Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-11-07

Պայքարից մինչև անհնազանդություն

Վերջին տարիներին քաղաքացիական մտքի պոռթկման դրսևորումները Հայաստանում բավականին լավ տեսանելի են, հատկապես ողջ ամռան ամիսներին Երևանը քաղաքացիական պայքարի շնչով էր լցված: Ի՞նչ արդյունք կունենա քաղաքացիական գիտակցության զարգացումն ու պայքարը Հայաստանում: Փորձեցինք զրուցել հենց քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչների հետ:
Արթուր Հայրապետյանի կարծիքով, քանի դեռ մեր մոտ գործում է Կռիլովի առակի խեցգետնի, կարապի ու գայլաձկան օրենքը, քաղաքացիական պայքարը կավարտվի փակուղով:
- Մի քանի հոգի սրտացավ մարդկանցով հարց լուծելը դժվար  գործընթաց է, - նշում է Արթուրն ու հավելում, որ յուրաքանչյուրս պետք է մեր մեջ փնտրենք մեղքի մասնաբաժինը, քանի որ մեր հասարակության մեջ կան հինգ հազար դրամով հոգին վաճառողներ:
Անդրադառնալով նոյեմբերի հինգին Շանթ Հարությունյանի կողմնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին` զրուցակցը եզրափակելով խոսքը նշեց, որ այնտեղ քաղաքացիական ակտիվություն գրեթե չկար:
Մեկ այլ քաղակտիվիստի կարծիքով, ով չցանկացավ ներկայանալ, քաղաքացիական պայքարը եթե չի ունենում բարձրաձայնված խնդրի դրական լուծում, ապա կարող է առավել սրել քաղաքացի-իշխանություն հարաբերությունը, իսկ սրման դեպքում օրակարգային է դառնում իշխանությունների հեռացման հարցը: Այդ դեպքում քաղաքացիական պայքարը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ պետության համար:
Քաղակտիվիստը չբացառեց, որ այդ դեպքում հնարավոր են ներքին խժդժություններ, որոնք արտաքին ազդակների միջոցով կարող են դառնալ երկրում ճգնաժամի առաջացման պատճառ, նշելով, որ նման կերպ կարող է վտանգվել անգամ երկրի անկախությունը:
Հատկապես վերջին օրերի իրադարձությունները հաշվի առնելով, իշխանությունները պարտավոր են հաշվի նստել բարձրաձայնված խնդիրների լուծման անհրաժեշտության հետ: Հակառակ դեպքում քաղաքացին կարող է իր անհնազանդությունը հայտնել քաղաքացիական պայքարի միջոցով, իսկ անհնազանդության մեղքի բաժինը իշխանությունը պետք է փնտրի միայն իր ներսում:

Աղբյուրը` Normitq.am                                                                                 Հեղ. Արմեն Մխեյան

Комментариев нет:

Отправить комментарий