ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ
●
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
(Մաս երկրորդ)
Армен Мхеян
Արմեն Մխեյանն այս անգամ անդրադարձել է գենետիկ ձևափոխության ենթարկված մշակաբույսերի խնդրին: Իրադարձությունների կիզակետում հայտնվում է լրատվական կայքի խմբագիրը, ով ակամա դառնում է բարձրաստիճան պաշտոնյայի սպանության վկան:
Հանցագործություն, որը նպատակ ունի կոծկել և վերացնել մեկ այլ հանցագործության հետքը:
Գլխավոր հերոսները, քաջ գիտակցելով թե ինչ հնարավոր վտանգների առջև կարող է կանգնել պետությունը, անհավասար պայքարի մեջ են մտնում` հանուն ճշմարտության բացահայտման, սակայն ապացույցը մեկն է, իսկ այն ձեռք բերելու համար ստիպված են խախտել օրենքը:
Հանուն արդարության նրանց պայքարը վերածվում է կյանքի ու մահու կռվի, որտեղ վստահել կարող են շատ քչերին...
Գործողությունների կտրուկ ու անհավատալի զարգացում, լի անսպասելի լուծումներով:
Միևնույն ժամանակ հեղինակը փորձում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնք որոնց անտեսումը կարող է վտանգել պետության և ժողովրդի անվտանգությունը:
Վեպում օգտագործվել են պետական մի շարք կառույցների անուններ, ինչպես նաև Mediamall.am և 1in.am լրատվական կայքերի անունները: Հերոսները, սյուժեն ու նրանց անունները մտացածին են, ցանկացած համընկնում` պատահականություն:
Հատուկ շնորհակալություն Mediamall.am և 1in.am լրատվական կայքերին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել վեպի ստեղծման գործում:
Խմբագրեց Արամ Հովակիմյանը
Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի թույլտվության:
© ArmenMkheyan
Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
***
Անահիտը պտուտակահանը մեկնեց Սամվելին:
Սամվելը գործի անցավ:
-Անահիտ, շտապ փորձիր գտնել նախարարի անձնական բջջայինի հեռախոսահամարը, կամ վարչապետի, եթե հնարավոր չլինի կապվել, զանգիր ոստիկանություն ու պահանջիր անձամբ ոստիկանապետին:
-Ոստիկանները դեռ կարող են այստեղ լինել, կանչե՞մ, - միամտորեն հարցրեց Անահիտը:
-Միայն անձա՛մբ նրանց, և ոչ մի դեպքում չնշես իմ անունը:
Փականը քանդելն այդքան էլ բարդ գործ չէր ինչպես
պատկերացնում էր Սամվելը: Թեպետ նման գործ կյանքում բացառիկ դեպքերում էր արել,
բայց նախախարության, այն էլ փոխնախարարի աշխատասենյակի դուռ բացելն եզակի դեպք է:
Անահիտն ու Տաթևը զբաղված էին
հեռախոսահամարների փնտրտուքով: Անահիտի կցկուտուր բառերից Սամվելը հասկացավ, մի
շարք պաշտոնյաներ արտահերթ անվտանգության խորհրդի նիստին էին մասնակցում և անհնար
էր նրանց հետ կապ հաստատել: Մնում էր
նախարարին զանգել:
Վերջապես զանգը գնաց:
Անահիտն էլ ավելի վախեցած տեսք ընդունեց:
Իր կարճ աշխատանքային փորձի ժամանակ երբեք չէր եղել, որ անմիջապես զանգահարի
նախարարի, կամ բարձրաստիճան պաշտոնյայի: Նրան պատասխանում էին միայն
գործավարուհիներն ու օգնականները:
Գյուղատնտեսության նախարարի հեռախոսը վերջապես պատասխանեց:
Տաթևը սեղմեց բարձրախոսի կոճակը:
-Պարոն Բադալյա՞ն, - հուզմունքը զսպելով խոսեց Անահիտը:
-Լսում եմ:
Վերջապես մեկը գտնվեց, որ կարողացավ պատասխանել հեռախոսին: Բադալյանի խռպոտ ձայնը չճանաչել ուղղակի չէր կարելի:
-Պարոն Բադալյան, ձեզ զանգահարում է Տաթև Ստեփանյանը:
-Տաթև՞, - նախարարի ձայնն ակնհայտ զարմանք էր պարունակում, - որտե՞ղ ես աղջիկս, բոլորը քեզ են փնտրում:
-Գիտեմ, պարոն Բադալյան, բայց մենք լուրջ խնդիրներ ունենք, ավելի շուտ ազգային անվտանգությանն սպառնացող:
-Տաթև, ի՞նչ է պատահել: Ոստիկանությունն արդեն ինձ այցելել է: Դու ի՞նչ կապ ունես սպանության հետ:
-Անմիջական որևէ կապ չունեմ, բայց հանցագործները հավանաբար ինձ էլ կհասնեն: Պետք է շտապ ձեր օգնությունը: Ես հիմա նախախարությունում եմ: Կարող եք գա՞լ:
-Լա՛վ, շատ լավ: Մնա՛ տեղում հիմա գալիս եմ:
Կապն անջատվեց:
Սամվելը վերջացրել էր իր գործը ու սպասում էր հեռախոսազրուցի ավարտին:
Տաթևը խորը հոգոց հանեց:
-Այն նորից ստիպված ես լինելու տեղադրել, - Սամվելին դիմեց Տաթևը, ու մտավ աշխատասենյակ: Անահիտը հետևեց նրան:
Չհրկիզվող պահարանը տեղում էր: Սամվելը Տաթևին մեկնեց բանալին, սակայն միայն բանալին քիչ էր: Անհարժեշտ էր նաև ներմուծել գաղտնաբառը, որի մասին Տաթևը գաղափար անգամ չուներ:
Սամվելի ու Տաթևի հայացքները կանգ առան Անահիտի վրա:
-Գիտե՞ս գաղտնաբառը, - առաջինը խոսեց Տաթևը:
-Տիկին Ստեփանյան, չեմ կարծում լավ միտք է այն բացելը:
Տաթևը համոզված էր, որ Անահիտը գիտի գաղտնաբառը, այդ պատճառով շարունակեց պնդել:
-Անահիտ, պետք է շտապ այնտեղից վերցնել մի փաստաթուղթ և ներկացանել ոստիկանապետին, կամ ավելի բարձր պաշտոնյայի, հակառակ դեպքում այն կոչնչացնեն նրանք, ովքեր այսօր սպանեցին Սարգսյանին: Իսկ եթե այս անիծված պահարանի միջինը նրանց ձեռքում հայտնվի, իմացիր կործանված ենք բոլորս, - ձայնն էլ ավելի բարձրացնելով խոսեց Տաթևը:
Անահիտը ոչինչ չպատասխանեց: Մի պահ քար լռություն տիրեց, ապա մոտեցավ ու արագ հավաքեց ութ նիշանոց գաղտնաբառը:
Վերջ: Չհրկիզվող պահարանը բացված էր, մնում էր գտնել անհրաժեշտ թղթերը: Տաթևի ուշադրությունը գրավեց գումարը, որ բավականին մեծ թիվ էր կազմում:
«Որտեղի՞ց և ինչո՞ւ է նման մեծ գումարը պահվում այստեղ»:
Տաթևը դուրս հանեց մի մեծ թղթապանակ ու հիշողության փոքրիկ կրիչ:
-Անահիտ, քեզ ևս մեկ խնդրանք, - բանալին մեկնեց
Անահիտին, - իմ աշխատասենյակում ևս մեկ կրիչ կա: Բեր այն, որպեսզի կարողանանք
բազմացնել:
Անահիտը դուրս եկավ: Տաթևի աշխատասենյակն այդքան էլ հեռու չէր, ընդամենը երեք դուռ այն կողմ, իսկ Տաթևը սկսեց շտապ պատճենահանել ու կրկնօրինակել թղթապանակի թղթերը:
Սամվելը փորձեց նորից դռան փականը տեղադրել: Հանկարծ նրա հայացքը կանգ առավ աշխատասենյակի անկյունում տեղադրված տեսախցիկի վրա:
-Կարծում եմ մենք խնդիրներ ենք ունենալու:
Տաթևը չհասկացավ կոնկրետ ինչ նկատի ուներ Սամվելը:
-Մենք արդեն մեծ խնդիրներ ունենք:
-Տաթև, տեսախցիկները…
Կրիչ գտնելն այդքան էլ դժվար չէր,
հատկապես եթե ամեն դարակում մեկը կար:
Անահիտը դուրս եկավ Տաթևի աշխատասենյակից ու բանալին հազիվ էր մտցրել փականի մեջ,
երբ միջանցքում շարժում նկատեց:
Իրենից բավականին հեռու կանգնած
էր անվտանգության աշխատակիցը:
Թեև լուսավորությունը վատն էր,
բայց Անահիտին անվտանգության աշխատակիցն անծանոթ թվաց: Նախ բոլոր աշխատակիցները
երիտասարդներ էին, և նրանցից ոչ մեկը նման հասակ չուներ, ինչպես այս մեկը:
Անահիտը բանալին դուրս հանեց ու
շրջվեց դեպի իրեն շտապող անվտանգության աշխատակիցը, վերջինս փոխնախարարի
ընդունարանի կիսաբաց դռան մոտ կանգ առավ, մի պահ ներս նայեց, ապա հայացքը ուղղեց
դեպի Անահիտը: Աղջիկն ակամա կանգ առավ: Անծանոթ անվտանգության աշխատակիցը մի ձեռքը
տարավ դեպի բերանը ու հասկացրեց, որ ձայն չհանի, իսկ մյուս ձեռքին հայտնվեց
խլացուցիչով ատրճանակ:
Անահիտը երբեք չէր տեսել
անվտանգության աշխատակցին զենք գործածելիս: Նրա համար ոչ մի նշանակություն չուներ տղամարդու
սուս մնալու զգուշացումը և միայն այն մտքից, որ կարող են կրակել, որքան ուժ ուներ
ճչաց: Եվ իսկապես կրակեցին, այն էլ իր ուղղությամբ, բայց սովորական կրակոցի ձայնի
փոխարեն լսվեց միայն երեք ճայթյուն, ապա նրա ականջին հասան փամփուշտների
սուլոցները, ու մի քանի ապակու կոտրվելու ձայն: Աղջիկն ընկավ ու վախից ամուր
փակեց աչքերը:
«Սա երազ է, Աստված իմ, իսկական
սարսափ երազ…»:
***
Գյուղատնտեսության նախարար Սարգիս Բադալյանը վստահ էր, որ այս ամենն ամիջական կապ ունի երեկ փոխնախարար Սարգսյանի պատմածի հետ: Սարգսյանի առաջարկով ողջ սերմացուն պետք էր շտապ ոչնչացնել և չներառել Կառավարության սուբսիդավորման ծրագրում: Սարգսյանը նաև հավաստիացրել էր, որ ներմուծող ընկերությունն ամբողջովին փոխհատուցելու է ծախսերը, բայց այս ամենը միայն ներքին կարգով: Մամուլն ու հատուկ ծառայությունները պետք է ոչինչ չկասկածեին:
Երեկ, Սարգսյանի ներկայացրած առաջարկը և գործի հետ կապված մանրամասները լսելուց հետո, Բադալյանն անմիջապես պահանջել էր սեղանին դնել աշխատանքից հեռացման դիմումը՝ կասկածներ ունենալով, որ Սարգսյանը ևս մասնակից է այս մեծ խարդախությանը:
Այս պահին բոլոր մանրամասնություններով հիշում էր Սարգսյանի յուրաքանչյուր արտասանած բառը:
«Խնդիրն այն է, որ «Ագրոֆայն»-ը չի իմացել այս մասին: Ընկերությանը գրավել է շահավետ առաջարկը և մատչելիությունը, իսկ այն, որ միջազգային այդ կորպորացիան ներքաշված է խարդախությունների մեջ, միայն վերջերս է պարզել»:
Սարգսյանը վստահեցնում էր՝ «Ագրոֆայն»-ի բաժնետերերը և հատկապես ՀՔԾ-ի հատուկ գործերով վարչության պետի ընտանիքի անդամները, ում պատկանում էին ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, կասկած անգամ չեն ունեցել:
Վերջապես գտավ Գաբրիելյանի հեռախոսահամարը:
Երկու զանգի ազդանշանից հետո լսվեց Գաբրիելյանի անհանգիստ ձայնը:
-Սարգիս, ես որևէ կապ չունեմ այս ամենի մեջ: Նրանք խոստացել էին խնդիրը հարթել, բայց ես չէի պատկերացնում այս կերպ:
Նախարարը գրեթե գոռաց.
-Դու ապուշ ես, Գաբրիելյան, իսկական ապուշ: Վստահ եմ, որ քեզ էլ հիմա կվերացնեն: Վերահսկողությունից ամեն ինչ դուրս եկավ: Հիմա ամեն ինչ ստիպված կլինես բացատրել, թե՛ կառավարությանը, և թե՛ դատարանին: Բադալյանն անջատեց
հեռախոսն ու մի կողմ շպրտեց:
«Դու չգիտես ինձ ինչ պատմության
մեջ ներքաշեցիր», - անընդմեջ կրկնում էր Բադալյանը:
Այլևս ոչ մի արդարացում ու բացատրություն լսել չէր ուզում: Այս հարցն ինքը կլուծի: Րոպեներ անց նորից հեռախոսը ձեռքը վերցնելով, հավանաբար կյանքում առաջին անգամ հավաքեց ՝
1-02:
***
Անահիտի բղավոցը հստակ ազդանշան էր
այն մասին, որ Տաթևն ու Սամվելը մեծ վտանգի մեջ են: Տաթևը հասցրեց միայն կրիչը
գրպանը դնել, երբ լսվեց ընդունարանի
դռան բացվելու ձայնը:
-Անահիտը, - բացականչեց Տաթևն ու
վազեց դեպի դուռը, բայց Սամվելն ամուր բռնեց նրան:
-Սպասի՜ր…, - հազիվ կարողացավ
դուռը փակել ու մի կողմ քաշել Տաթևին, երբ դռան
վրա հայտնվեցին փամփուշտներից անցքեր: Դռան փականը դեռ ամրացված չէր, արդյունքում դուռը փակել անհնար էր: Սամվելի ձեռքին միայն դռան բռնակն
էր, իսկ դռնից այն կողմ կանգնած մարդասպանի ցանկությունը դժվար չէր կռահել: Անհրաժեշտ էր որքան հնարավոր է շուտ դուրս գալ սենյակից:
Դուռը բացվում էր ներս և այն փակել պաշտպանվելու համար այս պահին անհնար էր, իսկ մոտ կանգնելը՝ վտանգավոր: Արձակված գնդակներն անցնում էին կաղնու փայտի միջով: Պետք էր դիմադրել, մինչև անվտանգության աշխատակիցները տեսնեն, կամ լսեն: Սակայն հաջորդ վայրկյանին Սամվելին անհավանական թվաց նրանց օգնությունը:
«Հավանաբար նրանք չկան»:
Դռան քանդված բռնակը դեռ նրա ձեռքում էր: Սամվելը չվարանեց ու բռնակը սուր կողմով որքան ուժ ուներ խոթեց դռան ու հատակի ճեղքի
մեջ, ապա մոտեցավ պատին ու ստիպեց, որ Տաթևն էլ նույնն անի: Դուռն ուժեղ հրեցին,
բայց բռնակը դիմադրեց ու դուռը մի փոքր առաջ գալով, նորից ետ գնաց:
Երկրորդ հարվածն ավելի ուժեղ էր, որին հաջորդեցին մի քանի կրակոց: Սամվելի
ականջին հասան ատրճանակի պահունակի փոխելու ձայնը: Պետք էր շտապել, քանի դեռ
հակառակորդը պատրաստ չէր: Այդ պահին երրորդ հարվածը չուշացավ ու դուռը գրեթե
ամբողջովին բացվեց, իսկ Սամվելն ու Տաթևը հայտնվեցին դռան ու պատի արանքում:
Սամվելին թվաց, որ մարդասպանն արդեն մտնում է ներս ու ոտքով որքան ուժ ուներ
հարվածեց դռանը: Դուռը մեծ ուժով դիպավ ներս մտնողին: Սամվելն արագ դռան դիմաց
հայտնվեց, իսկ Տաթևը ձեռքն առավ կողքին դրված սկահակն ու փորձեց հետ չմնալ
Սամվելից: Դռան մոտ ոչ մեկ չկար: Սամվելը հույս ուներ հարվածից հետո անակնկալ
հարձակվել ու կարողանալ դուրս գալ սենյակից, բայց ոչ մեկին չտեսնելով ու
հասկանալով, որ մարդասպանն անվնաս է, փորձեց հետ գնալ: Մինչ կհասնցներ
դռան մյուս կողմն անցնել, շեմքին հայտնվեց Անահիտը, իսկ նրա հետևում անվտանգության
աշխատակցի հագուստով մի տղամարդ, ով ատրճանակն
ուղղեց աղջկա ճակատին:
-Չշարժվե՛լ…
***
Ոստիկանության օպերատորն առաջին
իսկ զանգից վերցրեց խոսափողը:
-Ոստիկանություն: Ինչո՞վ կարող եմ
օգնել:
Հեռախոսի մյուս ծայրից լսվեց
տղամարդու բավականին խռպոտ ձայն.
-Ես ուզում եմ հայտնել, - մի պահ
ձայնը կորավ, ապա լսվեց հազի ձայն, - Կառավարական տանն այս պահին գտնվում են
մարդիկ, ովքեր անմիջական կապ ունեն երկու ժամ առաջ տեղի ունեցած սպանության հետ:
Երիտասարդ օպերատորն անմիջապես սեղմեց
ստեղնաշարի մի քանի ստեղն, որով համակարգը սկսկեց փնտրել զանգահարողի
հեռախոսահամարը և գտնվելու վայրը, բայց տարօրինակ կերպով համակարգը կարծես
դանդաղում էր: Ավելին, հեռախոսահամարն արդեն իսկ պետք է հայտնված լիներ էկրանին, բայց համակարգիչը չէր կարողանում վերծանել, իսկ եթե կապն անջատվեր, հեռախոսահամարը գտնելն էլ
ավելի կբարդանար:
-Կներեք, ո՞ր դեպքի մասին է
խոսքը, և ո՞ր Կառավարական շենքը նկատի ունեք, - հարցրեց օպրատորն ու փորձեց մյուս
աշխատակիցների ուշադրությունը գրավել՝ վեր բարձրացնելով ձեռքը:
Մի պահ զանգահարողը լուռ էր,
սակայն օպերատորի ականջին հասավ որոշակի աղմուկ, որը կարող էր միայն մեքենայի ընթացքի ձայն լինել:
-Փոխնախարարի
սպանության…
Նույն պահին էկրանին
հայտնվեց փոքրիկ պատուհան, որը հայտնվում էր բացառիկ դեպքերում միայն:
«Հեռախոսահամարը
պաշտպանված է:
Զանգահարողի գտնվելու
վայրն այս պահին անհայտ է»:
Մինչ օպերատորը կհասցներ հարց
տալ, լսափողում լսվեց կապի ընդհատումն ազդարարող սուլոցը:
Օպերատորը զարմացած հայացք ձգեց գործընկերների ուղղությամբ ու սեղմեց կապի բաժնի պատասխանատուին կանչող կոճակը:
-Համարն հատուկ պաշտպանված է, իսկ զանգը փոխնախարարի սպանությանն է վերաբերվում, - զարմացած հայացքներին պատասխանեց օպերատորն ու տվյալներն ուղարկեց հատուկ բաժին՝ համարի վերծանման համար: Հեռախոսահամարների վերծանման պատասխանը չպետք է ուշանար, բայց մինչ այդ արագ արձագանքման բաժնի ողջ անձնակազմը հասցրել էր լսել հեռախոսազանգի ձայնագրությունը: Երևանի ծառայության պետն էլ տեղեկացրել էր ոստիկանապետին, և ոստիկանության աշխատակիցներն արդեն ճանապարհին էին…
Րոպեներ անց հեռախոսահամարի վերծանմամբ զբաղվող հատուկ բաժնի պատասխանը զարմանք ու միևնույն ժամանակ զայրույթ պատճառեց ծառայության պետին: Պարզվում է հեռախոսահամարն ունի առավելագույն պաշտպանություն, որը նշանակում է այն կառավարության որևէ անդամի հեռախոսահամար է, իսկ նման դեպքերում ԱԱԾ-ը պետք է տեղյակ լինի բոլոր մանրամասների մասին:
-Տեղեկացրեք ազգային անվտանգությանն ու վերծանեք համարը, - հրահանգեց ծառայության պետն ու շտապեց մեկնել Կառավարական տուն մինչ ոստիկանապետը տեղ կհասներ, նրան անձամբ զեկուցելու համար:
***
-Չշարժվել, - երկրորդ անգամ
բղավեց բարձրահասակ տղամարդն ու ատրճանակի փողն ավելի մեծ ուժով սեղմեց Անահիտի
քունքին:
Տղամարդն արտաքնապես ընդհանրապես հայի նման չէր, իսկ հատուկ շեշտադրումով ասված մի քանի բառը վկայում էր այն մասին, որ հանցագործը հայ չէ:
Սամվելն ու Տաթևն ակամա վեր բարձրացրին ձեռքերը, իսկ Տաթևի ձեռքից սկահակը, ընկնելով հատակին, փշուր-փշուր եղավ:
Սամվելի ուշադիր հայացքից չվրիպեց Տաթևի ընկճված, վախեցած բայց միևնույն ժամանակ նաև խրոխտ կեցվածքը, իսկ Անահիտի դեմքին վախից գույն չէր մնացել: Սամվելը փորձում էր հասկանալ բոլոր հնարավոր տարբերակները, որով կարող էր պաշտպանվել ու միևնույն ժամանակ դուրս գալ այս թակարդ դարձած աշխատասենյակից:
«Ո՞ւր են անվտանգության աշխատակիցները: Այս ամենն ուղղակի ահաբեկչություն է և վերջ: Ներխուժել նախարարություն, այն էլ զինված», - մտածում էր Սամվելը:
Հանցագործը մեկ քայլ հետ գնաց ու Անահիտին էլ ավելի ամուր գրկելով, ոտքով ներս հրեց սև փոքրիկ ուսապարկը:
-Լցնե՛լ,- հրամայեց տղամարդը` ցույց տալով չհրկիզվող պահարանը, ապա բռունցքը մոտեցնելով շուրթերին, ինչ որ բան
շշնջաց:
Սամվելն ու Տաթևը միմյանց նայեցին, բայց ոչ մեկ տեղից չշարժվեց: «Հավանաբար տեղյակ է պահում մյուս հանցագործներին»:
-Լցնե՛լ, շո՛ւտ, - բղավեց տղամարդն ու ատրճանակն ուղղեց Սամվելի վրա:
Սամվելը վարանեց: Հանցագործի հաջորդ զգուշացումը չուշացավ: Ատրճանակի խլացուցիչով փողը ուղղվեց դեպի Սամվելն ու լսվեց ճայթյուն: Մեկ ակնթարթ հետո Սամվելը հասկացավ ինչ կատարվեց: Կրակեցին, ու ձախ
ձեռքը մեծ ուժով հետ գնաց, ապա սուր ցավից չկարողացավ զսպել գոռոցը: Անահիտն ու Տաթևը
վախից ճչացին, բայց հանցագործի նոր սպառնալիքը ստիպեց որ լռեն:
Սամվելը գետնին տապալվեց, իսկ
ատրճանակի փողն այս անգամ ուղղվեց Տաթևի վրա: Նորից նույն պահանջը`
-Լցնե՛լ,- բղավեց կանգնած
տղամարդը` թափ տալով ատրճանակը և Անահիտին հրելով ու գցելով գետին:
Տաթևին ոչ մի ելք չէր մնում, քան
կատարել հանցագործի պահանջը միաժամանակ հայացքը չկտրելով Սամվելից:
Սամվելին մի պահ թվաց` գիտակցությունը կկորցնի: Երբ բացեց աչքերը իրավիճակը նրա աչքերին մեկ այլ կերպ
ներկայացավ: Նրա շուրջը փշուր-փշուր եղած սկահակի կտորտանքներն էին: Անահիտը ևս
հատակին էր, իսկ Տաթևը դատարկում էր չհրկիզվող պահարանի պարունակությունը պայուսակի
մեջ: Երբ նորից բացեց աչքերը, նկատեց Տաթևի հայացքը: «Պետք է մի բան ձեռնարկել,
հակառակ դեպքում այս ապուշը կսպանի մեզ
բոլորիս ու կհեռանա»:
Ու հենց այդ պահին կատարվեց
անսպասելին: Տաթևը ձեռքի պայուսակը մեծ ուժով նետեց կանգնած տղամարդու դեմքին: Մեկ վայրկյան անգամ հապաղելը կարող էր երեքի կյանքն արժենալ: Անակնկալի եկած հանցագործը հերթական անգամ քաշեց ձգանն ու սենյակում
լսվեց ճայթյունի ձայնը, բայց այդ պահին Սամվելն աջ ձեռքով վերցրեց կոտրված սկահակի ամենամոտ ընկած կտորն և որքան ուժ ուներ սուր կողմով հարվածեց կանգնած տղամարդու ոտքին: Խոշոր ապակե կտորը
խրվեց ոտքի մեջ ու մինչ հանցագործը կհասցներ հետ պտտվել, Սամվելը ոտքով հարվածեց
կանգնածի արդեն վիրավոր ոտքին: Տղամարդը, անկանոն կրակ բացելով, տապալվեց հատակին:
Սամվելն ինքաբերաբար վերցրեց մյուս կտորն ու մի նոր հարված հասցրեց արդեն ընկածին,
մինչ վերջինս կհասցներ ատրճանակն իր վրա ուղղել: Փամփուշտները վերջացան: Սամվելի
ուժեղ բռունցքի մեկ հարվածը բավական էր, որ տղամարդը ուշագնաց լինի:
Տաթևը դռան մոտից նորից հետ վազեց
դեպի Անահիտը: Երիտասարդ կնոջ պարանոցին նկատվում էր արյան բիծ: Սամվելը ուշքի եկավ ու դադարեցրեց հարվածներ տեղալ ընկած տղամարդու դեմքին:
Նրա ձեռքերն ամբողջությամբ արյան
մեջ էին. ձախ ձեռքը փամփուշտից առաջացրած վերքի, իսկ աջ ձեռքի
ափը հասցրել էր վնասել ապակյա սուր կտորը, որով հարվածել էր զինված հանցագործին: Սամվելի
ականջին հասան ոտնաձայներ: «Հավանբար անվտանգության աշխատակիցներն են»: Մյուս
կողմից Տաթևի հուսահատ ձայնն էր լսվում, նա գրկել էր Անահիտի գլուխն ու հեկեկում
էր: Փամփուշտը վնասել էր Անահիտի պարանոցը: Ոտնաձայներն ավելի էին ուժգնանում:
«Իսկ եթե հանցակից ընկերնե՞րն են»,- անցավ Սամվելի մտքով ու փորձեց ոտքի կանգնել: «Պետք է հեռանալ, արագ»: Վայրկյաններ անց Սամվելն ու Տաթևն արդեն
ընդունարանում էին: Միջանցքում շարժում կար, բայց կարծես «հյուրերը»
զգուշավորությամբ են մոտենում: Սամվելը փորձեց կամաց առաջ գնալ, սակայն Տաթևը կանգնեցրեց: Պետք էր ուրիշ ելք գտնել: Սամվելի գլխում նոր միտք ծնվեց: Արագ մոտեցավ պատուհանին ու որքան ուժ ուներ հարվածեց ապակուն: Փակ պատուհանի ապակին մեծ աղմուկով կոտրվեց ու փողոցի աղմուկը խուժեց սենյակ` խլացնելով միջանցքից եկող աղմուկը:
***
Վայրկյաններ անց սենյակ մտան երեք տղամարդ: Ընդունարանի պատուհանին ապակին ամբողջությամբ կոտրված էր: Նրանցից մեկը մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս` նկատելով հետաքրքասեր անցորդների հայացքները: Մյուս երկուսն արագ մտան աշխատասենյակ: Նրանցից մեկը մոտեցավ գետնին պառկած տղամարդուն, իսկ մյուսը սկսեց ուսումնասիրել ընկած պայուսակի պարունակությունը: Հենց աշխատասենյակի դռան դիմաց գտնվող պահարանի դռան ճեղքից երկու զույգ աչքեր հետևում էին, թե ինչ է կատարվում ներսում: Հանկարծ կնոջ աչքին երևաց ատրճանակն ու հազիվ կարողացավ ձեռքով փակել բերանը չգոռալու համար: Պատուհանի մոտ կանգնած տղամարդու ականջին ինչ որ ձայն հասավ, բայց ոչ թե փողոցից, այլ պահարանի կողմից: Երբ հայացքը շրջեց դեպի թվացյալ աղմուկի կողմ, լսվեց ատրճանակի խլացուցիչ ձայն: Երկու կրակոց: Չգիտես որտեղից լսվեցին անվտանգության ազդանշանային համակարգի ձայնը:
-Ի՞նչ արեցիր, - խոսեց առաջինը ռուսերեն լեզվով:
-Վստահ լինելու համար, որ չի հայտնվի ոստիկանությունում, - առավել սառն ու կոպիտ պատասխանեց մյուսը` վերցնելով ուսապարկը:
-Կարծես ամեն ինչ այստեղ է, -
միացավ երրորդն ու նրանք շտապ դուրս եկան միջանցք: Ազդանշանային համակարգի վայնասունին միացան նաև ոստիկանական մեքենաների ձայնը, սակայն հանցագործներն արդեն հասցրել էին նստել մեքենան:
Հազիվ էին օտար անձիք հեռացել, երբ պահարանի դուռը բացվեց: Սամվելն ու Տաթևը մի կերպ կարողացել էին տեղավորվել փոքրիկ պահարանում ու ակնդետ հետևում էին այն ամենին ինչ կատարվում էր այն պահից սկսած, երբ հանցագործները ներս մտան, իսկ կրակոցների ժամանակ Տաթևը քիչ մնաց մատներ իրենց թաքստոցը:
Ոստիկանական մեքենաների ազդանշաններն արդեն լսվում էին մուտքի կողմից: Սամվելն արագ մոտեցավ պատուհանին.
«Ամենաքիչը երեք մետր, կարելի է»,- ապա նայեց Տաթևի կողմը, ով քար կտրած նայում էր աշխատասենյակից ներս:
-Տաթև, շտապի՛ր, - մոտ վազելով քաշեց Տաթևի ձեռքը:
Երբ Սամվելի հայացքն էլ մի պահ ընկավ աշխատասենյակի դռնից ներս, ինքն էլ սարսափած կանգ առավ: Տղամարդը, որ քիչ առաջ փորձում էր իրենց սպանել, գնդակահարված էր: Քիչ այն կողմ ընկած էր Անահիտի մարմինը, իսկ աշխատասենյակի տեսախցիկի կտորներն այս ու այն կողմ էին ընկած:
Սամվելն անմիջապես գլխի` ընկավ ինչ էր կատարվել, մինչ իրենք թաքնվել էին պահարանում: Հանցագործները նախ ոչնչացրել էին տեսանկարահանող սարքը, այնուհետև սպանել իրենց վիրավոր հանցակցին ու տարել բոլոր այն փաստաթղթերը որոնց ետևից եկել էին:
-Մենք պետք է շտապ հեռանանք: Տաթև, լսո՞ւմ ես ինձ:
Լսվեցին ոտնաձայներ: Կրկին ոտնաձայներ…
Տաթևը հանկարծ հիշեց կրիչը, որ հասցրել էր գրպանը խոթել:
-Այո, պետք է արագ հեռանալ, ամեն ինչ դեռ կորած չէ, -
շշուկով ասաց Տաթևն ու գրպանից հանեց կրիչը:
Սամվելի ցավից տանջալի դեմքին ժպիտ հայտնվեց:
-Առավել ևս: Մենք մի ելք ունենք` պատուհանը:
***
Բադալյանը Կառավարական տան մուտքի մոտ այդպես էլ
չկարողացավ կայանել մեքենան, ավելի ճիշտ ոստիկանները
թույլ չտվեցին: Այն հարցին, թե ինչ է կատարվել, ոստիկանության ավագ լեյտենանտը
հակիրճ պատասխան տվեց` սպանություն:
«Ահաբեկչություն, կազմակերպված
ահաբեկչություն, Տեր Աստված»:
Նալբանդյան և Արամի փողոցներն ամբողջությամբ ոստիկանական մեքենաներով շրջափակված էին:
Վերջապես նրան հաջողվեց մեքենան կանգնեցնել ու դուրս գալ: Շուրջը ոստիկաններ էին
ու լրագրողներ, ովքեր շտապում էին Կառավարական շենք: Հանկարծ նրա ուշադրությունը
գրավեց երկու անցորդների տարօրինակ քայլվածքն ու հատկապես այն, որ նրանք ամբոխին հակառակ էին գնում ու ասես շտապում էին
վայրկյան առաջ մտնել գետնանացում: Թեև տեսողությունից հաճախ էր բողոքում, սակայն
անմիջապես ճանաչեց նրանցից մեկին` Տաթև Ստեփանյանին:
-Փառք, Քեզ Տեր Աստված, -
բացականչեց նա ու սկսեց շարժվել նրանց ուղղությամբ:
Մի քանի քայլ անելուց հետո
հասկացավ, որ ամբոխի մեջ հեշտությամբ նրանց կարող է կորցնել ու ավելի արագացրեց
քայլերը: Մեկ րոպե էլ չէր անցել, երբ գրեթե հավասարվեց նրանց և նկատեց, որ Տաթևին
ուղեկցող տղամարդը հազիվ է կարողամում կանգնած մնալ ոտքի վրա, իսկ ձեռքը գրեթե ամբողջությամբ արյան
մեջ կորած է:
-Պարոն Բադալյան, - հազիվ
կարողացավ ասել Տաթևն ու էլ չկարողացավ զսպել լացը:
-Տաթև, ի՞նչ կատարվել ներսում,
ինձ ասացին…
-Մեզ օգնություն է պետք, որքան
հնարավոր է շուտ, ամեն ինչ կբացատրեմ հետո, բայց պետք է շտապ հեռանանք այստեղից:
-Իմ մեքենան մոտակայքում է,
գնացիք, բայց ինքն է՞լ պետք է գա, - գրեթե շշուկով հարցրեց Բադալյանը:
-Այո, մենք միասին ենք:
Րոպեներ անց նախարարի ավտոմեքենան
դուրս եկավ խցանումից ու շարժվեց
դեպի քաղաքից դուրս:
Տաթևն ու Սամվելը հազիվ կարողացան
ներկայացնել այն ամենը, ինչ կատարվել էր նախարարությունում: Բադալյանի մռայլ դեմքը
էլ ավելի մռայլվեց, լսելով սպանության ու նաև հանցագործ խմբավորման մասին: Բայց Բադալյանի
հոգին սկսեց մեկ այլ միտք կրծել: Հենց այնպես զինված մարդը չէր կարող ներխուժել Կառավարական տուն, հետո էլ մի ողջ խումբ կանչել:
Բոլոր վկաները, անգամ հանցագործը սպանված են, իսկ փաստաթղթերն անհետացած:
Հանցագործներին կարող էր ուղղորդել և հրահանգավորել մարդ, ով լավ գիտեր
Կառավարական տան ամեն մի անկյունը, դրան էլ գումարած այն, որ իր մեքենայում գտնվող
և հետախուզման մեջ գտնվող անձիք իրենք են
նշում, որ կոտրել են
հանգուցյալ փոխնախախարի դուռը և մի բան էլ ավելին, վախենում են ներկայանալ
ոստիկանություն:
«Գուցե մեծ սխալ եմ գործել, նրանց
օգնություն առաջարկելով: Չէ որ ոստիկանությունն ամեն դեպքում մի քանի ժամ է ինչ
փնտրում է Տաթևին, - խորհում էր Բադալյանը: - Բացի այդ, հանցագործները պատրաստ են ցանկացած քայլի, անգամ սպանության, իսկ ի՞նչ կապ ունի Տաթևն
այս ամենի հետ: Պատահականությո՞ւն էր այն, որ հենց ինքն էր ուղարկել լաբորատոր ստուգման, այն էլ որպես անհատ: Է՞լ ինչեր են կատարվել իմ քթի տակ: Ինքնս
կպարզեմ ամեն ինչ»:
-Ես ուզում եմ միայն ոստիկանապետի, կամ էլ ԱԱԾ-ի պետի հետ զրուցել, ուրիշ ոչ մեկի, - լռությունը խախտեց Տաթևը:
-Գնանք ապահով տեղ, վիրավորին անհրաժեշտ օգնություն ցույց տանք, ու հասկանանք` ինչ անենք:
Տաթևը հանգիստ շունչ քաշեց ու օգնեց Սամվելին վերնաշապիկը պատռել, հետո դրանով կապեց վերքը:
Մեքենան մեծ արագությամբ դուրս եկավ Երևանից:
***
Երևանի ոստիկանության ծառայության պետի համար անսպասելի էր լսել կրակոց հենց Կառավարական տանը: Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել էին երեք դիակ: Երեքն էլ նախարարության աշխատակիցներ, երկուսն անվտանգության աշխատակիցներ, իսկ մեկը սպանված փոխնախարարի երիտասարդ օգնականը:
Մինչ տեղ կհասնեին գլխավոր դատախազության աշխատակիցներն ու ոստիկանապետը, Երևանի ոստիկանության ծառայության պետն անձամբ սկսեց հետևել տարվող աշխատանքներին:
Իր երկարամյա աշխատանքային փորձի ընթացքում, նման մեկ դեպք էր հիշում. Ազգային Ժողովում կատարված ահաբեկչությունը: Այս մեկը անկասկած ևս ահաբեկչություն էր և անմիջապես կապված է փոխնախարարի սպանության հետ: Կատարվել էր հարձակում պետական հաստատության վրա, և կան զոհեր: Քաղաքում հավանաբար կհայտարարավի արտակարգ դրություն:
Ոստիկանության մի քանի վարչություններ արդեն այստեղ էին: Քիչ առաջ զեկուցեցին, որ կոտրված է սպանված փոխնախարարի աշխատասենյակի դուռը և բացված չհրկիզվող պահարանը:
Անվտանգության աշխատակցի սենյակի զննումից հետո միակ կարևոր տեղեկույթը, գրանցամատյանում նշումն էր` «Տաթև Ստեփանյան, 11:
45»:
Մեսրոպյանը նայեց ժամացույցին.
մեկ ժամ էլ չէր անցել: Ի՞նչն էր ստիպել Անվտանգության աշխատակցին նշել վարչության
պետի անունը:
-Գալստյա՛ն, մասնագետ ուղարկիր` անվտանգության
տեսախցիկների նկարահանածը ստուգենք, - դիմեց Մեսրոպյանը կապիտանին:
Հատուկ վարչության երկու աշխատակիցներ միացան գնդապետին, սակայն քիչ անց պարզվեց, որ նկարահանած նյութերի մի մասը հատուկ միջամտության միջոցով ջնջված է:
-Գտեք հնարավոր, բոլոր տեսանյութերը, իսկ վերականգնել հնարավոր չէ՞, զայրացավ գնդապետը:
Պարզվեց` հնարավոր չէ: Տեսախցիկների հիշողությունը ջնջել են, ապա անջատել:
Մեսրոպյանը դուրս եկավ անվտանգության աշխատակցի սենյակից:
-Պարոն Մեսրոպյան, - գնդապետին մոտեցավ կապիտան Գալստյանը,- ոստիկանապետը հիմա այստեղ կլինի, բացի այդ. կարծեցյալ երկրորդ անվտանգության աշխատակիցը պարզվում է Կառավարական տան աշխատակից չէ:
Մեսրոպյանի հարցական հայացքը
ստիպեց, որ կապիտանը շարունակի:
-Ոչ մի անվտանգության աշխատակից
նրան չի ճանաչում: Պարզվել է արտահագուստն էլ իրենը չէ:
-Ինքնությունը պարզեցեք, զեկուցեք: Իսկ մատնահետքերի ստուգո՞ւմ արվել է:
-Անվտանգության աշխատակցի սենյակում արդեն արվել է: Ուղարկվում է լաբորատոր փորձաքննության, սակայն կարծես թարմ մատնահետքերը միայն մեկ հոգու են պատկանում` անվտանգության աշխատակցին:
-Ո՞ր մեկինը:
Այն աշխատակցինը, ում ինքնությունը պարզվել է:
-Շատ լավ շարունակեք, ամենափոքր մանրուքի մասին անգամ զեկուցեք:
Գալստյանը հեռացավ, միանալով քրեագիտական փորձաքննության աշխատակիցների խմբին: Դիակներն արդեն պատրաստ էին տեղափոխման համար: Մեսրոպյանը հայացքն այլ կողմ տարավ` ևս մեկ անգամ չտեսնելու համար այն, ինչին ականատես եղավ մի քանի րոպե առաջ:
-Պարոն Մեսրոպյան, - ձայն տվեցին անվտանգության աշխատակցի սենյակից, - տեսախցիկներից մեկի տեսագրությունը ջնջված չէ, մոտեցեք խնդրեմ:
Էկրանին ժամը ցույց էր տալիս 11:47: Մեսրոպյանը նորից նայեց գրանցամատյանի օրվա ընթացքում արված միակ գրառմանը: Տարբերությունը
երկու րոպե էր կազմում և ոչ ավել: Ընդունարանում երեք հոգի էին` երկու կին և տղամարդ: Կանացից մեկը սպանվածներից մեկն էր, իսկ այն երկուսն անծանոթ էին իրեն:
-Ովքե՞ր են այն երկուսը, - հարցրեց Մովսիսյանը:
-Կինը սննդի անվտանգության տեսչության պետն է` Տաթև Ստեփանյանը, ով արդեն իսկ հետախուզման մեջ է, իսկ տղամարդը լրատվական կայքերից մեկի խմբագիր:
-Սատանան գլուխ չի կարող հանել անգամ այս ամենից: Գրողը տանի, ինչ է՞, նրա՞նք են այս ամենն արել:
Տեսագրությունում պարզ երևում էր` ինչպես են հաջողացնում դուռը բացել: Մինչ տղամարդը կոտրում է փականը, կանայք փորձում են զանգահարել, և կարծես Տաթևը հեռախոսազրույց է ունենում, որից հետո երեքով մտնում են փոխնախարարի աշխատասենյակ: Եռյակը հայտնվում է մյուս էկրանին` արդեն աշխատասեյակում: Տղամարդն ու Տաթևը չհրկիզվող պահարանի մոտ են: Հստակ կարելի է տեսնել` ինչպես է տղամարդը փոխանցում բանալի` պահարանի բանալին: Թեև ձայն չկա, սակայն դժվար չէ նկատել, որ Տաթևը բարկացած տեսք ունի: Մյուս կինը մոտենում է պահարանին ու հավաքում ծածկաթիվը: Վերջին դրվագը պահարանի դռան բացումն է, ու տեսանյութն ավարտվում է:
-Այս մեկն էլ են անջատել հենց այստեղից, - բացատրեց երիտասարդ քրեագետը:
«Եթե այստեղից, ապա ինչպես են միայն մեկ հոգու մատնահետք գտել: Ո՞վ է անջատել, անվտանգության աշխատակի՞ցը, թե հանցագործները: Ձեռնոցները… Մյուս սպանված անվտանգության աշխատակցի ձեռքին ռեզինե ձեռնոցներ կային»,- հիշեց Մեսրոպյանը:
Դռան մոտ երևաց Գալստյանը:
-Պարոն գնդապետ, ականատեներ կան ովքեր տեսել են ինչպես են պատուհանից երկու հոգի ոստիկանության ժամանման պահին դուրս եկել: Նրանից մեկը` տղամարդը, վիրավոր է եղել:
-Երրորդ սպանվածի ինքնությունը չճշտվե՞ց, - շտապեց հարցնել Մեսրոպյանը:
-Դեռ ոչ:
Մեսրոպյանի գլխում արդեն իսկ վարկածեր էին պտտվում:
-Խուզարկեք ողջ հարկաբաժինը: Հնարավոր է հագուստ, պայուսակ կամ նույնիսկ այլ մարդկանց գտնենք: Պարզեք ում են զանգահարել վերջին րոպեին ընդունարանի հեռախոսից: Շտա՛պ:
Գալստյանը համաձայնության նշան ցույց տվեց ու հեռացավ:
Վայրկյաններ անց Հանրապետության գլխավոր ոստիկանապետը նույնպես ժամանեց` տեղում ծանոթնալու իրավիճակին:
***
Սամվելը փորձում էր գտնել բջջայինը, բայց այն չկար:
«Հավանաբար ճանապարհին ընկել է»:
-Պարոն Բադալյան, ձեր բջջայինից մեկ զանգ կարո՞ղ եմ կատարել, - հարցրեց Սամվելը:
-Ա… այո, իհարկե, - եղավ Բադալյանի պատասխանը, սակայն «այո»-ն այնպես ասաց, որ ավելի շուտ «ոչ»-ի էր նման:
Սամվելն առաջինը հավաքեց Արտակի հեռախոսհամարը, ավելի ճիշտ այն միակն էր, որ կարողացավ հիշել: Զանգը գնում էր, բայց պատասխան չկար: Սամվելը մի կերպ էր կարողանում հեռախոսն ականջին մոտ պահել ու ամեն զանգի ազդանշանից հետո քիչ էր մնում դեն նետեր բջջայինը: Վեջապես լսվեց Արտակի ակնհայտ հուզված ձայնը:
-Արտակ, ես եմ, - հազիվ կարողացավ արտասանել Սամվելը, երբ Տաթևը բոթեց Սամվելին, հասկացնելու համար, որ որևէ ավելորդ բառ չասի:
-Արտակ ես լավ եմ, միայն ասա ի՞նչ է կատարվում այդտեղ:
-Ո՞ւր ես: Լրագրողները մի կողմից ոստիկաններն էլ մյուս, քեզ են փնտրում: Շտապ պահանջում են ներկայանաս: Բայց հենց նոր լրատվության վարչությունից հայտնեցին, որ հետախուզում է հայտարարվել: Հիմա քո ու
այդ կնոջ նկարները բոլոր լրատվական կայքերի առաջին
էջերին է: Մամուլն էլ ինչ ասես գրում է: Ի՞նչ անեմ, հերքում տա՞մ:
-Ո՛չ, ցանկացած հաղորդագրություն կարող է անսպասելի հետևանքների բերել: Միայն գրիր, որ լուրերը չեն հաստատվել և դեռ ապացույցներ չկան, դե դու ավելի լավ կմտածես, բայց ոչ մի լուր իմ զանգի մասին, լա՞վ: Եթե հարմար լինի հետո կխոսենք…
Սամվելը սեղմեց անջատման կոճակն ու Տաթևը հեռախոսը գրեթե խլեց նրա ձեռքից:
-Ինչո՞ւ զանգեցիր: Հիմա ամեն քայլը կարող են վերահսկել, - մի կերպ զայրույթը զսպելով խոսեց Տաթևը:
-Հանգիստ եղեք, - միջամտեց Բադալյանը, - հեռախոսահամարը չի երևում վերջերս եմ սկսել օգտվել Կառավարությանն ընձեռած այդ հնարավորությունից:
Հայելու մեջ հայտնվեց Բադալյանի խորամանկ ժպիտը, որը տարօրինակ թվաց Տաթևին:
Սամվելի դեմքին գույն չէր մնացել:
Իհարկե կարելի էր հասկանալ, մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, բայց սա հիմնական
պատճառը չէր: Ականջներում դեռ Արտակի բառերն էին` հետախուզում են հայտարարել:
Աստվա՜ծ իմ, այս ինչի մեջ ենք հայտնվել: Տաթևին ասել դրա մասին, իզուր է հավանաբար
ինքն էլ գլխի է ընկնում, իսկ նախարարի՞ն, արդյոք նա կշարունակի օգնել, եթե իմանա, որ ոստիկանությունը իրենց է փնտրում:
-Պարոն Բադալյան կարո՞ղ եմ ես էլ օգտվել բջջայինից:
Բադալյանի պատասխանը եղավ «իհարկե», բայց նորից այն տոնայնությամբ որ «ոչ»-ի էր նման:
Տաթևը չէր պատրաստվում զանգ կատարել: Նա բջջայինի միջոցով միացավ համացանցին ու փնտրեց մտքին եկած առաջին իսկ լրատվական կայքի հասցեն:
Այն ինչ կարդաց ուղղակի ապշեցուցիչ էր, և հավանաբար մի շարք վարկածներից մեկը:
«Փոխնախարարի սպանությունը կապված է խանդի հետ» վերտառությամբ հոդվածում նշվում էր, թե հիմնական կասկածյալը իր ամուսինն է, ով ձերբակալվել է դեպքից քիչ անց:
«Ա՜յ թե երևակայություն ունեն լրագրողները»:
Մեկ այլ հոդվածում էլ նշվում էր, որ քաղաքում հայտարարվել արտակարգ դրություն, այն բանից հետո, երբ զինված հարձակում է իրագործվել Կառավարական տան աշխատակիցների վրա: Զոհերի թիվը ըստ կայքի երեքն էր, բայց ոստիկանությունը մտավախություն ունի, որ տուժածները կարող են ավելին լինել:
Գտավ մեկ այլ հոդված, որտեղ ներկայացվում էր, թե ականատեսների պնդմամբ մի խումբ զինված անձիք են նկատվել մուտքի մոտ, այնուհետև նրանք հեռացել են, իսկ պատուհանից երկու հոգի դիմել են փախուստի: Ոստիկանությունն արդեն հասցրել է պարզել թե ովքեր են փախչել: Նշված էին իրենց անունները: Հայտարարվել է հետախուզում:
-Աստված իմ մենք հետախուզման մեջ
ենք, - բացականչեց Տաթևը,- պետք է կապվել անմիջապես ոստիկանապետի հետ ու խնդրել
հանդիպում: Ուշացնել պետք չէ:
-Մենք արդեն տեղ հասանք, -
միջամտեց Բադալյանը, - եկեք հասկանանք ինչ պետք է անենք, նոր զանգահարենք թեկուզ
նախագահին:
Մեքենան կանգ առավ շքեղ
առանձնատան դիմաց: Մեկ ակնթարթ հետո դարբասները բացվեցին ու մեքենան մտավ մեծ
կալվածքի սահմաններից ներս:
Սամվելի ու Տաթևի հայացքները
հանդիպեցին, ու երկուսի գլխում էլ նույն հարցն էր: «Որտե՞ղ ենք»:
***
-Հայտնաբերվել
է երեք դիակ: Երկուսը նախարարության աշխատակիցներ են, մյուսի ինքնությունը ճշտվում է, - զեկուցում էր Մեսրոպյանը ոստիկանապետին:
-Ովքե՞ր են սպանվածները, - ընդհատեց ՀՀ ոստիկանապետը ոստիկանության ծառայության պետին:
-Անվտանգության աշխատակիցն ու
սպանված փոխնախարարի օգնականը: Այժմ կատարվում են անհրաժեշտ դատափորձագիտական
միջոցառումներ: Նախապես պետք է ասեմ, որ սպանությունները կատարվել են տարբեր
զենքերով: Կասկածյալներն են սննդի անվտանգության պետ Տաթև Ստեփանյանը և լրագրող
Սամվել Գևորգյանը: Վերջինս լրատվական կայքերից
մեկի խմբագիր է:
-Տեսագրություններ կա՞ն, -
հարցրեց ոստիկանապետը` նկատելով անվտանգության տեսախցիկը, ապա քայլեց դեպի
հանցագործության սենյակ:
-Դրանք նախապես անջատված են եղել,
բացի երկուսից: Տեսագրությունում հստակ երևում է ինչպես են
կոտրում հանգուցյալ փոխնախարարի աշխատասենյակի դուռը,
ապա մտնում ներս, բացում չհրկիզվող պահարանը…
-Ովքե՞ր, - նորից ընդհատեց ոստիկանապետը:
-Տաթև Ստեփանյանը և Սամվել Գևորգյանը, - թղթին նայելով շարունակեց գնդապետը: - Հենց նրանք են պատուհանից դիմել փախուստի: Երևանի ոստիկանապետի կարգադրությամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանից թղթերը ստացել ենք քիչ առաջ:
-Սպանության տեսագրությունը կա՞,
- մի փոքր ավելի խիստ հարցրեց ոստիկանապետը:
-Ցավոք ոչ: Տեսախցիկները
դիտավորյալ կերպով անջատել են:
Փոխնախարարի ընդունարանում նրանց
միացավ Երևանի ոստիկանապետը և Մեսրոպյանը մի փոքր հեռու գնաց: Քրեագետները դեռ շարունակում էին աշխատել: Տեղ-տեղ երևում էին գտնված մատնահետքերի շարքեր, որոնք առանձնացված էին: Անգամ տպագրական սարքի վրա կային հստակ նշված մատնահետքեր: Մեսրոպյանն
սկսեց զննել դրանք: Որպես նախկին քրեագետ
իր համար կարևոր նշանակություն ունեն մատնահետքերը և մեծապես օգնում են բացահայտել անգամ ամենատարօրինակ հանցագործությունները: Առաջին անգամ քրեագիտության բնագավառում մատնահետքի օգնությամբ հանցագործի ինքնության բացահայտումը կատարվել է դեռևս 1902թ-ին, որից հետո մատնահետքերը հսկայական նշանակություն ձեռք բերեցին հանցագործությունների բացահայտման գործում:
Մեսրոպյանի ուշադրությունը գրավեց տպման սարքի մյուս կողմում գտնվող թղթերը: Դժվար չէր նկատել, որ փորձ էր արվել տպել կամ բազմացնել փաստաթուղթ:
-Պարոն Մեսրոպյան, - մոտեցավ Գալստյանը,- ոստիկանապետը հարցնում էր Ձեզ:
-Մի բան պարզեցի՞ք:
-Այո, կարծում եմ կարևոր է, -
թուքը կուլ տալով խոսեց Գալստյանը, -
վերջինը զանգահարել են գյուղատնտեսության նախարարին: Զանգն ավելի քան մեկուկես րոպե է տևել:
«Նախարարի՞ն: Գուցե հենց ինքն էր
զանգահարել ոստիկանություն, իհարկե ինքն էր: Գրողը տանի, ի՞նչ է կատարվում այսօր»:
-Իսկ երրորդ դիակի ինքնությո՞ւնը:
-Դեռ ոչ:
-Շտապե՛ք, գրողը տանի: Բացի այդ նախ,
շտապ ստուգել տուր տպագրական սարքը: Գուցե հնարավոր լինի կրկին արտատպել այն, ինչ
փորձել են բազմացնել, որից հետո կապվիր հատուկ բաժնի հետ: Ճշտի՛ր, կարողացե՞լ են
վերծանել հեռախոսահամարը, թե՛ ոչ: Սպասում են զեկուցմանը, - ավելացրեց Մեսրոպյանն
ու մոտեցավ ոստիկանապետին:
***
-ԱԱԾ-ը տեղյա՞կ է, պարոն գնդապետ,
- հարցրեց ոստիկանապետը Երևանի ոստիկանապետին:
-Այո, տեղեկացրել ենք, նրանք արդեն այստեղ պետք է լինեին:
-Ի՞նչ վարկածներ կան:
-Այն վարկածը, թե ամեն ինչ խանդի
հողի հիման վրա է կատարվել, կարելի է հերքել: Փոխնախարարի
սպանությունն անմիջապես կապված է այս ահաբեկչության հետ: Կարծում եմ` ոմանց պետք է եղել
վերացնել որոշ ապացույցներ, ինչի համար էլ նրանք հայտնվել են այստեղ:
-Ամեն դեպում շտապել եք
հետախուզման հարցում: Գոնե պատկերացնո՞ւմ եք, որ նախարարության վարչության պետ է:
-Պարոն գեներալ, այլ տարբերակ
լինել չէր կարող, հետախուզում հայտարարվել է հիմք
ընդունելով, որ առավոտյան խուսափել է ոստիկանությունից:
Լսվեց ոստիկանապետի բջջայինի
զանգը: Այդ պահին նրանց միացավ Մեսրոպյանը: Ոստիկանության գեներալը մի փոքր
հեռացավ` թողնելով նրանց մենակ:
-Պարոն գեներալ, շտապ է, - լսվեց
հեռախոսից, - քննչականում Մհեր Ստեփանյանը պահանջում է հանդիպում, իր ասելով
ազգային անվտանգության հարց է և ունի նախարարությունում կատարված ահաբեկչության
մանրամասների վերաբերյալ փաստեր, և ավելին` մեղադրում է ՀՔԾ-ի հատուկ գործերով
բաժնի ղեկավարին:
«Պահանջո՞ւմ: Ի՞նչ է նշանակում
այս ամենը»: Միայն մի փոքր լռությունից հետո ոստիկանապետը պատասխանեց:
-Հիմա գալիս եմ:
-Պարոն ոստիկանապետ, - մոտեցավ
Երևանի ոստիկանապետը, - այս փաստատթղթերը կարող են նոր ընթացք տալ գործին: Դրանք հենց նոր տրամադրեցին քրեագետները: Այս
փաստաթուղթը, ավելի շուտ` կրկնօրինակը լաբորատոր հատուկ փորձաքննության
հաշվետվություն է: Ցավոք` ընդամենը երկու էջ:
-Ուղարկել հատուկ փորձաքննության
և մեկ օրինակ էլ ինձ տրամադել: Սպասում եմ երրորդ անձի ինքնության ճշտմանը:
Կզեկուցեք:
Ոստիկանապետը հապճեմ դուրս եկավ
Կառավարական տանից, ձեռքում ինչ-որ փորձաքննության հաշվետվությունից
երկու էջ միայն:
«Պետական դավաճանություն. պետք է
վերհիշել նման դեպքում, եթե ոչ ցմահ, ապա քա՞նի տարի պատժաժամկետ է սահմանում
օրենքը»:
Շարունակությունն` այստեղ
Շարունակությունն` այստեղ