2014-08-29

Ուրիշինն է

















Մի կարճ ժամանակ է միայն անցել,
Բայց բոլորվին փոխվել է կյանքս:
Թվում է` ոչ հեռու անցյալը չի էլ եղել,
Բայց որքա՜ն հուշեր են մնացել,
Որ թանկ են այնքան...

Նայում եմ քեզ. հայացքդ նույնն է,
Ժպիտդ նույնն է, և դու նույնն ես,
Բայց հիմա դրանք ուրիշինն են.
Սերդ, հայացքդ արդեն ուրիշինն է...
Ուրիշինն են հիմա:

Կար ժամանակ, որ հայացքդ իմն էր,
Ժպիտդ իմն էր ու սերդ նույնպես,
Չի փոխվել հայացքդ, ժպիտդ,
Բայց դրանք հիմա ուրիշինն են,
Ուրիշինն ես դու հիմա...

Սերդ է փոխվել, սերդ այն անմար,
Որ մի գիշեր աստղերի լույսի տակ
Միայն ու միայն դու ինձ խոստացար:
Սերդ է փոխվել, սե՛րդ, որ հիմա
Ուրիշին է նվեր մատուցված...

Նույն կերպ վարվել անկարող եմ ես:
Սերս, հայացքս, սիրտս քոնը կմնան:
Ուրիշին ոչինչ չեմ կարող նվիրել,
Որքան էլ ուզեմ, դրանք քոնը կմնան:
Ինձ համար ուրիշ էլ չկա...

Արմեն Մխեյան, Երևան 
23.02.2014թ

2014-08-16

Էբոլա. ամենավտանգավոր վիրուսն այս պահին


 2014 թվականի օգոստոսի 8-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ­Էբոլա վիրուսը ճանաչեց մարդկությանը վտանգ սպառնացող խիստ վտանգավոր վիրուս:
 Ըստ ԱՀԿ-ան տվյալների` հիվանդ մարդկանց մոտ 90%-ը մահանում է հիվանդության երկրորդ շաբաթում: Վիրուսը բավական կայուն է հակաբիոտիկների նկատմամբ և մինչ այս պահը որևէ դեղամիջոց չկա վարակի դեմ պայքարելու համար, քանի որ դեղագործական ընկերությունները ֆինանսավորում չեն կատարել վարակի հարուցիչների ավելի մանրամասն ուսումնասիրման և հակամիջոց ստանալու համար: Սուր վիրուսային հիվանդության հարուցիչները կարող են տարածվել արյան, քրտինքի, թքի և օրգանիզմում արտադրվող այլ հեղուկների միջոցով, հիվանդ մարդու հագուստի, սրբիչի օգտագործումից և այլն:  Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել 2 օրից մինչ 3 շաբաթ, որից հետո ի հայտ են գալիս ախտանիշներ` գլխացավ, մկանների ցավ, որովայնի, կոկորդի սուր ցավեր, ապա չոր հազ, օրգանիզմի խիստ ջրազրկում, ջերմություն:
 Էբոլա վիրուսը, առաջին անգամ որպես սուր վարակիչ հիվանդություն, աշխարհին հայտնի դարձավ 1976 թվականին` ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում: Մինչ օրս եղել են վիրուսի մի քանի համաճարակներ, սակայն այս տարվա համաճարակը ամենախոշորն է պատմության ողջ ընթացքում:

 Մասնագետները պնդում են, որ վիրուսի օջախները Աֆրիկայի հասարակածային գոտու անտառներն են, որտեղ կան վարակված կաթնասուններ, հիմնականում կապկանմաններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով սույն թվականի մարտից մինչ օգոստոսի 14-ը ողջ աշխարհում վարակվել է 1975 մարդ, որոնցից 1069-ը մահացել են: