2013-06-23

Հարցազրույց Luxury ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանի հետ

Քանի որ հարցազրույցը բավականին հետքրքիր ստացվեց, տեղադրում եմ առանց փոփոխության, իսկ հոդվածը կարող եք կարդալ այստեղ... 


Իմ զրուցակիցն է «Luxury» ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանը:
―Ողջույն, Ալեքս: Շնորհակալ եմ հարցազրույցին մասնակցնելու համաձայնության համար: Գիտեմ, որ աշխատում ես «Luxury» ամսագրում: Մի փոքր կխնդրեի ներկայացնես ամսագիրը և հարց.  այսօր հայ հասարակությունում ընդունված է համարել, որ ամսագիրը միայն գեղեցկության սրահում սեղանիկին դնելու համար իր է: Ի՞նչ ես կարծում այդ առումով:
―Այսօր ամսագրեր Հայաստանում կան տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար, այսինքն այնպես չէ, որ Հայաստանում ամսագրերը միայն բարձրաշխարհիկ մարդկանց համար են, այնպես որ ամեն մեկը կարող է գտնել իրեն հետաքրքրող ամսագիր: Մեր ամսագիրը փորձում է այդ ամենը համատեղել, այսինքն կան ռուբրիկաներ և արվեստի վերաբերյալ, և բարձրաշխարհիկ  կյանքի վերաբերյալ, հետաքրքիր ինտերվյուներ արվեստագետների հետ և այդ ամենը մենք փորձել են կոորդինացնել մեկտեղ: Բնականաբար կան օրենքներ, որ մեր ամսագրում գործում են: Կոնցեպցիա է ընտրված, որ ցածր որակի  հոդված, կամ ցածր որակի գովազդ մեր ամսագրում չի կարող հայտնվել, որովհետև պետք է համապատասխանի ստանդարտներին:
― Ըստ քեզ, արդի հայ գրականությունը արդյո՞ք ունի իր տեղն ու դիրքը համաշխարհային գրականությունում: Նկատի ունեմ ժամանակակից գրականությունը և հայ գրողներին, որքանո՞վ  է հաջողվել դառնալ համաշխարհային գրականության մի մաս:
―Ես կարծում եմ որ չունի որովհետեև ես անձամբ չեմ ճանաչում և ոչ մի հայ գրողի, ով միջազգային ասպարեզ է դուրս եկել: Նկատի ունեմ ժամանակակից գրողներին: Կարծում եմ այդ ամենը գալիս է նրանից, որ այն ոճը, որով գրում են արտասահմանում, չի համընկնում այն ոճի հետ, որով գրում են այստեղ:
―Փորձենք ասել կոնկրետ որո՞նք են այն խնդիրները, որոնք պատճառ են դառնում այդ ամենին: Ինչո՞ւ է այդ ոճն այդքան տարբեր:
―Կարծում եմ առաջնային խնդիրը հայկական մենթալիտետի խնդիրն է, և երկրորդը մենեջմենթի խնդիրն է, որը զրոյի վրա է: Ինչ գրական գործ էլ ստեղծվի, պետք է շատ լավ մենեջմենթ արվի, որպեսզի դառնա բեսթելլեր, որպեսզի կարդացվի հասարակության լայն շերտերի կողմից, ինչը Հայաստանում շատ դժվար է: Ինչպես նաև գրականությունը չի ֆինանսավորվում  դա էլ գիտենք մենք: Ես, իհարկե, հույս ունեմ, որ մեր հայ գրողներին կհաջողվի ամեն դեպքում դուրս գալ միջազգային ասպարեզ, բայց այդ ամենի համար երկար տարիներ են պետք, քանի որ երկար ժամանակահատված մեր գրականությունը մեռած վիճակում է եղել կապված լինելով սոցիալական վատ խնդիրների, պատերազմի և արվեստը չգնահատելու հետ: Հիմա կարծես այդ ամենը ուղղվում է և կան  լավ գրողներ, ովքեր փորձում են դուրս գալ միջազգային ասպարեզ, բայց դեռ իրենց մոտ չի ստացվում:
― Ի՞նչ ես կարծում,գրո՞ղը պետք է առաջ տանի գրականությունը, թե՞ ընթերցողի պարտադրանքով՝ ստեղծագործի այն, ինչ պահանջում է հասարակությունը:

Պարտադրված տարբերակով գրողը չի գրի այն ինչ ինքն է ուզում: Այդպես ստեղծվում է հանրամատչելի արվեստ, որ հասանելի է բոլորին, այդպես գրվում է հեռուստաընկերության համար հեռուստասերիալի սցենար, որը սխալ է: Բայց այսօր ես գիտեմ որ Հայաստանում սիրում են սկանդալային պատմվածքներ, սկանդալային գրականություն և շատ հաճախ  մեր հայ գրողները նաև դրան էլ են անդրադառնում,որպեսզի ինչ որ տարբերակով նրանք կարողանան ցույց տան իրենց, ի հայտ գան: Մենք կարող ենք նկատել, որ գրականության ասպարեզի դեմքերի առաջին ստեղծագործությունները միշտ լինում են սկանդալային, այդպես փորձում են մտնել գրականության ասպարեզ: Իհարկե դա լավ տարբերակ է գրականության ասպարեզում հայտնի դառնալու համար, բայց բնականաբար եկար այդպես չես կարող մնալ և որոշ ժամանակ հետո սպառվում եսև գալիս է մի ժամանակ, որ ստիպված ես լինում քո միտքը, քո մտածելակերպը, քո հուզմունքները ցույց տաս: Բայց ամենամեծ խնդիրը նաև ընթերցողների պակասն է: Գրքերը մեծ դժվարությամբ են տպագրվում, այն բավականին թանկ է, իսկ գրողը չի կարող իր անձնական գրպանից այդ գումարը տրամադրել և այդ պատճառով եմ ասում, որ մեզ մոտ մենեջմենթ գրականության մեջ բացակայում է: Այսինքն, ոչ թե գրողը պետք է  փնտրի գումար գիրքը տպելու համար, այլ պետք է անի իմպրեսարիոն, իր մենեջերը, ով հովանավորների միջոցով, տարբեր մրցույթներում ներկայացնելու և շահելու դեպքում գումարը ճիշտ տնօրինելու աշխատանքները  պետք է կատարի:
Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար:
Շնորհակալ եմ նաև ես:

Հարցազրույցը վարեց  Արմեն Մխեյանը` http://ostarmenia.com/ կայքի համար:

 
Отправить комментарий