Գևորգը
նստարանից վեր
կացավ ու
հազիվ էր
երկու քայլ
արել, երբ
դիմացը հայտնվեց
այդ տարօրինակ
անձնավորությունը: Նա
կշարունակեր առաջ
գնալ, եթե
չզգար անծանոթի`
իրեն ուղղված
հայացքը: Չգիտես
ինչու` գլուխը
կախեց և
ուսապարկն ավելի
հարմար գցելով
ուսին` առաջ
անցավ, սակայն
մի քանի
քայլ անելուց
հետո ստիպված
եղավ կանգնել,
երբ լսեց.
-Կանգնի՛ր մի
պահ:
Հրամայական
շեշտադրումն այնքան
տարօրինակ թվաց,
որ Գևորգն
ակամա շրջվեց:
Զարմացած շուրջը
նայելով` փորձեց հասկանալ`
արդյո՞ք տղամարդն
իր հետ
է խոսում:
-Կներե՞ք, ինձ
հե՞տ եք:
Գևորգին
թվաց, որ
մուրացիկներից մեկն
է, որոնց
կարելի է
հաճախ տեսնել
այս մարդաշատ
վայրում:
«Հիմա նորից
գումար կխնդրեն`
երեխային օգնելու,
հաց գնելու,
կամ լավագույն
դեպքում ծխախոտ
կուզեն», - մտածեց
Գևորգը, նայելով
դիմացը կանգնած
տղամարդուն, բայց
հենց առաջին
իսկ հայացքից
հեռու վանեց
այդ միտքը`
նկատելով իր
առջև կանգնած
տղամարդու կոկիկ
ու խնամված
տեսքը: Նա
ընդհանրապես մուրացիկի
տպավորություն չէր
թողնում:
Տղամարդու
դեմքին տարօրինակ
ժպիտ հայտնվեց:
-Ոչինչ էլ
չեմ ուզում:
Զարմանքի
երկրորդ ու
առավել մեծ
զգացումն ուղղակի
ստիպեց Գևորգին
բարձրաձայն ասել`
հը՞ն:
-Ո՛չ գումար
երեխային օգնելու
համար, ո՛չ
հաց գնելու,
ո՛չ էլ
ծխախոտ: Չեմ
ծխում:
Եթե
Գևորգն իրեն
այդ պահին
կողքից տեսներ,
ապա հաստատ
ձեռքով կբարձրացներ
դունչը բերանը
փակելու համար:
Մի
քանի վայրկյան
Գևորգը հնարավոր
բոլոր հավանական
ու անհավանական
տարբերակներն էր
փնտրում հասկանալու
համար` արդյո՞ք
իր տեսածն
ու լսածն
իրականություն է,
թե՞ ոչ:
«Ես հաստատ
բարձրաձայն չէի
ասել ոչինչ»:
-Իսկ ի՞նչ
եք ուզում,
վերջապես կարողացավ
խոսել Գևորգը:
-Ժամանակ:
Գևորգին
երկրորդ անգամ
պատեց զարմանքը:
-Եվ
վերադարձնել սա,-
շարունակեց տղամարդը:
Գևորգն
աչքերին չհավատաց,
երբ անծանոթ
տղամարդու ձեռքին
տեսավ իր
իսկ դրամապանակը:
Մեկ քայլով
մոտեցավ նրան,
փորձելով հասկանալ,
արդյո՞ք իրեն
մեկնած դրամապանակը հենց
իրե՞նն է,
ապա մեքենայաբար
ձեռքը տարավ
գրպանը: Այն
իսկապես դատարկ
էր:
-Այնքան էիր
շտապում, որ
գցեցիր ու
չնկատեցիր:
-Շնորհակալ եմ:
Տղամարդու
աչքերի մեջ
տարօրինակ փայլ
կար, որ
ստիպում էր
ակնդետ նայել
ու անգամ
Գևորգին թվաց,
որ հիմա
հիպնոսի մեջ
կհայտնվի:
-Ինչպե՞ս կարող
եմ շնորհակալությունս հայտնել,- ծանր լռությունը
խախտեց Գևորգը:
Տղամարդու
դեմքին այս
անգամ հայտնվեց
ավելի լայն
ժպիտ:
-Ոչ մի
կերպ: Սակայն
երկու խնդրանք
ունեմ, - շարունակեց
տղամարդը` մեկնելով դրամապանակը,
որ դեռ
իր ձեռքում
էր, -առաջին
հերթին մի
փոքր ժամանակ,
եթե կարող
ես:
Այս
ցանկությունն ամենատարօրինակն էր, որ լսել
էր Գևորգը
երբևէ:
«Ես ժամանակը
միշտ էլ
առանց խնդրանքի
«բաշխել» եմ,
իսկ այս
դեպքում, եթե
այդ կերպ
կարող եմ
շնորհակալություն հայտնել
այս անծանոթին,
ապա ինչո՞ւ
ոչ»:
-Մի փոքր
ժամանա՞կ:
-Տարօրինակ է,
չէ՞ անծանոթից
նման խնդրանք
լսել:
-Դե ամեն
դեպքում դուք
վերադարձրիք դրամապանակս,
ու ես
պետք է
հայտնեմ իմ
շնորհակալությունը:
-Դու արդեն
հայտնեցիր,- արագ
ընդհատեց անծանոթն
ու առաջարկեց
նստել մոտակա
նստարանին, այն
նստարանին, որին
քիչ առաջ
նստած էր
Գևորգը:
«Ի՞նչ է
ուզում այս
մարդը»:
-Ժամանակ, - ցածրաձայն
շշնջաց անծանոթը:
Տարօրինակ
զգացողությունը վերածվեց
սարսափի:
«Նա կարդո՞ւմ
է իմ
մտքերը, թե՞
ես սկսել
եմ բարձրաձայն
մտածել»:
-Հաճախ մենք
մոռանում ենք
ճիշտ պահին
հայտնել շնորհակալություն, հետո արդեն ուշ
է լինում,
իսկ դու
հասցրեցիր,- շարունակեց
տղամարդը հանգիստ
տեղավորվելով նստարանին:
Մի
պահ Գևորգը
կանգած մնաց:
«Քանի՞ անգամ
եմ ես
շնորհակալություն հայտնում
նրանց, ում
պետք է»:
-Երկու խնդրանք,
որից մեկը
մի փոքր
ժամանակն է:
- Գևորգի միտքը
կտրեց անծանոթը:
- Այդ ժամանակը…
Այն այնպես
է սլանում,
որ ընթացքի
մեջ կորցնում
ենք բոլոր
նրանց, ովքեր
մեզ թանկ
են:
Գևորգը
լուռ նստեց`
սպասելով, թե
ինչ է
լինելու հետո:
Տարեց տղամարդու
ամեն խոսքը
ստիպում էր,
որ մարմնով
դող անցնի,
սակայն միաժամանակ
դեռ փորձում
էր հիշողության
ամենահեռավոր անկյունները
փորփրելով հասկանալ,
թե ով
է այս
անծանոթը:
-Ժամանակի անցյալն
ու ապագան
միախառնվում են
հենց այս
պահին, այս
ակնթարթում: Պետք
է գործել
այս մեկ
ակնթարթով ու
անել հնարավորը,
որ հետո
չզղջաս: Ժամանակի
ու այդ
ամբողջ քաոսի
մեջ, որ
իրականում միայն
մեզ է
թվում քաոս,
մենք հայտնվում
են այնտեղ,
որտեղ պետք
է լինենք:
Պատահականություններ չեն
լինում, պարզապես
մենք հաճախ
ենք ամեն
դիպվածը պատահականություն անվանում:
«Հավանաբար դասախոս
է, այն
էլ փիլիսոփայության», - մտածեց
Գևորգը` վախենալով,
որ այս
դեպքում էլ
տարօրինակ անծանոթը
կկարդա իր
միտքը ու
կարծես թե
կարդաց:
Մի
պահ տղամարդը
լռեց ու
հայացքը հառեց
դիմացի նստարանին
նստած երիտասարդ
կնոջ ողղությամբ,
ով գրկի
երեխային նստեցնում
էր մանկասայլակի
մեջ:
-Անցյալը փոխել
չես կարող,
բայց ապագան
կարող ես
ներկայով: Այս
կնոջը հիմա
քո օգնությունն
է պետք:
Գևորգը
նայեց այն
ուղղությամբ, որ
հայացքով ցույց
տվեց տղամարդը:
-Հիմա նա
կքայլի փողոցի
ուղղությամբ: Նրան
պետք է
կանգնեցնել գոնե
մի քանի
վայրկյանով, ահա
և իմ
երկրորդ խնդրանքը:
Գևորգը
զարմացած նայեց
նրան, ցույց
տալով, որ
չհասկացավ խնդրանքի
բուն իմաստը:
Կինն
իսկապես սկսեց
քայլել փողոցի
ուղղությամբ ու
կանգ առավ
անցումի մոտ`
սպասելով, որ
լուսացույցի գույնը
փոխվի:
-Հենց հիմա՛.
հապաղել չի՛
կարելի, մինչև
լույսը փոխվի,-
գոչեց տղամարդն
ու Գևորգի
ձեռքից բռնելով
հրեց առաջ:
Տղան
մեքենայորեն մի
քանի քայլ
առաջ գնաց`
չհասկանալով ինչ
անել, սակայն
զգալով, որ
վտանգ կա:
Ի՞նչ վտանգ,
ումի՞ց:
Գրեթե
վազելով անցավ
մի քանի
անցորդների կողքով,
ապա կանգ
առավ ու
նայեց հետ:
Նստարանին միայն
իր ուսապարկն
էր մնացել:
Տղամարդն ասես
չքացել էր:
Գլուխը
պտտվեց մի
պահ: Թվաց`
այս ամենը
կրկին եղել
է, դեժավյու:
Նման զգացողություն միայն փոքր տարիքում
էր լինում,
այն էլ
ակնթարթի տեսքով,
իսկ հիմա
ասես ժամանակը
կանգ էր
առել, իսկ
ինքը գիտեր
ինչ է
լինելու հետո:
Նստարանին, որ
քիչ առաջ
նստած էր
տարեց տղամարդու
կողքին, կրկին
մարդ կար
նստած: Կապույտ
ուսապարկի կողքին
նստած էր
հենց ինքը:
Գիտակցությունը հրաժարվում
էր հասկանալ
այն, ինչ
կատարվում էր
շուրջն ու
իր հետ:
«Ես
այստե՞ղ եմ,
թե՞ այնտեղ»:
Հանկարծ ականջին
հասավ մեքենայի
խլացուցիչ ազդանշանի
ձայն: Այնուհետև
մի քանի
ազդանշաններ: Թեպետ
Գևորգը հիմա
ավելի մոտ
էր փողոցին,
բայց աղմուկը
գալիս էր
հակառակ կողմից,
այնտեղից, որտեղ
նստած էր
իր նմանակը:
Մի քանի
վայրկյան անց
աղմուկը դադարեց:
Փորձեց նայել
փողոցի կողմը:
Գլխում զրնգաց
տղամարդու ձայնը`
մինչև լույսը
փոխվի…
Կարմիրը
փոխվել էր
դեղինի ու
հիմա կվառվի
կանաչը:
Մանկասայլակով կինն արդեն իսկ
պատրաստվում էր
հատել փողոցը:
Նույն պահին
փողոցի մյուս
կողմից սև
գույնի մեքենան
մեծ արագությամբ
առաջ էր
սլանում, թեպետ
պետք է
որ կանգնած
լիներ: Միայն
այդ ակնթարթին Գևորգն
հասկացավ ինչ
կարող է
տեղի ունենալ:
Նորից
նույն ազդանշանը,
որ արդեն
լսել էր,
սակայն հիմա
տեսանելի էր
աղմուկի աղբյուրը:
Մեքենան, առանց
ընթացքը դանդաղեցնելու ու հոծ գիծը
հատելով, առաջ
էր սլանում`
ազդանշան տալով,
որ ճանապարհ
տան:
-Հե՛տ եկեք,-
բղավեց Գևորգն
ու առաջ
նետվեցի դեպի
կինը, ով
հայացքը հառել
էր մյուս
խաչմերուկից եկող
մեքենայի անսովոր
ձայնի ուղղությամբ:
Մեկ ակնթարթ
անց Գևորգն
արդեն ապշահար
կնոջ կողքին
էր ու
որքան ուժ
ուներ քաշեց
հետ: Բարեբախտաբար
կինն ամուր
բռնել էր
մանկասայլակը, որի
առաջին անիվներն
արդեն մայթեզրի
քարից այն
կողմ էին:
Կինն ու
մանկասայլակը մի
փոքր հեռացան
փողոցից:
Գևորգն
ստիպված էր
երկրորդ անգամ
կնոջը հրել,
այս անգամ
այնպիսի ուժով,
որ ինքն
հայտնվեց գետնին:
Անկառավարելի մեքենան
բախվելու էր
մայթեզրի սյանը,
վայրկյանից էլ
քիչ էր
մնացել:
Մեքենաների
նոր ազդանշաններին միացավ անիվների ճռռոցն
ու մարդկանց
ճիչը:
Գևորգը
տեսավ միայն
ինչպես սև
մեքենան մեծ
արագությամբ բախվեց հակառակ
ընթացքով կանգնած
մեքենաներից մի
քանիսին, ապա
հարվածից ուղղությունը
փոխելով սլացավ
դեպի մայթ:
Մեկ ակնթարթ
հետո, մեքենան
հասցել էր
կողաշրջվել, բայց
նույնիսկ այդպես
մեծ արագությամբ
սլանում էր
դեպի իրեն:
Գևորգը
փակեց աչքերը:
«Ահա և
վերջ»:
Մեքենան
բախվեց սյանն,
ու այն
գրեթե պոկելով,
բախվեց ծառերին:
Երբ
Գևորգը բացեց
աչքերը, շուրջն
ամեն ինչ
փոխվել էր:
Ամենուր քարի,
մետաղի ու
կոտրված ապակու
կտորներ էին:
Թանկարժեք մեքենայից
ոչինչ չէր
մնացել: Մի
քանի մետր
այն կողմ
երիտասարդ կինն
էր` գետին
ընկած: Մանկասայլակից լսվում էր երեխայի
ճիչը: Գևորգն
այնպես էր
հետ քաշել
կնոջը, որ
նա էլ
էր ընկել:
Բարեբախտաբար մեքենայից
բավական հեռու:
Գևորգը
նկատեց վարորդին,
ում արնոտ
ձեռքն անհույս
կախված էր
գլխիվայր շրջված
մեքենայի պատուհանից:
Մի քանի
անցորդներ օգնեցին,
որ Գևորգը
ոտքի կանգնի,
հարցնելով արդյո՞ք
չի վնասվել,
բայց Գևորգին
բնավ չէր
հետաքրքրում վանասվածք
ունի՞, թե՞
ոչ: Նրա
ուշադրությունը հիմա
գրավել էր
վթարված մեքենայի
վարորդը:
Իրեն
շրջապատած մարդկանց
հրելով` Գևորգը
մոտեցավ մեքենային:
Նա
չէր կարող
չճանաչել վարորդին:
Նա հենց
այն տղամարդն
էր, որ
քիչ առաջ
զրուցում էր
իր հետ:
Գևորգի
տեսողությունը մթագնեց,
մարմինն այնպես
ծանրացավ, որ
զգաց ինչպես
գլուխը խփեց
գետնին: Նրա
ականջին հասնում
էին մարդկանց
օգնության կանչերը:
-Ուշագնաց եղավ,
հեռո՛ւ տարեք,
ջո՜ւր, - բղավում
էին այս
ու այն
կողմից, սակայն
այդ ձայների
մեջ հստակ
տարբերվում էր
մեկ այլ
ձայն: Իրեն
արդեն ծանոթ
ձայնը, որ
կամաց շշնջում
էր` շնորհակալ
եմ, շնորհակալ
եմ…