Արդեն
մի քանի օր է, ինչ Երևանում շարունակվում են տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ուղղված
լայնամասշտաբ ակցիաները, անգամ մի քանի ակտիվիստների ձերբակալումից հետո, եիտասարդների
պայքարը չթուլացավ: Տրանսպորտային ընդվզման մեկ օրվա քրոնիկոնը:
Մայրաքաղաքում լարված իրավիճակ է: Մի քանի տասնյակ
կանգառասրահներում երիտասարդները պաստառներով և 100 դրամ վճարելու կոչերով են դիմավորում
քաղաքային տրանսպորտի մեքենաներին: Պայքարը սակայն միայն այդ կերպ չի ավարտվում: Բազմաթիվ
քաղաքացիներ իրենց անձնական մեքենաներով մոտենում են կանգառասրահներում կանգնած մարդկանց
և առաջարկում անվճար տեղափոխել այս կամ այն վայրը, ուր իրենք ուղևորվում են:
«Նման կերպ փորձ է արվում գծատերերին հասկացնել,
որ գնի թանկացման դեպքում իրենք միայն վնաս են կրելու»,- մեզ հետ զրույցում նշեց ակտիվիստներից
մեկը և հավելեց, որ այս պայքարը բավականին արդյունավետ է ու իրենց միացել են ոչ միայն
քաղաքացիներ, ովքեր ունեն մեքենա, այլև հանրությանը հայտնի մարդիկ` երգիչներ, դերասաններ…
Պետք է ավելացնել, որ բողոքի ակցիաներ էին անցկացվում
նաև քաղաքապետարանի, կառավարության և նախագահի նստավայրի մոտ:
Դեռ օրվա սկզբին արդեն իսկ բաժին բերման էին
ենթարկվել չորս ակտիվիստներ: Ցուցարարների մի մասը շարժվեց ոստիկանություն` պահանջելու
ազատ արձակել ակտիվիստներին, սակայն ոստիկանության բաժանմունքի մոտ, առանց որևէ բացատրության
ևս երկու հոգու ձերբակալվեցին, ինչը դարձավ քաշքշուկի պատճառ: Այդ նույն պահին քաղաքի
տարբեր կանգառասրահներում շարունակվում էր «պայքարը» և հանրային իրազեկման կոչերը`
վճարել 100 դրամից ոչ ավել, մի հարստացրեք գծատերերին և այլն
«Ոստիկանության նման քայլերը շեղելու, և ցուցարարների
վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում»,- նշեց մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից:
Բանակցությունները Երևանի ոստիկանապետի և փոխոստիկանապետի
հետ բավական լարված էին ընթանում, սակայն ի վերջո ոստիկանությունը ազատ արձակեց ակտիվիստներին:
Բերման ենթարկված Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն բերման են ենթարկել առավոտյան 10:30-ի սահմաններում իր տան բակից:
«Ինձ հրավիրեցին զրուցելու, որը հետո դարձավ քրեական գործ ոստիկանին ծեծելու համար»,- նշեց Մաքսիմ Սարգսյանը: Այն հարցին թե ինչպես են վերաբերվել իրեն, ասաց որ խնդիրներ չի եղել, բայց ինքը հրաժարվել է խոսել առանց իր փաստաբանի, քանի որ ոչ մի կերպ դիմադրություն ցույց չի
տվել ոստիկաններին:
Մեկ այլ ակտիվիստ Վահե Մելքոնյանին ևս բերման
էին ենթարկել նախորդ օրը ոստիկանին դիմադրություն
ցույց տալու համար, սակայն ինչպես պարզվել էր ինքը նախորդ օրը ցուցարարների շարքերում
չէր եղել:
Ցուցարարները ոստիկանությունից շարժվեցին դեպի
կանգառասրահներ:
Լրագրող, հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը,
ով միացել է ակցիային և իր մեքենայով անվճար տեղափոխում է երևանցիներին, լրագրողների
հետ զրույցում նշեց.
«Պատահական գծատերեր չկան, բոլորը մեծահարուստներ
են և քաղաքական գործիչներ»,- ավելացնելով, որ երիտասարդների ձերբակալությունն անհիմն
է.
«Այսինքն, եթե երիտասարդը պայքարող է, ուզում
է մի բան փոխել, ուրեմն պետք է ձերբակալել, իսկ եթե է քծնող է ու կրծքանշանը քծնանքով
կախում է, պետք է խրախուսել: Սա՞ է ուզում հասկացնել պետությունն ու ոստիկանությունը»,-
հավելեց Պետրոս Ղազարյանը:
Փորձեցինք զրուցել համար 7 երթուղային ավտոբուսի
վարորդի հետ, սակայն տեսնելով ցուցարարներին, ովքեր ուղևորներին կոչ էին անում վճարել
100 դրամ, զայրացավ կանգնեցրեց մեքենան և պահանջեց, որ բոլորն իջնեն` ինքն էլ չի քշում:
Ուղևորները պահանջեցին, որ վարորդը շարունակի երթը, իրենք կվճարեն, բայց միայն 100
դրամ:
Վարորդն էլ ավելի զայրանալով դիմեց փողոցում
կանգնած ոստիկանության մայորին, նշելով թե խանգարում են իր աշխատանքը: Ոստիկանը պատասխանեց,
որ չի տեսնում հակաօրինական գործողություն,
ոչինչ չի կարող անել:
Այն հարցին թե ինչու իր վերադասին տեղյակ չի
պահում, որ ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամ, վարորդը զայրացած պատասխանեց,
որ գծի տերը մեղք չունի, իրենից էլ են հարկ ուզում և սիրուն չի, որ քաղաքացին օգտվում
է ծառայությունից, բայց չի վճարում ամբողջ գումարը:
«Թող էդ դեպքում ոչ մեկ չնստի, ես էլ ասեմ,
որ ուղևոր չկա, չեն նստում մարդիկ, ոչ թե նստեն ու քիչ վճարեն», - նշեց վարորդն ու
իջեցնելով բոլոր ուղևորներին` իր ասելով մեքենան քշեց դեպի կայանատեղի:
Այս խնդրի շուրջ փորձեցինք զրուցել նաև համաքաղաքացիների
հետ:
«Դեռ պետք է մի բան էլ էժանացնեն, թե չէ ի վիճակի
չենք վճարելու», - ասաց մեծահասակ տղամարդը` ավելացնելով, որ շատ ճիշտ են անում երիտասարդները,
որ պայքարում են:
«Ես էլ այսօր ուժ ստացա երիտասարդներից և վճարեցի
100 դրամ, բայց ցավալի է, որ կան 150 դրամ վճարողներ այն դեպքում, երբ դեռ այս որոշումը
օրինական և հաստատված չէ»,- նշեց մեծահասակ մի տիկին, իսկ մեկ այլ քաղաքցի նշեց` ով
հանրապետականին ընտրել է, նա էլ թող ավել վճարի:
Ցուցարարներն ու ակտվիստները խոստանում են շարունակել
պայքարը մինչև խնդրի կարգավորումը: Օրի օրի նրանց շարքերն ավելանում են, որը պետք է
ստիպի քաղաքային իշխանություններին վերանայել տրանսպորտի սակագինը` խնդրին համապատասխան
լուծում տալու համար:
Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը: