Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-09-08

Վտանգված է սիրիահայ համայնքի գոյությունը


Սիրիահայ Հակոբ Բժյանը բնակություն է հաստատել Երևանում և այլևս չի պատրաստվում մեկնել իր ծննդավայր Հալեպ, քանի որ քաղաքացիական պատերազմը վտանգում է Սիրիայում գտնվող յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իսկ այստեղ ինքն, իր երեք եղբայրներն ու մայրն ապահով են:

Երեսուներեքամյա Հակոբը ընտանիքի անդամների հետ Հալեպում զբաղվել է կահույքագործությամբ` աշխատելով սեփական արհեստանոցում, սակայն պատերազմի հետևանքով ավելի քան երկու հարյուր հազար դոլարի վնաս է կրել` այնտեղ թողնելով ողջ անշարժ և շարժական գույքը: Նրա պնդմամբ այս պահին Սիրիայում չի գործում ոչ հեռախոսակապ, ոչ համացանց և անգամ սնունդ հնարավոր չէ հայթայթել, քանի որ բոլոր ճանապարհները փակ են: Հակոբի կարծիքով հայ համայնքի մոտ կեսից ավելին հեռացել է Սիրիայից` դրանով իսկ վտանգելով հայ համայնքի դարավոր գոյությունը: Հակոբը նշեց, որ վերջերս կարճ ժամանակով այցելել է Սիրիա և ականատես լինելով վերջին իրադարձություններին, վստահ է, որ արտաքին հարձակումն ու  նախագահ Ասադի հեռացումը խնդրի լուծում չի կարող լինել, և իրադարձությունների նման զարգացման դեպքում ազգային փոքրամասնությունների միջև պայքարի հետևանքով առաջացած ճգնաժամը էլ ավելի կխորանա:
Տեղափոխվելով Հայաստան` ընտանիքը ստիպված էր հաղթահարել մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ: Սիրիահայ հայրենադարձը փաստեց, որ Հայաստանում աշխատանք գտնելը հեշտ է այն սիրիահայերի համար, ովքեր ունեն որևէ արհեստ, հակառակ դեպքում աշխատանք չկա, եղածն էլ սեզոնային և ցածր վարձատրվող: Սիրիայում մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը աշխատավարձը համեմատաբար բարձր էր թվում սննդամթերքի գների ցածր լինելու պատճառով, իսկ Հայաստանում մեկ հոգու աշխատավարձով չես կարող ընտանիք պահել:
«Ամիսը չորս հարյուր դոլարով չի կարելի ընտանիք պահել: Երեք հարյուր դոլարը վարձ տալիս ես՝ մնում է հարյուր դոլար: Մենք չորս եղբայր կաշխատենք, որ կարողանանք ընտանիք պահել» - նշում է Հակոբը և կարևորում, որ ամեն դեպքում այստեղ ապահով են, իսկ մնացած խնդիրները կլուծվեն իր աշխատասիրության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում:
Իրենց ընտանիքը մի շարք խնդիրների հաղթահարման հարցում այդքան էլ դժվարությունների չի հանդիպել, քանի որ օգնության են հասել իրենց բարեկամները, սակայն նույնը չի կարող ասել այլ սիրիահայ ընտանիքների մասին, որոնք գալով Հայաստան, այնուհետև կրկին հեռացել են ուրիշ երկիր: Շատերն էլ Սիրիայից անմիջապես մեկնում են ԱՄՆ, Իրան, եվրոպական երկրներ, որի արդյունքում նրանց կապը թե՛ Հայաստանի, և թե՛ Սիրիայի հետ կորչում է:
 Հակոբն այս պահին ժամանակավոր աշխատանք է կատարում: Ապագայում ցանկություն ունի կահույքի արհեստանոց բացել և անցնել այն աշխատանքին, որով զբաղվում էր Հալեպում, սակայն անհրաժեշտ գումար այս պահին չունի: Հայաստանում հիմնական խնդիր է համարում քաղաքացիության և գրանցման խնդիրները: Հայաստանում  գրանցումը բնակարանների հասցեների վրա դժվարությամբ է կատարվում, անգամ բնակարանի երկարատև վարձակալման դեպքում սեփականատերը չի ցանկանում գրանցել, որի արդյունքում մի շարք դժվարություններ են առաջանում՝ բանկային հաշիվների կառավարման, անգամ հասարակ բջջային հեռախոսի քարտ գնելու դեպքում: Կառավարության ընձեռած մի շարք արտոնությունների շրջանակում ընտանիքի անդամները ստացել են անվճար բուժօգնություն: Դպրոցական երեխաներ թեպետ իրենց ընտանիքում չկան, սակայն իր մորեղբոր երեք երեխաներն արդեն կարողացել են յուրացնել արևելահայերենն ու հարմարվել դպրոցական պայմաններին:
Հակոբն այլևս ցանկություն չունի վերադառնալ Սիրիա: Իրադրության կարգավորումից հետո կմեկնի Հալեպ՝ ունեցվածքը վաճառելու և Հայաստան վերադառնալու համար, քանի որ կարծում է` մինչ պատերազմի ավարտը կհասցնի հարմարվել Հայաստանի պայմաններին, իսկ հետո գնալով Սիրիա, ստիպված կլինի ամեն ինչ նորից սկսել:  Կրկին Հալեպում հաստատվելը անհնարին  համարելով` Հակոբը կարծում է, որ հաճախորդներ չի ունենա և հատկապես չի լինի այն խաղաղությունն ու վերաբերմունքը, որը կար հայերի նկատմամբ մինչ քաղաքացիական պատերազմի սկսվելը:

Комментариев нет:

Отправить комментарий