Страницы

Գրական բլոգներ (ցանկ)

Էջեր

2013-12-31

Շնորհավոր Ամանոր



  Ահա եկավ տարեմուտի վերջին պահը: Հերթական անգամ պետք է մեկ անգամ հետ նայես արդեն անցած տարվան, գնահատես, վերարժեվորես ստացած կյանքի փորձն ու ձեռքբերումները և շարունակես առաջ քայլել` նոր մտահղացումներով ու այն հավատով, որ անպայման դրանք կիրականան: Տարիներն անցնում են, նրանց կանգնեցնել չես կարող, բայց հենց այդ անցնող ժամանակից ստացած գիտելիքն ու փորձը կարող ես այնուհետ կիրառել:
  Ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարի իմ կողքին են եղել, նրանց ովքեր կիսել են ինձ հետ ժամանակը: Շնորհավորում եմ և շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներն` ցանկանալով, որ հաջորդ տարի ամենաանհավանական ու ամենահրաշալի իղձերն իրականանան: Շնորհակալություն իմ բլոգի ընթերցողներին, բոլոր նրանց ում չեմ ճանաչում, սակայն միշտ զգում եմ նրանց աջակցությունը: Բոլոր-բոլորին, լավ եղեք և թող մի քանի ժամից մեր դուռը թակող Ամանորը ձեզ բոլորին բերի խինդ ու ծիծաղ, քանի որ այս երկուսը երջանիկ լինելու կարևորագույն նախապայմաններն են: Կհանդիպենք հաջորդ տարում: Ձեզ համար` լավագույն մաղթանքներով...
Արմեն Մխեյան

2013-12-29

Ներիր, էլ իմը չես...

Ներիր, որ արդեն իմը չես,
Որ, կորցրեցի քեզ...
Ներիր, որ դեռ երկար կպահեմ
Պատկերդ իմ սրտում,
Իմ հիշողության մեջ...
Ինչքա՜ն հույզեր,
Սրտի թրթիռ կա իմ հոգում,
Սակայն միայն անցյալի...
Հուշերը կմնան ինձ հետ
Որպես հոգուդ մասնիկ,
Անգին հույզեր, ակնթարթներ:
Դու հեռացար, բայց քեզնից հետո
Թողեցիր մի անցյալ,
Որ անթիվ հույզեր ունի...
Անցյալիս ամեն ակնթարթը
Հիմա հոգի ունի քո շնորհիվ
Անգին հույզեր...
Սրտի ցավով եթե անգամ
Ասեմ մնաս բարով,
Իմացի՛ր կա մեկ մասնիկ
Քեզնից հետո, կան հույզեր,
Հույզեր, որ հոգի ունեն...

2013-12-16

Գրանկարներ-աֆորիզմներ


















2013-12-15

Հույզեր, որ հոգի ունեն



 Գալիս է մի պահ, երբ հայացք ես ձգում հետ, արժեվորում, գնահատում ու հաճախ նաև վերապրում ես այն ամենը, ինչն արդեն երբեք ետ չես բերի, բայց հիշողության մի անկյունում կշարունակես փայփայել այն ակնթարթները, որոնք միշտ կմնան հիշողության մեջ և ամեն անգամ դրանք վերհիշելիս կզգաս նույն սրտի թրթիռը: Թվում է` անցյալը չի եղել  և մեծ իմաստով այդպես է: Այս ակնթարթը  եթե դառնա անցյալ, ուրեմն այն արդեն չկա, կա միայն նրա «հոգին»` ակնթարթից մնացած հիշողությունը: Անցյալը սկսվում է կառուցվել այդ ակնթարթներից և որքան ակնթարթը վառ է ու գունեղ, այնքան հիշողությունը վերապրելիս զգացողությունն ավելի ուժեղ է լինում: 
 Թանկ հիշողությունները բնականաբար կապված են առավել հարազատ մարդկանց հետ ու էլ ավելի թանկ են դառնում, երբ նրանք այլևս մեզ հետ չեն լինում:  Սակայն ամեն մի ակնթարթը գուցե չդառանա հիշողություն, առավել ևս թանկ, եթե  մենք այդ չենք ցանկանում: Հաճախ ոչ թե չենք ցանկանում, այլ չենք գիտակցում, որ ակնթարթը կավարտվի,  պահն անվերադարձ հեռու կգնա ու անցյալ դառնալով, իր հետ գուցե տանի նաև ակնթարթի «հոգին»`  ոչ մի հուշ չթողնելով: Այդպես լինում է, երբ մենք կորցնում են ժամանակի արժեքն ու մոռանում, որ պետք է ապրել այս մեկ ակնթարթով, քանի որ անսահման ժամանակի մեջ միայն այս ակնթարթն է, որ կա քո ձեռքում, այն ակնթարթը, որ կդառանա անցյալ, բայց կծնի ապագա:
 Գնահատել անցյալի հուշերը չի նշանակում ապրել անցյալով: Մարդու ամենամեծ կարողությունը անցյալից փորձ կուտակելն է, անցյալի զգացողություններն ու հույզերը հիշողության վերածելն ու այս ակնթարթի միջոցով ապագան կերտելն է:
 Տարին մոտենում է ավարտին, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր կամա թե ակամա դարձել են իմ լավ հիշողությունների մի մասը: Ես շնորհակալ եմ ձեզ, որ  դուք կաք ու իմ կողքին եք: Առանց ձեզ որքա՜ն հույզեր «անհոգի» կմնային...
 Արմեն Մխեյան

2013-12-14

Հայաստանում առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի նվազում է դիտվում

Հայաստանում այսօր հաշվառված է ավելի քան 186 հազար հաշմանդամ: Վերջին տարիներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի կրճատում է դիտվում, սակայն բնակչության ընդհանուր հաշվով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը շարունակում է աճել:

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն` սկսած 2009թ-ից դիտվում է առաջին անգամ հաշմանդամ ճանաչված անձանց թվի նվազում: 2011 թվականին` վերջին պաշտոնական հաշվետու տարում, առաջին անգամ հաշմանդամություն ստացած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 688-ով` կազմելով 15363 մարդ: Առաջին կարգի հաշմանդամություն է ստացել նրանցից 5.6%-ը, իսկ երկրորդ և երրորդ կարգ համապատասխանաբար 37.6 և 50.6 տոկոսը:

Ըստ հիվանդությունների` առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հաշմանդամություն ստացած մարդկանց թիվը` 5696 մարդ, չարորակ գոյացություններինը` երկրորդ (2559 մարդ), իսկ նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդություններինը` երրորդ`1530 մարդ: Ոսկրամկանային և շարակցական հյուսվածքների հիվանդություններից հաշմանդամություն ստացած անձանց ցուցանիշր չորրորդն է` 834 մարդ:

Աշխատունակ տարիքի անձանց թիվը կազմում է 74.6%, որը նախորդ հաշվետու տարվա համեմատ նվազել է 1.3 %-ով:

ՀՀ ԱՎԾ հրապարակած տարեգրքում նշված չէ հաշմանդամություն ունեցող անձանց թիվն ըստ տարիքի, սակայն Հայաստանում մեծ է նաև հաշմանդամ երեխաների թիվը: Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախորդ տարի հոկտեմբերին հրապարակած տվյալի` հաշվառված հաշմանդամ երեխաները մոտ 8 հազարն են, որը կազմում է ներկայիս հաշմանդամություն ունեցող անձանց 4.3%-ը:

Արթնացրու ինձ կրկին


Կմարի լույսը ու գիշեր կգա,
Ամենը կպատվի անլույս խավարով,
Եվ այդժամ հոգիս դեպ վեր կսլանա,
Ու Արևի լույսը գողացած
Լուսնի արծաթ շողերի տակ
Հոգուս ստվերը լուռ կթափառի:
Ո՞ւր են կորել գույները բազում.
Պատվել են խավարի շղարշով
Ու երազներս անգույն են այնքա՜ն
Սակայն, եթե հանկարծ,
Հանդիպեմ ստվերիդ անտես,
Կիսամութ երազս գույներ կստանա:
Իսկույն կվառվեն անթիվ աստղիկներ,
Հոգուս ստվերը մարմին կառնի
Ու կճախրի արևներ վառելու...
Երազն ավել գունեղ կդառնա,
Քան իրականությունն այս:
Հոգիս քո հոգու հետ կսլանա,
Գուցե էլ հետ չգա ու մնա.
Երազում իմ ու քո...
Այդժամ այգաբացը չի գա էլ,
Չի բացվի լույսը կրկին...
Միայն հանուն մեր սիրո,
Արթնացրու ինձ ամեն անգամ,
Երբ կրկին բացվի լույսը,
Որ հավատամ` կողքիս ես
Ու երազը իրական դառնա նորից...

2013-11-30

Այլևս երբեք

Խմբագրեց Արամ Հովակիմյանը
Արևի շողերը կորան հորիզոնում: Ամառվա տապին փոխարինեց երեկոյի զով քամին ու սկսեց խաղալ վարագույրի հետ: Փոքրիկ խոհանոցի դռան մոտ նստած դեռատի կինը կարծես չէր էլ նկատում ո՛չ քամուց փողփողող վարագույրը, որ փորձում էր ամեն կերպ դուրս պրծնել բաց պատուհանից, ո՛չ էլ իրեն պարուրած մթությունը: Ականջներում դեռ լսվում էր ամուսնու ահասարսուռ ձայնը` անառա՜կ, անառա՜կ…
Լավ է, գոնե երեխան այս անգամ տանը չէր, ու հերթական անգամ չտեսավ ինչպես է հարբած հայրը  բռունցքներով հարվածում մորը:
Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ Մարինեն վախից կուչ էր եկել փոքրիկ աթոռակին: Ոտքերն այլևս չէր զգում: Հին կապտուկների կողքին նորերն էին առաջացել: Ամուսնու աքացիները առաջինը ոտքերին էին հասնում, հետո գործի էր դնում ձեռքերը` արդեն դեմքին հարվածելու համար: Իսկ այսօր՝ անգամ դանակը: Ուսին ստացած վերքից արյունը կարծես դադարել էր, բայց ցավը` ոչ:
Մարինեի գլխում նորից նույն հարցն էր: «Որտե՞ղ եմ սխալվել, ո՞րն է իմ մեղքը»,- բայց պատասխան չէր գտնում արդեն  մի քանի տարի շարունակ:
Մարինեն ու Արտեմն ամուսնացել էին հինգ տարի առաջ: Պատահական հանդիպում, ծանոթություն և  մտերիմ հարաբերություններ: Մարինեն Արտեմին սիրել էր ամբողջ սրտով, ու երբ Արտեմն օրերից մի օր ամուսնության առաջարկ էր արել, միանգամից համաձայնությունը տվել էր` անգամ կիսատ թողնելով ուսումը: Ամեն ինչ սկսվեց ամուսնությունից մեկ տարի անց: Նոր ու գայթակղիչ աշխատանքի առաջարկը ստիպեց Արտեմին թողնել մշտական գործն ու միանալ վաղեմի ընկերոջը: Հենց նույն օրն էլ Արտեմը տուն եկավ ալկոհոլի ազդեցության տակ ու այնուհետ նման իրավիճակները դարձան շարունակական: Մարինեն վստահ էր, այստեղ միայն ալկոհոլը չէր, վերջերս  նկատել էր, որ Արտեմի մոտ անգամ թմրանյութեր կան: Ցանկացած դիմակայություն ավարտվում էր ծեծով: Մարինեն պարտավոր էր ծպտուն չհանել, հակառակ դեպքում ծեծն ավելի ուժգին կլիներ: «Իսկ սե՞րը,- հաճախ հարցնում էր ինքն իրեն Մարինեն,- ո՞ւր կորավ սերը»: Մարինեն հավատալ չէր կարողանում, որ Արտեմը այն նույն մարդն է, որին սիրել է տարիներ առաջ: Երբ սթափվում էր, լսել չէր ուզում արածների մասին, բայց տեսնելով Մարինեի մարմնի կապտուկները, ներողություն էր խնդրում, սակայն երկու օր հետո նորից նույնը: Արտեմի գրպանում միշտ գումար կար, այն էլ բավականին շատ, բայց Մարինեն ոչ մի լումա այդ գումարից չէր տեսնում: Գումարներն անհասկանալի գալիս էին ու գնում:
«Ի՞նչ անել, այս իրավիճակից դուրս գալու համար»: Այս հարցը ամեն անգամ տալիս էր իրեն, բայց պատասխան չկար: Միակ հարազատը քույրն էր, որի օգնությանն էլ ամեն անգամ դիմում էր:
Քաղաքային հեռախոսի ուժեղ զանգն ուշքի բերեց Մարինեին: Մթութան մեջ խարխափելով որքան հնարավոր է շուտ հասավ ու բարձրացրեց լսափողը: Վախվորած հայացք գցեց ննջարանի ուղղությամբ, վստահ լինելու համար, որ Արտեմը քնած է ու նոր միայն խոսեց.
-Ալո:
-Մարի՞ն, ո՞նց ես,- լսվեց Լուսինեի հուզված ձայնը,- ես էլ սպասում էի որ գաս Անուշիկի հետևից:
-Կլինի՞ այսօր մոտդ մնա, վաղն առավոտյան կգամ, - ցածրաձայն խոսեց Մարինեն:
Լուսինեն Մարինեի հարազատ քույրն էր ու անմիջապս հասկացավ, որ մի բան այն չէ: Նա լավ գիտեր, որ Մարինեն հաճախ չէր խոստովանում այն  խնդիրների մասին, որոնք կային իր ու Արտեմի միջև: Ամեն անգամ համոզում էր քրոջը ամուսնալուծվել, վերցնել երեխային ու հեռանալ Արտեմից, բայց Մարինեն պնդում էր, որ նման քայլի չի կարող գնալ և երեխային չի կարող իր հետ փողոց հանել:
-Ի՞նչ է պատահել, Մարին,- Լուսինեի ձայնն ավելի վախեցած երանգ ընդունեց:
-Ոչ մի բան չի եղել, գործով էի ընկել, չնկատեցի մութն ինչպես ընկավ:
-Արտեմը տա՞նն է:
-Հա, քնած է:
-Ես հիմա կգամ ու Անուշիկին հետս կբերեմ…
-Չէ, չէ, -շտապեց ընդհատել քրոջը Մարինեն, - լավ կլինի մնա, ես վաղը կգամ ու կբերեմ տուն:
-Նորից նա է մեղավոր, չէ՞, նորից կռի՞վ է արել:
-Ասում եմ արդեն քնած է: Տուր հեռախոսն Անուշիկին` երկու բառ ասեմ:
Վայրկյաններ անց Մարինեն լսեց դստեր ձայնը:
-Մա՞մ, ե՞րբ ես գալու:
-Վաղը կգամ, դու այսօր մնա մորքուրի մոտ, խելոք մնա, լսիր մորքուրին, լա՞վ…
Մարինեն սկսկեց հեկեկալ ու ձեռքով փակեց խոսափողը, որպեսզի երեխան չլսի լացի ձայնը:
-Գիտե՞ս, ինձ նոր տիկնիկ են նվիրել,- շարունակեց փոքրիկը,- գամ՝ միասին կընտրեք անունը:
-Հա անպայման, բալես: Մորքուրին ասա, որ քեզ պառկեցնի: Աչքերդ փակես բացես առավոտ կլինի, բարի գիշեր…
Մարինեն չկարողացավ զսպել լացն հեռախոսը կախեց:
«Ների՜ր, փոքրիկ»:

*** 
 Փողոցում ձեռքերը խաչած կինը  մոտենում էր նստարանին, մի պահ նստում ու հետո դանդաղ քայլերով մոտենում հաջորդ նստարանին: Ամառային տապից հետո քաղաքի զովությունը շատերին էր ստիպել փողոց դուրս գալ ու շուրջը մարդաշատ էր:
Ինքն էլ հավանաբար չգիտեր՝ ո՛ւր է քայլում: Գլխում հազարավոր հարցեր էին, որոնց ուզում էր րոպե առաջ պատասխան գտնել, սակայն պատասխաններ չկային: Կյանքում ամենակարևոր հարցերն անգամ կարող են պատասխաններ չունենալ: Մարինեի հոգում այնպիսի հուսալքվածություն էր, որ կարծես ոչ մի արժեք չէր մնացել: Անգամ սեփական կյանքն ու դստեր ապագան նրա համար ոչինչ էր թվում հիմա:
Լուսինն իր ողջ նազանքով շղարշվում էր ամպի քողի տակ, ապա նորից հայտնվում ու արծաթավուն լույսը խառնում փողոցի լուսարձակների լույսի հետ:
Դեռ շատ լույս կա, իսկ ինքը չի ուզում երևալ: Ուզում է անհետ կորչել գիշերվա մշուշում, չտեսնել ոչ մեկին և ոչ էլ, որ իրեն տեսնեն: Գիշեր` ողողված լուսնի կաթնագույն լույսով. դու կունենաս սկիզբ, բայց քանի հոգիներ կտանես քեզ հետ: Գիշերվա ավարտը լուսաբացն է, նոր օրվա սկիզբը. սա էլ ապացույցը նրա, որ ամեն ավարտ նորի սկիզբն է: Ամեն օր բնությունը մեզ ցույց է տալիս, որ ժամանակն անվախճան է, թեպետ այն հաճախ է սիրում կրկնվել, սակայն որքան էլ փորձի նույնությունը պահել, միևնույն է գտնվում է  մի մանրուք, որ նման չի լինում նախորդ կրկնությանը, դրանով ամենը դառնում է յուրահատուկ և արտասովոր: Մարինեն վստահ էր` մահը միայն նորի սկիզբը կարող էր լինել:
 «Այսպես ապրել անհնար է: Նա վերջնական խորտակեց իմ ու դստերս կյանքը»:
Հեռվում լսվեց շան կաղկանձը, որ տարածվեց շուրջն ու իրենից հետո թողեց էլ ավելի չարագուշակ լռություն: Մարինեն շոշափեց գրպանը խցկած թղթի կտորը: Այն վերջին խոսքն էր, որտեղ Անուշիկի դաստիարակությունը վստահում էր միայն քրոջը:
«Իմ մահը կլուծի ամենամեծ խնդիրը: Դու չես լինի իմ ու դստերս կողքին»:

Լուսինը թաքնվեց ամպի ետևում: Մարինեն հիշեց ինչպես էր տատիկը լուսնյակ գիշերվա երկնքին նայելով ասում, որ հենց Լուսինը կորում է ամպի ետևում, այդ  պահին ուրվականներն իրենց պարն են սկսում, իսկ բարի հոգիներն աստղերի տեսքով փորձում են պատռել ամպի քողն ու նորից Լուսնի լույսը տարածել: «Դու շատ նման ես քո մայրիկին»,- անընդհատ կրկնում էր տատիկն ու համբուրում ճակատը: Ամեն անգամ, երբ լսում էր այդ խոսքերը, փորձում էր հիշել մայրիկին, սակայն դեռ փոքրուց հիշողության մեջ դաջվել էր նրա ժպտացող աչքերը միայն:
«Միայն թե իմանայիր ինչերի միջով եմ ստիպված եղել անցնել, բայց մնաց անցնել մեկ փորձություն ևս՝ վերջինը… Գուցե ամեն ինչ այլ լիներ, եթե լինեիր իմ կողքին, բայց չկաս, անգամ իմ մանկության հուշերում քեզ փնտրել չեմ կարող»:
Հիմա ինքը միայնակ կանգնած էր կամուրջի կենտրոնում: Վերևում անհամար աստղերն էին, իսկ ներքևում` ձորում թրթռացող լույսերը: Վարարած գետի խշշյունը ականջին էր հասնում, ու վախով լցնում հոգին:
Կամուրջի ճաղաշարքն անցնելն այդքան էլ բարդ չէր, բայց սարսափելի էր դեմ հանդիման  կանգնել անհուն մթությանը: Հիմա ձորում թրթռացող լույսերը սարսափելի էին թվում: Դեմքով դեպի անդունդը կանգնելով` երկու ձեռքով ամուր բռնեց ճաղաշարքից: Զգաց, որ կոշիկների միայն մի մասն է, որ կամուրջի վրա է ու վախից փակեց աչքերը: Մի պահ թվաց ամեն ինչ վերացավ: Չկար կամուրջը, ու նա կանգնած էր ոչ թե բազրիքից այն կողմ, այլ լեռան գագաթին: Շուրջը աստղեր կային, բայց միաժամանակ ցերեկ էր ու գետի խշշոցին միախառնվում էր թռչունների ճռվողյունը: Քամին հարվածեց դեմքին ու սթափեցրեց` ստիպելով բացել աչքերը: Առջևում նորից խավարն էր, խավարից եկող ու  հիմա սարսափազդու խշշյունը, որ պատրաստ էր կլանել իրեն, բայց այն արդեն իրեն չէր վախեցնի: Կնոջ դեմքին հայտնվեց տարօրինակ ժպիտ: Մատները թուլացան ու գրեթե ազատվեցին ճաղաշարքից…
-Սպասի՛ր, - լսվեց տղամարդու ձայն,- խնդրում եմ սպասի՛ր:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի 1735 դոլար պարտք

2013 թվականի սեպտեմբերին ՀՀ ընդհանուր պարտքը կազմել է 5,029 մլրդ դոլար, որից ներքին պարտքը` 688,6 մլն դոլար: ՀՀ պետական պարտքը, ըստ պաշտոնական տվյալների, կտրուկ մոտենում է սահմանաված ՀՆԱ-ի 60% ցուցնիշին` այս տարի հատելով արդեն 50%-ը:
Ինչպես նշված է ՀՀ Կառավարության սեպտեմբերին հրապարակած արտաքին պարտքի տեղեկագրում, այս տարվա երկրորդ եռամսյակում ընդհանուր պարտքը կտրուկ աճել է. հիմնականում արտաքին պարտքի մեծացման հաշվին: Պարտքի մեծացմանը նպաստել է պետական արտարժութային պարտատոմսերի փոխանցումը ՀՀ Կենտրոնական բանկի արտարժութային հաշվին, արդյունքում ընդհանուր պարտքի չափը գերազանցել է 2012 թվականի ՀՆԱ-ի 50%-ը: Ըստ օրենքի` եթե պետական պարտքը գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 50%-ը, ապա հաջորդ տարվա բյուջեի պակասորդը պետք է չգերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալի միջին արդյունքի 3%-ը, այնինչ 2014 թվականի բյուջեի նախագծով, ըստ մի շարք տնտեսագետների,  բյուջեի պակասորդը կազմում է  վերջին երեք տարիների ՀՆԱ-ի միջին արդյուքնի 3,4%: Այլ կերպ ասած, Հայաստանն այլևս չի կարող պարտք վերցնել` առանց դրանք մարելու: Հակառակ դեպքում օրենքի փոփոխության անհրաժեշտություն է առաջանում: Սակայն նույնիսկ այս պարագայում ՀՀ պարտքի ցուցանիշը բավական «խոսուն» է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարագայում պարտքն այս տարի կազմել է 1735 դոլար, նույնիսկ նորածին երեխան ծնված օրից 1735 դոլար անուղղակի պարտք ունի:
Աղբյուրը` Normitq.am                                                                                               Արմեն Մխեյան

2013-11-28

Առանց դիմակի. հարցազրույց Արմեն Մխեյանի հետ


                            Ամեն մայրամուտ ու ամեն արևածագ յուրովի է, ոչինչ չի կրկնվում ու ամենը ինչ կա այս  աշխարհում կարողանում է գոյատևել միայն այն պատճառով, որ յուրահատուկ է:
Արմեն Մխեյան
Գրող, բլոգեր, լրագրող Արմեն Մխեյանն արդեն երկու տարի վարում է իր անձնական բլոգն ու այնտեղ հրապարակում իր ստեղծագործությունները` բանաստեղծություններ, պատմվածքներ, անգամ վեպեր, իսկ այժմ պատրաստվում է ընթերցողների դատին ներկայացնել իր երկու նոր պատմվածքները:

-Ե՞րբ եք բացահայտել Ձեր մեջ գրելու ջիղը: Մանկության երազա՞նք, թե՞…

-Հիշում եմ` դեռ փոքր ժամանակ, երբ հարցնում էին մեծանաս ի՞նչ ես դառնալու, ասում էի` դերասան, սակայն մասնագիտությունս ընտրեցի տեխնիկական ոլորտից, չնայած միշտ էլ հումանիտար առարկաների նկատմամբ հետաքրքրություն ունեցել եմ: Փոքրիկ բանաստեղծություններ սկսեցի գրել դեռևս դպրոցական տարիքում, բայց հետո երկար ժամանակ այլևս չէի գրում. ուսում, աշխատանք, բանակ… Արդեն գիտակից տարիքում հասկացա, որ մտքերս շարադրելն ու դրանք ներկայացնելը կարող է օգնել ոչ միայն ինքս ինձ հասկանալ, այլև շատերին ևս օգնել անցնելու կյանքի այն ուղին, որը կարելի է անվանել փնտրտուքի, կամ, գուցե ինքնաբացահայտման և կայացման ժամանակաշրջան:

-Ասում են` դեռ փոքրուց ստեղծագործող մարդիկ անմիջապես տարբերվում են մյուսներից, համաձա՞յն եք:

-Ես կասեմ ավելին` ամեն մայրամուտ ու ամեն արևածագ յուրովի է, ոչինչ չի կրկնվում ու ամենը, ինչ կա այս աշխարհում կարողանում է գոյատևել միայն այն պատճառով, որ յուրահատուկ է: Այս նախադասությունը ձևակերպեցի իմ պատմվածքներից մեկում, ու այն դարձավ աֆորիզմ: Այնպես որ յուրաքնչյուրս արդեն յուրահատուկ ենք: Գուցե ոմանց մոտ այն առավել վառ է արտահայտված, իսկ ոմանց մոտ ոչ, սակայն բնության մեջ բացարձակ նման ոչինչ գտնել չենք կարող:

-Խոսեցիք պատմվածնքներից: Ովքե՞ր են Ձեր կերտած հերսները:

-Նրանք հասարակ մարդիկ են, սակայն մարդիկ են, ովքեր անցնում են անհնարինի միջով: Ես փորձում եմ իմ պատմվածքներում առավել մեծ ուշադրություն դարձնել գաղափարների վրա և ոչ թե մանրամասն կերպարների նկարագրության: Այդպես պատմվածքն առավել հարուստ և միաժամանակ գեղեցիկ մտքերով է ստացվում ու ընթերցողին շատ ավելին է տալիս:

-Արմեն, գիտեմ որ հետաքրքրվում եք նաև լրագրությամբ: Ինչո՞ւ հենց լրագրություն, որպես հո՞բի ընտրեցիք, թե՞ որպես մասնագիտություն:

-Լրագրություն ուսումնասիրելու միտքը ծնվեց բլոգի աշխատանքերին զուգահեռ: Որոշ ժամանակ անց ցավով ընդունեցի, որ Հայաստանում որպես այդպիսին իրական լրատվական դաշտ չկա. ընդամենը բացառիկ լրատվամիջոցներ են, որոնք համապատասխանում են «Չորրորդ իշխանության» կոչվածին: Լրագրության մեջ ամենակարևոր հատկանիշը լրագրողի անկողմանակալ լինելն է և հավաստի տեղեկատվության տրամադրելը հասարակությանը:

-Այդ դեպքում Ձեր քաղաքական հայացքները խոչընդոտ չե՞ն հանդիսանում:

-Իմ հայացքները զուտ քաղաքացիական են: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է նախ ունենա քաղաքացիական դիրքորոշում, այնուհետ քաղաքական: Լինել քաղաքացի չի նշանակում միայն անձնագիր ունենալ, այլև պարտավորություններ և միաժամանակ սեփական երկրի հանդեպ պատասխանատվության զգացում, որն էլ պետք է ստիպի բաձրաձայնել յուրաքանչյուր խնդիր, որն հուզում է հասարակությանը: Իմ պատրաստած հոդվածներում փորձում եմ իսպառ բացառել այսօր լրատվական դաշտում առավել տարածված դեղին մամուլին բնորոշ հատկանիշները և տալ փաստերով տեղեկություն` եզրակացությունը թողնելով արդեն ընթերցողին: Ամեն դեպքում դեռ այդ ոլորտում կարծում եմ շատ սովորելու տեղ կա…

-Դժվար չէ՞ համատեղել այլ ոլորտում աշխատանքն ստեղծագործական աշխատանքի հետ:

-Դժվարությունները նրա համար են, որպեսզի հաղթահարենք: Փորձում եմ համատեղել:

-Տարին մոտենում է ավարտին: Որքանո՞վ էր ստեղծագործական առումով այն բեղուն և ի՞նչ դեռ պետք է անեք մինչև տարեվերջ:

-Միայն այս տարի երկու վեպ, երկու պատմվածք, բանաստեղծություններ և բազում հոդվածներ: Մինչև տարեվերջ հուսով եմ կհրապարակեմ իմ երկու պատմվածքները, որոնք դեռ անավարտ են: Եթե տարին ամփոփելու լինենք, ապա տարին իմ կյանքում շրջադարձային կարելի է համարել:

-Վերջում ի՞նչ կմաղթեք և՛ մեր, և՛ Ձեր ընթերցողներին:

-Միշտ խուսափում եմ մաղթանք ասելուց… Կուզեի, որ բոլոր մարդիկ անկեղծ լինեին, չէ որ անկեղծությունից ծնվում է սեր, իսկ այն մեզ միշտ հարկավոր է առաջ գնալու, պայքարելու և կյանքի յուրաքանչյուր խոչընդոտը հաղթահարելու համար: Լինենք պարզ ու շիտակ, անկեղծ ու կարեկցող, որպեսզի երբ նայենք հայելու մեջ, տեսնենք մեր դեմքն առանց դիմակի…

Normitq.am

2013-11-27

Բյուջեի հավելուրդը տնտեսության զարգացման խոչընդոտ

Դեռևս սեպտեմբերին Կառավարությունը փաստում էր, որ ՀՀ պետական բյուջեն այս տարվա ինն ամիսների ընթացքում հավելուրդ է ապահովել, որը կազմել է 75.8 մլրդ դրամ, նախատեսված 9.5 մլրդի փոխարեն: Սակայն մի շարք տնտեսագետներ պնդում են, որ հավելուրդի նման մեծ թիվը կարող է տնտեսական աճի դանդաղեցման պատճառներից մեկը լինել:

Բյուջեի նման հավելուրդը պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով` 2013 թվականից օրենսդրական փոփոխության հետևանքով գանձվող պարտադիր սոցիալական վճարների և եկամտահարկի փոխարեն մեկ եկամտահարկի տեսքով գանձում կատարելու, 2012 թվականից նոր ավելացված հարկատեսակի` շրջանառության հարկի շնորհիվ և մի շարք ծրագրերի կասեցման պատճառով: Նոր հարկատեսակը որքան էլ որ պետբյուջե մուտք գործող գումարների մեծ թիվ է ապահովել, սակայն այդ կերպ միջին և փոքր բիզնեսին մեծ հարված է հասցվել: Ըստ ոլորտի ներկայացուցիչների` շրջանառության հարկն ավելի մեծ գումարի գանձում է ենթադրում, քան ավելացված արժեքի հարկը:

Գոյացած հավելուրդը դառնում է առևտրային բանկերի կապիտալ և սառեցվում, այնինչ այդ միջոցների տնտեսության մեջ ներդրումը կարող է տնտեսական աճ ապահովել, հակառակ դեպքում կարող է խիստ նվազել տնտեսական ակտիվությունը, որը տնտեսության զարգացման կարևոր ցուցանիշ է: Այսօր տնտեսական ակտիվության նվազման միտում արդեն իսկ կարելի է նկատել: 

Ըստ ՀՀ Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` այս տարի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,4% -ով, այնինչ 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների աճն արդեն 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է երկու անգամ ավելի մեծ` 7,2%: Նման բացասական ցուցանիշի արդյունքում այս տարվա ՀՀ տնտեսական աճը միանշանակ չի կազմի խոստացված 6.2%-ը:

Տնտեսագետ Գոռ Գևորգյանի կարծքիով բյուջեի հավելուրդը նման ցուցանիշի է հասցվել աշխատավարձերի բարձրացման համար: Նշենք, որ սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,7 %, իսկ միջին աշխատավարձի աճը ընդամենը` 4,3%, այսինքն այս տարվա միջին աշխատավարձի բարձրացումն սպառողական գների ինդեքսի աճին համապատասխան չէ:

Այս ամենից ելնենով ՀՀ կառավարությունը պարտավոր է վերանայել դրամավարկային որդեգրած քաղաքականությունը, քանի որ տնտեսությունից քաշել ռեսուրսները, հավելուրդ ապահովել և դրանով աշխատավարձ բարձրացնելը, կարող է տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման բերել, ինչն արդեն տեղի է ունենում:

Աղբյուր` normitq.am                                                                                             Արմեն Մխեյան

2013-11-15

Երևանի յուրահատուկ խորհրդանիշը


 Դեռևս նախորդ դարի երեսունականներից Երևանում առավել մեծ տարածում գտավ այնպիսի հուշարձանների կառուցումը, որոնց նմանը հնարավոր չէր հանդիպել ԽՍՀՄ շատ հանրապետություններում, իսկ արդեն տարիներ անց Երևանը դարձավ նման հուշարձան-կոթողների մայրաքաղաք:
Ցայտաղբյուրները ոչ միայն ամռան տապին անցորդների ծարավը հագեցնելու համար սառնորակ ջրի աղբյուր են, այլև այսօր համարվում են Երևանի յուրահատուկ խորհրդանիշներից մեկը:
Զբոսաշրջիկների անթաքույց զարմանքը հատկապես նկատելի է այն դեպքում, երբ առաջին անգամ են այցելում Հայաստան և պարզում, որ լեռների մեջ կորած այս երկրի մայրաքաղաքի յուրաքանչյուր փողոցում ու բակում կարելի է հագեցնել ծարավը` որևէ գումար չվճարելով:
Երևանի բնակչուհի Լիլիթը, ով արդեն երկար տարիներ հատուկ ուշադրությամբ է հետևում իրենց փողոցում գտնվող ցայտաղբյուրներին, մեզ հետ զրույցում նշեց, որ դրանք նաև հուշակոթողներ են, քանի որ շատերը կառուցվել են ի պատիվ այն մարդկանց, ովքեր երիտասարդ տարիքում են մահացել:
«Վերջին տարիներին սակայն կարելի է նկատել, որ կառուցվում են ոչ միայն հիշատակի համար, այլև որպես կոթող», - նշում է Լիլիթն ու ցավով ավելացնում, որ նորակառույց թաղամասերում ինքը չի նկատել ցայտաղբյուրներ: «Օրինակ Հյուսիսային պողոտայում չկա և ոչ մեկը»: Ցայտաղբյուրները ոչ միայն Երևանի, այլև մշակութային կոթողներ են ողջ Հայաստանի համար: 
«Օրինակ Գյումրիում, վերջին տարիներին կառուցված ցայտաղբյուրները հիմնականում մարմարից են: Այդպես ջուրն առավել սառն է մնում»,- հավելում է զրուցակիցը: 
Լիլիթի կարծիքով ցայտաղբյուրների մշակույթը տիպիկ հայկական է, քանի որ այլ երկրներում ցայտաղբյուրներ կարելի հանդիպել հիմնականում հայկական թաղամասերում: 
Նշենք, որ ըստ «Երևան ջուր» ընկերության, Երևանում կա ավելի քան 1500 ցայտաղբյուր, որոնցից հաշվառված են և պատմամշակութային արժեք են ներկայացնում 500-ը: 

Աղբյուրը Normitq.am                                                                                                   Արմեն Մխեյան







2013-11-12

Գրանկարներ` աֆորիզմ-պատկերներ

Ձեզ եմ ներկայացնում իմ աֆորիզմների հիման վրա պատրաստված հերթական գրանկարների շարքը...
Գրանկար բառի ծնունդը պատահական է ստացվել: Այն նմանատիպ աֆորիզմ-պատկերների հայերենին առավել համահունչ տարբերակն է: Գրանկարներում արտահայտված մտքերը հեղինակինն են:






















Գրանկար բառի ծնունդը պատահական է ստացվել: Այն նմանատիպ աֆորիզմ-պատկերների հայերենին առավել համահունչ տարբերակն է: Գրանկարներում արտահայտված մտքերը հեղինակինն են:

2013-11-10

GOCE արբանյակը կընկնի նոյեմբերի 11-ին

Աղբյուրը Normitq.am

 Նոյեմբերի 11–ին եվրոպական GOCE արբանյակը կհատի Երկրի առավել խիտ մթնոլորտային շերտերն ու վայր կընկնի: Անկման վայրը հնարավոր չէ նախապես պարզել:
 Այս տարվա սեպտեմբերին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել էր, որ արբանյակն ավարտել է առաքելությունն ու մի քանի շաբաթից ամբողջությամբ կսպառի քսենոնի պաշարները, որի հետևանքով շարքից դուրս կգա և մտնելով Երկրի առավել խիտ մթնոլորտային շերտեր, կայրվի:
 Ավելի քան 1100 կգ կշռով արհեստական արբանյակը Երկրի ուղեծիր էր դուրս եկել 2009թ-ի մարտին Ռուսաստանի Պլեսեցկ բնակավայրից: Հիմնական նպատակը Երկրի գրավիտացիոն դաշտի ուսումասիրությունն էր: 6 հզոր ակսելերոմետրերի և արբանյակի համեմատաբար ոչ բարձր դիրք ունենալու շնորհիվ Երկրի գեոիդի ճշտության ցուցանիշը 100կմ մասշտաբի դեպքում կազմեց ընդամենը 1-2 սմ: Նման ճշտության արդյունքի հնարավոր չէր եղել հասնել նախորդ բոլոր հետազոտությունների դեպքում: Արբանյակից ստացված տեղեկատվության հիման վրա հնարավոր է դարձել ստանալ Երկրի գրավիտացիոն դաշտի նոր, առավել ճշգրիտ մոդելը:
 Տիեզերական տարածության վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալներով արբանյակը Երկրի մթնոլորտային ավելի խորը շերտեր կմտնի նոյեմբերի 11-ին Երևանի ժամանակով 10:58-11:58 ընկած ժամանակահատվածում, իսկ այրումից մնացած առավել խոշոր մնացորդների անկման վայրը հնարավոր չի լինի կանխատեսել:

Արմեն Մխեյան

2013-11-07

Apple-ը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ

Apple տեխնոլոգիական գիգանտը նոյեմբերի 5-ին առաջին անգամ հրապարակել է մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի մասին տեղեկատվություն ստանալու հարցման ստատիստիկ տվյալները: Այդպիսվ Apple-ը համալրեց այն ընկերությունների ցանկը, որոնք արդեն պաշտոնապես հրապարակել էին այդպիսի տվյալներ: Մինչ այս պահը հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը վկայող փաստաթղթեր էին հրապարակել Facebook, Twitter սոցիալական ցանցերը, Google և  Yahoo ընկերությունները:
Apple-ի հրապարակած ստատիստիկ տվյալները վերաբերվում են օգտատերերի անձնական  և iTunes, iCloud ու Game Center համակարգերում գտնվող հաշիվներին: Ինչպես նշվում է կորպորացիայի պաշտոնական կայքում իրենք փորձել են հրապարակել այն ինֆորմացիան, որով կարող էին օրինական հիմքերով կիսվել:
Հատուկ ծառայությունների հայցերի բավարարումը չի ենթադրում օգտատերերի հաշիվներում ողջ անձնական ինֆորմացիայի տրամադրում, այլ հաճախ տրամադրվում է այն ինֆորմացիան, որը օգտատերերը նշում են գրանցման պահին: Սակայն վստահ լինել, որ այլ անձնական տվյալներ չեն հայտնվի հատուկ ծառայությունների ձեռքի տակ, մի շարք մասնագետներ միամտություն են համարում:
Ըստ բերված ցուցակի` օգտատերերի հաշիվների վերաբերյալ տեղեկատվության համար ամենամեծ թվով հայցերը ստացվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից. մինչև 2000 հայց: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է` 127, ապա Իսպանիան, Գերմանիան համապատասխանաբար 102 և 93 հայցերով:
ԱՊՀ երկրներից միայն Ռուսաստանն ու Բելառունն են ներկայացրել մեկական հայց:
Համաշխարհային տեղեկատվական և տեխնոլոգիական հսկա կորպորացիաները սկսեցին հրապարակել նման տեղեկություններ, երբ մամուլում մի շարք երկրների հատուկ ծառայությունների կողմից օգտատերերի անձնական տեղեկատվության հսկման և այդ ընկերությունների միջև կապը հաստատող գաղտնի փաստաթղթեր հրապարակվեցին:

Աղբյուրը` Normitq.am                                                                           Հեղ. Արմեն Մխեյան