Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2016-12-24

Հետ հայացք դեպի 2016 թվական



Տարին մոտենում է ավարտին և ահա եկել է այն գնահատելու, արժեվորելու, ճանապարհելու և գալիք տարվա անելիքները հստակեցնելու պահը:
Տարին բարդ էր ու միաժամանակ ձեռքբերումներով հարուստ: Հպարտ եմ, որ կարողացել եմ հասնել այն հիմնական նպատակներին, բայց այնուամենայնիվ շատ հարցերում եմ թերացել, սխալվել եմ, հաճախ եղել առավել քան սառը, ինչպես սառույցը, հաճախ հոգումս բորբոքել մի ողջ արև: Հուզմունքի, երջանկության, հուսահատության, վերելքի հույզերի ողջ գունապնակով է լցվել հոգիս յուրաքանչյուր օրվա ընթացքում, և այդ կերպ ստիպել գնահատել ամենը, անգամ բաժանումն ու ցավը, երջանկության ակնթարթներն ու տխրության պահերը: Հասկացել եմ՝ հաճախ մարդիկ այնպիսին չեն լինում, ինչպիսին նրանց պատկերացնում ենք: Այնպես որ մի վերագրեք նրանց հատկանիշներ, որոնք կուզեիք կամ կարծում եք, որ պետք է ունենային: Պարզապես գնահատեք այն, ինչն արդեն տեսել եք...
Հաճախ հպարտությունս թույլ չի տվել ներել, բայց սովորել եմ ներել ու բաց թողնել, հաճախ երջանկության հուշերը մի ակնթարթում դարձել են տխրության պահեր, կործանվել են հարազատ մարդկանց հետ կապող կամուրջները, բայց այս ամենն ավելի ուժեղ են դարձրել ինձ...
Անցել եմ շատ դժվարությունների միջով, հաճախ գերագնահատել ու շատ հարցերում թերագնահատել ինքս ինձ, կարեկցանքի փոխարեն՝ անտեսել, իրականն ու արժեքավորը՝ արժեզրկել, վանել լավը, եղել անհանդուրժող, ու այս ամենը գիտակցելով, ինքս ինձ հարցրել ու փնտրել պատճառներ: Եվ ի՞նչ եք կարծում, մեղավորներ գտնվե՞լ են: Այո՛, բայց միայն մեկը՝ ես... 
Իմ խնդիրները փորձելով ինքս լուծել՝ ավելի ամուր եմ կանգնել, ավելի վճռական ու պայքարի ոգով տոգորվել: Անցնելով ամենի միջով՝ հասել եմ այն գիտակցության, որ կյանքում ցավի ու տառապանքի դեմ կա մեկ միջոց՝ պայքար, պայքարել հանուն...
Պայքարել եմ հանուն լուսավորի, բարու, արդարության, թեպետ ավելի կարծրացած սրտով եմ նայել անարդարություններին, սակայն երբեք թույլ չեմ տվել դրանց տեղ գտնել իմ հոգում: 
Ժամանակն ամեն ինչ փոխում է. հաճախ հարազատ մարդկանց միմյանցից բաժանում, իսկ մտերիմներին դարձնում պարզապես ծանոթ... Փոխվում են անգամ մարդիկ. դառնում օտար, անտարբեր: Սակայն անցյալում հարազատ, իսկ ներկայում պարզապես ծանոթ մարդկանցից ես պահում եմ մի գեղեցիկ հուշ: Նրանց ես պատկերացնում եմ ժամանակից անկախ ու չփոփոխվող իմ հուշերում. որտեղ նրանք հարազատ են ու անգին և անկախ նրանից թե ինչպիսին են հիմա, նրանք իմ հուշերում կմնան հենց այդպիսին` հարազատ ու անգին...
 Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել, աջակցել, թիկունք կանգնել և հիմա էլ իմ կողքին են, իսկ անցյալում են բոլոր նրանք, ովքեր չկան ներկայում և չեն լինի ապագայում:

Թողնելով ամենն անցյալում մաղթում եմ խաղաղության, ներդաշնակության, առողջության, բարեկեցության, նորանոր ձեռքբերումների, հաջողություններ և ամենակարևորը երջանկության, ցանկությունների, երազանքների իրականացման տարի... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...


Комментариев нет:

Отправить комментарий