Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-10-12

Սինգապուր. գաճաճ պետություն` մեծ հնարավորություններով


Պատրաստված է ostarmenia.com կայքի համար


Սինգապուրն իր տարածքով դասվում է աշխարհի ամենափոքր պետությունների շարքին, սակայն փոքր մակերեսը քաղաք-պետության համար խոչընդոտ չի հանդիսանում լինել աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը:
Սինգապուրը զբաղեցնում է ընդամենը 693 քառ. կիլոմետր տարածք հարավ-արևելյան Ասիայի Մալակա թերակզու հարավում: Դեռևս 1863թ.-ից Սինգապուրը եղել է Բրիտանական կայսրության գաղութներից մեկը, այնուհետև 1963-1965թթ. եղել է Մալազիայի դաշնության մի մասը, իսկ 1965թ.-ին հռչակել անկախություն:
Այսօր Սինգապուրն աշխարհին ներկայանում է իր բարձրահարկ երկնաքերերով, կայուն և զարգացած տնտեսությամբ, սակայն պետք է նշել, որ ոչ հեռավոր անցյալում այս գաճաճ պետության բնակիչներն անգամ խմելու ջուր չունեին: Շատ կարճ ժամանակահատվածում օտարերկյա ներդրումների և ուրույն տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքում, նորանկախ պետությունը հաղթահարեց հնարավոր բոլոր մարտահրավերներն ու դարձավ տարածաշրջանի տնտեսական, ֆինանսական, գիտատեխնիկական կենտրոնը: Սինգապուրն ըստ տարբեր հաշվարկների մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի բարձր ցուցանիշով աշխարհի 15 պետությունների ցանկում է: Նման արդյունքի հասնելու համար կառավարությունը խնդիր էր դրել ձևավորել միջին խավ և բարելավել կյանքի որակը: Արդեն 1987թ.-ին Սինգապուրում բարեկեցիկ և միջին խավը կազմեց ողջ բնակչության 80%-ը, իսկ աղքատության մակարդակը հասավ ռեկորդային ցածր ցուցանիշի` շարունակելով տարեցտարի էլ ավելի կրճատվել:
Սինգապուրն առանձնանում է իր զարգացած առևտրային շուկաներով: Տարեկան ողջ առևտրաշրջանառությունը կազմում է 723 մլրդ. դոլար (օրինակ Հայաստանի Հանրապետության տարեկան ողջ առևտրաշրջանառությունը չի գերազանցում 9,9 մլրդ. դոլարը), ինչին միանշանակ նպաստում է աշխարհագրական բարենպաստ դիրքը, առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվելն ու որակյալ արտադրանք արտահանելը: Ի տարբերություն հարևան պետությունների` Սինգապուրն ավելի շատ արտահանում է, քան ներմուծում: Ողջ առևտրաշրջանառության մոտ 58%-ը բաժին է ընկնում զուտ արտահանմանը, որը 2011թ.-ի տվյալներով կազմում է մոտ 415 մլրդ. դոլար: Շնորհիվ զարգացած դեղագործության, որակյալ տեխնիկական սարքերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսական ծառայությունների բարձր մակարդակի, միջազգային կորպորացաներն ու ներդրողները աննկատ չեն կարողանում գտնվել քաղաք-պետության հանդեպ, առավել ևս, երբ այստեղ գործում է ամենաչկոռուպացված տնտեսական համակարգը: Այսօր Սինգապուրում գործում են ավելի քան երեք հազար միջազգային կորպորացիաներ, երկիրն աշխարհի նավթավերամշակման երեք կենտրոններից մեկն է, հանդիսանում է տարածաշրջանում ֆինանսական կենտրոն և շուկայական գները թելադրող երկիր: Փոքրիկ պետությունը համալրում է այն երկրների ցանկը, որոնք անցել են պարտադիր կենսաթոշակային համակարգի: Գոյացած բյուջեի զգալի մասը ծախսվում է կրթության և բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի վրա:
Կառավարությունն այժմ խրախուսում է նորագույն և բիոտեխնոլոգիաների ոլորտում ներդրումները` տարածաշրջանում և աշխարհում առաջատար դիրքի հասնելու համար: Շնորհիվ կոռուպցիայի իսպառ բացակայության, ներդրումների մեծ հոսքի, բարձր պատասխանատվության զգացման և նման տնտեսական պոտենցիալի, Սինգապուրն ապագայում կշարունակի տնտեսական նման տեմպերով աճն ու կմնա աշխարհի զարգացած պետությունների շարքում:

Արմեն Մխեյան

Комментариев нет:

Отправить комментарий