2013-10-21

Տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է սպասվածից ցածր մնալ


Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած հատվածում կազմել է 3,2%, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել է աճի բավականին ցածր` 0,2 տոկոս ցուցանիշ` Կառավարության կանխատեսված 6,2% տնտեսական աճն անիրական դարձնելով:

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրության ծառայության 2013թ.-ի հոկտեմբերի 21-ին հրապարակած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն  այս տարվա ցուցանիշն ամենացածրն է 2010 թ.-ից հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսության ակտիվության ցուցանիշի միջոցով հաշվարկվում է տնտեսական և համախառն ներքին արդյունքի աճը, կարելի է եզրակացնել, որ Կառավարության սպասելիքները տնտեսական աճի հարցում չեն կարող իրականանալ: Դեռևս այս տարվա երկրորդ եռամսյակի սկզբից տնտեսական աճի դանդաղումը տարեվերջին սպասվելիք տնտեսական աճի տոկոսը 6,2-ից նվազեցրեց մինչև 4,1%: Եթե տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակի սպասվածից ավելի փոքր լինել,  ապա տնտեսական աճը տարեվերջին անգամ 4,1% չի կազմի:
Բերված ցուցանիշների համաձայն այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հանրապետությունում 11,9%-ով նվազել են շինարարության ծավալները, 0,9%-ով առևտրի շրջանառությունը և 0,5%-ով էլեկտրաէներգիայի արտադրությունը: Սպառողական գների ինդեքսը աճ է գրանցել 8,2%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 6,2%: Աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները` համապատասխանաբար 23,3 և 16,7 տոկոսով: Գների ինդեքսի 8,2% աճի համեմատ միջին ամսական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 5,8 %:
Արմեն Մխեյան

Комментариев нет: