Armen Mkheyan
ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
●
ՔՈՂԱՐԿՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Армен
Мхеян
Արմեն Մխեյանի այս վիպակն ունի բավականին հետաքրքիր սյուժե, գործողությունների
անհավանական ու կտրուկ զարգացում: Վիպակն ընդհանուր առմամբ վեր է հանում բնապահպանական և հանքարդյունաբերության խնդիրները, սակայն որպես գեղարվեստական
ստեղծագործություն, ընթերցողին գրավում իր ուրույն սյուժեով և ժանրով:
Իրադարձություններն զարգանում են մեր օրերում: Գլխավոր հերոսները պատահմամբ հայտնվում են իրադարձությունների
կիզակետում, որտեղ սուտն է, կեղծիքն ու դավաճանությունը: Հանուն ճշմարտության պայքարը դառնում է նրանց գլխավոր ուղենիշը:
Վիպակում օգտագործվել են որոշ տեղանունների, պետական կառույցների, ինչպես նաև «Հետք» և «Հրապարակ» թերթերի անունները: Ընկերությունների անունները հորինված են, իսկ կերպարների անունների ցանկացած համընկնում՝ պատահականություն:
Հատուկ շնորհակալություն «Հետքի» և «Հրապարակի» խմբագրակազմին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս ստեղծագործության ստեղծմանը:
Խմբագրեց՝ Արամ Հովակիմյանը:
Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի թույլտվության:
© ArmenMkheyan
Ժողովուրդն արտաքին թշնամու դեմ կարող է մեկ բռունցք դառնալ՝ նրա դեմ
հանելով բոլոր զենքերը: Այդպես են ծնվել բոլոր մեծ հաղթանակները: Բայց
արտաքին թշնամուց ավելի զորեղ կա մեկ այլ թշնամի՝ ներքին թշնամին: Այս
թշնամու առավելությունը մեկն է՝ իր դեմ չեն կարող համախմբվել...
Ա. Մխեյան
Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են տասից
ավելի հանքեր, որոնք շահագործման են ենթարկվում օտարերկրյա ընկերությունների
կողմից: Հանքարդյունաբերության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնած մեր
երկրում: Հայաստանը հիմնականում արտահանում է անմշակ հումք, ինչը չի կարող այդ
ոլորտի զարգացում դիտարկվել: Հայաստանի ընդերքն այսօր անխնա շահագործվում է՝
հանգեցնելով մի շարք լուրջ բնապապահպանական խնդիրների: Հնարավոր բոլոր
բնապահպանական վնասները գրեթե ուշադրության չեն արժանանում պատկան մարմինների
կողմից: Մի քանի տասնյակ կազմակերպություններ, երիտասարդական նախաձեռնություններ և
հազարավոր բնապահպաններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, սակայն նկատելի
արդյունք չկա: Հանքարդյունաբերության ոլորտը «վերահսկվում» է մի քանի օլիգարխների
կողմից, որոնք հսկայական եկամուտ են ստանում, սակայն պետբյուջե է գնում շատ չնչին
տոկոսը: Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին տնտեսական տարեկան աճի
հիմնական խթանը հանքարդյունաբերությունն է, որը էական դրական ազդեցություն չի կարող
ունենալ ՀՀ հասարակ քաղաքացիների աղքատության մակարդակի նվազման գործում, քանի որ
հանքարդյունաբերությունից միայն շահում են որոշ անհատներ:
Ընդերքի անխնա շահագործումն առաջիկա տարիներին
մեր պետությանը կկանգնեցնի բավականին մեծ էկոլոգիական խնդիրների առաջ, սակայն
իշխանությունները համառորեն չեն ուզում տեսնել հնարավոր այն բոլոր վտանգները,
որոնք արդեն իսկ առկա են:
***
Մարգարտա գյուղը Լոռվա ողջ հրաշք բնության պատկերն է ասես իր մեջ հավաքել: Հատկապես գարունն այստեղ այնքան գեղեցիկ է, որ թվում էր՝ դրախտի դարպասներն այստեղ են: Թեժ լեռան ստորոտին բազմած բնության այս հրաշք անկյունը մարդկությանը դեռ վաղուց է հայտնի: Այս տարածաշրջանում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոներն զարմացնում են իրենց վաղեմությամբ ու միևնույն ժամանակ լավ պահպանված լինելով: Գյուղն իր անունը ստացել է հին ավանդապատումից, ըստ որի Աստղիկ դիցուհին այստեղ հաճախ է զբոսնել, ու նրա անցած ճանապարհի ողջ երկայնքով մարգարտածաղիկներ են ծաղկել: Մինչ օրս էլ գյուղում և շրջակա հովիտներում մարգարտածաղիկը ամենատարածված ծաղիկն է: Գյուղից հարավ` Փամբակի լեռներն են ու հենց այդ լեռնաշղթայի ամենաբարձր կատարը` Թեժ լեռը, որը նաև սահմանաբաժան է հանդիսանում Լոռվա ու Կոտայքի մարզերի միջև: Լեռան փեշից, կանաչ մարգագետնի ու թավ անտառների միջև ընկած գյուղից, հրաշալի տեսարան է բացվում դեպի Լոռվա աշխարհը, բնության անձեռակերտ հրաշք մի աշխարհ: Թեժ լեռան բարձրությունից երևում է Գուգարք աշխարհի մյուս լեռանապարը՝ Բազումի լեռները, իսկ մի փոքր աջ նայելիս՝ Խալաբ լեռան բարձունքը: Գուգարաց աշխարհի այս մի փոքրիկ հատվածն է միայն, որ Հայաստանի Հանրապետության կազմում է մնացել: Հանրապետության հյուսիս-արևելյան այս հայտվածը առանձնանում է իր անտառներով, գեղեցիկ մարգագետիններով, խոր ձորերով ու կիրճերով:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գարունը չէր խնայել կանաչն ու ողջ լեռան փեշը պատել էր զմրուխտ կանաչով: Մարգարտա գյուղը ևս բնության այս հրաշագործության մասն էր կազմում: Փոքրիկ գյուղի յուրաքանչյուր անկյունում փթթում էին ծառերը: Բայց այս գարունը այդքան էլ բարի չէր թվում մոտ մեկ հարյուր շեն ունեցող համայնքի համար: Հենց գարնան սկզբից, գյուղից ոչ հեռու սկսվեցին շինարարական աշխատանքներ անցկացվել: Ոչ ոք տեղյակ չէր թե ինչ է կառուցվում, սակայն շուտով պարզվեց. կառուցվում էր շինություն, որը պետք է ծառայեր մոտակա հանքավայրի շահագործման աշխատակիցների համար գրասենյակ, հետազոտական և տեղանքի ուսումնասիրման աշխատանքների մշակման վայր: Գյուղի բնակիչներն այդքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեցին այս լուրը, թեպետ նախագծի շրջանակներում պետք է կառուցվեր դեպի գյուղ տանող նոր ասֆալտապատ ճանապարհ, սակայն ոչ վաղ անցյալի այդ հատվածում հանքավայրի կառուցման ձախողված փորձը, հատկապես տարեց գյուղացիները լավ էին հիշում: Դեռ Խորհրդային տարիներից Թեժ լեռը գրավում էր իր հարուստ ընդերքով: Մոտ կես դար առաջ փորձ արվեց այստեղ նոր հանքավայր բացել, սակայն նախագիծը կիսատ մնաց բնապահպանական լուրջ ռիսկերի պատճառով: Նախագծային աշխատանքների հետևանքով բնակավայրը հայտնվեց սողանքի գոտում, սակայն սողանքը այդքան էլ վտանգ չէր ներկայացնում կարծես թե, քանի որ սկսվեց գյուղի վերաբնակեցման հարցը քննարկվել: Բայց մի գեղեցիկ օր նախագիծը արգելվեց և լեռան բարձունքի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման աշխատանքները անակնկալ կերպով դադարեցվեցին: Պաշտոնական տեղեկություններով, հիմնական պատճառը շահավետ չլինելն էր, սակայն միայն տարիներ անց պարզ դարձավ, որ հանքավայրի շահագործումը արգելվել էր լեռան այսպես կոչված «վտանգավոր» լինելու պատճառով: Այստեղ հայտնաբերվել էր ռադիոակտիվ տարրերի կուտակումներ ու հանքի թե՛ փակ, թե՛ բաց շահագործումը կարող էր հանգեցնել էկոլոգիական աղետի: Շատերը չգիտեին շահագործման դադարեցման իրական պատճառների մասին, սակայն գիտեին, որ Թեժ լեռը շարունակում է մնալ գաղտնիքներով պարուրված…
***
–Պարո՛ն Դավթյան, հաջորդ հարցը, – շարունակեց լրագրողուհին, – Դուք` որպես գյուղապետ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս պահին կանխելու համար Թեժ լեռան հանքի շահագործումը:
Մոտ հիսուն տարեկան տղամարդու դեմքին հերթական անգամ դժգոհության նշաններ երևացին:
–Ես նորից եմ պնդում, որպես այս գյուղի գյուղապետ, պարտավոր եմ պայքարել, որ հանքը չշահագործվի: Հենց այսօր պատրաստվում եմ մարզպետարան ներկայացնել անհրաժեշտ բողոքներն ու մի քանի բնապահպանների կողմից արված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք լիարժեք հիմք են դադարեցնելու «ԻնտՎես Մեթալ» ընկերության գործունեությունը:
–Բայց ինչո՞ւ այդ մասին մեկ տարի առաջ չէիք բարձրաձայնում, մինչ ներդրումներ արվելը, մինչև շինարարության սկիզբը, – գրեթե ընդհատելով գյուղապետին շարունակեց լրագրողուհին՝ շտկելով անվանաքարտը, որին մեծ տառերով գրված էր՝ Անի Խաչատրյան, «Հետք», հետաքննող լրագրողներ:
–Մենք ակնկալում էինք բնապահպանական կառույցների և բնապահպանների օգնությունը: Թեժ լեռը իմ սեփականությունը չէ, որ չթողնեմ: Կա Կառավարության թույլտվություն, մարզպետարանի հետ պայմանագիր և այլն: Եվ հետո, պետք է հանքի բացման աշխատանքները սկսվեին լեռան հարավային հատվածում, այլ ոչ թե հյուսիսային: Այդ մասին իմացա միայն վերջերս: Ուզում եմ ձեր թերթին ու մյուս լրագրողներին ևս շնորհակալություն հայտնել, որ բարձրաձայնում եք այս խնդրի մասին:
–Շնորհակալություն, պարոն Դավթյան հարցազրույցի համար: Վերջում ուզում եմ տեղեկացնել և նաև թույլտվություն վերցնել,– լրագրողի դեմքին հայտնվեց մեղմ ժպիտ,– որ մեր նկարահանող խումբը մի քանի լուսանկար անի լեռան այդ տարածքում:
Գյուղապետը, որ անընդմեջ ժամացույցին էր նայում, հասկացնելու համար թե շտապում է, թեթևացած շունչ քաշեց:
–Իհարկե, կարող եք: Մեր գյուղաբնակները ձեզ կօգնեն այդ հարցում, եթե կամենաք,– լայն ժպտալով ոտքի կանգնեց նա:
–Շնորհակալ եմ Ձեզ:
Լրագրողների հեռանալուց րոպեներ անց Դավթյանն իր անձնական «Միթսուբիշի» մեքենայի ղեկին էր և ուղևորվում էր մարզկենտրոն: Մարզպետի հետ վերջին հանդիպումը գրեթե ապարդյուն էր եղել:
«Խաչիկ ջան հիմք չկա վախենալու: Ես հատ-հատ նայել եմ բոլոր փաստաղթերը: Գյուղին սպառնացող վտանգը զրոյական է, էլ չեմ ասում ինչքան օգուտ կլինի այդ ամենից,– հիշում էր մարզպետի բառերը: – Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որևէ վտանգ չկա: Նույնիսկ պոչամբարը մի քանի կիլոմետրով հեռու է գյուղից լինելու, ինչի՞ համար ես վախենում:»
Բայց մարզպետի ասածը վստահություն չէր ներշնչել: Բնապահպանական մի քանի կազմակերպություններ և ակտիվիստներ շարունակում էին բողոքել ու մատնանշել հնարավոր բոլոր վտանգների մասին, որոնց առաջ կարող էին կանգնել ոչ միայն Մարգարտա գյուղը, այլև Մարգահովիտը, Շահումյանն ու մի քանի այլ համայնքներ: Այսօր ինքը կներկայացնի բոլոր այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ոչ թե մտահոգում են, այլ սարսափեցնում են իրեն: Բայց սա դեռ վերջը չէ: Լավագույն ընկերներից մեկը խոստացել էր այսօր հանդիպմանը ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք կարող են վերջնականապես մոռանալ տալ լեռան որևէ հատվածում ցանկացած մեխանիկական աշխատանքի մասին: Այդ ամենը երեկոյան, իսկ այժմ պետք էր ցանկացած գնով հասնել նրան, որ մարզպետը իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը ներկայացնի բնական պաշարների նախարարության ընդերքի տրամադրման գործակալություն: Իր մոտ եղած փաստաթղթերը խոսում են այն մասին, որ լեռան ուսումնասիրությունները արվել են կոպիտ խախտումներով և ոչ մանրազնին ուսումնասիրության արդյունք են:
Մարզպետ Վարդան Գևորգյանը իր վաղեմի ընկերն էր ու զինակիցը: Միասին մարտական ուղի էին ացնել, բայց վերջերս հարաբերությունները լարված բնույթ էին ստացել: Անգամ մամուլը հասցրել էր մի քանի աղմկահարույց հոդված ներկայացնել, որ «իր ու մարզպետի ջրերը մի առվով չեն հոսում»: Այս անգամ ամեն ինչ իսկապես ավելի վառ գունավորում կստանա, երբ վաղը լրագրողների հետ հանդիպի ու ներկայացնի այն ամենը, ինչ ունի իր ձեռքի տակ: Ամեն ինչ կախված է մարզպետի հետ հանդիպումից:
Մարզպետարանի մոտ մեծ բազմություն էր հավաքվել: Այստեղ էին նաև բնապահպան ակտիվիստեր, ովքեր մի քանի օր է անընդմեջ բողոքի ակցիաներ էին կազմակերպում մարզպետարանի դիմաց: Աննկատ անցնել նրանց միջով անհնար էր, բայց Դավթյանն այս անգամ վճռական էր տրամադրված: Նա արագ մոտեցավ ու ձեռքը մեկնեց բարևելու համար: Մինչ այս պահը Մարգարտայի գյուղապետը ցուցարարների հետ չէր հանդիպել: Մի քանիսը սկսեցին բացականչել՝ գյուղապետը գյուղի կողքին է:
Չգիտես որտեղից հայտնվեցին լրագրողները:
―Պարոն Դավթյան մարզպետի հետ հանդիպմա՞ն եք, թե միացել եք ցուցարարներին:
―Ե՛վ մեկը, և՛ մյուսը,― ծիծաղելով պատասխանեց գյուղապետը:
―Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել ինչի մասին եք զրուցելու մարզպետի հետ:
―Ներկայացնելու եմ համապատասխան փաստաթղթեր և հորդորեմ ներկայացնել դրանք պատկան մարմիններին: Ավելի մանրամասն վաղը կներկայացնեմ:
Րոպեներ անց Դավթյանին հաջողվեց դուրս գալ ամբոխի միջից ու ոստիկանների օգնությամբ մտնել մարզպետարանի շենք:
***
Վարդան Գևորգյանը թերթում էր հաստ թղթապանակի թերթերը: Այստեղ մի քանի բնապահպանական կազմակերպությունների կողմից արված եզրակացություններ էին: Աղյուսակներ, հաշվարկներ, նախագծային, բաց հանքերի շահագործման, տեղանքի բարդ ռելիեֆի, մոտակա բնակավայրերի քարտեզներ, աղբյուրների, ներքին ջրերի տեղաշարժի, հողի տեղաշարժման հնարավոր սահմանների վերաբերյալ: Դավթյանը հետևում էր Գևորգյանի յուրաքանչյուր շարժմանը ու հասկանում, որ վաղեմի ընկերն իսկապես այլայլված ու մտահոգ տեսք ունի: Այստեղ նաև փաստաթղթեր էին, որոնք հանվել էին ազգային արխվից: Քարտեզներ հողային տեղաշարժերի և հնարավոր էկոլոգիական վնասների մասին:
―Ի՞նչ է նշանակում այս ամենը: Կառավարությունում գիտե՞ն այս ամենի մասին, եթե այո, ապա ինչպե՞ս են թույլատրել հանքի շահագործումը,―վերջապես խոսեց Գևորգյանը՝ սևեռուն հայացքը ուղղելով Դավթյանի կողմը: ― «ԻնտՎես Մեթալ» ընկերությունը բավականին հայտնի ընկերություն է և նրան է վստահված այս աշխատանքը, խուսափելու համար հնարավոր բոլոր վատ հետևանքներից: Ի՞նչ է ստացվում, որ կազմակերպությունը ամիսներ շարունակ ուսումնասիրություններ է անցկացրել և կեղծե՞լ արդյունքները:
Տիրեց քար լռություն:
Վերջապես լռությունը խախտեց Դավթյանը:
―Ինչպես պարզվում է, այո: Բայց որքան ես տեղյակ եմ, այն ընկերությունը, որը զբաղվել է նախնակական հետազոտական աշխատանքերով, «ԻնտՎես Մեթալ»-ը չէ, այլ տեղական կազմակերպություններից մեկը: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ «ԻնտՎես Մեթալ»-ի համար հետազոտություններ անցկացնող ընկերությունն է մեղավոր այս ամենի մեջ:
Մարզպետի նյարդերը տեղի տվեցին, նա արագ վեր կացավ ու մոտեցավ պատուհանին: Դրսում դեռ շարունակվում էր բնապահպանների ցույցը:
― Նախարարությունում, համոզված եմ, չգիտեն այս մասին: Տվյալ ընկերությունը զբաղվել է մի շարք նման հանքերի ուսումնասիրմամբ, և բնականաբար երաշխավոր է հանդիսանում: Վատն այն է, որ Կառավարությունն արդեն իսկ թույլատրել է ու հիմա ամեն վայրկյան կարող են սկսվել աշխատանքները:
Նորից տիրեց քար լռություն:
―Բայց սա դեռ ամենը չէ,― խոսեց գյուղապետը, վաղն իմ ձեռքում կլինեն փաստաթղթեր, որոնք իսկապես կստիպեն այդ ընկերությանը ենթարկել պատասխանատվության:
Գևորգյանն ասես չլսեց ինչ ասաց Դավթյանը: Նրա ուշադրությունը գրավեց «Պորշե» մակնիշի մեքենան, որ կանգ առավ հենց մարզպետարանի շենքի դիմաց: Մեքենայից դուրս եկավ մի երիտասարդ: Գևորգյանն անմիջապես ճանաչեց նրան: «ԻնտՎես Մեթալի» ներկայացուցիչն էր:
Գևորգյանն արագ մոտեցավ սեղանին, հավաքեց թղթերն ու տեղավորեց թղթապանակի մեջ:
―Ուրեմն այսպես: Այս թղթերը վերցնում ես, իջնում Մարտինյանի մոտ, ես հիմա նրան կտեղեկացնեմ: Կրկնօրինակում ես, պահում ես քեզ մոտ, մյուսը հենց այսօր կուղարկեմ նախարարություն: Վաղը կհանդիպենք: Եթե նոր ու արժեքավոր բան իմանաս, իմաց տուր հենց այսօր:
Դավթյանը անակնկալի եկավ Գևորգյանի նման պահվածքից, բայց մտածեց որ փաստաթղթերն իսկապես ազդեցին: Մինչ Դավթյանը կհասցներ ձայն հանել, մարզպետն արդեն հավաքում էր մարզպետարանի բնապահպանության վարչության պետի աշխատասենյակի հեռախոսահամարը:
Վայրկյաններ անց Դավթյանը դուրս եկավ Գևորգյանի աշխատասենյակից ու ընդունարանի դռան մոտ հանդիպեց բարձրահասակ, ակնոցով երիտասարդի, որ հենց այդ պահին ուզում էր բացել ընդունարանի դուռը: Դավթյանն այնքան էր շտապում, որ ուսով մի լավ հարվածեց երիտասարդին, ապա ներողություն խնդրեց ու շարժվեց աստիճանավանդակի ուղղությամբ՝ չնկատելով երիտասարդի հայացքը, որ իրեն հետևեց մինչ ինքը հասավ առաջին հարկ:
Կես ժամ էլ չէր անցել, Վանաձոր քաղաքի կենտրոնից երեք մեքենաներ ուղևորվեցին Երևան: Առաջին մեքանան ընթանում էր մեծ արագությամբ, երկրորդը նույնպես: Նրանց ղեկին նստած վարորդները չգիտեին, որ մի քանի րոպե առաջ նրանք հանդիպել են, իսկ երրորդի ուղևորները գիտեին ամեն ինչ երկուսի մասին, բայց աշխատում էին աչքից հատկապես չկորցնել առաջին մեքենան…
***
Մարինեն հազիվ կարողացավ ասել, թե ով է սպասում ընդունարանում, երբ լսեց պարոն Գևորգյանի ոչ այնքան նյարդային, այլ հուզված ձայնը՝ թող մտնի:
Գևորգյանն արդեն երեք տարի մարզպետ էր, ու Մարինեն երբեք իր վերադասին նման տրամադրության մեջ չէր տեսել: Երիտասարդի հետ հանդիպումն ավելի կարճ տևեց, քան գյուղապետի: Համ էլ ընդմիջման ժամն է մոտենում, լավ է որ մարդ չկա, կարող է հանգիստ հարցնել ու գնալ ընդմիջման:
Հազիվ էր մոտեցել դռանը, երբ ներսից լսվեց մարզպետի բարձր ձայնը: Մարինեին թվաց՝ իրեն է կանչում, բայց Գևորգյանը սովորություն չուներ գոռալ, ընդամենը սեղմում էր կանչի կոճակը: Հեռախոսի զանգի ձայն չէր եկել: Մարզպետը ակնհայտորեն զայրացած էր: Դռան արանքից Մարինեն տեսավ Գևորգյանին, որ բջջայինն ականջին պահած այս ու այն կողմ էր քայլում:
―Ինչպես կարող էիր նման բան անել, ապուշ... Դու օգտվեցիր իմ վստահությունից...
Տիրեց լռություն, բայց այդ լռությունը պայթեց մարզպետի բամբ ձայնից:
―Ուրեմն կան մարդիկ նախարարի՞ց էլ վերև, հա՞, նախագահի՞ց էլ: Դու ոչնչի էլ չես հասնի, ես քեզ թույլ չեմ տա...
Մարինեին թվաց՝ մի բան գետնին ընկավ: Մեկ ակնթարթ հետո բջջայինի մարտկոցը հայտնվեց դռան ու պատի անկյունում: «Բջջայինը գետնին հարվածեց»,― անցավ Մարինեի մտքով, բայց հենց այդ վայրկյանին ականջին հասավ մեկ այլ ձայն՝ ցավից բացականաչության:
Գործավարուհին արագ բացեց դուռն ու չկարողացավ զսպել ճիչը: Պարոն Գևորգյանը պառկած էր հատակին, ձախ ձեռքը կիսածալված ու ձգված էր, իսկ աջ ձեռքով սեղմում էր կրծքավանդակը:
***
Սրճարանի անկյունի սեղանիկի մոտ նստած երիտասարդը միացրեց նոթբուքն ու WI-Fi միջոցով միացավ համացանցին: Այստեղ հաճախ են հայտնվում նման երիտասարդներ, ովքեր այցելում են սրճարան օգտվելու միայն գերարագ կապից, բայց այս երիտասարդն առաջին անգամ էր այս սրճարանում: Շուտով սեղանին հայտնվեց նաև մեկ այլ սարք, որն ավելի շուտ կրիչ էր հիշեցնում:
«Հերթական այցելուն, որ հայտնվել է այստեղ, ֆիլմ ներբեռնելու համար»,―մտածեց մատուցողուհին ու ժպիտը դեմքին մոտեցավ սեղանին:
―Բարև Ձեզ, ի՞նչ կկամենաք:
―Մեկ գավաթ սուրճ, բնական հյութ ու ամենաթարմ խմորեղենի մի կտոր:
Մատուցողուհին անակնկալի գալով նման արագ պատվերից ու նման ինքնավստահ կեցվածքից, միայն մի քանի վայրկյան լռությունից հետո կարողացավ պատասխանել՝ հիմա:
«Համացանցի հերթական զոհերից մեկը»,― մտքում հաճախորդի հասցեին շպրտեց մատուցողուհին ու քայլեց դեպի բարը:
Երիտասարդի սեղանին հայտնվեց նաև ականջակալ, ու հիմա նրա ողջ ուշադրությունը գամվեց համակարգչի էկրանին: Ձեռքի մի փոքր շարժումով սեղանին դրված տարօրինակ փոքր առարկան, որ մատուցողուհու կարծիքով ամենայն հավանականությամբ մեծ ծավալի հիշողության կրիչ պետք է լիներ, հայտնվեց թղթապանակից հանված մի քանի թղթերի արանքում: Երիտասարդը մի պահ շուրջը նայեց. համոզվելու համար` արդյո՞ք իրեն չեն նայում: Ամեն ինչ նորմալ էր կարծես:
Մոտեցավ մատուցողուհին ու սկուտեղը դրեց սեղանի ազատ մասում, ապա պարունակությունը սեղանին տեղափոխելուց հետո ստանալուվ միայն գլխի մեկ թեթև շարժումով շնորհակալություն, հեռացավ: Այն պահից ինչ երիտասարդը հայտնվեց սրճարանում, նրա ուշադրության կենտրոնում դիմացի շարքի նստած տղամարդիկ էին: Ալեհեր ծերունու՝ (թեպետ տարիքը չէր գերազանցում վաթսունը, բայց մազերն ամբողջությամբ ճերմակ էին), դեմքն իրեն շատ լավ տեսանելի էր, բայց ծերունու դիմաց նստած միջին տարիքի տղամարդու դեմքը չէր երևում, թեպետ ինքը շատ լավ գիտեր այդ մարդկանց ու անգամ գլխի էր ընկնում, թե ինչի մասին են նրանք զրուցում: Երիտասարդը ձեռքն աննկատ շարժեց թղթերի վրայով ու ականջակալի մեջ լսվեցին առաջին ձայները, իսկ էկրանին հայտնվեց հաղորդագրություն՝ «Ձայնագրե՞լ, թե ոչ»: Երիտասարդը սեղմեց «ձայնագրել» տարբերակը ու մի կում արեց սուրճի գավաթից: Փոքրիկ սարքը, որ մատուցողուհուն կրիչ էր թվացել, իրականում ձայնագրման թվային սարք էր, որ ունակ էր մինչև տասը մետր հեռավորության վրա գրանցել ձայնային ալիքները, իսկ սարքի ծայրին տեղադրված լուսաթարթիչը օգնում էր, որ սարքը գրանցի այն ձայնային ազդանշանները, որոնք գալիս են համապատասխան վայրից միայն:
Ականջակալը լուռ էր, ապա գրեթե շշուկով լսվեց՝ «Աստված իմ, չեմ հավատում»: Տղամարդկանց սեղանին կար նոր սերնդի «Այփադ» ու ավելի երիտասարդ տղամարդը ժամանակ առ ժամանակ ինչ-որ գործողություններ է անում, սեղմելով պլանշետի էկրանին:
«Միայն թե միացված լինի»,― մտքում աղաչեց երիտասարդն ու ակտիվացրեց ծրագիրը: Մի քանի վայրկյան անց էկրանին հայտնվեցին բոլոր հնարավոր սարքերը, որոնք կարող էին միացված լինել տեղի WI-FI-ից: «Այփադ» պլանշետ միայն մեկն էր ու հենց նրանցը: Երիտասարդն ակտիվացրեց մեկ այլ ծրագիր ու սեղմեց «ուղարկել» տարբերակը:
«Հիմա անհրաժեշտ է միայն մեկ հպում, դե»,― հայացքը տղամարդկանց սեղանին հառեց երիտասարդը:
―Բայց ինչու՞, նախարարությունը առանձին հետազոտություն չի՞ անցկացնում,― ականջակալում լսվեց ավելի երիտասարդ տղամարդու ձայնը:
―«ՀԵՄ Մոնիթ» ընկերությունն արդեն մի քանի տարի զբաղվում է հանքարդյունաբերական տարածքների ուսումնասիրմամբ ու գնահատամամբ: Կառավարությունն էլ սահմանափակվում է միայն այդքանով…
«Ինչ խոսելու ժամանակ է, սեղմիր, դե՛»― բայց պլանշետի էկրանին ոչ ոք չէր հպվում: Հատուկ ծրագիրն ուղարկված էր, անհրաժեշտ էր միայն համակարգի ակտվացում և այն աննկատ կներբեռնվեր ու կկարողանար կրկին վերադառնալ սկզբնական համակարգ, բայց այս անգամ իր հետ բերելով համակարգի ողջ ինֆորմացիան: Երիտասարդի նոթբուքի էկրանին կրկին հայտնվեց հաղորդագրություն ՝ «Սպասել, վերբեռնվում է»: Ահա տղամարդը վերջապես հպվեց գերզգայուն էկրանին, ու նոթբուքի էկրանին նորից հայտնվեց հաղորդագրություն՝ «Վերբեռնված է»:
Մի քանի գործողություններից հետո երիտասարդին մնում էր սպասել ու ներբեռնել պլանշետի երեսուներկու գիգաբայթ հիշողության ծավալից ընդամենը մեկ գիգաբայթը, իսկ այն ընդամենը րոպեների հարց էր:
«Իսկապե՜ս, այս սրճարանում հիանալի WI-FI կապ է գործում»: Երիտասարդը մեջքը հենեց աթոռի թիկնակին ու վայելեց հերթական սուրճի գավաթից արված կումը: Ամեն ինչ այնպես ստացվեց, ինչպես ցանկանում էր: Նրանց խոսակցությունը ձայնագրվում է, իսկ պլանշետի ինֆորմացիան հասանելի կլինի իրեն հաշված րոպեների ընթացքում: Նրա հայացքը կանգ առավ մատուցողուհու կողմը, ապա լայն ժպիտ պարգևեց մատուցողուհուն ու համտեսեց թխվածքը:
***
Գյուղապետարանից դուրս գալուց հետո Անին ու Սարգիսը մեքենայով դուրս եկան գյուղից, ու, երբ արդեն մեքենան անկարող էր շարունակել բարձունքը, ոտքով շարունակեցին վերելքը: Նրանք արդեն պատրաստված էին եկել՝ լեռան շուրջը մի լավ թափառելու համար: Վերևում ամպեր էին կուտակվում: Ամեն դեպքում պետք էր շտապել, հատկապես բարձունքը բավականին երկար էր, իսկ արահետը տեղ-տեղ կորչում էր թփերի ու մացառուտների արանքում: Եղանակի կտրուկ փոփոխությունը տարվա այս եղանակին այդքան էլ արտասովոր չէր, բայց անհրաժեշտ էր նկարահանում կատարել մինչ կսկսվեր տարափը: Գյուղը բավականին հեռու մնաց ու կորավ լեռան փեշի մյուս կողմում:
Գրեթե 2500 մետր բարձությունից բացվում էր չքնաղ տեսարան: Երկուսն էլ կանգ առան:
Գրեթե 2500 մետր բարձությունից բացվում էր չքնաղ տեսարան: Երկուսն էլ կանգ առան:
―Հենց այստեղից էլ կարող ենք սկսել,―առաջարկեց Անին:
Սարգիսը հանեց լուսանկարահանման սարքը ու տվեց Անիին, իսկ ինքը միացրեց տեսախցիկը:
Ու հենց այդ պահին երևաց արևը: Պետք էր շտապել, քանի որ հյուսիսից եկող սև ամպերը կարճ ժամանակ հետո կհասնեին արևին:
―Իսկապես որ, չուտես, չխմես նստես ու մտիկ անես,―կատակեց Սարգիսը:
―Հիմա որ անձրևը սկսվի, ես քեզ կասեմ,― վրա բերեց Անին ծիծաղելով,―ավելի լավ է եռոտանին ամրացնես:
Սարգիսը գլխարկն ավելի ամուր սեղմեց գլխին ու եռոտանու ոտքը փորձեց ամրացնել քարե ելուստի ու հողի արանքում, որպեսզի այն հնարավորինս ամուր լինի: Բայց անսպասելիորեն եռոտանու ոտքը մխրճվեց փափուկ հողի մեջ, ապա զգաց ինչպես իր կոշիկն ամբողջությամբ անցավ հողի տակ: Անին իրենից բավականին հեռվացել էր ու լուսանկարչական սարքը ձեռքին լուսանկարում էր հովիտը: Զարմանքից քարացած երիտասարդը շրջվեց գործընկերուհին և մինչ կհասնցեր ձայն հանել, հողը ոտքերի տակից փախավ ու հասկացավ, որ գահավիժում է ներքև: Վերջին պահին կարողացավ գոռալ:
Անին նայեց ձայնի ուղղությամբ բայց Սարգիսին չտեսավ:
―Այս անգամ, է՛լ չեմ հավատա, բավական է կատակես, գործի՛ անցիր:
Անին Սարգիսին վաղուց էր ճանաչում ու գիտեր՝ կատակասեր Սարգիսը երբեք առիթը բաց չէր թողնում վախեցնելու, զվարճանալու համար:
―Օգնի՜ր...
Անին շրջվեց դեպի ձայնը՝ հասկանալով, որ այս անգամ կատակ չի անում: Ինչ-որ վատ բան է կատարվել:
―Ան, առաջ չգաս, քարանձավ է...
Բայց Անին ոչ թե առաջ էր գալիս, այլ վազում էր: Հանկարծ նրա դիմաց հայտնվեց ավելի քան մեկ մետր տրամագծով խորխորատ: Անին վախեցած կանգ առավ ու նայեց ներքև: Մոտ երեք մետր խորության մեջ ընկած էր Սարգիսը:
―Ան, մի վախեցիր, կարծես ամեն ինչ լավ է, կոտրվածք չունեմ: Տես` կարո՞ղ ես պարան գտնել: Ուսապարկի մեջ նայիր:
Անին սարսափած ետ քաշվեց ապա գրպանից հանեց բջջայինն ու փորձեց օգնություն կանչել, բայց ապարդյուն, այստեղ կապ չկար, հետո վազեց ուսապարկի մոտ: Սարգսի ականջին հասնում էր Անիի հեկեկոցը:
―Անի՛, ես չեմ մահացել, հերիք է լացես:
Անին վերջապես գտավ պարանը ու վազեց Սարգիսի մոտ:
Ընկնելուց վայրկյաններ անց Սարգիսի աչքերը հարմարվեցին մթությանը ու վախը փոխվեց զարմանքի: Ուր ինքը հայտնվել էր, բնավ քարայր չէր: Այն ուներ հստակ անկյուններ, իսկ պատերին երևում էին ապարի մեխանիկական կտրման հետքեր:
Ոտքերի տակ հարթ էր ու բավականին կոպիտ: Բարեբախտաբար վերևից պոկված հողակտորը առաջինն էր հասել գետին ու իր «վայրէջքն» ավելի փափուկ դարձրել:
Վերևում երևաց Անին:
―Ան, առաջ չգաս, ոտքերիդ տակ ոչինչ չկա...
Անին փորձեց մի քայլ ետ գնալ, բայց արդեն ուշ էր: Սարգիսը տեսավ ինչպես փափուկ հողը փլվեց ու Անին հողի հաստ շերտի հետ միասին ընկավ...
***
Դավթյանը չէր կարողանում զսպել զայրույթը:
―Սա իսկական հանցագործություն է, դավաճանություն:
Դիմացը նստած մեծահասակ տղամարդը, գլխով համաձայնության նշան ցույց տվեց:
―Բայց սա դեռ ամենը չէ, շարունակիր կարդալ,― հորդորեց ծերունին:
―Ես զարմանում եմ, Արտեմ, եթե այս բոլոր փաստաթղթերի գոյության մասին նախարարությունը տեղյակ է եղել, ապա ինչպես են թույլատրել:
―Այնպես, ինչպես այն ժամանակ,― մի փոքր լռությունից հետո շարունակեց մեծահասակ տղամարդը ժպտալով,― շատ քիչ բան է փոխվել, Խաչիկ ջան: Նախարարության մի քանի աշխատակիցներ բավականին մեծ ֆինանսական աջակցություն են ստանում այդ կերպ աշխատելով: Գուցե մեծ պաշտոնյաները չգիտեն այս ամենի մասին, բայց հավատա, որոշ մարդիկ լավ հոգ ենք տանում որ նրանք չիմամանան ոչինչ: Հանքը կշահագործվի, մոնիթորինգ իրականացրած ընկերությունները կհասցնեն լուծարվել ու միակ պատասխանատուն կմնա այդ միջազգային կորպորացիան: Քեզ թվում է ինչն է՞ հիմնական պատճառ հանդիսանում, որ զարգացող երկրներում ներդրումներ անելը ավելի մեծ ռիսկերի հետ են կապում: Միայն նման ոչ պատասխանատու ընկերությունների:
―Բայց Կառավարությունը…
―Կառավարությունը ի՞նչ,―ընդհատեց Արտեմը,― կարծո՞ւմ ես նախարարներն իրենք պետք է գան ու ուսումնասիրե՞ն, իհարկե ոչ, բայց հենց այդ Կառավարության մեջ կան շատ չինովնիկներ, որոնց թեթև ձեռքով «ՀԵՄ Մոնիթի» նման ընկերությունները մի քանի տարում հասնում են այնպիսի հաջողությունների, որ ասելու չէ, ու հետո արագ անհետանում, ինչպես լինելու է այս դեպքում: Մի քանիսին գուցե կարողանան ենթարկել պատասխանատվության, բայց բոլոր մեղավորներին գտնել անհնար է:
Խաչիկը նորից գլուխը բարձրացրեց պլանշետի գերզգայուն էկրանից:
― Ուզում եմ իմանալ, որտեղից քեզ այսքան ինֆորմացիա…
Դիմացինի դեմքին խաղաց հերթական ժպիտը:
―Խաչիկ ջան, մի մոռացիր, ժամանակին ես խորհրդային մեր Հանրապետության առաջատար բնապահպաններից մեկն էի ու հատկապես Թեժ լեռան հանքավայրի ուսումնասիրությունների կազմակերպիչներից մեկը:
Խաչիկը հայացքը նորից էկրանին սևեռեց: Ինքն Արտեմին ճանաչում էր վաղուց: Միասին շատ անգամ էին սեղան նստել ու վեր կացել, բայց հիմա էր հասկանում՝ Արտեմը ամեն ինչ չէ, որ իրեն ասել էր: Այն, ինչ կարդաց ինքը րոպեներ առաջ, կցնցեր բոլորին: Պարզվում է` Թեժ լեռան հատվածը հանդիսանում ռադիոակտիվ տարրերի մեծությամբ երկրորդ տարածքը Հանրապետությունում: Դեռևս նախորդ դարի հիսունականներից այստեղ տարվել են գաղտնի ուսումնասիրություններ ուրանի, թորիումի և այլ ռադիոակտիվ տարրերի հայտնաբերման համար: Նախկին Խորհրդային Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արգելվել է հանքի շահագործումը ցանկացած տիպի հանույթի համար: Աշխատանքների հենց սկզբից նկատվել էր ռադիոկատիվ ֆոնի մեծացում և արդյունքում արված փոսերը լցվել էին բետոնով:
―Աստված իմ, չեմ հավատում, որ այսքան տարի դու լուռ ես մնացել: Բայց ինչու՞, իսկ ինչո՞ւ նախարարությունը առանձին հետազոտություն չի՞ անցկացնում,― Խաչիկը չկարողացավ զսպել հուզմունքը:
―«ՀԵՄ Մոնիթ» ընկերությունն արդեն մի քանի տարի զբաղվում է հանքարդյունաբերական տարածքների ուսումնասիրմամբ ու գնահատամամբ: Կառավարությունն էլ սահմանափակվում է միայն այդքանով, իսկ ես հիմա նման կառույցների համար հասարակ բնապահպան եմ և ոչնչով չեմ տարբերվում այն բնապահպաններից, ովքեր շարունակում են բողոքել:
―Բայց սրանք փաստեր են...
―Խաչիկ մի ծիծաղեցրու, ես միայնակ ծերունի եմ, ես չեմ կարող մենակ գործել ու կանգնել մի ողջ Կառավարության դեմ: Բացի այդ այս ամենի մասին ոչ միայն ես գիտեմ, այլև շատ-շատերը, ուղղակի իմացողներին ոչ մեկ չի լսում: Ես քեզ ուրիշ փաստաթղթեր ևս կտամ ու պետք է վստահ լինեմ, որ կներկայացնես համապատասխան մարմիններին և լրատվամիջոցներին: Ես քեզ կարող եմ վստահեցնել՝ «ԻնտՎես Մեթալ» ընկերությունն այստեղ մեղավոր է միայն նրա համար, որ սեփական նախաձեռնությամբ հետազոտություն չի անցկացրել: Այդ դեպքում ներդրումային ֆոնդի գումարը եռակի մեծ կլիներ ու հենց այդ պատճառով էլ ինքը չի զբաղվել: Հիմնական մեղավորը տեղական ընկերությունն է, իսկ Կառավարությունը շատ դեպքերում աչք է փակում ու արդյունքում լինում է այն, ինչ այսօր ունենք: Իսկ դու տեղյա՞կ ես «ՀԵՄ Մոնիթ» ընկերության մասին: Ներդրող կազմակերպությունը առաջին մի քանի ամսում արդյունահանված պաշարների միայն քսան տոկոսն էր տնօրինում, որն էլ, ըստ համապատասխան պայմանագրի` հանդիսանում էր նախնական հետազոտությունների փոխհատուցում:
Տարեց տղամարդը մի հայացք գցեց իրենցից ոչ հեռու նստած երիիտասարդի ուղղությամբ, ով ուշադրությունը չէր կտրում իր առջև դրված նոթբուքից ու միաժամանակ համտեսում էր քաղցրավենիքը:
―Ամուր բռնիր ու կարդա,― ավելի կամաց շարունակեց տարեց տղամարդը:
Մի քանի րոպե լռություն տիրեց: Լսվեց բջջայինի ձայնը, որ դրված էր սեղանին: Խաչիկն արագ սեղմեց անջատման կոճակը:
―Դեռ կհացնես ուսումնասիրել, բայց եթե երկու խոսքով ասելու լինենք՝ այդ ընկերության մեքենայությունները բացահայտված են, ― շարունակեց տարեց տղամարդը:
Խաչիկ Դավթյանի համար ամեն ինչ պարզ էր: Ընդամենը երկու տարի առաջ ստեղծված այս կազմակերպության թեթև ձեռքով մի շարք հանքարդյունաբերական ընկերություններ ստացել էին տասից ավել հանքերի շահագործման լիցենզիաներ: Կազմակերպության մոնիթորինգային ծրագրերը իրականացվում էին Կառավարության պատվերով: Ներդրումային ընկերություններին ավելի գայթակղիչ առաջարկներ անելու համար Կառավարությունն ինքն էր պատվիրում հետազոտությունը և արդյունքերը տրամադրում հանքարդյունահանող ընկերությանը: Ստացվում էր՝ արդյունաբերական ընկերություններին մնում էր միայն շահագործել հանքը: Նախատեսված գնահատումը, հետազոտական ողջ ծախսերը իրականացում էր տեղական կազմակերպությունը. բավականին մատչելի գներով և պետբյուջեի հաշվին: Լեռան հատվածում վերջին մեկ տարվա ընթացքում որևէ հետազոտական աշխատանքներ ինքը չէր նկատել: «ՀԵՄ Մոնիթ» ընկերությունը մսխում էր գումարը, առանց նախնական հետազոտությունների ներկայացնում ու օժանդակում արդեն մեկ այլ կազմակերպության՝ Կառավարությունից համապատասխան լիցենզիա ստանալու գործում: Կարճ ժամանակում մի քանի անգամ ավելի գումար վաստակելով և տնօրինելով արդյունահանված պաշարների մեծ մասին՝ ձեռքերը լվանում էր:
―Գուցե իրենք էլ չգիտեն, որ այդ հատվածում ռադիոակտիվ տարրերի կուտակումներ կան,―ճակատը շփելով խոսեց Դավթյանը:
Դավթյանի ասածը ծիծաղեցրեց Արտեմին:
―Ես էլ էի այդպես մտածում, մինչև մի շատ հետաքրքիր նյութին ծանոթանալը: Պարզվում է, ձեր հարգարժան մարզպետի մոտ ազգականը բավականին մեծ ներդրում ունի այդ ընկերությունում:
―Գնե՞լը,― զարմանքը չկարողացավ զսպել Դավթյանը:
―Այո՛, Գնելը: Հենց նրա մտահղացումն էր հանքի շահագործումը սկսել լեռան հյուսիսային հատվածից, իր բարեկամ մարզպետի տարածքում: Ես անգամ տեղյակ եմ՝ «ՀԵՄ Մոնիթը» կարողացել է համոզել շատերին, որ միանշանակ կարող է այնպես անել, որ ռադիոակտիվ տարրերը մակերես դուրս չգան: Բայց ամենակարևորը ասեմ՝ դու էլ իմացիր: Մեր այս «ՀԵՄ Մոնիթ»-ը վերջերս կնքել է համագործակցության պայմանագիր ռուսական մի ընկերության հետ, որը ուրան վերամշակող ամենամեծ ընկերությունն է տարածաշրջանում...
Այս բառերը մուրճի պես իջան Դավթյանի գլխին:
Հենց այդ նույն պահին մյուս շարքի առաջին սեղանի մոտ նստած երիտասարդը հյութի բաժակը արագ դրեց սեղանին ու սկսկեց հազալ: Նարնջի հյութը կուլ չեր գնում...
***
Անին ու Սարգիսը հայտնվել էին ուղղանկյունաձև տուփ հիշեցնող ոչ այդքան մեծ քարե պատերով անձավում:
―Ինչպե՞ս ես,― հարցրեց Սարգիսը օգնելով, որ Անին ոտքի կանգնի:
―Ամեն ինչ լավ է կարծես, այս ո՞ւր ընկանք...
―Ուր ընկա՞նք, նոր թագավորություն:
Սարգիսն սկսեց քահ-քահ ծիծաղել ու իր ծիծաղով վարակեց Անիին:
―Անհնար է քեզ հետ տեղ գնալ ու մի արկածի մեջ չընկնել: Եթե դու հիշում ես նման գոնե մեկ օր, հիշեցրու ինձ,― թափ տալով հագուստը` շարունակեց Անին,― իսկ հիմա ասա ինչպես ենք դուրս գալու այս դամբարանից:
Անին հայացք գցեց շուրջը ու մոտեցավ Սարգիսին, ով շոշափում էր քարե պատը:
―Վերջապես սա ի՞նչ է, այն հաստատ քարանձավ չէ, առավել ևս բնական կերպով առաջացած:
―Այո, այս դեպքում քեզ հետ միանգամայն համաձայն եմ,― դեմքին լուրջ արտահայտություն տալով խոսեց Սարգիսը,― նայիր այստեղ: Ապարները կտրված են, իսկ անկյունում…
Սարգիսը մոտեցավ քարայրի ծայրին, որ ուղիղ անկյուն էր կազմում:
―Աստված իմ, սա երկաթբետոն է:
―Բայց որքան ես սիրում հիասթափեցնել ամեն հարցում: Ես մտածեցի հայտնվել ենք Տիգրան Մեծի դամբարանում… Ի դեպ այն ժամանակ բետոնը որպես շինանյութ օգագործվո՞ւմ էր:
―Որքան ես գիտեմ բետոնը առաջինը սկսել են կիրառել հռոմեացիները, Հայաստանում նույնպես այն կիրառվել է: Բայց իսկապես պետք է հիասթափեցնեմ, այս բետոնը կես դար էլ չկա, որ լցրել են այստեղ: Դու ավելի լավ կանես պարանը գտնես, որ կարողանամ կապել այն քարից, գուցե հաջողվի դուրս գալ առանց երկար տանջվելու,― շարունակեց Սարգիսը՝ նայելով փոսից դուրս գտնվող քարին:
Անին հետևեց Սարգիսի խորհրդին ու սկսեց թափված հողի ու քարերի կտորների մեջ փնտրել պարանը, որն իր ձեռքում էր մինչ ընկնելը:
Անին նկատեց, որ հողի հետ ոչ միայն բնական քարեր են այլև բետոնե մեծ ու փոքր քարեր:
―Այստեղ նույնպես բետնի կտորներ կան, նայի՛ր,―ցույց տվեց Անին,― ուղղակի ժամանակի ընթացքում այն կորցրել է ամրությունը ու քո քաշից ջարդվել,― սկսեց ծիծաղել Անին` դուրս քաշելով գտնված պարանի ծայրը:
―Էլ մի, ես վաթսուն կիլո էլ չկամ,― նեղացավ Սարգիսը:
Մի փոքր լռությունից հետո լսվեց Սարգիսի ձայնը:
―Ինձ թվում է՝ մենք հերթական անգամ մի նոր բացահայտում ենք անելու, այստեղ նայիր,― իր մոտ կանչեց Անիին Սարգիսն ու գրեթե պառկելով խոնավ հողին՝ սկսեց ձեռքերով մի կողմ տանել հողաշերտը: ― Այստեղ ինչ որ բան է գրված:
Սարգիսն ավելի մեծ եռանդով սկսեց հողը մի կողմ տանել: Բետոնե անկյունասյան վրա ինչ-որ պատկեր էր երևում, բայց պատկերի մեծ մասը ծածկված էր հողով: Անին երկու քայլ արեց դեպի Սարգիսն ու կանգնեց նրա գլխավերևում: Խավարի մեջ նկատվում էր, որ բետոնե սյան վրա շրջանաձև պատկեր կա դրոշմված: Սարգիսը սկսեց փչել փորագրված պատկերի արանքները հողից մաքրելու համար: Նա ավելի ուշադիր նայեց քանդակված պատկերին ու զարմանքով մի կողմ տարավ ձեռքը, իսկ Անին, որ հետաքրքրությունից ելնելով մի փոքր խոնարհվել էր, երբ տեսավ ամբողջական պատկերը, չճաց ու ետ-ետ գնաց:
Բետոնե սյան ու հատակի միջև փորագրված էր շրջան՝ բաժանված վեց հավասար մասերի, որոնցից ամեն երկրորդը ավելի արտահայտիչ էր դառնում մի փոքր խորություն ունենալու պատճառով, իսկ շրջանի կենտրոնում մեկ այլ փոքրիկ շրջան էր:
Այս նշանը, ողջ աշխարհում ռադիոակտիվության նշանն է:
Այս նշանը, ողջ աշխարհում ռադիոակտիվության նշանն է:
***
Սրճարանից դուրս եկած երիտասարդն արագ անցավ փողոցն ու շտապ նստեց կայանած մեքենան: Մեքանայում երկուսն էին: Վարորդն ու ետին նստատեղում տեղավորված ուղևորը:
―Հուսով եմ, ամեն ինչ կարգին է,―լռությունը խախտեց վարորդը՝ հանելով ակնոցը:
―Իհարկե: Դուք նման հարցերում լավագույն մասնագետին եք դիմել:
Վարորդի դեմքին խաղաց ժպիտ:
―Հուսանք: Այստեղ այն գումարն է, որ պահանջել էիր ու նաև նոր համակարգիչ գնելու գումար, ― սպիտակ ծրարը երիտասարդին մեկնելով շարունակեց նա:
Երիատասարդի ժպիտը կամաց-կամաց փոխվեց զարմանքի:
―Համա, համակարգիչ գնելու՞,― շփոթված ետ նայեց երիտասարդն ու հանդիպեց միջին տարիքի տաղամարդու սառը հայացքին, որ քար լռություն էր պահպանում: Նրա դեմքը մոմե արձան էր հիշեցնում, եթե չհաշվեինք ճակատն ակոսող երեք կնճիռները:
―Հարգելիս, որպես այս ոլորտի մասնագետ, դու հավանաբար պետք է տեղյակ լինես կանոններին,―շարունակեց վարորդն ու շարժիչը գործի գցեց: ― Մեր խնդիրն է ամեն գնով կանխել տեղեկատվական արտահոսքը, եթե համակարգիչդ այդքան թանկ է, երկուշաբթի կհանդիպենք ու քեզ կվերադարձնեմ այն ողջ-առողջ ու ետ կստանամ համապատասխան գումարը:
Երիտասարդն, անակնկալի գալով նման պահվածքից, միայն գլխով համաձայնության նշան ցույց տվեց:
Մինչ վարորդն ու առջևի ուղևորը իրենց զրույցն էին վարում, ետին նստատեղում նստած տղամարդու աչքից չվրիպեց դիմացի մյուս մայթում երկու տղամարդկանց հայտնվելը: Նրանք արագ նստեցին սրճարանի մուտքից մի քանի մետր այն կողմ կայանած մեքենան ու վայրկյաններ անց նրանց մեքենան շարժվեց դեպի խաչմերուկը: Տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ նույն պահին մեկ այլ մեքենա անցնելով իրենց իսկ մեքենայի կողքով, կանգնեց լուսացույցի կանաչ լույսին սպասող «Միթսուբիշի» մակնիշի մեքենայի ետևում:
«Փաստորեն մենք մենակ չենք»,― ինքն իրեն ասաց տղամարդը:
―Քեզ հաջողություն: Դեռ կհանդիպենք,― ասաց վարորդը երիտասարդին:
―Հաջողություն,― կամաց ասաց երիտասարդն ու դուրս եկավ «Պորշե» մակնիշի մեքենայից:
Վարորդը փոխանցեց միացված նոթբուքը տղամարդուն:
―Մինչ երկուշաբթի պատրաստ լինեն բոլոր հնարավոր փաստաթղերը գործի վերաբերյալ: Մենք ամեն գնով մեկ լումա անգամ չենք կորցնի, այլ միայն կշահենք,― անգլերեն խոսեց տղամարդը:
Վարորդի դեմքին նորից հայտնվեց սառը ժպիտ, իսկ պատասխանը շատ կարճ էր ու նորից անգլերեն:
―Օքեյ...
Երիտասարդը մի քանի րոպե կանգնած մնաց տեղում, որտեղ քիչ առաջ կանգնած էր հերթական պատվիրատուի մեքենան: Իրեն վտանգ էր սպառնում: Այն ամենը ինչին ինքը ծանոթացավ, կարող էր իր կյանքն արժենալ: Բայց կար մեկ այլ հանգամանք ևս: Այն պահին, երբ լսեց տարեց տղամարդու ասածը ու քիչ մնաց խեղդվեր, հասկացավ որ ինքը հենց այնպես չի կարող ամեն ինչ թողնել: Թեպետ այդ պահին դեռ ֆայլը նեբեռնվել էր կիսով չափ, բայց արդեն իսկ մեծ արժեք ուներ: Ազգային անվտանգության էլեկտրոնային փոստարկղին ուղարկված նամակը հավանաբար հիմա փորձաքննության են ենթարկում, բայց դժվար թե կարողանան հայտնաբերել այն էլեկտրոնային փոստարկղի տիրոջը, որն անմիջապես ջնջել էր իր էլեկտրոնային հասցեն:
«Գոնե այնտեղ ավելի խելացի կգտնվեն, քան ինքը: Այս ինչ մեծ պատմության մեջ ընկա»,― ինքն իրեն մեղադրեց նա ու կանգնեցրեց առաջին իսկ պատահած տաքսին:
***
Դավթյանի մեքենան ընթանում էր մեծ արագությամբ: Ճանապարհային հերթական տեսանկարահնող սարքը արդեն երրորդն էր, որ նկարեց մեքենան: Բայց Խաչիկ Դավթյանը թքած ուներ լուսանկարահանող սարքերի վրա: Պետք էր շտապ հասնել Վանաձոր: Օրն ուրբաթ էր ու արդեն ոչ աշխատանքային ժամ: Ո՞ւմ դիմել, ինքն էլ չգիտեր: Միակ հույսը Վարդանն էր, ում պետք է ներկայացներ կրիչը, ու այն նոր փաստաթղթերը, որոնք Արտեմն իրեն էր փոխանցել: «Վարդանը չէր կարող այս ամենի մեջ խառնված լինել»,―համոզում էր ինքն իրեն Խաչիկը:
Նրա ձեռքի տակ եղածը այնպիսի մեծ աղմուկ կբարձրացներ: Արդյունքում պատասխանատվության էր ենթարկվելու «ՀԵՄ Մոնիթ» ընկերությունը, իսկ «ԻնտՎես Մեթալ» ընկերությունը ոչ միայն կդադարեցներ պայմանագիրը, այլև դատական գործ կսկսեր:
Նյարդերը գերլարված էին, բայց պետք էր մի փոքր հանգստանալ ու հասկանալ ինչ պետք է անել հետո: Միացրեց ռադիոն:
«Հայաստանում ժամը տասնինն է,― լսվեց ռադիոընդիչի ձայնը,― և մեր եթերում լուրերի թողարկումն է»:
Այնուհետև կարճ ազդանշանից հետո, որն ազդարարում էր լուրերի թողարկման սկսվելը, լսվեց վարողի ձայնը:
«Այս պահին ամենաթարմ լուրերը մեր եթերում: Ինչպես հայտնում է «Հրապարակ» օրաթերթը, այսօր ժամը տասնչորսի սահմաններում հոսպիտալացվել է Լոռու մարզպետ Վարդան Գևորգյանը»...
Խաչիկը գլխին մուրճի մյուս հարվածն ստացավ ասես ու այնպես արգելակեց, որ ետևից ընթացող մեքենան քիչ մնաց հարվածեր իր մեքենային: Ետևից ընթացող մեքանայի վարորդը շրջանցեց ու շարունակեց երթը: Խաչիկին թվաց հիմա վարորդը ինչ լուտանք ասես կթափի իր գլխին ու տեղին կլինի, բայց մեքենան շարունակեց գնալ առանց կանգառի:
«...Մեր թղթակցին հաջողվել է պարզել, ― շարունակում էր եթերը ռադիոհաղորդավարուհին,― որ պատճառը սրտամկանի կաթվածն է: Վարդան Գևորգյանն այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»:
Այս լուրն իսկապես ցնցեց գյուղապետին: Մնում էր մի ելք միայն, կապվել մարզի ոստիկանապետի տեղակալի, իր վաղեմի ընկերոջ հետ, ում կարող էր վստահել:
Հուզմունքից մեծ դժվարությամբ կարողացավ բջջայինը գրպանից հանել, որի էկրանը ցույց էր տալիս ութ բաց թողնված զանգ: Առանց նայելու, թե ո՛վ է զանագահարել, սկսեց փնտրել Արմանի հեռախոսահամարը:
Զանգերը գնում էին, բայց պատասխան չկար: Վերջապես լսվեց Արմանի ձայնը:
―Արմա՞ն, ողջույն Դավթյանն է:
―Խաչի՛կ, որտե՞ղ ես:
―Դեռ Երևանից նոր եմ դուրս եկել, արդեն ճանապարհին եմ, կգամ Վանաձոր` Վարդանին տեսնելու: Ինձ մոտ կան փաստաղթեր, որոնք իսկապես կարող են շատ վատ հետևանքների հանգեցնել...
―Խաչիկ, ինչի՞ մասին ես խոսում, ի՞նչ Երևան:
―Հանքի: Կարծում եմ մարզպետի հետ կատարվածը պատահականություն չէ: Հանքը չպետք է շահագործվի ոչ մի դեպքում: Հիմա չեմ կարող խոսել, հասնեմ կզանգեմ:
―Սպասում եմ, ես հիվանդանոցում կլինեմ:
―Շատ լավ...
Դավթյանը նորից մեծ արագությամբ սկսեց վարել մեքենան, չնկատելով ճանապարհից դուրս կանգնած այն նույն մեքենային, որ քիչ առաջ շրջանցեց իր մեքենան: Կանգնած մեքենան սկսեց շարժվել Դավթյանի մեքենայի հետևից՝ աշխատելով պահպանել տեսանելի հեռավորություն:
***
Սարգիսն այնպես վեր թռավ տեղից, ասես հենց իրեն՝ սատանային էր հանդիպել:
―Աստված իմ, այս ո՞ւր ենք մենք ընկել,― վախեցած գոչեց Սարգիսն ու մի կողմ քաշեց Անիին, որ ոչ պակաս սարսափած կանգնած էր արհեստական քարայրի կենտրոնում:
―Տեսախցիկը, շուտ,― առաջինը կողմնորոշվեց Սարգիսը: ―Պետք է անհապաղ նկարահանել ու շտապ հեռանալ այստեղից:
Անին նոր միայն հիշեց, որ տեսախցիկը ընկած տեսավ առաջացած փոսից մի փոքր այն կողմ, իսկ լուսանկարչական սարքը հասցրեց տեղավորել ուսապարկի մեջ պարանը փնտրելու ժամանակ:
―Միացրու հեռախոսդ՝ լուսավորելու համար, իսկ ես կմիացնեմ հեռախոսիս տեսախցիկը:
Անին գրպանից հանեց հեռախոսը, բարեբախտաբար այն չէր վնասվել ընկնելիս:
Հենց այդ պահին Սարգիսի դեմքին կաթաց անձրևի առաջին կաթիլը:
―Վերցրու ու ինքդ նկարիր, եթե չես ուզում, որ խեղդվենք այստեղ:
Անին մի պահ չհասկացավ ինչ նկատի ունի Սարգիսը, սակայն, երբ տարօրինակ խշշոց հասավ ականջին ու բացված անցքից սկսեցին արագորեն վար թափվել անձրևի խոշոր կաթիլները, իրական վտանգն ամբողջացավ:
Սարգիսն ամեն գնով ուզում պարանից օղակը նետել քարե ելուսին, որն ավելի քան երեք մետր բարձրություն ուներ: Անձրևի սառը կաթիլներն անխնա զարկում էին նրա դեմքին ու ավելի բարդացնում իրավիճակը: Րոպեներ անց անցքից սկսեց ցեխաջուր լցվել: Տեղատարափ անձրևը չէր ուզում նահանջել, իսկ անձավը րոպե առ րոպե լցվում էր ցեխաջրով: Սարգիսն ապարդյուն փորձում էր նետել պարանից օղակը: Անին լուռ կանգնած էր անկյունում, մի ձեռքով լուսավորում էր, մյուսով փորձում հնարավորինս նկարահանել տարածքը: Իհարկե առաջինը եղավ բետոնե սյան ու նրա վրա պատկերված նշանը նկարելը, մինչ այն կհասնցներ ծածկվել արդեն ոչ թե հողով, այլ ցեխացրով: Անցքից թափվող ջրի շիթը ավելի ու ավելի էր մեծանում, կորոզիայի ենթարկված բետոնը ջրի հոսքից մաս-մաս պոկվում էր ու ընկնում գրեթե ծնկներին հասնող ցեխաջրի մեջ: Անին ժամանակ առ ժամանակ անջատում ու միացնում էր հեռախոսի տեսախցիկը, մինչև մարտկոցը վերջնականապես մարեց:
Հերթական բետոնե մեծ կտորը պոկվեց ու բարեբախտաբար ընկավ Սարգիսից մի քանի սանտիմետր հեռու: Երբ Սարգիսը կրկին վերև նայեց, տեսավ եռոտանին: Սարգսի գլխում մի նոր միտք ծնվեց, որն ավելի հավանական, էր քան օղակը քարին անցկացնելը:
Ջրի մակարդակը արդեն ծնկներից վերև էր: Սարգիսը կռացավ ու սկսեց շոշափել հատակը: Հատակի հողը վերածվել էր ցեխի ու ոտքերը խրվում էին ասես ճահճի մեջ: Երբ Սարգիսը փորձեց ազատել ոտքը, կորցրեց հավասարակշռությունն ամբողջ մարմնով ընկղմվեց ջրի մեջ: Անին վախից նոր ճիչ արձակեց, բայց մեկ ակնթարթ հետո Սարգիսը նորից ոտքի կանգնեց, ձեռքին՝ ափի չափ բետոնե կտոր: Նա պարանի ծայրը արագ փաթաթեց քարին ու նետեց վերև: Առաջին իսկ փորձից քարը հայտնվեց մակերևույթին: Սարգիսը սկսեց կամաց քաշել պարանն ու եռոտանին տեսախցիկի հետ ավելի մոտեցնել անցքին: Եռոտանին թեթևակի շարժվեց, իսկ քարը նորից հայտնվեց փոսի ջրի մեջ:
«Պետք է ավելի աջ նետել»,― մտածեց Սարգիսն ու այս անգամ ավելի մեծ ուժով քարը դուրս շպրտեց փոսից: Պարանը կամաց սկսեց քաշել, բայց քարը դեմ առավ, հավանաբար տեսախցիկին: Սարգիսն ավելի մեծ ուժով, բայց մեծ զգուշավորությամբ քաշեց պարանը: Հանկարծ անսպասելիորեն առաստաղ կոչվածը տեղի տվեց: Եռոտանին, տեսախցիկը, բետոնե մնացած հատվածը հողի հսկայական շերտի ու անձրևաջրի հետ թափվեց Սարգսի վրա: Անին սարսափած մի ճիչ արձակեց ու նետվեց դեպի գոյացած հողաթումբը: Աղջիկը հեռախոսները դրեց թրջված գրպանն ու սկսեց բետոնե կտորները հեռացնել: Լայնացած անցքից ջուրն էլ ավելի մեծ արագությամբ սկսեց ներս լցվել: Մի քանի վայրկյան անց ջուրը կծածկեր իրեն, ի՞սկ Սարգիսը: Անին, չխնայելով ձեռքերն, էլ ավելի մեծ արագությամբ սկսեց քարերը հեռացնել Սարգսի վրայից: Նույնիսկ մեկ վայրկյանի հապաղումը կարող էր հանգեցնել իր լավագույն գործընկերոջ մահվանը: Անիի ձեռքը դիպավ տեսախցիկին: Երբ փորձեց հանել այն, ոտքը խրվեց թաց հողի մեջ ու չկարողացավ դուրս հանել: Մեկ վայրկյան հետո Անին մեջքի վրա ընկավ ու ընկղմվեց ջրի մեջ: Անին փորձում էր շարժել ձեռքերը, դուրս լողալու ու հնարավոր ամեն ինչից կառչելու համար: Բայց ապարդյուն: Չէր կարողանում մյուս ոտքը գետնին դնել: Մարմինը կիսապառկած վիճակում էր հայտնվել ու անկարող էր որևէ կերպ ջրից դուրս լողալու: Դեռ փոքրուց ջրից վախը այքան մեծ էր, որ անգամ լողալ չէր սովորել: Անիին թվաց, որ հիմա ամեն ինչ կվերջանա: Ոտքը դեռ չէր կարողանում շարժել, իսկ կանգնել անհնարին էր: Զգաց, որ խեղդվում է: Ձեռքը առաջ պարզեց ու զգաց, որ ափը ջրից դուրս է գտնվում: Այնքան ցանկալի օդը մի քանի սանտիմետր էր բաժանված իրենից: Մյուս ոտքը նորից փորձեց հենել հատակին, բայց հենց այդ պահին մի ուժ այնպես քաշեց ձեռքից, որ Անին ահից ճչաց, ու ջուրը լցվեց բերանը, բայց մարմինը մեծ թափով սկսեց վեր բարձրանալ ու մեկ ակնթարթ հետո նա հայտնվեց ջրից դուրս: Աչքերն ակամա բացեց ու այս անգամ Սարգիսի հետ ընկավ ջրի մեջ: Սարգիսն այնպիսի ուժով էր քաշել Անիի ձեռքից, որ հիմա էլ հակառակ ուղությամբ միասին հայտնվեցին ջրի մեջ: Սակայն այժմ կարող էր կանգնել ու, երբ ոտքերը կպան գետնին, գլուխը դուրս հանեց ջրից: Կողքին Սարգիսն էր: Ջուրն արդեն կիսով չափ ծածկել էր քարայրը:
―Սարգիս,― չկարողացավ զսպել լացը Անին ու գրկեց Սարգիսին:
―Մենակ չասես թե մտածեցիր մահացել եմ,― խոսեց Սարգիսը:
Անին նկատեց, որ Սարգիսի բաճկոնը պատված է արյամբ:
―Դու վիրավոր ես, Աստված իմ:
―Դրա ժամանակը չի, օգնիր եռոտանին գտնել:
Սարգիսը սկսեց ոտքերը շարժել, մինչև հանդիպեց ձողի:
―Գտա, ―բացականչեց նա և ընկղմվեց ջրի մեջ:
Պարանը գտնելն ավելի դժվար եղավ: Բայց Սարգիսն այն հանեց քարակույտի միջից ու օղակն երկաթե ձողի միջոցով հեշտությամբ կարողացավ անցկացնել քարե ելուստին:
Փրկությունը մոտ էր:
***
Անձրևը անխնա զարկում էր մեքենայի դիմակուն: Ասես դույլով ջուր էին լցնում երկնքից, բայց Դավթյանը ուշադրություն չէր դարձնում անձրևին ու շարունակում էր մեծ արագությամբ սլանալ մայրուղով: Մութն էլ արդեն ընկել էր, ու հազիվ էր նշմարում ճանապարհի հոծ գիծը: Հետևից մեկ այլ մեքենա ազդանշան տվեց վազանց կատարելու համար:
«Միայն ես չեմ շտապում»,―անցավ Դավթյանի մտքով:
Մեքենան կատարեց վազանց ու բավականին առաջ անցավ: Դավթյանը մի փոքր դանդաղեցրեց ընթացքը: Ամեն դեպքում այստեղ ճանապարհը ոլորուն է, պետք է, ուշադիր լինել:
Ողջ ճանապարհին մտքից դուրս չէր գալիս օրվա անցուդարձը: Եթե այս ամենի մեջ ներքաշված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ապա որքանո՞վ ինքը կարող էր վստահ լինել, որ կկարողանա այս ամենի միջից անվնաս դուրս գալ, փրկել համայնքն ու հարակից գյուղերը ռադիոկատիվ թափոնների աղտոտումից: Բացի այդ: Հանրապետության ջրահավաք ավազանը սկսվում էր հենց այդ տարածքից, իսկ տվյալ տարածքի աղտոտումը կնշանակեր վտանգ սպառնալ, ողջ Հանրապետությանն ու տարածաշրջանին: Անձրևը մի փոքր տեղի տվեց: Հենց այդ պահին մեքենայից մի քանի մետր այն կողմ` ճանապարհի բանուկ հատվածին տեսավ կայանած մեքենա: Նրան թվաց՝ սև գույնի այս մեքենան առաջին անգամ չէ, որ տեսնում է: Մի փոքր դանդաղեցրեց ընթացքն ու փորձեց հատել հոծ գիծը՝ մեքենան շրջանցելու համար: Հազիվ էր հավասարվել կանգնած մեքենային, երբ վերջինս մեծ արագությամբ տեղից շարժվեց ու մեքենայի ողջ կողային մասով բախվեց իր մեքենային: Մեկ անթարթ հետո Դավթյանը հասկացավ, որ բախվեց ճանապարհի արգելապատնեշին ու մինչ կհասցներ արգելակել, արգելապատնեշը տեղի տվեց, ջարդվող մետաղի ձայնի հետ կոտրվեցին դռան ապակիներն ու մանր կտորտանքները սլացան ուղիղ երեսին: Դավթյան այլևս ոչինչ չէր տեսնում, միայն հասկացավ, որ մեքենան հասցրեց մի քանի անգամ շրջվել ու գլորվել ձորը: Այս ամենը կատարվեց կայծակնային արագությամբ: Մեքենան մի քանի պտույտ անելուց հետո կողաշրջված վիճակում հայտնվեց ձորում: Բեզինի սուր հոտը հարվածեց քթին: Խաչիկը փորձեց բացել աչքերը: Ամրագոտին այնպես էր սեղմում, որ ցավից գոռաց: Բայց կոկորդը լցված էր ինչ-որ հեղուկով: Անմիջապես հասկացավ՝ արյուն է: Աջ ձեռքով կարողացավ սրբել երեսի արյունը: Ջախջախված դիմապակու հնարավոր տեսանելի հատվածից կարողացավ տեսնել մայրուղին: Իրեն թվաց ու մթության մեջ երկու ստվերներ վազելով մոտենում են մեքենային:
«Օգնության են շտապում,―անցավ մտքով,― հիմա կհասնեն»:
Դավթյանը ցավից փակեց աչքերը: Գլխի ու երեսի վերքերից հոսող արյունը լցվում էին աչքերը: Ձախ ձեռքն ու ոտքը չէր զգում: Արտաշնչելիս արյունը դուրս էր թափվում բերանից, իսկ բենզինի հոտը ավելի էր սաստկանում: Հանկարծ դեմքին հարվածեց տաք օդի հոսանք, ապա ծխի հոտը:
―Տե՜ր, փրկիր…
Մեքենան վայրկենապես հայտնվեց կրակի ճիրաններում:
Գյուղապետին չէր թվացել: Իսկապես երկու ամրակազմ տղամարդ մեքենայի կողքին էին, մինչ բռնկվելը: Մեքենայի հրդեհումից հետո նրանք գրեթե վազելով մոտեցան իրենց մեքենային, որը վթարից բավականին տուժել էր: Երբ նստեցին մեքենան, այն մեծ արագությամբ սլացավ հակառակ ուղղությամբ: Մի քանի մեքենաներ արդեն հասցրել էին կանգնել: Նրանց ուշադրությունը գրավել էր ձորում այրվող մեքենան:
Հեռվից երևում էին ձորում կրակե լեզուները, որ լուսավորում էին ձորն ու մայրուղին: Մեկ կիլոմետր հեռավորության վրա, մեքենան դուրս եկավ մայրուղուց ու սկսեց ընթանալ ոչ ասֆալտապատ ճանապարհով: Մի քանի րոպե անց, նույն ոչ ասֆալտապատ ճանապարհից մայրուղի դուրս եկավ մեկ այլ մեքենա, ետևում թողնելով ճանապարհի հանդիպակաց հատվածում կայանած տասնյակ մեքենաների շարասյունը: Փոխվել էր մեքենան, բայց ուղևորները նույնն էին մնացել...
***
Անին ու Սարգիսը դուրս եկան փոսից, երբ բավական մթնել էր: Ամբողջովին թրջված ու ցեխոտված հագուստն ու թաց հողը դժվարացնում էին վազելը, իսկ նրանք գրեթե քառասուն րոպե պետք է քայլեին մինչ հասնեին մեքենային: Այնքան ցուրտ էր, որ աչտաշնչելիս գոլորշին ծխի պես դուրս էր գալիս նրանց բերաններից: Նրանք բետոնե դամբարանում ավելի քան չորս ժամ էին անցակցրել:
―Ուշադիր եղիր, նման փոսեր կարող են լինել ցանկացած տեղ: Եվս մեկ նման սենյակում հայտնվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ,― շնչակտուր, գրեթե գոռալով զգուշացրեց Սարգիսը:
Երբ խավարն անթափանց դարձավ, Սարգիսն ուսապարկից հանեց էլեկտրական լապտերը: Այն ամբողջովին թաց էր, բայց ի ուրախություն նրանց, աշխատեց: Հորդառատ անձրևը սրբել էր ամեն ինչ: Նույնիսկ արահետը չէր երևում: Նրանք միայն իջնում էին լանջով, չիմանալով անգամ ճիշտ ուղղությամբ են շարժվում, թե ոչ: Սարգիսը շուտ-շուտ սրբում էր ճակատից հոսող արյան բիծը, որպեսզի Անին հանկարծ չնկատի այն:
Վերջապես երևաց հովիտը, իսկ ներքևում՝ գյուղի տները՝ տեղ-տեղ լուսավոր պատուհաններով: Մեքենան պետք է այս հատվածում լիներ: Սարգիսը գրպանից հանեց մեքենայի բանալիներն ու սեղմեց հեռակառավարման կոճակը՝ հույս ունենալով մոտ լինելու դեպքում կլսի ազդանշանը: Բայց որևէ ձայն չլսվեց: Հավանաբար թրջվելուց հետո այն չէր աշխատում: Մթության մեջ անտառն ավելի սարսափելի էր թվում: Որևէ ճանապարհ չկար: Թեպետ անձրևն արդեն դադարել էր, բայց ամենուր ցեխ էր, իսկ ճանապարհը գրեթե անտեսանելի: Սարգսի մտքով ամենավատ տարբերակն անցավ՝ իսկ եթե հեղեղը մեքենան քշել էր…
Բայց հենց այդ պահին Անիի ձեռքում պահված լապտերի լույսը անդրադարձավ ծառերի միջից: Մեքենան տեղում էր: Երկուսն էլ ուրախությունից բացականչեցին ու նետվեցին մեքենայի սրահ:
Մի փոքր տաքանալուց հետո Սարգիսը միացրեց մեքենայում թողած նոթբուքն ու համացանցին միանալու մոդեմը:
―Ան, հեռախոսը…
Անին նոր հիշեց հեռախոսների մասին: Երկու հեռախոսներն էլ անջատված էին ու չէին միանում: Ջուրն իր գործն արել էր:
―Հիշողության կրիչը հանիր, ասաց Սարգիսն ու սկսեց ինչ-որ բան փնտրել:
Անին կատարեց Սարգսի ասածն ու նրան մեկնեց հիշողության քարտը: Իսկ Սարգիսը մեքենայի սրահից գտավ մեկ այլ հեռախոս, որ վաղուց չէր օգտագործում: Հիշողության քարտը տեղավորեց իր մեքենայի միջից գտած հեռախոսի մեջ: Մինչ համակարգիչը կմիանար, Սարգիսը հասցրեց միացնել հեռախոսը, իսկ Անին նրան մեկնեց համակարգիչը հեռախոսին միացնող լարը:
―Անի, վերցրու համակարգիչը քեզ մոտ: Պետք է շտապ ճանապարհ ընկնել:
Սարգիսը գործի քցեց շարժիչը: Մեքենան սկսեց ընթանալ նեղ ու ցեխոտ անտառային ճանապարհով:
Համակարգիչը վերջապես միացավ համացանցին ու մի քանի վայրկյան չանցաց էկրանին հայտնվեց տեսազանգի ազդանշանը:
―Էդգարն է,―ասաց Անին:
Էդգարը կայքի պատասխանատուներից էր, ում պետք է փոխանցվեին այսօր գյուղապետի հետ հարցումն ու արված լուսանկարները: Ցավոք հարցազրույցը կար, իսկ լուսանկարներ՝ ոչ:
Անին սեղմեց ընդունման կոճակն ու Էդգարի բարկացած ձայնը թնդաց մեքենայի սրահում:
―Եթե ձեզ թվում է, որ պետք է ամբողջ օրը նստեմ ու սպասեմ, թե երբ կբարեհաճեք ուղարկել նյութը, ուրեմն չարաչար սխալվում եք: Կասե՞ք ուր էիք կորել: ― Էկրանից երևացող Էդգարի դեմքն իսկապես մտահոգ տեսք ուներ, ― ամբողջ օրը այնքան էինք անհագաստացած, որ էլ պատմելու չի…
―Էդգար, մեր վիճակն էլ պատմելու չի, ―սկսեց Անին:
Էդգարը մի փոքր մոտեցավ ու նկատեց Անիի գունատ, տեղ-տեղ քերծված դեմքը:
Էդգարի դեմքի անհանգստությունը փոխվեց տագնապի:
―Ի՞նչ է պատահել, ո՞ւր է Սարգիսը…
―Այստեղ եմ, եղբայր, հանգիստ: Երկար պատմություն է, բայց հավատա, երբ իմանաս թե ինչերի միջով ենք անցել, հերոսի կոչում կտաս:
―Չէ, դուք իսկապես չեք զլանում ամեն անգամ մի նոր արկածի մեջ ընկել: Դատելով Անիի տեսքից` կարող եմ եզրակացնել՝ միջուկային զենք է պայթել…
Անին ու Սարգիսը հայացքներ փոխանակեցին:
―Դու իսկապես շատ մոտ ես, Էդ…
Անին փորձեց հակիրճ պատմել թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել: Պատմեց նաև ռադիոակտիվության, բետոնե քարայրի ու իրենց փրկվելու մասին…
―Հիմա կուղարկեմ մի տեսանյութ, ու դու ինքդ քո աչքով կտեսնես,― շարունակեց Անին:
―Ինձ համար կարևոր է, որ դուք ողջ, ու ինչպես տեսնում եմ, առողջ եք: Հիմա որտե՞ղ եք:
―Վանաձորի ճանապարհին,― պատասխանեց Սարգիսն ու կապն ընդհատվեց…
Մի քանի րոպե անց նրանց մեքենան շարժվում էր թաց, բայց ասֆալտապատ ճանապարով: Լոռվա մարզկենտրոնը առջևում էր, այնուհետև մյուս խոշոր բնակավայրը Սպիտակը կլիներ ու ամենաշատը մեկ ժամից կլինեին «Հետք»-ի խմբագրությունում:
Տեսանյութը դանդաղ էր վերբեռնվում: Նախ կապը լավը չէր, երկրորդ՝ ծավալը բավականին մեծ էր:
Արդեն երեսուն րոպե էր անցել, իսկ տեսանյութի մի փոքր մասն էր դեռ վերբեռնվել:
Անին փորձեց միացնել բջջային հեռախոսները, բայց երկուսն էլ ոչ մի «կենդանության» նշան ցույց չէին տալիս: Իրենք ետևում էին թողել Վանաձորը, իսկ առջևում թրթռացող լույսերը Սպիտակ քաղաքինն էին:
Նոթբուքի Էկրանին հայտնվեց տեսազանգ ազդարարող նկարը: Նորից Էդգարն էր: Անին միացրեց:
―Ես դեռ սպասում եմ տեսնյութին, բայց ձեզ պետք է նոր հրահանգ տամ,―նրա դեմքին կիսահեգնական ժպիտ երևաց,― խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սպիտակ տանող ճանապարհին: Ինձ հասած տեղեկություններով, մարզի ողջ ոստիկանությունն այստեղ է հավաքվել: Եթե դեռ Վանաձորը չեք անցել, ուրեմն կարող եք այցելել հիվանդանոց՝ մարզպետին տեսակցության, այնուհետև շարունակել ճանապարհը՝ խցանումի մեջ չընկնելու համար:
Անին չհասկացավ ինչ նկատի ուներ էդգարը ու զարմացած հարցրեց:
― Ի՞նչ հիվանդանոց: Վանաձորն անցել ենք:
―Ահա, դուք Լոռիում եք, բայց ես պետք է Երևանից ասեմ թե ինչ է կատարվում ձեր շուրջը: Ցերեկը Լոռու մարզպետին տեղափոխել են հիվանդանոց, ասում են ինֆարկտ է ստացել Մարգարտայի գյուղապետի հետ հանդիպումից հետո:
Անին ու Սարգիսը կրկին հայացքներ փոխանակեցին:
―Վիճակը ծանր են գնահատում, իսկ լրատվամիջոցները չեք պատկերացնում ինչեր են գրում: Հիմա փորձում եմ հասկանալ, համադրել ու ծավալուն հոդված հրապարակել, իսկ ձեր պատմածն իսկապես կցնցի համացանցը… Մեկ էլ ուզում եմ տեղեկացնել, որ ստիպված կլինեմ ոստիկանությանն ևս տեղյակ պահել այն ամենի մասին, ինչ պատմեցիք: Կարծում եմ այդպես ավելի լավ կլինի:
Մի փոքր լռությունից հետո Էդգարը շարունակեց.
―Անի, մի բան ասեմ՝ չնեղանաս, մազերդ քեզ այսպես ավելի շատ է սազում…
―Բայց ինչ սրիկան ես, Էդ: Ես դեռ քեզ ցույց կտամ, ― կես կատակ կես լուրջ ասաց Անին ու մատով փակեց տեսախցիկը:
―Դե ինչ ասեմ: Բարի ճանապարհ… Կարող եք դեպքի վայրում կատարվող աշխատաքների մասնակիցը դառնալ ու տեղում ծանոթանալ իրավիճակին:
Կապն անջատվեց:
«Մեզ այսօրվա արկածները լրիվ բավական են»,― մտքում ասաց Անին ու նայեց տեսանյութի վերբեռնման տվյալներին: Էկրանին գրված էր՝ «Վերբեռնված է՝ 42 %»:
***
Թեպետ աշխատանքային ժամն ավարտվել էր, բայց «ԻնտՎես Մեթալ» ընկերությանը պատկանող հարկաբաժնում բոլոր հնարավոր լույսերը վառվում էին:
Մեկ օրվա ընթացքում նման դեպքերի զարգացումը, փոխում էր ապագա բոլոր պլանները: Ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Փիթեր Ադամսի՝ առանց այդ էլ մոմի պես սպիտակ դեմքն ավելի էր գունատվել:
«Սա միջազգային մասշտաբի խաբեություն է: ― Վերլուծում էր Ադամսը, ― այս երկրի Կառավարության իր անմիջական հովանավորչության տակ է պահում մի կազմակերպություն, որն ուղղակի զբաղվում է թալանով, կեղծիքով ու փողերի լվացմամբ: Հանքի շահագործումը տարածաշրջանում էկոլոգիական աղետի կհանգեցի: Ինչպե՞ս էին պատրաստվում արդյունահանել այդ հատվածի ուրանով հարուստ ընդերքը առանց համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու, առավել ևս բաց շահագործման դեպքում: Տեսնես ինչով է զբաղվում ընդեքաբանական փորձաքննության պետական հանձնաժողովը, ընդերքի տրամադրման գործակալությունը, եթե նախարարությունը ավելի շատ հիմնվում է ինչ-որ մասնավոր ընկերության կողմից ներկայացված արդյունքների վրա: Շահագործումից ամիսներ անց միևնույն է ամեն ինչ պարզվելու էր, բայց արդյունքում տուժելու էր «ԻնտՎես Մեթալ»-ը, իսկ այս դեպքում միայն կշահի, դատարան ներկայացնելով այն փաստաթղթերն ու ապացույցները, որոնք ունի ձեռքի տակ և անհապաղ կդադարեցնի համագործակցությունը»:
Բայց այդ ամենը երկուշաբթի: Հիմա Ադամսին անհանգստացնում էր մեկ այլ բան: Րոպեներ առաջ զանգահարել էին նախարարության կից ընդերքի տրամադրման պետական գործակալությունից ու ներկայանալով խորհրդի անդամ Գնել Ստեփանյան, խնդրել էին անհապաղ հանդիպում: Ադամսին ծանոթ էր թվացել անունը ու հիմա փորձում էր հիշել որտեղ էր լսել, բայց ապարդյուն. հիշողությունը դավաճանում էր, իսկ ժամացույցի սլաքներն ազդարարում էին երեկոյան իննանց կես՝ հանդիպում նշանակված ժամը:
Դուռը թակեցին:
―Մտեք,― անգլերեն բարձր ասաց Ադամսն ու ոտքի կանգնեց:
Դուռը բացվեց: Շեմքին երևաց իր օգնականը:
―Պարոն Ադամս, հյուրը ժամանեց,―տեղեկացրեց օգնականն ու մի կողմ գնաց՝ հյուրին ճանապարհ տալու:
Ադամսի դեմքին երևաց իր սովորական սառը ու ոչինչ չարտահայտող ժպիտը, բայց երբ օգնականի կողքին հայտնվեց հյուրը, ժպիտն անմիջապես կորավ նրա դեմքից:
Իրեն էր մոտենում «ՀԵՄ Մոնիթ» ընկերության բաժնետերերից մեկը:
***
Գնել Ստեփանյանը մոտ քառասուն տարեկան էր: Նա այն գործիչներից էր, որ կարող էր հպարտանալ իր գլխապտույտ հաջողություններով: Նա ոչ միայն պաշտոնյա էր, այլև հաջողակ գործարար, իսկ վերջին տարիներին նրա գործունեությունը հանքարդյունաբերության ոլորտում, նրան էլ ավելի ազդեցիկ էր դարձրել: Երկու տարի առաջ մի քանի այլ գործարարների հետ հիմնած «ՀԵՄ Մոնիթ» ընկերությունը մեծ հաջողությունների էր հասել: Այդ աննախադեպ առաջընթացը ապահովում էին նրա խորամանկությունն ու մեծ թվով կապերը իշխանության հետ:
Հանքարդյունաբերությունը Հանրապետությունում ամենաարագ զարգացող ոլորտն էր համարվում, և այդ զարգացման մեջ «ՀԵՄ Մոնիթ» ընկերությունն իր նշանակալի դերն ուներ: Շատ կարճ ժամանակում այս ընկերությունը հասցրել էր տասնյակից ավելի պայմանագրեր կնքել միջազգային ամենախոշոր ընկերությունների հետ, որոնք այսօր գործում էին Հանրապետությունում և հանդիսանում էին առաջին ամենախոշոր հարկատուները: Իր ընկերությունն ավելի շահավետ պայմաններ էր առաջարկում իրենց հետ համագործակցող ընկերություններին՝ կրճատելով ներդրման գումարները, որոնք պետք է ծախսվեին նախնական հետազոտական աշխատանքների վրա:
Ամեն ինչ նորմալ էր մինչ այս վերջին համագործակցությունը: Թեժ լեռան հանքի շահագործման պայմանգրի կնքումից հետո միայն պարզ դարձավ, որքան վտանգավոր է ցանկացած աշխատանք կատարել լեռան հատվածում: Խնդիրն ավելի էր բարդանում, քանի որ «ԻնտՎես Մեթալ» ընկերությունն արդեն իսկ կատարել էր ներդրումների մեծ մասը, որոնք հասնում էին աստղաբաշխական թվերի: Պետք էր այս ամենի պատճառով նոր ու չնախատեսված քայլեր ձեռնարկել: Արդյունքում սկսվեցին նոր բանակցություններ, որոնք կարծես թե պսակվեցին հաջողությամբ: «ՀԵՄ Մոնիթին» նոր արտոնություններ տրվեցին և երեք ամիս շահագործման իրավունք առանց գործընկերոջ՝ «ԻնտՎես Մեթալի» միջամտության: Սակայն ինվեստոր ընկերությունը գրեթե մեկ երրորդի չափ կրճատում էր ներդրումային փաթեթը: Գնելի կողմնակիցների կարծիքով այդ երեք ամիսը բավական ժամանակ էր լեռան հյուսիսային, առավել վտանգավոր հատվածի՝ որպես հանք շահագործման համար: Բայց «ՀԵՄ Մոնիթը» հանքի շահագործման փորձ չուներ, առավել ևս նման ռադիոակտիվ հանքատեսակների համար անհրաժեշտ էր նոր գործընկեր:
Շուտով բանակցություններ սկսվեցին ԱՊՀ լավագույն ընկերություններից մեկի հետ, որը մասնգիտացած էր հատկապես ռադիոակտիվ հանածոների արդյունահանմամբ և մշակմամբ: Կարծես թե խնդիրը լուծված էր, բայց երրորդ կողմի հարցում «ՀԵՄ Մոնիթը» խախտել էր «ԻնտՎես Մեթալի» հետ նախապես կնքված պայմանագրի կետերից մի քանիսը: Մասնավորապես երրորդ կողմի հետ մեկ այլ պայմանագրի ստորագրումը: Այս փաստը անհարաժեշտ էր խիստ գաղտնի պահել: Երեք ամիս անց արդյունահանումը կդադարեցվեր: «ԻնտՎես Մեթալին» կառաջարկվեր լեռան առավել անվտանգ հատվածում՝ հարավ-արևմտյան կողմում շարունակել աշխատանքերը, իսկ հյուսիսային հատվածի հանքի շահագործումից ստացած շահույթը կօգտագործվեր նոր բետոնապատման աշխատանքերի համար: Առանց այդ էլ, դեռ խորհրդային ժամանակներից բետոնե ծածկերի ժամկետը վաղուց անցել էր և անհրաժեշտ էր թարմացնել դրանք, որոնք որոշ հատվածներում խիստ վնասվել էին կատարված նախնական աշխատանքնեի հետևանքով: Բնականաբար այն կապված էր հսկայական ծախսերի հետ և «ՀԵՄ Մոնիթն» այս ամենի տակից միայնակ դուրս գալ չէր կարող ու ստիպված կլիներ դիմել Կառավարությանը հեթական օժանդակության տրամադրման համար: Արդյունքում ընկերության գործած սխալները ջրի երես դուրս կգային: Գնել Ստեփանյանը ջանք չխնայեց իրական փաստերը թաքցնելու համար: Գործի դրվեցին բոլոր հնարավոր տարբերակները, սկսած ծանոթություններից, վերջացրած ավելի կտրուկ քայլերի դիմելը՝ վերացնելու համար բոլոր խոչընդոտները: Ամեն ինչ կարծես հանդարտվեց: Մի քանի բնապահպանական կազմակերպություններ սկսեցին բարձրաձայնել հնարավոր վտանգների մասին: Բայց Գնելը հանգիստ էր նայում այս ամենին, մինչ այն պահը, երբ գործի մեջ ներքաշվեցին այն մարդիկ, ովքեր բավական լավ տեղյակ էին ռադիոակտիվ տարրերի կուտակման մասին: Մնում էր մեկ տարբերակ միայն, վերացնել հնարավոր բոլոր ապացույցներն ու դրանք անվանել «դեղին մամուլի և նրանց հավատացողների երևակայության արգասիք»:
Վերջին խոչընդոտը վերացվեց հենց այսօր: Այն զանգին, որ անհամբեր սպասում էր ինքը, եկավ մոտ մեկ ժամ առաջ: «Ամեն ինչ արված է»,― տեղեկացրել էին իրեն, իսկ ինքը անհապաղ իր մոտ էր կանչել հավատարիմ թիկնապահներին՝ այստեղ ևս իր կողքին գտնվելու համար: Մնացել էր մեկ գործողություն միայն, «ԻնտՎես Մեթալին» տեղեկացնել, որ աշխատանքները սկսվում են ամենահնարավոր մոտ ժամկետում: Ինն անց քսանհինգ րոպեին ինքն արդեն տեղում էր: Մեքենայից դուրս գալիս բջջայինին եկած զանգից տեղեկացավ, որ «հերոսներն» արդեն Երևանում են: Նա հայտնեց, թե որտեղ է գտնում, ու առաջարկեց գալ և դրսում սպասել հանդիպման ավարտին: Ուղիղ ժամը ինն անց երեսուն մտավ այն մարդու աշխատասենյակ, ով դառնալու էր այս ողջ մեքենայությունների հիմնական զոհը: Նրան պետք էր հնարավորինս «փաղաքշել»:
Մի քանի քայլից հետո նա ձեռքը մեկնեց ու բավականին մաքուր անգլերենով ողջունեց Ադամսին:
***
Անին նորից ու նորից հայացք էր գցում իմանալու համար` որքան երկար էր դեռ ներբեռնվելու տեսանյութը, ապա անհանգիստ նայում Սարգիսին: Սարգիսի ճակատին արյան հետքեր կային, վերքը ստացել էր, երբ քարակույտը գլխին էր թափվել: Մազերն հողի մեջ կորած էին, իսկ հագուստի վրա մաքուր հետք չէր մնացել:
Անին վախենում էր նայել իրեն: Մազերը սովորականից ավելի ծանր էին դարձել, իսկ ոտքը սեղմվում էր սպորտային կոշիկի մեջ:
«Հավանաբար այտուցվել է,― մտածեց Անին, ― պետք էր առաջին հերթին բժշկի դիմել, այլ ոչ թե շտապել Երևան: Այ թե ուր է հասնում լրագրողական պատասխանատվությունը»:
Անին չկարողացավ զսպել ծիծաղը:
―Քեզ ի՞նչ եղավ, ― զարմացավ Սարգիսը:
―Այսօրվա պատահարներն եմ հիշում, ամբողջ կյանքում չեմ մոռանա:
―Քեզ հետ երկրորդ անգամ պետք է հրապարակայնորեն համաձայնվեմ,― ծիծաղեց Սարգիսը,― չնայած մտքում միշտ էլ համաձայն եմ քեզ հետ, բայց բարձրաձայնելն ավելի դժվար է: Այո, նման օրերը բացառիկ են լինում:
Սարգիսը տեսավ մեքենաների երկար շարասյունը, հետո ձորում նկատեց մարդկանց ստվերներ ու ծխի հսկայական ամպ: Առաջ շարժվելու հնարավորություն չկար: Ճանապարհը փակել էին ոստիկանական մեքենաները, ճամփեզրին կանգնած էին հրշեջ ու շտապօգնության մեքենաներ:
―Ահա և վթարի վայրը, տեսնես որքան կմանանք այստեղ…
―Չենք մնա, մեր մասնագիտական աշխատանքը կանենք:
Սարգիսն այնպես նայեց Անիին, ասես առաջին անգամ էր տեսնում:
Անին համակարգիչը խոթեց Սարգիսի գիրկն ու սկսեց ուսապարկի մեջ լուսանկարչական սարքը փնտրել:
―Անի, դու այս հագուկապով դո՞ւրս ես գալու մեքենայից:
Անիի դեմքին հայտնվեց խորամանկ ժպիտ:
―Չկասկածես: Հետևիր, որ տեսանյութը տեղ հասնի, իսկ ես մի քանի լուսանկար կանեմ:
Անին դեռ չէր բացել մեքենայի դուռը, լսվեց տեսազանգի ձայնը:
―Էդգարին կասես, որ իմ ձեռքից չի պրծնի,―ավելացրեց Անին ու դուռը փակեց:
―Էդգա՞ր:
―Սաք, Անին ո՞ւր է:
―Հենց նոր մեքենայից դուրս եկավ՝ վթարը նկարելու:
―Սաք, թույլ մի՛ տուր, որ մոտենա ոստիկաններին:
Կապն ընդհատվեց, բայց վայրկյաններ հետո եկավ հաղորդագրություն:
«Ես չգիտեմ ինչեր եք արել այդտեղ, բայց րոպե առաջ ազգային անվտանգության աշխատակիցները ձեզ էին հարցնում: Ողջ խմբագրությունը տակն ու վրա կլինի հիմա: Այնպես որ, որքան հնարավոր է արագ ուղարկիր ձայնագրությունն ու տեսանյութը գաղտնի էլփոստին: Հանկարծ չպատասխանես այս նամակին, ջնջիր այն ու չզանգես: Կարող են առգրավել: Գտիր Անիին»:
Սարգիսի մարմնով դող անցավ:
Իրենք անձամբ կտրամադրեին կադրերը համապատասխան մարմիններին, բայց ինչն է պատճառ դարձել, որ իրենց փնտրում են: Այն էլ ԱԱԾ-ը:
Սարգիսն արագ իջեցրեց կողապակին ու որքան հնարավոր է բարձր կանչեց, բայց Անին բավական հեռացել էր ու դժվար թե լսեր: Պետք էր շտապել և որքան հնարավոր է արագ ուղարկել տեսանյութը: Այն մեծ ծավալ ուներ, որի պատճառով պետք էր նախ վերբեռնել էլեկտրոնային փոստարկղի հիշողություն, այնուհետև հղումը ուղարկել հասցեատիրոջը: Սարգիսն արագ փոխեց հասցեն ու դուրս եկավ մեքենայից: Էկրանին երևում էր վերբեռնման չափը՝ 89%:
***
Անիի ոտքն այնպես էլ այտուցվել, որ թվում էր թե հիմա կոշիկը կփայթի: Բայց նա ուշադրություն չդարձրեց ու անցնելով արգելապատնեշը սկսեց թեք զառիթափով իջնել: Ամենուր աղմուկ էր, չէին դադարում մեքենաների ազդանշանները: Վերջապես մոտ հիսուն մետր քայլելուց հետո, հասավ ծխացող մեքենային: Մեքենան ամբողջովին այրված վիճակում էր: Հրշեջները դեռ շարունակում էին մարել մեքենայի սրահում բոցկլտացող կրակը: Շուրջն արդեն իսկ անցկացված էին երիզներ, որոնք զգուշացնում էին՝ չմտնել: Բայց Անին մթության մեջ չնկատեց ու պատահմամբ պոկեց այն:
―Չի՛ կարելի, ե՛տ գնացեք,― լսվեց կողքից:
Անին չլսելու տվեց ու հասցրեց մի քանի անգամ սեղմել լուսանկարահանման կոճակը:
―Ես ձե՛զ հետ եմ, ե՛տ գնացեք,― թիկունքից լսվող ձայնն ավելի հստակ լսվեց ու ինչ-որ մեկը փորձեց ետ պահել Անիին: Կանչողը ոստիկան էր: Անին շրջվեց դեպի ոստիկանն ու մթության մեջ կարողացավ տարբերել կոչումը:
―Պարոն մայոր, ես լրագրող եմ…
Անին նկատեց, որ մայորը մի պահ զարմացավ, ապա զայրացած նայեց Անիի հագուստին:
―Լրագրո՞ղ, ―հարցրեց մայորը ու մտքում ավելացրեց,― «Ես էլ հավանաբար Օբաման եմ»:
Անին նոր միայն գլխի ընկավ, որ ոստիկանը դատելով իր տեսքից ամեն ինչ կարող էր մտածել, բացի իրեն հավատալուց:
―«Հետք» թերթի լրագրող,― շարունակեց Անին՝ փորձելով գտնել անվանաքարտը, բայց հիշեց, որ այն վերջին անգամ աչքին էր ընկել մինչ փոսում հայտնվելը,― պարո՛ն մայոր, զոհեր կա՞ն…
Ոստիկանը չլսեց հարցը:
―Նախ դուք չունեք համապատասխան փաստաթուղթ: Երկրորդ՝ Ձեր իսկ անվտանգության համար հեռու կանգնեք ու մի՛ խանգարեք աշխատանքներին:
Անին չկրկնեց հարցը: Իսկապես անվանաքարտը իր մոտ չէր, հավանաբար կորցրել էր փոսում: Այդ պատճառով մի քանի քայլ ետ գնաց, ապա միացրեց տեսախցիկի վիդեոնկարահանման ֆունկցիան: Շուրջը այլ մարդիկ հայտնվեցին, ու մի քանի այլ ոստիկանության աշխատակիցներ, որոնք հորդորում էին հնարավորիս հեռու գնալ:
Վերջապես հրշեջներին հաջողվեց մարել կրակը, բայց մեքենայի սրահից շարունակվում էր ծուխ դուրս գալ:
Անիին սկսեց հետևել էկրանին ու մեծացրեց թույլատրելիությունը: Ֆոտոխցիկի էկրանին հայտնվեց մեքենայի պետհամարանիշը, որն անվնաս էր մնացել: Նա անմիջապես հիշեց, թե որտեղ է տեսել այն: Ամբողջովին այրված մեքենան Մարգարտայի գյուղապետի մեքենան էր:
***
Սարգիսը մեծ դժվարությամբ կարողացավ հասնել Անիին: Մարդկանց ամբոխը մեծացել էր, իսկ շուրջն ամենուր ոստիկաններ էին: Արգելապետնեշն անցնելուց հետո նկատեց մեկ այլ մեքենա, որ մեծ արագությամբ կանգնեց իր մեքենայից քիչ հեռու: Սարգիսն արագ շրջվեց ու մտավ մարդկանց ամբոխի մեջ: Մեքենայի դռանը մեծ տառերով գրված էր՝ ԱԱԾ:
Ինչ-որ մեկի ձեռքը դիպավ Անիի ուսին: Անին շրջվեց ու տեսավ Սարգիսի այլայլված դեմքը:
―Ան, թող այդ ու շտապիր մեքենան…
Անին չթողեց, որ Սարգիսն ավարտի խոսքը:
―Մեքենան Մարգարտայի գյուղապետինն է:
Սարգիսն անակնկալի եկավ Անիի ասածից:
―Հիմա հասկացա…― շշնջաց նա:―Ահա թե ինչու է ԱԱԾ-ն մեզ հետապնդում: Հենց հիմա վերադարձի՛ր մեքենան:
Ոչ պակաս անակնկալի եկավ նաև Անին Սարգիսի ասածից:
―Հետապնդո՞ւմ, Ազգային անվտանգության ծառայության կողմի՞ց:
Նրանք արագ բարձրացան ու շտապ նստեցին մեքենան: Մինչ այդ Սարգիսն Անիին պատմեց Էդգարի ասածը:
Պետք էր շրջադարձ կատարել ու աննկատ ետ գնալ: Մեքենան նստելուց հետո Անին նկատեց նույն այն մայորին, որ քիչ առաջ իր կողքին էր կանգնած: Ոստիկանը զրուցում էր քաղաքացիական հագուստով երկու տղամարդկանց հետ:
Սարգիսն այդ պահին դիմապակուց պոկեց փակցված թուղթը, որին մեծ տառերով գրված էր՝ «ՄԱՄՈՒԼ» ու գործի քցեց շարժիչը: Անին արագ ձեռքն առավ նոթբուքը: Տեսանյութը վերբեռնվել էր 98%-ով: Շուտով այն տեղ կհասնի: Անին նկատեց, որ հասցեատիրոջ էլեկտոնային փոստարկղի հասցեն փոխված է ու գլխի ընկավ, թե ինչու է Սարգիսն այն փոխել: Նամակի պատուհանում ավելացրեց մի քանի բառ:
«Վթարի ենթարկվածը գյուղապետն է, հավանաբար նա արդեն ողջ չէ»: Հենց նույն վայրկյանին էկրանի թիվը փոխվեց՝ դառնալով 99%:
Մեքենան սկսեց շարժվել, բայց հետ գնալն ու շրջադարձ անելը այդքան էլ հեշտ չէր: Քիչ հեռու կանգնած ոստիկանության մայորը նկատեց մեքենան ու շարժվեց դեպի իրենց: Նրան հետևեցին մյուս երկու քաղաքացիական հագուստով անձիք:
―Նրանք մեզ նկատեցին, Սաք...
Անին սարսափած նայում էր մեկ էկրանին, մեկ մեքենային մոտեցող անձանց:
Սարգիսը մի փոքր էլ ետ քշեց մեքենան` շրջադարձն անելու համար հնարավորինս հեռանալով դիմացը կանգնած մեքենաներից:
―Դե, ավելի արագ... Գրողը տանի այս հիմար կապին:
Էկրանին հայտնվեց մեկ այլ փոքրիկ պատուհան՝ «Ուղարկել»:
Անին վայրկենապես սեղմեց կոճակն ու փակեց նոթբուքը, տեսնելով ինչպես ոստիկանը ձեռքը մեկնեց՝ ապակին թակելու համար:
Անին իջեցրեց կողապակին: Մայորի կողքին կանգնած տղամարդն առաջինը խոսեց.
―Անի Խաչատրյանը Դո՞ւք եք:
Անին միայն կարողացավ գլխով շարժում անել:
―Ազգային անվտանգության քննչական վարչություն,― շարունակեց տղամարդը՝ մի փոքր խոնարհվելով և առաջ մեկնելով ԱԱԾ-ի տարբերանշանը: ― Եթե դժվար չի, կխնդրեի դուրս գալ մեքենայից: Երկուսդ էլ:
***
Ազգային անվտանգության քննչական վարչությունում օրն առավել քան հագեցած էր իրադարձություններով: Ամեն ինչ սկսվեց անանուն նամակից, որն անմիջապես ոտքի հանեց ԱԱԾ-ն: Ոստիկանության համապատասխան բաժնի հետ համատեղ աշխատանքներն արդյունք չտվեցին, պարզելու հեղինակին: Տարօրինակ էր, բայց նամակի տերը իրենց էր ուղարկել ոչ միայն փաստեր, այլև մի ողջ գիտական աշխատություն: Անանուն նամակին անլուրջ վերաբերվելն այս դեպքում կարող էր սարսափելի հետևանքներ ունենալ: ԱԱԾ-ն անմիջապես սկսեց օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնել, բայց ամեն ինչ բարդացավ, երբ պարզվեց որ մարզպետն անմիջապես այն բանից հետո, երբ հանդիպել է «ԻնտՎես Մեթալ» ընկերության ներկայացուցչի հետ, տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մինչ այդ Մարգարտա համայնքի ղեկավարի հետ էր հանդիպել: Առաջ էին քաշվում բոլոր հնարավոր վարկածները: Մարգարտա համայնքի ղեկավարին գտնել չէր լինում, ինչպես նաև «ԻնտՎես Մեթալի» ներկայացուցչին: Այս ամբողջի մեջ ներքաշված էին նաև լրագրողներ, որոնք նույնպես գետնի տակն էին անցել ասես: Բայց իրավիճակն ավելի բարդացավ, երբ Մարգարտայի գյուղապետի մասին իմացան ցավալի լուրը: Ոստիկանությունը վստահ էր, որ գյուղապետի մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի ու այդ պատճառով հայտնվել ձորում: Հնարավոր վարկածը, որն ավելի համոզիչ էր հնչում հետևյալն էր: Լրագրողները գյուղապետից վերցրել էին փաստաթղթերի ամբողջական ֆայլը և իրենց իսկ անվտանգության համար անանուն ուղարկել իրենց, իսկ փաստաթղթերի ոչնչացմամբ հետաքրքրված ընկերությունը այս դեպքում «ԻնտՎես Մեթալը» նախ լուծել էր լրագրողների հարցը, ապա գյուղապետի: Դրա հիմքը փոխոստիկանապետի պատմածն էր, այն, որ վթարից մոտ մեկ ժամ առաջ Դավթյանը զանգահարել էր ու տեղեկացրել իր մոտ գտնվող գաղտնի փաստաթղթերի մասին: Լրագրողներին բերման ենթարկելուց հետո, երեկոյան վերջապես կարողացել էին բերման ենթարկել նաև «ԻնտՎես Մեթալի» ներկայացուցչին ու ահա այստեղ պատկերը գլխիվայր շուռ էր եկել: Պարզվում է «ԻնտՎես Մեթալն» է եղել ավելի շահագրգռված աշխատանքների դադարեցմամբ ու համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարան, ապա նախարարության համապատասխան գործակալություն՝ տեղեկացնելով, որ աշխատանքները պետք է հետաձգվեն: Նրան միայն րոպեներ առաջ հարցաքննեցին և ստիպված եղան բաց թողնել: Այժմ մնում էր գտնել իսկական մեղավորներին: Օրվա պատկերն ամբողջացնում էին գյուղապետի հարցման ձայնագրությունն ու լրագրողների բացահայտած քարայրի ու նաև հրաշքով փրկվելու տեսանյութը: Ոստիկանության հետ համատեղ աշխատանքը արդյունավետ եղավ: Վթարից քիչ հեռու հայտնաբերվեց վթարված մեկ այլ մեքենա, որը փորձել էին խնամքով թաքցնել: Որքան էլ զարմանալի էր, այն պատկանում էր պետական պաշտոնյայի, ավելին՝ այդ պաշտոնյան նաև համասեփականատերն էր մի ընկերության, որը կեղծված տվյալներ էր ներկայացրել ներդրող ընկերությանը: Իսկ այս պահին տվյալ պաշտոնյան գնացել էր հանդիպման «գործընկեր» կազմակերպության հետ: Նույնիսկ ամենանփորձի համար հասկանալի էր, որ արտասահմանցուն այս պահին մեծ վտանգ էր սպառնում:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ Հարությունյանն անհամբերությամբ սպսում էր զանգի՝ մոռանալով որ կողքի սենյակում լրագրողներին դեռ ազատ չեն արձակել: Չնայած ազատ արձակելու խնդիրն արդեն նրանց համար այդքան էլ արդիական չէր: Նրանց հաջողվել էր տեսանյութն ու գյուղապետի մահվան լուրը հաղորդել խմբագրություն: Րոպեներ առաջ նրանց կայքում հայտնվեց ծավալուն մի հոդված, որն ասես մի ողջ հետքաննության հաշվետություն էր ներկայացնում:
«Լավ են աշխատում, բայց երբ մեզնից առաջ չեն ընկնում»: ― Ինքն իրեն ասաց Հարությունյանը:
Հեռախոսը զանգեց ու Հարությունյանն անմիջապես վերցրեց խոսափողը: Մյուս ծայրից լսվեց իրեն ծանոթ ձայն:
―Ամեն ինչ արված է:
―Մնացեք տեղում, գալիս եմ, ― շտապ ավելացրեց նա ու կախեց հեռախոսը:
Միջանցքով անցնելիս հիշեց լրագրողների մասին:
―Լրագրողներին էլ ազատեք ու ներողություն խնդրեք իմ անունից,― հրահանգեց նա ու դուրս եկավ:
***
Ադամսի համար ամեն ինչ պարզ էր: Դիմացը նստած տղամամարդը օգտագործում էր բոլոր հնարավոր լիազորություններն իր ուզածին հասնելու: Նրա ինքնավստահությունն արդեն նյարդայնացնում էր: Այս անգամ այս անձնավորությունն անձամբ էր եկել ու պահանջներ ներկայացնում: Ադամսի համար առաջնայինն իր ընկերության վարկանիշն էր: Մինչ օրս հանքարդյունաբերութան գործունեության ողջ ընթացքում իր ընկերությունն էկոլոգիական որևէ խնդրի առաջ չէր կանգնել, իսկ պաշտոնյան, որ թքած ուներ անգամ իր հայրենիքի վրա, պահանջներ էր ներկայացնում, պնդելով, որ պետք է անհապաղ տեխնիկան տեղակայել ու սկսել լեռան ընդերքի արդյունահանումը: Մեկ ժամ շարունակ Գնելը հնարավոր ու անհնար փաստարկներ էր ներկայացնում, իսկ Ադամսի հեռախոսն ուղղակի պայթում էր զանգերից: Իր անմիջական օգնականն էր, հետո այլ անծանոթ համարներից զանգեր: Ադամսն ուղղակի անջատեց հեռախոսն ու մի կողմ դրեց այն:
Ադամսի նյարդերը տեղի տվեցին: Նա մի փոքր առաջ եկավ, ու ուղիղ նայելով դիմացինի աչքերի մեջ, վերջապես սկսեց խոսել:
―Պարոն Ստեփանյան, այսօր իմ կողմից լիազորված անձը ծանուցագիր է ներկայացրել է մարզպետին հանքի շահագործման աշխատանքների հետաձգման համար, ավելին. պատկան մարմիններին ևս հայտնի է բավականին հետաքրքիր փաստեր:
Խոսակցությունը անգլերեն էր, և Ադամսը փորձում էր բառերն ավելի շեշտակի ու առանձնացված արտահայտել:
Գնելի դեմքին որևէ մկան չշարժվեց:
―Ես հիմնավոր կարծիք ունեմ, որ հանքի նախահետազոտական աշխատանքներն արվել են լուրջ խախտումներով և ավելին, անգամ պայմանագրի կետի խախտմամբ ձեր իսկ կողմից:
Ադամսը նկատեց՝ դիմացինի դեմքը խոժոռվեց: Պետք էր այս թշվառ պաշտոնյային հասկացնել իր ով լինելը: Եթե իր պետության ներսում ինչ կերպ ուզում անօրինություններ է անում, ապա իր մոտ դրանք չեն անցնի:
―Այնպես որ, պարոն Ստեփանյան, երկուշաբթի ես ստիպված կլինեմ դիմել համապատասխան մարմիններին, ոչ միայն չեղյալ համարելու պայմանագիրը, այլև փոխհատուցում պահանջելու:
Գնելն անսպասելի վեր կացավ աթոռից:
―Այդ անել դուք չե՛ք կարող,― ատամների արանքից շպրտեց նա՝ ու ձայնն ավելի բարձրացնելով շարունակեց,― դուք ինքներդ եք խախտում պայմանգիրը դուք իրավունք չունեք իմ երկրում խախտել իմ իրավունքները…
―Իսկ դուք իրավունք չունեք իմ ընկերության անունը շահարկելով՝ ուրանի հանքաքար արտահանել,― ձայնը բարձրացրեց Ադամսը:
Մի պահ տիրեց քար լռություն:
Վերջին բառերն այլևս ելք չէին թողնում Ստեփանյանին: Ադամսն ամեն ինչ գիտեր ու չէր հանգստանա մինչև իր ուզածին չհասներ, իսկ ուզածը բազմամիլիոնանոց ներդրումային փաթեթի փոխհատուցումն էր լինելու:
Այդ պահին Ադամսին թվաց, որ դռան այն կողմից ոտնաձայներ են լսվում: Հայացքը Գնելի դեմքից սահեց դեպի դուռը, ապա նորից կանգնեց դիմացինի դեմքին: Գնելն արագ պտտվեց ու շարժվեց դեպի դուռը:
Ադամսը նկատեց Գնելի ձեռքի շարժումը: Վայրկյան անց Գնելն անսպասելի պտտվեց ու ձեռքում հայտնվեց ատրճանակ, որն ուղղվեց դեպի իրեն:
Ադամսն աննկատ սեղմեց գրասեղանի պահարանի մոտ գտնվող կոճակը, որն ազդարարում էր վտանգի մասին: Դռան ետևում ձայներն ավելի էին ուժգնանում: Հանկարծ աշխատասենյակի դռները ոչ թե բացվեցին, այլ մասնատվեցին: Ներս խուժեցին մի քանի դիմակավորված ու ինքնաձիգերով զինված անձիք, բայց նրանք հաստատ անվտանգության աշխատակիցները չէին: Նրանք գոռում էին, բայց Ադամսը չէր հասկանում հայերեն: Մի քանիսը ինքնաձիգերն ուղղեցին Գնելի ուղղությամբ, հրամայելով իջեցնել զենքը: Գնելի մի ձեռքը վեր բարձացավ, բայց մյուսով շարունակում էր ամուր բռնած պահել ատրճանակը: Հանկարծ սենյակի լռությունը պայթեց կրակոցի ձայնից: Առաջին կրակոցից հետո լսվեցին ևս երկու կրակոցներ: Առաջինի հեղինակը Գնելն էր, իսկ մյուս երկուսինը ԱԱԾ-ի աշխատակիցները:
Ադամսը ամբողջ մարմնով հետ ընկավ աթոռին: Սուր ցավը ուսի շրջանում ստիպեց գոռալ, իսկ Գնելը հայտնվեց հատակին՝ ձեռքին ու ոտքին ստանալով հրազենային վերքեր:
Օրեր անց Կառավարության
հատուկ
նիստում
որոշվեց
անորոշ
ժամկետով
հետաձգել
Թեժ
լեռան
հանքի
շահագործումը,
իսկ
«ՀԵՄ
Մոնիթ»
ընկերությունը դիմեց դատարան իրեն սնանկ
ճանաչելու խնդրով՝ դատական
գործընթացի
և
գումարի
փոխհատուցման
ծախսերը
թողնելով
Կառավարության
ուսերին: