Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-12-14

Հայաստանում առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի նվազում է դիտվում

Հայաստանում այսօր հաշվառված է ավելի քան 186 հազար հաշմանդամ: Վերջին տարիներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի կրճատում է դիտվում, սակայն բնակչության ընդհանուր հաշվով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը շարունակում է աճել:

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն` սկսած 2009թ-ից դիտվում է առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի նվազում: 2011 թվականին` վերջին պաշտոնական հաշվետու տարում, առաջին անգամ հաշմանդամություն ստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 688-ով` կազմելով 15363 մարդ: Առաջին կարգի հաշմանդամություն է ստացել նրանցից 5.6%-ը, իսկ երկրորդ և երրորդ կարգ համապատասխանաբար 37.6 և 50.6 տոկոսը:

Ըստ հիվանդությունների` առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հաշմանդամություն ստացած մարդկանց թիվը` 5696 մարդ, չարորակ գոյացություններինը` երկրորդ (2559 մարդ), իսկ նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդություններինը` երրորդ`1530 մարդ: Ոսկրամկանային և շարակցական հյուսվածքների հիվանդություններից հաշմանդամություն ստացած անձանց ցուցանիշր չորրորդն է` 834 մարդ:

Աշխատունակ տարիքի անձանց թիվը կազմում է 74.6%, որը նախորդ հաշվետու տարվա համեմատ նվազել է 1.3 %-ով:

ՀՀ ԱՎԾ հրապարակած տարեգրքում նշված չէ հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ըստ տարիքի, սակայն Հայաստանում մեծ է նաև հաշմանդամ երեխաների թիվը: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախորդ տարի հոկտեմբերին հրապարակած տվյալի` հաշվառված հաշմանդամ երեխաները մոտ 8 հազարն են, որը կազմում է ներկայիս հաշմանդամություն ունեցող անձանց 4.3%-ը:

Комментариев нет:

Отправить комментарий