 դրամ, բայց ցավալի է, որ կան 150 դրամ վճարողներ այն դեպքում, երբ դեռ այս որոշումը օրինական և հաստատված չէ»,- նշեց մեծահասակ մի տիկին, իսկ մեկ այլ քաղաքցի նշեց` ով հանրապետականին ընտրել է, նա էլ թող ավել վճարի:
Ցուցարարներն ու ակտվիստները խոստանում են շարունակել պայքարը մինչև խնդրի կարգավորումը: Օրի օրի նրանց շարքերն ավելանում են, որը պետք է ստիպի քաղաքային իշխանություններին վերանայել տրանսպորտի սակագինը` խնդրին համապատասխան լուծում տալու համար:

Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը:

Комментариев нет:

Отправить комментарий