2013-07-17

Այսօր մնայուն երաժշտություն չի ստեղծվում: Երաժշտագետ

 
Հայ երիտասարդ կոմպոզիտորներն այդքան էլ լուրջ չեն մոտենում իրենց մասնագիտությանը: Զրույցի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց երաժիշտ Ալինա Խլղաթյանը:

   Զրուցակիցը նշեց, որ երիտասարդ երաժիշտներ կան, ովքեր ստեղծում են գործեր, սակայն ցավոք սրտի ոչ այնպես, ինչպես Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը և այլ հանրահայտ կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները դարձել են մնայուն արժեքներ:

   Պատասխանելով, այն հարցին, թե ինչն է հիմնական խնդիր համարում և ինչ լուծում կա իր կողմից առաջ քաշված խնդրին՝ զրուցակիցը նշեց, որ յուրաքանչյուր կոմպոզիտոր պետք է ստեղծագործի այն, ինչ պետք է համարում, ինչը կարող է ընդունվել հասարակության կողմից, սակայն հենց այստեղ պետք է ցույց տա իր պրոֆեսիոնալիզմը և իր ստեղծագործությունների միջոցով բարձրացնի հասարակության գնահատականը` չցածրացնելով ստեղծագործության արժեքը:

   Զրուցակիցը վերջում հավելեց, որ այս ամենը ժամանակի խնդիր է համարում:

   -Հասարակության կողմից ժամանակի ընթացում փոփոխությունները դժվար են ընկալվում, չեն գնահատում այն ինչ կա այսօր: Կանցնի որոշ ժամանակ, և այսօր գրված ստեղծագործություններն էլ ավելի մեծ արժեք կունենան, քան այսօր,-իր խոսքը եզրափակեց Ալինա Խլղաթյանը:

Արմեն Մխեյան                                                                     OstArmnenia.com

2013-07-13

Հոգիս երբեմն աչք ունենալու փոխարեն լեզու էլ կգտնի: Ա. Հայրապետյան


«Ես, իմ մարդկային էության ու արժանապատվության առաջ գլուխ խոնարհելով, առիթ եմ համարում խոսել մի բանի մասին, որտեղ մարդկային անսովոր բնավորությունը կարող է քեզ չընկալել»: Այսպես է սկսվում Արթուր Հայրապետյանի «Սպասում» պատմվածքը և համանուն պատմվածքների ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, «The Club» ակումբում:

Մթնոլորտն իսկապես հագեցած էր գրականության շնչով: Ներկա էին անվանի գրողներ, գրականագետներ, դերասաններ և մարդիկ, ովքեր գնահատում ու սիրով են ընթերցում Արթուր Հայրապետյանի ստեղծագործությունները: «Սպասում»-ը հեղինակի թվով երկրորդ պատմվածքների ժողովածուն է, որում զետեղված են երեսունից ավել պատմվածքներ: Հեղինակը նշեց, որ գրքի վրա աշխատել է ավելի քան երկու տարի, սակայն ոչ բոլոր պատմվածքներն են ներառվել գրքում: Մյուս պատմվածքները տեղ կգտնեն արդեն հաջորդ գրքում:
-Գիրքը մարդու տեսակի, ինքն իրեն հետ ազնիվ լինելու, որոշ առումով նաև խենթ լինելու մասին է: Իմ գրականության հիմքում ընկած է մարդը` խենթ ու խելառ, մի փոքր տարօրինակ, բայց ինքն իր հետ ազնիվ մարդը,- զրույցում նշեց հեղինակը:
Այն հարցին, թե ովքեր են դառնում իր ստեղծագործությունների հերոսները, հեղինակը նշեց, որ հիմնականում գրում է իր անունից և գլխավոր հերոսը հենց ինքն է, սակայն իր մեջ կա ամենահասարակ, ամենափոքրիկ, ամենամեծ, ամենախենթ մարդը, ով ունի տարբեր բնավորություններ, այլ աշխարհայացքներ: Գրողը նշեց, որ աշխատում է իր ստեղծագործություններում արթնացնել մարդուն` իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ: Պատասխանելով այն հարցին` թե որն է հիմնական գաղափարը, որը փորձել է ընթերցողին հասցնել, հեղինակը նշեց, որ փորձել է մի փոքր ըմբոստանալ ու դուրս գալ այն կապանքներից, կաղապարներից, որոնք սահմանափակում են մարդուն և փորձել է ազատ արտահայտվել հասարակության այն ցավոտ խնդիրների մասին, որ այսօր առկա են` ներկայացնելով դրանք իր տեսանկյունից:

Նյութը պատրաստեց Արմեն Մխեյանը http://ostarmenia.com/ կայքի համար:










Լուսանկարների հեղ. Արմեն Մխեյան

2013-07-07

Լրատվությունը պետք է վեր հանի հասարակությանը հուզող խնդրի լուծումը

Յուրաքանչյուր լրագրողի պարտքն է տեսնել խնդիրն ու բարձրաձայնել խնդրի մասին: Հունիսի 23-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Արևելքի երկրների  մշակույթի կենտրոն» հ/կ-ի նախագահ, լրագրող Բագրատ Մովսիսյանը:
Կարևորելով լրագրողի զգոնությունը` բանախոսը նշեց, որ իսկական լրագրողը պետք է գրի ու բարձաձայնի արդիական խնդիրների մասին, որոնք հուզում են հասարակությանը: Անդրադառնալով հոդվածի կառուցվածքային ձևերին ու դրանց արդիականության խնդրին` զրուցակիցը կարևորեց յուրաքանչյուր հոդվածի ներածական հատվածի` «լիդ»-ի առկայությունը:
-«Լիդ»-ը, որպես հոդվածի բաղկացուցիչ մաս, պետք է պատասխանի ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ հիմնական հարցերին և միևնույն ժամանակ տա ամփոփ տեղեկույթ հոդվածի մասին` իր մեջ ներառելով նյութի կարևորագույն հիմնահարցը,- եզրափակեց բանախոսը:
Աղբյուր`http://ostarmenia.com/2013/07/07/journalism/                             Հեղ.Արմեն Մխեյան

Գրականությունը երիտասարդության կողմից չի ընկալվում որպես դաստիարակչական երևույթ

«Գրականությունը պետության կողմից պետք է ավելի մեծ ուշադրության արժանանա. թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես»,-  զրույցի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց երիտասարդ գրող, հրապարակախոս, բլոգեր Արմեն Մխեյանը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով է այսօր երիտասարդության կողմից գրականությունն ընկալվում որպես դաստիարակչական երևույթ: Ըստ բանախոսի` արդի գրականությունը միանշանակ կրում է դաստիարակչական տարրեր, սակայն, եթե նկատի ունենանք հայ երիտասարդությանը, ապա ցավով պետք է փաստենք, որ կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ այս ոլորտում:
«Այսօր ավելի շատ դաստիարակչական են ընկալվում համացանցն ու հեռուստատեսությունը, իսկ գրականությունը, ես կարծում, եմ միանշանակ չի ընկալվում որպես դաստիարաչական երևույթ» – նշեց բանախոսը:
Մանրամասնելով խնդիրները՝ Արմեն Մխեյանը նշեց նախևառաջ ընթերցողների քիչ լինելը, այնուհետև տպագրման, գրքերի ձեռք բերման թանկ լինելը և վերջում բանախոսը ամենահիմնական խնդիրը համարեց այն, որ Հայաստանում քիչ են այն ստեղծագործողները, որոնց աշխատությունները կարող են դաստիարակչական նշանակություն ունենալ:
Բանախոսի կարծիքով այս ամենի լուծման տարբերակը պետության կողմից գրականությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելն է, կարևորելով ոչ միայն ֆինանսական, այլև բարոյահոգեբանական օժանդակությունը, որից հետո մյուս խնդիրներն ինքնաբերաբերաբար կլուծվեն:

2013-07-05

Հայ գրականությունը համաշխարհային գրականությունում առկա չէ

Գրականությունը պետության կողմից չի ֆինանսավորվում, կամ շատ քիչ է ֆինանասավորվում: Սա հիմնական խնդիրներից մեկն է, որի արդյունքում հայ արդի գրականությունը համաշխարհային գրականությունում առկա չէ: Այսպիսի կարծիք հայտնեց  «Luxury» ամսագրի վրացական համարի պատասխանատու-խմբագիր Ալեքս Միրզոյանը:
Խոսելով ամսագրերի մասին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում այսօր դրանք շատ են ու հասանելի տարբեր հետաքրքություններ ունեցող  մարդկանց: Առանձնացնելով «Luxury» ամսագիրը՝ ավելացրեց,  որ իրենք փորձում են համատեղել և՛ բարձրաշխարհիկ կյանքը, և՛ արվեստը մեկ ամսագրում:
Պատասխանելով հայ արդի գրականության վերաբերյալ հարցին՝ Ալեքս Միրզոյանը ասաց, որ չի ճանաչում և ոչ մի հայ ժամանակակից գրողի, ում հաջողվել է միջազգային ասպարեզ դուրս գալ: Թերևս, հիմնական խնդիրը բանախոսի կարծիքով հանդիսանում է մտածելակերպը: Հայ գրողների և համաշխարհային այլ գրողների ստեղծագործությունները ոճային առումով նման չեն: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ գրականությունը պետության կողմից չի ֆինանսավորվում, կամ շատ քիչ է ֆինանսավորվում:  Գրականությունն անմիջապես հասարակական մտածելակերպի արտացոլանք է: Տասնամյակներ շարունակ հայ գրականությունը չի զարգացել, կարելի է ասել դոփել է նույն տեղում: Հիմնական պատճառներից են նաև՝ պատերազմը, սոցիալական վատ վիճակը և հասարակությունում ընթերցողների սակավությունը: Մյուս կարևոր հանգամանքը, բանախոսի կարծիքով, գրականության ասպարեզում արվեստը չգնահատելը և մենեջմենթի խնդիրն է: Բանախոսը նշեց, որ այսօր մենեջմենթը հայ գրականությունում զրոյի վրա է:
Այն հարցին, թե գրո՞ղը պետք է թելադրի գրականությունը, թե՞ ելնելով հասարակական պահանջներից ստեղծագործի այն, ինչ պահանջում է հասարակությունը, բանախոսը նշեց, որ երբ գրողը ստեղծագործում է պարտադրաբար, ապա այն դառնում է հեռուստատեսային սերիալների սցենար միայն: Գրողը պետք է ստեղծի և իր ստեղծագործությունում արտահայտի իր հուզմունքն ու զգացողությունները, այլ ոչ թե ստեղծագործի՝  պատվեր իրականացնելով կամ պարտադրանքով:

Նյութը` http://ostarmenia.com/
Արմեն Մխեյան

2013-07-02

Անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա




    Ֆիզիկական աշխարհի ավարտից հետո կյանքը չի ավարտվում, այլ մարդն իր մեջ կրող էներգիան ձևափոխում է մեկ այլ էներգիայի,- այսօր հարցազրույցի ժամանակ իր տեսակետը հայտնեց երիտասարդ գրող, հրապարակախոս Արմեն Մխեյանը:

Ցավալի է  մտածել ու միևնույն ժամանակ անհավատալի է թվում, որ մահից հետո ոչինչ չկա և քանի որ յուրաքանչյուր մարդ և կենդանի արարած նախևառաջ իր մեջ հսկայական էներգիա է կրում, ապա բանախոսի կարծիքով մահից հետո մարդու էներգիան, որը հենց հոգին է, էներգիայի պահպանման օրենքից ելնելով  չի կարող անհետանալ, այլ կարող է ձևափոխվել…
Բանախոսը նշեց, որ էներգիան նաև ինֆորմացիայի կրող է, և այստեղ` այս աշխարհում որքան շատ ես կարողանում ստանալ տեղեկատվություն, գիտելիք, ապա էներգիայի ձևափոխությունից հետո մեծանում է հնարավորությունը էլ ավելին տանելու այս նյութական աշխարհից, քան կարող ես մտածել:
Անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը` Արմեն Մխեյանը նշեց, որ փորձում է իր պատմվածքներում ներդնել նաև փիլիսոփայական գաղափարներ` իր արձակ ստեղագործություններից առանձնացնելով «Վերջին բաբախյունը» պատմվածքը:
Մանրամասնելով պատմվածքի սյուժեն` հեղինակը նշեց, որ այն գրվել է իր համար բավականին ծանր հոգեբանական պայմաններում և գուցե այդ է եղել պատճառը, որ պատվածքը շատ հուզիչ է, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ ցավոտ, քանի որ ընթերցողներից շատերը չեն կարողանում զսպել իրենց արցունքերը: Ամեն դեպքում ցանկացած ստեղծագործություն, որքան էլ այն տխուր լինի, ինքը փորձում է ավարտել դրականի, գեղեցիկի և բարու հաղթանակով: Ինչը փորձել է անել նաև «Վերջին բաբախյունը» պատմվածքի դեպքում:


Նյութը պատրաստեց Լիլիթ Սուսանյանը

2013-07-01

Արևմուտքը պետք է սովորի հանդուրժողականություն Արևելքից


  Հայաստանը պետք է ճիշտ ընկալի Արևելքը և Արևելքի տարրերը, մասնավորապես ներդաշնակությունն ու հանդուրժաղականությունը: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Բագրատ Մովսիսյանը:

  Բանախոսը նշեց, որ իրենց կազմակերպության հիմնական ռեսուրսը էնտուզիազմն է: Կազմակերպությունը համագործակցում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, իսկ ֆինանսական առումով խնդիրը լուծվում է անդամավճարների տեսքով: Իրենց կազմակերպությունը առևտրային չէ, չի հովանավորվում, ինչը զերծ է պահում ճնշումներից և կողմանկի ազդեցություններից:

  Պատասխանելով այն հարցին, թե որն է եղել այս չորս տարիների ընթացքում Արևելյան մշակույթի հիմնական խորհուրդը, Բագրատ Մովսիսյանը նշեց, որ Արևելքի մասին Հայստանում քիչ գիտեն: Արևելքը հանդուրժողականության և ներդաշնակության կրողն է, որոնք բացակայում են Արևմուտքում: Թեպետ Արևելքը հաճախ է գտնվել պատերազմական գործողությունների թատերաբեմում, սակայն բոլոր այդ պատերազմները արտաքին գործոնների պատճառով են եղել: Մեր նպատակն է ճիշտ ներկայացնել հանդուրժողականությունն ու ներդաշնակությունը, բայց դա չի նշանակում ընդունել և հանդուրժող լինել թշնամու հանդեպ: Արևելքում գործում է նաև պաշտպանության նպատակով ուժի կիրառման կանոնը:

  Մասնավորեցնելով հանդուրժողականության վերաբերյալ հարցը` բանախոսը նշեց, որ պետք է ճիշտ ներկայացնել, թե ինչ է այն, հակառակ դեպքում հանդուրժողականությունից կարող է ծնվել անհանդուրժողականություն: Արևելքի հանդուրժողականությունը էականորեն տարբերվում է միայն նրանով, որ այնտեղ հանդուրժողականությունից անհանդուրժողականույթուն չի ծնվում:

Արմեն Մխեյան                                                                              OstArmenia.com