Թվում է՝ մարդկային հարաբերություններում պետք է ամեն ինչ լինի շատ ավելի պարզ ու հասկանալի, քանզի մարդիկ բանական էակներ են և կարողանում են իրենց զգացմունքներն ու զգացողությունները, ցավն ու երջանկությունն արտահայտել բառերով, սակայն ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել: Հիասթափությունը, վիրավորանքն, անտարբերությունն ու չգնահատված լինելը, ինքնաիրականացման ուղում առկա այլ խոչընդոտները իսկական փորձություններ են, որ հաճախ հայտնվում են առօրյայում:
Այստեղ առանձնացրել եմ հիմնական այն խորհուրդները, որոնք կհեշտացնեն յուրաքանչյուրի կյանքը և թույլ կտան խուսափել հիասթափություններից:
1. Դիմացինին ընդունեք այնպիսին, ինչպիսին նա կա:
Մարդիկ իդեալական չեն, շատ դեպքերում նրանք նույնպես կարող են սխալվել կամ թերանալ: Հիշե´ք, դուք նույնպես կարող եք սխալվել, անգամ այն դեպքում, երբ միանշանակ վստահ եք ձեր ճիշտ լինելու հարցում: Ճշմարտությունը մեկն է, սակայն նրան տանող արահետները տարբեր են, առավել ևս երբ այդ ճշմարտությանը յուրաքանչյուրը նայում է այլ տեսանկյունից և տարբեր հայացքներով:
2. Խուսափեք ձևավորել և ունենալ սպասումներ ու ակնկալիքներ:
Սպասումը հիասթափության ամենահիմնական պատճառն է: Հաճախ դիմացինը չգիտի, թե ինչ ես ակնկալում նրանից, իսկ եթե սպասելիքներն ամեն դեպքում առկա են (հաճախ նաև անխուսափելի), ապա անհրաժեշտ է բարձրաձայնել դրանց մասին, լինել անկեղծ:
3. Մի գերագնահատեք և վերագրեք արժանիքներ, որոնք գուցեև չկան:
Սպասումների առաջացման պատճառներից հիմնականը, դիմացինին այնպիսի արժանիքների վերագրումն է, որոնք չկան, և նա դրանում որևէ մեղավորություն չունի: Յուրաքանչյուրս անհատականություններ ենք, և եթե ձեզ մոտ առկա է այս կամ այն արժանիքը, ապա դա դեռ բավարար պայման չէ, որ ձեր շրջապատում առկա մարդկանցից պահանջեք նույնը: Նրանք էլ կարող են ունենալ այլ արժանիքներ, որոնք այս կամ այն կերպ չեն դրսևորվում ձեզ մոտ:
4. Եղեք վստահ նրանում, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ չեն համաձայնվի ձեզ հետ:
Պատկերացրեք՝ որքան միօրինակ կլիներ աշխարհը, եթե այն լիներ սև ու սպիտակ, կամ եթե բոլորը անվերապահորեն համաձայնվեին ձեզ հետ: Յուրաքանչյուր այլ կարծիք ու տեսակետ յուրօրինակ օգնություն է սեփական կարծիքի ձևավորման կամ գուցե նաև դրա հերքման և ճիշտ կարծիք ձևավորելու հարցում: Միշտ պատրաստ եղեք լսել այլը, չէ՞ որ դուք կատարյալ չեք և կան մարդիկ, որոնք այս կամ այն հարցում առավել գիտակ են, քան դուք: Մի շտապեք ձեզ հակառակվողներին թշնամի կոչել, այլ պարզապես փորձեք լսել նաև նրանց կարծիքը:
5. Ոչ բոլորն են պարտավոր հասկանալ ձեզ:
Ինչպես վերը նշեցի, ամեն ոք յուրօինակ է ու առանձնահատուկ, այնպես որ մի սպասեք, որ դիմացինը կհասկանա ձեզ այնպես, ինչպես որ դուք ուզում եք, առավել ևս եթե այդ ամենն արտահայտվում է ոչ թե բառերով, այլ վերաբերմունքով: Բացատրեք ամեն ինչ հնավորինս պարզ ու հստակ, եթե ոչինչ չի ստացվում, ապա պետք չէ ժամանակ վատնել, հիասթափվել և նեղսրտել, ձեր դիմացինը գուցե դեռ շատ սովորելու կարիք ունի...
6. Նվիրվեք, բայց ոչ ամբողջ հոգով:
Նվիրվել կարող եք ամենահարազատ ու մտերիմ մարդկանց, բայց անգամ այս դեպքում շատերի մոտ առաջանում է պատնեշ, երբ գիտակցում են, որ իրենք նվիրվել են ամբողջ հոգով, իսկ իրենց՝ ոչ այդքան: Մի բարդացրեք կյանքը՝ փորձելով չափել դիմացինի «հոգին»: Յուրաքանչյուրիս մոտ հոգու արժեքն այլ է, առավել ևս նվիրվելու չափանիշներն ու սանդղակները:
7. Ամեն անգամ մի հասեք օգնության, եթե ձեզ չեն խնդրել:
Մարդկանց պետք է օգնել, սակայն կարևոր է իմանալ, թե երբ և ինչպես: Սովորաբար մեր օգնությունը մարդկանց զրկում է խոչընդոտը ինքնուրույն հաղթահարել սովորելուց: Պարզապես նրանց ցույց տվեք՝ ինչպես, և թողեք որպեսզի նրանք ինքնուրույն կատարեն: Այլ դեպքերում օգնեք, երբ նրանք դիմեն, հակառակ դեպքում ձեր քայլը կդիտվի պարտավորություն, որը պետք է միշտ անեիք և անեք, իսկ երբ մի օր ձեր օգնության հարցում «թերանաք», նրանք ոչ թե շնորհակալություն կհայտնեն մինչ այդ արած ամենի համար, այլ կվիրավորվեն, որ դուք չարեցիք ձեր աշխատանքը ինչպես հարկն է:
8. Ձեզ չի հիշում և կարճ ժամանակ անց մոռացել է :
Հույսեր մի փայփայեք, որ կհիշի: Ահա նորից սպասումը, սպասում եք, որ կգրի, կզանգահարի կամ կայցելի ձեզ: Մի նեղսրտեք, այլ պարզապես բաց թողեք նման մարդկանց: Իհարկե դժվար է նման կտրուկ բաժանումը, հատկապես երբ դուք նրան ձեզ մտերիմ եք համարել, սակայն որքանով եք վստահ, որ մտերմության այդ զգացողությունը երկկողմանի է եղել: Տալով նրան «ազատություն»՝ կպարզեք, արդյո՞ք այնքան կարևոր եք ու նշանակալի, թե պարզապես ծանոթի կարգավիճակում եք: Արդյունքում կանեք հետևություններ, որոնք միանշանակ պետք կգան հետագա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև այլոց ձեզ մտերիմ համարելու հարցում:
Թեպետ այս բոլորը կօգնեն, սակայն հուսահատությունից ու հիասթափությունից բացարձակապես զերծ մնալ հնարավոր չէ: Այնպես որ ամեն անգամ հիասթափությունից հետո մտածեք, որ դուք հոգով դեռ երիտասարդ եք և ունակ հաղթահարելու այդ ամենը, իսկ այս մեկը մի փորձություն էր, որը հաղթահարելով ավելի ուժեղ կդառնաք...

Комментариев нет:
Отправить комментарий