Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2014-05-20

Անհաս մի աշխարհ



Այնտեղ` հորիզոնի ծայրից այն կողմ, ուր ճամփա չկա,
Ուր աստղերն են ժպտում և Արևը մոտ է այնքան,
Կա հրաշք անկյուն, հեքիաթային մի անհաս աշխարհ,
Որտեղ եղել ենք ամենքս` երեկ, կամ էլ շատ վաղուց...

Այնտեղ այնքան գույներ կան բազում, անկեղծ ժպիտներ,
Կա գուրգուրանք, սեր, ջերմություն, հրաշքնե՜ր անթիվ.
Պետք է մեկ վայրկյան առաջ այնտեղ կրկին մեկնել,
Բայց ինչպե՞ս, ասեք մարդի՛կ, գուցե դուք իմանաք...

Ես այնտեղ գնալ եմ ուզում` աշխարհը գունեղ տեսնելու,
Այնտեղ թողած ընկերներիս գտնելու, կրկին նրանց գրկելու.
Այնտեղ ամենն ասես հրաշքով էր լեցուն, մեծ հավատով,
Հիմա ոչինչ չկա, միայն հիշողություն` պատված շղարշով...

Այնտեղ երազներն են գուներանգ և այնպես հեզիկ շրջում,
Ու կան իրականացող հրաշքով լի երազանքներ բազում
Այնտեղ` ամենքիս հեքիաթներն են թաքնված պահվում:
Այդպես էլ չիմացա՞ք, նրան Մանկություն են կոչում...

Դե՛ ասեք, մարդիկ, կորցրել եմ այնտեղ տանող ճամփան,
Օգնեք գտնել  իմ գույների աշխարհը մանկության,
Մի՞թե այդպես էլ չկա ճանապարհ այնտեղ ինձ տանող,
Ո՞ւր եմ շտապում ես էլ ձեզ պես, հակառակ ուղղությամբ...

-Ետ նայիր, որդիս,- դիմեց ծերունի պապս ինձ հանկարծ,-
Մենք բոլորս էլ գալիս ենք այնտեղից ու ավելի հեռանում:
Ամեն քայլի և վայրկյանի հետ թողնելով հիշողություն`
Միակ քարտեզը, որ տանում է մեզ այնտեղ` Մանկություն...

Մենք էլ  չենք լինի այնտեղ կրկին, բայց կմնան միայն
Անգին հուշեր, պահիր, պահպանի՜ր  ու գնահատիր:
Դրանք միակ միջոցն են այնտեղ հեքիաթի թևով թռչելու,
Իսկ հիմա առաջ քայլիր, բազում ճամփաներ քեզ են սպասում....


Комментариев нет:

Отправить комментарий