2012-04-14

Քաղաքական գունապնակ



  Եվ այսպես ինչպես գիտեք այս և հաջորդ տարի Հայաստանի համար վճռական տարի է, հաջորդ հինգ-վեց տարիների զարգացման ու այսօրվանից ճիշտ քայլեր անելու ժամանակն է: Բայց եթե ավելի լուրջ ասելու լինեմ, պետք է բացականչեմ. « Ո՜վ հայ ժողովուրդ, քո ապագան ընտրության մեջ է»: (Լավ էլ բոցաշունչ ստացվեց, չբռնե՞մ ես էլ իմ թեկանածությունն առաջադրեմ):

  Առանց երկարացնելու: Ապրիլի 8-ին մեկնարկեց ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը և ի՞նչ եք կարծում հայ քաղաքական «էլիտան» գոնե այս անգամ կխուսափի՞ այն բոլոր զավեշտներից, ինչ կատարվել են նախորդ բոլոր քարոզարշավների ժամանակ: Մեկը լիներ ասեր` «Հայաստանում ընդհանրապես նման բան կլինի՞»: 

  Ամեն դեպքում ոչ մի կուսակցության անուն չնշելով, որպես անկուսակցական, բայց ՀՀ քաղաքացի, ավելի ճիշտ կլինի ասել ոչ մի կուսակցության ջրհորից ջուր չվերցնելով և առավել ևս ոչ մի կուսակցության ջրաղացին ջուր չավելացնելով, ներկայացնեմ իմ դատողությունները ՀՀ քաղաքական կյանքի ու կուսակցությունների մասին: 

  Այսօր քարոզարշավը ամենաթեժ զարգացման փուլում է: Հենց այս պահին է պարզ դառնում, որ քարոզարշավի կուլմիանցիոն պահը` մայիսի 1-ից 4-ը ամենահետաքրքիրն ու զավեշտալի օրերն են խոստանում դառնալ, իսկ որ այդ օրերն ամենաորոշիչն ու ամենաթեժն են լինելու, վկայում են վերջին օրերի ներքաղաքական զարգացումներն ու կուսակցությունների առաջնորդների անհեթեթ և անսպասելի գոծողությունները: Մանավորապես պետք է նշել այն հանգամանքը, որ այս քարոզարշավը առավել ցայտուն է արտահայտված ցինիզմով ու անպատասխանատու քայլերով: Արդյոք այս ամենը չի՞ նշանակում որ մեր քաղաքական գործիչները, պատգամավորներն ու իշխանավորները, ըննդիմադիրն են ու կենտրոնամետները, բացի այն, որ օր ամեն ստիպված էին դերասան ձևանալ, ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում իրենք իրենց դերասանական հմտությունները հենց իրենց ապացուցելու և ի ցույց դնելու լուրջ փորձաշրջան են անցնում: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ողջ արտիստիմզն ու անձնական վատ որակները միայն դրական ներկայացնելու ցանկությունից: Ինչևէ, «Կյանքը բեմ է, մարդիկ`դերասան» ասել է հանճարներից մեկը: Մեր քաղաքականությամբ ԶԲԱՂՎՈՂՆԵՐՆ էլ առաջնորդվում են հենց այս սկզբունքով: Քարոզարշավի հենց սկզբից էլ պարզ դարձավ, որ ցեխագնդերն ու ցեխահրանոթները լավագույն զենքերն են դառնալու այս պայքարում: Մնում է միայն ընտրություններից հետո հատուկ մաքրման ժամանակ տալ բոլոր կուսակցություններին` ցեխի բծերից ազատվելու համար: 

  Բավականին հետաքրքիր են նաև կուսակցությունների ու անհատների կարգախոսերը: Դրանք կամ հերքում են նախկինում ողջ իրենց արածը, կամ պարտադրում, կամ էլ հոգեպես յուրաքանչյուր քաղաքացու ավելի նվաստացնում: Տեսնես գոնե մեկ րոպե մտածե՞լ են իրենց կարգախոսերը ընտրելուց առաջ: Հատկանշական է և Հայաստանի համար ասես նորմալ երևույթ է դառնում այն, որ կուսակցությունը լինելով իշխանամետ նախորդ տարիների ընթացքում կամ իշխանության մաս, հանկարծ իր ներկայացուցիչների ելույթներից բոցաշունչ ըննդիմություն է ներկայանում: Քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի խիտ գունային երանգ է ստանում` խտացնելով իր մեջ ամանբացասականն ու վատը: Հավանաբար դա ևս պայմանավորված է մեր հասարակությունում առկա լուրջ խնդիրներով, որոնք մենք` հենց հասարակության մասը կազմող քաղաքացիներս, անտեսում ենք առանց դրանք լուծելու և ակնկալում լուրջ փոփոխություններ: Սակայն այդ փոփոխությունները չեն լինի, համենայն դեպս մոտ ապագայում ես չեմ տեսնում, քանզի մեր կուսակցականներից ամեն երկրորդը պատրաստ է ձայն գնել, իսկ ամեն երրորդ քաղաքացին իր ձայնը վաճառել: 

  ՀՀ քաղաքական ակտիվ կուսակցությունների վերջին տարիների գործունեությունը փորձել եմ արտայտել այս գունանկարի գույներով: Նորից առաջնորդելով մեկի ջրհորից ջուր չվերցնելու և մյուսի ջրաղացին ջուր չավելացնելու սկզբունքով ներկայացնում եմ թվերով: Նշեմ միայն, որ գունային երանգները ընտրված են պատահականորեն: Եվ այսպես`


1 Իշխանություն 

2 Ընդդիմություն 

3 Այն կուսակցություններն են, որոնք իշխանության մեջ են լինում հաճախ, սակայն ընտրությունից ընտրություն մոռանում, կամ էլ կորցնում են կողմնորոշվածությունը, բարեբախտաբար քաղաքական: 

4 Այս գույնով ներկայացված են այն կուսակցությունները, որոնք անմիջական կապ ունեն իշխանությունների հետ, սակայն, մի կողմ են դնում խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունը ու քաղաքական դաշտում փորձում իշխանամետ, կենտրոնամետ կամ էլ չգիտեմ ինչամետ երևալ: Սակայն կա մի հանգամանք, այս կուսակցություններին իշխանությանը կապում է ոչ թե խնամի, ծանոթ, բարեկամ լինելու հանգամանքը այլ շահը: Նրանց այնքան շահավետ է լինել միշտ այդ դիրքում: 

  5 Այս գույնով արտահայտված են այն կուսակցությունները, որոնք այս կամ այն պատճառով փորձում են չլինել իշխանության կողքին: Դա կարող է լինել անձնական ամբիցիաները, վիրավորանքը կամ այլ հանգամանք: 

  Վերջում կարելի էր ավելացնել նաև այն մանր-մունր կուսակցություններին, որոնք, ընտրությունից ընտրություն «քոչվոր» կյանք են վարում: 

  Ահա իմ տեսակետը մեր քաղաքական կուսակցությունների վերաբերյալ, այս ամենը համադրված մեր երկրում հասարակության լուրջ խնդիրներով ու անլուծելի թվացող հարցերով, որն արտահայտում է գորշ համընդհանուր ֆոնը: 

  Առավել հետաքրքրական էր ՀՀ ոստիկանության կողմից հրապարակած ընտրական ցուցակների և ընտրողների թիվը` 2.482.739 , իսկ մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում ներկա պահին բնակվում է 2.871.767 մարդ: Պարզ մաթեմատիկական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում 0-ից 18 տարեկան բնակիչների թիվը ընդամենը 389.028 է: Այսինքն ավելի կոշտ հաշվարկով այս նախորդ 18 տարիների ընթացքում Հայաստանում յուրաքանչյուր տարի ծնվել են 22.000-ից ոչ ավել մարդ: Մեկը լինի համեմատի այս տվյալները բնակչության աճի թվերի հետ և փաստացի յուրաքանչյուր տարում ծնված բնակիչների թվի հետ: 

  Ամեն դեպքում հարգելի իշխանավորներ, ընդդիմադիրներ և քաղաքական դաշտի այլ կուսակցություններ, կուսակիցներ և քաղաքական գործիչներ, զերծ մնացեք այն բոլոր վատ արարքներից, որոնք ստվեր են գցում մեր պետության, հասարակության և յուրաքանչյուր քաղաքացու բարոյական կեցվածքի վրա: Նախևառաջ դուք այս պետության քաղաքացիներն եք, հետևաբար պետության մեկ մասնիկը: Դուք այդ պետության բեռի մի կրողն եք, մի´ խախտեք այն կանոնները, որոնց պահպանմամբ միայն կարող ենք կերտել ապագայի Հայաստանը, որտեղ ապրելու են նաև ձեր զավակներն ու սերունդները: 

  Վերջում մեկ հորդոր բոլոր քաղաքացիներին. հավատացե՜ք, Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, ձեր քվեի ուժի մեջ, սակայն միայն արդար ու անկաշառ քվեի... 





Комментариев нет: