Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2014-01-25

Եթե սերն առանց կարոտ լիներ


Ձյան փաթիլներն այնքան հանդարտ էին իջնում վար, որ թվում էր` հայտնվել եմ հրաշքների աշխարհում: Շուրջս ամեն ինչ կամ սպիտակ էր, կամ սև, և միայն գիշերային լույսերի գույնն էր, որ տեղ-տեղ դեղինին էր տալիս:
Ճերմակ ու փափուկ ձյունը խլացնում էր յուրաքանչյուր շշուկ ու շուրջս կատարյալ լռություն էր, բայց ոչ իմ հոգում…
Սիրո կայծերն արդեն զգացնել էին տալիս ու սիրտս վկայում էր` կայծերը հրդեհելու են ներսս: Անհնար է կանգնեցնել այն, ինչ դեռ վաղուց կոչում են սեր: Չէ՞ որ առանց այդ սիրո դժվար է պատկերացնել կյանքը: Որքա՜ն խոսքեր են ասվել սիրո մասին, որքան երգեր են գրվել: Այսօր դժվար է պատկերացնել անգամ, թե ինչպիսին կլիներ մարդկային կյանքն առանց սիրո, որքան այն թերի կլիներ ու դատարկ:
Կյանքի յուրաքանչյուր փուլում, սերը միշտ ուժ է տալիս, ստիպում գնահատել իրեն մի զգացումով, որ կարոտ է կոչվում:
Այս երկու զգացողություններն անբաժան են միմյանցից, ու հիմա ես արդեն զգում էի կարոտ, անգամ բաժանվելուց անմիջապես հետո, իսկ բաժանումից արդեն օրեր էին անցել, ու ես ամենուր նրան էի որոնում, ամբոխի մեջ նրա ժպիտը,  անգամ հիմա` գիշերվա այս ուշ ժամին, դատարկ փողոցում:
Հաճախ էի փորձել խուսափել սիրահարվելուց, բայց հիմա արդեն անկարող էի կանգնեցնել սրտիս, որ ամեն անգամ նրան հիշելուց այնպես էր բաբախում, ասես պետք է դուրս գար մարմնիցս: Վախենում էի սիրուց, քանզի գիտեի, որ կարոտը ցավոտ կարող լինել, անգամ խելագարության հասնցել:
Մենության մեջ կարոտն առավել քան ուժեղ է լինում: Միայն հիմա հասկացա, որ սիրուց ծնված կարոտը  կարող է ուժ տալ նաև, որպեսզի պայքարես, հաղթահարես այն, ինչը  հաճախ ուժերից վեր ես համարում:  Սիրո ու կարոտի շնորհիվ կյանքի ընթացքը չի կանգնում, անգամ մեկ ակնթարթով, ու սերը ստիպում է առաջ գնալ` սրտի տրոփյունով ու նրա կողքին լինելու փափագով: Նրա կողքին լինելու ցանկության շնորհիվ անում ես անգամ անհնարինը:
Նայեցի հետ այն հույսով, որ գուցե տեսնեմ նրան, բայց սպիտակ ձյան վրա  միայն իմ ոտնահետքերն էին` անցյալի հետքեր:
Սերը չափում են կարոտով: Այս երկուսը ուղիղ համեմատական են: Որքան մեծ է սերը, այնքան կարոտն ուժգին է լինում: Կարոտն այսօր առավել քան ցավոտ էր:
«Ի՞նչ կլիներ, եթե սերն առանց կարոտ լիներ, - հարցրեցի իքնս ինձ ու պատասխանը չուշացավ, - այն չէր լինի»:

2014-01-15

Առաջին սերը չի կորում

Ասում են` առաջին սերը երբեք չի կորում անհետ,
Այլ միշտ մնում է սրտի մի անկյունում
Ու բոլոր մնացած սերերն իր հետ համեմատում…
Վախենում եմ սիրահարվել նորից, սիրել կրկին.
Հեշտ է ուղղակի լինել հեռու այդ «սիրուց»,
Բայց առավել դժվար փակել ճանապարհը նրա
Ու հերթական անգամ չսիրահարվել, ու…
Չնայել նրա աչքերի մեջ սրտի  թրթիռով,
Եվ չհուզվել ամեն անգամ նրան տեսնելուց:
Վախենում եմ սիրել նորից ու փնտրում եմ գտնել
Նրանից խույս տալու համար այլ ուղի,
Բայց անհնար է կրկին չսիրահարվել  և նորից
Չհիշել առաջին  սերն, ու սիրո կիրքը նրա,
Չտանել զուգահեռներ անվերադարձ անցյալի հետ:
Պետք է մոռանալ անցյալն ու սկսել ամենը նորից,
Դառնալ սիրուց խենթացածը կրկին ու առաջ գնալ,
Նորից շշնջալ` սիրում եմ, նորից երազել,
Նորից գլուխը կորցնել սիրուց ծնված խանդից,
Ու հասկանալ` խանդը կեղծ պատկերն է սիրո միայն:
Պետք է սիրտը բացել նոր սիրո առաջ
Այնտեղից  ջնջելով անցյալի սերը բույն դրած…

2014-01-12

Հոգին


  
 Խմբագրեց Արամ Հովակիմյանը


Երեկ էր...
Գինու շիշն արդեն դատարկ էր, ու անգամ ես էի ապշած նրանից, որ գինի էլ չի մնացել , իսկ այն դատարկողը մենակ ես էի: Երբ վեր կացա, նոր միայն հասկացա, թե գլուխս որքան է ծանրացել, իսկ ոտքերս հազիվ են շարժվում:
Ընդարմացած ուղեղս կանչում էր` մաքուր օդ, մաքուր օդ...
Առանց տնեցիներին նայելու` հագնվեցի ու դուրս եկա փողոց, բայց զգացի որքան տարօրինակ հայացքով նայեցին վրաս, երբ կեսգիշերին դուռն  ամբողջ ուժով զարկեցի:
Ձմռան սառն օդն անմիջապես հեռու վանեց ալկոհոլի ազդեցությունն ու մի քանի րոպե անց գինու կախարդիչ ազդեցությունից ամբողջովին «արթնացել» էի:
Կեսգիշերին զբոսնում էի, բայց այդ զբոսանքը տարօրինակ չէր թվա ուրիշներին, եթե դրսում չլիներ սահմռկեցուցիչ ցուրտը: Քայլերս ուղղեցի այնտեղ, որտեղ մի քանի ժամ առաջ բաժանվել էինք: Հիշողությունները դեռ թարմ էին, իսկ հույզերն առավել ևս:
Զգացի` ինչպես սիրտս սկսեց արագ բաբախել …
«Գինուց է այն ու ցրտից», - արագ վրա բերեց Ուղեղս, բայց Սիրտս վստահ էր. այստեղ գինին ու ցուրտը ո՛չ մի կապ չունեն:
«Այստեղ հույզերն են, որ երբեք թաղել չես կարող»,- ավելի կամաց շշնջում էր Սիրտը:
«Հույզե՜ր: Սի՛րտ, դու արդեն չափն անցնում ես», - գոռում էր Ուղեղն ու խլացնում Սրտիս ձայնը:
Ես ասես երկու կես էի եղել: Մեջս կռիվ էին անում երկուսը` միշտ հաշվենկատ Ուղեղն ու նրբազգաց Սիրտը: Ես նրանցից յուրաքանչյուրն էի, բայց միաժամանակ նաև ոչ մեկը: Անգամ միջամտել չէի կարող, այլ միայն պաշտպանել, կամ Սրտիս, կամ Ուղեղիս: Եթե գոռայի` բավ է, ուրեմն Սիրտս կցավեր, քանի որ այն տանել չէր կարողանում աղմուկը: Եթե լռեի, ուրեմն կհամաձայնվեի Սրտիս հետ: Իսկ նրանց երկուսին էլ լսել արդեն չէի ուզում, ես ուզում էի վայելել նորից այն ակնթարթը, երբ նրան գրկեցի ու ցտեսություն ասացի:
«Անցյալի հոգին հույզերից է հյուսված»,- շարունակեց Սիրտը:
«Դու գիտես, որ չկա անցյալ, իսկ հույզերով ապրել չես կարող», - պոռթկաց Ուղեղը:
-Աստված իմ, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ, - վերջապես բացականչեցի ես, - կլինի՞` երկուսդ էլ լռեք…
Ուղեղս կարկամեց, իսկ Սիրտս ուժգին ցավեց: Ուղեղը ցավ չի զգում, այն ամենաբութ օրգանն է, բայց միաժամանակ ցավի կենտրոնը: Հե՞շտ է արդյոք կառավարել ցավերը, բայց չիմանալ, թե ինչ է այն:
Սրտիս ցավից կծկվեցի, ու լավ է, որ նա գոնե այդ պահին չխոսեց, թե չէ ամենավերջին լուտանքները կթափեի գլխին:
Մի քանի վայրկյան անց հազիվ շունչս ետ բերեցի, հասկանալով, որ ամեն դեպքում նրբազգաց Սրտիս մտքերն ինձ ավելի հարազատ են:
 Ես այստեղ էի` նրան նորից տեսնելու հույսով, նրան նորից գրկելու ակնկալիքով: Քայլերն ինձանից անկախ բերել էին այն վայրը, որտեղ բաժանվել էինք: Սա իրականություն էր, ու փախչել նրանից ես չէի կարող:
«Ում ցտեսություն ասելուց մեկ րոպե հետո կրկին տեսնել ես ուզում, նշանակում է սիրում ես նրան... Ահա այսպիսին է Սերը, կախվածություն, բայց այնքա՜ն հաճելի,- կամաց շարունակեց Սիրտս, - բայց այստեղ ես անկարող եմ…»:
-Նորից դո՞ւ ես խանգարելու ինձ,- գրեթե գոռացի ես` գլուխս ափերի մեջ առնելով, - դու` քո սառնությամբ և անզգայնությամբ:
«Գուցե,- նեղացած խոսեց Ուղեղը, - բայց այս դեպքում ես էլ եմ արդեն անուժ»:
-Ի՞նչ, - զարմացա ես, - այդ դու ես ասո՞ւմ:
«Երբ խառնվում է Հոգին, ես ու Սիրտդ պարտավոր ենք լռել: Սիրո դեմ պայքարել ես չեմ կարող, բայց Սիրտն էլ հաղթանակ տանել չի կարող, եթե միայն չլինի Հոգին` հավերժության մի մասնիկը, հույզերի, սիրո, ցավի ու աննյութականի աղբյուրը,  որ գրեթե միշտ  լուռ է:
-Իսկ ո՞ւր է Նա…
«Հիմա դու Նա ես», - շշնջաց Սիրտը: