2013-04-21

«Վանա ծովուն արշալույսը». ֆիլմ, որը պետք է դիտել



Ինձ բախտ վիճակվեց դիտելու հայ կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերից մեկը՝ «Վանա ծովուն արշալույսը»: Ֆիլմի ռեժիսորներն են՝ Արտակ Իգիթյանն ու  Վահան Ստեփանյանը: Այնքան մեծ է ֆիլմից ստացած տպավորությունը, որ չկիսվել ուղղակի չեմ կարող: Ֆիլմը պատմում է ութսունամյա ծերունու մասին, ում մայրը փրկվել է ցեղասպանությունից: Այո կրկին ցեղասպանություն, կրկին ցավալի թեմա, սակայն այս ֆիլմը միանշանակ տարբերվում է բոլոր մնացած ֆիլմերից ոչ միայն սյուժեով, հիանալի սցենարով ու իրադարձություններով, այլ հային ներկայացնում է, որպես պահանջատեր ու իրավատեր, այլ ոչ թե թույլ ու անպաշտպան…
Ամենաառաջին միտքը, որ ծնվեց ինձ մոտ, հետևյալն էր: Ֆիլմը նախատեսված չէր միայն հայ հանդիսատեսի համար: Այն իրենից ներկայացնում է գեղարվեստական արժեք նաև օտարերկացու համար: Եթե ես ֆիլմը դիտեի ոչ թե հայի աչքերով, ապա այն կհամարեի հիանալի ֆիլմ, որտեղ ներկայացվում է հանդուրժողականությունը՝ որպես ընկալում և քանի որ հանդուրժողականություն բառն օգտագործեցի, ապա կիսվեմ մի քանի բառով թե ես ինչ եմ հասկանում այս եզրույթն արտաբերելիս: Ցավով պետք է նշեմ՝ այսօր հանդուրժողականություն ասելով շատերն այն բացասական են ընկալում, սակայն այն ունի վեհ գաղափարախոսություն և խորը փիլիսոփայություն: Հանդուրժողականությունն ընդունումն ու համակերպումը չէ, այլ դիմացինի նկատմամբ հարգանքն է ու գնահատականը. լինի այն անհատ, գաղափարախոսություն, թե մշակույթ… Հանդուրժողականությունը ոչ թե մի կերպ դիմանալն է «այլին», այլ հենց այդ այլի արժեքների գնահատումը: Արդյունքում օտարազգի հանդիսատեսը ծանոթանում է նաև Հայաստանի, հայի ու հայի անցած ճանապարհի մասին: Ֆիլմն առավել խոսուն է հայ հանդիսատեսի համար: Այստեղ վեր են հանվում հայ ընտանիքի կերպարից մինչ հայապահպանման կարևորության վերաբերյալ խնդիրները: Հիմա ավելի մանրամասն խոսենք: 80-ամյա ծերունին, ով բնակվում իր հայրենիքից շատ հեռու, ամեն գնով փորձում է որդուն ու թոռանը դաստիարակել հայեցի, սակայն բնականաբար շրջապատն իր գործն անում է ու ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան ինքը: Արդյունքում, թեպետ նրանք խոսում հայերեն, բայց արդեն ամերիկացի են իրենց կոչում: Ֆիլմում բավականին գեղեցիկ կերպով օգտագործված են սիմվոլիկ դրվագներ, որոնք ինձ բավականին հուզեցին: Չեմ էլ հիշում՝ երբ եմ նման ֆիլմ դիտել, որն ստիպել է ասել՝ իսկ այս դրվագը բավականին խորհրդանշական է: Ֆիլմի յուրաքանչյուր կադր, յուրաքանչյուր արտահայտություն ստիպում է խորհել, այնպես որ, այն պետք է դիտել մի քանի անգամ: Հիմնական գաղափարներից մեկն է նաև՝ գենի անմահությունը, այն երբեք չի «լռում»: 
Հայ կնոջ կերպարը բավականին հետաքրքիր է ներկայացվում, սակայն հայ կինը ընտանիքի միասնության ու ամրության խորհուրդն է ստանում՝ խնդրելով ամուսնուն՝ պապիկին ծերանոցից ետ բերել, որպեսզի նա իրենց հետ ապրի: Այն պապիկին, ում մի փոքր խենթ են համարում, ով ամեն տարի ապրիլի 24-ին այրում է Թուրքիայի դրոշն ու հայտնվում ոստիկանությունում:
 Ծերունու կերպարում ամփոփված է հայի խրոխտ ոգին: Նա ոչ թե ողբում է, այլ պահանջատեր կանգնում, պայքարում հանուն արդարության: Ֆիլմի ստեղծողներին հաջողվել է այս ամենը ներկայացնել հետաքրքիր ու բավականին արդիական սյուժեի զարգացման քողի տակ:
Ի դեպ ֆիլմում նկարահանվել է թրքուհի: Նա կերտում է թրքուհու կերպարը, ով ծերունու թոռան ընկերուհին է: Ծերունին միանշանակ դեմ է լինում նրանց հանդիպմանը, բայց հետո կրկին խոսում է հայի վեհանձնությունն ու ծերունին ասում է՝ ախր նա ի՜նչ մեղք ունի:
 Բայց ամենից շատ ինձ հուզեց մի դրվագ, որն ուզում եմ մեկնաբանել իմ տեսանկյունից: Ծերունու տնկած ծառը չի ծաղկում, իսկ միայնակ ծերունու համար ծառի ծաղկելը դարձել է երազանք: Այստեղ մի քանի դրվագ կա, որոնք բավականին հուզեցին ինձ: Ծառը ծաղկած տեսնելու համար ծերունին Հայաստանից բերած մի բուռ հող է շաղ տալիս ծառի բնի մոտ: Ցավոք, այն ծաղկած տեսնելը իրեն վիճակված չէ: Ծերունին կնքում է  մահկանացուն,  պատկերացնելով, թե իր երազներում հաճախ տեսնող Վանա ծովի ափին է, արշալույսին, ու կտակում խնդրում, որ հոգ տանեն ծառի մասին՝ այն ամեն դեպքում կծաղկի: Ես ծառը, որպես հայի ոգի ընկալեցի: Հայի ոգին ծերունին փոխանցում  է իր սերնդին, վստահ լինելով, որ այն մի օր կծաղկի: Այստեղ հայապահպանության կարևոր հիմնախնդիրն է արծարծվում, ու թեպետ չծաղկած, բայց ծաղկին սպասող ծերունին, կտակում է իր սերնդին ծառը ծաղկեցնել: Ու հիմա ծառը ծաղկեցնելու համար մենք պետք է մեր ներդրումն ունենանք, երիտասարդ  նոր սերունդը: Որդին ճիշտ է հասկանում հոր կտակում ասված խոսքերն  ու պնդում, որ ինքը պարտավոր է ամեն դեպքում իր հոր պես «խենթ» լինել, չնայած, որ առաջ չէր ողջունում հոր քայլերը իսկ թոռնիկն այցելում վերջապես պապու ու իր հայրենիք՝ Արևմտյան Հայաստան, Վանա լիճ: Այո, հայի գենն անկոտրում է:
Ֆիլմը հուզիչ է, հարուստ գեղեցիկ տեսարաններով, հումորով, խորը փիլիսոփայությամբ ու մեծ դաստիարակչական նշանակություն ունի: Դիտել այն առանց ծիծաղի և միևնույն ժամանակ առանց հուզմունքի անհնար է: Ֆիլմը ես կհամարեի արդի հայ կինեմատոգրաֆիայի լավագույն աշխատանքներից մեկը, եթե ոչ լավագույնը: Շնորհակալություն ստեղծագործական ողջ անձնակազմին, իսկ եթե դեռ չեք դիտել, ապա անպայման դիտեք՝ այցելելով այստեղ:  










Комментариев нет: