2013-08-19

Չասված բառեր



Խմբագրեց Արամ Հովակիկմյանը

Արմինեն աշխատավայր հասավ արդեն հոգեպես պատրաստված` հանդիպելու այն մարդուն, ում սիրել էր դեռ դպրոցական տարիներից: Միասին մանկապարտեզ, ապա տասը տարի դպրոց էին հաճախել: Այն բոլոր զգացողություններն ու հուշերը նորից արթնացան, երբ օրեր առաջ պատահմամբ հանդիպեց նրան:
«Այսօր նորից կհանդիպեմ նրան: Ինչո՞ւ ամեն անգամ նրան տեսնելիս նույն ջերմ ու հաճելի զգացողությունն եմ ունենում, ինչպես տարիներ առաջ էի ունենում: Հիշողություննե՜ր, մանկությո՜ւն: Ես ամեն կերպ ցույց տվեցի նրան իմ սերը, բայց նա սխալ հասկացավ` համարելով այն միայն հոգատարության  դրսևորում»:
«Անակնկալ ունեմ»,- ասել էր Արեգն ու պայմանավորվել երկու օրից սրահ գալ: Արեգն իր մանկության հուշերի անբաժանելի մասն էր: Հիշում էր` ինչպես մի անգամ բարձր դասարանցի տղայի հետ կռիվ արեց միայն նրա համար, որ տեղյակ չէր պահել իրեն, մոտեցել ու տուն ուղեկցելու առաջարկ արել էր Արմինեին: Փոքրամարմին Արեգը մի քանի օր աչքի տակ մեծ կապտուկով էր դասի հաճախում, սակայն չէր ամաչում արածի համար: «Արմինեն իմ քույրն է»,- հայտարարել էր Արեգը, չնայած նրանց միջև ոչ մի ազգակցական կապ չկար: Արմինեն լավ էր հիշում թե ինչ խորամանկությունների էին դիմում տնային հանձնարարությունները կատարելիս: Արեգը մեծ հետաքրքություն ուներ բնագիտական առարկաների նկատմամբ, իսկ Արմինեն` լեզուների: Նրանք միասին էին կատարում տնային աշխատանքները, ուստի Արմինեի ֆիզիկայի, քիմիայի տետրերը մշտապես Արեգի մոտ էին լինում, իսկ Արեգի լեզվի և գրականության տետրերը` Արմինեի մոտ: Ուսուցիչներն սկզբում գլուխ չէին կարողանում հանել, թե ինչու Արմինեի «մարգարտահատ» ձեռագիրը միայն հայոց լեզվի տետրերում էր երևում, իսկ երբ անցնում էին մաթեմատիկային, ֆիզիկային և մյուս բնագիտական առարկաներին, ձեռագիրը «ագռավի չանչերով գրածից» այն կողմ չէր անցնում:
Դպրոցն ավարտելուց հետո անցել էր տասնմեկ տարի: Արեգը հիմա հաջողակ գործարար էր, Արմինեն էլ կարծես ետ չէր մնում. ղեկավարում էր իր դիզայն-ստուդիան ու հարսանյաց սրահը:
Բջջայինի ձայնը Արմինեին շեղեց մտքերից:
-Լսում եմ:
-Արմի՞ն, ողջույն: Ինչպե՞ս ես:
-Բարև, որտե՞ղ ես, կարծես թե ինչպես միշտ ուշանում ես:
-Սխալվեցիր, - լսվեց Արեգի ծիծաղը,- մենք արդեն խանութի դռան մոտ ենք
«Մե՞նք, տեսնես ում հետ է որոշել այցելել»:
Արմինեն արագ դուրս եկավ աշխատասենյակից:

Սրահի աշխատակցուհին արդեն հասցրել էր մոտենալ այցելուներին, սակայն տեսնելով, որ այցելուներն Արմինեի հյուրերն են, հեռացավ:
-Բարև իմ մանկության քույրիկ, - Արմինեին գրկեց Արեգը, - թույլ տուր ներակայացնել իմ, ը՜Երևի արդեն ճիշտ կլինի ասել հարսնացուին,- ժպիտով շարունակեց Արեգը:
-Հարսնացուի՞ն, - զարմացավ Արմինեն, աչքի տակով նայելով շիկահեր ու կապուտաչյա գեղեցկուհուն, ապա փորձեց զարմանքը քողարկել ժպիտով, - երեք ամիս առաջ, երբ հանդիպեցինք, ասացիր, որ դեռ թեկնածու չկա
-Իսկ հիմա ինչպես տեսնում ես` կա, - ծիծաղելով շարունակեց Արեգը, - ծանոթացեք` Էմիլյա և Արմինե:
-Ուրախ եմ, - ժպտաց Էմիլյան:
-Ես նույնպես: Այ հիմա հասկացա, թե ինչու էիր որոշել այցելել դասընկերուհուդ:
-Դու միշտ էլ եղել ես իմ ընդունակ դասընկերուհին: Ի դեպ քեզնից պատմիր, լսել եմ` ընկեր ունես ու չես ծանոթացրել:
-Դու դեռ շարունակում ես իմ եղբո՞ր դերում հանդես գալ: Ո՛չ, ես ընկեր չունեմ, - հայացքը մի կողմ թեքեց Արմինեն` խուսափելով նայել Արեգի աչքերին, - երբ ունենամ, հաստատ քեզ կասեմ:
-Դե հույս ունեմ` շուտով…
Արմինեն չլսելու տվեց Արեգի ասածն ու դիմեց Էմիլյային.
-Հարսի զգեստը առանց փեսացուի կընտրենք: Համաձա՞յն չես, - աչքով նշան անելով խոսեց Արմինեն, - իսկ մինչ այդ կարող ենք լավագույն տարոսիկները, ծաղիկներն ու ծաղկեփնջերը ընտրել: Իսկ որոշվա՞ծ է օրը:
-Ուղիղ երկու շաբաթից, ու մեկ էլ մի փոքրիկ հավելում, - շարունակեց Արեգը,- դու ևս հրավիրվածների ցուցակում ես: Երբ ընտրենք հրավիրատոսերը, դու առաջինը կստանաս:



Ահա և վերջ: Արմինեն հավատալ չէր ուզում. վաղն Արեգը կամուսնանա:
 «Նա այդպես էլ չհասկացավ իմ սերը, իսկ ես հիմարի պես արեցի հնարավորը ցույց տալու համար թե որքան եմ սիրում իրեն: Նա այդպես էլ ինձ չսիրեց, որպես կին, իսկ հասցրած ցավը… Ցա՞վ, - ինքն իրեն հարցրեց Արմինեն: - Բայց չէ որ նա չէր փորձի ինձ ցավեցնել, եթե իմանար: Եթե միայն իմանար թե որքան սեր կա իմ սրտում, որ պատրաստ եմ  նվիրել իրեն, ու նվիրել եմ, բայց երբեք բարձրաձայն չեմ ասել»:
Արմինեն սպիտակ թուղթն իր առջև քաշեց: Քանի նման թուղթ է գրել, բայց հետո բոլորն էլ դեն նետել:

«Փոխադարձ սերը բառերի կարիք չի զգում: Լեզուն անկարող է արտահայտել սրտի թրթիռն ու հոգու ճախրանքը: Երբ սրտերը միաձուլվեն ու բաբախեն միաժամանակ, այդժամ հնարավոր կլինի հասկանալ սիրո լեզուն: Այն համր է թվում, բայց ամենապերճահնչունն ու վեհն է:
Ասում են` սիրում են միայն մեկ անգամ և այն առաջին սերն է, իսկ հետո բոլոր սիրահարությունները համեմատում առաջինի հետ: Նա կմնա հավետ այն իդեալը, որին կձգտեմ տեսնել իմ կողքին, բայց նաև գիտեմ, որ արդեն անհնարին է: Իմ երազանքն ահնաս հեռացավ:   Իրական երազանքը պետք է անհաս լինի, որ նրան միշտ ձգտես հասնել, բայց ես անկարող եմ արդեն առաջ գնալ: Ես գիտեմ, որ նա իմը չի լինելու, բայց ես կշարունակեմ սիրել նրան: Այդպես շատ հեշտ է, քանի որ չեմ սպասի նրա պատասխան սիրուն: Ես կշարունակեմ սիրել նրան և վերջ»:

16.04.13թ

Արմինեն զգաց, թե ինչպես աչքերը թացացան: Չէր էլ հիշում, թե երբ էր վերջին անգամ լաց եղել: Բայց այսօր չէր կարող չլացել: Հոգուց մի բան դատարկվել էր, ասես մանկությունն իսպառ անհետացել էր, գույները` խամրել: Ի՞նչ անել, գնալ ու ասե՞լ Արեգին, թե որքան է սիրում նրան: Ո՜չ, դա անհնար է: Սարսափելի կլինի մտածել, թե ինչ հետևանք կարող է ունենալ իր ամեն մի անզգույշ քայլը, առավել ևս եթե Արեգը իրեն չհասկանա: Որքան հիասթափություն, ցավ կծնվի նրա հոգում: Բավական է այն, ինչ արդեն կա իր հոգում: Չէ՞ որ Արեգն իսկապես սիրահարված է: Նրա աչքերը կրկին փայլում էին ինչպես տարիներ առաջ, իսկ վաղն արդեն հարսանիքն է:
«Եթե սերը փոխադարձ լիներ, ապա անկասկած կհասկանար այն բոլոր նշանները, որոնք նրա համար էին: Այնպես որ նա մեղավոր չէ այս ամենի համար: Իմ սերն անպատասխան է եղել: Ընդունիր, Արմինե ու առաջ գնա և նույնիսկ շնորհակալ եղիր, շնորհիվ Արեգի` հասկացել ես` ի՛նչ է իրական սերը, բայց պետք է նաև ուժ գտնես մոռանալու նրան»:
Արմինեն երեկվա պես հիշում էր այն օրը երբ ինքն ու Արտակը զրուցում էին: Հազիվ տասներկու տարեկան կլինեին:
-Երբ ամուսանամ, դու կլինես իմ հարսնաքույրը, ես հարազատ քույրիկ չունեմ
-Ինչ հիմարիկն ես,- ծիծաղում էր Արմինեն,- տղան հարսնաքույր չի ունենում: Հարսն է ունենում է հարսնաքույր, իսկ փեսան խաչեղբայր:
-Իսկ մենք կփոխենք,- միամտորեն շարունակեց Արեգը:
-Բայց էդպես չի լինում, - նորից պնդեց Արմինեն, ապա մի փոքր լռությունից հետո հարցրեց: - Իսկ ինչպիսի՞ն կուզեիր, որ լիներ հարսնացուդ:
-Կապուտաչյա ու երկար մազերով
Փոքրիկ Արեգը տետրակով հարված ստացավ գլխին:
-Կապույտ աչքե՜ր, երկա՜ր մազեր, - Արեգի ձևն էր անում և ծիծաղում Արմինեն, - դու քեզ հայելու մեջ նայիր, նոր կապուտաչյա աղջիկների մասին երազիր:
Արմինեն հիշում էր` ինչպես Արեգը դեմքը ծամածռեց ու ծաղրելով իրեն, փախավ, իսկ ինքը ետևից վազում էր, որ կրկին հավածեր Արեգին:

Մանկության օրերն անհոգ էին ու կարծես արտասովոր գույն ունեին: Աշխարհն ավելի պարզ էր, բայց միևնույն ժամանակ գունեղ ու անսովոր:
«Դու կգնաս ու կշնորհավորես նրան, երջանկություն կմաղթես, անգամ եթե սիրտդ կոտրված լինի, անգամ եթե խանդն ու նախանձը փորձեն կուրացնել, պետք է չմոռանալ, որ Արեգը մանկությանդ անբաժանելի հերոսն է: Դու պարտավոր ես նրան երջանկություն ցանկանալ, քանի որ սիրում ես»:
Արմինեն սրբեց արցունքն ու վեր կացավ` փնտրելու մանկության հիշողությունների գիրքը` այն գիրքը, որի դատարկ էջերին էր հանձնել զգացողություններն ու հույզերը: Շատ չանցած իր կյանքի օրագիրն արդեն ձեռքում էր:
Արմինեն բացեց այն էջը, որտեղ գրի էր առել կարճ բանաստեղծություն: Այն արտագրեց բացիկի վրա, ապա խնամքով ծալեց ու դրեց պայուսակի մեջ:
«Սա էլ վերջին նշանը»:

Հաջորդ օրը Արմինեն փայլում էր իր գեղեցկությամբ: Նրա թախծոտ հայացքն ու  միաժամանակ գեղեցիկ ժպիտը աննկատ չէր թողնում և ոչ մեկին:
-Մեծ երջանկություն քեզ, իմ մնակության ընկեր ու եղբայր, - շնորհավորեց Արմինեն Արեգին:
-Շնորհակալ եմ իմ քույրիկ: Դու այսօր շլացնող տեսք ունես, որքա՜ն գեղեցիկ ես: Տես, հանկարծ չառևանգեն, - գրկեց Արմինեին Արեգը:
Արմինեին թվաց հիմա սիրտը դուրս կթռնի:
-Ուզում եմ, որ դու էլ իմ պես երջանիկ լինես, - շարունակեց Արեգը:

Արմինեն աննկատ հեռացավ հանդիսությունների սրահից: Երկու գավաթ գինուց գլուխն այնպես էր պտտվում, ասես կարուսել էր նստել:  Եթե մի փոքր էլ մնար, ապա գուցե անկեղծությունը թաքցնել անհնար լիներ: Լավագույն տարբերակը հեռանալն էր: Կանգնեցնելով առաջին իսկ պատահած տաքսին` վարորդին խնդրեց իրեն հեռու տանել: Երբ բավական հեռացել էին, վարորդը խնդրեց կոնկրետ նշել հասցեն, բայց Արմինեն տուն գնալ չէր ուզում: Վառվող սիրտը ուզում էր զովանալ Երևանի գարնանային գիշերով: Հակառակ վարորդի պնդմանը, ով հասկացել էր, որ Արմինեն այնքան էլ լավ չի զգում իրեն, չմնաց մեքենայում, վճարեց գումարն ու իջավ:
Հասցրեց ընդամենը մի քանի քայլ անել: Երկար զգեստն ու բարձրակրունկ կոշիկներն էլ ավելի էին դժավարացնում քայլելը: Նստեց մոտակա նստարանին:
«Ես կույր էի: Չէ՞ որ տեսնում էի, գիտեի` նա չի կարող լինել իմը: Աստվա՛ծ իմ, որքա՜ն եսասերն եմ եղել ես: Ես կառուցել եմ իմ ցանկությունները անիրական հիմքերով, այնինչ այս կյանքում նպատակին հասնելու համար պետք է գծել այն իրականացնելու ճանապարհը և նշել կոնկրետ ա՛յն կետը, որտեղից պետք է սկսել ցանկության իրագործման քայլերը: Այդ կետը պետք է ունենա իրական հիմք, հակառակ դեպքում կձախողվի: Ո՜չ, սա երազանք էր, գերնպատակ, որին հասնել անհնարին է, բայց միաժամանակ դեպի երազանքը տանող ուղին սովորեցնում է պայքարել, մարտնչել ու պատրաստ լինել դիմագրավելու փորձությունների: Այսքանից հետո ես ավելի ամուր կլինեմ…»:
Հիշեց պայուսակում գտնվող բացիկը, որին գրված էր այն, ինչ ուզում էր ասել Արեգին, բայց նրա հանդեպ  սերը ստիպեց լռել` հանուն նրա երջանկության:

Սիրել եմ լուռ ու անձայն.
Ոչինչ չեմ ասել` իմանալով,
Որ ուրիշինն ես, իմը չես,
Ու չես լինի…
Հարսանիքիդ անպատճառ կգամ,
Բոլորից շատ քեզ բարին կասեմ,
Երջանիկ բախտ կմաղթեմ ու…
Ու լուռ կհեռանամ`
Երջանկությունը թողնելով քեզ…

Հանկարծ քամին բացիկը Արմինեի ձեռքից պոկեց, կամ գուցե Արմինեն այդ պահին հանձնեց այն քամուն, դժվար է ասել: Բացիկը մի պահ օդ բարձրացավ ու քամուց օրորվելով աճապարեց հեռու:
«Աստվա՜ծ իմ, ես ինձ կորցրել եմ: Կորցրել եմ իմ մենության մեջ: Ես հոգնել եմ քո ընկերը լինելուց: Այս ողջ ճանապարհին զգացել եմ մենության շունչն, այլևս չեմ ուզում: Գնա՛, հեռացի՛ր, մենություն»:
-Գնա՜, - բարձրաձայն գոչեց Արմինեն ու գլուխն առավ ափերի մեջ:
-Ես կարողացա բռնել այն, - լսվեց թիկունքից:
Արմինեն բարձրացրեց գլուխն ու նայեց ձայնի ուղղությամբ: Իրեն էր մոտենում մոտ երեսուն տարեկան տղամարդ:
-Սա Ձե՞րն է, - հարցրեց երիտասարդը` բացիկը մեկնելով Արմինեին:
-Շնորհակալություն, բայց այն ինձ պետք չէ այլևս:
-Կարո՞ղ եմ օգնել որևէ հարցում: Ամեն դեպքում բացիկը կդնեմ այստեղ:
«Ինչ է ուզում այս մարդը: Իսկ եթե ավազա՞կ է, - մտածեց Արմինեն` ուշադիր զննելով իրեն մոտեցող տղամարդուն»: Համենայնդեպս հագուկապն ու թանկարժեք կոշիկները տեսնելով` ավազակի տարբերակն անմիջապես հերքվեց:
-Դե՛ն նետեք այն, կամ էլ կարող եք Ձեզ պահել:
Անծանոթը մի հայացք գցեց բացիկի վրա գրված տողերին:
-Ձեր թույլտվությամբ ես այն կվերցնեմ ինձ, - ասաց տղամարդն ու շրջվեց հեռանալու համար:
«Ինչ լավ է հեշտ պրծա»:
-Ամեն դեպքում մեկ հավելում անեմ, - դեպի Արմինեն շրջվեց տղամարդը, - ամենափոքրիկ երջանկությունը դիմացինին ժպիտ պարգևելն է:
Տղամարդը մոտեցավ ու խոնարհվեց, որպեսզի Արմինեն վերև չնայի:
- Իսկ ժպիտ պարգևելը շատ հեշտ է, ժպտալ ու անել հաճելին - շարունակեց տղամարդը գրպանից հանված շոկոլադե փոքրիկ կոնֆետները Արմինեին մեկնելով,- չմերժեք խնդրում եմ: Այսօր իմ ծննդյան օրն է:
Սկզբում Արմինեն քիչ մնաց ճչար, բայց երբ հենց իր քթի տակ տեսավ կոնֆետների գույնզգույն թղթերը, սկսեց ծիծաղել: Արմինեի ծիծաղը վարակիչ էր: Երիտասարդը նույնպես սկսեց ծիծաղել:
-Կատակ եք անում, այնպես չէ՞, - վերջապես կարողացավ հարցնել Արմինեն:
-Իհարկե ոչ: Ուղղակի իմ ծննդյան օրը տարվա ամենաչսիրածս օրն է: Այդ օրվա տխրությունը ես երջանկության ակնթարթների եմ վերածում վազվզող երեխաների, անծանոթների, պարզապես անցորդների համար` նրանց բոլորին  շոկոլադ հյուրասիրելով:
Երբ  տղամարդը նստեց, Արմինեն համտեսելով կոնֆետը, խոսեց.
-Ասեմ, որ Ձեզ հաջողվեց:
Երիտասարդը լուռ ժպտաց:
-Իմ անունը Հայկ է:
Արմինեն նայեց իրեն նայող տղամարդու աչքերի մեջ. «Մի՞թե ես կարող եմ սիրահարվել կրկին, այն էլ բոլորովին անծանոթ և տարօրինակ սովորություններով տղամարդու»:
-Ես պետք է գնամ:
-Բայց դուք կարծես այդքան էլ լավ չեք զգում Ձեզ: Սպասե՛ք օգնեմ
-Արմինե, իմ անունը Արմինե է, - բռնելով Հայկի ձեռքը, վեր կացավ Արմինեն, - սխալվում եք, ես ինձ հիանալի եմ զգում: Բայց դա չպետք է խանգարի, որ ինձ ուղեկցեք, -Արմինեի դեմքին հայտնվեց խորմանկ ժպիտ:
Երբ արդեն հասել էին փողոցի անկյունին, Արմինեն նայեց այն նստարանի ուղղությամբ, որին նստած էր քիչ առաջ: Հայկն այդպես էլ բացիկը չէր վերցրել իր հետ: Քամին բացում-փակում էր այն, հավանաբար կարդալով տողերը, որոնք այդպես էլ բարձրաձայն չասվեցին այն մեկի համար, ում համար գրված էին:
Հիմա դրանք անցյալի բառեր էին` քամուն հանձնված



Комментариев нет: