2012-02-13

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԴԻԱՆԱ. ԱՆԹԱԳ ԹԱԳՈՒՀԻՆ



  1997 թվական: Փարիզ: Օգոստոսի 30: Փարիզյան ամենահայտնի «Ռից» հյուրանոցի մուտքի մոտ լրագրողների մեծ ամբոխ էր հավաքված: Նրանք բոլորը սպասում էին երկու հոգու, ովքեր պետք է ուր որ է դուրս գային հյուրանոցից, իսկ եթե ոչ, ապա առավոտյան ոչ միայն փարիզյան թերթերը, այլև համաշխարհային ամենահայտնի պարբերականների առաջին շապիկներին գրված կլիներ` «Նրանք գիշերն անց են կացրել «Ռից» հյուրանոցում»: 

  23:45 րոպեին հյուրանոցից դուրս եկավ անվտանգության աշխատակիցն ու հայտարարեց, որ շուտով արքայադուստրը դուրս կգա և կկարողանան նկարահանել: Քիչ անց վարորդն իսկապես դուրս եկավ և փորձեց մեքենայի շարժիչը միացնել, սակայն ապարդյուն: Լրագրողները հասկացան, որ արքայադստերն այլևս չեն տեսնի այս մեքենան նստելիս: Լսվեցին ոմանց դժգոհությունները, իսկ մի քանի լրագրողներ հեռացան: Հավանաբար նրանք գլխի ընկան, որ այս ամենը կազմակերպված էր: Նրանք չէին սխալվել:
  Ծառայողական մուտքի մոտ մեկ այլ շքեղ մեքենա էր կանգնած: 00:17 րոպեին լրագրողները հասցրեցին շրջափակել մեքենան, սակայն ուշ էր: Նրան, ում լուսանկարահանում էին ամիսներ շարունակ և ամենուր հետապնդում, արդեն մեքենայում էր: Բոլոր կողմերից վառվում էին տեսանկարահանող սարքերի լույսերը: «Մերսեդես» մակնիշի սև մեքենան սկսեց սլանալ մեծ արագությամբ, իսկ մեքենայի ետևից սուրացին մի քանի մոտոցիկլավար պապարացիներ:

  Մեքենայի արագությունը մեծանում էր, սակայն նույնիսկ այդ ժամանակ չէին դադարում այս ու այն կողմից առկայծող լուսանկարչական սարքերի լույսերը: 

  -Որքա՞ն կարելի է նկարել,- լսվեց դժգոհ ուղևորներից մեկի ձայնը: 

  Գիշերային Փարիզի փողոցներով սուրացող «Մերսեդեսը» մոտեցավ Ալմա կամրջի մոտ գտնվող թունելին՝ բավականին առաջ անցնելով պապարացիներից և գրեթե անհետացավ նրանց տեսադաշտից: Սակայն հենց թունելի մուտքի մոտ կայանած սպիտակ «Ֆիատ» մակնիշի մեքենան գրեթե հավասարվելով սևաթույր «Մերսեդեսի» արագությանը, նույնպես մեծ արագությամբ մուտք գործեց թունել: Մի քանի ակնթարթ անց լսվեցին ձայներ, որոնք անբնական էին և խախտում էին ոչ միայն Փարիզի գիշերային անդորրը, այլև շատ շատերի: Այնտեղ մահանում էր համայն մարդկության սրտերի թագուհին՝ արքայադուստր Դիանան: 


  Ես ուզում եմ լինել մարդկանց սրտերի թագուհին: Ինձ Մեծ Բրիտանիայի թագուհի ես չեմ պատկերացնում… 

Արքայադուստր Դիանա 

  Արքայադուստր Դիանան ծնվել է 1961թ-ի հուլիսի մեկին: Նրա հայրը՝ կոմս Սպենսերը ցանկանում էր տղա ունենալ, ով կժառանգեր իր կալվածքներն ու ողջ ունեցվածքը, սակայն Դիանան ընտանիքում երրորդ դուստրն էր և ամենափոքրը, ում ամենից շատ էին սիրում: Դիանայի ծնողները ամուսնալուծվեցին, երբ նա դեռ երեխա էր: Ամուր ընտանիքն ու ընտանեկան ջերմությունը դարձավ ապագա արքայադստեր ամենամեծ երազանքը: 

  1981թ-ի հուլիսի 29-ին կայացավ արքայազն Չարլզի և Դիանայի ամուսնության արարողությունը, որին հետևում էին ավելի քան 750 միլիոն մարդ: Այս հարսանիքը հեքիաթ էր թվում շատերին, հեքիաթ, որ պետք է հետագայում դառնար դաժան իրականություն: 

  Արքայական նոր ընտանիքը մեղրամիսն անցակացրեց շրջագայելով մի շարք երկրներում՝ Ջիբլալթար, Հունաստան, Եգիպտոս այնուհետև վերադարձան Շոտլանդիա, իսկ հետո Ուելս, որտեղ էլ առաջին անգամ արքայադուստրը ելույթ ունեցավ ու անմիջապես գրավեց լրագրողների ուշադրությունը: Մամուլը երկար ժամանակ անդրադառնում էր արքայադստեր ելույթին: Հասարակությունը անմիջապես սիրեց իր ապագա թագուհուն, արքայադստերը՝ ում վիճակված չէր դառնալ թագուհի, բայց նա պետք է դառնար թագուհի ոչ ի պաշտոնե, այլ թագուհի միլիոնավոր մարդկանց սրտերում: Նրա լեգենդը պետք է հավերժ ապրեր… 

  Դիանայի համար հեքիաթն ավարտվեց հարսանեկան արարողությունից կարճ ժամանակ անց: Արքայազն Չարլզը խոստովանեց, որ սիրում է մեկ այլ կնոջ և այս ամենը այն պարագայում, որ Դիանան ամենաշատն էր ցանկանում ու երազում ունենալ ամուր ընտանիք: Հետագայում իր հայտնի հարցազրույցի ժամանակ նա կխոստովանի, որ ամեն գնով ցանկանում էր փրկել ամուսնությունը, սակայն ցավոք սիրային «եռակյունուն» չէր կարող այլևս դիմանալ: Ամուսնության առաջին տարիները, իսկապես երջանկության տարիներ էին Դիանայի համար, հատկապես երբ ամուսնությունից մեկ տարի անց արքայական ընտանիքում ծնվեց գահաժառանգը՝ Արքայազն Վիլյամը, իսկ երկու տարի անց արքայազն Հարրին: 

  Թվում է թե ամեն ինչ պետք է ավելի հեշտ լիներ, սակայն այդպես չէր: Արքայական ընտանիքի անդամներն ամբողջովին զբաղված էին բարեգործական հիմնադրամների աշխատանքներով և Դիանան ևս ձեռնունայն չմնաց, սակայն ի տարբերություն մյուսների, նա ամբողջությամբ տրվեց աշխատանքին: Նրա անմիջական գործողությունների հետևանքով կտրուկ մեծացան բարեգործության նպատակով ծախսվող գումարները: Նրա ջանքերով ցուցակում ընդգրկվեցին նաև ՁԻԱՀ և լեպրա հիվանդություններով տառապող մարդկանց համար ստեղծված հիվանդանոցներն ու հաստատությունները: Արքայադուստրն անձամբ էր այցելում բոլոր հաստատություններ, նույնիսկ օտարեկրյա պետություններում նա ժամեր շարունակ շփվում էր հիվանդների ու երեխաների հետ: Բոլորը նրան սիրում էին ու հարգում: Նա բարության և համեստության խորհրդանիշ էր: 

  «Աշխարհին պատուհասած ամենածանր հիվանդությունը՝ սիրո պակասն է նրանում և մարդկանց սրտերում…»: Հաճախ կրկնում էր արքայադուստր Դիանան

  Որտեղ էլ նա հայտնվեր, նրան միայն ժպտում էին, ծաղիկներ, մաղթանքներ, բացիկներ ու խաղալիքներ նվիրում: Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր: Նրա յուրաքանչյուր քայլը բաց չէին թողնում առաջատար պարբերականները, ամսագրերն ու թերթերը: Այդպիսով արքայական ընտանիքին նա ապացուցեց, որ իսկապես արքայադուստր է, մարդ որ կարեկցում է բոլորին, տալիս այն ջերմությունը, որի կարիքը շատերն են զգում: Արքայական ընտանիքն էլ կարծես դրական էր վերաբերվում Դիանայի այս աշխատանքին, չնայած այն հանգամանքին, որ արքայադուստրը չէր խնայում իր կարողությունը և նրա գործունեությանը մամուլը մի քանի անգամ ավելի շատ էր անդրադառնում, քան արքայական ընտանիքի մնացած բոլոր անդամներին միասին վերցրած: 

  Հետագայում Դիանան կբարձրաձայնի, որ արքայական ընտանիքի շատ անդամներ նախանձով էին լցված իր անձի հանդեպ, քանզի հանրության ուշադրությունն իր անձի նկատմամբ շատ մեծ էր, քան իրենց: 

  Նա իր հմայքով, համեստությամբ ու խելամտությամբ նորանոր հովանավորների էր գտնում համատեղ բարեգործական ծրագրերն ի կատար ածելու համար: Ոչ ոք չէր կարողանում մերժել արքայադստերն այս հարցում, նա ասես կախարդում էր իր հմայքով բոլորին: 

  Դիանային սիրում էին բոլորը, բայց ոչ իր ամուսինը: Նրա և Դիանայի միջև հարաբերությունները ավելի ու ավելի էին բարդանում, իսկ լրագրողների շնորհիվ սկանդալներն ու աղմակահարույց հոդվածները հեղեղում էին մամուլը: 

  1992թ-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոն Մեյջորը խորհրդարանում իր ելույթում հայտարարեց, որ Ուելսի արքայազն ու արքայադուստրը այսուհետ ապրելու են առանձին: Մամուլն ավելի մեծ «հետաքրքրությամբ ներխուժեց» արքայական ընտանիք: Շուտով հրապարակվեցին ու հանրությանը ներկայացվեցին արքայազն Չարլզի ու իր սիրուհու հեռախոսազրույցը, այնուհետև արաքայադստեր սիրեցյալների անունները: 

  Արքայադուստրը որոշ ժամանակ խուսափում էր մամուլից: Նա հարցազրույցներին, մամուլի ասուլիսներին չէր հայտնվում և լռում էր իր ու ամուսնու տարօրինակ փոխհարաբերությունների մասին: Սակայն մամուլը հանգիստ չէր տալիս նրան: Որտեղ էլ նա հայտնվեր, հարյուրավոր ֆոտոլրագրողներ նրան էին հետապնդում: Ֆոտոխցիկներից արձակված լույսերն անպակաս էին նրա առօրյայից: 

  Միայն երեք տարի անց, երբ ամուսնալուծությունը անխուսափելի էր, նա ողջ աշխարհին հայտարարեց իր անհաջող ամուսնության, ամուսնական դավաճանության, իր երազանքների ու դժբախտ սիրո մասին: 

  1996թ-ին արքայադուստրն ու արքայազն Չարլզը պաշտոնապես ամուսնալուծվեցին: 

  Թվում էր Դիանան հիմա ավելի ազատ պետք է լիներ, սակայն դա միայն թվացյալ էր: Արքայական ընտանիքի կողմից նրա առջև դրված պարտականությունները, որպես գահաժառանգների մայր, ավելի խստացել էին: Սակայն հիմա նախկին արքայադուստրը պետք է խառներ արքայական ընտանիքի բոլոր մտադրությունները: 

  Դիանան ընդունում էր, որ լինելով գահաժառանգների մայրը, մեծ պատասխանատվություն է կրում նրանց դաստիարակման գործում, սակայն փխրուն սրտով, ռոմանտիկ և դեռ ամուսնությունից ժառանգած «անհավասարակշիռ» պիտակը կրող Դիանան շարունակում էր երազել մեծ սիրո և ամուր ընտանիքի մասին: 

  Դիանայի կողքին ժամանակ առ ժամանակ հայտնվում էին մարդիկ, ովքեր անմիջապես դառնում էին մամուլի զոհը: Թեպետ Դիանան ասես համակերպվել էր մամուլի ներկայացուցիչների ամենուր ներկայությանը, սակայն Դիանային սիրող մարդկանց համար այդ ամենը զավեշտի էր վերածվում: Արքայական ընտանիքն էլ կրկին արտաքուստ հանգիստ էր ձևանում, սակայն միայն արտաքուստ: Ամուսնալուծությունից անմիջապես հետո, Դիանային բոլոր հնարավոր միջոցներով հետևում էին Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունները: Նրա հեռախոսները գաղտնալսվում էին: Արբանյակային կապի միջոցով նրա բջջային հեռախոսի խոսակցությունները ձայնագրվում, իսկ էլեկտրոնային հասցեին ստացված և ուղարկված նամակաները գաղտնազերծվում: 

  Որո՞նք էին այն հիմնական պատճառները, որոնք դրդում էին գաղտնի ծառայություններին նման կերպով իրենց «աչքի տակ» պահել նախկին արքայական ընտանիքի ներկայացուցչին: Միակ բացատրությունը թերևս այն է, որ Դիանան գիտեր շատ ավելին, քան պետք է իմանար և եթե նա որոշեր բարձրաձայնել, ապա արքայական ընտանիքը կհայտնվեր բավականին լուրջ խնդիրների առջև: Մինչ օրս էլ չեն գաղտնազերծվում հատուկ ծառայություններում պահվող նյութերը, որոնք լույս կարող են սփռել արքայադուստր Դիանայի մահվան, հնարավոր դավադրության և գուցե ավելի ճիշտ կլինի ասել սպանության բացահայտման գործում, իսկ տվյալ նյութերի գաղտնի մնալը միանգամայն կարևոր է, քանի որ դրանք անմիջականորեն կապված են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության մի շարք հարցերի հետ: 

  Կրկին հարց է առաջանում: Ի՞նչ կարող էր իմանալ արքայադուստրը, որը կարող էր սպառնալիք դառնալ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության, միապետության և իշխանական թևի համար: Այո, լինելով արքայական ընտանիքի անդամ, Դիանան ինքը կարող էր շատ հարցերում հաճախ գլխի ընկնել, բացահայտել ու տիրապետել ինֆորմացիայի, որն անմիջական կերպով կարող էր վերաբերվել ազգային անվտանգությանը: 



  Պարզ է դառնում, որ գաղտնի ծառայությունների առաքելությունը կայանում էր հենց դրանում. ամեն գնով հետևել նախկին արքայադստերը և հարկ եղած դեպքում ցանկացած ձևով խոչընդոտել ինֆորմացիայի արտահոսքին, որքան էլ արքայադուստրը պնդեր, որ դրանք գաղտնիք էլ կմնան, և ինքը երբեք իր նախկին ամուսնու, արքայական ընտանիքի ու կառավարության դեմ դուրս չի գա:  

  Արքայադուստր Դիանան մահացավ 1997թ-ի օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Փարիզի հիվանդանոցներից մեկում, ավտովթարի հետևանքով ներքին արնահոսության և կենսական նշանակության օրգանների խիստ վնասումից: Ժամեր էլ չէին անցել չարաբաստիկ ավտովթարից, համացացում տարածվեցին Ալմա թունելում տեղի ունեցածի լուսանկարները և անմիջապես առաջ քաշվեցին վարկածներ, որոնք անհերքելի են մինչ օրս: Ավտովթարի հետևանքով զոհվեցին երեք հոգի՝ մեքենայի վարորդը՝ Անրի Պոլը, ով «Ռից» հյուրանոցի անվտանգության ղեկավարն էր, Դոդի Ալ-Ֆայեդը՝ հայտնի միլիարդատեր Մուհամեդ Ալ-Ֆայեդի միակ որդին ու նրա ողջ ունեցվածքի ժառանգորդը և նա՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Դիանա Սպենսերը, աշխարհին առավել հայտնի արքայադուստր Դիանա անվամբ… 




Արքաները հաճախ մահանում են ոչ իրենց մահով, իսկ այն բացառիկ դեպքերում անգամ, երբ մահը բնական է, դավադրությունն այնուամենայնիվ դռան ետևում է… 




  Առաջին հայացքից թվում է թե դժբախտ պատահար է: Տեղի է ունեցել ավտովթար: Աշխարհում ամեն օր հազարավոր մարդիկ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դառնում, սակայն այս պատահարի շուրջ անմիջապես առաջ քաշվեցին այնպիսի հարցեր, որոնք արդեն տասնհինգ տարի այդպես էլ պատասխան չեն ստանում:

  Դժբախտ պատահարից որոշ ժամանակ առաջ մամուլում հայտնվել էին հոդվածներ, որոնց հեղինակները կարծիք էին հայտնում այն մասին, որ Դիանան ու Ալ-Ֆայեդը պատրաստվում են ամեն գնով օրինականացնել իրենց հարաբերությունները, ավելին նշանադրվել են, իսկ ողբերգությունից անմիջապես հետո սկսեցին խոսել այն մասին, որ «համեստ» ընթրիքը, որը տեղի էր ունենում «Ռից» հյուրանոցի կայսերական համարում, հենց նշանադրության արարողությունն էր, որին ներկա էին միայն Դիանան ու Դոդին: 



Փաստ է. ողբերգությունից ժամեր առաջ Ալ-Ֆայեդի «Ռից» հյուրանոցի համար է առաքվել «Ռեփոսսի» ոսկերչական ֆիրմայի ադամանդե մատանին, որը զույգը ընտրել էր մոտ մեկ շաբաթ առաջ Մոնտե Կարլոյի ոսկե զարդերի լավագույն խանութներից մեկում: 

 Ֆրանսիական ոստիկանության պաշտոնական վարկածի հրապարակումից առաջ, սկսվեցին լուրեր տարածվել այն մասին, որ եթե Դիանային ավելի շուտ տեղափոխեին հիվանդանոց, ապա նա ողջ կմնար: Բժշկական հետազոտությունը ցույց էր տալիս, որ Դիանայի վնասվածքները ավելի մեղմ էին քան թիկնապահինը, սակայն տեղի ունեցավ հակառակը, մահացավ Դիանան: Ինչո՞ւ նրան անմիջապես չեն տեղափողում հիվանդանոց, հատկապես, երբ ականատեսները հավաստիացնում են, որ Դիանան վթարից անմիջապես հետո դեռ ունակ է եղել հաղորդակցվելու և օգնության շատապող մարդկանց հարցրել է. «Աստված իմ, ինչ կատարվեց…»: 

  Ինչո՞ւ էր արքայադստեր մեքենան փոխվել նախքան հյուրանոցից դուրս գալը, ինչո՞ւ երեք թիկնապահներից միայն մեկն էր ուղեկցում արքայադստերն ու Ալ-Ֆայեդին այդ օրը, ինչո՞ւ էին այդ պահին անջատված թունելում տեղադրված տեսախցիկները, ո՞վ էր այն «Ֆիատ» մակնիշի մեքենայի վարորդը, ով ավտովթարի պահին թունելում էր… հարցերն այնքան շատ են, սակայն տարօրինակ փաստերը իրենց քանակով ևս չեն զիչում հարցերի տարափի քանակին: 


Մի քանի վկաների տված տեղեկություններում կարելի հանդիպել ուժեղ լույսի բոցավառման մասին հիշատակման: Հատկանշական է, որ տվյալ պահին թունելի մոտ գտնվող ամերիկացի գործարար Բրայան Անդերսոնը պնդում էր, թե մինչ բախումը թունելը մի պահ լուսավորվել է պայծառ լույսով, ապա լսվել պայթյուն հիշեցնող ձայն, որից հետո միայն լսվել էր մեքենայի սյանը բախվելու ձայնը: 



 Այն լրագրողները, ովքեր այդ օրը հետապնդում էին արքայադստերը, հանկարծակի կերպով սկսեցին հեռանալ կյանքից: Օրեր անց` 1997թ-ի սեպտեմբերին, աշխատանքի պահին կյանքից հեռացավ լրագրող Ջեյմս Քիտը, ով պատրաստվում էր հրապարակել ծավալուն նյութ ավտովթարի վերաբերյալ անձնական լրագրողական հետաքննության արդյունքների հիման վրա: Նրա մահվանից ժամեր անց նրան պատկանող կայքը ամբողջովին հանվում է համացանցից, որտեղ ներկայացված էին մի շարք մանրամասներ և լուսանկարներ ավտովթարի վերաբերյալ: Միակ մարդը, ով փրկվել էր՝ թիկնապահ Թրեվր Ռիս-Ջոնսը, կորցրել է հիշողությունը և ոչինչ չի հիշում ավտովթարից: Դիանայի մարմինը Բրիտանիա տեղափոխվելուց անմիջապես հետո մոմապատում են, առանց դիահերձման: Մեկ այլ լրագրող Ջեյմս Անդանսոնը, ում պատկանում էր «ֆիատ» մակնիշի մեքենան, 2000թ-ի ապրիլին մահացած են գտնում իր մեքենայում: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն: Նշեմ, որ Անդանսոնը այն լրագրողն էր, ով բավականին երկար ժամանակ հետապնդում էր Դիանային: Նրան են պատկանում մի շարք հայտնի լուսանկարներ, որոնք արվել էին այդ ամառ Սան Տրոպեում Դիանայի և Ալ-Ֆայեդի միասին հանգստի ժամանակ: Նրա վարած «Ֆիատ ունո» մակնիշի մեքենան մի շարք ականատեսների վկայությամբ թունել է մտնում «Մերսեդեսից» անմիջապես հետո և, ըստ պաշտոնական վարկածի, նման մակնիշի մեքենայի հետ բախումն է դառնում ավտովթարի հիմնական պատճառը: 

 Սակայն 1999թ-ին ֆրանսիական ոստիկանությունը հրապարակեց հետաքննության արդյունքները, որտեղ նշվում էր, որ Անդանսոնը այդ օրը գտնվել է Փարիզից շատ հեռու և նրա վարած մեքենան չէր կարող գտնվել այդ պահին թունելում: Ըստ ոստիկանության, հիմնական մեղավորն է «Մերսեդես 280SEL» մակնիշի մեքենայի վարորդ, «Ռից» հյուրանոցային համալիրի անվտանգության պետ քառասունմեկամյա Անրի Պոլը, ում արյան մեջ իբրև թե հայտնաբերվել է ալկոհոլի անթույլատրելի մեծ քանակություն, որը հավասարազոր է, եթե նա խմեր երկու շիշ գինի: Բացի այդ հայտնաբերվել է, որ Պոլը օգտագործել է նաև հակադեպրեսանտներ, որոնք հակացուցված են ոգելից ցանկացած խմիչքի հետ: Արդյունքում, գրեթե 190 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենան փորձ անելով խուսափել այլ մեքենայի հետ բախվելուց, կորցրել է կառավարումը և բախվել թունելի տաներեքերորդ սյանը՝ 100կմ/ժ արագությամբ: Հետագայում ոստիկանության աշխատակիցներից մեկը պետք նշեր, որ ողջ նախաքննության ժամանակ բրիտանական կառույցների կողմից բավականին մեծ ճնշում է զգացվել և այդ երկու տարիները ֆրանսիական ոստիականության աշխատանքը դիվանագիտական սարսափ է հիշեցնում իրեն: 

  Եվս մի քանի հետաքրքրիր փաստեր: Մեքենայի փոխանցման տուփը, որը ավտոմատ է, (որ այդքան մեծ արագությամբ սլանում էր թունելում) պարզվում է գտնվում էր «N» -ի վրա: Սա բավականին տարօրինակ փաստ է: Խնդիրն այն է, որ վարորդը կարող էր այդքան մեծ արագություն զարգացնել «D» մակարդակում, կամ հնարավոր բացատրություն է նաև այն, որ մեքենան լիներ ոչ ավտոմատ փոխանցման տուփով և այս դեպքում դա իսկապես կարող էր վարորդի սխալը լինել: Սակայն մեքենան ավտոմատ փոխանցման տուփ ուներ: Հնարավոր է մեքենան սարքին չէ՞ր, թե ճակատագրական պահին վարորդը կամ նրա ուղեկիցը փորձել էին անել «այլ» գործողություն: 

  Ոստիկանությունը անմիջապես ձերբակալեց այն լրագրողներին, ովքեր հետապնդում էին Դիանայի մեքենան: Նրանց մեղադրանք առաջադրվեց անձնական կյանքի մանրամասների հրապարակման և հետապնդման համար: Նրանք տուգանվեցին ու ազատ արձակվեցին: Սակայն մինչ լրագրողները ոստիկանությունում էին, համացանցում տարածվեցին վթարի մանրամասները պատկերող լուսանկարներ: Սա ենթադրում է, որ թունելում գտնվում էր, կամ գուցե գտնվում էին այլ «լրագրողներ», ովքեր ոստիկանություն չէին տարվել: 

  Պարզվում է արքայադուստր Դիանան հղի էր: Այս փաստը չի ապացուցվում, սակայն շատերը պնդում են, որ Դիանան իսկապես հղի էր, իսկ երեխայի հայրը արաբ միլիարդատիրոջ որդին էր՝ Դոդի Ալ-Ֆայեդը: Ինչպե՞ս կարող էր արքայական ընտանիքի անդամը, թեպետ նախկին, սակայն գահաժառանգների մայրը երեխա ունենալ իր հերթական սիրեկանից, այն էլ ազգությամբ արաբ: Կարո՞ղ էր այս անգամ արքայական ընտանիքը աչք փակել այս ամենի վրա: Մուհամեդ Ալ-Ֆայեդը հավաստիացնում է, որ Դիանայի հղիությունը միակ և գլխավոր պատճառներից մեկն էր, որի պատճառով արքայական ընտանիքը ցանկանում էր ամեն գնով հեռացնել Դիանային, նույնիսկ դավադրությամբ կազմակերպել նրա մահը: Չէ՞ որ Դիանան պատրաստվում էր ամուսնանալ Դոդի Ալ-Ֆայեդի հետ, ինչը ենթադրում էր, որ նա պետք է կրոնափոխ լինի: Չնայած Ալ-Ֆայեդների ընտանիքը աչքի չէր ընկնում մահմեդական կրոնի պահպանմամբ, սակայն, ըստ այդ կրոնի, ոչ մահմեդականը պարտավոր է ընդունել մահմեդականություն մահմեդականի հետ ամուսնությունից առաջ: Այս օրենքը խախտել չէր կարելի: Արդյո՞ք արքայադուստրը պատրաստվում էր ամուսնության մեկ այլ կրոնի ներկայացուցչի հետ: Պարզվում է Դոդի Ալ-Ֆայեդը միակ այլ կրոնի տղամարդը չէր, որ հայտնվել էր Դիանայի կողքին: Մինչ Դոդիի հետ ծանոթանալը, Դիանան մտերմիկ հարաբերությունների հետ էր պակիստանցի բժիշկ Խասնատ Խանի հետ և Դիանան լրջորեն մտադիր էր հանուն նրա փոխել կրոնը, սակայն նրանց միջև լուրջ տարաձայնությունները միայն կրոնական չէին և շուտով նրանք բաժանվեցին: 

  Վթարից ամիսներ անց սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ Բրիտանիայի գաղտնի ծառայության նախկին հետախույզ Ռիչարդ Թոմլինսոնը, ով ոչ միայն կարելի է ասել բացահայտեց մի շարք գեր-գաղտնի գործողություններ, այլև առաջ քաշեց Դիանայի սպանության վարկածը: 

  Ըստ նրա` թունելում տեղի ունեցած ավտովթարի մասին լուրը հեռուստացույցով դիտելիս, ավտովթարի մանրամասները նրան հիշեցրել են MI6 ծառայության գործակալների կողմից տարիներ առաջ մշակված գործողությունը, որը նախապատրաստվում էր Հարավսլավիայի նախկին առաջնորդ Սլոբոդան Միլոշեվիչի դեմ: Այդ գործողությունը պետք կատարվեր թունելում և ուղեկցվեր հզոր լույսի բռնկմամբ, ինչը պետք է պատճառ դառնար վարորդի ժամանակավոր կուրացմանն ու հանգեցներ ավտովթարի: Այս հայտարարությունը թեպետ հրաժարվեցին մեկանաբանել Մեծ Բրիտանիայում, անգամ արգելեցին նրան անել այլ հայտարարություն և հանդես գալ հեռուստաընկերությամբ, սակայն ռուսական մի քանի թերթեր հասցրել էին տպագրել, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց ողջ Եվրոպայում: Ռուսական թերթերից մեկը հրապարակեց մի հոդված, որտեղ Թոմլինսոնը մանրամասնությամբ ներկայացնում էր մի շարք գաղտնի ծրագրեր, անգամ նշում էր մի քանի գործակալների անուններ: Իր հոդվածում նա մանրամասնեց իր կատարած ուսումնասիրությունների մասին, որտեղ նշվում էր, թե տվյալ պահին, երբ տեղի էր ունենում ավտովթարը, Փարիզում էին գտնվում երկու MI6 գաղտնի ծառայության աշխատակիցներ, ովքեր անմիջական կապի մեջ են եղել «Ռից» հյուրանոցի աշխատակիցներից մեկի հետ: Թոմլինսոնը հավատացած էր, որ գաղտնագրով ներկայացողը հենց ինքը Անրի Պոլն էր, ով այդ չարաբաստիկ օրը գտնվում էր ղեկին և ում մեղավոր ճանաչեցին մեքենայի վթարման համար: Անրի Պոլը արդեն տասնմեկ տարի աշխատում էր հյուրանոցի անվտանգությունում: Նրան ճանաչողները միայն դրական հատկանիշներով են բնութագրում այս անձնավորությանը, իսկ մտերիմները բացառում, որ նա կարող էր այդ երեկո ալկոհոլ օգտագործել: Պարզվում է Պոլը տառապում էր ստամոքսի խոցից և արդեն չորս տարի բացարձակապես չէր օգտագործում ալկոհոոլ: Պոլի բժիշկը նշում է, որ հենց ինքն է նշանակել դեղամիջոցներ, որոնք պետք հեռու պահեին Պոլին ալկոհոլից: Սակայն ականատեսները վկայում են, որ Պոլն այդ օրն իսկապես օգտագործել է ալկոհոլ: Ի՞նչն էր ստիպել միշտ հավասարակշիռ, հումորի նուրբ զգացողություն ունեցող, պատասխանատու և ճշտապահ անվտանգության պետին այդ օրը խմել: Գուցե «պատասխանատվությամբ» իրագործելու համար հանձն առա՞ծը: Թոմլինսոնը հավաստիացնում, որ ըստ այն գաղտնի փաստաթղթերի, որոնք իր ձեռքի տակ են եղել, գաղտնի ծառայության աշխատակիցներն այդ օրը հանդիպել են «Ռիցի» իրենց գործընկերոջը՝ ամենայն հավանականությամբ վերջին հրահանգավորման համար: Շուտով հրապարակվեցին Դիանայի նամակներից մի քանիսը, որտեղ Դիանան նշում էր հնարավոր սպանության փորձի մասին: Մանավորապես նամակներից մեկում, որը հասցեագրված էր Դիանայի ընկերներից մեկին, արքայադուստրը նշում էր՝ մեծ է հավանականությունը, որ ինքը ենթարվի որևէ դժբախտ պատահարի, որը կարող է առաջանալ մեքենայի արգելակման համակարգի անսարքության հետ: Թեպետ նամակում Դիանան չի նշում անուն, սակայն ողջ տեքստից հասկանալի է դառնում, որ խոսքը իր նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի մասին է: 

  Թոմլինսոնը ավելի առաջ է գնում, հայտարարելով այն մասին, որ «Ռից»-ի աշխատակիցը բավականին երկար ժամանակ աշխատում էր MI6 գործակալության աշխատակիցներին մնարամասներ հաղորդելով, սակայն MI6-ը չէր սահմանափակվում միայն մեկ գործակալի հաղորդած տվյալներով, այլև մի քանի լրագրողներ, բավականին մեծ գումարների դիմաց ամենուր հետապնդում էին Դիանային ու Ալ-Ֆայեդին և մանրամասներ հաղորդում գործակալությանը նրանց գտնվելու մասին, իսկ ավտովթարը տեղի է ունեցել լազերային գեր նորագույն զենքի գործադրման արդյունքում: 

  Թոմլինսոնի հայտարարությունները ոստիկանությունն անհիմն համարեց, սակայն շատերը համոզված էին, որ գաղտնի գործակալության նախկին աշխատակիցը հենց այնպես չի արել նման հայտարարություն: Սկսվեց մի նոր տարափ այն վարկածների, որոնք կարող էին Դիանայի մահվան պատճառը դառնալ: Հատկապես անկախ լրագրողների աչքից չվրիպեց այն հանգամանքը, որ ողջ մնացած թիկնապահ Թրեվր Ռիս-Ջոնսը բավականին տարօրինակ կերպով կորցրել է հիշողությունը: Հերթական վարկածներից մեկը Ռիս-Ջոնսին ևս գաղտնի գործակալների ցուցակին դասեց: Եվ իսկապես, տարօրինակ էր այն հանգամանքը, որ թիկնապահը նստած լինելով այսպես ասած «հանգուցյալի» աթոռին, ողջ մնաց, իսկ մեքենայի ետին նստատեղի ուղևորները մահացան: Ըստ ոմանց համոզման, դա տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ նա նախապես գիտեր և կարողացել էր պաշտպանական դիրք ընդունել: Ոմանք նույնիսկ կարծիք հայտնեցին, որ միայն նա կարող էր ճակատագրական պահին վարորդին խանգարել և փոխել փոխանցման տուփի մակարդակը: Սակայն այս վարկածը ըստ փաստերի շատ ավելի թույլ էր, քան նախորդը: 

  Այս գործով նոր մանրամասներ հայտնվեցին, երբ մամուլը մի փոքր հանդարտվեց Թոմլինսոնի հայտարարությունից: Ավելի ճիշտ կլինի ասել նոր բացահայտումները ամբողջացնում էին պատկերը: Մուհամեդ Ալ-Ֆայեդի անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Կեզ Ուինգֆիլդը, նոր փաստարկներ բերեց: Ըստ նրա, ավտովթարից որոշ ժամանակ առաջ, դեռևս Սան Տրոպեում հանգսատանալուց, Դոդի Ալ-Ֆայեդը սկսել էր մեծ զգուշություն պահպանել անգամ թիկնապահների հարցում: Որդի Ալ-Ֆայեդը փորձում էր այդ կերպ հնարավորինս գաղտնի պահել իր ու Դիանայի գտնվելու, կամ տեղաշարժման վայրը և նույնիսկ իրենց չէր ասում թե ուր են ուղևորվում, ինչ նպատակով և որքան ժամանակով: Թիկանապահը նշում էր, որ այդ ամենի արդյունքում իրենք չէին կարողանում լիիրավ կերպով ապահովել նրանց անվտանգությունը, քանզի ամեն րոպե Դոդին կարող էր նոր փոփոխություն մտցնել ծրագրերի մեջ: Այդ հարցում նա միայն լսում էր հորը՝ Մուհամեդ Ալ­-Ֆայեդին և հավելում, որ այդ կերպ նրանք փորձում էին հեռու մնալ մամուլից և անընդմեջ իրենց հետապնդող լրագրողներից: Սակայն հակառակ այդ ամենի, լրագրողներն ամեն ինչ պարզում էին և շատ դեպքերում ավելի շուտ տեղ հասնում, քան իրենք: Արդյո՞ք այս ամենը չէր վկայում այն մասին, որ Ալ-Ֆայեդ որդին չէր վստահում իր իսկ թիկնապահներին: 

  Կեզ Ուինգֆիլդը հենց այդ կարծիքին էր: Դոդին թիկնապահներին կասկածում էր լրագրողների հետ կապի մեջ և ճանաչելով հորը, կարծում, որ լրագրողները տեղեկություններ էին ստանում հենց հոր և թիկնապահների միջոցով: 

  Խնդիրը նրանում էր, որ Մուհամեդ Ալ­-Ֆայեդը ամեն գնով ցանկանում էր բարձրաշխարհիկ հասարակության հետ կապեր հաստատել: Չնայած այն հանգամանքին, որ Ալ­Ֆայեդները երկար ժամանակ էր ինչ ապրում էին Լոնդոնում, սակայն բարձրաշխարհիկ հասարակությունը արաբ միլիարդատիրոջը միայն որպես հաջողակ բիզնեսմեն էր ընդունում: Տարիների ընթացքում նրա և արքայական ընտանիքի անդամների միջև հարաբերությունները այնքան էլ լավ չէին, իսկ Դիանան կարող էր լավագույն զենքը դառնալ այդ հարցում: Դիանան հայտնի էր ողջ աշխարհին, նրա հայրը հայտնի ազնվական էր, իսկ Մուհամեդ Ալ­-Ֆայեդը նաև փառքին էր ձգտում: Լրագրողներն էլ այս հարցում միանշանակ կարող էին օգնել: Մամուլին տեղյակ պահելը և Դիանայի ու Դոդիի ամեն քայլը լուսաբանելը, նկարահանելը տալիս էին այն արդյունքը, ինչը պետք էր: Առաջատար պարբերականների, օրաթերթերի ու ամսագրերի շապիկիներից անպակաս էին «Դիանա» և «Ալ-Ֆայեդ», անունները: Այսպիսով, երբ Դոդին այլևս որևէ տեղեկություն չէր հաղորդում թիկնապահներին, իր ու Դիանայի ուղևորվելու վայրը պետք է իմանային, ինքը Դիանան և հայրը: Հնարավոր է Դիանան ինքն էր տեղեկություններ տալիս լրագրողներին, սակայն մի քանի թերթերում նրա անվան շուրջ ասեկոսեները այնքան էին զայրացրել արքայադստերը, որ նա այլև իր ամենամտերիմ մարդկանց չէր վստահում իր գտնվելու վայրը և չէր հայտնում առաջիկա երթուղին, հատկապես, որ այդ հարցերով հիմնականում զբաղվում էր Դոդին իր հոր՝ Մուհամեդ Ալ­Ֆայեդի անմիջական ղեկավարմամբ: Դոդի Ալ-Ֆայեդին ամենաշատն էին զայրացնում լրագրողների ներկայությունը, սա անժխտելի փաստ է: Արդյունքում ստացվում է, որ լրագրողներին կարող էր «նախապատրաստել» միայն հայր Ալ­-Ֆայեդը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մի քանի լրագրողներ անմիջական կերպով կապված էին MI6 գործակալության հետ, ապա MI6-ի աշխատակիցները անմիջապես տեղյակ էին սիրահար զույգի յուրաքանչյուր քայլի մասին: Առավել ևս, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ «Ռից» հյուրանոցը պատկանում էր հենց Ալ­-Ֆայեդներին, իսկ նրա անվտանգության ղեկավարը ըստ Թոմլինսոնի գաղտնի գործակալ էր, ապա ամեն ինչ ավելի պարզ է դառնում: 

  Ճակատագրական այդ օրը Դոդին իր թիկանապահներին հավաստիացրեց, որ իր հայրը հավանություն է տվել իր առաջարկին, որը հետևյալն էր՝ փոփոխել երթուղին, պապարացիներից ազատվելու համար, մեկ այլ մեքենա նստել, որը կվարեր ոչ թե իրենց վարորդը, այլ Անրի Պոլը, իսկ թիկնապահները պետք է մնային «Ռից» հյուրանոցում: Սակայն անվտանգության աշխատակիցները կտրուկ դեմ էին եղել և հասել նրան, որ Դոդիին համոզել էին՝ գոնե իրենցից մեկը ուղեկցի զույգին: Արդյունքում Թրեվր Ռիս-Ջոնսը նստել էր այդ մեքենան: 

  MI6 գաղտնի գործակալության հիմնական նպատակն է ամեն գնով պահպանել միապետական կարգերի շահերը, անկախ ամեն ինչից նույնիսկ այն դեպքում, եթե հարկ լիներ զոհաբերել ավելին, քան կարելի է: Այդ զոհը դարձավ արքայադուստր Դիանան, ով դամոկլայն սրի պես կախվել էր միապետական իշանության գլխին, ով գիտեր ամեն ինչ, սակայն չպետք է իմանար, ում վիճակվել մտնել և դուրս գալ այն կաթսայից, որը միապետություն են անվանում: Արքայական ընտանիքը կարո՞ղ էր փոխել իրադրությունը: Ցավոք պետք է նշել, որ արքայական ընտանիքը միայն այս բեմականացման դերասանն է, իսկ ռեժիսորն ու բեմադրողները ամենաանհայտ ուժերը, որոնք սակայն ամեն գնով պաշտպանում են այդ միապետներին՝ պետության խորհրդանիշ հանդիսացողներին… 

  Դիանայի նախկին սենեկապետ Փոլ Բարելը իր «Պետական ծառայություն» գրքում ներկայացնում է թագուհի Ելիզաբեթ երկրորդի խոսքը, որն իսկապես խոստովանանաք է հնչում՝ «Զգույշ եղեք, Փոլ: Այս երկրում գործում են ուժեր, որոնց գործունեության մասին անգամ մենք չգիտենք…» 

  Ողբերգությունից անմիջապես հետո Մուհամեդ Ալ-­Ֆայեդը հայտարարեց, որ ավտովթարը կազմակերպված էր բրիտանական հատուկ ծառայությունների կողմից: Մինչ օրս էլ նա պնդում է՝ Դիանայի ու իր որդու մահը չէր կարող պատահական լինել: Գուցե հիմա նա գիտակցում է, որ ինքը ևս ոչ անմիջական կերպով, սակայն այնուամենայնիվ օժանդակել է այս «պատահարի» կազմակերմանը, որ իրեն հաղթել են ու իրենից խլել ամենաթանկը: Գուցե ծերունու համար արդեն պարզ է ամեն ինչ, սակայն նրան լսողները միայն գումար են վաստակում: Մինչ օրս էլ հարյուրավոր վարկածներ են քննարկվում ու դառնում բազում գրքերի սյուժեներ: Ցանկացած ստեղծագործություն, որ Դիանայի կյանքին է վերաբերվում, անկասկած դասվում է բեսթելերների շարքին և միլիոնավոր դոլլարների եկամուտ բերում հեղինակներին: Գրեթե տասնհինգ տարի է անցել այդ ողբերգությունից, սակայն ճշմարտությունը դեռ հատակին է: Արդյո՞ք կգա այն օրը, երբ ամենը պարզ կդառնա նրանց համար ովքեր սիրում էին ու Դիանային համարում իրենց թագուհի: Մի բան պարզ է, այս գործում շատ են այն մարդիկ, որոնց պետք չէ ճշմարտության բացահայտումը, քանզի նրանց ձեռքերին է դավադրության զոհ դարձած Դիանայի արյունը: 

Կաննը ցնցած լուսանկարներից մեկը, որում Դիանան դեռ ողջ է


  Դիանայի լեգենդը դեռ երկար կապրի, իսկ հայուհի Դիանան (նրա մայրական կողմից նախատատը ազգությամբ հայ էր Հնդկաստանից) իր իսկ լեգենդում կլինի այն արքայադուստրը, որին սիրում էին ողջ աշխարհում: Նա դարձավ ոչ միայն արքայադուստր, այլև թագուհի համայն մարդկության սրտերի…


  2011թ-ի Կաննի միջազգային կինոփառատոնի բացումը սկսվեց «Անօրինական սպանություն» ֆիլմի ցուցադրությամբ, որում առաջին անգամ լայն հասարակությանը ներկայացվում էին լուսանկարներ 1997թ-ի օգոստոսի 31-ի գիշերը Փարիզի Ալմա թունելում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որոնք մինչ այդ գաղտնի էին պահվում: Մեծ Բրիտանիայում ֆիլմի վարձույթն ու ցուցադրումը արգելվեց, սակայն ֆիլմի հեղինակները հավաստիացրին, որ ցանկացած պարագայում ֆիլմը համաշխարհային ցուցադրության կհանվի, սակայն մինչ օրս անգամ համացանցում այդ ֆիլմի մասին բավականին քիչ տեղեկություն կարելի է գտնել: Ի դեպ ֆիլմի նկարահանմանը աջակցել է Մուհամեդ Ալ­-Ֆայեդը: Ֆիլմն ամբողջությամբ բացահայտում է Վինձորների արքայատան գաղտնինքները, գաղտնիքներ, որոնց մասին լռում էր Դիանան:

   Կից ներկայացնում եմ Արքայադուստր Դիանայի մի քանի լուսանկարներ:



































































2 комментария:

Blognews комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Анонимный комментирует...
Этот комментарий был удален администратором блога.