Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-11-30

Այլևս երբեք

Խմբագրեց Արամ Հովակիմյանը
Արևի շողերը կորան հորիզոնում: Ամառվա տապին փոխարինեց երեկոյի զով քամին ու սկսեց խաղալ վարագույրի հետ: Փոքրիկ խոհանոցի դռան մոտ նստած դեռատի կինը կարծես չէր էլ նկատում ո՛չ քամուց փողփողող վարագույրը, որ փորձում էր ամեն կերպ դուրս պրծնել բաց պատուհանից, ո՛չ էլ իրեն պարուրած մթությունը: Ականջներում դեռ լսվում էր ամուսնու ահասարսուռ ձայնը` անառա՜կ, անառա՜կ…
Լավ է, գոնե երեխան այս անգամ տանը չէր, ու հերթական անգամ չտեսավ ինչպես է հարբած հայրը  բռունցքներով հարվածում մորը:
Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ Մարինեն վախից կուչ էր եկել փոքրիկ աթոռակին: Ոտքերն այլևս չէր զգում: Հին կապտուկների կողքին նորերն էին առաջացել: Ամուսնու աքացիները առաջինը ոտքերին էին հասնում, հետո գործի էր դնում ձեռքերը` արդեն դեմքին հարվածելու համար: Իսկ այսօր՝ անգամ դանակը: Ուսին ստացած վերքից արյունը կարծես դադարել էր, բայց ցավը` ոչ:
Մարինեի գլխում նորից նույն հարցն էր: «Որտե՞ղ եմ սխալվել, ո՞րն է իմ մեղքը»,- բայց պատասխան չէր գտնում արդեն  մի քանի տարի շարունակ:
Մարինեն ու Արտեմն ամուսնացել էին հինգ տարի առաջ: Պատահական հանդիպում, ծանոթություն և  մտերիմ հարաբերություններ: Մարինեն Արտեմին սիրել էր ամբողջ սրտով, ու երբ Արտեմն օրերից մի օր ամուսնության առաջարկ էր արել, միանգամից համաձայնությունը տվել էր` անգամ կիսատ թողնելով ուսումը: Ամեն ինչ սկսվեց ամուսնությունից մեկ տարի անց: Նոր ու գայթակղիչ աշխատանքի առաջարկը ստիպեց Արտեմին թողնել մշտական գործն ու միանալ վաղեմի ընկերոջը: Հենց նույն օրն էլ Արտեմը տուն եկավ ալկոհոլի ազդեցության տակ ու այնուհետ նման իրավիճակները դարձան շարունակական: Մարինեն վստահ էր, այստեղ միայն ալկոհոլը չէր, վերջերս  նկատել էր, որ Արտեմի մոտ անգամ թմրանյութեր կան: Ցանկացած դիմակայություն ավարտվում էր ծեծով: Մարինեն պարտավոր էր ծպտուն չհանել, հակառակ դեպքում ծեծն ավելի ուժգին կլիներ: «Իսկ սե՞րը,- հաճախ հարցնում էր ինքն իրեն Մարինեն,- ո՞ւր կորավ սերը»: Մարինեն հավատալ չէր կարողանում, որ Արտեմը այն նույն մարդն է, որին սիրել է տարիներ առաջ: Երբ սթափվում էր, լսել չէր ուզում արածների մասին, բայց տեսնելով Մարինեի մարմնի կապտուկները, ներողություն էր խնդրում, սակայն երկու օր հետո նորից նույնը: Արտեմի գրպանում միշտ գումար կար, այն էլ բավականին շատ, բայց Մարինեն ոչ մի լումա այդ գումարից չէր տեսնում: Գումարներն անհասկանալի գալիս էին ու գնում:
«Ի՞նչ անել, այս իրավիճակից դուրս գալու համար»: Այս հարցը ամեն անգամ տալիս էր իրեն, բայց պատասխան չկար: Միակ հարազատը քույրն էր, որի օգնությանն էլ ամեն անգամ դիմում էր:
Քաղաքային հեռախոսի ուժեղ զանգն ուշքի բերեց Մարինեին: Մթութան մեջ խարխափելով որքան հնարավոր է շուտ հասավ ու բարձրացրեց լսափողը: Վախվորած հայացք գցեց ննջարանի ուղղությամբ, վստահ լինելու համար, որ Արտեմը քնած է ու նոր միայն խոսեց.
-Ալո:
-Մարի՞ն, ո՞նց ես,- լսվեց Լուսինեի հուզված ձայնը,- ես էլ սպասում էի որ գաս Անուշիկի հետևից:
-Կլինի՞ այսօր մոտդ մնա, վաղն առավոտյան կգամ, - ցածրաձայն խոսեց Մարինեն:
Լուսինեն Մարինեի հարազատ քույրն էր ու անմիջապս հասկացավ, որ մի բան այն չէ: Նա լավ գիտեր, որ Մարինեն հաճախ չէր խոստովանում այն  խնդիրների մասին, որոնք կային իր ու Արտեմի միջև: Ամեն անգամ համոզում էր քրոջը ամուսնալուծվել, վերցնել երեխային ու հեռանալ Արտեմից, բայց Մարինեն պնդում էր, որ նման քայլի չի կարող գնալ և երեխային չի կարող իր հետ փողոց հանել:
-Ի՞նչ է պատահել, Մարին,- Լուսինեի ձայնն ավելի վախեցած երանգ ընդունեց:
-Ոչ մի բան չի եղել, գործով էի ընկել, չնկատեցի մութն ինչպես ընկավ:
-Արտեմը տա՞նն է:
-Հա, քնած է:
-Ես հիմա կգամ ու Անուշիկին հետս կբերեմ…
-Չէ, չէ, -շտապեց ընդհատել քրոջը Մարինեն, - լավ կլինի մնա, ես վաղը կգամ ու կբերեմ տուն:
-Նորից նա է մեղավոր, չէ՞, նորից կռի՞վ է արել:
-Ասում եմ արդեն քնած է: Տուր հեռախոսն Անուշիկին` երկու բառ ասեմ:
Վայրկյաններ անց Մարինեն լսեց դստեր ձայնը:
-Մա՞մ, ե՞րբ ես գալու:
-Վաղը կգամ, դու այսօր մնա մորքուրի մոտ, խելոք մնա, լսիր մորքուրին, լա՞վ…
Մարինեն սկսկեց հեկեկալ ու ձեռքով փակեց խոսափողը, որպեսզի երեխան չլսի լացի ձայնը:
-Գիտե՞ս, ինձ նոր տիկնիկ են նվիրել,- շարունակեց փոքրիկը,- գամ՝ միասին կընտրեք անունը:
-Հա անպայման, բալես: Մորքուրին ասա, որ քեզ պառկեցնի: Աչքերդ փակես բացես առավոտ կլինի, բարի գիշեր…
Մարինեն չկարողացավ զսպել լացն հեռախոսը կախեց:
«Ների՜ր, փոքրիկ»:

*** 
 Փողոցում ձեռքերը խաչած կինը  մոտենում էր նստարանին, մի պահ նստում ու հետո դանդաղ քայլերով մոտենում հաջորդ նստարանին: Ամառային տապից հետո քաղաքի զովությունը շատերին էր ստիպել փողոց դուրս գալ ու շուրջը մարդաշատ էր:
Ինքն էլ հավանաբար չգիտեր՝ ո՛ւր է քայլում: Գլխում հազարավոր հարցեր էին, որոնց ուզում էր րոպե առաջ պատասխան գտնել, սակայն պատասխաններ չկային: Կյանքում ամենակարևոր հարցերն անգամ կարող են պատասխաններ չունենալ: Մարինեի հոգում այնպիսի հուսալքվածություն էր, որ կարծես ոչ մի արժեք չէր մնացել: Անգամ սեփական կյանքն ու դստեր ապագան նրա համար ոչինչ էր թվում հիմա:
Լուսինն իր ողջ նազանքով շղարշվում էր ամպի քողի տակ, ապա նորից հայտնվում ու արծաթավուն լույսը խառնում փողոցի լուսարձակների լույսի հետ:
Դեռ շատ լույս կա, իսկ ինքը չի ուզում երևալ: Ուզում է անհետ կորչել գիշերվա մշուշում, չտեսնել ոչ մեկին և ոչ էլ, որ իրեն տեսնեն: Գիշեր` ողողված լուսնի կաթնագույն լույսով. դու կունենաս սկիզբ, բայց քանի հոգիներ կտանես քեզ հետ: Գիշերվա ավարտը լուսաբացն է, նոր օրվա սկիզբը. սա էլ ապացույցը նրա, որ ամեն ավարտ նորի սկիզբն է: Ամեն օր բնությունը մեզ ցույց է տալիս, որ ժամանակն անվախճան է, թեպետ այն հաճախ է սիրում կրկնվել, սակայն որքան էլ փորձի նույնությունը պահել, միևնույն է գտնվում է  մի մանրուք, որ նման չի լինում նախորդ կրկնությանը, դրանով ամենը դառնում է յուրահատուկ և արտասովոր: Մարինեն վստահ էր` մահը միայն նորի սկիզբը կարող էր լինել:
 «Այսպես ապրել անհնար է: Նա վերջնական խորտակեց իմ ու դստերս կյանքը»:
Հեռվում լսվեց շան կաղկանձը, որ տարածվեց շուրջն ու իրենից հետո թողեց էլ ավելի չարագուշակ լռություն: Մարինեն շոշափեց գրպանը խցկած թղթի կտորը: Այն վերջին խոսքն էր, որտեղ Անուշիկի դաստիարակությունը վստահում էր միայն քրոջը:
«Իմ մահը կլուծի ամենամեծ խնդիրը: Դու չես լինի իմ ու դստերս կողքին»:

Լուսինը թաքնվեց ամպի ետևում: Մարինեն հիշեց ինչպես էր տատիկը լուսնյակ գիշերվա երկնքին նայելով ասում, որ հենց Լուսինը կորում է ամպի ետևում, այդ  պահին ուրվականներն իրենց պարն են սկսում, իսկ բարի հոգիներն աստղերի տեսքով փորձում են պատռել ամպի քողն ու նորից Լուսնի լույսը տարածել: «Դու շատ նման ես քո մայրիկին»,- անընդհատ կրկնում էր տատիկն ու համբուրում ճակատը: Ամեն անգամ, երբ լսում էր այդ խոսքերը, փորձում էր հիշել մայրիկին, սակայն դեռ փոքրուց հիշողության մեջ դաջվել էր նրա ժպտացող աչքերը միայն:
«Միայն թե իմանայիր ինչերի միջով եմ ստիպված եղել անցնել, բայց մնաց անցնել մեկ փորձություն ևս՝ վերջինը… Գուցե ամեն ինչ այլ լիներ, եթե լինեիր իմ կողքին, բայց չկաս, անգամ իմ մանկության հուշերում քեզ փնտրել չեմ կարող»:
Հիմա ինքը միայնակ կանգնած էր կամուրջի կենտրոնում: Վերևում անհամար աստղերն էին, իսկ ներքևում` ձորում թրթռացող լույսերը: Վարարած գետի խշշյունը ականջին էր հասնում, ու վախով լցնում հոգին:
Կամուրջի ճաղաշարքն անցնելն այդքան էլ բարդ չէր, բայց սարսափելի էր դեմ հանդիման  կանգնել անհուն մթությանը: Հիմա ձորում թրթռացող լույսերը սարսափելի էին թվում: Դեմքով դեպի անդունդը կանգնելով` երկու ձեռքով ամուր բռնեց ճաղաշարքից: Զգաց, որ կոշիկների միայն մի մասն է, որ կամուրջի վրա է ու վախից փակեց աչքերը: Մի պահ թվաց ամեն ինչ վերացավ: Չկար կամուրջը, ու նա կանգնած էր ոչ թե բազրիքից այն կողմ, այլ լեռան գագաթին: Շուրջը աստղեր կային, բայց միաժամանակ ցերեկ էր ու գետի խշշոցին միախառնվում էր թռչունների ճռվողյունը: Քամին հարվածեց դեմքին ու սթափեցրեց` ստիպելով բացել աչքերը: Առջևում նորից խավարն էր, խավարից եկող ու  հիմա սարսափազդու խշշյունը, որ պատրաստ էր կլանել իրեն, բայց այն արդեն իրեն չէր վախեցնի: Կնոջ դեմքին հայտնվեց տարօրինակ ժպիտ: Մատները թուլացան ու գրեթե ազատվեցին ճաղաշարքից…
-Սպասի՛ր, - լսվեց տղամարդու ձայն,- խնդրում եմ սպասի՛ր:

Մարինեին թվաց Արտեմն է: Հիմա նորից կսկսվեն ներողություններն ու հավաստիացումները, որ էլ չի կրկնվի, ինքը կփոխվի… Մարինեն գլուխը թեքեց ձայնի կողմը: Հիասթափության  տարօրինակ զգացողություն առաջացավ: Արտեմը չէր, ու գուցե լավ է, որ ինքը չէր: 
Իրեն էր մոտենում անծանոթ տղամարդ: Մոտ երեսունհինգ տարեկան տղամարդը ձեռքը մեկնեց առաջ, իսկ մյուսով բռնվեց կամրջի բազրիքից:
-Խնդրում եմ հեռու գնացեք, - դժվարությամբ խոսեց Մարինեն: Ամեն մի բառ արտասանելիս քամին ներխուժում էր բերանը ու շնչահեղձ անում,- գնացե՛ք հեռու…
-Մեկ րոպե խնդրում եմ լսեք ինձ,- մեկ քայլով ևս մոտենալով շարունակեց տղամարդը,- մի՛ արեք այն ինչի համար անգամ զղջալ չեք կարող:
Մարինեն հայացքը ուղղեց իրեն մոտեցողին:
-Զղջա՞լ, գուցե ձորում հայտնվելուց հետո՞- Մարինեի դեմքին հեգնական ժպիտ հայտնվեց, - ասում եմ մի՛ մոտեցեք, - գրեթե գոռաց նա ու փորձեց հնարավորիս հեռանալ իրեն մոտեցողից:
-Լավ, ես էլ չեմ մոտենում, բայց դուք մի շարժվեք:
Մարինեն նկատեց կամուրջին կայանած մեքենան, որ հավանաբար անծանոթինն էր:
-Նստեք մեքենան ու հեռացե՛ք, հե՛նց հիմա, թողե՛ք ինձ մենակ:
-Ի՜նչ էլ լավ տարբերակ առաջարկեցիք, ու հետո ամբողջ կյանքում մեղադրեմ ինձ, որ չկարողացա օգնել հուսահատության մեջ գտնվողին: Դուք իմ տեղը լինեիք նման կերպ կվարվեի՞ք:
Մարինեն ոչինիչ չպատասխանեց ու հայացքը թեքեց դեպի մթությունը:
Մի պահ տիրեց ճնշող լռություն:
-Դուք ինձ ոչնչով օգնել չեք կարող, հանգիստ խղճով գնացեք, - շնչահեղձ լինելով խոսեց Մարինեն:  
-Կասե՞ք Ձեր անունը, - տղամարդը ուզում էր ամեն դեպքում հնարավորինս մոտենալ կնոջը:
-Ինչի՞ համար, - անակնկալի եկավ Մարինեն ու փորձեց նայել անծանոթի կողմը, բայց քամին ուժգին հարվածեց դեմքին ու ստիպված եղավ փակել աչքերը:
Մինչ Մարինեն կբացեր աչքերը տղամարդն այնքան մոտեցավ, որ կարող էր ձեռքով դիպչել:
-Ասացի` մոտ մի՛ եկեք:
-Իմ անունն Արեն է, իսկ Ձե՞րը, - չլսելու տվեց տղամարդը:
-Կարևոր չէ, ու էլ չմոտենաք, - սպառնագին գոռաց Մարինեն` հեռանալով բազրիքից:
-Լսե՛ք, կարող եք չասել Ձեր անունը, ինձ համար կարող եք լինել Լիլիթ, Աննա, Մարինե, Նարինե, Կարինե և այդպես շարունակ, բայց նախքան ձեր անունն ասելը, եկեք հասկանաք իրավիճակը: Դուք կանգնած եք կամրջի եզրին, կարող եք ընկնել ու լավագույն դեպքում մահանալ:
Մարինեի դեմքին կրկին հայտնվեց արցունքախառը տխրության ժպիտ:
-Իսկ վատագույնը ո՞րն է ըստ Ձեզ:
-Դե՜, վատագույնը կլինի այն, որ կենդանի մնաք, բայց չկարողանաք անգամ գլուխը շարժել: Ես այդ ամենն ասում եմ մասնագիտությամբ վնասվածքաբան լինելով:  
Արենը լավ գիտեր, որ նման բարձրությունից նետվելու դեպքում ողջ մնալու հավանականությունը ձգտում է զրոյի: Այս դեպքում ինքնասպանության փորձ անողին պետք է հանկարծակիի բերել ու ամուր բռնել, սակայն մի պահ վարանեց, քանի որ Մարինեն կանգնած էր ճաղավանդակից այն կողմում ու մեկ ակնթարթ ուշ բռնելը կարող է ճակատագրական լինել, սակայն մյուս կողմից վստահ լինել, որ կինը ինքնակամ ետ կկանգնի մտադրությունից, սխալ էր:
Արենը փորձեց մեկ քայլով ևս մոտենալ: 
Մարինեն նկատեց տղամարդու մոտենալն ու կրկին փորձեց հնարավորինս հեռանալ:
-Ոչ մեկի մի մեղադրեք…
Արենը տեսավ ինչպես կնոջ ձեռքերը թուլացան ու մարմինը առաջ գնաց: Անգամ մեկ վայրկյան հապաղել չէր կարելի: Արենը մեկ ցատկով հայտնվեց կնոջ թիկունքում ու ձեռքը հնարավորինս առաջ  տարավ` ամուր գրկելով կնոջը: 
-Տե՛ր Աստված, ի՞նչ եք անում, - գոռաց Արենը` չնկատելով ինչպես կնոջ մարմինը թուլացավ իր ձեռքերում:
«Միայն թե ոչ հիմա, - կրկնում էր Արենը` գիտակցությունը կորցրած կնոջը պառկեցնելով գետին: Նման իրավիճակում հնարավոր էր անգամ սրտի կաթված ստանալ ու տեղում մահանալ մինչև նետվելը, և Արենը մտավախություն ուներ, որ դեռատի կնոջ հետ կարող էր նման բան պատահել:
Մի քանի անցորդներ շրջապատեցին Արենին:
-Վիրավո՞ր եք: Հարցրեց մոտ քառասուն տարեկան կինը:
Արենը նայեց վերնաշապիկին ու տեսավ արյան հետքեր: «Գուցե վնասվել եմ», սակայն մի ակնթարթ հետո նկատեց գետնին անշարժ պառկած կնոջ վիրավոր ուսը:

***
Մարինեն աչքերը բացեց արևի շողից: Շերտավարագույրի փոքրիկ ճեղքից լույսի մի փոքրիկ մասնիկ ներս էր թափանցել ու ընկել դեմքին:
Առաջին հարցը, որ սկսեց պտտվել գլխում, «որտե՞ղ եմ»-ն էր:
Գլուխը թեքեց ու տեսավ բազկաթռին քնած երիատասարդ կնոջ: Մի քանի վայրկյան անհրաժեշտ եղավ հասկանալու համար, որ հիվանդասենայկում է: Հիշեց երեկվա ողջ դեպքերն ու խորը հոգոց հանեց: Ուսի վիրակապը զգացնել էր տալիս, իսկ հիշողության մեջ դեռ չէր մարել սառը դանակի հպման զգացողությունը: «Աստվա՜ծ իմ Անահիտը, դստրիկս»…
Մարինեն փորձեց վեր կենալ, բայց քիչ հեռու աթոռին ննջող կինը բացեց աչքերն ու նկատելով վեր կենալ ցանկացող կնոջը, անմիջապես կրկին պառկեցրեց:
-Ես պետք է գնամ,- մի կերպ կարողացավ արտաբերել հիվանդը,- թողե՛ք…
-Դուք ի վիճակի չեք ոտքի վրա կանգնելու: Մի քանի ժամից, երբ Ձեզ ավելի լավ զգաք, կարող եք գնալ ուր կամենաք: Հիմա պառկեք, մինչև կանչեմ բժշկին: Վեր չկենա՛ք, - պարտադրեց բուժքույրն ու հիվանդասենյակից դուրս եկավ` թողնելով Մարինեին դեռ երկվանից մնացած զգացողությունների ու վախերի հետ:
«Կգա մի արշալույս, որ երբեք էլ չես տեսնի, բայց այդ արշալույսը հաստատ այս օրվանը չէ: Հեշտ է մեռնել մեկ ակնթարթում, բայց դժվար հասկանալ հանուն ինչի: Հանուն կյանքից փախուստի, հանուն չպայքարելու և արդյունքում դատապարտել ինքդ քեզ պարտության` առանց նորից պայքարի մեջ մտնելու հնարավորության»: Մարինեն գլուխը նորից թեքեց դեպի պատուհանը:
«Ինչպես կարող էի, Աստված իմ, իսկ Անուշի՞կը: Ինչպե՞ս կարող էի այդքան եսակենտրոն լինել: Ո՞վ պետք է դստերս դաստիարակեր»: 
Մարինեն կրկին փորձեց նստել, բայց ուսի շրջանում սուր ցավն ստիպեց փակել աչքերը: Դուռը բացվեց ու ներս մտավ ճերմակ բժշկական խալաթով մեծահասակ տղամարդ:
-Բարի լույս: Ինչպե՞ս  է զգացողությունը: 
Մարինեն զարմացած նայեց առույգ ծերունուն:
Բժիշկը, չսպասելով պատասխանի, շարունակեց.
-Մի քանի ժամ մնացեք այստեղ, հետո արդեն կարող ենք դուրս գրել Ձեզ:
-Ո՞ւր է մյուս բժիշկը, որ ինձ փրկեց: Նա բժի՞շկ է, - վերջապես խոսեց Մարինեն:
-Արե՞նը, նա  ամբողջ գիշեր այստեղ էր, բայց Ձեզ բուժող բժիշկը ես եմ լինելու: Ի դեպ նա հիմա կգա, բայց նախքան նրա գալը ոստիկաններն ուզում են մի քանի հարց տալ…
-Ոստիկաննե՞րը: Ես ոչինչ ասել չեմ ուզում:
-Հասկացա, - մի փոքր լռությունից հետո խոսեց բժիշկը, - նրանց համար դուք դեռ խոսել չեք կարող, բայց իմացեք միևնույն է պետք է պատասխանեք որոշ հարցերի:
Մարինեն գլխով համաձայնության նշան ցույց տվեց: 
-Ես ուզում եմ քրոջս հետ խոսել: 
-Բուժքույրն արդեն զանգահարել է, հանգիստ եղեք, իսկ հիմա պառկե՛ք, բայց ոչ վիրակապված ուսին հենվելով:
Վիրակապը նայելուց հետո բժիշկը դուրս եկավ: Մարինեն այնքան թույլ էր որ, կարծես մարմինն իրեն չէր ենթարկվում: 
«Դեղերից է հավանաբար»,- ինքն իրեն համոզեց Մարինեն ու փակեց աչքերը` չլսելով ինչպես բժշկի գնալուց հետո ներս մտավ Արենը:
-Մարինե, - շշուկով դիմեց Արենը,- լսո՞ւմ եք ինձ:
Կինն արագ բացեց աչքերն ու փորձեց վեր կենալ: 
-Պառկեք, - փորձեց կանգնեցնել Մարինեին Արենը, սակայն հիվանդն արդեն կիսաթինկ տված վիճակում էր:
-Ես, - դժվարությամբ սկսեց խոսել Մարինեն: - Ես ուզում էի շնորհակալություն հայտնել Ձեզ: Ես երեկ հիմարություն էի անում, կյանքիս մեծագույն ու անդառնալի սխալը:
Մարինեն կախեց գլուխը: Ամաչում էր նայել բժշկի աչքերին:
-Կարիք չկա շնորհակալություն հայտնել: Իմ տեղը գտնվող յուրաքանչյուրը նույնը կաներ: 
-Որտե՞ղ եմ ես:
-Քանի որ ես հիվանդանոց էի շտապում, Ձեզ էլ ինձ հետ բերեցի, հատկապես երբ տեսա ուսի վերքը:
Արենը լռեց, չցանկանալով շարունակել պատմել այն բոլոր իրադարձությունների մասին, ինչ կատարվել էին Մարինեին հիվանդանոց բերելուց անմիջապես առաջ և հետո, սակայն գիտակցում էր, որ ստիպված է ասել:
-Բարեբախտաբար ինձ հաջողվեց ոստիկաններին համոզել, որ Դուք արդեն անվտանգ վիճակում եք, և կարիքը չկա դիմել այլ մասնագետի:
«Այլ մասնագետը» մեղմ էր հնչում, այնինչ Արենը միայն վերջին պահին չասեց հոգեբույժի:
-Ոստիկաննե՞րը, - զարմացավ Մարինեն, - նրանք այստեղ արդեն եղե՞լ են:
-Բնականաբար: Լավ է նրանք հիմա այստեղ չեն,- Արենը փորձեց հնարավորինս հեռվից մոտենալ, - բայց եղել են ձեր տանը:
Մարինեին թվաց, թե բժիշկն ուրիշ բառ ասաց տան փոխարեն ու նորից հարցրեց.
-Որտե՞ղ…
-Մարինե, լավ կլիներ, որ նրանք Ձեզ այդ ամենի մասին ասեին…
-Ի՞նչ է պատահել, ես ուզում եմ տեսնել դստերս: Որտե՞ղ է նա հիմա:
-Փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է: Նա գիշերել է Ձեր քույրիկի տանը, ինչպես և ասել էիք Ձեր քույրիկին: Հանգիստ եղե՛ք, նրա հետ ամեն ինչ նորմալ է:
Մարինեն միայն նոր գլխի ընկավ, թե ինչու է ոստիկանությունը ստիպված եղել գնալ բնակարան: 
-Արտե՜մը, - դուրս թռավ նրա շուրթերից:
-Ստիպված եմ ասել Ձեզ: Ձեր ամուսնուն բերման են ենթարկել բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրանյութ: Նա հիմա բաժնում է: Ոստիկաններին հաջողվեց Ձեր բջջային հեռախոսից կատարված զանգերի շնորհիվ պարզել բնակության հասցեն, քանի որ դուք վիրահատարանում էիք և ի վիճակի չէիք խոսել:
Մարինեն նորից կախեց գլուխը:
-Կարծում եմ Ձեր ամուսնու դեմ քրեական գործ կհարուցվի այն էլ մի քանի մեղադրանքով,- տեսնելով որ Մարինեն չի պատասխանում, Արենը շարունակեց,- այնպես որ դուք և փոքրիկն ավելի ապահով կլինեք: Ես կուզեի Ձեր մասին խոսել: Կարո՞ղ եք լսել:
Մարինեն գլուխը բարձրացրեց: Նրա աչքերից արցունքի երկու կաթիլներ գլորվեցին վար:
-Ես պետք է վստահ լինեմ, որ դուք կրկին չեք դիմի նման քայլի, այդ պատճառով մեր լավագույն հոգեբանի հետ հանդիպում կխնդրեմ նշանակել: Այդպես ավելի հեշտ կհաղթահարեք սթրեսն ու կմտնեք կյանքի նոր փուլ:
-Այլևս երբեք, - Մարինեն չկարողացավ լացը զսպել, - ես չգիտեմ ինչպես կարողացա հասնել այդ քայլին, չգիտեմ…
-Յուրաքանչյուրս էլ նման իրավիճակի մեջ կարող ենք հայտնվել, բայց ամեն իրավիճակից ելք միշտ էլ կարելի է գտնել: Մոռացա ասել, - շարունակեց բժիշկը, - Ձեր քույրն արդեն այստեղ պետք է լիներ: Քիչ առաջ նրա հետ խոսեցի:
Դուռը թակեցին ու առանց պատասխանի սպասելու`բացեցին:
Շեմքին երևաց մոտ երեսուն տարեկան բավական հաճելի արտաքինով կին, որ բռնել էր հազիվ հինգ տարեկան փոքրիկ աղջկա ձեռքը:
-Կներեք, - ներողություն խնդրեց դռան մոտ կանգնած կինը, իսկ այդ պահին փոքրիկը բաց թողեց ձեռքն ու վազեց դեպի Մարինեն:
-Մա՜մ, մա՜մ:
Արենը անմիջապես հասկացավ, որ ներս մտնողը Մարինեի քույրն է, որի հետ արդեն իսկ հասցրել էր հեռախոսով ծանոթանալ:
-Ներս եկեք, ես ավելի ուշ կգամ, - ժպտաց Արենը` հայացք ձգելով Մարինեի ուղղությամբ: Մարինեն  չլսեց բժշկի ասածը: Նրա գրկում հիմա այն միակն էր, ում համար կյանքն անգամ չէր խնայի:
Արենը քայլեց դեպի դուռը: Դուռը բացելուց առաջ մի անգամ էլ նայեց Մարինեին: Կնոջ աչքերից արցունքներ էին հոսում, բայց միաժամանակ ուրախության ժպիտ կար դեմքին:
«Նա այնքան ուժեղ է, որ այս ամենից հետո կհաղթահարի ամեն մի փորձություն: Կամուրջից ցած նետվելն այդքան էլ հեշտ գործ չէ. խիզախություն պետք է ունենաս, բայց առավել մեծ խիզախություն է պետք յուրաքանչյուր ակնթարթին պայքարի մեջ մտնելու և հաղթելու համար»: 
Լուսինեն փորձեց մոտենալ Արենին, բայց վերջինս հայացքով կանգնեցրեց:
-Հետո կխոսենք, հիմա նրա կողքին եղեք, - կամաց խոսեց բժիշկը:
«Վստահ եմ` Մարինեն հասկացավ մի պարզ ճշմարտություն, որ ամենահուսահատ պահին անգամ, երբ մահը խնդրի լուծման լավագույն տարբերակն է թվում,  պետք է մի պահ մտածել ոչ թե այն «արժեքի» մասին, որի պատճառով պետք է մեռնել, այլ այն «արժեքի», հանուն որի պետք է ապրել»: 
Արենը կամաց ծածկեց հիվանդասենյակի դուռը`Մարինեին թողնելով դստեր ու քրոջ հետ մենակ:



Комментариев нет:

Отправить комментарий