Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2014-02-15

Ժամանակից մեկ ակնթարթ առաջ

Խմբագրեց Արամ Հովակիմյանը


Գևորգը նստարանից վեր կացավ ու հազիվ էր երկու քայլ արել, երբ դիմացը հայտնվեց այդ տարօրինակ անձնավորությունը: Նա կշարունակեր առաջ գնալ, եթե չզգար անծանոթի` իրեն ուղղված հայացքը: Չգիտես ինչու` գլուխը կախեց և ուսապարկն ավելի հարմար գցելով ուսին` առաջ անցավ, սակայն մի քանի քայլ անելուց հետո ստիպված եղավ կանգնել, երբ լսեց.
-Կանգնի՛ր մի պահ:
Հրամայական շեշտադրումն այնքան տարօրինակ թվաց, որ Գևորգն ակամա շրջվեց: Զարմացած շուրջը նայելովփորձեց հասկանալ` արդյո՞ք տղամարդն իր հետ է խոսում:
-Կներե՞ք, ինձ հե՞տ եք:
Գևորգին թվաց, որ մուրացիկներից մեկն է, որոնց կարելի է հաճախ տեսնել այս մարդաշատ վայրում:
«Հիմա նորից գումար կխնդրեն` երեխային օգնելու, հաց գնելու, կամ լավագույն դեպքում ծխախոտ կուզեն», - մտածեց Գևորգը, նայելով դիմացը կանգնած տղամարդուն, բայց հենց առաջին իսկ հայացքից հեռու վանեց այդ միտքը` նկատելով իր առջև կանգնած տղամարդու կոկիկ ու խնամված տեսքը: Նա ընդհանրապես մուրացիկի տպավորություն չէր թողնում:
Տղամարդու դեմքին տարօրինակ ժպիտ հայտնվեց:
-Ոչինչ էլ չեմ ուզում:
Զարմանքի երկրորդ ու առավել մեծ զգացումն ուղղակի ստիպեց Գևորգին բարձրաձայն ասել` հը՞ն:
-Ո՛չ գումար երեխային օգնելու համար, ո՛չ հաց գնելու, ո՛չ էլ ծխախոտ: Չեմ ծխում:
Եթե Գևորգն իրեն այդ պահին կողքից տեսներ, ապա հաստատ ձեռքով կբարձրացներ դունչը բերանը փակելու համար:
Մի քանի վայրկյան Գևորգը հնարավոր բոլոր հավանական ու անհավանական տարբերակներն էր փնտրում հասկանալու համար` արդյո՞ք իր տեսածն ու լսածն իրականություն է, թե՞ ոչ:
«Ես հաստատ բարձրաձայն չէի ասել ոչինչ»:
-Իսկ ի՞նչ եք ուզում, վերջապես կարողացավ խոսել Գևորգը:
-Ժամանակ:
Գևորգին երկրորդ անգամ պատեց զարմանքը:
 -Եվ վերադարձնել սա,- շարունակեց տղամարդը:
Գևորգն աչքերին չհավատաց, երբ անծանոթ տղամարդու ձեռքին տեսավ իր իսկ դրամապանակը: Մեկ քայլով մոտեցավ նրան, փորձելով հասկանալ, արդյո՞ք իրեն մեկնած դրամապանակը  հենց իրե՞նն է, ապա մեքենայաբար ձեռքը տարավ գրպանը: Այն իսկապես դատարկ էր:
-Այնքան էիր շտապում, որ գցեցիր ու չնկատեցիր:
-Շնորհակալ եմ:
Տղամարդու աչքերի մեջ տարօրինակ փայլ կար, որ ստիպում էր ակնդետ նայել ու անգամ Գևորգին թվաց, որ հիմա հիպնոսի մեջ կհայտնվի:
-Ինչպե՞ս կարող եմ շնորհակալությունս հայտնել,- ծանր լռությունը խախտեց Գևորգը:
Տղամարդու դեմքին այս անգամ հայտնվեց ավելի լայն ժպիտ:
-Ոչ մի կերպ: Սակայն երկու խնդրանք ունեմ, - շարունակեց տղամարդը` մեկնելով  դրամապանակը, որ դեռ իր ձեռքում էր, -առաջին հերթին մի փոքր ժամանակ, եթե կարող ես:
 Այս ցանկությունն ամենատարօրինակն էր, որ լսել էր Գևորգը երբևէ:
«Ես ժամանակը միշտ էլ առանց խնդրանքի «բաշխել» եմ, իսկ այս դեպքում, եթե այդ կերպ կարող եմ շնորհակալություն հայտնել այս անծանոթին, ապա ինչո՞ւ ոչ»:
-Մի փոքր ժամանա՞կ:
-Տարօրինակ է, չէ՞ անծանոթից նման խնդրանք լսել:
-Դե ամեն դեպքում դուք վերադարձրիք դրամապանակս, ու ես պետք է հայտնեմ իմ շնորհակալությունը:
-Դու արդեն հայտնեցիր,- արագ ընդհատեց անծանոթն ու առաջարկեց նստել մոտակա նստարանին, այն նստարանին, որին քիչ առաջ նստած էր Գևորգը:
«Ի՞նչ է ուզում այս մարդը»:
-Ժամանակ, - ցածրաձայն շշնջաց անծանոթը:
Տարօրինակ զգացողությունը վերածվեց սարսափի:
«Նա կարդո՞ւմ է իմ մտքերը, թե՞ ես սկսել եմ բարձրաձայն մտածել»:
-Հաճախ մենք մոռանում ենք ճիշտ պահին հայտնել շնորհակալություն, հետո արդեն ուշ է լինում, իսկ դու հասցրեցիր,- շարունակեց տղամարդը հանգիստ տեղավորվելով նստարանին:
Մի պահ Գևորգը կանգած մնաց:
«Քանի՞ անգամ եմ ես շնորհակալություն հայտնում նրանց, ում պետք է»:
-Երկու խնդրանք, որից մեկը մի փոքր ժամանակն է: - Գևորգի միտքը կտրեց անծանոթը: - Այդ ժամանակըԱյն այնպես է սլանում, որ ընթացքի մեջ կորցնում ենք բոլոր նրանց, ովքեր մեզ թանկ են:
Գևորգը լուռ նստեց` սպասելով, թե ինչ է լինելու հետո: Տարեց տղամարդու ամեն խոսքը ստիպում էր, որ մարմնով դող անցնի, սակայն միաժամանակ դեռ փորձում էր հիշողության ամենահեռավոր անկյունները փորփրելով հասկանալ, թե ով է այս անծանոթը:
-Ժամանակի անցյալն ու ապագան միախառնվում են հենց այս պահին, այս ակնթարթում: Պետք է գործել այս մեկ ակնթարթով ու անել հնարավորը, որ հետո չզղջաս: Ժամանակի ու այդ ամբողջ քաոսի մեջ, որ իրականում միայն մեզ է թվում քաոս, մենք հայտնվում են այնտեղ, որտեղ պետք է լինենք: Պատահականություններ չեն լինում, պարզապես մենք հաճախ ենք ամեն դիպվածը պատահականություն անվանում:
«Հավանաբար դասախոս է, այն էլ փիլիսոփայության», - մտածեց Գևորգը` վախենալով, որ այս դեպքում էլ տարօրինակ անծանոթը կկարդա իր միտքը ու կարծես թե կարդաց:
Մի պահ տղամարդը լռեց ու հայացքը հառեց դիմացի նստարանին նստած երիտասարդ կնոջ ողղությամբ, ով գրկի երեխային նստեցնում էր մանկասայլակի մեջ:
-Անցյալը փոխել չես կարող, բայց ապագան կարող ես ներկայով: Այս կնոջը հիմա քո օգնությունն է պետք:
Գևորգը նայեց այն ուղղությամբ, որ հայացքով ցույց տվեց տղամարդը:
-Հիմա նա կքայլի փողոցի ուղղությամբ: Նրան պետք է կանգնեցնել գոնե մի քանի վայրկյանով, ահա և իմ երկրորդ խնդրանքը:
Գևորգը զարմացած նայեց նրան, ցույց տալով, որ չհասկացավ խնդրանքի բուն իմաստը:
Կինն իսկապես սկսեց քայլել փողոցի ուղղությամբ ու կանգ առավ անցումի մոտ` սպասելով, որ լուսացույցի գույնը փոխվի:
-Հենց հիմա՛. հապաղել չի՛ կարելի, մինչև լույսը փոխվի,- գոչեց տղամարդն ու Գևորգի ձեռքից բռնելով հրեց առաջ:
Տղան մեքենայորեն մի քանի քայլ առաջ գնաց` չհասկանալով ինչ անել, սակայն զգալով, որ վտանգ կա: Ի՞նչ վտանգ, ումի՞ց:
Գրեթե վազելով անցավ մի քանի անցորդների կողքով, ապա կանգ առավ ու նայեց հետ: Նստարանին միայն իր ուսապարկն էր մնացել: Տղամարդն ասես չքացել էր:
Գլուխը պտտվեց մի պահ: Թվաց` այս ամենը կրկին եղել է, դեժավյու: Նման զգացողություն միայն փոքր տարիքում էր լինում, այն էլ ակնթարթի տեսքով, իսկ հիմա ասես ժամանակը կանգ էր առել, իսկ ինքը գիտեր ինչ է լինելու հետո: Նստարանին, որ քիչ առաջ նստած էր տարեց տղամարդու կողքին, կրկին մարդ կար նստած: Կապույտ ուսապարկի կողքին նստած էր հենց ինքը: Գիտակցությունը հրաժարվում էր հասկանալ այն, ինչ կատարվում էր շուրջն ու իր հետ:
 «Ես այստե՞ղ եմ, թե՞ այնտեղ»: Հանկարծ ականջին հասավ մեքենայի խլացուցիչ ազդանշանի ձայն: Այնուհետև մի քանի ազդանշաններ: Թեպետ Գևորգը հիմա ավելի մոտ էր փողոցին, բայց աղմուկը գալիս էր հակառակ կողմից, այնտեղից, որտեղ նստած էր իր նմանակը: Մի քանի վայրկյան անց աղմուկը դադարեց: Փորձեց նայել փողոցի կողմը: Գլխում զրնգաց տղամարդու ձայնը` մինչև լույսը փոխվի
Կարմիրը փոխվել էր դեղինի ու հիմա կվառվի կանաչը:
Մանկասայլակով կինն արդեն իսկ պատրաստվում էր հատել փողոցը: Նույն պահին փողոցի մյուս կողմից սև գույնի մեքենան մեծ արագությամբ առաջ էր սլանում, թեպետ պետք է որ կանգնած լիներ: Միայն այդ ակնթարթին  Գևորգն հասկացավ ինչ կարող է տեղի ունենալ:
Նորից նույն ազդանշանը, որ արդեն լսել էր, սակայն հիմա տեսանելի էր աղմուկի աղբյուրը: Մեքենան, առանց ընթացքը դանդաղեցնելու ու հոծ գիծը հատելով, առաջ էր սլանում` ազդանշան տալով, որ ճանապարհ տան:
-Հե՛տ եկեք,- բղավեց Գևորգն ու առաջ նետվեցի դեպի կինը, ով հայացքը հառել էր մյուս խաչմերուկից եկող մեքենայի անսովոր ձայնի ուղղությամբ: Մեկ ակնթարթ անց Գևորգն արդեն ապշահար կնոջ կողքին էր ու որքան ուժ ուներ քաշեց հետ: Բարեբախտաբար կինն ամուր բռնել էր մանկասայլակը, որի առաջին անիվներն արդեն մայթեզրի քարից այն կողմ էին: Կինն ու մանկասայլակը մի փոքր հեռացան փողոցից:
Գևորգն ստիպված էր երկրորդ անգամ կնոջը հրել, այս անգամ այնպիսի ուժով, որ ինքն հայտնվեց գետնին: Անկառավարելի մեքենան բախվելու էր մայթեզրի սյանը, վայրկյանից էլ քիչ էր մնացել:
Մեքենաների նոր ազդանշաններին միացավ անիվների ճռռոցն ու մարդկանց ճիչը:
Գևորգը տեսավ միայն ինչպես սև մեքենան մեծ արագությամբ բախվեց  հակառակ ընթացքով կանգնած մեքենաներից մի քանիսին, ապա հարվածից ուղղությունը փոխելով սլացավ դեպի մայթ: Մեկ ակնթարթ հետո, մեքենան հասցել էր կողաշրջվել, բայց նույնիսկ այդպես մեծ արագությամբ սլանում էր դեպի իրեն:
Գևորգը փակեց աչքերը:
«Ահա և վերջ»:
Մեքենան բախվեց սյանն, ու այն գրեթե պոկելով, բախվեց ծառերին:
Երբ Գևորգը բացեց աչքերը, շուրջն ամեն ինչ փոխվել էր: Ամենուր քարի, մետաղի ու կոտրված ապակու կտորներ էին: Թանկարժեք մեքենայից ոչինչ չէր մնացել: Մի քանի մետր այն կողմ երիտասարդ կինն էր` գետին ընկած: Մանկասայլակից լսվում էր երեխայի ճիչը: Գևորգն այնպես էր հետ քաշել կնոջը, որ նա էլ էր ընկել: Բարեբախտաբար մեքենայից բավական հեռու:
 Գևորգը նկատեց վարորդին, ում արնոտ ձեռքն անհույս կախված էր գլխիվայր շրջված մեքենայի պատուհանից: Մի քանի անցորդներ օգնեցին, որ Գևորգը ոտքի կանգնի, հարցնելով արդյո՞ք չի վնասվել, բայց Գևորգին բնավ չէր հետաքրքրում վանասվածք ունի՞, թե՞ ոչ: Նրա ուշադրությունը հիմա գրավել էր վթարված մեքենայի վարորդը:
Իրեն շրջապատած մարդկանց հրելով` Գևորգը մոտեցավ մեքենային:
Նա չէր կարող չճանաչել վարորդին: Նա հենց այն տղամարդն էր, որ քիչ առաջ զրուցում էր իր հետ:
Գևորգի տեսողությունը մթագնեց, մարմինն այնպես ծանրացավ, որ զգաց ինչպես գլուխը խփեց գետնին: Նրա ականջին հասնում էին մարդկանց օգնության կանչերը:
-Ուշագնաց եղավ, հեռո՛ւ տարեք, ջո՜ւր, - բղավում էին այս ու այն կողմից, սակայն այդ ձայների մեջ հստակ տարբերվում էր մեկ այլ ձայն: Իրեն արդեն ծանոթ ձայնը, որ կամաց շշնջում էր` շնորհակալ եմ, շնորհակալ եմ



Комментариев нет:

Отправить комментарий