Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2012-07-15

Աստվածային սերն այդ


Մշո դաշտը կրկին մշուշով էր պատվել: Ամեն երեկո այստեղ կարելի էր տեսնել բյուր խարույկներ, որ մշուշի միջից կայծկլտում էին, բայց մառախուղն այնքան թանձր էր, որ մի քանի քայլ այն կողմ ոչինչ  չէր երևում: Ասում էին` հենց այդ մշուշի քողով փաթաթված հայոց Աստղիկ դիցուհին շրջում է Արածանիի ափերով և իր ողջ գեղեցկությունը մահկանացուներից քողարկում ամպերի ու մառախուղի քողի տակ: Որքան շատ էին խարույկները, այնքան շատ էին քաջ կտրիճները, ովքեր երկար ճանապարհ էին կտրել այստեղ հասնելու համար, այն հույսով, որ գոնե մեկ ակնթարթ կտեսնեն սիրո և գեղեցկության դիցուհուն: Սակայն Աստղիկին տեսնել ոչ բոլորն էին կարող: Չքնախ դիցուհին իր հավերժահարսերի հետ հաճախ էր զբոսնում Մշո դաշտով ու ամեն անգամ ողջ  Տարոնը պարուրում անթափանց մշուշով: Երբ  մեգն ու մառախուղը  լեռներից իջնում  էին հովիտ ու Արածանին փրփրում էր ջրերն իր, ուրեմն Աստղիկը լողանում էր: Սիրահար քաջերը զուր էին փորձում հիանալ Աստղիկի գեղեցկությամբ, ոչ ոք նրան չէր կարող տեսնել, բացի մեկից` ուժի ու հաղթանակի աստված Վահագնից:

Աստղիկը Սերն էր ասես: Նա սիրով էր լցնում մարդկանց սրտերը, բնությունը, արարում բարին ու գեղեցիկը: Նրա տարածած սիրո շնորհիվ վարդերն էին ծաղկում ու սիրո բուրմունքով արբեցնում բոլորին: Աստղիկն ամենասիրված աստվածուհիներից մեկն էր: Նրան սիրում էին և աստվածները, և հասարակ մարդիկ:  Նա բարության,  գեղեցիկի  ու սիրո մարմնավորումն էր,  երջանկության խորհրդանիշն ու աստվածային գեղեցկություն և սեր շնորհողը: Աստվածուհու ամենասիրած ծաղիկը վարդն էր: Որտեղ էլ նա լիներ, շուրջը վարդեր էին բացվում, սերն ու գեղեցկությունը նրա բարակիրան մարմնից դուրս էին հորդում ու լցնում ողջ բնությունը, ապա ներխուժում մարդկանց սրտերը ու ստիպում սիրել` բարուն, գեղեցկին:
Վարդի թերթիկներով լցված Արածանիի ջրերը պատրաստ էին իրենց փրփուրներով պատել չքնախ դիցուհու մարմինը, բայց վարդի ցողից կարված կիսաթափանց ու մետաքսի նուրբ թելերով հյուսված զգեստը շարունակում էր զարդարել Աստղիկի աստվածային մարմինը: Արածանիի փերիները նրա շուրջն էին պտտվում, իսկ Աստղիկի հայացքն հեռուն էր, այնտեղ, ուր սկսվում էր Լեռնապարը: Այնտեղից պետք է գար նա, ում համար ինքն իր ողջ սերն էր պատրաստ տալ: Նա իր սերն էր, սիրո ուժի աղբյուրը, հանուն լույսի պայքարողն ու լույսի մարտիկը, նա Հայոց Վիշապաքաղ Վահագն աստվածն էր ու նրանն էր իր ողջ սերը, ու հենց այդ սիրուց Վահագնը նոր ուժ էր գտնում պայքարելու: Բայց առանց Վահագնի իր սերն այն սերը չէր լինի, որը պետք էր ողջ Տիեզերքին անեզր: Առանց Վահագնի իր սերն անզոր էր մարտնչելու դաժանության ու անտարբերության դեմ, որ համակում էին մարդկանց սրտերն ու խավարով պատում հոգին:
Սերն ու գեղեցկությունը մարդկային կերպարանքով շրջում էր հիմա Արածանիի երկայնքով, հայացքը հառած հեռուները: Հիմա կգա նա, իր փրկիչն ու Սիրո ուժը: Նա, ով ազատեց իրեն Վիշապի ճանկերից ու Սերը նորից մարդկանց նվիրեց:
Հեռվում մի լույս փայլեց, բայց այն խարույկի լույս չէր, այլ կայծակ: Դիցուհու դեմքին խաղաց ժպիտը: Այդ նա էր, Վիշապաքաղ Վահագնը: Նա գալիս էր:
Երկնքում ամպերը վառ լուսավորվեցին, բոցավառվեցին ու  հենց նրանց միջից դուրս եկավ Վահագնը: Երկու Աստվածներ մոտեցան միմյանց ու շուրջը լռություն տիրեց, բնությունը  լռությամբ և ամպի քողով շղարշեց սիրահար աստվածների հանդիպումը, hզոր Վահագնի ու նրբագեղ Աստղիկի, Սիրո ու Կրակի:
Առվակներն ու գետերը ջուր շաղեցին, իսկ ծաղիկներն իրենց թերթերը ջրին հանձնեցին: Ամենուր տարածվեց ծաղկի բույրը: Արևը շուտով լույս կսփռի ու հասարակ մահկանացուները վարդի թերթիկներով  աստվածային ջուրը կցայեն ամենուր` տարածելով աստվածային սերն ու գեղեցկությունը անծիր երկնքում, աշխարհում և իրենց սրտերում…

Комментариев нет:

Отправить комментарий