2013-08-12

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ (մաս առաջին)



Armen Mkheyan


ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ

   ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
(Մաս առաջին)

   Армен Мхеян

   

Արմեն Մխեյանն այս անգամ անդրադարձել է գենետիկ ձևափոխության ենթարկված մշակաբույսերի խնդրին: Իրադարձությունների կիզակետում հայտնվում է լրատվական կայքի խմբագիրը, ով ակամա դառնում է բարձրաստիճան պաշտոնյայի սպանության վկան: Հանցագործություն, որը նպատակ ունի կոծկել և վերացնել մեկ այլ հանցագործության հետքը:
Գլխավոր հերոսները, քաջ գիտակցելով, թե ինչ հնարավոր վտանգների առջև կարող է կանգնել պետությունը, անհավասար պայքարի մեջ են մտնում` հանուն ճշմարտության բացահայտման, սակայն ապացույցը մեկն է, իսկ այն ձեռք բերելու համար ստիպված են խախտել օրենքը:
Հանուն արդարության նրանց պայքարը վերածվում է կյանքի ու մահու կռվի, որտեղ վստահել կարող են շատ քչերին...

Գործողությունների կտրուկ ու անհավատալի զարգացում` լի անսպասելի լուծումներով:

Միևնույն ժամանակ հեղինակը փորձում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց անտեսումը կարող են վտանգել պետության և ժողովրդի անվտանգությունը:


Վեպում օգտագործվել են պետական մի շարք կառույցների անուններ, ինչպես նաև Mediamall.am և 1in.am լրատվական կայքերի անունները: Հերոսները, սյուժեն ու նրանց անունները մտացածին են, ցանկացած համընկնում` պատահականություն:

Հատուկ շնորհակալություն Mediamall.am, 1in.am կայքերին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել վեպի ստեղծման գործում:

Խմբագիր` Արամ Հովակիմյան


Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի թույլտվության:

© ArmenMkheyan 



Խավարին պետք չէ վստահել, քանի որ չգիտես թե քանի թշնամի կարող է քողարկել այն…
Արմեն Մխեյան




Օրը շաբաթ էր, բայց ավտոմեքենաների պակաս կայանատեղում չէր զգացվում: Սամվելը դժվարությամբ, բայց վերջապես կարողացավ մեքենան կայանել կանգառում:
«Առավոտյան եթե սկսենք բարկանալ, ապա ի՞նչ կլինի օրվա մյուս  ժամերին,- ինքն իրեն հանգստացրեց Սամվելն ու արձակեց ամրագոտին: Նրա ուշադրությունը գրավեց ոչ հեռու կայանած մեքենայում նստած զույգը: Մեքենան թանկարժեք էր ու վերջին սերնդի ամենագնացներից, այնպես որ իր վարած մեքենան հնոտի էր` նրա հետ համեմատած: Երիտասարդ, մոտ երեսուն տարեկան կնոջ դեմքը իրեն շատ լավ ծանոթ էր: Որպես լրագրող և լրատվական ամենահայտնի կայքի գլխավոր խմբագիր, նա լավ ճանաչում էր այդ կնոջը, ով բավականին բարձրաստիճան պաշտոնյա էր նախարարությունում: Ղեկին նստած տղամարդու դեմքը չէր երևում, բայց վառ կարմիր փողկապը և շքեղ մեքենան խոսում էին այն մասին, նա ևս պաշտոնյա է: Հավանաբար կրկին նախարարության աշխատակից, քանի որ Կառավարական շենքը հենց գրասենյակի հարևանությամբ էր գտնվում ու ինքը հաճախ էր հանդիպում պաշտոնյաների: Կնոջ դեմքը հուզմունք էր արտահայտում ու Սամվելին թվաց՝ անգամ վրդովմունք:
Երիտասարդ կինը նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետն էր: Վերջերս իր հրապարակած հոդվածներից մեկը մեղադրանքներ էր պարունակում հատկապես նորանշանակ պետի՝ Տաթև Ստեփանյանի աշխատանքի վերաբերյալ:
«Հետո կասեն, թե լրագրողներն անգամ իրենց անձնական կյանք են ներխուժում», - մտքում ասաց Սամվելն ու բարձրացրեց մեքենայի կողապակիները՝ պատրաստվելով դուրս գալ: Բայց այդ պահին շքեղ մեքենայի դուռը բացվեց ու տիկին Ստեփանյանը դուրս եկավ մեքենայից:
Սամվելին կրկին թվաց, որ տիկին Ստեփանյանը մի փոքր զայրացած է: Մեքենայի դուռը սովորականից ուժեղ փակվեց: Կինն արագ քայլերով հասցրեց շրջանցել մի քանի կայանած մեքենաներ ու արդեն բավական հեռացել էր, երբ տղամարդը ևս մեքենայից փորձեց իջնել:
Հանկարծ Սամվելի ականջին հասավ մեկ ուրիշ մեքենայի անիվների ճռռոց, ապա տեսադաշտում հայտնվեց հենց մեքենան:
Մինչ Սամվելն ինքն իրեն կհարցներ, թե տեսնես` ո՛ր պաշտոնյայի անդաստիարակ տղան է Կառավարական շենքի մոտ նման բան անում, կատարվեց անսպասելին: Արագ ընթացող մեքենայի կիսաբաց պատուհանից Սամվելը նկատեց ինքնաձիգի փողը, ապա լսվեց վեց-յոթ կրակոց հենց իր ու իր կողքին կայանած մեքենաների ուղղությամբ:
Երբ բարձրացրեց գլուխը հասկացավ, որ թիրախը պաշտոնյան էր և ոչ թե ինքը: Մի քանի մեքենաների ազդանշանային համակարգերը գործի ընկան, լսվեցին առաջին ճիչերն ու օգնության կանչերը:
Սամվելը ոչ թե իջավ, այլ դուրս թռավ ու վազեց դեպի վիրավորը:
Միջին տարիքի տղամարդը դեմքով դեպի գետինն էր պառկած՝ ամբողջովին արյան մեջ:
Սամվելը փորձեց շրջել նրան, որպեսզի վիրավորը կարողանա շնչել:
-Ոստիկանություն, շտապ օգնություն կանչե՛ք, - գոռաց նա:
-Չտա՛լ, չտա՜լ ոչ մեկին, - հազիվ կարողացավ արտաբերել վիրավորն ու ձեռքը մեկնեց դեպի Սամվելը:
-Մի խոսեք, ամեն ինչ լավ կլինի, լսո՞ւմ եք:
-Չտա՜լ, - շարունակեց վիրավորը:
-Զանգեցի՞ք շտապ օգնություն, - հարցրեց Սամվելն իրեն մոտեցած մարդկանց:
Մի քանիսը գլխով արեցին:
Սամվելի ուշադրությունն այդ պահին գրավեց երիտասարդ կինը: Նա ահից երկու ափերով ծածկել էր դեմքը: Այդ կինը վայրկյաններ առաջ հենց նույն մեքենայում էր: Սամվելը փորձեց բարձրացնել վիրավորի գլուխն ու միայն այդ պահին ճանաչեց նրան`գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն էր: Սամվելը կրկին հայացք գցեց Տաթև Ստեփանյանի ուղղությամբ, բայց կինը կորել էր ամբոխի մեջ: 

***

Մեդիամոլ լրատվականի գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանն ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Դեպքից րոպեներ անց շտապ օգնության մեքենան ծանր վիրավորին տեղափոխեց հիվանդանոց, իսկ լրագրողները, մարդիկ ու ոստիկաններն անմիջապես շրջապատեցին դեպքի վայրը: Սամվելը ուշքի չէր գալիս կատարվածից հետո:
Սեփական աչքի առաջ, օրը ցերեկով նման հանցագործություն:
Ոստիկաններին հակիրճ ներկայացնելով կատարվածը` փորձեց շարժվել դեպի խմբագրություն, բայց այս անգամ լրագրողների մի մեծ խումբ շրջապատեց իրեն:
-Սամվել, քա՞նի հրազենային վերք կար…
-Մեքենայի, մակնիշն ու պետհամարանիշը հիշո՞ւմ եք…
-Ի՞նչ տեսակի զենք էր…
Սամվելը նայեց շուրջը հավաքված լրագրողներին. յուրաքանչյուրն զինված էր տեսախցիկով: Տարօրինակ կաշկանդվածություն զգաց: Միշտ ուրիշներն էին իր ուշադրության կենտրոնում, իսկ այսօր ինքը: Իր հագուստն ու ձեռքերն ամբողջովին արյունոտված էին, իսկ րոպեներ անց իր լուսանկարները կհեղեղեն մամուլը:
-Մի քանի րոպեից կայքում կտեղադրվի մանրամասները: Հիմա էլ չեմ կարող խոսել: Կներեք:
Սամվելը վերջապես կարողացավ դուրս գալ շրջափակումից ու մտնել շենքի մուտք:
Իր խմբագրակազմի գործընկերներն՝ Արտակն ու Գոհարը, անմիջապես օգնության հասան:
-Վիրավո՞ր չես, ցավեր չկա՞ն, - հարցրեց առաջինը մոտեցած Արտակը:
-Վիրավոր չեմ, ամեն ինչ լավ է: Ո՞վ կա խմբագրությունում:
-Ես եմ ու Գոհարը:
-Պատրաստո՞ւմ եք հոդվածը:
-Գրեթե պատրաստ է, երեք րոպեից կարող եմ տեղադրել:
-Շատ լավ, ես լվացվեմ, գնամ տուն՝ շորերս փոխելու: Լրագրողների հարցերին էլ դուք կպատասխանեք:
Լվացվելուց հետո երբ Սամվելը մտավ աշխատասենյակ, առաջին իսկ գործողությունը հեռուստացույցն ու համակարգիչը միացնելն եղավ:
Եթերում արդեն իսկ մի շարք հեռուստաընկերություններ հեռարձակում էին րոպեներ առաջ կատարվածը:
«…Բժիշկների գնահատմամբ վիրավոր փոխնախարարի վիճակը խիստ ծանր է: Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար: Արձակված գնդակներից չորսը դիպել են կրծքավանդակին»…
Հազիվ էր նստել, երբ դռան ետևից աղմուկ լսվեց: Գոհարն էր:
-Չեմ կարծում, որ կկարողանա խոսել Ձեզ հետ...
Դուռը թակեցին ու առանց սպասելու պատասխանի՝ բացեցին:
Շեմքին հայտնվեց բավականին հմայիչ ու նրբաոճ հագուկապով այն նույն կինը, ում քիչ առաջ տեսել էր Սամվելը մեքենայում:
Սամվելը հայացք գցեց շփոթված Գոհարի դեմքին, ով աչքերով փորձեց հասկացնել, որ չկարողացավ կանգնեցնել հյուրին:
Հյուրը, չսպասելով հրավերի, առաջ եկավ: Սամվելը փորձեց ոտքի կանգնել:
-Հուսով եմ` դուք չեք վիրավորվել, մենք պետք է զրուցենք հոդվածի վերաբերյալ:
«Հոդվածի վերաբերյա՞լ: Այս կինն կամ աննորմալ է կամ էլ դեռ շոկային վիճակում»:
-Ի՞նչ հոդված տ...
-Կխնդրեի, որ մեզ մենակ թողեք, - ավելի բարձր ու ակնհայտ փորձելով ընդհատել Սամվելին, շարունակեց կինը:
Գոհարը զայրութով լի հայացք ձգեց անկոչ հյուրի ուղղությամբ ու դուրս եկավ:
Դուռը փակվելուն պես կինը մեկ քայլով մոտեցավ սեղանին ապա վերցրեց սեղանին դրված նոթատետրն ու գրչամանից մատիտ և սկսեց ինչ-որ գրառում անել թղթի վրա:
Սամվելին այս ամենը ծիծաղելի էր թվում: Երբ փորձեց ձայն հանել, կինը նորից միջամտեց.
-Գիտեմ, դժվար է խոսել այն ամենից հետո, ինչին այսօր ականատես եք եղել, բայց որպես լրագրող ես իմ աշխատանքն եմ կատարում:
«Լրագրո՞ղ: Չէ՜, Տաթև Ստեփանյանն առնվազն հոգեկան խնդիրներ է ձեռք բերել, կամ էլ ուներ»:
Մեկ վայրկյան էլ ու նրա համբերություննը կլցվեր այս խեղկատությունից, բայց Տաթևը դեպի իրեն շրջեց նոթատետրը, որին մանր ու գեղեցիկ տառերով գրված էր՝ «Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ»:
Սամվելի գլխին ասես ցնցուղից սառը ջուր մաղեցին ու նա լուռ նստեց աթոռին:
Տաթևը նիհարակազմ, բավականին գեղեցիկ դիմագծերով կին էր: Թեպետ տարիքը երեսունն անց էր, բայց ավելի փոքր էր երևում: Նրա ձեռքն արագ շարժվում էր թղթի վրա: Երբ ավարտեց երկրորդ գրառումը, մեկնեց որպեսզի Սամվելը կարդա:
«Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդականց»:
Սամվելը զարմացած նայեց Տաթևի դեմքին հասկանալու համար, արդյոք այս ամենը խա՞ղ է թե, ոչ: Բայց Տաթևի մտահոգ ու վախեցած դեմքը  խոսում էր, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Նոր գրությունը չուշացավ. «Վերցրեք կոստյումն ու հետևեք ինձ»: Տաթևը նորից սկսեց գրել, բայց ավարտելուց հետո պատռեց էջն ու հաջորդ էջին նկարեց փոքրիկ կակաչ:
Սամվելը մի պահ վարանեց, բայց հետո վերցրեց կախիչից արյունոտված կոստյումն ու հետևեց Տաթևին:
Միջանցքում երևաց Գոհարը:
-Ամենաուշը մեկ ժամից կգամ, - հակիրճ ասաց Սամվելը:
Դիմացից քայլող կինը քմծիծաղ տվեց:
«Դժվար թե…»:

***

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մհեր Դարբինյանը վերջացրեց կարդալն ու մի կողմ դրեց աշխատանքից իր իսկ ազատման ծանուցագիրը: Հատկապես վերջին շրջանում վերադասի հետ հարաբերությունները էլ ավելի էին բարդացել: Ավելին. ինքն ուներ բավական հիմքեր մտածելու, որ իր անմիջական ղեկավարը մի շարք խարդախությունների մեջ է ներքաշված, բայց ոչ իր աշխատանքի բերումով, այլ ընտանեկան բիզնեսի: Գաբրիելյանի ընտանիքի անդամները հանդիսանում էին  խոշոր ընկերության բաժնետերեր, իսկ այն հիմնականում զբաղվում էր գյուղմթերքի արտահանմամաբ և ներմուծմամբ: Տվյալ կազմակերպությունը վերջերս հաղթել էր կառավարության կազմակերպած գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի մեծ խմբաքանակի ներմուծման  համար հայտարարված մրցույթը: Առաջին հայացքից թվում էր՝ արտասովոր ոչինչ չկա: Սակայն  իրեն հայտնի էր դարձել գումարային մեքենայությունների մասին: Մասնավորապես ընկերությունը հաշվետվությունում գրեթե կրկնակի թանկ է ներկայացնում գումարի չափը՝ կապելով ճանապարհածախսի հետ: Բայց այդ ամենից, ընկերության գումարը փոխանցվել է մաս առ մաս երկու տարբեր հաշվեհամարների, և մի ընկերության, որը գրանցված  այսպես կոչված օֆշորային գոտում: Դասական փողերի լվացման եղանակ: Այս ամենին էլ միաժամանակ գումարվում է գյուղատնտնեսության նախարարության  մտահոգությունը: Հատկապես այն հարցում, որ ապրանքը գնվել է մի ընկերության կողմից, որի ստանդարտները մեղմ ասած չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Նախարարության սննդի անվտանգության վարչությունը սննդամթերի անվտանգության  և որակի ստուգման պետական ծառայությանը պատվիրել էր սերմացուի որակի լաբորատոր ստուգում անցկացվել:  Արդյունքները ոչ միայն հուսահատեցնող էին, այլև դրանց հրապարակման դեպքում ներմուծող ընկերությունը և կառավարության որոշ պաշտոնյաներ կկանգնեին դատարանի առջև: Գաբրիելյանի ընտանիքին պատկանող բիզնեսը հօդս կցնդեր, իսկ ընտանիքի որոշ անդամներ հաստատ կհայտնվեին ճաղերի ետևում:
Օրեր առաջ կրքերն ավելի էին թեժացել: Գաբրիելյանին հատկապես մտահոգում էր այն հանգամանքը, որ Մհերի կինը գյուղատնտեսության նախարարության  աշխատակից էր ու տիրապետում էր ողջ տեղեկատվությանը: Արդյունքը եղավ այն, որ այսօր ստացավ աշխատանքից ազատման ծանուցագիրը, առանց որևէ հիմնավորման:
Լսվեց բջջայինի ձայնը: Համարը ծանոթ էր: Միանգամից սեղմեց ընդունման կոճակը:
-Հա, Սերգեյ, ասա...
-Միացրու հեռուստացույցը, ցանկացած ալիք, - լսվեց Սերգեյի շնչակտուր ձայնը:
-Ինչի՞ համար:
-Միացրու՝ կհասկանաս:
-Լավ, միացնում եմ, - ավարտելով խոսակցությունը ձեռքն առավ հեռակառավարման վահանակը:
«... Բժիշկներն այս պահին փորձում են անել հնարավորը փոխնախարարի կյանքը փրկելու համար: Հիշեցնեմ, որ այսօր Կառավարական շենքի դիմաց զինված հարձակման է ենթարկվել գյուղատնտեսության փոխնախարար Անդրանիկ Սարգսյանը: Դեպքը կատարվել րոպենար առաջ: Ինչպես տեսնում եք, այս պահին ոտիկանները դեպքի վայրում են...»:
Մհերը  տեղից վեր թռավ: Աշխատանքից հեռացումն այլևս նշանակություն չուներ նրա համար: Հիմա միայն մտածում էր նրա մասին:



***

-Հիմա ամեն ինչ կբացատրես, թե՞ նորից հանելուկներով ենք խոսելու, - դեռ շենքի մուտքից դուրս չեկած, զայրույթը մի կերպ զսպելով, խոսեց Սամվելը:
Տաթևը, որ մի քանի քայլ առաջ էր անցել, հետ եկավ ու ուղիղ նայելով Սամվելի աչքերին, որքան հնարավոր է ցածրաձայն խոսեց.
-Ինչպես ես, այնպես էլ դու մեծ վտանգի մեջ ենք: Րոպեներ առաջ կատարվածը վկայում է այն մասին, որ որոշ մարդիկ դիմել են ամենածայրահեղ միջոցին: Ու ես քեզ վստահեցնում եմ՝ հիմա վտանգված է, իմ, քո ու շատ շատերի կյանքը:
-Սպասե՛ք, ես ի՞նչ կապ ունեմ…
-Նստենք մեքենան, կփորձեմ բացատրել: Եթե դժվար չէ, կխնդրեի մոտեցնեիր մեքենան: Ես չեմ կարող դուրս գալ փողոց:
Սամվելն այս ամենն ավելի ու ավելի էր նմանեցնում սարսափ երազի: Նախ առավոտ շուտ այս ամենը, իր արյունոտ շորերն ու հիմա էլ այս պաշտոնյան: Նա անցավ ոստիկանների ու լրագրողների միջով, որքան հնարավոր է ուշադրություն չգրավելով ու մեկ րոպե անց մեքենան մոտեցրեց շենքի մուտքին:
Տաթևը շտապ նստեց մեքենան:
Սամվելն անջատեց շարժիչն ու հայացքը հառեց դեպի Տաթևը՝ սպասելով բացատրության:
-Կարո՞ղ ես տալ բջջայինդ մեկ րոպեով:
Սամվելը մի պահ վարանեց, ապա մեկնեց «Սամսունգ» սմարթֆոնը:
Տաթևը միանգամից սեղմեց անջատման կոճակը, ապա հանեց մարտկոցը:
-Հիմա մեզ դժվար թե լսեն, - բացատրեց նա:
Տաթևը մի քանի վայրկյան լուռ էր, ապա միանգամից սկսեց.
-Միջազգային կարգի հանցագործներ, մի քանի կազմակերպությունների ապօրինի գործունեություն և հիմա արդեն սպանություն: Այսքանը բավակա՞ն է:
Սամվելի դեմքին որևէ մկան չշարժվեց ու հանգիստ, բայց միաժամանակ հարցական հայացքով շարունակեց նայել:
-Սամվել, գիտեմ, որ այս ամենը շատ տարօրինակ է, բայց այս պահին քեզնից շատ բան է կախված:
-Օրինա՞կ: Ի՞նչ է կախված ինձանից: Եթե այդպես է, խորհուրդ կտամ դիմել ոստիկանություն, ոչ թե խմբագրին:
-Ոստիկանություն դիմելիս էլ ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք…
-Կկանգնե՞նք, Տաթև, ի՞նչ կապ ունեմ ես, կասե՞ս վերջապես, ձայնը բարձրացրեց Սամվելը:
-Մինչ այն պահը, երբ մոտեցար փոխնախարարին, ոչ մի: Շարժվենք այստեղից, եթե քո համար անվտանգ է, ապա ինձ համար՝ ոչ:
-Իսկ հիմա ի՞նչ կապ ունեմ, - հարցրեց Սամվելը՝ շարժիչը գործի գցելով:
-Նա քեզ փոխանցեց այն, ինչը պետք է ոչնչանար, այսինքն  այդպես էին ուզում մարդասպանները:
«Այս կինը լրիվ խելքը կորցրել է: Ավելի լավ կլինի հոգեբուժարան շարժվենք»:
Սամվելը չկարողացավ զսպել ծիծաղը:
-Այս ամենն ինձ ուղղակի խաղ է հիշեցնում:
-Իզուր:
-Ու՞ր պետք է ուղեկցեմ քեզ: Այսօր կատարվածն արդեն ինձ լրիվ բավական է:
-Սամվել, ես քեզ վստահեցնում եմ, որ նրանք քեզ էլ կհետևեն, քանի որ նրանց հարկավոր է այն, ինչ քեզ մոտ է:
-Տաթև, ես կարծում եմ, քեզ պետք է բժշկի դիմել: Այդ մարդն ինձ ոչինչ չի տվել:
Տաթևի դեմքին առաջին անգամ ժպիտ նկատվեց, այն էլ հեգնական:
-Շատ լավ, ինձ չես հավատում` մի՛ հավատա, բայց հապա ստուգիր կոստյումի աջ գրպանը:
Սամվելը մեքենան կանգնեցրեց մինչ լուսացույցի գույնը կփոխվեր:
-Չե՞ս ուզում նայել ինչ կա այնտեղ, - շարունակեց Տաթևը:
-Այնտեղ ոչինչ չկա:
-Իսկ դու նայի՛ր, - շարունակեց պնդել Տաթևն ու հայացքը ուղղեց կոստյումի գրպանին:
Սամվելը կախեց գլուխն ու նկատեց՝ իր կոստյումի գրպանի մոտ արյունոտ ձեռքի հետքեր կային: Այն չէր կարող լինել իր ձեռքերի արյունը, քանի որ արյան բիծը ոչ թե վերևից ներքև էր, որը կլիներ եթե ինքը փորձեր արյունոտ ձեռքերը գրպանը մտցնել, այլ հորիզոնական, ու ամենատարօրինակը՝ արյունը կոստյումի այդ հատվածում նման ձևով թողնելու համար պետք էր ձախ ձեռքն աջ գրպանը խոթել:
Սամվելը ձեռքը գրպանը տարավ ու իսկապես շոշափեց փոքրիկ առարկա:
Տաթևի դեմքին հայտնվեց գոհ ժպիտ: Ինքը չէր սխալվել, երբ նկատել էր պաշտոնյայի ձեռքի շարժումը: Նա պարտավոր էր այդպես վարվել:
-Սա ի՞նչ է, - զարմացած հարցրեց Սամվելը, երբ գրպանից հանեց արյունոտ իրը:
Սամվելի աչքերի առջև նորից հայտնվեց վիրավոր պաշտոնյան ու նրա վերջին  խոսքերը: Հիմա ամեն ինչ պարզ էր: Վերջին վայրկյանին վիրավորը գրպանն էր խոթել այս փոքրիկ բանալին:
Լուսացույցի գույնը փոխվեց: Սամվելը մեծ արագություն զարգացնելով անցավ փողոցը: Անիրական թվացող վտանգն արդեն կերպարանք էր առնում:
-Կբացատրե՞ս, ինչ բանալի է սա:
-Իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանի:
-Մենք հենց հիմա կգնանք ոստիկանություն...
-Լրագրողներդ այդքան միամի՞տ եք, թե՞ ինձ է այդպես թվում: Եթե պետք, լիներ առաջինը ես կդիմեի, կամ հենց ինքը: Եթե իհարկե հասցներ: Ոստիկանությանը այս պահին չեմ կարող վստահել, քանի որ այդ փաստաթղթերի ոչնչացմամբ հետաքրքրված են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդ որում ուժային կառույցներից ևս:
-Ի՞նչ փաստաղթեր են դրանք:
-Ինքդ կտեսնես:
Սամվելը զարմացած հայացք գցեց Տաթևի ուղղությամբ, իսկ վերջինս ասես չնկատելով շարունակեց.
-Մենք պետք է գնանք նախարարություն, բայց դրա համար առաջին հերթին պետք է փոխես հագուստդ: Շտապիր, մենք պետք է առաջինը հասնենք:



***

Րոպեներ անց Սամվելը մեքենան կանգնեցրեց իր տան բակում: Առաջինն իջավ ինքը, ապա դուռը բացեց, որպեսզի իջնի Տաթևը:
«Հարևանները հիմա նորից կմտածեն, թե իմ հերթական սիրուհին է», - անցավ Սամվելի մտքով, մինչ ուղեկցում էր նրան դեպի դուռը:
Երկսենյականոց բնակարանը բավական գեղեցիկ էր ու նույնիսկ ընդարձակ մեկ հուգու համար:
Տաթևի ուշադրությունը գրավեց մեծ սեղանը, որն ամբողջությամբ ծածկված էր ամսագրերով, թերթերով ու թղթերով:
Մինչ Սամվելը հագուստն էր, փոխում Տաթևը միացրեց նոթբուքը:
-Կարող ե՞մ օգտվել համակարգչից, ընդամենը մեկ րոպե:
-Կարող ես, - մյուս սենյակից ձայն տվեց Սամվելը:
Առաջինը, որ գրավեց Տաթևի ուշադրությունը, բոլոր հնարավոր լրատվական կայքերի հղումներն էին, որ հայտնվեցին էկրանին:
Երբ Սամվելը մոտեցավ Տաթևին, նկատեց, որ վերջինս էլեկտրոնային նոր փոստարկղ էր բացում:
-Կասե՞ս ինչ ենք պատրաստվում անել:
-Նախ հիմա կտեղեկացնեմ մեկին, ում կարող եմ վստահել:
Սամվելը մոտեցավ, որպեսզի կարողանա կարդալ ինչ է գրում Տաթևը, սակայն որքան տարօրինակ է, տեսած լատինատառ բառերը իր իմացած վեց լեզուներով անհնար էր կարդալ:
-Ի՞նչ լեզու է, - զարմացավ Սամվելը:
Որքան էլ տարօրինակ էր, բայց Տաթևի պատասխանը կարճ էր ու հստակ՝ հայերեն:
Սամվելն է՛լ ավելի մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել էկրանին հայտնվող տառերին, բայց ապարդյուն:
-Սպասիր բացատրեմ, - քմծիծաղ տվեց Տաթևը, - նայի՛ր, նախադասության ամեն հաջորդ բառի սկիզբ է դառնում այդ նույն բառի այն տառը, որը համապատասխանում է նախորդ բառի թվին նախադասության մեջ:
Սամվելը երևի թե ավելի շուտ չիներեն նախադասությունը կկարողանար հասկանալ, քան Տաթևի ասածը: Երբ մեկ անգամ էլ Տաթևը կրկնեց, նոր միայն հասկացավ ինչ է նշանակում երկար տառերի շարքը:
-Հատուկ ծառայությունների որոնողական համակարգերը, եթե անգամ կարողանան հայտնաբերել նամակը, ապա վերծանել չեն կարողանա առանց մարդկային գործոնի, իսկ քանի որ նամակը հասցեագրված է հենց ոստիկանության հատուկ աշխատակցի, առավել ուշադիր է պետք լինել: Հետո էլ հատուկ դեպքերում բառերը կարելի է կիսել, մեծատառ դարձնել և այլն, կարևորը, որ ընթերցողը իմանա ինչպես վերծանի: Եթե հաջորդ բառն ավելի կարճ է, քան նախորդը, ապա վերջին տառը կգա առաջ:
Սամվելը նորից փորձեց նայել ու հիմա արդեն կարդաց: Տաթևի հավաքած տառերի կույտը հետևյալն էր՝
«… Hmkbagri khashata ysenak lgna, ohet lgna anakharrt… ekhandipnq mke mja can, mi Ksenya»
Եթե վերծանվեր, կստացվեր այսպես՝
«... խմբագրի աշխատա սենյակ գնալ, հետո գնալ նախարարութ, կհանդիպենք մեկ ժամ անց, իմ սենյակ...»:
-Նախ, որտեղի՞ց ես այսքան զգուշավորություն պահպանել սովորել, և հետո՝ ինչու՞:
-Ամուսինս ոստիկանական համակարգի աշխատակից է, սա էլ մեր առօրյա շփման ձևն է,- պատասխանեց Տաթևը:
-Ես չէի լսել, որ ամուսինդ ուժային կառույցում է աշխատում:
-Մնում էր իմ անձնական կյանքը քննարկեիր քո հոդվածներում: Ի դեպ քո վերջին հոդվածը դեռ կքննարկեք,- հեգնանքով Սամվելին նայելով շարունակեց Տաթևը`՝ սեղմելով նամակի ուղարկման ստեղնը:
Էկրանի անկյունում երևաց լրատվական կայքերից մեկի թարմացման մասին փոքրիկ ծանուցման պատուհան:
Սամվելն առանց վարանելու սեղմեց այն:
Առաջին լրատվականի կայքի գլխավոր նորությունը բարձրաստիճան պաշտոնյայի մահափորձն էր: Կարճ հոդվածի տակ շեղ տառերով նշված էր ՝ «Մեր լրագրողը հիվանդանոցից հայտնում է, որ փոխնախարարի կյանքը փրկել չհաջողվեց: Տեսանյութն ու մանրամասները` քիչ հետո»:
Տաթևի աչքերն արցունքոտվեցին: Անդրանիկ Սարգսյանը իր լավագույն գործընկերն էր, ավագ խորհրդատուն ու նաև լավ ընկերը: Այժմ ինքն ավելի վստահ կարող էր պնդել՝ իրեն, Սամվելին ու Մհերին ևս վտանգ էր սպառնում...

-Կարծում եմ Մհերը կհասցնի լինել նշված ժամին, նշված վայրում, իսկ մինչ այդ, քանի որ արդեն դու ևս այս գործի մեջ ես՝ ասեմ բոլոր հնարավոր մանրամասները



***

Մհերը բջջայինն ականջից հեռու չէր տանում: Արդեն մի քանի անգամ զանգել էր Տաթևին, բայց ապարդյուն՝ հեռախոսին չէին պատասխանում: Լուրը լսելուց րոպեներ անց ինքը դեպքի վայրում էր: Ոստիկանները շրջափակել էին տարածքը ու իրեն հաջողվեց մտնել միայն ծանոթ ոստիկանների օգնությամբ:
Մհերը հույս ուներ գոնե այստեղ որևէ բան իմանալ Տաթևի մասին, բայց ոստիկանները ոչինչ չգիտեին: Նա նորից փորձեց զանգահարել ու հանկարծ լսեց իրեն ծանոթ հեռախոսազանգի ձայնը, որը գալիս էր մեքենայից: Արագ մոտեցավ մեքենային ու պատուհանից ներս նայեց: Տաթևի պայուսակը մեքենայի ներսում էր:
Մհերն իր մոտ կանչեց ծանոթ քրեագետներից մեկին:
-Մեքենայի ներսում իմ կնոջ պայուսակն է ու բջջայինը: Պետք է վերցնեմ:
-Մհեր, սպասիր կես ժամ, մեքենայի ներսը կնայենք, հետո
Մհերը ոչինչ չպատասխանեց: Այս պահին ինքն այլև աշխատակից չէր:
Անջատեց հեռախոսն ու դեռ չէր հասցրել դնել գրպանը, երբ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդագրություն եկավ:
Երբ բացեց հաղորդագրությունը, անմիջապես գլխի ընկավ, որ Տաթևն է ուղարկողը: Միայն Տաթևը կարող էր նման ծածկագրված նամակ ուղարկել: Թեպետ վերծանելն իր համար բարդ չէր, քանի որ ինքն ու Տաթևը հաճախ էին նման գաղտնագրերով նամակներ ուղարկում միմյանց, բայց նամակի առաջին տողն իր համար անհասկանալի էր: Ո՞ւմ նկատի ուներ խմբագիր ասելով: Մհերի ուղեղն աշխատում էր բոլոր ուղղություններով ու պատասխանը չուշացավ: Խոսքն այն խմբագրի մասին էր, ով առաջինն էր հասցրել օգնություն ցույց տալ: Խմբագրության հասցեն լավ ծանոթ էր իրեն, իսկ Տաթևը հավանաբար այնտեղ է, կամ եղել է:
«Տեսնենք ո՞րն է լինելու հաջորդ քայլը»: 


***

Արտակն ու Գոհարը չէին հասցնում պատասխանել բոլոր հեռախոսազանգերին: Այս պահին Սամվելը լրատավամիջոցների ու լրագրողների համար ամենափնտրվողն անձն էր: Ոստիկանությունից ևս զանգահարել էին ու շտապ բաժին հրավիրել, իսկ Սամվելին անգամ իրենք չէին կարողանում գտնել: Իրավիճակն ավելի էր բարդանում, քանի որ մամուլն արդեն գուժում էր փոխնախարարի մահը:
Մհերն առանց դուռը թակելու մտավ սենյակ: Գոհարը լսափողն ականջին, միաժամանակ համակարգչով նյութ էր հավաքում: Սենյակի մյուս անկյունից լսվում էր Արտակի նյարդային ձայնը.
-Չգիտեմ... չեմ կարող ասել՝ երբ կլինի: Անպայման կտեղեկացնեմ:
-Քննչական վարչություն, - ներկայացավ Սամվելը, թեպետ քաջ գիտակցում էր, որ այս պահին նման կերպ ներկայանալը ճիշտ չէ: - Սամվելը տեղում չէ՞:
Արտակը միայն գլխով բացասական նշան արեց:
-Որտե՞ղ է նրա աշխատասենյակը:
Արտակը ցույց տվեց դիմացի դուռը:
Քննիչը բացեց դուռը, իսկ Արտակը շրջվեց դեպի Գոհարն ու ընդունեց դեմքի այն արտահայտությունը, որը հաճախ էր անում, երբ փորձում էր ասել՝ «Մենք մեռանք»:
Մհերը իր ետևից ծածկեց դուռն ու նայեց շուրջը: Կարծես թե նկարահանող սարքեր չկան: Նրա աչքից չվրիպեցին նոթատետրն ու մատիտը, որ սեղանին հակառակ էին դրված, իսկ նոթատետրի անկյունում նկարված էր փոքրիկ կակաչ: Այն հատուկ նշան էր՝ Տաթևի նշանը:
Մհերը ձեռքն առավ նոթատետրն ու սկսեց թերթել էջերը, սակայն ապարդյուն, ոչ մի գրառում չկար` բացի մի քանի հեռախոսահամարներից, որ գրվել էին վաղուց, ու Տաթևի ձեռագիրը չէր: Մհերը նկատեց, որ առջևի մի քանի էջերը պատռված են: Աչքին ընկավ մատիտը, որ դրված էր նոթատետրի կողքին: Տաթևն ամեն մանրուք հաշվի էր առել:
Մատիտի ծայրը թեքությամբ սահեցրեց թղթի վրա: Այդ կերպ հնարավոր է տեսանելի դարձնել նախորդ էջին գրվածը ու հեշտությամբ կարդալ: Տաթևի ուզածն էլ հենց այդ է եղել:
Մհերը մատիտը զգուշությամբ սկսեց շարժել թղթի վրա ու վայրկյաններ անց հնարավոր եղավ կարդալ հետևյալը.

 «Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ:
Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդականց:
Վերցրեք կոստյումն ու հետևեք ինձ»:

Այնուհետև գրված էր հետևյալը, որը Տաթևը Սամվելին ցույց չէր տվել:

«Մ.Ս, բանալին նրա մոտ է հայտնվել: Ստիպված եմ նրա օգությանը դիմել, հուսով եմ գլուխ կհանենք: Նրանք չեն հանգստանա, մինչև չոչնչացնեն բոլոր ապացույցները, իսկ այն մեկն է մնացել: Մենք կփորձենք ավելի շուտ գտնել, քան նրանք: Զգույշ եղիր, մեզ բոլորիս վտանգ է սպառնում: Դու գիտես ինչ անել: Ե.Ք.Ս.»:
«Մ.Ս»-ն իր անվան ու ազգանվան տառերն էին իսկ «Ե.Ք.Ս»-ն ՝ ես քեզ սիրում եմ
Մհերը չէր ուզում հավատալ, որ այս ամենը իրականություն է, սակայն այս պահին Տաթևին մեծ վտանգ էր սպառնում:
Նա արագ դուրս եկավ սենյակից:
-Սա ես կվերցնեմ ինձ հետ, իսկ իմ այցելելու մասին ոչ մեկին ոչ մի խոսք:
Արտակն ու Գոհարը նայեցին մեկը մյուսին:
-Եղա՞վ, - հարցրեց Մհերը, - հանուն Սամվելի:
-Դուք ո՞վ եք, ներկայացե՛ք, - առաջ եկավ Արտակը:
-Ես ձեզ կարո՞ղ եմ վստահել, թե՞ ոչ: Իմ կնոջն ու ձեր գործընկերոջը մահացու վտանգ է սպառնում: Եթե անգամ գիտեք որտեղ է հիմա Սամվելը, չասեք և ոչ մեկի:
Արտակը չհասցրեց հաջորդ հարցը տալ: Մհերն արագ դուրս եկավ միջանք:
Շենքի մուտքից քիչ հեռու ոստիկաններ էին ու քայլում էին դեպի իր կողմ: Մհերն արագացրեց քայլերն ու շրջանցելով շենքը՝ մոտեցավ իր  մեքենային: Ոստիկանները մտան շենք: Եթե մի փոքր էլ ուշ դուրս գար խմբագրությունից, ստիպված կլիներ ոստիկաններին բացատրել իր ով լինելը: Հեռախոսը ձեռքն առավ ու նորից կարդաց հաղորդագրությունը:

«Մեկ ժամը դեռ չի լրացել, պետք սպասել»:



***

Սամվելին ամեն ինչ ծանոթ էր թվում: Ինքը, որպես լրագրող հաճախ էր ուսումնասիրում մի շարք ընկերությունների գործունեությունն ու գիտեր ինչպես են որոշ ընկերություններ կարողանում արագ հարստանալ: Այս դեպքը դրանցից մեկն էր: Մրցույթը շահած ընկերությունը, որի սեփականատերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյա էր, զբաղված էր ֆինանսական մեքենայություններով՝ սկսած օֆշորային գոտում ընկերությունների հաշվեհամարներին ուղարկված գումարների մի մասի վերադարձումով, վերջացրած կեղծ հաշվետվություններով:
-Եթե մի կողմ դնենք ֆինանսական խարդախությունները,- շարունակեց Տաթևը,- ապա մեծ իմաստով մեր այս «Ագրոֆայն»-ը մեկ այլ, արդեն միջազգային ընկերության զոհն է:
-Այսինքն…
-Տեղական այս կազմակերպությունը տվյալ կորպորացիայի հետ բավականին շահավետ պայմանգիր է կնքել, մի շարք մշակաբույսերի սերմերի ներկրման համար: Շահավետ է, քանի որ նախ շուկայականից կրկնակի էժան է, նաև, որ կառավարությունից հնարավոր էր մեծ գումար կորզել՝ բավականին քիչ ծախսելով: Պայմանագրի կնքումից մեկ շաբաթ առաջ Սեյշելյան կղզիներում ստեղծվում է մի կազմակերպություն, որի միջոցով պետք է կատարվեր ողջ ֆինանսական գործընթացը: Միջազգային «ՅունիոնՖերմ»-ի համար նշանակություն չուներ թե ինչպես և որքան: Այս ընկերությանը պետք էր ամեն գնով վաճառել ապրանքը: Նորաստեղծ կազմակերպության հաշվեհամարներին ուղարկված գումարներից միայն մի մասն է անցնում «ՅունիոնՖերմ»-ին, մեկ ամիս անց կազմակերպությունը լուծարվում է, և մնացյալ գումարը հաշվեհամարներից վերադառնում տեղական «Ագրոֆայն»-ին: Սա մեր տեղական կազմակերպության խարդախությունները, բայց տեսնենք ինչ ավելի մեծ վտանգ կա թաքնված…
-Բայց ինչպե՞ս էր շուկայականից ավելի էժան գնում:
-Հենց հիմա կիմանաս, - շարունակեց Տաթևը: Կառավարության գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորմանը ծանո՞թ ես:
Սամվելը գլխով արեց:
-Հենց այդ պատճառով կառավարությունը գնում է մշակաբույսերի սերմացուներ և իհարկե, որքան մատչելի այնքան լավ: Նույնիսկ այդքան մեքենայություններից հետո, գումարն ավելի քիչ էր կազմում, այդ պատճառով մրցույթը հաղթում է «ԱգրոՖայն»-ը: Իսկ հիմա հասկանանք ինչի հաշվին է «ՅունիոնՖերմ»-ը նման մատչելի գներ ապահովում: Նրա հիմնական գնորդներն աֆրիկյան աղքատ երկրներն են: Շնորհիվ հատուկ լաբորատորիաներում ստեղծված մշակաբույսերի, սերմերն առանձնանում են մեծ բերքատվությամբ:
Սամվելը մի փոքր առաջ եկավ՝ ցույց տալու համար, որ Տաթևի վերջին բառերն իրեն ավելի հետաքրքրեցին:
-Գենոմոդիֆիկացված մշակաբույսե՞ր:
Տաթևը համաձայնության նշան ցույց տվեց ու շարունակեց.
-Այո, հատուկ գենմոդիֆիկացված: «ՅունիոնՖերմ»-ը միանշանակ հերքում էր մինչ այն պահը, երբ մի քանի ցանցահեններ հրապարակեցին ընկերության գաղտնի լաբորատորիաներում հետազոտությունների մասին փաստաթղթեր: Մի շարք երկրներ օրենքով արգելեցին նման սննդամթերքի ներմուծումն ու առավել ևս օգտագործումը գյուղատնտեսությունում:
Տաթևը խորը հոգոց հանեց ու շարունակեց.
-Հենց սկզբից էլ այս ամենն ինձ դուր չեկավ: Նախարարությունում լսել անգամ չէին ուզում այդ մասին: Ստիպված եղա որպես ֆիզիկական անձ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն լաբորատոր փորձարկաման ուղարկել ստացված մշակաբույսերի առաջին չափաբաժնից մի քանի կիլոգրամ: Տեսչությունն էլ իր հերթին Լոնդոնի լավագույն լաբորատորիայում ուսումանսիրություն անցկացրեց: Ընդամենը երկու օր առաջ ստացա պատասխանը:
Սամվելը սպասում էր խոսքի շարունակությանը, բայց Տաթևը լուռ էր:
-Հետո՞, -վերջապես հարցրեց Սամվելը:
-Հետոն ինքդ կկարդաս եզրակացությունը, հիմա գնանք, պետք է հանդիպենք Մհերին: Հուսով եմ ինքն արդեն կարդացել է նամակը:
-Իսկ սպանությունը ի՞նչ կապ ունի այս ամենի հետ:
-Եզրակացությունը հատուկ մարմինների ձեռքում հայտնվելու դեպքում այս անգամ «ՅունիոնՖերմ»-ին ոչ միայն կտուգանեն, այլև պատասխանատվության կենթարկեն սեփական գենոմոդիֆիկացված մշակաբույսերի սերմերի արդյունավետությունը զարգացող երկրների ժողովորդների վրա ապօրիանաբար փորձարկելու համար


***

Ոստիկանությունում ստեղծվել էր օպերատիվ խումբ` ոստիկանապետի գլխավորությամբ: Սպանվել էր պետական պաշտոնյա, պետք էր հասկանալ, արդյո՞ք սպանությունը կապված էր մասնագիտական գործունեության հետ, թե ուներ անձնական դրդապատճառներ: Գրեթե յուրաքանչյուր մանրուք օպերատիվ խմբի կողմից հաշվի էր առնվել: Առաջ էին քաշվել բոլոր հնարավոր վարկածները: Ոստիկանապետի աչքից չէր վրիպել ՀՔԾ-ի ավագ քննիչ Մհեր Ստեփանյանի աշխատանքից հեռացումը, ու հատկապես այն, որ հենց այսօր էր ազատվել աշխատանքից: Միանշանակ այն կարող էր կապված լինել կնոջ՝ Տաթև Ստեփանյանի հետ, վերջինս նախարարությունում վարչության պետ էր և խոսակցություններ կային, որ երիտասարդ կինը նման արագ կարիերա ստեղծեց միայն հովանավորների միջոցով, հատկապես հանգուցյալ փոխնախարարի:
«Գուցե խա՞նդ: Ամեն ինչ կպարզենք», - խորհում էր ոստիկանապետը:

Բայց տարօրինակ զգացողություն ուներ: Չգիտես ինչու վստահ էր, որ այս գործի պղտոր ջրերում ավելի մեծ գիշատիչներ են թաքնված: Ինտուիցիան իրեն երբեք էր դավաճանել, իսկ այս դեպքում նշանակում էր, որ այս սպանությունը մեծ հանցագործության մի մասն է միայն: Ոստիկանապետը տվեց վերջին հրահանգներն ու մեկնեց նախագահի նստավայր՝ արտահերթ անվտանգության նիստին մասնակցելու: Մնում էր գտնել Մհերին ու Տաթևին ու շատ ավելի պարզ կդառնար ամենը:


***

Զայրացած նստել ղեկին, նշանակում է վտանգել կյանքդ: Սամվելը, որպես հմուտ վարորդ, լավ գիտեր այս կանոնը ու հաճախ, երբ տրամադրություն չէր ունենում, մեծ հաճույքով տաքսի էր նստում, բայց այսօր այդ օրը չէր: Մտքում ծանր ու թեթև էր անում վերջին  երկու ժամերի ողջ անցուդարձը:
Թեև գենետիկ փոփոխության ենթարկված սննդամթերքը վտանգավոր է առողջության համար, այնումենայնիվ Սամվելը չէր կարողանում հասկանալ, ինչ պատճառ կար պաշտոնյային սպանելու համար: Այդ ինչ եզրակացություն է, որը կյանք արժի: Ամեն դեպքում սպանությունը կատարված է:
-Ես ուզում եմ հասկանալ, ինչ կարող է գրված լինել թղթի մեջ, որ այդպես ուզում են ոչնչացնել, - հարցրեց Սամվելը Տաթևին:
-Նախ այն մի ամբողջ գիրք կլինի, եթե տպելու լինենք:  Անգլիացիներին այնքան է հետաքրքրել նոր գենային մուտացիան, որ չեն զլացել ու մանրամասն եզրակացություն են ուղարկել:
-Իսկ սննդի անվտանգության տեսչությունը չի՞ տեսել այն:
-Ոչ, չեն  տեսել և իրավունք էլ չունեին: Պատվերը տվել եմ ես, ոչ թե իրենք:
-Իսկ դու կարդացե՞լ ես այն:
-Այո:
-Ե՞վ:
-Եվ այն, որ նման մուտացիա անգամ իրենք չեն տեսել: Ցորենի սերմացուն կարելի է ասել միայն արտաքինից է, որ ցորենահատիկ է հիշեցնում: Ըստ եզրակացության, մեկ շաբաթ առնետին նման ցորենով կերակրելուց հետո, նկատվել են հյուսվածքների փոփոխություն, իսկ դիմադրողական համակարգն ամբողջովին անգործության է մատնվել: Ընդամենը մեկ շաբաթում, պատկերացնո՞ւմ ես: Այս երևույթն ապշեցրել է նրանց: Մանրակրկիտ  լաբորատոր հետազոտությունից հետո նրանք ամեն դեպքում զգուշավորությամբ նշում են, որ հիմնական պատճառը օրգանիզմի դիմադրողականության կտրուկ նվազումն է և այն հորմոների ոչնչացումը, որոնք պատասխանատու են իմունային համակարգի գործունեության համար:
-Հավատս չի գալիս, ինչպե՞ս կարելի է նման բան անել: Չէ որ պետք է լաբորատոր հետազոտություն արվեր, նոր միայն հանվեր վաճառքի:
-Հենց այդ էլ անում է «ՅունիոնՖերմը», բայց ոչ լաբորատոր, այլ միլիոնավոր մարդկանց հաշվին: Ես ուղղակի չէի կարողանում հավատալ այն ամենին ինչ գրված էր: Երբ փորձեցի հասկանալ ինչ է իրենից ներկայացնում այդ ընկերությունը, քիչ մնաց ինքս լուծեի ներմուծող կազմակերպության հարցերը: Համացանցում գտա տվյալ ընկերության հիմնական երկրների ցանկը: Մեծ մասն աֆրիկյան ամենաաղքատ երկրներ են: Հայաստանն առաջին անգամ է որպես գնորդ հանդես գալիս: Սա էլ միակ ուրախալի լուրը: Հուսանք կլինի վերջինը:
Սամվելն էլ ոչինիչ չհարցրեց, բայց մեկ այլ հարց հանգիստ չէր տալիս. «իսկ իրենք ի՞նչ պետք է անեն այդ փաստաղթերի կապոցը»:
 Քիչ անց տեղ հասան: Սամվելը մեքենան բավականին հեռու կայանեց՝ աչքի ընկնելուց խուսափելու համար: Բջջայինը դեռ անջատված էր: Աստված գիտի թե քանի հոգի են զանգահարել: Փորձեց մարտկոցը նորից դնել հեռախոսի մեջ:
-Խորհուրդ չէի տա,-ասաց Տաթևը,-բայց ստիպված եմ խնդրել հեռախոսդ, եթե Մհերին չհանդիպենք, գուցե զանգ տալու խնդիր առաջանա:
-Իսկ ներս մտնել կարո՞ղ ենք, այսօր շաբաթ է և ոչ աշխատանքային:
Տաթևի դեմքին հայտնվեց խիստ հեգնական արտահայտություն ունեցող ժպիտը:
-Դու մոռանում ես, որ ես ամեն դեպքում մի ողջ վարչություն եմ գլխավորում: Բանալին քե՞զ մոտ է:
-Այո,- փոքրիկ բանալին ձեռքն առավ Սամվելը:
-Շատ լավ, դե գնացինք


***

Մհերը լավ գիտեր, որ այս ամենը դեռ սկիզբն է: Հանցագործ խմբավորման իրականացրած սպանությունը միայն նախազգուշացում էր այն մարդկանց համար, ովքեր տեղյակ էին այս գործի մասին: Ցավալին այն էր, որ Տաթևը սննդամթերքի անվտանգության տեսչություն որպես անհատ է դիմել և ոչ` նախարարության անունից: Տեսչությունն էլ երաշխավորում էր պատվիրատուի գաղտնիությունը, թեպետ այն ժամանակ Տաթևն ինքն էլ էր կողմ, որ իր անունը չհրապարակվի:
Այսօր ողջ աշխարհում սննդամթերքի պակասի խնդիրը գերտերությունները փորձեցին լուծել մշակաբույսերի գենետիկ փոփոխության շնորհիվ: Մասնավորապես, կենդանական գենի ներմուծումը բույսի գենետիկ շղթա, հաղորդում էր մի շարք հատկություններ՝ դիմացկունություն, բարձր բերքատվություն և այլն: Սկզբնական շրջանում ողջ աշխարհում այն համարվում էր լավագույն միջոցը մարդկությանը սովից փրկելու համար, սակայն տարիներ անց արված հետազոտությունները հիասթափեցրին ու փաստի առաջ կանգնեցրին այն ընկերություններին, որոնք զբաղվում էին նման մթերքի վաճառքով:
Մհերն այժմ իրեն մեղադրում էր այն բանի համար, որ համաձայնվեց Տաթևի հետ՝ եզրակացությունը ոստիկանություն ներկայացնելու փոխարեն փոխնախարարին փոխանցելու հարցում: Համենայնդեպս փոխնախարարը հավաստիացրել էր, որ կկարողանա վտանգավոր սերմացուն կառավարության սուբսիդավորման ծրագրի մեջ չներառել: Ավելորդ աղմուկը, այն էլ կառավարության մասշտաբով, բացարձակ պետք չէր:
Իսկ սերմացուն իսկապես վտանգավոր էր: Վերջին շրջանում արված հետազոտություններն ապացուցում էին՝ գենետիկ փոփոխության ենթարկված մշակաբույսերը խիստ բացասաբար ազդում են մարդու վերարտադրողականության վրա, և բացի այդ` մի քանի անգամ մեծացնում քաղցկեղի և նման գոյացությունների հավանականությունը: Այս մթերքները իրական զենք են անարյուն պատերազմ մղելու համար: Գենետիկ փոփոխության ենթարկված մշակաբույսերի սերմերն ավելի կայուն էին և կարողանում էին մի քանի սերունդ ապահովել, որով էլ առանձնանում էին մյուս գենոմոդիֆիկացված մշակաբույսերից, որոնց սերմերը երկրորդ և երրորդ անգամ այլևս բերք չէին տալիս:
Այնպիսի երկրներ, ինչպիսին Հնդկաստանն ու Չինաստանն են, ներքին շուկայի սպառման համար արգելել են նման մթերքի վաճառքը: Մի շարք եվրոպական երկրներում արգելված է ներմուծել գենոմոդիֆիկացված սննդամթերք:  

Մհերն էլ չկարողացավ համբերել ու դուրս եկավ մեքենայից:
«Ինչո՞ւ մեկ ժամ, տեսնես ո՞ւր է հիմա»: - Ինքն իրեն հարցնում էր նա, մինչ կհանսեր Կառավարական շենքի մուտքին: Այստեղ դեռ ոստիկաններ կային: Հազիվ էր մոտեցել սանդուղքներին, երբ մի քանի ոստիկաններ դուրս եկան շենքի հիմնական դռնից: Նրանցից մի քանիսին անձամբ ինքը ճանաչում էր ու հիմա ընդհանրապես տեղին չէր լինի նրանց հետ զրույցի բռնվել:
Նրանցից մեկը նկատեց, ու Մհերի ականջին հասավ ինչպես մյուսին ասաց.
-Ստեփանյանը
Մեկ վայրկյան հետո լսեց մեկ ուրիշի ավելի բարձր ձայնը, որ իրեն էր կանչում:
Մհերը շրջվեց դեպի իրեն մոտեցող ոստիկանները:
-Ստեփանյան, մենք էլ քեզ էինք ուզում տեսնել: Կնոջիցդ լուր ունե՞ս, - դեմքի մռայլ արտահայտությամբ ու առանց բարևի խոսեց բարձրահասակ ոստիկանը:
-Չունեմ, հեռախոսն էլ մեքենայի մեջ է:
-Էդ լավ չի, հեչ լավ չի, - գլուխը տարուբերելով շարունակեց ոստիկանը, -ստիպված կլինես մեզ հետ գալ …
Մհերին թվաց սխալ լսեց ծանոթ ոստիկանի ասածը, ով այդքան էլ աչքի չէր ընկնում բարեկրթությամբ:
-Ո՞ւր գալ…
-Բաժին:
-Մեկ ժամից կլինեմ բաժնում:
-Չէ, չէ, չէ, արդեն քաղաքացի Ստեփանյան, դուք ինձ լավ չհասկացաք, հենց հիմա և որպես հիմնական կասկածյալի կարգավիճակով…


***

Փողոցի մյուս ծայրից Տաթևը նկատեց Մհերին ու ոստիկաններին: Վերջիններս ստիպողաբար փորձում էին Մհերին նստեցնել մեքենան: «Մի՞թե այսքան երկար են ՀՔԾ-ի առավել կարևոր գործերով բաժնի ղեկավարի ձեռքերը: Տեսնենք որքա՜ն…»:
-Մհերը մեզ չի միանա, - ասաց Տաթևը Սամվելին, երբ վերջինս դուրս եկավ մեքենայից ու մոտեցավ Տաթևին:
-Ինչու՞:
-Նրան հենց նոր ձերբակալեցին, - հայացքով ցույց տվեց Տաթևը,- վստահ եմ` ինձ էլ հերթը կհասնի: Բայց մինչև այդ ես ցույց կտամ էդ տականքներին:

Հավանաբար քչերին էր հայտնի այն մուտքը որով, Տաթևն ու Սամվելը մտան Կառավարական շենք: Այն հիմնականում նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի համար: Անվտանգության աշխատակիցը լավ էր ճանաչում Տաթևին և անցագիրն անգամ պետք չէր, իսկ Սամվելի դեպքում անձը հաստատող փաստատթուղթ պահանջեց: Տաթևը միջամտեց.
-Կարիքը չկա: Ինքն իմ հյուրն է:
Անվտանգության աշխատակիցը դեմքին դժգոհ արտահայտություն տվեց:
«Երբվանի՞ց է այս սիրունիկ տիկինը տղամարդ հյուրեր ընդունում աշխատավայրում, այն էլ ոչ աշխատանաքային օրով»:
Տաթևը հավանաբար հասկացավ ինչ կարող է մտածել անվտանգության աշխատակիցը և ավելացրեց.
-Քննիչ Գևորգյանը մի քանի հարց ունի ինձ տալու, այօրվա պատահածի հետ կապված:
Տաթևի վերջին ասածը իր ազդեցությունն ունեցավ: Անվտանգության աշխատակիցն այլևս ձայն չհանեց, բայց նրա սուր աչքից չվրիպեց նաև այն, որ Տաթևն այսօր առանց իր հավատարիմ «ընկերոջ»`՝ պայուսակի էր եկել: Թեպետ ամեն օր դրանք տարբեր էին, բայց միշտ աչքի էին ընկնում իրենց մեծությամբ: Անվտագության աշխատակիցը հայացքով հետևեց, մինչև նրանք կբարձրանային աստիճաններով: Տաթևը բավականին գեղեցիկ էր ու նույնքան հիանալի կազմվածք ուներ: Ամեն անգամ հայացքը կտրել դժվար էր լինում անվտանգության աշխատակցի համար: Սակայն այսօր նրա հայտնվելը տարօրինակ էր ու հատկապես մենակ չլինելը իր դուրը չեկավ: Այդ պատճառով գրանցամատյանում նշեց նրանց ներս մտնելու ժամը և Տաթևի անունը վերցրեց շրջանակի մեջ:

Միջանցքում լռություն էր, ոչ մի ձայն: Տաթևն առաջ անցավ ու մի քանի դռների կողքով անցնելուց հետո կանգնեց: Դռան աջ կողմում փակցված էր՝ «ՓՈԽՆԱԽԱՐԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ»:
Մեծ եղավ Տաթևի զարմանքը, երբ նկատեց, որ դուռը բաց է: Նրա հարցական հայացքը կանգ առավ Սամվելի վրա: Սամվելը մի կողմ քաշեց Տաթևին ու արագ բացեց դուռը: Գեղեցիկ կահավորված սենյակը, որ ընդունարան էր ծառայում, ամբողջովին լուսավորված էր ի տարբերություն միջանցքի: Գրասեղանի մոտ նստած մոտ քսանհինգ տարեկան կինը դռան արագ բացվելուց գլուխը բարձրացրեց ու  տեսնելով անծանոթի՝ վախից թույլ ճիչ արձակեց: Մեկ վայրկյան հետո Տաթևը ևս հայտնվեց շեմքին:
-Տիկին Ստեփանյա՜ն, ինչպե՜ս վախեցրիք:
-Դու էլ մեզ, բայց լավ է որ այստեղ ես, Անահիտ ջան: Սարգսյանի աշխատասենյակը բա՞ց է:
Անահիտը չգիտեր ինչպես ասել թե ինչ կատարվել, իսկ Տաթևն առանց պատասխան սպասելու փորձեց բացել դուռը:
-Նա տեղում չէ, - հազիվ կարողացավ ասել հուզված աղջիկը:
-Գիտեմ, Անահիտ, ամեն ինչ գիտեմ
Անահիտը սրբեց աչքերն, ապա շունչ քաշեց.
-Քիչ առաջ ոստիկաններ էին եկել: Դուռը բացել տվեցին, հետո փակեցին, - մի կերպ կարողացավ խոսել աղջիկը:
-Անահի՛տ, բանալին ո՞ւմ մոտ է:
-Չգիտեմ:
Մի պահ լռություն տիրեց:
-Պտուտակահան կարո՞ղ ես գտնել, - առաջինը խոսեց Տաթևը:
Սամվելի ու Անահիտի զարմացած հայացքներին Տաթևը ուշադրություն չդարձրեց:
-Անահիտ, շտա՛պ է, խնդրում եմ:
-Դու պատրաստվում ես կոտրե՞լ աշխատասենյակի դուռը, - ցածրաձայն ասաց Սամվելը, մինչ Անահիտը փնտրում էր Տաթևի պահանջածը:
-Դե իհարկե ո՛չ, - Տաթևի դեմքին խաղաց ժպիտը, - տղամարդը կանգանելու է ու նայի՞, թե ինչպես է կինը փորձում պտուտակահանով բացե՞լ դուռը: Դուռը կբացես դո՛ւ:


***

 Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Տաթևն ու Սամվելը կորան անվտանգության աշխատակցի տեսադաշտից, դուռը նորից թակեցին:
«Վերջապես այսօր շաբաթ է, ի՞նչ են լսել բոլորը», - ինքն իրեն բողոքեց երիտասարդը` հայացքն էկրաններից հեռացնելով և հարցական նայելով դուռը թակող տղամարդուն:
Թակողը երկրորդ անգամ ոչ թե թակեց, այլ հարվածեց դռանը:
-Ո՞ւմ եք ուզում, - արդեն զայրացած հարցրեց երիտասարդը:
-Ես հանդիպում ունեմ, - տարօրինակ բարբառով խոսեց անծանոթը:
«Այսօր ոչ աշխատանքային օր է, ու աշխատակիցներից մարդ չկա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի»:
Անվտանգության աշխատակիցն ավելի մոտեցավ դռանն ու նկատեց տղամարդու բաճկոնին ամրացված ոստիկանության տարբերանշանը: Դուռը բացեց:
«Տեսնես երբ կկարողանան կեղծ տարբերանշանը տարբերել իսկականից»,- անցավ տղամարդու մտքով ու մինչ անվտանգության աշխատակիցը կփորձեր հարցնել, թե ով է, տղամարդու ձեռքին հայտնվեց խլացուցիչով ատրճանակը: Մեկ վայրկյան հետո լսվեց կամաց ճայթյուն ու անվտանգության աշխատակիցն անգամ ձայն չկարողացավ հանել: Կարճ ժամանակ անց մարդասպանը հասցրել էր մաքրել բոլոր հետքերն ու անվտանգության տեսախցիկների մոտ նստած, համակարգից ջնջում էր վերջին րոպեների մուտքի մոտ կատարվածի տեսագրությունները: Իսկ հետո սկսեց աչքի տակով անցկացնել նաև հարկաբաժնում եղած մյուս տեսախցիկների տեսագրությունները ու կանգ առավ մեկի վրա:
-Ահա և նրանք, - շշնջաց նա:
Փոքրիկ էկրանին երևում էր այն ամենը ինչ կատարվում էր աշխատասենյակներից մեկում: Տղամարդը փորձում էր բացել դուռը, իսկ կանայք աշխատասեղանի մոտ էին:
Նրանք նույնպես փնտրում են այն, ինչ ինքը: Իր փորձառությունը չէր խաբում իրեն: Այս դեպքում պետք էր սպասել, մինչև ցանկալին կլինի նրանց ձեռքում, իսկ հետո նոր գործի անցնել:
 Անվտանգության աշխատակիցների փոքրիկ սենյակը նեղ էր նույնիսկ մեկ հոգու համար, իսկ երիտասարդի դին՝ այլ տեղ չէր կարող տանել:
Մարդասպանը հայացք գցեց քիչ առաջ իր առջև դուռը բացած աշխատակցի ուղղությամբ: Եթե չլինի վերնաշապիկի վրա սրտի շրջանում վառ կարմիր արյան հետքը, ապա կկարծեն թե քնած է, իսկ որքան երկար մտածեն թե քնած է, այնքան լավ:
Մարդասպանը մոտեցավ ու մահացածի ձեռքերն այնպես դրեց, որ ծածկեն արյան բիծը, ապա սկսեց նայել դարակները: Գտավ այն, ինչ պետք էր՝ անվտանգության աշխատակցի արտահագուստ: Նրա դեմքին խաղաց չարագուշակ ժպիտ:

«Ամեն ինչ ավելի հետաքրիր է դառնում»:

Շարունակությունն` այստեղ

Комментариев нет: