2013-08-12

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ (մաս երրորդ)


Armen Mkheyan


ԱՐՄԵՆ ՄԽԵՅԱՆ

   ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

Армен Мхеян

   

Արմեն Մխեյանն այս անգամ անդրադարձել է գենետիկ ձևափոխության ենթարկված մշակաբույսերի խնդրին: Իրադարձությունների կիզակետում հայտնվում է լրատվական կայքի խմբագիրը, ով ակամա դառնում է բարձրաստիճան պաշտոնյայի սպանության վկան: Հանցագործություն, որը նպատակ ունի կոծկել և վերացնել մեկ այլ հանցագործության հետքը:
Գլխավոր հերոսները, քաջ գիտակցելով թե ինչ հնարավոր վտանգների առջև կարող է կանգնել պետությունը, անհավասար պայքարի մեջ են մտնում` հանուն ճշմարտության բացահայտման, սակայն ապացույցը մեկն է, իսկ այն ձեռք բերելու համար ստիպված են խախտել օրենքը:
Հանուն արդարության նրանց պայքարը վերածվում է կյանքի ու մահու կռվի, որտեղ վստահել կարող են շատ քչերին...

Գործողությունների կտրուկ ու անհավատալի զարգացում` լի անսպասելի լուծումներով:

Միևնույն ժամանակ հեղինակը փորձում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց անտեսումը կարող է վտանգել պետության և ժողովրդի անվտանգությունը:


Վեպում օգտագործվել են պետական մի շարք կառույցների անուններ, ինչպես նաև Mediamall.am և 1in.am լրատվական կայքերի անունները: Հերոսները, սյուժեն ու նրանց անունները մտացածին են, ցանկացած համընկնում` պատահականություն:

Հատուկ շնորհակալություն Mediamall.am, 1in.am կայքերին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել վեպի ստեղծման գործում:


Խմբագրեց Արամ Հովակիմյանը

Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի թույլտվության:

© ArmenMkheyan 







ՄԱՍ ԵՐՐՈՐԴ



***

-Կարող եք զգալ ինչպես ձեր տանը: Այստեղ մենք մենակ ենք, ամեն դեպքում անվտանգ ու ապահով:
-Պարոն Բադալյան, իսկ մենք որտե՞ղ ենք:
-Ա՜ես մոռացա ասել: Այս առանձնատունը եղբորինս է: Նրանք ընտանիքով Հանրապետությունում չեն, ես էլ ստիպված եմ հետևել:
-Գեղեցիկ առանձնատուն է, - քթի տակ խոսեց Սամվելն ու ընկավ բազմոցին:
- Ես հիմա կկանչեմ հարևանուհուն, նա բուժքույր է, կօգնի:
-Մինչ այդ, պարոն Բադալյան, խնդրում եմ կապվել ոստիկանապետի կամ ԱԱԾ-ի հետ:
-Իհարկե, հիմա կկապվեմ, բայց նախ օգնություն ցույց տանք նրան, - Սամվելին նայելով դուրս եկավ Բադալյանը:
-Ի՞նչ, այստեղ սպասելու ենք մինչև ոստիկանապետն իր ոտքով գա մեզ տեսակցությա՞ն, - սկսեց Սամվելը, երբ Բադալյանը իր հետևից փակեց դուռը:
-Քանի դեռ մենք այստեղ ենք, ուրեմն ապահով ենք, և կրիչը նույնպես: Հիմա առավել քան  պետք է պահպանել միակ ապացույցը, որը կա մեր ձեռքին:
Տաթևը սկսեց ուշադիր զննել Սամվելի վերքերը:
-Լուրջ վնասվածք չկա կարծես, հաստատ չես մեռնի, - ծիծաղեց Տաթևը:
-Հաստատ չեմ մեռնի, չեմ էլ պատրաստվում, - շարունակեց Սամվելը:

 Մինչ այդ, դռան մյուս կողմում Բադալյանը զրուցում էր բջջայինով:
-Դու միայն մեկ ելք ունես` արագ հեռանալ: Ինչ ես կարծում ոստիկանությունը գլխի չի՞ ընկնի: Այնտեղ նրանցից մեկի դիակն է: Եթե պարզեն ինչացու է, դու էլ, էլ ես կորած, ես էլ: Մենք ակամա դարձանք հանցագործների ու ահաբեկիչների գործընկեր:
-Սպասիր, -լսվեց հեռախոսի մյուս կողմից,- ամեն ինչ լավ կլինի: Այս պահին խնդիր է սերմացուն, այն արդեն ոչնչացվում է, քեզ մնում է օգտվել առիթից ու վերացնել ապացույցը: Վստահ եմ նրանց մոտ է կրիչը: Այն ոչ մի դեպքում չպետք է հրապարակվի: Մի մոռացիր, որ դու էլ ես ներքաշված այս կեղտի մեջ այնքան, որքան ես: Այնպես որ գործիր արագ: Հանգիստ եղիր, ահաբեկիչներին կգտնեն: Մենք ոչ թե նրանց գործընկերն ենք, այլ առաջին զոհերը: Բայց քո պարագայում վստահ չեմ կարող լինել, քանի որ նրանցից մեկն առնվազն քեզ խաբում է, և այդ մեկը գեղեցկուհին է: Քեզ մոտ հարց չի առաջանում` ինչպե՞ս նրանց հաջողվեց դուրս պրծնել ահաբեկիչների ձեռքից:
Բադալյանը մի փոքր անց անջատեց հեռախոսն ու շարժվեց լրիվ հակառակ ուղղությամբ որտեղից դուրս էր եկել:
«Իսկապես, հենց սկզբից էլ այստեղ մի բան այն չէր, - խորհում էր Բադալյանը,- ես կանեմ ամենը պատիվս փրկելու համար, բայց ոչ քո ասածով…»:

-Ինձ տարօրինակ է թվում Բադալյանի նման պահվածքը: Պետք է զգույշ լինել, -մի փոքր լռությունից հետո շարունակեց Տաթևը:
-Մենք մի ելք ունենք մեզ ապահովագրելու համար, ավելի շուտ` ապացույցն ապահովագրելու, եթե անգամ մեզ հետ մի բան պատահի:
-Ի՞նչ ես առաջարկում, - զարմացած հարցրեց Տաթևը Սամվելին:
Մի պահ լռություն տիրեց: Սամվելը փորձում էր հասկանալ ինչ կերպ կարձագանքի Տաթևը իր առաջարկին:
-Հրապարակել կրիչի պարունակությունը, - վերջապես խոսեց Սամվելը:
-Այո, իսկապես ինչպես չէի մտածել մինչ այդ, բայց մեկ րոպե, - շփոթվեց Տաթևը, - այդ կերպ մենք ի վիճակի չենք լինի ապացուցել մեր անմեղությունը: Ավելին, կդառնանք այս ողջ հանցագործությունների շարունակողը
-Տաթև, ինչի մասին ես խոսում: Մենք հանուն արդարության են պայքարել: Հիմա միակ ելքը դա կարող է լինել:
Տաթևին համոզիչ չթվաց Սամվելի ասածը, առավել ևս եթե ուզենա իր կայքի միջոցով հրապարակել, ապա մտածում է միայն սենսացիայի մասին: Այդ կերպ իրենք կորցնում էին միակ ապացույցի «հեղինակային իրավունքը», բացի այդ էլ այն տեղեկույթը, որին տիրապետում է ինքը ու հիմա այն ընդամենը մեկ փոքրիկ կրիչի մեջ է, գուցե ենթակա չէ հրապարակման և կարող է էլ ավելի վատթարացնել առանց այդ էլ վատ վիճակը: Բայց հաջորդ վայրկյանին մի կողմ վանեց այս միտքը: Պետք է ապահովագրել ամեն դեպքում:
-Սպասիր տեսնեմ ուր գնաց Բադալյանը, գուցե հաջողվի գտնել համացանցին միանալու որևէ միջոց:
-Նաև հեռախոս, - ավելացրեց Սամվելը:
Հազիվ էր Տաթևը մոտեցել դռանը, երբ այն արագ բացվեց: Շեմքին հայտնվեց Բադալյանը` այլյայլված դեմքով ու հրեշավոր հայացքով:
-Սրիկանե՛ր,- այնքան ուժեղ բղավեց նա, որ Տաթևին թվաց` ուր որ է կխլանա, -դուք օգտվեցիք իմ բարեհոգությունից, այնինչ երկուսդ էլ հանցագործներ եք: Ո՛չ մի տեղ էլ չեք գնա, մինչև պատասխան չտաք ձեր արածի համար:
Տաթևը Բադալյանի ձեռքին ատրճանակ նկատեց, որն արագ ուղղվեց դեպի իրեն:


***

«Սա արդեն չափից դուրս է, - մտածում էր Մեսրոպյանը,- սպանությունից երկու ժամ անց դեռ չեն կարողանում ճշտել սպանվածի ինքնությունը»: Հերթական անգամ Գալստյանին հրահանգել էր արագացնել սպանվածի ինքնության ճշտումը:
Իր ձեռքի տակ էին տպագրական սարքից հանված երկու էջերի կրկնօրինակը: Անգլերենից չէր բողոքում, բայց իր համար էլ էր շատ բառեր տարօրինակ ու անհասկանալի էին: Ի՞նչ էր այս ամենը նշանակում, արդյո՞ք այս երկու էջանոց գենետիկայի բառերով հարուստ փաստաթուղը կարե՞լի էր համարել ինչ որ  կարևոր իրեղեն ապացույց: Նրա ուշադրությունը գրավեց թղթի անկյունում հազիվ երևացող նշումը, որն ավելի շուտ կնիք էր կամ դրոշմ: Թեպետ հստակ պատկեր չկար, սակայն երևում էին LO ու LAB տառերը և LLSG հապավումը:
Դուռը թակեցին ու հազիվ էր Մեսրոպյանն ասել` մտե՛ք, շեմքին հայտնվեց Գալստյանը:


-Պարոն Մեսրոպյան, թույլ տվեք զեկուցել:
-Ասա, - շտապեցրեց Մեսրոպյանը:
-Հայտնաբերված փաստաթղթի պատճենը ուսումնասիրելուց հետո, մեկ կարևոր բացահայտում: Այն Լոնդոնում արված հետազոտության արդյունքների եզրակացությունն է: Պատճենի աջ անկյունում հստակ երևում է LLSG հապավումը, կամ London laboratory services group: Չնայած շատ դժվար է երկու էջից իմանալ ինչ հետազոտության եզրակացություն է, սակայն հստակ կարելի է պնդել, խոսքը գենետիկ փոփոխության ենթարկված մշակաբույսի մասին է:
-Այսինքն եզրակացությունը հենց Լոնդոնից է եկե՞լ:
-Միանշանակ այո, ես արդեն տեղեկացրել եմ, որ զբաղվեն` հասկանալու համար երբ է արվել, ինչ հետազոտություն է և ով է պատվիրատուն, - միանգամից շարունակեց Գալստյանը:
-Իսկ սպանվածի ինքնությո՞ւնը:
-Աղբարկղում հայտաբերվել է հագուստ, որի գրպաններից մեկում գտնվել է մի հետաքրքիր թղթի կտոր:
-Միայն թղթի կտո՞ր, - վեր կացավ Մեսրոպյանը ու քայլեց դեպի դուռը:
-Այն հյուրանոցի հասցե է և մի քանի հեռախոսահամար: Արդեն իսկ մի քանի աշխատակիցներ գնացել են տվյալ հյուրանոց: Հեռախոսահամարներն էլ միջազգային են:
Նրանք դուրս եկան այն, սենյակից, որը դարձել էր ոստիկանության ժամանակավոր աշխատասենյակ ու քայլեցին փոխնախարարի աշխատասենյակի ուղղությամբ:
-Պետք է նշենք, որ սպանվածն արտաքնապես նման չէ հայի:
Մեսրոպյանը գլխով համաձայնության նշան ցույց տվեց:
-Բերեք հայտնաբերված հագուստը,- ասաց Մեսրոպյանը:
Ոստիկանության լեյտենանատը պոլիէթիլենային թափանցիկ տոպրակով փաթաթված հագուստը հանձնեց ու արագ հեռացավ:
-Հագուստին ամրացված է կեղծ ոստիկանական տարբերանշան, - առանց տոպրակից հանելու` ցույց տվեց Գալստյանը, - սա ենթադրում է, որ ով էլ որ հանդիսանում է հագուստի տերը, արդեն իսկ օրենքի խախտում է կատարել: Լեյտենանտը կրկին մոտեցավ ու թուղթ մեկնեց Գալստյանին, ապա ներողություն խնդրելով հեռացավ:
Գալստյանը մի հայացք գցեց թղթի վրա ու դեմքին հայտնվեց ժպիտ:
-Պարոն Մեսրոպյան, սա էլ ապացույցը, - դատաբժշկական եզրակացությունը մեկնելով խոսեց Գալստյանը, - հագուստը պատկանել է սպանված և ինքնությունը դեռևս չբացահայտված տղամարդուն:  Քիչ առաջ դատաբժիշկները մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերել են դաջվածքներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան անձամբ դրանց տերը:
Գալստյանը Մեսրոպյանին մեկնեց մի քանի լուսանկար:
Մեսրոպյանի ձեռքում սահմռկեցուցիչ լուսանկարներ էին: Այնտեղ մարդկային մարմիններ էին` անդամահատված, հրազենային վնասվածքներով և ամբողջովին արյան մեջ կորած:
-Սրանք արցախյան պատերազմի ժամանակ սպանված աֆղան մոջահեդների դիակներ են, - բացատրեց Գալստյանը:
«Ի՞նչ է նշանակում ամենը», - ինքն իրեն հարցրեց Մեսրոպյանն ու հարցական հայացքով նայեց Գալստյանին:
 -Տենո՞ւմ եք դաջվածքները, - շարունակեց Գալստյանը, - նման կիսալուսնաձև դաջվածք ունի նաև սպանվածը:
-Միջազգային ահաբեկչական խումբ, - բացականչեց Մեսրոպյանը:
-Երկու օր առաջ պաշտպանության նախարարությունն ԱԱԾ-ի օժանդակությամբ լայնածավալ ստուգումներ սկսեց անցակցնել Արարատի մարզում: Տեղեկատվություն էր ստացվել երեքից չորս հոգանոց դիվերսիոն խմբի սահմանի հատման մասին: Նրանց գտնել չհաջողվեց և ահա արդյունքը:
Գալստյանը իր արած հայտնագործությունից այնքան էր ոգևորվել, որ դեռ այլ ապացույցներ ևս կնշեր, բայց Մեսրոպյանն այդ պահին արդեն զանգահարում էր ոստիկանապետին:
-Նոր խումբ ուղարկեք հյուրանոց, շուրջկալ կազմակերպել, դադարեցնել երթևեկությունը, ոչ մի մեքենա առանց ստուգելու քաղաքից դուրս չթողնել, -բղավում էր Մեսրոպյանը:
-Պարոն գնդապետ, - Մեսրոպյանի ետևից վազում էր Գալստյանը, - ոստիկանություն զանգ տված կառավարական համարը նույնն է ինչ-որ նախարարինը:
Ոստիկանության ծառայության պետը հավանաբար չլսեց Գալստյանի վերջին խոսքերը, քանի որ հեռախոսի մյուս ծայրին լսվեց Երևանի ոստիկանապետի ձայնը:



***

Ատրճանակը Բադալյանի ձեռքում մեկ ուղղվում էր Տաթևի, մեկ Սամվելի ուղղությամբ:
-Դուք ինձ չեք խաբի,- բղավում էր Բադալյանը` երկու ձեռքով ամուր բռնած ատրճանակը ճոճելով:
Սամվելը չէր էլ հիշում թե այսօր որերորդ անգամ էր արդեն հրազենի փողն իրեն ուղղված տեսնում:
-Պարոն Բադալյան, խնդրում եմ, հանգստացեք: Ես ամեն ինչ կբացատրեմ: Խնդրում եմ զենքը մի կողմ տարեք…
-Լռի՛ր, - բղավեց Բադալյանը, - չասես ոչ մի բառ: Հանի՛ր գրպանիցդ այն, ինչ գողացել եք Սարգսյանի աշխատասենյակից:
Սամվելի ու Տաթևի հայացքները խաչվեցին:
-Ես այն միայն համապատասխան անձանց կտամ…
-Հենց հիմա տուր այն, թե չէ ամեն ինչ ավելի վատ կլինի:
Բադալյանը մեկ քայլ առաջ եկավ ու ատրճանակն ուղղեց Տաթևի ճակատին: Սամվելը փորձեց ոտքի կանգնել:
-Մնա՛ տեղդ:
Սամվելին ամեն ինչ ավելի պարզ էր դառնում թե ինչու Բադալյանը փորձեց օգնել: Նախարարն անմիջական կապ ունի այս ամենի հետ և իրեն անհրաժեշտ է վերացնել վերջին ապացույցը:
-Տաթև, ես խաղ չեմ անում:
-Ես կտամ ձեզ, բայց եթե արդարության կողմնակից եք, խնդրում եմ զանգահարեք ոստիկանություն, իրենք կպարզեն ով է անմեղ, և ով մեղավոր:
-Լռի՛ր: Իհարկե կապացուցեն. չէ՞ որ դու հասցրել ես վկայով ապահովագրել քեզ: Հանիր հենց հիմա... թե՞ ես հանեմ:
Տաթևը ձեռքը տարավ գրպանը, դանդաղ հանեց կրիչն ու մեկնեց Բադալյանին: Բադալյանն արագ վերցրեց այն ու մինչ կհասցներ մեկ քայլ հետ գնալ, Սամվելը հարձակվեց: Բադալյանն անակնկալի գալով ատրճանակն ուղղեց Սամվելի կողմ: Տաթևը հասցրեց որքան ուժ ուներ աքացի տալ: Լսվեց կրակոց: Բայց Սամվելն արդեն իսկ հասցրել էր բռնել նախարարի ձեռքն ու շեղել կրակոցի ուղղությունը: Բադալյանին հաղթել ավելի դժվար էր: Ուժեղ հարվածը Սամվելի վիրավոր ձեռքին ստիպեց, որ վերջինս հետ ընկնի բազմոցին:
Բադալյանը մի քանի հայհոյախառն արտահայտություն արեց ու ատրճանակի կոթով որքան ուժ ուներ` հարվածեց Տաթևի գլխին:
Տաթևն ուշագնաց եղավ ու ընկավ հատակին:
-Ապո՛ւշ. չե՞ս հասկանում, դու էլ ես նրա զոհը: Ինքդ քեզ հարց չե՞ս տալիս ինչու հենց դու դարձար նրա հետ այս պատմության հերոսը:
-Նրան օգնություն է պետք, - գոռաց Սամվելը:
-Հա՜, հավանաբար հանցակից ընկերներից, - շարունակեց հեգնական տոնով Բադալյանը, - իմ նախարարությունում իսկական ահաբեկիչներ են եղել, ու ես չեմ իմացել, իսկ մի քանի ստոր աշխատակիցներ հաջողությամբ խաբել են ինձ:
-Ի՞նչ եք զառանցում, վերջ տվե՛ք:
-Չգոռա՛ս, տխմարի մեկը, - մոտենալով Սամվելին ու ատրճանակը ճակատին սեղմելով գրեթե մռնչաց Բադալյանը, - չե՞ս հասկացել, որ դու էլ ես զոհ: Քեզ խաբել են, իսկ դու՛, ինչպես որ ես, դարձանք գործիք:
Սամվելը շարժեց գլուխը` ցույց տալով, որ համաձայն չէ Բադալյանի ասածի հետ:
-Չե՞ս հավատում: Արի միասին վերլուծենք այսօր տեղի ունեցածը հենց սկզբից, - շարունակեց Բադալյանը`զենքը մի կողմ տանելով, - առավոտյան նա գալիս է քեզ մոտ ու ասում, որ բանալին քեզ մոտ է, այնպես չէ՞:
Սամվելը ոչինչ չպատասխանեց:
-Որևէ տարօրինակ զգուշավորություն չե՞ս նկատել նրա պահվածքում: Դե իհարկե չես նկատի, իսկ ես դեռ երկու ամիս առաջ նկատեցի, երբ իմացա որ ինքն իր անունով է ուղարկել լաբորատոր հետազոտության: Տաթևն ու Սարգսյանը տեղյակ էին վաղուց, բայց թաքցնում էին: Ավելին, Սարգսյանին մեծ գումար է փոխանցվել, որով պետք էր իբր թե չեզոքացներ վտանգը և վերացներ ապացույցները, սակայն հապաղեց ու ահա թե հիմա ինչ վիճակ է:
-Պարոն Բադալյան, եկեք հիմա դիմենք, չէ՞ որ Տաթևն էլ այդ էր առաջարկում:
-Չէ՜, դու ոչ մի բան էլ չես հասկանում, - Սամվելի օձիքից բռնելով գոչեց Բադալյանը, - նրանք սպասում են հարմար առիթի մեզ բոլորիս գնդակահարելու համար: Նրանք սպասում են սրան, - կրիչը ցույց տալով շարունակեց Բադալյանը:
Բադալյանը խորը հոգոց հանեց ու շարունակեց գրեթե գոռալով.
-Դու հատուկ ընտրված էիր նրա կողմից իր ալիբին ապահովելու համար և վստահեցնելու, որ իրեն նույնպես վտանգ էր սպառնում, մինչ ինքը ցույց էր տալիս ահաբեկիչներին ապացույցների գտնվելու վայրը: Ինքն ու ամուսինը, վստահ եմ, այս ողջ պատմության գլխավոր հանցագործներն են:
Սամվելի աչքի առաջ եկավ Մհեր Ստեփանյանի ձարբակալությունը, ապա Տաթևի խիստ զգուշավոր նամակներն ու պահվածքը սկսած այն պահից, երբ մտավ իր աշխատասենյակ: Ո՜չ, հենց այն պահից, երբ դուրս եկավ մեքենայից: Նա գիտեր, որ հարձակում է լինելու ու հասցրեց հեռանալ: Ինչո՞ւ հանցագործները չկրակեցին, երբ ինքը դեռ մեքենայում էր: Իսկապես Բադալյանի խոսքի մեջ կար ճշմարտություն: Այնուհետև չրկիզվող պահարանի մեջ գտնվող հսկայական գումարը:
Սամվելը չէր կարողանում մտաբերել. մինչ մարդասպանի հայտնվելը պահարանը նորից փակեցի՞ն, թե ոչ: Բայց այն, որ այնտեղ մեծ գումար կար փաստ էր:
-Իսկ ՀՔԾ աշախատակիցը…
-Գաբրիելյանը՞, վստահ եմ երկար չի մնա, նրան նույնպես կհասցնեն այն աշխարհ ուղարկել:
-Բայց նրանք ահաբեկիչներ էին, կարծում եք նրանք հրահանգներ են ստանո՞ւմ…
-Այո, հրահանգներ են ստանում Հայաստանից, - շարունակեց Բադալյանը պատուհանից նայելով դուրս:
Սամվելը հայացք ձգեց անկյունում ընկած Տաթևի ուղղությամբ:
«Չէ՜, այստեղ մի բան այն չէ, կա՛մ Տաթևին իսկապես հաջողվել իրեն մատների արանքով խաղացնել, կամ է՛լ, Բադալյանին նույնպես ձեռնտու է վերացնել վկաներին ու ապացույցը»:
-Այդ դեպում եկեք այսպես անենք, - մի փոքր մտածելուց հետո խոսեց Սամվելը, - կրիչի պարունակությունը ուղարկենք ոստիկանություն, այդպիսով ապացույցը մենք կապահովագրենք:
Բադալյանի դեմքին հայտնվեց մի այնպիսի հեգնական ժպիտ, որ Սամվելը սարսռաց:
«Տղայի գլուխն աշխատում է: Գաբրիելյան, եթե քեզ չհասցնեն մարդասպանները վերացնել, ապա հաստատ կօգնեմ, որ բանտ ընկնես: Բադալյանը չի կարող մոռանալ, քո վատությունը»:
Լսվեց Տաթևի ձայնը:
«Հավանաբար ուշքի եկավ», - անցավ Սամվելի մտքով:
-Հիմարություններ չանես, - ատրճանակը նորից Սամվելի ուղղությամբ պահելով, մոտեցավ Բադալյանը, - ոտքի կանգնիր ու առաջ ընկիր, - հրամայեց նա:
Սամվելը կարող էր մեկ անգամ էլ փորձել զենքը խլել Բադալյանի ձեռքից, բայց վերքը թույլ չէր տա, և հետո ինքը լրիվ խճճվել էր արդեն: Ո՞վ է էր արդար, ո՞վ` մեղավոր: Սամվելը դուրս եկավ սենյակից: Նրան հետևեց Բադալյանը, որը դուռը դրսից բանալիով փակեց:
-Առաջ անցի՛ր, - հրեց դեպի դիմացի դուռը Սամվելին, - բաց դուռն ու մտիր ներս:
Սամվելը կամաց բացեց դուռն ու առաջ գնաց:
-Հիմա կտեսնենք թե ինչ կա սրա մեջ, - քթի տակ խոսելով Բադալյանը միացրեց համակարգիչը:
Բադալյանը Սամվելին նստեցրեց համակարգչի դիմաց, ապա կրիչը մեկնեց նրան, որպեսզի միացնի համակարգչին:
«Տեսնես ո՞րն է լինելու հաջորդ քայլը»:
Սամվելը հայացք գցեց շուրջը: Պատուհաններ չկային, միակ ելքը դուռն էր: Սենյակն ավելի շուտ աշխատասենյակ էր հիշեցնում` գրապահարաններով, գրասեղանով, առանձին բազմոցով ու փոքրիկ սեղանիկով և հասկանալի էր, որ այստեղ հյուրեր հաճախ են լինում: Սեղանին դրված կիսադատարկ կոնյակի շիշը վկայում էր Սամվելի ճշմարտացիության մասին:
Համակարգիչը միացավ և արդեն հնարավոր էր տեսնել կրիչի պարունակությունը:
Բադալյանն ավելի մոտեցավ` ատրճանակն ավելի ամուր բռնելով:
Սամվելը զայրույթից կգոռար, եթե Բադալյանն ու ատրճանակը չլինեին իր թիկունքում:

Նա հավատալ չէր կարող իր տեսածին: Կրիչն ամբողջովին դատարկ էր:



***

ՀՀ ոստիկանապետի աշխատասենյակում լարված իրադրություն էր: Մի շարք պաշտոնյաներ արագ մտնում էին ու հրահանգներ ստանալով դուրս գալիս: Ոստիկանապետն անձամբ զրուցել էր Մհեր Սեդրակյանի հետ ու հիմա շատ հարցերի պատասխաններ պարզ էին դարձել: Մնում էր հայտնաբերել հանցագործներին ու ահաբեկչական խմբավորման անդամներին: Հանրապետությունից դուրս եկող բոլոր օդային ու ցամաքային ճանապարհները խիստ հսկողության տակ էին վերցված: Անգամ հայտնի են դարձել հանցագործների անունները և գտնվելու վայրը: Օրեր առաջ լուր էր ստացվել դիվերսիոն խմբավորման Հանրապետության տարածք ներթափանցման մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքներն արդյունք չէին տվել: Առավել ցավալի էր ընդունել, որ ողջ այս խառնաշփոթ ու նախադեպը չունեցող հանցագործությունների ետևում նաև հայ պաշտոնյաներ կան:
«Գողը տանից չլինի` եզը երդիկից չի փախնի», ժողովրդական ասացվածքը տեղին է այստեղ նշել: Հիմա ողջ օդուժն ու զինված ուժերը կբերվեն մարտական պատրաստության: Կտրուկ մեծանում է պատերազմի հավանականությունը, քանի որ հանցագործ խմբավորումը Հանրապետության տարածք է ներխուժել հակառակորդի կողմից:
«Բայց ինչպե՞ս», - ինքն իրեն հարցնում էր ոստիկանապետը ու սպասում զեկույցին, թե որտեղ են այժմ գտնվում այս գործի հետ անմիջական կապ ունեցող անձիք` նախարարը, վարչության պետը, ՀՔԾ- ի հատուկ գործերով բաժնի ղեկավարը, հանցագործների խումբը և միակ ապացույցը, եթե այն դեռ չի ոչնչացվել:
Ստեփանյանները, կարելի է ասել, հերոսներ են:
«Հատկապես Տաթևը: Բայց ինչու հենց սկզբից չի դիմել ոստիկանություն»,- խորհում էր ոստիկանապետը:
 Մհերը բացատրում էր` բարձրաստիճան պաշտոնյայի վախից: Իսկապես, առանց ապացույցի մեղադրելը կարող էր այլ ավարտ ունենալ, իսկ ապացույցը փոխնախարարի աշխատասենյակում էր: Ահա թե ինչու էր Տաթևն առաջին հերթին նետվել փոխնախարարի աշխատասենյակ:
Ոստիկանության ու ԱԱԾ-ան պահանջով կարճ ժամանակամիջոցում գաղտանզերծվել էին փոխնախարարի, Տաթևի և այլ աշխատակիցների հեռախոսազրույցները: Ազգային անվտանգության ծառայությունն այստեղ մեծ օժանդակություն ցույց տվեց ու ամբողջովին ներգրավվեց գործի ընթացքին: Թեպետ ՀՔԾ հատուկ գործերով բաժնի ղեկավարն այդքան էլ մեղք չուներ, քանի որ պարզվել` էր նրա համակարգիչն ու բջջայինը գաղտնալսվել  են ահաբեկիչների հետ կապ ունեցող ցանցահենների կողմից, և արդյունքում պաշտոնյան դարձել էր մի շարք շաղկապված հանցագործությունների պատճառ` տեղեկատվության արտահոսքի պատճառով: Հնարավոր է, որ ահաբեկիչների հաջորդ թիրախը լինի հենց ինքը, սակայն նա դեռ պատասխանատվության կենթարկվի պետության դեմ հանցանք գործելու համար,  իր ընտանիքի անդամները կկանգնեն դատարանի առջև հանցավոր կերպով առանձնապես մեծ չափով պետությանը վնաս հասցնելու, պետության հաշվին իր ընկերության միջոցով վտանգավոր սերմերի ներկրման համար: Իսկ սերմացուն իսկապես վտանգավոր էր: Լոնդոնից եկած պատասխանը թերևս ամբողջական չէր, այն հիմնավորմամբ, որ իրենք չեն կարող ամբողջական հաշվետվությունը ներկայացնել, սակայն կարճ եզրահանգում տվել էին: Փաստ էր, որ այդ կերպ ազգաբնակչությունը կարող էր կանգնել մեծ վտանգի առջև: Թեև ինքն այդքան էլ գլուխ չէր հանում գենետիկ ձևափոխություններից, բայց մասնագետներն արդեն իսկ հասցրել էին զեկուցել ազգային անվտանգության սպառնալիքի մասին:  
Միակ ամբողջական տարբերակն ահաբեկիչներին հաջողվել էր ձեռք բերել, սակայն Մհեր Ստեփանյանի պնդմամբ կար նայև այդ ամենի թվային տարբերակը, որ Տաթևի մոտ պետք է լիներ, քանի որ նա ու այս պատմության մյուս հերոսը` լրագրող Սամվել Գևորգյանը, կարողացել էին ձեռք բերել մինչ ահաբեկիչների հարձակումը: Համենայնդեպս այդպես էին կարծում բոլորը: Եթե կարողացել են ճողոպրել մարդասպանների ձեռքից, ուրեմն ունեին թաքցնելու բան:
Այլևս համբերել չէր կարող: Մի հայացք գցեց պատուհանից դուրս: Ամենուր լրագրողներ էին, տեսախցիկներ:
Դուռը թակեցին:
-Մտե՛ք:
Դռան շեմքին հայտնվեց ոստիկանության ծառայության պետի տեղակալը:
-Պարոն ոստիկանապետ հայտնաբերվել են հետքեր: Օպերատիվ խումբն արդեն մեկնել է, դուք միանո՞ւմ եք:
-Անխոս:
Մեքենայում ոստիկանապետին ներկայացրեցին մանրամասները: Նախարարի զանգը գաղտնալսվել էր, պարզվել գտնվելու վայրը: Շնորհիվ Գաբրիելյանի բջջայինի հայտնի էր նաև նրա գտնվելու վայրը: Նա հավանաբար շտապում էր Բադալյանի մոտ, իսկ հանցավոր խմբի հետքերով դեռ աշխատում են:
Դատելով նախարարի ձայնից ու խոսելաձևից ամեն ինչ կարող էր այլ կերպ զարգանալ ու այդ դեպքում կտուժեին Տաթևն ու Սամվելը: Գաբրիելյանը կարողացել էր համոզել նախարարին, որ վերջինս վերացնի ապացույցը, գուցե նաև վկաներին: Իսկ ապացույցը շատ կարևոր էր միջազգային հանցագործ կազմակերպության և մարդասպանների մեղքն ապացուցելու համար:

Այս պահին նժարին դրված էր ոստիկանության և ուժային այլ կառույցների օպերատիվության հարցը: Վարանել չէր կարելի



***

-Չի կարող պատահել, - բացականչեց Սամվելն ու տեղից վեր թռավ:
Բադալյանը մեկ քայլ հետ գնաց` ատրճանակն ուղղելով Սամվելի վրա:
-Առանց հիմարությունների
-Գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչ է նշանակում դա, - գոռաց Սամվելը, -  սպառնում են ոչնչացնել ազգդ, իսկ դու դեռ զե՞նք ես պահում վրաս:
-Այն ամբողջությամբ վերացվելու է, իսկ մեղավորը պատասխան կտա:
-Ո՞վ պետք է պատասխան տա, - ընդհատեց Սամվելը,- առաջինը դու պետք է պատասխան տաս:
-Չհամարձակվես մեղադրել, - սպառնագին նետեց Բադալյանը, թափ տալով ատրճանակը:
Սամվելը նստեց աթոռին: Ձախ ձեռքն այլևս չէր զգում: Վերքն շարունակում էր արնահոսել: Բադալյանին վնասազերծել չէր կարող: Աչքին ընկավ կոնյակի շիշը: Սենյակից դուրս պրծնելու միակ տարբերակը մնում էր հարձակումը:
Սամվելը կախեց գլուխն, ու աչքերը ցավից փակեց:
-Տեսնո՞ւմ ես, ես ասում էի: Քեզ նույնպես խաբեցին: Այնտեղ ոչինչ չկա, այդ ամենը միայն հանցագործներին ճանապարհը ցույց տալն էր:
Սամվելը չէր էլ լսում Բադալյանի ասածը: Երբ բացեց աչքերը, դիմացը փոքրիկ կրիչն էր` վրան նկարված կարմիր կակաչ: Նրան թվաց որ պատկերն առաջին անգամ չէր տեսնում: Վայրկյան անց հիշեց, որ նման գեղեցիկ կակաչ Տաթևը նկարեց իր նոթատետրում: Սամվելը նորից վերհիշեց պահարանի բացելը, փաստաթղթերը, գումարը, կրիչը… Այն մեկն ուրիշ է: Այն ավելի մեծ էր ու ամբողջությամբ սև և մետաղյա կափարիչով: Սա այլ կրիչ է, ավելի շուտ Տաթևինը, այն մեկը, որի համար Անահիտը գնացել էր Տաթևի աշխատասենյակ: Ամեն ինչ իր տեղն էր ընկնում ասես: Տաթևը հասցրել էր վերցնել այն, մինչ պատուհանից փախնելը: Այստեղ էլ Բադալյանին տվել այն, որն ամբոջությամբ դատարկ էր:
Սամվելը բարձրացրեց գլուխը: Աչքերի առջև մի պահ ամեն ինչ սևացավ, գլուխը պտտվեց: Մեկ վայրկյան անց նկատեց Բադալյանին: Նա նստած էր բազմոցին ու կոնյակ էր համտեսում: Ատրճանակը ձեռքին էր:
«Գրողը տանի պետք է ամեն գնով օգնության հասնել Տաթևին»:
Հանկարծ ականջին ոտնաձայներ հասան, որ գալիս էին միջանցքից: Սամվելին թվաց` միայն ինքը լսեց, բայց Բադալյանը գավաթը դրեց սեղանին ու  վեր կենալով` անաղմուկ մոտեցավ դռանը:
«Գուցե ոստիկանությո՞ւնն է», - անցավ Սամվելի մտքով ու մինչ կփորձեր վեր կենալ դուռը մեծ ուժով բացվեց:
Հանկարծակիի եկած Բադալյանը փորձեց մի քայլ հետ գնալ ու ընկավ հատակին, բայց միայն նա չէր: Ինչ որ մեկի գեր մարմինը հայտնվեց Բադալյանի ոտքերի մոտ: Լսվեցին աղաղակներ:
«Աստվա՜ծ իմ, նորից նրանք»:
Սենյակ խուժեցին չորսը: Երեքը մինչև ատամները զինված էին, իսկ մյուսը, ում հրեցին ու պառկեցրին հատակին ոչ այլ ոք էր քան Գաբրիելյանը: Ահաբեկիչներից մեկը ինքնաձիգի կոթով հարվածեց Սամվելին ու վերջինս դարձավ երրորդ պատանդը:
Գաբրիելյանին հետևել էին ու հասել տեղ:
Ահաբեկիչները ինչ-որ կցկտուր բառեր էին արտասանում:
«Հաստատ հայեր չեն, - մտածեց Սամվելը: - Աստված իմ, եթե պիտի սպանվեմ սրանց ձեռքով, ուրեմն միայն արժանապատվորեն»:
Փորձեց վեր կենալ, բայց երեսին ստացավ հաջորդ հարվածը: Արյունը լցվեց բերանն ու աչքերը:
Ականջին հասան Գաբրիելյանի խոսքերը.
-Տականքներ, սպանում եք` դե սպանեք, - գրեթե գոռաց Գաբրիելյանն ու փորձեց վեր կենալ: Բադալյանը փորձեց կանգնեցնել ու ձեռքը բռնեց: Մի պահ լռություն տիրեց, ու պայթեց կրակոցի ձայնը: Փակ սենյակում օդը թնդաց պայթյունից: Սամվելի` արյունով լցված աչքերը միայն տեսան ինչպես Գաբրիելյանի մարմինը տապալվեց ու ընկավ իրենից մի քանի սանտիմետր այն կողմ: Արյունը սկսեց տարածվել  դիակի շուրջը:
Կրակողն ահասարսուռ ու հիստերիկ կերպով սկսեց ծիծաղել:
-Կապել երկուսին էլ,- հրամայեց նրանցից մեկը:
Սամվելին պառկացրին, ապա ձեռքերն ամուր կապեցին: Վիրավոր ձեռքի ցավը ստիպեց, որ ճչա, բայց ձայնը կոկորդից դուս չեկավ, բերանն ամբողջությամբ արյամբ էր լցված:
Հանցագործները սկսեցին կոտրատված ռուսերենով բղավել `թե ուր է կինը: Նրանցից մեկը դուրս եկավ սենյակից. հավանաբար Տաթևին փնտրելու: Սամվելը հայացքով փորձեց հասկացնել Բադալյանին, որ չխոսի: Տաթևին գտնելու դեպքում կսպանեին բոլորին ու ապացույցն էլ կվերացնեին: Այսպես գոնե հնարավոր կլիներ ժամանակ շահել և գուցե համոզել, որ կրիչի պարունակությունն ամբողջովին ջնջվել է:
Հանցագործներից մեկը մոտեցավ ու սկսեց ոտքից գլուխ խուզարկել: Սամվելի մոտ ոչինինչ չկար, իսկ Բադալյանի գրպանից հանված հեռախոսը փշուր-փշուր եղավ հատակին:
Նրանցից մեկը, որ հրամայել էր կապել և հավանաբար հանցագործների պարագլուխն էր, կռացավ ու նայելով Բադալյանի աչքերին հրացրեց.
-Ո՞ւր է կրիչը:
Բադալյանը հայացքով ցույց տվեց համակարգչի կողմը:
Մի քանի անգամ կրիչը համակարգչին միացնելուց ու անջատելուց հետո համոզվեցին, որ այն ամբողջությամբ դատարկ է, սակայն նրանց համար այն այդքան էլ կարևոր չէր կարծես, քանի որ սկսեցին անմիջապես հարցնել թե ուր է Տաթևը:
Ինքնաձիգի կոթն առաջ մեկնած` հանցագործը կանգնեց Բադալյանի առաջ ու կրկնեց հարցը: Բադալյանը չպատասխանեց: Դեմքին ուժեղ հարվածը չուշացավ, որից հետո հերթը հասավ Սամվելին: Սամվելը նույնպես չպատասխանեց ու ինքնաձիգի կոթը երկրորդ անգամ դիպավ դեմքին:
Մի պահ թվաց կորցրեց կառավարումն ու ուշագնաց եղավ: Երբ բացեց աչքերը, երեք հանցագործները ինչ-որ բան էին խոսում: Նրանց էր միացել երրորդը: Բադալյանը հավանաբար ուշագնած էր եղել ու դեմքն ամբողջվին այրան մեջ կորած էր: Նրանցից մեկը շտապեցնում էր:
«Հավանաբար գտել են Տաթևին»:
Սամվելը հուսահատ փակեց աչքերը:
«Ամեն ինչ կորած է»: Սամվելի ականջին հասավ կպչուն ժապավենի բացվելու ձայնը: Հիմա էլ ոտքերն են կապում: Առանց դիմադրության ցույց տալու թույլ տվեց, որ հանցագործը ժապավենը փաթաթի ոտքերին, ապա սկսեցին կապել Բադալյանին: Մյուսը սկսեց Սամվելի ոտքերից քաշել ու քարշ տալով դուրս հանեց սենյակից: Միջանցքով անցնելիս Սամվելը հայացք ձգեց այն սենյակի ուղղությամբ, որտեղ Բադալյանը բանտարկել էր Տաթևին: Դուռը փակ էր: Սամվելը հայացքը թեքեց դռան կողմը, հույս ունենալով դռան ու հատակի ճեղքից որևէ բան տեսնել, ու երբ արյունլվա դեմքը սահում էր դռան կողքով, նկատեց այն ինչ ուզում էր: Տաթևի կոշիկները: Նա կանգնած էր հենց դռան հետևում:
«Միայն թե նրան չվնասեն»…
Սամվելը չհասկացավ ինչպես հայտնվեց տան դռան շեմքի մոտ, միայն զգաց, որ քարե աստիճաններից գլորվում է վար: Նույն բախտին արժանացավ նաև Բադալյանը:
Ականջին հասնում էին ահաբեկիչների կանչերը: Նրանցից մեկը հասցրել էր արդեն կանգնել շքեղ առանձնատան դարբասների մոտ:
«Հեռանում ենԻսկ մեզ, իրենց հե՞տ են տանում», - ինքն իրեն հարցրեց Սամվելը: Բայց հանցագործները մտադիր էլ չէին ավելորդ բեռ տանել իրենց հետ:
Գերիների վերջին հանգրվանը կդառնար հսկա լողավազանը, որն ամբողջությամբ լցված էր ջրով:
Սամվելը նրանց մտադրության մասին գլխի ընկավ միայն այն ժամանակ, երբ հրեցին դեպի ավազանի կողմը: Նրա ուժասպառ ձայնը ոչ ոք չէր էլ լսում: Երկու ամուր ձեռք բարձրացրին նրան ու մեկ ակնթարթ հետո ջուրն ամբողջությամբ կլանեց Սամվելի մարմինը` խլացնելով վերջին օգնության ճիչը: Ոտքերն ու ձեռքերն այնքան ամուր էին կապված, որ շարժել չէր կարող: Կարող էր միայն կծկվել ու ուղղվել: Մեկ վայրկայն հետո ջրում հայտնվեց նաև Բադալյանը, բայց նա որևէ կերպ կենդանության նշաններ ցույց չէր տալիս: Սամվելը փորձում էր և վերջին ճիգերը գործադրում դուրս լողալու համար, բայց ապարդյուն, ամեն շարժումից հետո մարմինն ավելի էր սուզվում սառը ջրի մեջ:
Թոքերը պահանջում էին թթվածին, սակայն դեռ դիմադրում էր: Ամենաշատը մեկ րոպե կարող էր շունչը պահել, այնուհետ ուղեղից եկած ազդակները կստիպեին շնչել ու ջուրը կլցվեր թոքերը: Թթվածնային քաղց ու հետո ուղեղի բջիջների մահ:
Վերջ այլևս ի վիճակի չէր շունչը պահել ու թոքերում եղած օդն արտաշնչեց: Օդի պղպջակները վայրկենապես հայտնվեցին աչքերի առջև, իսկ սառը ջուրը ողողեց նախ կոկորդը, ապա իր սառնությամբ պատեց ներսը: Սամվելը զգաց ինչպես է իր մարմինը կատարում վերջին ջղաձգումները, մակերեսին հասնելու համար, սակայն բաղձալի օդը բավական հեռու էր: Այլևս ոչինչ չէր տեսնում, թեպետ աչքերը հնարավորինս փորձում էր բաց պահել:

«Եվ սա է վե՞րջը: Ոչ մեկ չի կարող իմանալ ինչ է մահը, մինչև ինքը չմահանա»:
Աչքերի առջև օրվա ողջ անցուդարձն էր: Սպանություն, փախուստ, կրակոցներԺամանակ առ ժամանակ հայտնվում էր Տաթևը, իր ինքնավստահ կեցվածքով: «Այ թե կին է: Ապագա կինս գոնե նրա խիզախության տասը տոկոսն էլ ունենա հերիք է»:
Հետո հայտնվեցին մարդասպանները: Իրեն հիմա քաշում էին վեր: Անզագայացած մարմինը ի վիճակի չէր դիմադրելու: Հանկարծ նրանցից մեկը ուժեղ հարվածեց կրծքավանդակին:
«Շնչի՛ր, շնչի՛ր»:
«Միթե՞ արդեն դժոխքում եմ»:
Երկրորդ հարվածն այնքան ուժեղ էր, որ թվաց թոքերն հիմա դուրս կթռչեն:
-Չհամարձակվես մեռնել, լսո՞ւմ ես, չհամարձակվես: Շնչի՛ր, - ականջին էր հասնում ձայնը:
Ամենատարօրինակն այն էր, որ քիչ առաջ նետեցին ջուրը, իսկ հիմա չեն թողնում գոնե հանգիստ մեռնել: Երրորդ հարվածը նախորդներից ավելի ուժեղ էր ու առաջին անգամ սուր ցավը ստիպեց բացել բերանը: Դեմքին զգաց հպում, ապա ինչ որ բան ներխուժեց ներս: Այն օդ էր, թթվածնով հարուստ օդ
Սամվելը զգաց ինչպես է ջուրը թոքերից շարժեց վեր ու սկսեց խեղդել կոկորդը:
Բացեց աչքերը: Նրա առաջ ծնկաչոք նստած էր Տաթևը:
Սամվելը չկարողացավ բառ անգամ արտասանել: Շուրջը հայտնվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ: Այս անգամ արդեն ինքը վստահ էր, որ հանցագործները չեն:
-Տաթև
-Վերջ, ամեն ինչ վերջացավ, հանգիստ եղիր: Տաթևին ոստիկաններն օգնեցին ոտքի կանգնել:
-Տուժածներին առաջին օգնություն ցույց տալ, մինչ բժիշկները մոտենան:
Ոստիկանները Սամվելին ու Տաթևին ներս ուղեկցեցին:
-Նրանց բռնեցի՞ք, - մի կերպ կարողացավ հարցնել Սամվելը իրեն ուղեկցող ոստիկանին:
-Հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է: Նրանց էլ արդեն հայտնբերել ենք, հեռու չէին հասցրել փախչել:
Սամվելին պառկեցրին: Տաթևը նստեց կողքին:
-Ինչ եղավ, քեզ չեն վնասե՞լ, - հարցրեց Սամվելը:
-Չէ, բախտս բերեց, որ Բադալյանն ինձ փակեց սենյակում:
-Իսկ ի՞նչպես դուրս եկար, - զարմացավ Սամվելը:
-Այնպես, ինչպես մենք մտանք Սարգսյանի աշխատասենյակ, - ծիծաղեց Տաթևը, - ես դուրս եկա հենց այն պահին, երբ դրանք հեռացան: Նրանք իմացել էին, որ ոստիկաններն այստեղ են գալիս, այդ պատճառով էլ շտապում էին րոպե առաջ փախնել:
- Փաստորեն միայն այն երեքը չեն:
-Նրանք միայն կատարողներն էին, - շարունակեց Տաթևը,- ես դռան մյուս կողմից լսում էի նրանց խոսակցությունները: Երբ տանից դուրս եկան, ես արդեն բացել էի դուռը: Հետո նկատեցի, որ լողավազանում ես, դե հետո արդեն ինքդ գիտես:
-Ա՜, ուրեմն դո՞ւ ես ինձ դուրս հանել ջրից:
Տաթևը միայն գլխով համաձայնության նշան ցույց տվեց:
-Իսկ ո՞ւր է կրիչը:
-Թաքցրել եմ այն սենյակում, որտեղ ինձ բանտարկեց, այն մեկը մեկ այլ կրիչ էր, որ հասցրեցի վերցնել Անահիտից:
-Ես հասկացա միայն այն ժամանակ, երբ Բադալյանն ինձ արդեն հավատացրել էր, թե դու անմիջական կապ ունես ահաբեկիչների հետ:
-Իսկ դու հավատացի՞ր, - ժպտաց Տաթևը մի փոքր լռությունից հետո:
-Դե՜, - հապաղեց պատասխանել Սամվելը` ձևացնելով թե հազում է, - ամեն դեպքում համոզիչ տեսակետ էր:
-Ինչպե՞ս կարող էիր
-Տիկին Ստեփանյան, - երիտասարդ ոստիկանը հայտնվեց Սամվելի գլխավերևում, - ոստիկանապետը Ձեզ հետ ուզում է զրուցել:
Տաթևը փորձեց վեր կենալ, բայց Սամվելը բռնեց ձեռքը:
-Ինչո՞ւ էիր բղավում, որ չհամարձակվեմ մեռնել:
Տաթևը ժպտաց:
-Որ չհամարձակվեիր:
Սամվելի դեմքին ժպիտ հայտնվեց, ոստիկանն էլ ծիծաղը հազիվ կարողացավ զսպել, քանի որ իր կողքին փայլեց գեներալ-լեյտենանտի ուսադիրը:
-Տիկին Ստեփանյան, պարոն Գևորգյան, թույլ տվեք նախ շնորհակալ լինել ձեր կատարած աշխատանքի համար, - խոսեց ոտիկանապետը,- իհարկե սխալների մասին ևս կխոսեք, - քմծիծաղով Տաթևին նայելով շարունակեց նա, - ձեր շնորհիվ հանցագործ խմբավորման բոլոր անդամները հայտնաբերվել են և վնասազերծվել:
-Բայց դեռ շատ ուրիշ անելիքներ կան
Գիտեմ, գիտեմ, - ընդհատեց Տաթևին ոստիկանապետը քաջ գիտակցելով ինչ նկատի ունի պաշտոնյան, - դեռ կհասցնեք օգնել մեզ այդ անելիքների հարցում չափելու դավաճանության գինը:
Տաթևն ու ոստիկանապետը միասին դուրս եկան սենյակից, թույլ տալով որ բժիշկները զննեն Սամվելին:
-Տիկին Ստեփանյան, - հաջորդ անգամ գործընկեր փնտրելիս ինձ անպայման կներառեք, - գոռաց Սամվելը, երբ նրանք արդեն դուրս էին եկել սենյակից:
Տաթևը ժպտաց ու նայեց ոստկանապետին:
-Դե՞, իսկ հիմա ապացույցը, տիկին Ստեփանյան: Թե՞ ինձ էլ չեք վստահում,- հոնքը վեր բարցրացնելով հարցրեց ոստիկանապետը:
-Գնանք, ես այն սենյակում եմ թաքցրել կրիչը, - ցույց տվեց Տաթևն այն դուռ, որը կարողացել էր բացել առանց բանալու, - իսկ ձեր մյուս հարցին թույլ տվեք անկեղծ պատասխանել:
Տաթևը էլ ավելի մոտեցավ ոստիկանապետին, որպեսզի ոչ ոք չլսի:
-Մեկ-մեկ անգամ ինքնս ինձ չեմ վստահում:
Ոստիկանապետը միայն ժպտաց:  



Վերջաբան


Գենետիկ ձևափոխոխության ենթարկված սննդամթերքի խնդիրը ողջ աշխարհում օր օրի ահագնանում է: Տվյալ մթերքն արտաքնապես ոչնչով չի տարբերվում սովորականից, անգամ ավելի գայթակղիչ ու մի շարք այլ առանձնահատկություններով է աչքի ընկնում: Սակայն այսօր հետազոտությունները փաստում են, որ նման սննդամթերքը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը:
 Գնալով շատանում են այն երկրների շարքը, որտեղ նման ապրանքների վաճառքի համար խստացվում են օրենքները, իսկ մի քանի երկրներ կտրականապես արգելել են նման սննդամթերքի վաճառքը ներքին շուկայում:
 Ցավոք Հայաստանի Հանրապետությունում տվյալ խնդիրն այդքան էլ արդիական չի համարվում: Թեպետ, ըստ օրենքի, տվյալ տեսակի ցանկացած սննդամթերք պետք է ունենա հստակ մակնշում, սակայն սպառողը հաճախ ինքը չի հետևում, թե ինչ է գնում:
Պաշտոնապես նման սննդամթերք Հանրապետությունում չկա, սակայն Հայաստանը հանդիսանալով մի շարք սննդամթերքների ներմուծող երկիր, հիմնականում ներկրում է մթերքն այնպիսի ընկերություններից, որոնք կարող են պոտենցիալ գենետիկ փոփոխության ենթարկված սննդամթերք արտահանել:

Հատկապես առավել մեծ վտանգ կա գյուղատնտեսական մշակաբույսերի հարցում, որոնք ներկրվում են հարևան երկրներից և արագ սպառվում:  Կառավարությունը պարտավոր է մեծացնել ներքին շուկայի համար  ներմուծված մթերքի որակի ստուգման վերահսկողությունը: Օրենսդրական բացթողումներն ու վերահսկման միջոցների բացակայությունը հայկական շուկան դարձնում են առավել խոցելի նման ապրանքատեսակների սպառման համար:

Комментариев нет: