2016-04-17

Սահմանագծին

Խմբագրեց Կարեն Սարգսյանը

Ի հիշատակ սահմանին հերոսաբար զոհված 
հայ մարտիկների...


Շան ոտնահետքերով

Գարնանային տաք ու վարար անձրևն անմիջապես ցեխի վերածեց փոքրիկ գյուղի գրեթե բոլոր փողոցները: Դպրոցից տուն շտապող աշակերտներից շատերը մի լավ թրջվեցին, բայց տաք անձրևը նաև հաճելի էր: Նրանց մեջ էր նաև Հայկը: Հազիվ տաս-տասնմեկ տարեկան լիներ, բայց իր տարիքից ավելի մեծ էր երևում, ավելի ամրակազմ էր, քան մյուս դասընկերները: Դասարանի ավագն էր ու դպրոցի լավագույն աշակերտներից մեկը:
Դպրոցը գյուղի ծայրամասում էր` ձորին առավել մոտ: Հայկը խմբից հաճախ էր առանձնանում ու զգուշացնում, որ այդքան շատ ձորին չմոտենան: Չէ՞ որ գյուղի ամեն բնակիչ գիտեր` ձորին մոտենալ չի կարելի, ոչ միայն նրա համար, որ կարող էին ընկնել անդունդը, այլև ձորից այն կողմ մեկ այլ պետության սահման էր՝ հակառակորդ պետության:
Որքա՜ն պատմություններ էր լսել Հայկը դեռ չավարտված պատերազմի, թշնամու ու իրենց գյուղի մարտիկների մասին, որ արյան գնով պահել էին գյուղը: Բնական պատնեշից այն կողմ հստակ ուրվագծվում էին երկար ու տարօրինակ փոսեր, որ ասես գութանով քաշված ակոսներ լինեին, պարզապես ավելի խորն ու երկար: Ինչպես մի անգամ ասել էր հայրիկը, դրանք խրամատներ էին, սահմանապահ զինվորների դիրքերը, որ պահպանում էին ու հսկում ոչ միայն գյուղը, այլև ամբողջ պետությունը:
Հայկը, որ միշտ ուշադիր էր դասընկերների հանդեպ, նորից զգուշացրեց, որ չմոտենան անդունդի մոտ գտնվող թփուտներին: Դասարանի ավագն էր ու որոշակի պատասխանատվություն էր կրում դասընկերների և դասընկերուհիների ապահովության համար, բայց երբ թաց հողի վրա նկատեցեց շան ոտնահետքեր, ինքը խախտեց պայմանը և սկսեց գնալ շան հետքերով: Հետքերից պարզ երևում էր, որ փոքրիկ շնիկը մոլորվել է. հանկարծ անդունդը չընկնի:
-Հայկո՞, դու մեզ ես ասում ու ի՞նքդ գնում ձորի մոտ, - թիկունքից լսեց Գևորգի ձայնը: -Ի՞նչ է եղել:
-Ոչ մի բան, ուղղակի նայում եմ, - շրջվեց Հայկը` լավ իմանալով, որ լավագույն դասընկերն իրեն հաստատ մենակ չէր թողնի: Հայկը ոչինչ չասաց իր տեսածի մասին մասին, և երբ դասընկերների խումբն արդեն բավական հեռացել էր, նորից հետ եկավ: Թաց հողի վրա հետքերն արագ անհետանում էին անձրևից, բայց Հայկի համար դժվար չէր հստակ նկատել հետքերը, որ թփուտների միջով տանում էին դեպի անդունդը: Հայկը զգուշությամբ մի կողմ տարավ խիտ ճյուղերն ու սկսեց կամաց-կամաց իջնել վար: Նա լավ գիտեր, որ ծնողները մի լավ կբարկանան, երբ իմանան, որ ինքը միայնակ իջել է ձոր, բայց փոքրիկ քոթոթին գտնելու և փրկելու հույսը ուժ էր տալիս: «Համ էլ երկու օրից ծնունդս է, սա էլ լավ առիթ կլինի տատիկին համոզելու համար, որ շունիկին պահեմ»:
Ինչպես իր տարիքի շատ երեխաներն, այնպես էլ Հայկը արդեն քանի տարի շարունակ խնդրում էր, որ տանը շուն պահեն, բայց տատիկն ամեն անգամ դեմ էր: «Էդ չորքոտանի գայլի բարեկամից ոչ մի օգուտ չկա», - ամեն անգամ ասում էր տատը:
Տարված հետքերով` Հայկը չնկատեց, որ բավական հեռացավ, ու գրեթե անցել էր ձորի կեսը: Ներքևից արդեն լսվում էր գետակի ձայնը, ու միայն այդ պահին Հայկը նկատեց, որ իր սպասվածից ավելին է անցել, իսկ շան ոտնաթաթերի թողած հետքերը դեռ շարունակում էին իրեն տանել ներքև: «Եթե այսքան անցել եմ, ուրեմն պետք է մի փոքր էլ գնալ», ինքն իրեն մխիթարեց Հայկն ու շարունակեց վար իջնել թաց զառիթափով: Պայուսակն ավելի էր դժվարացնում.  ծանր էր, ու մեջքն արդեն ցավում էր ծանր գրքերից:
Շան հետքերը կորան մոտակա թփուտների մեջ: «Վերջ այստեղ էլ նայեմ ու հետ գնամ»: Հազիվ էր մոտեցել թփուտներին, երբ ականջին հասավ կաղկանձի նմանվող ձայն: Երեխայի դեմքին փայլեց ժպիտը: Ճակատից սրբելով անձրևի կաթիլները` զգուշությամբ մի կողմ տարավ ճյուղերը: Մեկ վայրկյան անց ինքն իր աչքերին չէր հավատում: Թփուտների մեջ մոլորված ձագուկը ոչ թե շան քոթոթ էր, այլ գայլի ձագ:



Հետապնդում

Գայլուկը հազիվ մեկ ամսեկան լիներ: Զարմանալի էր, որ շրջապատում համագյուղացիները գայլ վերջին շրջանում չէին նկատել, այդ դեպքում այս գայլի ձագն ինչպե՞ս է հայտնվել այստեղ: «Իսկ գուցե գայլ չի» մտածեց Հայկն ու նորից ուշադիր զննեց ձագուկին: Ո՜չ, անկասկած գայլ է: Ողջ մարմինը պատված էր մոխրագույն մազածածկույթով, իսկ դնչի մոտ ավելի մուգ էր ու սևին էր տալիս: Ականջներն էլ դեռ ամբողջովին չէին ամրացել: Մինչ Հայկը փորձում էր ուսումնասիրել իր գտածոն, գայլուկը մոտեցավ ու սկսկեց վնգստալ, ապա ատամներով քաշել տաբաթից:
-Այ թե գայլ ես, հա՜,- ծիծաղեց Հայկը, տեսնելով, որ իր նոր բարեկամը ավելի շուտ խաղ է անում, քան փորձում հարձակվել, բայց այն հարցը, թե ինչպե՞ս է գայլուկը հայտնվել այստեղ, շարունակում էր տանջել նրան: «Երևի մոլորվել է, կամ էլ վախենալով երեխաներից՝ փախել»,- եզրակացրեց Հայկն ու փոքրիկ գիշատչին գրկեց` թփուտից այն կողմ տանելու համար: Ամենաշատը մեկ մետր այն կողմ հսկա խորխորատ էր բացվում: Ձագուկը կարող էր ընկնել: Հայկը մի պահ սկսեց մտածել, թե ի՞նչ է անելու ձագուկի հետ, երբ վերադառնա: Եթե շունիկ լիներ, գործը հեշտ կլիներ, բայց այս դեպքում ձագուկը գայլ է:  Երկար մտածելու ժամանակ չկար, պետք էր նորից վեր մագլցել ու ձագուկին հանել անդունդից, հետո էլ տանել անտառ ու բաց թողնել: Այդպես գոնե օգնած կլիներ փոքրիկին: Հիմա մնում էր նորից վեր մագլցել: Մինչ այդ ուսից կախված էր ծանր պայուսակը, հիմա էլ ավելացել էր գայլի ձագը, իսկ զառիթափը բարձրանալն էլ ավելի դժվար էր, քան թվում էր: Հայկը որոշեց գայլուկին տեղավորել պայուսակի մեջ ու նոր բարձրանալ: Բարեբախտաբար բավական տեղ կար, ու հնարավորինս հարմար տեղավորելով փոքրիկին պայուսակի մեջ, փորձեց շարունակել վերելքը: Գայլուկը գլուխը դուրս էր հանել պայուսակից, ու գուցե վախից, կամ չոր տեղում հայտնվելուց, ավելի հանգիստ էր, քան մինչ այդ:
Արդեն տաս րոպե կլիներ Հայկը տանջվում էր վեր բարձրանալու համար, բայց տեղացող անձրևը, ու թեք զառիթափն ամեն գնով խոչընդոտում էին վերելքին: Դեռ մի քանի մետր էր բարձրացել, երբ դիմացը հայտնվեց հերթական ապառաժը: Հայկը հասկացավ, որ ինքը շեղվել է իր եկած ճանապարհից և հիմա ստիպված է նոր ու ավելի հարմար ուղի գտնել վեր բարձրանալու համար, բայց մինչ թաց խոտերի վրա նոր ուղի բացելը, փորձեց համոզվել, որ գայլուկը պայուսակում լավ է տեղավորված ու չի ընկնի: Գայլուկն իրեն այդքան էլ վատ չէր զգում, անգամ փորձում էր գլուխն էլ տեղավորել պայուսակի մեջ, բայց էլ տեղ չկար: Հայկը պայուսակը դրեց դիմացը ստուգելու համար՝ արդյո՞ք գայլուկի հետ ամեն ինչ նորմալ է: Հանկարծ ականջին հասած ձայնը ստիպեց, որ գլուխը վեր բարձրացնի: Հենց անմիջապես իր դիմացը վեր խոյացող ապառաժի վրա կանգնած էր հսկա մի գայլ: Հայկը վախից քիչ մնաց ճչար, բայց այստեղ, այս անձրևին, այն էլ ձորի մեջ նրան հաստատ ոչ ոք չէր լսի: Միակ ելքը փախուստն էր և որքան հնարավոր էր արագ: Գայլը, որ հավանաբար ձագուկի մայրն էր, մեկ ցատկով կարող էր հասնել իրեն: Պայուսակն արագ վերցնելով` սկսկեց վազել զառիթափով ներքև, որքան հնարավոր է արագ և ուր աչքը կտրի
Հետևից լսեց գայլի ցատկի ձայնը:
Թռավ` անցավ Հայկի մտքով, բայց անգամ հետ չնայեց: Ամուր գրկելով պայուսակը` հիմա նա հնարավորինս արագ վազում էր դեպի գետը: «Եթե հասցնեմ գետն անցնել, գուցե կարողանամ փախնել»,- մտածում էր Հայկն ու հիմա միակ նշանակետը դարձել էր գետը, բայց դեռ երկար ու բավական թեք ուղի կար անցնելու: «Հանկարծ չընկնեմ»,- անընդմեջ կրկնում էր Հայկը ու շարունակում վազել` անգամ չտեսնելով, թե ինչ կա դիմացը: Հանկարծ ոտքը խրվեց անձրևից ավելի փափկած հողի մեջ: Հայկը, կորցնելով հավասարակշռությունը, սկսեց գլորվել վար: Չգիտես ինչու, պայուսակն ավելի ամուր սեղմեց իրեն ու գոռաց. նախ ոտքի սուր ցավից, ապա արդեն ընկնելու վախից: Երեխան մի քանի վայրկյան գլորվելով՝ ավելի մեծ ճանապարհ անցավ, քան ոտքով վազելիս: Միայն մեկ ու մեջ, երբ գլորվելիս գլուխը թեքվում էր դեպի վեր, տեսնում էր իրեն հետապնդող գայլին, որ առնվազն մի քանի մետր էր իրենից հեռու: Պայուսակը ամուր գրկած ավելի քան երեք մետրից վայր ընկավ: Բարեբախտաբար թեքությունը փոքր էր ու գլորվելն ավարտվեց, թեպետ վայրէջքը բավական ցավոտ էր: Հազիվ էր աչքը բացել, երբ ապառաժի կատարին երևաց մայր գայլը: Ցատկել դեռ չէր համարձակավում, բայց սարսափելի  էր տեսնել հայացքը, որը Հայկի մոտ կասկած չառաջացրեց` հիմա կթռնի: Հայկն արագ ոտքի կանգնեց: Պայուսակում ձագուկը անհանգիստ շարժվում էր` հավանաբար փորձելով դուրս գալ: Հայկը հայացք գցեց շուրջը՝ ելք գտնելու հույսով, բայց փոքրիկ, հարթ տարածքը, որն ընդամենը երկու ոտնաչափ լայնություն ուներ, իսկական թակարդ էր: Մի կողմից բարձր ապառաժն էր, մյուս երեք կողմերում՝ անդունդը: Մայր գայլը անշեղ հայացքով հետևում էր այլևս փախչելու հնարավորություն չունեցող զոհին:
Հայկը փորձեց դանդաղ շարժումներով պայուսակից դուրս հանել գայլուկին` հույս ունենալով այդ կերպ մեղմել գայլի զայրույթը, բայց մայր գայլն անգամ չշարժվեց` պատրաստ լինելով ամեն վայրկյան ցատկի: Հայկի համար սարսափն ավելի էր մեծանում ամեն ակնթարթի հետ: Եթե գայլը ցատկի ու հայտնվի այստեղ, ապա նրանցից միայն մեկը ողջ կմնա, ու դժվար թե ինքը: Հնարավորինս դանդաղ փորձեց հետ քայլել, ընդամենը մեկ քայլ այն կողմ արդեն խորխորատն էր: Ցատկելն առնվազն հիմարություն կլիներ: Հայկը լավ գիտեր. գայլերը մենակ չեն լինում, շուտով կգան մյուսներն ու ամեն ինչ էլ ավելի վատ կլինի: Երեխան հերթական քայլն արեց դեպի անդունդը: Հանկարծ ոտքերի տակ ինչ-որ ձայն լսվեց ու անմիջապես ոտքը հետ տարավ: Գայլը երեխայի  կտրուկ շարժմանը պատասխանեց ավելի հարձակողական դիրք ընդունելով:
Հայկի ոտքերի տակ մի բան շարժվեց, ու մեկ վայրկյան անց Հայկը զգաց՝ ինչպես ոտքի տակից քարը, որ ամուր էր թվում, մի կողմ գնաց: Հայկի ճիչը միախառնվեց տարօրինակ աղմուկի հետ: Հայկը հասցրեց միայն նկատել, որ ընկնում է, գահավիժում իր ոտքերի տակ բացված անդունդի մեջ…



Անլույս խավարում

Խոնավության հոտն ու դեմքին տաք լեզվի դիպչելը ստիպեցին, որ Հայկն աչքերը բացի:
Մթության մեջ զգաց, որ գայլի ձագուկը լիզում է դեմքը: Հայկը հայացք գցեց շուրջը, բայց խավար մթության մեջ շատ բան տեսնել հնարավոր չէր:
-Էս ի՞նչ տեղ է, - չկարողացավ զարմանքը զսպել Հայկը` գայլի ձագուկին մի կողմ տանելով:
Մի քանի վայրկյան անց պատկերն ամբողջացավ: Ինքն ընկել էր ինչ-որ տարօրինակ փոսի մեջ, իսկ վերևից փլված քարերը ծածկել էին արդեն առաստաղի վրա բացված անցքը: Վերևում տեղ-տեղ երևում էին լույսի մասնիկներ, որ ներս էին թափանացում բաց մնացած անցքերից, ու դատելով  այդ լույսի փոքրիկ աղբյուրներից, անձավի առաստաղը մի քանի անգամ ավելի բարձր էր Հայկի հասակից: Երեխան մի քանի րոպե դեռ պառկած էր, մարմնի վրա զգալով ոչ միայն պայուսակի, այլև հողի ու քարերի կույտի ծանրությունը:  Հանկարծ հիշեց այն ամենն, ինչ կատարվել էր մինչ այստեղ հայտնվելը: Հայկը վախվորած հայացք գցեց հնարավորության դեպքում տեսնելու` արդյո՞ք գայլը, որի պատճառով ինքն այս վիճակում է հայտնվել, իր հետ միասին չի ընկել այս անձավի մեջ: Թեպետ առաջին հայացքից անձավ, բայց մյուս կողմից  անձավը կամարակապ կառույցի տեսք ուներ էր, մետրոյի կայարանի պես, այն կայարանների առաստաղների նման, որ կան Երևանում: Հայկը վերջապես ոտքի կանգնեց, թափ տվեց հագուստը: Կարծես վնասվածք չուներ, միայն մի քանի քերծվածքներ ձեռքերին, իսկ վերնաշապիկի սպիտակից ոչինչ չէր մնացել, այն լրիվ սևին էր տալիս ու հասցրել էր մի մեծ պատռվածք ստանալ:
«Տատիկի ձեռքից չեմ պրծնի» - անցավ մտքով, երբ հիշեց` ինչպես առավոտյան տատիկն արդուկեց վերնաշապիկը` հորդորելով մաքուր պահել:
Գայլուկը մոտ վազեց, ու կախ ընկած ականջները հնարավորինս ձգելով, տարօրինակ ձայն հանեց, ասես իր մասին հիշեցնելու համար, ապա երկու թաթերը վեր բարձրացրեց` խփելով Հայկի ծնկներին:
Հայկը գրկեց իր չորքոտանի ընկերոջը:
­Ի՜նչ էլ մի ուրախանալ ես ուրախացել, գոնե մտածո՞ւմ ես՝ ոնց ենք դուրս գալու էստեղից, - գայլուկի գլուխը շոյելով, կամաց խոսեց Հայկն ու զարմացավ այն արձագանքից, որ մի քանի վայրկյան անց լսեց. իր ձայնի արձագանքն էր, որ գալիս էր թիկունքից: Երեխան արագ շրջվեց ու դեմ հանդիման կանգնեց խավարին, որտեղ ոչինչ տեսանելի չէր:
-Չէ՜, էստեղ մնալ չի կարելի, պետք է դուրս գալ:
Հայկն սկսեց քանդել պայուսակը, լավ է, որ բջջայինն այս անգամ իր հետ է վերցրել: Դպրոցում ցածր դասարանի աշակերտներից պահանջում էին բջջային դպրոց չբերել, չգիտես ինչու այսօր որոշել էր անպայման վերցնել ու պահել պայուսակի մեջ: Արագ միացրեց հեռախոսը, բայց մի պահ վարանեց սեղմել զանգի կոճակը: Ինչպե՞ս բացատրել իր գտվելու վայրը, չէ՞ որ սահմանն իր քթի տակ է, մոտակայքում՝ զինվորներ: Ինչ արդարացում էլ լիներ, չէր կարող բացատրել այն, թե ինչու է ինքն այստեղ հայտնվել:
-Ամեն ինչ պետք է պատմել այնպես ինչպես կա, - արագ կողմնորոշվեց ու սեղմեց զանգի կոճակը, բայց ոչ մի ազդանշան, ոչ մի ձայն լսելի չէր:
Երեխան տարակուսանքով նայեց հեռախոսի էկրանին: Ոչ մի ազդանշան չկար: Այստեղ որևէ կապ չէր լինում որսալ: Հայկը զգաց՝ ինչպես սիրտը սկսկեց թփրտալ, անգամ ավելի ուժգին, քան այն պահին, երբ գայլը հետապնդում էր:
-Այ հիմա մենք իսկական փորձանքի մեջ ենք




Դեգերումներ

Ժամերն անցնում էին, իսկ ներսում խավարն ավելի էր ուժգնանում:
Առաստաղից տեղ-տեղ թափանցող լույսերը կորան: Այստեղ հայտնվելուց անցել էր մի քանի ժամշուտով գիշեր կլինի: Հայկն այլևս ոչինչ չէր տեսնում: Մուտքը, որտեղից այս քարայրում էր հայտվել, ելք չէր կարող ծառայել: Այն ամբողջովին փակվել էր վերևից ընկած հսկա քարերի կտորներով: Հայկն ուժասպառ ընկավ հատակին, ու էլ չէր կարող զսպել լացը: Մինչ այդ ժամերով օգնություն էր կանչում, մինչև հասկացավ, որ իրեն ոչ ոք չի լսում, բացի գայլուկից, որ ժամանակ առ ժամանակ ձայնակցում էր իրեն: Հայկի ականջին միայն հասնում էր իր իսկ ձայնի արձագանքը, որ սարսափելի խավարից վերադառնում էր իր մոտ: Միակ ուղին դեպի այդ խավարը գնալն էր, բայց Հայկն արդեն հասկացել էր, որ այդ խավարը ուղիղ տանելու էր դեպի սահմանը: Եթե անգամ այնտեղ ելք լինի, ապա միայն թշնամու կողմում:
Ձայնը շուտով խզվեց, կոկորդը` չորացավ: Հիմա էլ խեղդում էր ծարավն ու քաղցը:
 -Չէ՜, էլ ուրիշ ելք չի մնում, պետք է գնալ այս կողմ, թքած թե սահմանի մյուս կողմում չեմ հայտնվի:
Հայկն արագ վեր կացավ, նայեց բջջայինի էկրանին: Գիշերը մոտ էր: «Հիմա բոլորն ինձ են փնտրում, իսկ ես էս բանտում եմ»:
Հայկը բջջայինի լույսը առաջ պարզեց` հնարավորինս լուսավորելով անթափանց խավարը:
-Գայլու՞կ, գնացինք: Հիմա համ ինձ են փնտրում, համ էլ քեզ: Էնպես որ քնելու ժամ չի: Գնացինք:
Փոքրիկ գայլը դժկամորեն հետևեց իր առաջնորդին: Վայրկյաններ անց նրանք կորան մթության մեջ: Հեռվից նայողը կնկատեր խավարի մեջ առկայծող լույսի աղբյուրը միայն, լույսի մի մասնիկ, որ արագ տարրալուծվում էր սևի հետ` ամեն ինչ թողնելով թաղված մթության մեջ



Անհանգիստ քուն

Մի քանի մետր էին հեռվացել այնտեղից, ուր ընկել էին Հայկն ու իր՝ այս պահին միակ բարեկամը: Շուտով Հայկին պարզ դարձավ, որ ինքն հայտնվել է թունելում. այն մոտ տաս ոտնաչափ լայնություն ուներ և մոտ այդքան էլ բարձրություն: Սառն ու ողորկ պատերի ողջ երկայնքով փոսեր էին արված, հավանաբար լար կամ խողովակ անցկացնելու համար:
Հիշեց աղոտ մի պատմություն: Գյուղի մեծերը պատմում էին, որ շատ վաղուց գյուղի մոտ երկաթգիծ կառուցելու նախագիծ կար: Ներկայումս արդեն ոչ բարով հարևան, բայց տարիներ առաջ միևնույն պետության կազմում գտնվող հանրապետությունների միջև երկաթգիծը անցնելու էր հենց սահմանի վրայով, սակայն աշխատանքները դադարեցվել էին, իսկ փորված հատվածները՝ հետագայում փակվել: Հայկը վստահ էր՝ ինքն հենց այդ թունելում է հայտնվել:
Հայկը զգաց, որ ոտքերի տակ թաց է: Առաստաղն ու պատերն այդ հատվածում ամբողջությամբ թաց էին:
«Գետն է»:- անցավ Հայկի մտքով: Փաստորեն թունելը, որ կառուցվել էր մոտ կես դար առաջ, անցնում էր գետակի տակով: Հայկն ուշադիր զննեց շուրջը. ոչ մի ելք չէր երևում, իսկ հեղձուցիչ խոնավության հոտն անտանելի էր: Հայկն արագացրեց քայլերն ու շտապեց հնարավորինս հեռանալ, գոնե շնչել կարողանալու համար: «Երևի ճանապարհ է եղել գետի տակով, ու ամենաշատը մի քանի մետրից թունելը կվերջանա, և ելք լինի», մտածում էր Հայկը, բայց խոնավ հատվածից հեռանալուց ու բավական քայլելուց հետո պետք է հիասթափվեր. որևէ ելք չէր երևում, ոչ էլ՝ թունելի ավարտը: Այս հատվածում հատակն ավելի հարթ էր ու ամբողջովին պատված փոշու հաստ շերտով: Հայկի հաշվարկով արդեն հարյուր մետր հեռվացել էին այն չարաբաստիկ մուտքից, որ միայն մուտք ծառայեց իր ու գայլուկի համար:
Մոտավոր պատկերացնելով տեղանքը` Հայկը հասկանում էր, որ ինքն արդեն անցել է  ձորակը, որից հետո արդեն այլ պետության սահմանն էր ացնում: Ուժասպառ ու ցավացող ոտքն էլ հանգիստ չէր տալիս:  Հայկը նստեց հենց փոշոտ հատակին: Չիմացավ ինչպես, բայց աչքերը փակվեցին: Րոպեներ անց ամեն ինչ թաղվեց լռության մեջ, անգամ գայլուկը լռեց: Հոգնած հերոսներին հաղթեց քունը:
Կապույտ երկնքի տակ փռված մարգագետինն ամբողջությամբ պատված էր բազմերանգ ծաղիկներով: Հայկը մեկ այս, մեկ այլ ծաղկի հետևից էր վազում ու արդեն ձեռքում բավական մեծ ծաղկեփունջ էր հավաքվել:
«Մի մասը մամայի համար, մի մասը՝ ընկեր Հակոբյանի, մի մասն էլ Անուշիկին կնվիրեմ»- մտածում էր Հայկն ու շարունակում այս ու այն կողմից նոր ծաղիկներ պոկել, բայց ավելին հավաքել կարծես չէր ստացվում: Հանկարծ բոլոր ծաղիկները ձեռքից թափվեցին, ու երբ փորձեց դրանք նորից ձեռքը վերցնել, չքացան: Ամեն ինչ պատվեց սպիտակով: Ինքը նորից ձորում էր, իսկ կողքին մայր գայլը, բայց վտանգ չէր զգում, գայլն ասես պաշտպանում էր իրեն: Փորձեց շոյել գայլի գլուխը, ու գայլն ավելի մոտեցավ իրեն: Մեկ ակնթարթ հետո ինքը նորից վազում էր ձորն ի վար: Ինքը փախչում էր, բայց ոչ գայլի վախից, այլ կրակում էին, կրակում էին սահմանի մյուս կողմից ու ինքը պետք է վազեր հնարավորինս արագ: Հանկարծ դիմացը դուրս եկան զինվորներ ու սկսեցին կրակել արդեն դիմացից: Ինքն ընկավ: Գլխավերևում հայտնվեց զինվոր ու ավտոմատն ուղղեց դեմքին, ապա լսվեց կրակոց
Հայկը մթության մեջ ճիչով տեղից վեր թռավ: Ականջներում դեռ լսվում էր կրակոցի ձայնը, բայց այդ ամենը երազ էր: Վայրկյաններ անց հիշեց, թե որտեղ է գտնվում ինքն ու նախորդ օրվա անցուցադարձը միտն եկավ: Ոտքերի մոտ զգաց գայլուկին, որ հավանաբար ևս վախեցել էր Հայկի ձայնից: Երեխան բջջայինի էկրանից արձակվող լույսն ուղղեց գայլուկի կողմ: Գայլուկի աչքերը մթության մեջ այնպես փայլեցին, որ մի պահ Հայկին թվաց, թե մայր գայլի աչքերն են, բայց երբ նկատեց ինչպես է գայլուկը բարեկամաբար շարժում պոչն ու փորձում հնարավորինս վեր բարձրացնել կախ ընկած ականջները, վախն անհետացավ:
-Եթե տանը լինեի, մաման կգրկեր ու կհանգստացներ,- ինքն իրեն խոսեց Հայկը: Հիշեց՝ ինչպես էր մայրը գրկում, երբ հանկարծ վատ երազ էր տեսնում ու վախեցած արթնանում: -Իսկ եթե մամային էլ չտեսնե՞մ… Արցունքներն ակամա սկսեցին հոսել աչքերից: Խավարում տարածվեց թույլ հեկեկոցն ու գայլուկի մեկումեջ լաց հիշեցնող կաղկանձը:



Որոնում

Սահմանամերձ փոքրիկ գյուղում գիշերն անքուն լուսացրին: Կորել էր գյուղի տասներկուկամյա երեխան: Որոնողական աշխատանքները շարունակվեցին ողջ գիշեր, սակայն ապարդյուն, ոչ ոք չէր տեսել, թե ուր է դպրոցից հետո գնացել փոքրիկ Հայկը: Անտառում և գյուղի շրջակայքում անարդյունք որոնողական աշխատանքներից հետո, մարզային ոստիկանությունը և տեղի բանակային ստորաբաժանումները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին, հատկապես սահմանի ողջ երկայնքով:
Գյուղի աշխարհագրական դիրքն էլ ավելի էր բարդացնում աշխատանքները: Դեռևս պատերազմի ժամանակ գյուղի մարտիկները կարողացել էին գետի ձախ ափում պահել հենակետերը՝ քաջ գիտակցելով, որ այդ դիրքերը կարող էին հետագայում օգտագործվել թշնամու կողմից գյուղի վրա կրակ բացելու համար, սակայն առավել հյուսիս ընկած հատվածում սահմանն անցնում էր գետի երկայնքով, ապա արդեն աջ ափի բարձունքով: Ձորի հատվածում աշխատանքները չէին կարող անցկացվել առանց սակրավորների միջամտության, քանի որ կային ականապատված տարածքներ: Այդ իսկ պատճառով սահմանի ողջ երկայնքով որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվեցին առավոտյան:
Լույսը բացվելուն պես Հայկին արդեն փնտրում էին հազարավոր մարդիկ՝ հարևան համայնքների բնակիչները, ոստիկաններն ու զինվորները: Առաջ քաշված հիմնական վարկածներից մեկն այն էր, որ երեխան պատահմամբ հայտնվել է թշնամու տարածքում, սակայն սահմանից այն կողմ լռություն էր՝ ի տարբերություն այն դեպքերի, երբ պատահմամբ սահմանը հատած գյուղացիներին թշնամին դիվերսանտ էր դարձրել ու հայտարարել ի լուր աշխարհի:
Մինչ սահմանի այս կողմում շարունակվում էին որոնողական աշխատանքները, մեր հերոսները մոլորված քայլում էին մութ ու խոնավ անձավում: Եթե չլիներ հեռախոսի ժամացույցը, ապա Հայկը դժվար թե իմանար, որ լույսն արդեն բացվել է: Հայկն իր միակ ուղեկցի՝ փոքրիկ գայլուկի հետ դանդաղ շարունակում էր առաջ քայլել ու ամեն քայլից հետո օգնություն  կանչել, սակայն միայն սեփական ձայնի արձագանքն էր լսում ի պատասխան:  Հայկին թվում էր, թե այս թունելի վերջն այլևս չի գտնի, բայց հանկարծ մթության մեջ շոշափեց դիմացը հայտնված պատը: Պատի սառնությունը զարմացրեց Հայկին, և երբ միացրեց բջջայինի թույլ լույսը, հասակացավ սառնության պատճառը: Իր առջև վեր խոյացող պատը ամբողջությամբ երկաթից էր, ավելի ճիշտ՝ երկաթե մեծ դուռ էր, որը բացել հնարավոր էր միայն մյուս կողմից: Թեպետ Հայկը դեռ փոքր էր, սակայն հասկանացավ. միայն մյուս կողմից բացվող դուռը տանում էր սահմանից այն կողմ, թշնամու մոտ: Վայրկյաններ անց Հայկը հասկացավ նաև իրական նպատակը: Այն մուտք կարող էր դառնալ թշնամու զինվորների համար՝ սահմանն աննկատ անցնելու համար: Փոքրիկ Հայկը շվարած կանգնեց: Ի՞նչ անել, հետ վերադառնալ և այլ ելք փնտրե՞լ, թե՞ օգնություն կանչել  թշնամուց:
Րոպեներ անց Հայկը իր եկած ճանապարհով նորից հետ էր գնում: Թեպետ քաղցն ու ծարավը տանջալից էին, սակայն փոքրիկ գայլուկին գրկած վազում էր նորից այնտեղ, որտեղից ընկել էր թշնամու մոտ տանող թունելի մեջ: Ավելի լավ է լինել հայրենի հողի վրա, նույնիսկ բանտարկված, քան ազատության ելք փնտրել թշնամու մոտ…



Հույսի նշույլ

Հետդարձի ճամփան ավելի կարճ ստացվեց: Հայկն առանց առաջը նայելու վազում էր: Հիմա հույսի մեկ նշույլ էր ծնվել: Եթե մուտքն այն կողմից է, ապա թունելի մյուս կողմում պետք է ելք լիներ: Ելքը պետք է լիներ այնտեղ, որտեղ ինքն էր ընկել, իսկ վերևից թափված քարերն ու հողը հավանաբար ծածկել էին այն: Հույսի նշույլը ուժ էր տալիս դիմակայել ոչ միայն քաղցին, այլև անտեսել ոտքի ցավն ու վազել հնարավորինս արագ: Հայկի մտքում հիմա միայն այստեղից դուրս գալն էր, իսկ հետո այս գաղտնի թունելի մասին պատմելը կլիներ: Չէ՞ որ թշնամին կարող էր այս մուտքով հանգիստ անցնել մեր սահմանապահների թիկունք, ավելին՝ մտնել գյուղ: Եթե րոպեներ առաջ ողջ ուժով գոռում էր օգնություն ակնկալելով՝ ապա հիմա փորձում էր հնարավորինս անաղմուկ մի կողմ տանել հողն ու քարերը, հույս ունենալով արագ գտնել ելքը, բայց թաց հողն ու մեծ-մեծ քարերն այդքան էլ հեշտ չէր մի կողմ տանել:
Հայկին իր դժվար աշխատանքից չէր շեղում անգամ գայլուկի թույլ կաղկանձն ու մեկ-մեկ հաչոց հիշեցնող ձայնը: Մոտ կես ժամ թաց հողի ու քարերի հետ կռիվ տալուց հետո, Հայկն հասկացավ, որ ոչ մի ելք էլ չկա: Միակ ելքը իր գլխավերևում էր, որ ծածկվել էր հսկա քարերով: Անհրաժեշտ էր ներս թափված քարերից ու հողից բուրգ կառուցել և փորձել հասնել առաստաղին, սակայն հողը բավական թաց էր, իսկ քարերը բավական մեծ, որպեսզի հնարավոր լիներ իրար վրա դնել:
 Հայկն ուժասպառ գետնին ընկավ: Ոտքը ցավում էր, ձեռքերն ամբողջովին ցեխոտվել էին ու վնասվել սուր քարերից, իսկ ծարավն ու քաղցը մյուս կողմից էին տանջում: Մարմինն այնքան թույլ էր, որ թվում էր՝ ուշագնաց կլինի: Տիրեց լռություն, սակայն անդորրը խախտվեց երկաթե դռան բացվելու ձայնից: Գայլուկը, որ տեղավորվել էր Հայկի գրկում, բարձրացրեց գլուխը: Կիսաքուն Հայկին թվաց, թե վերևից նորից քար ընկավ, բայց մի քանի վայրկյան հետո դիմացից` մթության մեջ լույս փայլտակեց: «Փրկարարներն են», - անցավ Հայկի մտքով, սակայն մեկ վայրկյան հետո ուրախությունը վերածվեց սարսափի: Փրկարարները չէին կարող այս անիծված թունելի մյուս կողմից գալ. չէ՞ որ մյուս կողմում թշնամին էր: Հայկը մեխանիկորեն իր շուրջը նայեց, հույս ունենալով թաքստոց գտնել, գոնե մի քանի րոպեով՝ հասկանալու համար, թե ովքեր են ներս մտնողները: Հայկն արագ գրկեց գայլուկին և պայուսակը վերցնելով շտապեց թաքնվել հողի ու քարերի կույտի  և թունելի պատի միջև: Արդեն լսելի էին, մոտեցողների ոտնաձայները: Հայկը գայլուկին ամուր գրկած ու շունչը պահած հետևում էր իրեն մոտեցողներին: Եթե չմոտենային թունելի պատին, ապա կհաջողվեր աննկատ մնալ, բայց կար մեկ այլ խնդիր. գայլի ձագը: Մնում էր միայն, որ նա էլ լուռ մնա




Գերին

Մթության ու խավարի մեջ դեպի թունելի հեռավոր լույսն էին քայլում երեք հոգի: Նրանցից մեկը բավական փոքր էր ու գրեթե հազիվ էր կարողանում ոտքերը գետին հպել: Զինվորականները Հայկին օձիքից ու ձեռքերից բռնած այնպես էին առաջ հրում, ասես հանցագործի էին բռնել: Նրանց հետևից հետ չէր մնում գայլուկը, որ մեկ հարձակվում էր իր տիրոջը նեղացնողների վրա, մեկ էլ փորձում առաջ ընկնել ու փակել ճանապարհը: Երկու անհաջող փորձից հետո զինվորներից մեկը ուժեղ աքացիով մի կողմ շպրտեց փոքրիկ գայլուկին: Գայլուկի լաց հիշեցնող կաղկանձը շարունակվեց մինչև զինվորները Հայկին գրեթե քարշ տալով հասցրին թունելի երկաթյա դռնով ելքի մոտ: Հայկի համար ամեն ինչ պարզ էր, հիմա ինքը գերու կարգավիճակում էր թշնամու զինվորների ձեռքում: Այն, որ իրեն մոտեցողները հայեր չեն, Հայկը հասկացել էր իր անհաջող թաքստոցում թաքնվելուց քիչ հետո, երբ նկատել էր իրեն մոտեցող զինվորների հոգուստը: Սահմանամերձ գյուղի զավակ լինելով՝ դեռ վաղ տարիքից էր սովորել տարբերել թշնամու զինվորական հագուստը: Հայկը լուռ էր: Գլխում հազար ու միտք էր պտտվում և փորձում էր գլխի ընկնել, թե ինչ է իրեն սպասվում:
Հայկը չէր սխալվել: Երկաթե ամուր դուռը կարող էր բացվել միայն հակառակորդի կողմից: Հավանաբար լսել էին իր օգնության կանչերը: «Իսկական հիմարություն», - անընդմեջ կրկնում էր Հայկը՝ նորից ու նորից հիշելով, թե ինչպես էր աղմկում քիչ առաջ` հույս ունենալով, որ իրեն կօգնեն դուրս գալ այս անիծված բանտից:
Փոքրիկին հրելով դուրս հանեցին: Արևի պայծառ լույսը կուրացրեց Հայկին: Հազիվ էր աչքերը փակել, երբ մեջքին ստացած հարվածը տապալեց նրան: Զգաց ինչպես հողը քարերի հետ լցվեց բերանը: Սարսափը վերածվեց ցավի, սակայն արժանապատվությունն ավելի զորեղ գտնվեց: Արտասուքի ոչ մի կաթիլ թշնամին չպետք է տեսներ:
Սկզբում կապեցին Հայկի ձեռքերը, ապա՝ բերանը: Ուժասպառ ու քաղցած երեխային դեմ տվեցին հաստաբուն ծառին ու նորից կապեցին. այս անգամ ծառից: Արևի կուրացուցիչ լույսը, քաղցն ու ծարավը թեպետ թուլացրել էին Հայկին, սակայն փոքրիկը հնարավորինս փորձում էր որսալ յուրաքանչյուր ձայն: Իրեն կապկպած զինվորները մենակ չէին: Ռադիոկապը անընդմեջ ազդանշան էր տալիս: Հավանաբար զեկուցում էին և սպասում հետագա կարգադրությունների: Հայկին տարօրինակ էր թվում, որ իրեն կարծես թե այդքան էլ չէին շտապում տանել զորամաս: Հանկարծ նկատեց իր կողքին փոքրիկ ցուցանակ, որին ռուսերեն գրված էր` ականապատ գոտի: Հիմա կարծես գլխի էր ընկնում: Զինվորները, որոնք հավանաբար հետախույզներ էին, սպասում էին կամ մութն ընկնելուն, կամ էլ սակրավորների խմբի, սակայն առավել հավանական էր թվում առաջին տարբերակը: Փորձեց գտնել գայլուկին, բայց հնարավոր տեսանելի հատվածում ձագուկը չէր երևում: Հայկը հոգնածությունից փակեց աչքերը: Չգիտեր էլ ինչքան ժամանակ էր այդ վիճակում, երբ անակնկալ կրակոցները սթափեցրին: Կրակում էին գետի մյուս ափից: «Մերոնք են»,- անմիջապես գլխի ընկավ Հայկը: Հանկարծ հայտնվեցին այն երկուսն ու իրեն ազատելով  ծառից գետին տապալեցին: Կրակահերթը չէր դադարում: Հիմա կրակում էին նաև մյուս կողմից: Գիտակցությունը դավաճանեց Հայկին: Երեխան ուշագնաց եղավ:



Մաքառման գիշեր

Հայկը բացեց աչքերը: Շուրջը խավար էր: Մթության մեջ ոչինչ չէր երևում, սակայն զգում էր, որ շուրջը մարդիկ կային: Կասկածները հաստատվեցին: Մի պահ փորձեց ձեռքերը ազատել, բայց ամուր կապերը միայն ցավեցրին դաստակները: Զինվորներից մեկը, ամուր բռնելով պարանոցից, վեր բարձրացրեց, ապա հրամայական տոնով ինչ-որ բան ասաց: Վայրկենապես աջ ու ձախ կողմում հայտնվեցին զինվորներ, բռնեցին դաստակներից ու առաջ հրեցին: Հիմա նրանք երեքն էին կարծես:
«Ուրեմն սպասում էին, թե երբ կզարթնեմ,- մտածեց Հայկը,- ա՜յ քեզ գթասրտություն»:
Հայկն հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել, էլ ուր մնաց քայլեր, բայց թշնամու զինվորները ստիպում էին քայլել ու հաճախակի բոթում էին ուսին. այնպես էին հրում, որ քիչ էր մնում ընկներ: Քիչ հետո հենց այդպես էլ եղավ. երեխան տապալվեց գետնին, երբ հերթական անգամ ուժեղ հարվածից կորցրեց հավասարակշռությունը: Երրորդ զինվորը, ով հավանաբար առավել բարձր կոչում ուներ, հազիվ լսելի, սակայն հանդիմանական տոնով ինչ-որ բան հրամայեց: Հայկին գրկեցին. մեկը ոտքերից, մյուսը՝ ուսերից: Քայլում էին զառիթափով, շուրջը թփուտներ էին, որոնց ճյուղերը հաճախ քաշում էին Հայկի հագուստից, անգամ պատռում: Թեպետ խավարում ոչինչ տեսնել հնարավոր չէր, բայց մոտավոր պատկերցնելով Հայկը հասկացավ. իրեն զինվորները տանում էին գետի հոսանքով դեպի վեր: Սահմանը կանցկացնեն հավանաբար ձորի միջով անցնող չեզոք հատվածով:
Հիմա իր գլխավերևում անլուսին երկինքն էր, ու միայն աստղերն էին շողում անամպ երկքնում: Հայկին տարօրինակ հանգստություն էր տիրել: Այլևս վախ չէր զգում, հասկանալի է, որ թշնամու զինվորները գիշերային այս արահետը ընտրել էին նպատակ ունենալով գաղտնի պահել իրենց տեղաշարժը բարձունքում գտնվող հայ դիրքապահներից, իսկ իրեն վնասելու մտադրություն չունեին, հակառակ դեպքում արդեն կանեին:
Մոտ տասը րոպե կլիներ, ինչ Հայկին զինվորները զգուշությամբ ավելի ու ավելի էին հեռացնում սահմանից: Լռությունը խախտում էր միայն առջևից գնացող զինվորի ժամանակ առ ժամանակ շշուկով արված զգուշացումները: Ամենայն հավանականությամբ զգուշացնում էր ճանապարհին հայտնված խոչընդոտների մասին: Հանկարծ նույն զինվորի բամբ ձայնը խախտեց գիշերային անդորրը:
-Դըրմա՛հխ, դըրմա՜հխ:
Հայկին գրկած զինվորներն անմիջապես կանգ առան:
-Գեթմե՜յ,-շարունակում էր գոռալ առջևից ընթացողը՝ ակնհայտորեն սարսափած ինչ-որ բանից:
Հայկը չհասցրեց հասկանալ՝ ինչ կատարվեց հաջորդ վայրկյանին: Հնչեց ուժգին պայթյունի ձայն: Շուրջը մի պահ լուսավորվեց վառ կարմիր գույնով, իսկ պայթյունի հարվածային ալիքը գրեթե տապալեց ոտքերը բռնած ու առջևից գնացող զինվորին՝ միաժամանակ գետնին գցելով նաև երրորդին:
Առջևից ընթացող զինվորի հենց ոտքի տակ՝ Հայկից առնվազն երկու մետր հեռու տեղի ունեցած պայթյունը գրեթե խլացրեց նրան՝ հողի հաստ շերտով ու շիկացած բեկորներով շրջապատելով թե իրեն, թե զինվորներին: Հրամաններ արձակող զինվորը կանգնել էր ականի վրա…

    Գիշերը համր էր, սակայն միայն այդ չէր պատճառը, որ Հայկը չէր լսում: Ականջներում միայն խշշոց էր: Հայկին թվաց հիմա կխեղդվի: Կպչուն ժապավենով բերանը փակ էր, իսկ երեսն ամբողջությամբ հողով էր ծածկվել: Անկանոն ջղաձգումները օգնեցին, որպեսզի պտտվի, սակայն հենց կողքին ընկած էր ազերի զինվորի անշարժ մարմինը: Սարսափը հաղթահարելով, փորձեց ազատվել կպչուն ժապավենից: Միակ տարբերակը երեսը գետնին հպելով կպչուն ժապավենը հեռացնելն էր: Երկար ու տանջալից րոպեներ էին անհրաժեշտ մինչ Հայկին հաջողվեց ազատվել ժապավենից: Վերջապես կարող էր ազատ շունչ քաշել: Օդի ծարավը ասես հագեցրեց անգամ քաղցը, սակայն հոգնածությունը զգացնել էր տալիս: Գլուխը ցավում էր, ոտքը՝ նույնպես, զգում էր թաց շապիկից եկող արյան հոտը: Կողքի զինվորն էլ հավանաբար արդեն մահացել էր, իսկ ականջներում դեռ խշշոց կար: Մնում էր հիմա ոտքի կանգնել, բայց այս անգամ մեկ այլ խոչընդոտ առաջացավ: Թշնամու զինվորն այնպես էր ընկել, որ Հայկի ոտքերը հայտնվել էին իսկական թակարդում: Ազատվելն այդքան էլ հեշտ չէր լինելու: Սակայն պետք էր պայքարել, պայքարել որքան ուժերը ներեին: Գոնե ձեռքերը ազատ լինեին:
Հանկարծ ականջներում լսվող խշշոցին միախառնվեց հառաչի ձայն: Գլխավերևում ինչ-որ մեկը փորձում էր սողալով մոտենալ իրեն: Մյուս զինվորն էր:
Այն, որ ինքը դեռ մենակ չէր, վախեցրեց Հայկին, սակայն վիրավոր զինվորը չմոտեցավ իրենՄի կերպ սողալով ընկերների դիակների կողքով անցավ: Հայկը փորձեց նորից շունչը հետ բերել ու նոր ուժով ձգել ձեռքերը: Հանկարծ նոր միտք ծնվեց. եթե փորձի նորից գետնին շփելով կտրել պարանը, կկարողանա ազատվել: Հայկն անցավ գործի, սակայն ամեն ինչ ավելի դժվար էր, քան կարելի էր պատկերացնել: Ամեն անգամ ձեռքերը գետնին շփելով անասելի ցավը ստիպում էր գոռալ, բայց լռում էր:
«Միայն թե հնարավոր լինի մի փոքր թուլացնել կապը»:
Հայկն ինչքան սարսափելի բառ գիտեր մտովի շպրտեց իրեն կապած զինվորների հասցեին: Զայրույթն ավելի ուժ էր տալիս ու ստիպում ավելի ուժգին ձեռքերը շարժել՝ անտեսելով արդեն գրեթե արյունլվա ձեռքերի ցավը:



Լուսաբացը

Արևելքում երկինքն արդեն գունափոխվում էր: Շուտով կբացվի լույսը: Հայկը նույնիսկ ամենասարսափելի երազում անգամ չէր կարող տեսնել, որ իր ծննդյան օրը կանցկացնի սահմանի չեզոք ու ականապատ գոտում, ավելին` քաղցած, ծարավ ու վիրավոր: Անգամ դժվար էր պատկերացնել, որ այս ամենն իր հետ է կատարվում: Պատահում է, որ իրականությունն ավելի դաժան է լինում, քան ամենասարսափելի երազը: Վատ երազից հնարավոր է արթնանալ, իսկ իրականությունից փախչել՝ ոչ: Ողջ գիշեր Հայկը փորձում էր ազատվել կապանքներից, ձեռքերն ամբողջությամբ արյունոտված էին, ոտքերը դմբրել էին: Սկսվում էր երրորդ օրը, ինչ ոչինչ չէր կերել, բայց քաղցը դեռ ոչինչ, ծարավն ուղղակի սպանում էր: Հիմա ամեն ինչ կտար, միայն թե մի կում ջուր խմեր:
«Այսօր կամ ես նորից կծնվեմ, կամ ծննդյանս օրը կլինի մեռնելու օրս»:
Արևի առաջին շողերի հետ իր շուրջը տիրող սարսափելի տեսարանը դառնում էր տեսանելի: Ոչ շատ հեռու հսկայական մի փոս էր գոյացել, փոսից բավական հեռու, երևում էր առաջին զինվորի մարմինը, որը Հայկի կարծիքով խմբի հրամանատարն էր: Հենց իր կողքին, ավելի ճիշտ իր վրա մյուս զինվորի մարմինն էր: Հայկը միայն մի պահ կարողացավ հայացք գցել ու վախից փակեց աչքերը: Իր շուրջն ամբողջությամբ արյուն էր: Ականի բեկորները հարվածել էին զինվորի կրծքավանդակին, այդ կերպ ինքը գրեթե վնասվածքներ չէր ստացել: Երրորդ զինվորը չէր երևում:
Դեռ ամբողջովին չէր լուսացել, երբ Հայկին հաջողվեց պոկել պարանները, ապա մեծ դժվարությամբ մի կողմ տանել թշնամու զինվորի մարմինը:
Բնազդաբար զգալով գարնանային վարարած գետակի ուղղությունը՝ դժվարությամբ սկսեց սողալ դեպի գետը: Գետին հասնելը երկար չտևեց: Առավոտյան սառնությունն ու գետի ջուրը ամբողջովին սթափեցրին Հայկին, բայց կարծես այդքան էլ չէր շտապում շարունակել ճանապարհը՝ հստակ գիտակցելով, որ այստեղ րոպե ավել մնալը կարող է կյանքն արժենալ: Հիմա էլ նոր խնդրի առաջ էր կանգնել: Պետք է անցնել գետը, կամ էլ հոսանքով իջնել ներքև: Վարար գետի քարքարոտ ափին Հայկը պառկեց: Ձեռքերի վերքերն արնահոսում էին, սակայն միակ վերքերը չէին: Աջ ոտքի հատվածում ևս կային բեկորային վերքեր: Քայլել գրեթե անհնար էր: Հայկը փակեց աչքերը, բայց մոտակա թփերից եկող ձայնը նորից անհանգստացրեց նրան: Նայեց ձայնի ուղղությամբ: Հանկարծ նրա դեմքին փայլեց ժպիտը: Լավ է, որ գոնե մեկն ազատ է ու վիրավոր չէ: Ականջները հազիվ բարձրացրած՝ իր մոտ էր վազում գայլուկը:
  Փոքրիկ չորքոտանու հայտնվելը անչափ ուրախացրեց Հայկին:
-Չէ՜, դու հաստատ իմ ծնունդի նվերն ես:
Գայլուկին նորից տեսնելն այնքան ուրախացրեց Հայկին, որ չնկատեց թփերից այն կողմ մեկ այլ մարդու ներկայությունը, ով անում էր հնարավոր ամեն ինչ իր ներկայությունն ավելի անտեսանելի դարձնելու համար:



Ընդհանուր թշնամին

Հայկը թշնամու վիրավոր զինվորի ուշադրության կենտրոնում էր գետին մոտենալու պահից ի վեր: Մինչև ատամները զինված թշնամին այն երրորդ զինվորն էր՝ թեպետ վիրավոր, սակայն ամեն գնով պատրաստ իրագործելու նախապես գծված պլանը: Երեխային պետք էր հասցնել շտաբ: Սա հրաման էր, որ իջել էր ռազմական ամենաբարձր մակարդակով: Թե ինչպե՞ս և թե ի՞նչ կլիներ հետագայում, նրան քիչ էր հետաքրքրում, պարզապես պետք էր և վերջ: Լույսը դեռ նոր էր բացվել ու թշնամին վստահ էր, հիմա կգան օգնական ուժեր, իսկ մինչ այդ երեխան պետք է մնար իր դիտակետում:
Քիչ անց Հայկը ոտքի վրա էր ու փորձում էր հարմար հատված գտնել գետն անցնելու համար, սակայն վարարած ու լեռնային արագահոս ջրի հոսքն այնքան ուժեղ էր, որ կարող էր անմիջապես քշել Հայկին. ավելին, անզգայացած ոտքով հնարավոր չէր լողալ, իսկ ջրի հոսքը կարող էր մահացու լինել: Ալիքները  փոքրիկին փայտի կտորի պես կհարվածեին քարերին:
Ծարավն հագեցնելուց հետո միայն Հայկն հասկացավ, որ հիմա գայլի պես քաղցած է:
«Եթե հնար լիներ գոնե ձուկ բռնել»,- անցավ նրա մտքով, բայց հաջորդ վայրկյանին հրաժարվեց այդ մտքից: Առաջին հերթին գետը պետք է անցնել, իսկ հայ դիրքապահների մոտ արդեն կգտնվի ուտելիք:
Մի քանի մետր վնասված ոտքը քարշ տալուց հետո նորից ընկավ քարքարոտ ափին: Նույնիսկ ուժ չէր մնացել լացելու համար: Մյուս կողմից էլ՝ չէ՞ որ արդեն տասներկու տարեկան էր, արդեն մեծ էր ու պետք է դիմակայեր, պայքարեր մինչև վերջ: Այն հանգամանքը, որ հիմա ինքն այլևս մենակ չէ, ու իր դժբախտության ընկեր գայլուկը կողքին է, ուժ էր տալիս: Հայկը դժվարությամբ վեր կացավ, բայց հազիվ կարողացավ կանգնել, երբ թփուտների միջից նկատեց արդեն ծանոթ համեզգեստի գույները: Հայկն սարսափած կանգ առավ: Գայլուկը առաջ նետվեց՝ կարծես Հայկին պաշտպանելու, բայց ինքնաձիգի կոթով հարվածից հետո նրա կաղկանձը տարածվեց ու խառնվեց գետակի ջրերի խշշոցին: Զինվորը ինքնաձիգն ուղղեց դեպի Հայկն ու մի քայլ առաջ եկավ՝ ինչ-որ բառեր ասելով: Թեպետ Հայկը ոչ մի բառ չէր հասկանում, սակայն ենթագիտակցորեն փորձեց ձեռքերը վեր պարզել: Զինվորը ևս վիրավոր էր, ու հավանաբար ավելի ծանր: Դեմքի գրեթե կեսը արյունով էր պատված, ոտքը նույնպես:
Զինվորը շարունակում էր մոտենալ, կրկնելով նույն անհասկանալի բառերը:
«Ինչ էլ լինի՝ չի կրակի: Մերոնք կլսեն»,- մտածեց Հայկը:
Մի պահ Հայկի ու թշնամու զինվորի հայացքները հանդիպեցին: Առաջինում հստակ նկատելի էր հաստատակամություն, երկրորդում՝ տարակուսանք:
Գայլուկը նորից հիշեցրեց իր ներկայության մասին, բայց այս անգամ վազեց լրիվ հակառակ ուղղությամբ, դեպի թփուտները, որտեղից հայտնվեց թշնամին:
«Վերջ, եկան, - անցավ Հայկի մտքով, - այլևս ելք չկա»: Հայկը փակեց աչքերը, վերջնականապես համակերպվելով այն մտքի հետ, որ թշնամին իրեն գերի կտանի, սակայն ականջին հասած գռմռոցը ստիպեց գլուխը բարձրացնել: Զարմանքը ակնթարթորեն վերածվեց ավելի մեծ սարափի: Զինվորի թիկունքում ոչ թե նրա զինակիցներն էին, այլ մեկ ուրիշ թշնամի: Թշնամի երկուսի համար:
Հաջորդ ակնթարթին մայր գայլի ժանիքներն ամուր խրվել էին զինվորի վիրավոր ոտքի մեջ: Զինվորը չհասցրեց զենքն ուղղել գայլի կողմը, բայց հասցրեց կրակել: Անկանոն կրակահերթի ձայնը խախտեց բնության ներդաշնակությունը:
Սարսափելի տեսարանը Հայկին տվեց հնարավորություն, գուցե վատագույն, սակայն միակը: Երեխան նետվեց արագահոս գետի ալիքների մեջ:



Սառն ու վարար գետի հորձանուտում

Սառը ջուրն ամբողջությամբ ծածկեց Հայկին: Առաջին մի քանի վայրկյանների ընթացքում ապարդյուն փորձում էր ջրի մակերեսին մնալ, սակայն ջրի արագ հոսքն այնպես քշեց, որ չկարողացավ բռնվել քարից: Առանց այդ էլ քարերն այստեղ ջրից երկար դարերի արդյունքում համ ողորկ էին, համ էլ բավական սղլիկ: Հայկն հազիվ կարողացավ մի պահ գլուխը վեր հանել ու նայել այնտեղ, որտեղ պետք է լինեին իր երկու թշնամիները, սակայն ջուրը բավական հասցրել էր հեռացնել իրեն: Ի զարմանս իրեն, ափի երկայնքով վազում էր գայլուկը:
«Հավանաբար խփեց գայլին»,- անցավ Հայկի մտքով մինչ գետի վարար ջուրն ամբողջովին կհասցներ նորից ծածկել:
Դժվարությամբ սակայն հաջողվեց նորից գլուխը հանել ջրից, սակայն հիմա էլ այլ խնդիր կար: Գարնանային վարարած գետի ջուրն այնքան սառն էր, որ թվում էր, ասես  մարմինը քարացել էր այդ սառնությունից, անգամ օդ շնչել չէր կարողանում: Միայն հիմա հասկացավ, որ գետի վարար ալիքները պարզապես շնչահեղձ կանեն, եթե չփորձի հնարավորինս արագ դուրս գալ, սակայն ինչպե՞ս, եթե անգամ լողալ չէր կարող, առավել ևս կանգնել: Քարից կառչելու հերթական փորձն ավարտվեց գլխին ստացած ուժեղ հարվածով, երկրորդ հարվածը ևս չուշացավ: Բարեբախտաբար հերթական բավական մեծ քարին բախվելուց հետո, կարողացավ փաթաթվել քարին ու դիմակայել ջրի հոսքին:
Ջրի սառնությանն այլևս հնարվոր չէր դիմակայել: Թեպետ գլուխը ջրից կարողանում էր վեր պահել, բայց սառնությունից մարմինն այնպես էր դողում, որ շունչ քաշել չէր կարողանում: Դեռ մի քանի րոպե առաջ միայն քաղցի մասին էր մտածում, իսկ հիմա ջերմության ու թթվածնի: Կյանքում տարբեր պահանջմունքներ առավել առաջնային են դառնում ու կարևոր: Սկզբում ծարավը, հետո քաղցը, ապա վիրավոր ոտքի ցավը, հետո նորից քաղցը, հիմա էլ օդը... Հայկը փորձում էր ամեն գնով քարից կառչած մնալ, այն միակ փրկության կետն էր: Մոտակա հատվածում այլ քար չէր նկատվում: Նայեց դիմացի ափին: Ինքը հենց գետի կենտրոնում էր: Հիմա ոչ մի կերպ չէր կարող հասնել ոչ աջ, ոչ էլ ձախ ափին:
«Բայց փամփուշտը կարող է»,- հանկարծ զինված թշնամու մասին հիշեց:
Հայկը նայեց այն ափի կողմը, որտեղից զգում էր վտանգը: Սակայն զինվորը չկար, ոչ էլ հիմա գայլուկն էր երևում: Հանկարծ զգաց, որ գետը թիկունքից ինչ-որ բան իր կողմն է քշում: Հայկը հազիվ կարողացավ հայացք ձգել ուսի վրայով, երբ մայր գայլի մարմինը գրեթե դիպչելով անցավ իր կողքով:
Հաջորդ վայրկյանին Հայկը նկատեց թշնամուն, որ ինքնաձիգն ուղղեց իր կողմը: Հիմա նրանց ընդամենը մի քանի մետր էին բաժանում: Թույլ ճիչ դուրս թռավ Հայկի կապտած շուրթերից: Մի՞թե սա վերջն էր: Այլ ելք չկար, կամ սպասել կրակոցին, կամ նորից տրվել հոսանքին ու արդեն այնտեղ մեռնել: Հայկը փակեց աչքերը, ու հենց այդ պահին ականջին հասավ կրակոցի որոտը: Զգաց ինչպես են ձեռքերն անուժ հանձնվում, միաժամանակ մարմինը քշվում վարար գետի հոսանքի ուղղությամբ: Մեկ կրակոցին հաջորդեց կրակահերթը... Հանկարծ լսեց իր անունը: Բայց թե՞ ով էր կանչողը և որտեղից, հնարավոր չէր տեսնել:
-Բռնվի՛ր... Հայկ... էս կողմ, էս կողմ, բռնվիր Հայկ:
Հայկին չէր թվացել: Սակայն ձայնը խլանում էր ամեն անգամ, երբ ամբողջությամբ սուզվում էր ջրի մեջ: Վերջին ճիգերով կարողացավ գլուխը վեր հանել: Մյուս ափին մարդիկ կային, որ իրեն հավասար վազում էին ափով:
Մյուս ափին Հայկի հետևից վազում էին հայ սահմանապահները: Վերջին երկու օրում փրկությունը շատ մոտ էր:
Այն պահին, երբ թշնամին հասցրել էր արդեն նշան բռնել կրակելու համար, գետի մյուս ափից հայ դիպուկահարի կրակոցը գետին էր տապալել թշնամուն, իսկ Հայկին թվացել էր, թե կրակեցին իր վրա:
Ուժերը վերջնականապես դավաճանեցին Հայկին՝ ու նա հանձնվեց վարարած գետի սառն ալիքներին:


 ***
Երբ Հայկին դուրս բերեցին, ուշագնաց երեխան հասցրել էր բավականաչափ ջուր կուլ տալ: Տեղում առաջին օգնություն ցույց տալուց հետո շտապ տեղափոխեցին հրամանատարական հենակետ, որպեսզի այնտեղից էլ մեքենայով տեղափոխեն հիվանդանոց:
Երեխան դեռ աչքերին չէր հավատում: Ինքը հայ զինվորականների մոտ էր ու չէր սխալվում՝ խոսում էին հայերեն:
Երբ գիտակցությունն ամբողջովին տեղն եկավ, զինվորներից մի քանիսը սկսեցին արագ վիրակապել վերքերը: Ոտքն անտանելի ցավում էր, գլխին մի մեծ այտուց էր գոյացել, էլ չհաշված բազմաթիվ քերծվածքներն ու վերքերը: Այնպես էր ուզում գոռալ, լացել, բայց զսպում էր, հիմա ինքը շրջապատված էր զինվորներով ու պետք է ցույց տար իր` ապագա զինվորի քաջությունը:
Հայկին տաք թեյ ու ուտելիք տվեցին, ապա հարցերի տարափը չուշացավ: Մինչ կմոտենար մեքենան, Հայկն արդեն հասցրել էր պատմել իր վերջին երկու օրերի արկածների, գայլուկի, մայր գայլի, թշնամու զինվորների զոհվելու ու այն ամենի մասին, ինչ հիշում էր այդ պահին:
Նրան ուշադիր լսող փոխգնդապետը ժամանակ առ ժամանակ զարմանքից խիտ հոնքերը վեր էր բարձրացնում, թեպետ հետախուզությունն արդեն իսկ տեղյակ էր պահել սահմանի վերջին օրերի անցուդարձի մասին, սակայն փոքրիկ Հայկի պատմածն այնքան հուզիչ էր, որ պարզապես հնարավոր չէր չզարմանալ փոքրիկի քաջությամբ: Գևորգյանին առավել շատ հուզում էր Հայկի ներկա առողական վիճակը ու փորձում էր հարցեր չտալ ու պարզապես լսել այս փոքրիկ, բայց քաջ մարտիկին: Հայկի պատմածը Գևորգյանին հիշեցրեց պատերազմական օրերից մնացած հիշողություններից մի քանիսը. թերևս ամենաթանկը:
Պատերազի թեժ օրերն էին, երբ թշնամու հրոսակախումբը պաշարեց իրենց գյուղը: Փոքրաթիվ զինվորների շարքում նաև Գևորգյանն էր, ում համար գյուղի պաշտպանությունը նաև ընտանիքի պաշտպանությունն էր: Թշնամին ողջ ուժով հարձակում էր գործել, գնդակոծվում էր գյուղը, որի կիսախարխուլ տներից մեկում պատսպարվել էր Գևորգյանի ընտանիքը: Օժանդակ ուժերը պետք է տեղ հասնեին միայն առավոտյան: Շատ զինակից ընկերների կյանքի գնով թշնամին չկարողացավ գրավել գյուղը, բայց առավոտյան գյուղի ոչ մի տուն կանգուն չէր: Կրակը դադարեց, երբ հայ զինվորներին հաջողվեց թշնամուն ետ շպրտել: Հիշում էր՝ ինչպես վիրավոր ոտքով հասավ տուն, բայց ցավոք տունն արդեն չկար, իսկ պատսպարանն ամբողջովին ավերված էր: Զոհվել էին շատերը, այդ թվում նաև Գևորգյանի կինն ու տասը տարեկան որդին:
Եվ հիմա, երբ Գևորգյանը լսում էր Հայկին, անցյալում պահված ցավը նորից զգացնել էր տալիս:
Երբ շտապ օգնության մեքենան տեղ հասավ, փոխգնդապետը գրկեց Հայկին ու նրա հետ տեղավորվեց մեքենայում: Հայկը դեռ շարունակում էր խոսել իր հայտնաբերած թունելի մասին:
-Ես վստահ եմ, որ շատերը կերազեն ունենալ քո քաջության անգամ մի փոքրիկ մասը,  իսկ հիմա պետք է ուժերդ հավաքես,- խոսեց փոխգնդապետ Գևորգյանը, երբ արդեն մեքենան ընթանում էր մոտակա հիվանդանոց, - մարդիկ հաճախ են զղջում. և գիտե՞ս` ինչու: Միայն այն մտքից, որ կարող էին ժամանակին, բայց չարեցին, իսկ դու փորձեցիր փրկել թեպետ գայլի ձագին, բայց փորձեցիր…
-Պարոն փոխգնդապետ, նրան չե՞ք տեսել: Հենց մյուս ափին պետք է լիներ:
Գևորգյանի դեմքին խաղաց մեղմ ժպիտ: «Փոքրիկն հիմա էլ մտածում է գայլի ձագի մասին»:
-Զինվորներն ասացին, որ մյուս ափին վազվզում էր:
Հայկն էլ չկարողացավ զսպել լացը:
-Բայց մայր գայլին սպանեց էն ադրբեջանցի զինվորը, - լացելով շարունակեց Հայկը:
Միայն հիմա Գևորգյանն հասկացավ, թե ինչու հանկարծ այս փոքրիկ, բայց կամքի մեծ ուժ ունեցող երեխայի աչքերից հոսեցին արցունքի կաթիլներ:
-Գիտե՞ս, կարծում եմ նա կկարողանա արդեն մենակ ապրել, չէ՞ որ քո ընկերը լինելով քեզնից շատ բան է սովորել: Ամենաշատը մի քանի ամսից նա էլ մեծ գայլ կդառնա ու հաստատ շատ խելացի:
Գևորգյանը չգիտեր՝ ինչ ասել, որպեսզի կարողանա մխիթարել երեխայի կոտրված սիրտը:
-Պարոն փոխգնդապետ, - կարծում եմ, որ ծննդյան օրվա երազանքներն ավելի շուտ են կատարվում, քան մնացած այլ օրերինը:
Հայկն այնքան էր տարված իր կյանքի վերջին օրերի իրադարձությունները պատմելով, որ լրիվ մոռացել էր իր տարեդարձի մասին:
Գևորգյանը զարմանքով նայեց Հայկին:
-Այսօր իմ ծնունդն է, - գլուխը կախելով շարունակեց Հայկը:
Գևորգյանը գրկեց Հայկին:
-Ուրեմն երազանք պետք է պահել: Պետք է իմանաս, - շարունակեց Գևորգյանը,- որ մանկության երազանքներն ու ցանկություններն առավել քան մաքրամաքուր են ու պայծառ, և դրանք ունա՛կ են իրագործվելու, եթե միայն տարիքի հետ մնան նույն մաքրամաքուրն ու չխամրեն շրջապատի խավարից: Այստեղ չկա տոնական տորթ ու ծննդյան մոմեր, բայց դու կարող ես երազանք  պահել:
Հայկը մի պահ լուռ էր, ապա կողմնորոշվեց երազանքի ընտրության հարցում:
-Կուզենայի, որ գայլուկը մենակ չմնա, բայց մտածեցի, որ այս ցանկությունը շատ փոքրիկ է: Կուզենայի, որ լիներ խաղաղություն, ու մարդիկ երբեք զենք չվերցնեն ու չկռվեն: Գոնե էդպես մարդիկ իրար չեն սպանի, չեն խլի ամենաթանկը՝ կյանքը…
Գևորգյանն ավելի ամուր գրկեց Հայկին: Իր փոքրիկի երազանքը նույնն էր, ու հիմա Հայկն ասես հենց իր որդու բառերն էր կրկնում:
Հրաշալի է, երբ կարողանում ես իրականացնել դիմացինի երազանքը, և առավել հրաշալի, երբ երազանք չունեցողին դրդում ես ունենալ և հավատալ դրա իրականացմանը...
-Թող, որ այդպես լինի…

Отправить комментарий