2013-07-05

Հայ գրականությունը համաշխարհային գրականությունում առկա չէ

Գրականությունը պետության կողմից չի ֆինանսավորվում, կամ շատ քիչ է ֆինանասավորվում: Սա հիմնական խնդիրներից մեկն է, որի արդյունքում հայ արդի գրականությունը համաշխարհային գրականությունում առկա չէ: Այսպիսի կարծիք հայտնեց  «Luxury» ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանը:
Խոսելով ամսագրերի մասին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում այսօր դրանք շատ են ու հասանելի տարբեր հետաքրքություններ ունեցող  մարդկանց: Առանձնացնելով «Luxury» ամսագիրը՝ ավելացրեց,  որ իրենք փորձում են համատեղել և՛ բարձրաշխարհիկ կյանքը, և՛ արվեստը մեկ ամսագրում:
Պատասխանելով հայ արդի գրականության վերաբերյալ հարցին՝ Ալեքս Միրզոյանը ասաց, որ չի ճանաչում և ոչ մի հայ ժամանակակից գրողի, ում հաջողվել է միջազգային ասպարեզ դուրս գալ: Թերևս, հիմնական խնդիրը բանախոսի կարծիքով հանդիսանում է մտածելակերպը: Հայ գրողների և համաշխարհային այլ գրողների ստեղծագործությունները ոճային առումով նման չեն: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ գրականությունը պետության կողմից չի ֆինանսավորվում, կամ շատ քիչ է ֆինանսավորվում:  Գրականությունն անմիջապես հասարակական մտածելակերպի արտացոլանք է: Տասնամյակներ շարունակ հայ գրականությունը չի զարգացել, կարելի է ասել դոփել է նույն տեղում: Հիմնական պատճառներից են նաև՝ պատերազմը, սոցիալական վատ վիճակը և հասարակությունում ընթերցողների սակավությունը: Մյուս կարևոր հանգամանքը, բանախոսի կարծիքով, գրականության ասպարեզում արվեստը չգնահատելը և մենեջմենթի խնդիրն է: Բանախոսը նշեց, որ այսօր մենեջմենթը հայ գրականությունում զրոյի վրա է:
Այն հարցին, թե գրո՞ղը պետք է թելադրի գրականությունը, թե՞ ելնելով հասարակական պահանջներից ստեղծագործի այն, ինչ պահանջում է հասարակությունը, բանախոսը նշեց, որ երբ գրողը ստեղծագործում է պարտադրաբար, ապա այն դառնում է հեռուստատեսային սերիալների սցենար միայն: Գրողը պետք է ստեղծի և իր ստեղծագործությունում արտահայտի իր հուզմունքն ու զգացողությունները, այլ ոչ թե ստեղծագործի՝  պատվեր իրականացնելով կամ պարտադրանքով:

Նյութը` http://ostarmenia.com/
Արմեն Մխեյան

2013-07-02

Անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա




    Ֆիզիկական աշխարհի ավարտից հետո կյանքը չի ավարտվում, այլ մարդն իր մեջ կրող էներգիան ձևափոխում է մեկ այլ էներգիայի,- այսօր հարցազրույցի ժամանակ իր տեսակետը հայտնեց երիտասարդ գրող, հրապարակախոս Արմեն Մխեյանը:

Ցավալի է  մտածել ու միևնույն ժամանակ անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա և քանի որ յուրաքանչյուր մարդ և կենդանի արարած նախևառաջ իր մեջ հսկայական էներգիա է կրում, ապա բանախոսի կարծիքով մահից հետո մարդու էներգիան, որը հենց հոգին է, էներգիայի պահպանման օրենքից ելնելով  չի կարող անհետանալ, այլ կարող է ձևափոխվել…
Բանախոսը նշեց, որ էներգիան նաև ինֆորմացիայի կրող է, և այստեղ` այս աշխարհում որքան շատ ես կարողանում ստանալ տեղեկատվություն, գիտելիք, ապա էներգիայի ձևափոխությունից հետո մեծանում է հնարավորությունը էլ ավելին տանելու այս նյութական աշխարհից, քան կարող ես մտածել:
Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը` Արմեն Մխեյանը նշեց, որ փորձում է իր պատմվածքներում ներդնել նաև փիլիսոփայական գաղափարներ` իր արձակ ստեղագործություններից առանձնացնելով «Վերջին բաբախյունը» պատմվածքը:
Մանրամասնելով պատմվածքի սյուժեն` հեղինակը նշեց, որ այն գրվել է իր համար բավականին ծանր հոգեբանական պայմաններում և գուցե այդ է եղել պատճառը, որ պատվածքը շատ հուզիչ է, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ցավոտ, քանի որ ընթերցողներից շատերը չեն կարողանում զսպել իրենց արցունքերը: Ամեն դեպքում ցանկացած ստեղծագործություն, որքան էլ այն տխուր լինի, ինքը փորձում է ավարտել դրականի, գեղեցիկի և բարու հաղթանակով: Ինչը փորձել է անել նաև «Վերջին բաբախյունը» պատմվածքի դեպքում:


Նյութը պատրաստեց Լիլիթ Սուսանյանը

2013-07-01

Արևմուտքը պետք է սովորի հանդուրժողականություն Արևելքից


  Հայաստանը պետք է ճիշտ ընկալի Արևելքը և Արևելքի տարրերը, մասնավորապես ներդաշնակությունն ու հանդուրժաղականությունը: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանը:

  Բանախոսը նշեց, որ իրենց կազմակերպության հիմնական ռեսուրսը էնտուզիազմն է: Կազմակերպությունը համագործակցում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, իսկ ֆինանսական առումով խնդիրը լուծվում է անդամավճարների տեսքով: Իրենց կազմակերպությունը առևտրային չէ, չի հովանավորվում, ինչը զերծ է պահում ճնշումներից և կողմանկի ազդեցություններից:

  Պատասխանելով այն հարցին, թե որն է եղել այս չորս տարիների ընթացքում Արևելյան մշակույթի հիմնական խորհուրդը, Բագրատ Մովսիսյանը նշեց, որ Արևելքի մասին Հայստանում քիչ գիտեն: Արևելքը հանդուրժողականության և ներդաշնակության կրողն է, որոնք բացակայում են Արևմուտքում: Թեպետ Արևելքը հաճախ է գտնվել պատերազմական գործողությունների թատերաբեմում, սակայն բոլոր այդ պատերազմները արտաքին գործոնների պատճառով են եղել: Մեր նպատակն է ճիշտ ներկայացնել հանդուրժողականությունն ու ներդաշնակությունը, բայց դա չի նշանակում ընդունել և հանդուրժող լինել թշնամու հանդեպ: Արևելքում գործում է նաև պաշտպանության նպատակով ուժի կիրառման կանոնը:

  Մասնավորեցնելով հանդուրժողականության վերաբերյալ հարցը` բանախոսը նշեց, որ պետք է ճիշտ ներկայացնել, թե ինչ է այն, հակառակ դեպքում հանդուրժողականությունից կարող է ծնվել անհանդուրժողականություն: Արևելքի հանդուրժողականությունը էականորեն տարբերվում է միայն նրանով, որ այնտեղ հանդուրժողականությունից անհանդուրժողականույթուն չի ծնվում:

Արմեն Մխեյան                                                                              OstArmenia.com

2013-06-23

Հարցազրույց Luxury ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանի հետ

Քանի որ հարցազրույցը բավականին հետքրքիր ստացվեց, տեղադրում եմ առանց փոփոխության, իսկ հոդվածը կարող եք կարդալ այստեղ... 


Իմ զրուցակիցն է «Luxury» ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանը:
―Ողջույն, Ալեքս: Շնորհակալ եմ հարցազրույցին մասնակցնելու համաձայնության համար: Գիտեմ, որ աշխատում ես «Luxury» ամսագրում: Մի փոքր կխնդրեի ներկայացնես ամսագիրը և հարց.  այսօր հայ հասարակությունում ընդունված է համարել, որ ամսագիրը միայն գեղեցկության սրահում սեղանիկին դնելու համար իր է: Ի՞նչ ես կարծում այդ առումով:
―Այսօր ամսագրեր Հայաստանում կան տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար, այսինքն այնպես չէ, որ Հայաստանում ամսագրերը միայն բարձրաշխարհիկ մարդկանց համար են, այնպես որ ամեն մեկը կարող է գտնել իրեն հետաքրքրող ամսագիր: Մեր ամսագիրը փորձում է այդ ամենը համատեղել, այսինքն կան ռուբրիկաներ և արվեստի վերաբերյալ, և բարձրաշխարհիկ  կյանքի վերաբերյալ, հետաքրքիր ինտերվյուներ արվեստագետների հետ և այդ ամենը մենք փորձել են կոորդինացնել մեկտեղ: Բնականաբար կան օրենքներ, որ մեր ամսագրում գործում են: Կոնցեպցիա է ընտրված, որ ցածր որակի  հոդված, կամ ցածր որակի գովազդ մեր ամսագրում չի կարող հայտնվել, որովհետև պետք է համապատասխանի ստանդարտներին:
― Ըստ քեզ, արդի հայ գրականությունը արդյո՞ք ունի իր տեղն ու դիրքը համաշխարհային գրականությունում: Նկատի ունեմ ժամանակակից գրականությունը և հայ գրողներին, որքանո՞վ  է հաջողվել դառնալ համաշխարհային գրականության մի մաս:
―Ես կարծում եմ որ չունի որովհետեև ես անձամբ չեմ ճանաչում և ոչ մի հայ գրողի, ով միջազգային ասպարեզ է դուրս եկել: Նկատի ունեմ ժամանակակից գրողներին: Կարծում եմ այդ ամենը գալիս է նրանից, որ այն ոճը, որով գրում են արտասահմանում, չի համընկնում այն ոճի հետ, որով գրում են այստեղ:
―Փորձենք ասել կոնկրետ որո՞նք են այն խնդիրները, որոնք պատճառ են դառնում այդ ամենին: Ինչո՞ւ է այդ ոճն այդքան տարբեր:
―Կարծում եմ առաջնային խնդիրը հայկական մենթալիտետի խնդիրն է, և երկրորդը մենեջմենթի խնդիրն է, որը զրոյի վրա է: Ինչ գրական գործ էլ ստեղծվի, պետք է շատ լավ մենեջմենթ արվի, որպեսզի դառնա բեսթելլեր, որպեսզի կարդացվի հասարակության լայն շերտերի կողմից, ինչը Հայաստանում շատ դժվար է: Ինչպես նաև գրականությունը չի ֆինանսավորվում  դա էլ գիտենք մենք: Ես, իհարկե, հույս ունեմ, որ մեր հայ գրողներին կհաջողվի ամեն դեպքում դուրս գալ միջազգային ասպարեզ, բայց այդ ամենի համար երկար տարիներ են պետք, քանի որ երկար ժամանակահատված մեր գրականությունը մեռած վիճակում է եղել կապված լինելով սոցիալական վատ խնդիրների, պատերազմի և արվեստը չգնահատելու հետ: Հիմա կարծես այդ ամենը ուղղվում է և կան  լավ գրողներ, ովքեր փորձում են դուրս գալ միջազգային ասպարեզ, բայց դեռ իրենց մոտ չի ստացվում:
― Ի՞նչ ես կարծում,գրո՞ղը պետք է առաջ տանի գրականությունը, թե՞ ընթերցողի պարտադրանքով՝ ստեղծագործի այն, ինչ պահանջում է հասարակությունը:

― Պարտադրված տարբերակով գրողը չի գրի այն ինչ ինքն է ուզում: Այդպես ստեղծվում է հանրամատչելի արվեստ, որ հասանելի է բոլորին, այդպես գրվում է հեռուստաընկերության համար հեռուստասերիալի սցենար, որը սխալ է: Բայց այսօր ես գիտեմ որ Հայաստանում սիրում են սկանդալային պատմվածքներ, սկանդալային գրականություն և շատ հաճախ  մեր հայ գրողները նաև դրան էլ են անդրադառնում,որպեսզի ինչ որ տարբերակով նրանք կարողանան ցույց տան իրենց, ի հայտ գան: Մենք կարող ենք նկատել, որ գրականության ասպարեզի դեմքերի առաջին ստեղծագործությունները միշտ լինում են սկանդալային, այդպես փորձում են մտնել գրականության ասպարեզ: Իհարկե դա լավ տարբերակ է գրականության ասպարեզում հայտնի դառնալու համար, բայց բնականաբար եկար այդպես չես կարող մնալ և որոշ ժամանակ հետո սպառվում ես,  և գալիս է մի ժամանակ, որ ստիպված ես լինում քո միտքը, քո մտածելակերպը, քո հուզմունքները ցույց տաս: Բայց ամենամեծ խնդիրը նաև ընթերցողների պակասն է: Գրքերը մեծ դժվարությամբ են տպագրվում, այն բավականին թանկ է, իսկ գրողը չի կարող իր անձնական գրպանից այդ գումարը տրամադրել և այդ պատճառով եմ ասում, որ մեզ մոտ մենեջմենթ գրականության մեջ բացակայում է: Այսինքն, ոչ թե գրողը պետք է  փնտրի գումար գիրքը տպելու համար, այլ պետք է անի իմպրեսարիոն, իր մենեջերը, ով հովանավորների միջոցով, տարբեր մրցույթներում ներկայացնելու և շահելու դեպքում գումարը ճիշտ տնօրինելու աշխատանքները  պետք է կատարի:
―Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար:
―Շնորհակալ եմ նաև ես:

Հարցազրույցը վարեց  Արմեն Մխեյանը` http://ostarmenia.com/ կայքի համար:

 

«Եվրոպայի օրը» ծրագրից մեկ դրվագ. մշակույթը զարգանում է միջմշակութային երկխոսության միջոցով

Աղբյուրն` այստեղ...
  Մայիսի 25-ին Երևանում նշվեց «Եվրոպայի օրը»: Հյուսիսային պողոտայում ավելի քան 30 կազմակերպություններ այցելուներին էին ներկայացնում իրենց կազմակերպությունը և գործունեությունը: Առավել մարդաշատ էր «Միջմշակութային ուսումնասիությունների, ուսուցման և երկխոսության  միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության տաղավարը: Այցելուների ուշադրությունը հատկապես գրավում էին երկու փոքրիկ ամանները: Կազմակերպության ներկայացուցիչը նշեց որ դանք բերվել են Նեպալից: Առաջին հայացքից գինու թաս հիշեցնող ամանների շուրջբոլորը գրություններ էին: Կազմակերպության ներկայացուցիչը բացատրեց,  որ դրանք օգտագործվում են մեդիտացիայի ժամանակ և ցույց տվեց ինչպես: Փայտիկը ամանի եզրերով անցնակացնելիս մի քանի պտույտից հետո բավականին հետաքրիր ձայն էր լսում: Ամանի կողքը գրված էին մանտրաներ: Ինձ բացատրեցին, որ մանտրաները մոգական ուժը տալիս են  հնչյուններին: Որքան երկար են փայտիկը շարժում այնքան ձայնը բարձրանում է, սակայն պետք է ոչ շատ դանդաղ և ոչ էլ շատ արագ շարժել: Թե ինչ նյութից են պատրաստված, դժվարացավ նշել, սակայն հավելեց, որ հավանաբար բրոնզից են:
  Այնուհետև ցուցադրվեցին տաղավարում տեղադրված Եգիպտոսից, Հնդկաստանից և այլ երկրներից բերված մշակութային տարրեր:
  Կազմակերպությունն արդեն տասը տարի է գործում է: Այն հարցին, թե որն է եղել կազմակերպության վերջին ծրագիրը, նշվեց CAUCULT ծրագիրը, որը տևական ծրագիր է, սկսվել է 2012թ-ին և կավարտվի 2014թ-ին: Հիմնական նպատակն է ձևավորել մշակութային քաղաքականություն: Ծրագրի շրջանակներում  նաև ունեցել են թրեյնինգներ, որի մասնակիցներից մեկն ինքն է եղել և երկու օր առաջ է վերադարձել Լիտվայից: Թրեյնինգների թեման միջմշակութային հաղորդակցությունն է եղել: Այնտեղ ծանոթացել են տվյալ երկրի մշակույթի և մշակութային քաղաքականության հետ: Հայաստանից  մասնակցել են ոչ միայն երևանցիները, այլև մարզերից ու տարբեր կազմակերպություններից: Հիմնական նպատակը սոցիալական խնդիրների լուծումն է մշակույթի միջոցով:
  ―Կազմակերպության ներկայացուցիչները մասնակցում են տարբեր էքսպեդիցիաների՝ սկսած Սիբիրից վերջացրած Տիբեթով: Այնտեղից բերում են տարբեր մշակութային տարրեր ու փորձում են ներկայացնել, քանի որ մշակույթը զարգանում է միջմշակութային երկխոսության միջոցով,― նշեց զրուցակիցը:
 Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը http://ostarmenia.com կայքի համար:

2013-06-21

Բացառիկ լուսանկարներ Մարս մոլորակի մակերևույթից

  Ամերիկյան մարսագնացի կողմից արված ավելի քան 900 պատկերները միակցվել են և արդյունքում կարելի է տեսնել Կարմիր մոլորակի համայնապատկերը: Համայնապատկերի կետայնությունն ավելի քան 1 մլրդ է, ինչը թույլ է տալիս լուսանկարները դիտել բարձր թույլատրելիությամբ: NASA -ի կայքում հայտնված լուսանկարները բավականին ուշագրավ են: Ես առանձնացրել եմ դրանցից մի քանիսը:
   Մարսի մակերևույթը անապատ է հիշեցնում, սակայն եթե ուշադիր դիտենք, ապա կարող ենք  նկատել հստակ ձև ունեցող քարեր, գուցե և առարկաներ: Բնական եղանակով նրանց առաջացումը կարելի է կասկածի տակ առնել միայն այն պատճառով, որ վերջիններս ունեն հստակ կառուցվածք, անգամ ապարների վրա կարելի է  նկատել հատուկ պատկերներ: Մի քանի լուսանկարնեում հստակ երևում է լույսն անդրադարձնող իրեր:  
  Մնացած եզրակացությունները թողնում եմ ձեզ: 










2013-06-15

Հոգիներն ազատ շրջում են Հանրապետության հրապարակում



   Կխնդրեի ուշադիր նայել նկարի կենտրոնին և լույսի աղբյուրին... Չգիտեմ՝ լույսի խաբկանք է, թե հատուկ էֆեկտ, բայց հստակ կարելի է տեսնել կնոջ պատկեր: Լուսանկարն անելու պահին չեմ նկատել և միայն մեկ օր անց եմ տեսել պատկերը:
   Իրականում պարզվում է լազերային լույսի էֆեկտ է: Ջրի շիթերի շնորհիվ լազերից արձակված պատկերը «կենդանություն» է առնում և ոգիները պար են բռնում  ջրի շիթերի վրա:
   Լուսանկարն արվել է  հունիսի 13-ին, Հանրապետության հրապարակում: 

   Լուսանկարի հեղինակ՝ Արմեն Մխեյան