2013-10-28

Հայաստանի ընդերքը տարեցտարի աղքատանում է

 Հանքարդյունաբերության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում բավականին մեծացել է օգտակար հանածոների արդյունահանման ծավալը և հարկերի հաշվին ոլորտը ապահովում է մեծ ֆինանսական հոսք պետբյուջե, սակայն նույնիսկ այդ դեպքում Հայաստանը շարունակում է դիտարկվել որպես հումք արտահանող երկիր:
Հայաստանը, լինելով փոքր երկիր, պետք է հիմնվի այնպիսի տնտեսության վրա, որը ենթադրում է ներմուծում-վերամշակում-արտահանում, այլ ոչ թե միայն օգտակար հանածոների արտահանման:
Ըստ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների, 2012թ.-ին  նախորդ տարվա համեմատ Հայաստանը մեծացրել է ծավալները մի շարք օգտակար հանածոների կորզման և արդյունահանման գործում:
 Պինդ օգտակար հանածոների արդյունահանման ծավալով առաջատարը կրաքարն է, որի ծավալը 2012թ-ին կազմել է 373 հազ. մ նախորդ տարվա համեմատ աճելով 12 հազար մ3- ով: Ըստ արդյունահանման ծավալի երկրորդ տեղում ավազակոպճային խառնուրդն է` 199 769.9 մ3, ապա բազալտը` 178 805.3 մ3 : Երկուսի դեպքում էլ  արդյունահանման ծավալի աճ է գրանցվել համապատասխանաբար   69430մ3  և 2116 մ3 : Մեծ աճ է նկատվել ջրային լուծույթից ստացված աղի արդյունահանման ծավալում` 86 379 տոննայից հասնելով 150 304 տ, ինչպես նաև աճ է գրանցվել  պղնձամոլիբդենային հանքարարի, պղնձի, մոլիբդենի, ցինկի, կապարի, սելենի դեպքում:
Թանկ մետաղներից ոսկու բազմամետաղային հանքաքարի արդյունահանման ծավալը աճել է` հասնելով 1945 տոննայի, իսկ մաքուր ոսկու դեպքում  2735 կգ-ից  դառնալով 2896 կգ: Արծաթի դեպքում 2011թ-ի համեմատ արդյունահանման ծավալը նվազել է 2773 կգ-ով, հասնելով 22 243 կգ-ի: Նվազել են նաև ավազի, տուֆի, կավի արդյունահանման ծավալները, սակայն այդ ամենին զուգահեռ 2012թ.-ին Հայաստանը սկսել է արտահանել տասը նոր պինդ օգտակար հանածոներ այդ թվում երեք ավազատեսակ, կադմիում և անդեզիտաբազալտ:
Արդեն անցնող 2013թ.-ին հանքարդյունաբերության  ոլորտում լուրջ փոփոխություններ եթե անգամ լինեն` կհրապարակվեն միայն հաջորդ տարի, սակայն տեսնելով նման տեմպերը պետք է նշել, որ տարեցտարի առանց այդ էլ փոքրիկ Հայաստանը էլ ավելի է «փոքրանում»:

Աղբյուրը` normitq.am                                                                                 Արմեն Մխեյան

Комментариев нет: