2013-03-22

Վերջին բաբախյունը



Հեղ. Արմեն Մխեյան
Խմբ. Ա Հովակիմյան



    «Այս աշխարհը կա միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար»: Վահրամը չէր էլ հիշում` որտե՛ղ էր կարդացել այս բառերը, բայց դրանք արդեն մի քանի օր գլխից դուրս չէին գալիս: Վառեց ծխախոտն ու մոտեցավ պատուհանին: Գլուխն էլի պտտվեց: Բացեց պատուհանը, ու թարմ օդը փողոցային աղմուկի հետ խուժեց աշխատասենյակ:
    Դուռը թակեցին: Երբ շրջվեց, գործավարուհին արդեն բացել էր դուռը:
    -Պարոն Տիգրանյան, այն թղթերն են, որ պահանջել էիք:
    -Դիր սեղանին, լա՞վ,- ծուխն արտաշնչելով` խոսեց Վահրամը:
    Գործավարուհին թղթապանակը դրեց սեղանին:
    -Սուրճ կուզե՞ք:
    -Ո՛չ, շնորհակալություն:
    Օրիորդն էլ հարց չտվեց` հասկանալով, որ տնօրենին ոչինչ հարկավոր չէ, շրջվեց դեպի դուռը:
    -Անի՛, - կանչեց Վահրամը:
    Անին շրջվեց.
    -Այո՞:
    -Շնորհակալ եմ...
 Անին մի փոքր զարմացավ: Առաջին անգամ էր, որ իրեն բարձրաձայն շնորհակալություն էր հայտնում: Վահրամը բավականին զուսպ էր բառերն արտասանելիս: Անգամ շնորհակալություն հայտնելը միայն գլխի մեկ շարժումով էր արտահայտում: Անիի դեմքին փոքրիկ ժպիտ խաղաց:
    -Խնդրեմ...
    Հազիվ էր Անին փակել աշխատասենյակի դուռը, լսվեց բջջայինի ձայնը:
    -Հա, հայրիկ:
    -Ո՞նց ես զգում քեզ:
    -Լավ եմ, - ժպտաց Վահրամը:
    -Ես ուզում եմ գալ քեզ հետ այսօր…
  -Գալիս ես ի՞նչ անես. միայն պետք է մտնեմ ու պատասխանները վերցնեմ, ուրիշ անելիք չկա, - ընդհատեց Վահրամը, - ամեն ինչ լավ կլինի: Համ էլ մայրիկին ասա այսօր ուզում եմ հյուր գալ:
    -Ես էլ աշխատանքից այսօր շուտ դուրս եկա, ասացի մենակ չգնաս: Արփիի հե՞տ ես գալու:
    -Չէ, ես մենակ կգամ: Արփին նորից նեղացել է ու այս անգամ շատ լուրջ կարծես: Երեք օր է` չի պատասխանում զանգերիս:
   - Բան չկա, կանայք այդպիսին են: Մայրիկդ էլ այդպես վարվում, հենց ուզում էր որ կարոտեի:
    Վահրամը լսեց հոր ծիծաղը, ապա նայեց ժամացույցին, որ ցույց էր տալիս 17:14:
    -Կգամ ավելի մանրամասն կպատմես, - ծիծաղով շարունակեց Վահրամը, - մայրիկին կասես ամենահամով ուտելիքները պատրաստի:
    -Եղավ, դե սպասում ենք:
    Վահրամն անջատեց հեռախոսն ու խորը հոգոց հանեց, ապա բացեց դուռը` կանչելով Անիին:
    Երբ Անինին եկավ, Վահրամն արդեն սեղանի մոտ էր, ու թղթապանակները դնում էր դարակը:
    -Թղթերը վաղը կնայեմ: Այսօր պետք է շուտ գնամ, դու էլ կարող ես այսօր շուտ գնալ: 
    Հետո մի քանի հանձնարարական տալով՝ վեր կացավ, վերցրեց կոստյումն ու դուրս եկավ: Վերելակում գլուխն էլի պտտվեց: Մի պահ թվաց` ոչինչ չի տեսնում: Երբ նստեց մեքենան, գլուխն առավ ափերի մեջ: Մի բան այն չէր. ամեն ինչ ավելի լուրջ էր, քան պատկերացնում է:


***


    -Երիտասա՛րդ, կարո՞ղ եմ օգնել:
  -Բժիշկ Սեդրակյանը տեղո՞ւմ է: Եկել եմ հետազոտության արդյունքների ետևից, բայց ուզում էի անձամբ հանդիպել:
    -Իհարկե, հիմա նա կգա: Կասե՞ք Ձեր անունը:
    -Վահրամ Տիգրանյան:
    Փնտրտուքը երկար չտևեց: 
    -Կխնդրեի նստեք, մինչև բժիշկը գա,- քիչ հետո առաջարկեց բուժքույրը:
    -Շնորհակալ եմ:
  Միջանցքում ոչ ոք չմնաց, բուժքույրը հեռացավ` հավանաբար, բժշկին տեղյակ պահելու համար: Վահրամի ուշադիր հայացքից չվրիպեց բուժքրոջ շփոթմունքը:
   Գրպանից հանեց բջջայինն ու սեղմեց զանգի կոճակը: Հեռախոսի էկրանին հայտնվեց Արփի անունը: Նորից անհասանելի: Այդպես էր արդեն երեք օր շարունակ: Նա չնկատեց` ինչպես բժիշկը մոտեցավ:
    -Բարև: Ես քեզ մենակ չէի սպասում, անկեղծ ասած: Կարող ենք ինձ մոտ անցնել:
  -Բարև ձեզ, - շփոթվեց Վահրամը, - չեմ ուզում անհանգստացնել ինձ հարազատ մարդկանց, - ժպտալով շարունակեց:
    Սեդրակյանը ձեռքը մեկնեց արդեն ոտքի կանգնած երիտասարդին:
    - Իսկապես, որ մեծ սիրտ ունես,- փորձեց կատակել բժիշկը:
    Վահրամի դեմքին նորից ժպիտ հայտնվեց:
    -Ներս գնանք:
    Երբ ներս մտան Վահրամի ականջին հասավ կնոջ ձայն:
    -… Այնքան երիտասարդ է:
  Սենյակում  երկու բուժքույրերն էին, որ տեսնելով ներս մտնողներին` սենյակից դուրս եկան:
    -Ինչպե՞ս ես քեզ զգում այսօր, - հարցրեց բժիշկը, երբ նստեցին: 
    -Գրեթե ոչինչ չի փոխվել՝ նույն թուլությունն ու գլխապտույտները:
  -Պարզ է, - գլուխը կախեց բժիշկը՝ ձևացնելով թե կարդում է բժշկական հետազոտության արդյունքները, որը կարդացել էր արդեն մի քանի անգամ:
    -Հասկանալի է... Անկեղծ ասած ես կուզեի նաև քո մտերիմներից մեկի հետ զրուցել:
   -Հարկավոր չէ,  բժիշկ: Հասկանում ու զգում եմ, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Ասեք ինչպես կա:
   -Լավ, բայց  ինձ համար  ևս շատ դժվար է ասել քեզ... Չգիտեմ` ի՛նչն է պատճառը, - բժիշկն ակնհայտորեն հուզվեց:
    Մի պահ լռություն տիրեց: Վահրամը չէր նայում բժշկի կողմը: Նրան ամեն ինչ պարզ դարձավ: Իր վիճակն ավելի քան ծանր է: Վերջապես խախտեց լռությունը.
     -Որքա՞ն ժամանակ ունեմ:
   -Հաստատ չեմ կարող ասել, դեռ երիտասարդ ես, և օրգանիզմը կարող է պայքարել, ուղղակի ամեն ինչ շատ արագ է զարգացել:
Բժիշկը թղթերը մեկնեց Վահրամին: Նա մի քանի րոպե լուռ կարդում էր ու նայում տոմոգրաֆիայի արդյունքները:
    -Գլխուղեղի այդ հատվածում վիրահատական միջամտությունն անհնար է, որքան թույլ են տալիս իմ գիտելիքները հասկանալ:
    -Այն բավական արագ է աճում, իսկ աճը մեծացնում է ներգանգուղեղային ճնշումը: Խնդիրն այն է, որ ցանկացած պահի կարող են վնասվել անոթներն ու այդ ժամա...
    - Մահն ակնթարթորեն կլինի, - շարունակեց Վահրամը:
    -Ո՛չ, այդպես մի ասա, եթե կա մեկ հույսի նշույլ անգամ, պետք է հավատալ դրան:
    Վահրամը նայեց ուղիղ բժշկի աչքերի մեջ:
    -Այդ հույսի նշույլը իմ պարագայում միայն կյանքիս տանջալից րոպեներն է շատացնելու:
  -Տղաս, դեռ երիտասարդ ես, գուցե ամեն ինչ այլ կերպ լինի. պետք է փորձել ամեն դեպքում...
 -Ես կարծում եմ եթե վիճակված է մեռնել, ուրեմն մահը պետք է ընդունել արժանապատվորեն: Այսպես թե այնպես, մեռնելու ես մի օր:
  -Վահրամ, որդիս, ամեն դեպքում լսիր իմ խորհուրդը, այսօր շատերը բուժվում են, և դեռ հույս կա...
  -Ես գիտեմ, բայց նրանք գուցե հավատում էին, որ կապաքինվեն, ու իրենց հավատը օգնում է, բայց ես չեմ հավատում: 
  Վահրամը վեր կացավ:
  -Կարծում եմ, դեռ կհանդիպենք, երբ սկսվեն ավելի ուժեղ ցավեր, ստիպված կլինեմ նորից դիմել ձեզ...
  -Ես առաջարկում եմ մտածել բուժում սկսելու մասին, և գուցե նաև վիրահատության:
  Վահրամի դեմքին տխուր ժպիտ երևաց:
  -Կմտածեմ:


***


  Վահրամը նորից հեռախոսը ձեռքն առավ ու կրկին նույն համարը հավաքեց: Նույն ազդանշանը՝ հեռախոսն անջատված է: Ոչինչ չէր նյարդայնացնում` բացի նրանից որ սպասում էր, իսկ հիմա էլ ավելի մեծ սպասում կար՝ սպասում մահվանը: Ծնողներին ոչինչ չասաց: Ամբողջ երեկո փորձում էր զվարթ տրամադրությամբ լինել ու շարունակ կրկնում էր, թե որքան շատ է սիրում իր ծնողներին: 
   «Հայրս պինդ մարդ է կդիմանա, բայց մայրս: Մայրի՜կ, եթե միայն իմանայիր` ինչպես է սիրտս ճմլվում. մա՛յր իմ, ներիր, որ ցավեցնելու եմ, ների՛ր»...
   Զգաց` ինչպես աչքերը թացացան:
  Բնակարանը մութ էր ու ցուրտ: Ասես  մահը արդեն այստեղ էր: Վահրամը միացրեց բոլոր լույսերն ու պառկեց: Ցավերն արդեն զգալ էին տալիս, բայց սրա դեմ ևս գտել էր միջոց: Ցավազրկող հաբերից բացի` ներարկիչներ ևս կային ձեռքի տակ, ցավերն սկսվելուն պես հենց ինքն իրեն կներարկեր ցավազրկող դեղը: 
   Գլխում տարբեր մտքեր էին պտտվում: Ինչպե՞ս ասել ծնողներին, ինչպե՞ս ասել այն մարդկանց ու ընկերներին, ովքեր թանկ էին իր համար: 
   «Ավելի լավ է լռել. ես ի վիճակի չեմ նրանց ասել, հետո էլ այսպես ավելի հանգիստ կլինեմ,- մտածում էր Վահրամը,- կյանքը պայքար է, պետք պայքարել ամեն մի վայրկյանի համար, բայց ոչ նման կերպ: Հույսի եթե մեկ նշույլ անգամ լիներ ապաքինվելու, կարելի էր փորձել բուժում սկսել: Բայց այս դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե արագ լինի»:
  Վահրամը սովորել էր բժշկական համալսարանում, գիտեր, որ նման դեպքերում հրաշքներ ակնկալել պետք չէ, այլ պետք է վայլել կյանքի վերջին վայրկյանները:
   Աչքերի առջև մայրն էր` դեռ երիիտասարդ:
   «Մա՛մ, ուզում եմ միշտ ժպտաս, մա՜մ, մա՜մ, ես քեզ ամպի չափ սիրում եմ, մա՜մ»: 
  Հիշում էր՝ ինչպես է տարածում  փոքրիկ ափերն ու ուզում էր ցույց տալ ամպի մեծությունը, բայց ամեն անգամ մայը գիրկն էր առնում և ամպի մեծությունը ցույց տալու փոխարեն գրկում էր մորը:
   Արցունքներն ակամա հոսեցին նրա աչքերից ու մտքում արտասանեց՝ ներիր… Քիչ հետո աչքերը փակվեցին:
   Նրա առջև հիմա էլ կանգնած էր նա՝ Արփին` հայացքում թախիծ: Նա բռնեց Արփիի ձեռքն ու համբուրեց՝ ասես ներողություն խնդրելով: «Կարոտել էի քեզ, զանգում էի բայց անհասանելի էր: Ի՞նչ էր պատահել»: Նա նկատեց իրենց նշանադրության մատանին, որ Արփիի մատին ոսկեգույնից դարձել էր մոխրագույն: Հանկարծ մատանին սահեց ու ընկավ հատակին: Նա կռացավ վերցնելու համար, բայց Արփին կանգեցրեց նրան: 
   -Ես էլ եմ ուզում գալ քեզ հետ:
   -Ու՞ր,- զարմացավ նա,- ես չեմ պատրաստվում ոչ մի տեղ գնալ` առանց քեզ:
 -Իսկ տոմսերն արդեն գնե՞լ ես, - նրա  ձեռքում Վահրամը  տեսավ իր բժշկական հետազոտության արդյունքները:
   Վահրամը բացեց աչքերը: Ամեն ինչ երազ էր. միայն երազ, բայց իրեն թվում էր` հիմա կհայտնվի Արփին, բայց Արփին չկար: Ձեռքը տարավ ճակատին: Սառը քրտինքը պատել էր երեսը: Լսեց հեռախոսի ձայնը: Առանց վեր կենալու և չնայելով հեռախոսահամարին՝ սեղմեց միացման կոճակը:
   -Լսում եմ...
   -Բարև, Վահրամ ջան:
   Վահրամը վեր կացավ տեղից:
   - Նատալի՞, լսում եմ քեզ:
  -Վահրամ ջան, ես զանգահարել եմ Արփիի համար, - շարունակեց Նատալին,- նա չէր ուզում քեզ ասել, բայց կարծում եմ ճիշտ կլինի, որ դու իմանաս:
   Նատալիի ձայնը շատ տխուր էր: Վահրամին թվաց անգամ լալիս է:
   -Ես անըդնմեջ զանգահարում էի, բայց Արփիի հեռախոսն անջատված է:
   - Արփին…
 Վահրամը լսեց Նատալիի հեկեկոցը: Նատալիի կցկտուր ու հուզված խոսքից հասկացավ, որ Արփին չգիտես ինչպես սրտային անբավարարության նոպա է սկսվել, ու հիմա գտնվում է վերակենդանացման բաժնում: Մինչ այդ նա որևէ բողոք չի ունեցել, ինքնազգացողությունը երկու օր առաջ կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց: 
  Րոպեներ անց Վահրամը Նատալիի նշած հիվանդանոցում էր: Դեռ հիվանդանոց չհասած գլուխը սկսեց այնպես ցավել, ասես մուրճով հարվածներ էին տեղում գլխին, ու զրգոցն արձագանքում էր շուրջը:
   Մի պահ թվաց` գլուխը կպայթի հիմա: Բայց շարունակեց առաջ գնալ: Միջանցքում նկատեց Արփիի ծնողներին: Արմինեն ու Սամվելը կանգնած էին, իսկ Նատալին մի փոքր հեռու նստած էր: 
   -Ինչո՞ւ եմ ես հիմա իմանում, կարող ե՞ք ասել:
   Սամվելը մի կողմ քաշեց Վահրամին:
   - Մենք էլ ենք այսօր իմացել ու անմիջապես եկել ենք Երևան:
   Վահրամի գունատ տեսքն ու արյունով լցված աչքերը չվրիպեցին Սամվելի աչքից:
   -Ի՞նչ է պատահել, ի՞նչ է կատարվում քեզ հետ:
   -Հիմա չէ, հետո կխոսենք: Որտե՞ղ է նա, նրան տեսնել եմ ուզում:
   -Սպասի՛ր, հիմա բժիշկը դուրս գա, կասի: 
   Սամվելը զգաց` ինչպես Վահրամը հազիվ մնաց ոտքի վրա` հենվելով իր ուսին:
   -Վահրամ, դու հարբա՞ծ ես,- զարմացած հարցրեց Սամվելը:
   -Ո՛չ, հարբած չեմ:
  Վահրամը չէր էլ ավարտել խոսքը, բժիշկը երևաց դռան մոտ: Տեսնելով Սամվելին՝ քայլերն ուղղեց իրենց կողմ: Երբ մոտեցավ, հարցական նայեց Վահրամին:
  -Հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն ու վերահսկելի, - բժիշկը նորից նայեց Վահրամին,- անհրաժեշտ է շտապ փոխպատվաստում կատարել: Մենք արդեն դիմել ենք մեր գործընկերներին: Փոխպատվաստում մեզ մոտ արվում է բացառիկ դեպքերում և համապատասխան…
   Վահրամը չլսեց շարունակությունն. առաջ քայլեց դեպի հիվանդասենյակ: Արմինեն ևս փորձեց Վահրամի հետևից մտնել, բայց Նատալին կանգնացրեց ասելով՝ թող:
   Արփիի աչքերը փակ էին: Վահրամը մոտեցավ ու ձեռքը դրեց Արփիի ձեռքին: Հիշեց արտասովոր երազը: Ոչ, նշանադրության մատանին Արփիի մատին էր:
   -Ես այստեղ եմ, քո կողքին, - շշնջաց նա:
   Վահրամն զգաց, որ այլևս ի վիճակի չէ կանգնել ոտքի վրա, բայց հենց այդ պահին նրա մտքում միայն փոխպատվաստում բառն էր հնչում: Նա ետ գնաց, ոտքերն այլևս չէին ենթարկվում իրեն, թվում էր` նորից երազ է տեսնում: Մի կերպ բացեց դուռն ու փորձեց գոռալ՝ վերցրեք իմը, ես պատրաստ եմ, բայց գլխում հնչող զրնգոցը խլացրեց իր իսկ ձայնը: Նա անգամ բերանն էլ չէր բացել: Մեկ վայրկյան հետո ամեն ինչ կորավ տեսադաշտից, բայց զրնգոցը դեռ հնչում էր ականջներում: Մեկ անգամ ևս փորձեց բոլոր ուժերը լարելով գոռալ, բայց ապարդյուն: Վահրամն ամբողջ մարմնով տապալվեց հատակին:


*** 


   -Ի՞նչ է նշանակում` անկարելի է… 
   -Մենք դեռ ստույգ չենք կարող ասել անգամ թե ինչ տիպի գոյացություն է: 
   -Ու հիմա ասում եք որ բժշկությունը կարող է հրաշքնե՞ր գործել, սա՞ է ձեր առաջարկը ամեն ինչ թողնել ինքնահոսի՞: 
   -Ես  նորից  եմ կրկնում, գոյացությունը բավականին բարդ է  հեռացնել, այս  պահին շատ ուշ է արդեն… 
   Վահրամին թվում էր այս ամենը երազ է նորից: Նա ոչինչ չէր տեսնում, բայց ձայներից մեկը ճանաչեց: Խոսողներից մեկը Գոռն էր, հարազատ եղբայրը: 
  Ականջին հասավ դռան բացվելու ձայնն ու նրանք սենյակից դուրս եկան: Բացեց աչքերը: 
  Պատուհանից ներս էր թափանցում արևի շողը: Ինքը պառկած էր հիվանդասենյակում: Փորձեց վեր կենալ, բայց նկատեց, որ ներարկիչը երակի մեջ է:
   Նայեց արևի շողին: Այն ունի սկիզբ և ավարտվում է, երբ դեմ է առնում ինչ-որ բանի: Ու այդ ժամանակ ծնվում է ստվերը: Այն լույսից է ծնվում, բայց լույս չէ: Լույս և ստվեր՝ հավերժ մրցակիցներ: Ստվերը լույսից է ծնվում, բայց այն լույս չի ծնում, այլ միայն խավար: Ո՞րն է լույսի ու ստվերի սահմանը, իսկ կյանքի՞ սահմանը: Կյանքում ամեն ինչ բարդ է հասկանալ: 
   Դուռը բացվեց ու ներս մտավ Գոռը: 
   -Վահրա՞մ, արդեն արթանացե՞լ ես: 
   -Դու ինչպե՞ս հայտնվեցիր այստեղ: 
   -Ես դեռ գիշերից այստեղ եմ: Ուզում էի խոսել, բայց չգիտեմ ինչպես ասել...
   -Ի՞մ մասին, թե՞ Արփիի: 
   Մի փոքր լռությունից հետո Գոռը շարունակեց. 
  -Քո վիճակը ներկա պահին ավելի լուրջ է, քան նրա,- Գոռը նկատեց, թե ինչ հայացք գցեց Վահրամը իր վրա, բայց չտեսնելու տվեց ու շարունակեց,- ամենացավալին այն է, որ իմանում եմ այսքան ուշ, հարազատ եղբայրդ եմ, չէ՞:
    -Կլինի՞ սուս մնաս: 
  Գոռը ոչինչ չշարունակեց: Ամեն դեպքում մեծ եղբորը հակառակվելը մի ողջ պատերազմի կհանգեցներ: 
   -Կներես, - կամաց ասաց Վահրամը, - բայց ինչպես իմացա՞ր: Պետք է խնդրեմ, որ դեռ չասես ոչ մեկին: 
  -Դե՞ռ... Գոնե գիտե՞ս` ինչ է եղել քեզ հետ երեկ: Ոչ մեկը ոչինչ չգիտեր, ամբողջ հիվանդանոցը չէր հասկանում` ինչ է կատարվում քեզ հետ: Երբ մեքենայումդ տեսա թղթերը ու ցույց տվեցի բժշկին, նոր ամեն ինչ պարզ դարձավ: Հասկանո՞ւմ ես, նման մեկ նոպա, ու կարող ես էլ չարթնանալ... 
   Գոռի ձայնը դողաց: 
  -Գոռ, խնդրում եմ, փոխանակ ես լացեմ, դո՞ւ ես լացում, հանգստացիր: Հասկացիր, անհնար է վիրահատությունը, եթե մեկ հույսի նշույլ լիներ կարելի էր մտածել վիրահատության մասին, բայց չկա: Դրա համար գոնե ես կփրկեմ մեկ ուրիշի կյանքը, ով հավատում է հրաշքներին:
   Գոռը զարմացած նայեց Վահրամին: Նրան թվաց, որ Վահրամը զառանցում է, բայց երկու վայրկյան հետո գլխի ընկավ, թե ինչ նկատի ունի եղբայրը:
   Ներս մտավ նույն բժիշկը, ում տեսել էր երեկ Վահրամը:
   -Արդեն արթնացել ե՞ք: Երեկ մեզ լավ վախեցրիք: Ինչպե՞ս եք զգում ձեզ:
   -Երեկվանից ավելի լավ:
 -Մենք ձեր եղբոր հետ խոսում էինք ձեր առողջական վիճակի մասին, կարծում եմ, անհրաժեշտություն կա մնալ այստեղ` կրկնակի հետազոտվելու համար:
  -Այն թղթերը կրկնակի հետազոտության արդյունքն են: Ինչպես  տեսնում  եք, ու որքանով որ ես եմ հասկանում իմ բժշկական կրթությամբ, վիրահատությունը գրեթե անհնարին է:
   -Թողեք այդ ամենը մենք որոշենք…
   -Ոչ, ոչ, ես ուրիշ առաջարկ ունեմ:
   Բժիշկը հանեց ակնոցն ու կկոցեց աչքերը:
   -Խոսքս Արփիի մասին է, այն աղջկա...
  -Այո՛, ծանր դեպք է, ցավալի է, հավատացեք, անում ենք հնարավորը: Մեզ անմիջապես տեղյակ կպահեն, և երբ համապատասխան դոնոր հայտնվի, կտեղափոխենք Ֆրանսիայի լավագույն կլինիկաներից մեկը` վիրահատությունն այնտեղ կատարելու համար: 
   -Դոնորը ես եմ լինելու, - մի փոքր լռությունից հետո շարունակեց Վահրամը,- այնպես որ կարող եք հրավիրել լավագույն վիրաբույժին այստեղ:
   Գոռը, որ մինչ այս պահը լուռ էր, խորը հոգոց հանեց ու դուրս եկավ:
   -Հաջորդ նոպան չի ուշանա, ես ուզում եմ նախապես այդ մասին ձեզ ասել:
   -Հարգելիս, մենք չենք կարող դոնոր դարձնել ամեն մեկին, նախ օրինական…
   -Ավելի լավ դոնոր չեք գտնի: Մեր արյան խմբերը նույնն են ու հազվադեպ հանդիպող: Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է,-ընդհատեց Վահրամը,- իսկ հիմա ազատեք ինձ այս լարերից ու ներարկիչներից: 
   - Այդ մասին դեռ կխոսենք, իսկ հիմա պառկեք, բուժքրոջը կկանչեմ:
   Բժիշկը ու դուրս եկավ:
   Դռան մոտ կանգնած էր Գոռը:
  -Ցավում եմ, - տեսնելով Գոռին` ասաց բժիշկը, - իսկապես նման վիրահատությունը մահվան ելքով կավարտվի, բավական ուշ է վիրահատման համար, ու նա լավ գիտակցում է այդ ամենը: Ցավում եմ,- նորից կրկնեց բժիշկն ու հեռացավ:
   Երկար ժամանակ Գոռը չէր կարողանում հավատալ այն ամենին, ինչ կատարվում էր շուրջը: Մի կերպ կարողացավ հավաքել հոր բջջայինի համարը, և երբ լսեց հոր ձայնը, լացն արդեն անկարող էր զսպել:


***

   Երեք օր անց Արփիի ինքնազգացողությունը բավակնին լավ էր, իսկ Վահրամինը կտրուկ վատացել էր: Հատկապես երբ ծնողներն իմացան, պահանջեցին, որ մշտապես բժիշկների հսկողություն լինի: Վահրամը այցելուից դարձավ ամենածանր հիվանդը: Այժմ անգամ տեղաշարժվելն էր իր համար բավականին բարդ: Ասես զգում էր, որ ամենն ավարտվում է, պետք է հասցներ անել, այն ինչ ճիշտ էր համարում: Մայրը, որ դեռ չէր հավատում որդու հիվանդությանը, փորձում էր ամեն գնով հույս տալ ու հավատալ հրաշքի, բայց Վահրամի վիճակը ժամ առ ժամ ավելի էր վատանում: Գիշերը, Վահրամը կամաց վեր կացավ, վերցրեց թուղթ ու գրիչը: Առաջինը որ գրեց, վերջին ցանկությունն էր: Իր կազմակերպությունն ամբողջությամբ վստահում էր Գոռին, բնակարանը՝ ընտանիքին, իսկ սիրտը` Արփիին: Վահրամը միայն Գոռին էր ասել ու կարծես համոզել էր, որ այս կտակի միջոցով հնարավոր կլինի իր իսկ սիրտը փոխպատվաստել Արփիին: Այլ տարբերակ չէր կարող լինել: Իր սիրտը կատարելապես առողջ է, իսկ անմիջապես փոխպատվաստումը մեծացնում է հավանականությունը սրտի` նոր մարմնում արագ հարմարվելուն: Թեպետ հավանականություն կա նաև մահանալ հետվիրահատական բարդացումներից, բայց իր սիրտը կանի ամեն հնարավորը, որ Արփին ապրի, ապրի նաև ինքը. իր սրտով նրա մարմնում: 
   Երկրորդ նամակը Արփիի համար էր գրված.
 Վահրամը նամակներրը խնամքով տեղավորեց առանձին ծրարների մեջ: Հիմա հանգիստ կարող է քնել: Ամեն ինչ ավարտեց: Մնում է սպասել միայն:


***

   Առավոտյան իրեն ավելի վատ էր զգում, քան երբևէ, բայց փոխեց հագուստն ու գնաց Արփիի մոտ: Արփին արթուն էր, ու տեսնելով իրեն` ժպտաց: «Ինչպե՞ս կարող եմ չփորձել փրկել նրա կյանքը, - մտածեց Վահրամը, - միայն մեկ ժպիտի համար արժե կյանքը զոհել»:
   -Վահրա՞մ: Ի՞նչ է քեզ հետ կատարվում, այսօր դու ավելի վատ տեսք ունես, - հարցրեց Արփիին՝ տեսնելով Վահրամի է՛լ ավելի գունատ դեմքը:
   -Գիշերները չեմ կարողանում քնել, դրանից է հավանաբար, ամեն ինչ լավ կլինի, մի մտածի... Իսկ ինչպե՞ս է իմ հրաշքն այսօր զգում իրեն:
   -Շատ լավ: Մեկ-մեկ մտածում եմ` հնարավո՞ր է բժիշկները սխալ են ախտորոշել, ես ինձ շատ լավ եմ զգում, - կատակեց Արփին:
   Վահրամը պատասխանի փոխարեն համբուրեց ճակատը:
   Ինչպե՞ս ասել նրան, որ այս հանդիպումը վերջինն է, որ երբեք չի տեսնի էլ իրեն, որ երբեք իր աչքերը չեն հիանա իր գեղեցկությամբ: Ավելի լավ է լռել: Լռությունն նման դեպքերում լավագույն ընկերն է դառնում:
   Վահրամը նայում էր Արփիին, բայց չէր լսում նրան: Միայն փորձում էր ժպտալ: Մի պահ թվաց խլացավ ամենն ու աշխարհը, քար լռություն: Բայց Արփիի շուրթերը շարժվում էին: Նկատեց ինչպես ներս մտան, բժիշկը, մայրն ու Արփիի մայրը: Լսողությունը վերականգնվեց ու լսեց Արփիի ձայնը:
  Որքա՜ն կյանք կա այս գեղեցիկ մարմնում, որքա՜ն ջերմություն, բայց ինչպե՞ս հավատալ, որ հաշված օրեր հետո նա նույնպես կարող էր մահանալ: Ոչ, այդ մեկն ինքը թույլ տալ չէր կարող: Նա հավատում է հրաշքներին, իսկ հրաշքներ լինում են:
   -Ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հետ եմ լինելու միշտ:
  Արփին չհասկացավ Վահրամի խոսքերի իսկական նշանակությունը, բայց ներկաները հասկացան, թե ինչ նկատի ունի Վահրամը: Արփիի դեմքին նորից խաղաց ժպիտը: Վահրամը գրկեց Արփիին:
   -Իսկ հիմա թողեք մի փոքր շունչ քաշի հիվանդը: Ես վստահ եմ, որ սերը կյանք է տալիս, բայց հիմա դուք նրան շնչահեղձ կանեք, - ծիծաղով ասաց բժիշկը: Վահրամը կրկին համբուրեց Արփիին ու վեր կացավ՝ փորձելով ցույց չտալ հուզմունքն ու տկարությունը: Բժիշկը մոտեցավ Վահրամին ու նրանք միասին դուրս եկան սենյակից:
   Միջանցքում Վահրամը բժշկին մեկնեց ծրարները:
   -Սա ձեզ կօգնի խնդիրներից խուսափել:
   Բժիշկը հասկացավ Վահրամի միտքը:
   Երբ նրանց միացավ Վահրամի մայրը, բժիշկը ներողություն խնդրեց ու հեռու գնաց:
   Մոր աչքերում արցունքի կաթիլներ կային:
   -Ներիր, մայրի՜կ, - ասաց Վահրամն ու գրկելով մորը` շշնջաց. - Սիրի՛ր նրան այնպես, ինչպես ինձ, որովհետև ես ապրելու եմ նրա սրտի փոխարեն: Սրտի բաբախյունն իմն է լինելու...


***

   Վահրամն այդ օրն այլևս ոչ մեկի հետ չէր ցանկանում խոսել: Արփիին տեսակցության գնալուց հետո մի տեսակ խոսելն էլ չէր գալիս: Նա չի իմանա մինչև վիրահատությունը, իսկ հետո՞, երբ իմանա, որքա՜ն ծանր կլինի նրա համար: Բայց կհասկանա: Եթե կա հույս, եթե կա հնարավորություն, ուրեմն պետք է փորձել:
   Այս կյանքը մեզ համար գոյություն ունի քանի դեռ մենք կանք այստեղ, իսկ առանց մեզ` այն կմնա միայն ուրիշների համար: Իսկ մահից հետո՞: Հավատա՞լ, որ ամեն մի վերջ ինչ-որ մի նորի սկիզբն է: Վահրամը քմծիծաղ տվեց: Գուցե ճշմարտության կաթիլ կա այստեղ, քանի որ դժվար է հավատալ, որ մահով ավարտվում է ամենը: Աչքերի առաջ նորից մանկությունն էր: Երբ փոքր էր, հաճախ էր դիտում` ինչպես է Արևը մայր մտնում: Երկնակամարը գունավորվում էր վառ կարմիր գույնով, իսկ հորիզոնում արևի սկավառակը հետզհետե անհետանում էր՝ իր հետ տանելով օրը: Օրը մահանում էր, Արևը գնում, բայց միայն նրա համար, որ նորից վերադառնա առավոտյան, ժպտա ու լուսավորի: Ոչինչ չի ավարտվում հենց այնպես ու հենց այնպես չի սկսվում: 
   Ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Կյանքը մի ուղի է, որ բաղկացած է ակնթարթներից ու վայրկյաններից: Նրանք անվերջ շտապում են, գալիս են ու գնում, բայց երբեք կանգ չեն առնում:
   Վահրամը վեր կացավ:
   Գոռը մոտեցավ, որ օգնի եղբորը:
   -Ուզում եմ վայելել մայրամուտի վերջին շողերը, դրանք այնքան գունեղ են հիմա:
   -Կուզե՞ս աթոռին նստել
   -Ոչ, ես ուզում եմ դուրս գալ: Օգնիր ինձ մի քիչ զբոսնել դրսում:
 Գոռն օգնեց Վահրամին դուրս գալ հիվանդանոցից բժշկին հարցնելուց հետո: Վահրամը դանդաղ էր քայլում, բայց նրա դեմքին տարօրինակ մի ժպիտ էր հայտնվել, որ փոքր-ինչ վախեցնում էր Գոռին: Վահրամը հիացած շուրջն էր նայում. ասես առաջին անգամ էր տեսնում շրջակայքն ու այն ամենն, ինչ շրջապատում էր իրեն:
   -Մայրամուտի գույներն ասես ներկում են իրենց գույնով ամենը, տեսնո՞ւմ ես` որքան գունեղ է ամենը, թե՞ միայն ես եմ տեսնում այս գեղեցկությունը:
  -Տեսնում եմ մայրամուտի նույն գեղեցկությունը: Ամեն օր էլ նույնն է - վրա բերեց Գոռը:
   -Ո՜չ, ամեն մայրամուտ ու ամեն արևածագ յուրովի է, ոչինչ չի կրկնվում ու ամենը, ինչ կա այս աշխարհում կարողանում է գոյատևել միայն այն պատճառով, որ յուրահատուկ է:
   -Արի նստենք, առանց այդ էլ թույլ ես, պետք է խնայես ուժերդ:
   -Ինձ թվում է, այսօր մայրամուտն այնքան վառ գունավորում ունի, - խոսեց Վահրամը նստելուն պես, - որ երբեք չի ունեցել: Գիտե՞ս` ի՛նչ հասկացա:
  -Ի՞նչ, - հարցրեց Գոռը:
 -Կյանքիդ ամեն վայրկյանը պետք է ապրես այնպես, որ վերջին պահին սրտումդ զղջում չլինի: Որ չզղջաս այն ամենի համար, ինչ կարող էիր անել, բայց չարեցիր:
  Վահրամը հենվեց նստարանի թիկնակին: Մայրամուտի գույներն սկսեցին կուրացնել աչքերը: Ինչ-որ տարօրինակ խշշյուն լսվեց գլխում, ու ամեն ինչ լռեց: Մի քանի վայրկյան հետո լսում էր իր իսկ անունը, որ կանչում էր եղբայրը, բայց ինքն արձագանքել չէր կարող: Կանչերը գնալով ավելի հեռվից էին լսվում, մինչև լրիվ անլսելի դարձան: Հիմա միայն սրտի բաբախյունն էր զգում: Անդավաճան ընկերը շարունակում էր դեռ բաբախել, բայց այդ ընկերոջը հենց ինքը պետք է դավաճաներ: Կուրացուցիչ լույսը տեղին տվեց: Հիմա նա քայլում էր անամպ երկնքի տակ փռված ծաղկած մարգագետնով: Նրան թվաց` գարուն է, բայց մեկ ակնթարթ հետո ծաղիկները չորացան ու կանաչը դեղինի փոխվեց: Հանկարծ աստղալից գիշերն իջավ, ու հիմա նա միայնակ կանգնած է բարձունքին: Շուրջը միայն աստղեր են ու լուսնի ամբողջական սկավառակը, բայց հորիզոնը սկսվում է լուսավորվել, լուսինն ու աստղերը խամրում են: 
   Արևն սկսում է շողալ: Գարուն և աշուն, լույս և խավար, սկիզբ և ավարտ: Հիմա նա կանգնած է եզրագծին ու հետ գնալ չի կարող, քանի որ ճանապարհ չկա, բայց առաջ գնալ կարող է, անգամ եթե այն կլինի սկիզբը ու հետո նորից կունենա ավարտ…
   Նորից մայրամուտ, թվում է` այս մեկը նման է այն մայրամուտին, որ հմայվում էր քիչ առաջ: Բայց այն մայրամուտ չէ, այլ մի լույսի աղբյուր հեռվից լուսավորում է խավարը, ու նա ասես սլանում է դեպի լույսը: Սրտի բաբախյունն իր հետ է: Ինչո՞ւ է այն այսքան ուժգին բաբախում: Ահա և լույսը: Լույսի աղբյուրն այնքան մոտ է թվում ու այնքան պարզ է, բայց չի կուրացնում: Թվում է` արտասովոր ջերմությունը լույսի հետ իր մարմինն է մտնում: Սրտի բաբախյունի ձայնը հասնում է ականջին: Բայց այն իր սրտի ձայնը չէ, այլ լույսից եկող ձայնը: Ձայնն անմիջապես կտրվում է: Է՛լ ավելի մեծ թեթևություն է զգում, ասես մարմնից ինչ-որ բան դուրս է գալիս ու փորձում միանալ լույսին: Նա ձեռքը մեկնում է ու փորձում դիպչել իր մարմնից պոկված լույսին: Վայրկենապես ամեն ինչ մթնում է, ու հիմա միակ լուսավորը իր մարմնից պոկված լույսն է: Բայց հեռվում լույսի մի կետ է տեսնում, պետք է հասնել, ամեն գնով հասնել լույսի մյուս աղբյուրին: 
   Հեռավոր լույսի կետն արդեն հեռու չէ, հիմա նա կհասնի: Մութը նահանջում է, նոր լույսն ասես սկսում է կլանել իրեն: Նրանից նորից այն ջերմությունն է, որ ջերմացնում է ողջ մարմինն ու հոգին… Կրկին ականջին է հասնում բաբախյունի ձայնը, այս անգամ արդեն իր ձեռքում պահված լույսի աղբյուրն է բաբախում սրտի պես: Հիմա նա ամբողջությամբ կձուլվի լույսին, կկլանվի ու կանէանա այն լույսի մեջ, որ այդքան ջերմություն ունի: Ձեռքում պահված լույսը միանում է մեծ լույսին ու դառնում ամբողջության մեկ մասնիկը: Լսում է իր սրտի վերջին բաբախյունը, վերջինը, իսկ հետո արդեն այն կդառնա նրա՛ բաբախյունը: Նորից ձայներ: Այո՛, նա հասցրեց անել այն, ինչ պետք է աներ: Սա էր առաքելությունը, ու իրեն հաջողվեց իրագործել այն: 
   Այլևս ոչինչ չկար: Տարօրինակ զգացողություն տիրեց: Նա հիմա ամբողջության մի մասնիկն էր ասես, ժամանակի՝ անհաշվելի ու անծայրածիր, անեզր ու անսկիզբ, հավերժության մասնիկը:


***

   Բժշկին անմիջապես շրջապատացին, երբ դուրս եկավ վիրահատարանից:
  -Ամեն ինչ հաջող է, - փայլեց նրա դեմքին ժպիտը:
 Հերթական բարդ վիրահատությունը պսակվեց հաջողությամբ: Լսվեցին առաջին շնորհակալական խոսքերը:
  - Մի քանի օր կմնա խիստ հսկողության տակ: Տեսակցություններ չեն կարող լինել:
   Բժիշկը հայացքով փնտրեց աղջկա մորը:
   Աշխատասենյակում բժիշկը տիկին Արմինեին մեկնեց Վահրամի նամակը:
   -Կարծում եմ, այս նամակը կօգնի ձեզ: Կհանձնեք նրան, երբ ես ասեմ …
   
   «Ես պետք է ասեմ ու միշտ կրկնեմ՝ քեզ շատ եմ սիրում: Հիմա կողքիդ չեմ, բայց ոչ էլ քեզնից հեռու եմ: Միշտ քեզ հետ կլինեմ, ամենուր, ուր էլ գնաս, որտեղ էլ լինես: Հավատա՛, մենք անբաժան կլինենք: Իմ սերը քեզ նոր կյանք կտա, նորից կստիպի սիրես, ժպտաս: Կժպտաս իմ փոխարեն ևս: Կնայես արևին, աստղերին, երկնքին, մայրամուտին մի փոքր ավելի՝ իմ փոխարեն: 
   Հիմա, երբ գիտես ամենը, միակ խնդրանքս այն է, որ չտխրես: Ուզում եմ միշտ ժպտաս, ու ես էլ կժպտամ: Եթե արտասվես, ես նույնպես կարտասվեմ: Ահա և իրական հրաշք: Միշտ լինել նրա հետ, ում սիրում ես: Ամուր գրկում եմ: Չեմ ասում հաջողություն, այլ միայն բարև»:


***

Այս աշխարհը կա միայն այն պատճառով, որ մենք կանք այս աշխարհում, իսկ առանց մեզ այն կմնա միայն ուրիշների համար:



Отправить комментарий