Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-07-13

Հոգիս երբեմն աչք ունենալու փոխարեն լեզու էլ կգտնի: Ա. Հայրապետյան


«Ես, իմ մարդկային էության ու արժանապատվության առաջ գլուխ խոնարհելով, առիթ եմ համարում խոսել մի բանի մասին, որտեղ մարդկային անսովոր բնավորությունը կարող է քեզ չընկալել»: Այսպես է սկսվում Արթուր Հայրապետյանի «Սպասում» պատմվածքը և համանուն պատմվածքների ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, «The Club» ակումբում:

Մթնոլորտն իսկապես հագեցած էր գրականության շնչով: Ներկա էին անվանի գրողներ, գրականագետներ, դերասաններ և մարդիկ, ովքեր գնահատում ու սիրով են ընթերցում Արթուր Հայրապետյանի ստեղծագործությունները: «Սպասում»-ը հեղինակի թվով երկրորդ պատմվածքների ժողովածուն է, որում զետեղված են երեսունից ավել պատմվածքներ: Հեղինակը նշեց, որ գրքի վրա աշխատել է ավելի քան երկու տարի, սակայն ոչ բոլոր պատմվածքներն են ներառվել գրքում: Մյուս պատմվածքները տեղ կգտնեն արդեն հաջորդ գրքում:
-Գիրքը մարդու տեսակի, ինքն իրեն հետ ազնիվ լինելու, որոշ առումով նաև խենթ լինելու մասին է: Իմ գրականության հիմքում ընկած է մարդը` խենթ ու խելառ, մի փոքր տարօրինակ, բայց ինքն իր հետ ազնիվ մարդը,- զրույցում նշեց հեղինակը:
Այն հարցին, թե ովքեր են դառնում իր ստեղծագործությունների հերոսները, հեղինակը նշեց, որ հիմնականում գրում է իր անունից և գլխավոր հերոսը հենց ինքն է, սակայն իր մեջ կա ամենահասարակ, ամենափոքրիկ, ամենամեծ, ամենախենթ մարդը, ով ունի տարբեր բնավորություններ, այլ աշխարհայացքներ: Գրողը նշեց, որ աշխատում է իր ստեղծագործություններում արթնացնել մարդուն` իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ: Պատասխանելով այն հարցին` թե որն է հիմնական գաղափարը, որը փորձել է ընթերցողին հասցնել, հեղինակը նշեց, որ փորձել է մի փոքր ըմբոստանալ ու դուրս գալ այն կապանքներից, կաղապարներից, որոնք սահմանափակում են մարդուն և փորձել է ազատ արտահայտվել հասարակության այն ցավոտ խնդիրների մասին, որ այսօր առկա են` ներկայացնելով դրանք իր տեսանկյունից:

Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը http://ostarmenia.com/ կայքի համար:










Լուսանկարների հեղ. Արմեն Մխեյան

Комментариев нет:

Отправить комментарий