2019-08-02

Գուցե կգա մի օր




Խոստումներ, որ մնացին օդում կախված,
Նրբություն, որ քարացավ չօգտագործումից,
Չկայացած հանդիպումներ, որ ավելի հեռացրին
Մեր երազանքներից միասին կերտած…

Գուցե կգա մի օր,
Ու ես էլ քեզ պես
Կսովորեմ չսպասել,
Կթողնեմ անցյալում
Երազներս սին,
Ու անցնելով գետը,
Ձեռքով կանեմ քեզ…

Սպասված խոսքեր, որ այդպես էլ չասվեցին,
Սեր, որ մարեց անկեղծության պակասից…
Եվ վերջին հանդիպում, որ բաժանեց մեզ՝
Ջնջելով սիրո հուշերը միասին կերտած…

Գուցե կգա մի օր՝
Կսովորեմ մոռանալ,
Բայց նաև ներել,
Որ դու չկարողացար,
Ու կանցնեմ գետը՝
Մյուս ափին թողնելով
Ամենը ու նաև քեզ…


2018-02-28

Լոռի. գողտրիկ մի աշխարհ


Լոռվա մարզի գողտրիկ անկյունները մեկ ֆոտոշարքում: 

Ստեփանավան, Ուրասար համայնք

Ստեփանավանից Յաղդան տանող ճանապարհին

Ստեփանավանից Տաշիր քաղաք տանող ճանապարհին


Կակաչի դաշտեր






Սուրբ Նշան Մատուռ, Արմանիս տանող ճանապարհ


2017-10-14

Պարզապես




Պարզապես դու անտարբեր ես,
Անհաղորդ իմ սիրո հանդեպ,
Պարզապես քեզ համար
Ես մեկն եմ հազարներից,
Իսկ դու՝ միակը ինձ համար...

Պարզապես սիրտս ցավում է,
Երբ կողքիս չես, բայց կարող էիր.
Պարզապես աշխարհն այս
Անգույն է ու մռայլ առանց քեզ,
Չէ՞ որ գույները բոլոր տվեցի քեզ...

Պարզապես մոռացել ես ինձ,
Ու սին է հույս փայփայել, որ
Պարզապես կգաս մի օր,
Եվ կմոռանաս անգամ հիշել,
Չէ՞ որ ես քեզ համար չկամ էլ...

Պարզապես չես էլ իմանա,
Թե որքա՛ն է ցավում հոգիս,
Պարզապես չես հասկանա
Անպատասխան սիրո ցավը,
Քանի դեռ չես սիրել...

Պարզապես անցյալ դարձրիր
Ամենն ու փակեցիր մի էջ.
Պարզապես մոռացար,
Որ նույն կերպ չեմ կարող ես.
Պարզապես...

2017-10-06

Առանց քեզ




Ես քեզ հետ ճախրել էի ուզում,
Բայց ճախրանքից առաջ
Դու մենակ թողեցիր ինձ,
Ու թևերս քեզ հետ տարար...
Ես քեզ հետ էի ուզում կիսել
Երջանկության ու սիրո
Ակնթարթները կյանքիս,
Բայց դու հեռանալ կամեցար,
Եվ երջանկությունն իմ սրտի
Դու քեզ հետ հեռուներ տարար...
Ես քեզ սիրտս նվիրեցի,
Սերս քեզ միայն տվեցի
Ու միայն քեզ վստահեցի,
Բայց սիրտս քեզ հետ տարար
Ու ինձ հեռու վանեցիր...
Ես սխալվեցի, երբ քեզ
Սեր կոչեցի, ու ամենը
Քեզ տվեցի, իսկ դու ամենը
Քեզ հետ տարար..
Հիմա դատարկ է հոգիս.
Առանց քեզ գույներ չկան,
Չկա ջերմություն առանց քեզ,
Երջանկություն ու ժպիտ,
Առանց քեզ ոչինչ չկա,
Անգամ սրտի տրոփյուն...

2017-09-17

ՀԱՆԴԻՊՈւՄ


ՀԱՆԴԻՊՈւՄ



Պատմվածքի հիմքում իրական պատմություն է: 
Շնորհակալություն գլխավոր հերոսին՝ իր կյանքի 
պատմությունն ինձ ներկայացնելու համար :



Յուրաքանչյուր կիրակի մայրս իր ընտանիքով այցելում էր մեզ: Կիրակի մեր տանն էին հավաքվում պապիկիս ու տատիկիս չորս երեխաներն իրենց ընտանիքներով, և ես, տան ամենափոքրը լինելով, մշտապես նրանց ուշադրության կենտրոնում էի. վայելում էի նրանց սերն իմ հանդեպ: Ապրել, դաստիարակվել եմ ուշադրության և սիրո շրջապատում, բայց պակասում էր հորս սերն ու ուշադրությունը:
Հայրս հազվադեպ էր այցելում ինձ, հիմնականում գնում էինք ման գալու: Վերջին այցելությունը 1965 թվականին էր, որից հետո նա իր նոր ընտանիքով տեղափոխվեց Տաշքենդ, և իմ ու հորս միջև եղած թույլ կապն էլ վերջնական կտրվեց: Մայրս, տատիկս, պապիկս և բոլոր բարեկամներս խրատում էին ինձ` ասելով, որ պետք է անպայման կապ հաստատեմ հորս հետ: Հիշում եմ տատիս խոսքերը՝ չէ՞ որ նա քո հայրն է, ի՞նչ անենք, որ մայրդ ու հայրդ չեն հասկացել իրար, դու պետք է գոնե  կապի մեջ լինես, քո ծնողն է, քո հայրն է, դու տղա ես… Նրանց նպատակն էր, որ հորիցս չնեղանամ, չվիրավորվեմ, սակայն նրանք չէին տեսնում իմ հոգին, չէին տեսնում այնտեղ կուտակված կարոտը, որ խեղդում էր ինձ: Ես սկսում էի ատել այդ կարոտը, բայց շարունակում էի կարոտել և հոգու խորքում սպասել գոնե ողջույնով նամակի, թեպետ արտաքուստ ցույց չէի տալիս:
Հաճախ էի հիշում հորս հետ անցկացրած օրերը ու հասկանում. հուշերն անգին են դառնում, երբ գիտակցում ես, որ անցած ակնթարթներն այլևս երբեք չեն կրկնվի: Ես փայում ու փայփայում էի այդ հուշերը հատկապես որ փոստատարն այդպես էլ նամակ չէր բերում: Սպասված նամակը եկավ միայն Տաշքենդ տեղափոխվելուց չորս տարի անց՝ 1969 թվին: Նամակում մի քանի տող էր միայն.
«Բարև Արման ջան: Գրի´ր` ինչպե՞ս ես և ի՞նչ ես ցանկանում, որ ես քեզ համար գնեմ և ուղարկեմ»…Վերջում ավելացված էր՝ «եթե չպատասխանես, ապա սա կլինի իմ վերջին նամակը»:
Տարիներ շարունակ սպասված նամակից հիասթափված էի և մասնակից չէի  տատիկիս ու պապիկիս այն ուրախությանը, որ համակել էր նրանց հորս նամակը ստանալուց հետո: Նրանք ինձ ոգևորում էին, որ նամակին պատասխանեմ: «Տե´ս, հայրդ ուզում է քեզ հետ կապ պահել, անպայման գրի´ր»,- խորհուրդ էին տալիս նրանք, սակայն ինձ հատկապես մտահոգում էր վերջին տողը` «եթե չպատասխանես, ապա սա կլինի իմ վերջին նամակը»: Ի՞նչ էին նշանակում այս խոսքերը: Այնուամենայնիվ վերցրի գրիչը, բայց գրեցի նամակի միակ ու վերջին բառը՝ բարև…
Գրիչը վայր դրեցի ու ակամա աչքս ընկավ նամակի ծրարին. աչքերիս մի պահ չհավատացի, կամ գուցե չէի ուզում հավատալ, բայց ծրարի վրա հետադարձ հասցեի տողում միայն Տաշքենդ քաղաքն էր գրված` ո´չ փողոց, ո´չ տուն, ո´չ էլ հեռախոսահամար:  Նամակի ծրարը ձեռքիս` վազեցի տատիկիս մոտ. գուցե ե՞ս էի սխալվում և հասցեն այլ տեղ պետք է գրված լիներ: Ավա՜ղ պատանի միտքս չէր սխալվել, եթե անգամ նամակ գրեի այն տեղ չէր հասնելու: «Բարևի» թուղթը մի կողմ նետեցի՝ ամբողջովին ճմրթելով:
 «Իսկ եթե հանկարծ նամակն ինձ չհասներ, կամ մորական տատս ու պապս ինձ չտային այդ նամակը, ուրեմն հայրս այդպես հեշտ կարող էր խզե՞լ կապը»: Կարոտի և միևնույն ժամանակ զայրույթի զգացողությունը տակնուվրա էր անում հոգիս ու հստակ որոշում կայացրի. չգրել ու այդպես էլ ոչ մի նամակ չգրեցի, թեև որքա՜ն էի սպասում այդ նամակին:
Ասում են՝ հույսն ամենավերջինն է մեռնում, և հենց այդ հույսով սպասելիս ծնվում է սպասումը, ու սկսում ես անհույս սպասել: Խառնվում են սպասումն ու հույսը` բերելով հիասթափություն ու ցավ, և այդժամ գիտակցում ես՝ սպասելիքներդ գուցե չիրականան, իսկ անսպասելին միշտ կողքիդ է...
Տատս ու պապս շարունակում էին հորդորել, որ նամակը կուղարկեն ծանոթների օգնությամբ, բայց ես որոշել էի. որոշել էի չգրել և վերջ, ավելին՝ մոտս նոր միտք ծնվեց` հրաժարվել հայրական ազգանունից ու փոխել մորական պապի ազգանունով:
1979 թվականին իմ նախաձեռնությամբ փոխել էի ազգանունս ու դարձել Թադևոսյան: Շատ բան էր փոխվել կյանքումս. արդեն Երևանի պետական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էի: Այդ տարիներին ամառային արձակուրդներին յուրաքանչյուր բուհ կազմավորում էր շինջոկատներ և ուղարկում հսկայածավալ Խորհրդային միության տարբեր անկյուններ՝ շինարարական աշխատանքների համար: Պետական համալսարանի շինջոկատը այդ տարի պետք է մեկներ ԽՍՀՄ ամենափակ գոտիներից մեկը՝ Մագադան: Սա այն վայրն էր, որ ոչ բոլորը կարող էին տոմս գնել ու մեկնել այդ մարզ: Ցանկությունը մեծ էր անդամագրվել շինջոկատին, իհարկե, այդ ցանկությունը բխում էր մի քանի նպատակից. առաջին՝ հնարավորություն էր ինքնուրույն հաղթահարել կյանքի փորձությունները, երկրորդ` լինել Մագադանի մարզում, որտեղ դժվար թե այլ առիթ լիներ այցելելու և երրորդ, որն առավել կարևոր էր, մտադրվել էի մինչ Երևան ժամանելը այնտեղից մեկնել Տաշքենդ, տասներկու տարի անց հանդիպել հորս ու ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, որ այդպես էլ չէի ստացել: Բաժանության վերաբերյալ լսել էի մայրական կողմի տեսակետը, սակայն առավել անաչառ լինելու համար ուզում էի հորս էլ լսել, նորից հանդիպել նրան, հատկապես երբ հիշողությանս մեջ նրա պատկերը դեռ ութ-ինը տարեկան երեխայի աչքերով տեսած պատկերն էր, իսկ հիմա ես չափահաս էի, հասուն մարդ…
Դեռ ժամանակ կար Մագադան մեկնել պատրաստվելու համար, սակայն պետք է պատրաստ լինեի նաև հորս տեսնելու, ու փորձեցի մինչ մեկնելս այցելել հորաքրոջս, ճշտել հորս բնակության հասցեն: Հորաքույրս իր լուրջ դերակատարությունն էր ունեցել ծնողներիս բաժանման հարցում, այդ իսկ պատճառով մորս իմ  գործողությունների մասնակից չէի ուզում դարձնել, որպեսզի նորից չվշտացնեմ նրան: Հորաքրոջս հետ որևէ կապ մինչ այդ չկար, չգիտեի ոչ տան հասցե, ոչ հեռախոսահամար: Առանց այս ու այն կողմ ընկնելու գնացի միլիցիայի բաժին, ներկայացրեցի իրավիճակը և կարճ ժամանակ անց արդեն ունեի և´ հասցե, և´ հեռախոսահամար: Նույն օրն էլ գնացի նշված հասցեով, որտեղ բնակվում էին հորաքույրս, հորաքրոջս ամուսինը և նրանց երկու տղաները:
Ի զարմանս ինձ`  դիմավորեցին ջերմությամբ և մի փոքր էլ կշտամբանքով, թե ինչո՛ւ այսքան ժամանակ չեմ այցելել և չեմ փորձել կապ հաստատել նրանց հետ: Իմանալով իմ բուն  նպատակի մասին, որ ուզում եմ հորս հասցեն գտնել՝ հորաքույրս առաջինը պատասխանեց ասելով, որ չգիտեն: Հիմնականում խոսում էր հորաքույրս, պատմում տարբեր պատմություններ հորս մասին:
-Ա՛յ Արման  ջան, դու չես էլ իմանում` ի՛նչ պատմություններ էր եղել, մինչև Ռոման գնաց Տաշքենդ,- հերթական պատմությունը սկսեց հորաքույրս, - դեռ Երևանում տանը կռիվ էր եղել. դե բոլորի տանն էլ լինում է, - ասես արդարանում էր հորաքույրս,- ու էդ նոր կնոջ եղբայրը, անունն էլ չեմ ուզում հիշել հա՜, դանակով  խփել էր Ռոմայիս:
Այդ պատմությունից ես իսկապես տեղյակ չէի, բայց գլխումս հերթական միտքը ծնվեց, գուցե նոր կնոջ ընտանիքի միջոցով կարողանամ գտնել հորս հասցեն, չնայած ներքին վստահություն կար, որ հորաքույրս գիտեր, բայց չի ուզում ասել:
-Իսկ գուցե նրա հասցեն լինի, կամ որտե՞ղ գտնեմ հորս նոր կնոջ եղբորը, - անկեղծորեն հարցրի ես և միայն բացասական պատասխան ստանալուց հետո համոզվեցի, որ անիմաստ էր: Հորաքույրս ոչ մի կերպ չէր ուզում, որ ես կապ հաստատեմ հորս հետ: Հորաքրոջս պատմությունները բավական երկարեցին, սկսեցինք նայել լուսանկարները, ուղարկված-ստացված նամակները ու հանկարծ հորս ու նրա նոր ընտանիքի լուսանկարներից մեկի վրա հեռախոսահամար նկատեցի: Չնկատելու տվեցի, բայց մտքումս անընդմեջ կրկնում էի, որպեսզի հանկարծ չմոռանամ: Արագ հրաժեշտ տվեցի ու դուրս եկա տանից: Առաջին պատահած հեռախոսով զանգեցի մտապահածս հեռախոսահամարով: Պատասխանեցին.  ենթադրությունս ճիշտ էր, հեռախոսահամարը հորս երկրորդ կնոջ եղբոր տան հեռախոսահամարն էր: Ներկայացա, ասեցի իմ խնդրանքը: Խոսափողի մյուս կողմում գտնվող տղամարդու ձայնը շփոթմունք և զարմանք էր արտահայտում, բայց միևնույն ժամանակ խուսափողական պատասխաններ էին հնչում հարցերիս: Խնդրողի կարգավիճակից դուրս եկա ու սպառնագին պահանջեցի, որ մինչև վաղը ժամը վեցը ճշտի հասցեն, ես կզանգահարեմ ու կգրանցեմ հորս հասցեն: Առանց այլ պատասխանի սպասելու` կախեցի խոսափողն ու դուրս եկա հեռախոսախցից: Երկնքում մութ ամպեր էին կուտակվել, և երկինքն ասես արտացոլում էր իմ հոգու փոթորկային պատկերը: Նայեցի վեր, խորը շունչ քաշեցի. «Անձրևից հետո անպայման արև կլինի», - ինքս ինձ ասացի ես ու քայլերս ուղղեցի տուն:
Հաջորդ օրը, մինչև պայմանավորված ժամը, հեռագիր ստացա, որ հստակ նշված ժամին ներկայանամ գլխավոր փոստատուն՝ հորս հետ հեռախոսազրույցի: Իհարկե սպասելի էր, որ հորս կտեղեկացնեն իմ մասին, բայց արձագանքն ինձ համար անսպասելի էր: Նշված ժամից բավական շուտ արդեն փոստատանն էի, հուզմունք զսպելու համար սկսեցի արագ այս ու այն կողմ քայլել, մինչև որ կանչեցին խոսափողի մոտ: Չգիտեի ինչպես սկսել խոսակցությունը և ինչից, բայց հեռախոսի մյուս ծայրից ասես լսեցի իմ ձայնը.
-Բարև, Արմա՛ն:
Այնպիսի բարև, կարծես երեկ էինք հրաժեշտ տվել: Մի պահ շփոթվեցի, ու ես էլ բարևեցի.
-Բարև, Ռոմա: Ես մեկնելու եմ Մագադան, որից հետո ուզում եմ այցելել Տաշքենդ` քեզ հանդիպելու:
-Ի՞նչ կարիք կա նեղություն քաշելու,- լսվեց պատասխանը, իսկ ես սառը ցնցուղի տակ կանգնելուց հետո շունչը կտրվող մարդու  պես սկսեցի հևալ, ու մարմինս պատվեց դողով:
-Նեղություն չէ, ես ուզում եմ տեսնել քեզ, - պնդեցի ես:
Տիրեց լռություն, որ մի ողջ հավերժություն թվաց:
-Դե գուցե ե՞ս գամ Երևան, - լռությունը խախտեց հայրս,- դու նեղություն մի՛ քաշիր, -նորից կրկնեց նա:
-Նեղություն, չէ,- կրկնեցի,- ու ես որոշել եմ…
Հերթական լռությունը ավելի կարճ տևեց:
-Եթե հանդիպենք, ինչպե՞ս ենք ճանաչելու միմյանց, - հարցրեց հայրս:
-Ես անպայման կճանաչեմ, -  հուզմունքից դողացող ձայնս մի կերպ զսպելով` խոսեցի ես, - մայրս ասում է, որ քեզ շատ նման եմ, այնպես որ մարդկանց մեջ ինձ կփնտրեմ:
-Լավ, կտեսնվենք, ցտեսություն:
Երբ խոսափողը կախեցի, միայն այդ պահին նկատեցի, որ խոսելիս ծնկի եմ իջել, իսկ աչքերս թաց են: Հոգումս արթնացել էր խորը թաքցված կարոտը ու ստիպել լալ ինչպես այն տասնմեկամյա պատանին, որ այդպես էլ նամակ չգրեց, իսկ հետո երկար ժամանակ լուռ լալիս էր քնելուց առաջ: Ես չէի ուզում, որ հարազատներս տեսնեն իմ ցավը, ես նրանց աչքում ուժեղ դեռահաս էի, որ կարող է հաղթահարել կյանքի խոչընդոտները, բայց ուժեղները նույնպես լալիս են, պարզապես նրանց արցունքները ոչ ոք չի տեսնում, հաճախ նրանք լալիս են հոգով, իսկ հոգին գրեթե ոչ ոք չի տեսնում…
Հաշված օրեր անց ստացա հեռագիր, թե նշված օրը օդանավակայանում դիմավորեմ հորս: Վերջապես եկավ երկար սպասված օրը: Դժվար է նկարագրել իմ հոգեվիճակը՝ լարված, անհանգիստ և անորոշ: Վերցրեցի  ծնողներիս ամուսնալուծության բոլոր փաստաթղթերն ու մենակ ուղևորվեցի օդանավակայան:
Անհանգիստ ու լարված րոպեներ, որոնց ընթացքում ամբոխի մեջ փնտրում էի հորս: Հեռվից նկատեցի ու գնացի ընդառաջ: Ակնկալիքներս երկար բաժանումից հետո առաջին հանդիպումից շա՜տ ավելին էին: Սպասում էի բուռն գրկախառնություն, սակայն միայն սառը ձեռքսեղմումով ողջույն եղավ: Առաջարկեց գնալ իր սիրելի ռեստորաններից մեկը, հաց ուտել ու զրուցել, քանի որ, ինչպես նշեց ինքը, քիչ ժամանակ ունի. երեկոյան նորից մեկնելու է Տաշքենդ:
Հորս սիրելի ռեստորաններից էր Արարատ ռեստորանը: Ուղևորվեցինք ռեստորան, ճանապարհին գրեթե բառ չփոխանակեցինք: Զարմանում ու զայրանում էի, ինչպես կարելի է նման սառը վերաբերմունք ցույց տալ, չէ՞ որ ես նրա որդին եմ: Երբ տեղ հասանք, հայրս ուտելիք պատվիրեց ու մի շիշ իր սիրելի կոնյակից: Սկզբում հետաքրքրվում էր ընդհանուր բարեկամներով, ես էլ իր նոր ընտանիքից հարցրեցի: Ամեն կերպ փորձում էի հարցեր տալ բաժանության մանրամասնությունների մասին ու վերջապես կարողացա զրույցը տանել այդ ուղղությամբ: Նա ոչ մի բան չհերքեց.
-Ամեն ինչ այնպես է, ինչպես քեզ ասել են, - ուղիղ աչքերիս մեջ նայելով հաստատեց հայրս, - ու պատասխան հարցը չուշացավ. –ինչո՞ւ ես ազգանունդ փոխել:
 Ես նշեցի, որ Մանուկյաններից որպես զավակ ոչ մի ուշադրության չեմ արժանացել: Ինձ դաստիարակել, մեծացրել են Թադևոսյանները, այդ պատճառով էլ փոխել եմ:
Հետո հետաքրքրվեց ուսմանս հաջողություններով, նշեց որ ավելի լավ կլիներ Պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվեի: Ինչպե՞ս կարողացավ նման բան ասել, չէ՞ որ իմ հայրը մինչ այսօր ոչ մի անգամ չի հետաքրքվել ինձանով, իսկ հիմա ասես մեղադրում էր:
Ես պատասխանեցի, որ համալսարան ընդունվելն իմ որոշումն էր:
Հայրս հերթական բաժակը բարձրացրեց.
- Արման ջա՛ն, ի՛նչ ասեմ,- վերջին անգամ հրաժեշտ տվող մարդու ձայնով սկսեց հայրս,- այսքան տարի է անցել,  ու դու  ապրել ես քո ձևով, ես՝ իմ, ես քեզ  ինչպե՞ս համարեմ  զավակ, դու էլ ինձ հայր: Լավ կլինի ես իմ ճանապարհով գնամ, դու էլ քո…
Վերջին բառերը չկարողացա ընկալել: Ամեն ինչ կարելի էր սպասել, բայց նման շրջադարձն անսպասելի էր ու անչափ ցավոտ: Մի պահ աշխարհը կարծես կանգ առավ: Աչքերիս առջև սևացավ, ականջներումս այնպիսի խշշոց բաձրացավ, որ քիչ մնաց խլանայի, սակայն մի քանի վայրկյանից կարողացա ուժերս հավաքել ու կոնյակով լի բաժակը բարձրացրեցի:
-Առ այսօր ես քեզ  հայր էի ճանաչում, - հանդարտ սկսեցի ես,- ու ես հույս էի փայփայում, որ մենք հետագայում ևս կլինենք հայր ու որդի, բայց հենց այս պահից դու որպես հայր մեռար ինձ համար…
Հայրս փորձեց ընդհատել, բայց ես առավել բարձր ձայնով լռեցրի նրան:
Արագ հավաքեցի բոլոր փաստաթղթերը, կանչեցի մատուցողին, վճարեցի ու քայլեցի դեպի դուռը: Կյանքում չկա ավելի մեծ հիասթափություն, քան սպասումից ծնված հիասթափությունը, որին հետո ավելանում է հետևյալ միտքը` ամեն ինչ իզուր էր...
Դուռն այդքան էլ հեռու չէր, բայց ես դանդաղ էի քայլում, վերջին պահին սպասելով, որ հայրս անունս կկանչի: Ասածս խոսքերը քարի պես սրտիս վրա բեռ էին դարձել ու եթե հիմա կանչեր, կշրջվեի, ներողություն կխնդրեի: Ավա՜ղ, նա այդպես էլ անունս չկանչեց: Դուրս եկա ռեստորանից ու անշտապ քայլերս ուղղեցի Հրազդանի կիրճ: Կոկորդումս սառել էր ճիչը, իսկ հոգումս՝ եռում վիշտը: Ուզում էի գոռալ որքան ուժ ունեի, բայց մի բան խեղդում էր: Ցավն ու վիրավորանքը շնչահեղձ էին անում ինձ: Շուրջս նույնպես տխրություն էր համակել, անցորդների դեմքից չքացել էր ժպիտը, արևը կորել էր ամպերի հետևում, քաղաքը մոխրագույն շղարշով պատվել, չքացել էին գույները, իսկ ծաղիկները թոշնել էին ասես. աշխարհը հոգուս արտացոլանքն էր դարձել...
Մի քանի ժամ շարունակ քայլում էի ու վերլուծում հորս հետ վերջին հանդիպման ամեն վայրկյանը: Շատ բան կտայի, որ այդ ամենը երազ լիներ, բայց դաժան իրականությունը ցավեցնում էր հոգիս ու հիշեցնում, որ արթուն եմ: Շատ բան կտայի, որ փոխեի հանդիպման վայրկյանների ընթացքը, առավել ևս եթե իմանայի, որ այս հանդիպումը վերջինն էր լինելու: Հանկարծ հիշեցի տանից ինձ հետ բերած փաստաթղթերի մասին: Բոլորը պատռեցի ու մանր կտորները հանձնեցի Հրազդանի ալիքներին: Հոգումս մի ողջ աշխարհ էր կործանվել: Առավել մեծ ցավ էր պատճառում այն միտքը, որ կործանված աշխարհը, որ հայրական էի կոչում, այլևս երբեք չէր վերականգնվելու, այլ մնալու էր ավերակ ու ժամանակի ընթացքում պատվելու էր փոշու հաստ շերտով: Գուցե ժամանակը կարողանար մեղմել ցավը, բթացնել զգացողություններն ու ապրումները, սակայն այդ ավերակները կյանքում հիշեցնելու էին կործանված սպասումների, հույսերի ու երազանքների աշխարհի մասին:
2013 թվականին` շուրջ երեսուն տարի անց,  գտա իմ եղբորն ու քրոջը, որ ծնվել էին հորս երկրորդ ընտանիքում: Երբ հետաքրքրվեցի` արդյո՞ք նրանք տեղյակ էին իմ ու հորս հանդիպման մասին, ասացին՝ այո՛, տեղյակ են: Երբ Երևանից ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարում Տաշքենդի օդանավակայանում, ուղևորներից մեկին սրտի կաթվածով տեղափոխում են հիվանդանոց: Այդ ուղևորը հայրս էր… Քույրս պատմում էր, որ հայրս ապաքինվելուց հետո շատ էր փոխվել. հաճախ էր փակվում սենյակում, գրեթե ոչ մեկի հետ չէր շփվում:
-Թեպետ չգիտեինք` ի՛նչ է կատարվել Երևանում, սակայն հասկանում էինք, որ որդու հետ հանդիպումը հաջող չէր անցել, - պատմում էր քույրս:
Երբ լսեցի այս խոսքերը, նորից հիշեցի հորս հետ հանդիպման օրը: Ես ամիսներ շարունակ տուն մտնելուն պես փակվում էի իմ սենյակում, գրեթե ոչ մեկի հետ չէի  շփվում: Հիշում եմ` ինչպես այդ օրը կեսգիշերն անց հասա տուն: Բոլորն անհամբեր ինձ էին սպասում, բայց ոչ մի բառ չասելով` մտա իմ սենյակ, երեսս սեղմեցի բարձին, որ լացիս ձայնը ոչ մեկ չլսի: Երբեք չեմ մոռանա մորս թախծոտ աչքերը, երբ տեսավ ինձ ու երբ ծածկում էի սենյակիս դուռը, նրա ձայնը հասավ ականջիս: Բառեր, որ ստիպեցին վերջնականապես վերադառնալ իրականություն:
-Երևի հոր հետ հանդիպումը հաջող չի անցել…


2017-08-26

Գուցե

Գուցե կարողանամ աչքերս փակել,
Քեզ չտեսնել, հայացքդ չտեսնել,
Որ չմատնեմ հանկարծ սերս մեծ:
Գուցե կարողանամ լռեցնել լեզուս,
Որ անունդ հանկարծ չտա բարձրաձայն,
Որ չլսեմ ու չկրկնեմ անունդ նորից:
Գուցե կարողանամ սրտիս տրոփյունը
Խլացնել ամբոխի աղմուկի մեջ մնալով,
Որ ինքս էլ չզգամ՝ ինչպես է բախախում
Ամեն անգամ, երբ քեզ եմ տեսնում նորեն…
Բայց ինչպե՞ս, ասա՛ ինչպե՞ս վարվեմ,
Ինչպե՞ս հոգիս փակեմ վանդակում,
Որ ամեն րոպե չսավառնի դեպի քեզ,
Որ միտքս իր հետ քեզ մոտ չբերի,
Ինչպե՞ս հոգիս քեզնից հեռու պահեմ,
Երբ` ասես հոգիս ես 
դու 

                                                                  Արմ Մխեյան