2013-08-27

Բարեկարգման անմխիթար արդյունքը


Շուրջ երկու ամիս է ինչ Երևանի Սեբաստիա փողոցի բարեկարգման աշխատանքներ են տարվում: Թվում էր, թե իսկապես բարեկարգման աշխատանքների շնորհիվ փողոցը ավելի գեղեցիկ տեսք կստանա, սակայն այս ողջ ժամանակահատվածի ընթացքում, տեղադրվել են միայն մայթեզրերի քարերը, իսկ փողոցն այսօր ծայրից ծայր քանդված վիճակում է: 

 
Ներկայումս
Նախկինում


  Այսօր տեսնելով կատարված ու անավարտ թողնված աշխատանքները՝ առաջացան մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում եմ ստանալ Երևանի քաղաքապետարանից, կամ Մալաթյա-Սեբաստիա համայնքի ղեկավարությունից: Եվ այսպես: Իմ համեստ գիտելիքները թույլ են տալիս ասել, որ մայթեզրերի քարերի տեղադրման աշխատանքները արվում են նախքան փողոցի ասֆալտապատումը: Հակառակ դեպքում մայթերի սալիկների վնասումից բացի, անհրաժեշտություն է առաջանում քանդել ասֆալտը և հետո նորից կարկատանի տեսքով ասֆալտապատել, իսկ այդ կարկատան հատվածը կազմում է ամբողջ փողոցի ասֆալտի 10-15%-ը:
 Սեբաստիա փողոցի մեծ մասի ասֆալտապատման հիմնական աշխատանքները տարվել մի քանի ամիս առաջ, բնականաբար ասֆալտն այս պահին նորոգելու կարիք չկա, սակայն մայթեզրերի քարերի տեղադրումից հետո, ողջ փողոցը վերածվել է ավերակների, քանի որ քարերի տեղադրումից հետո, կարծես չեն շտապում վերականգնել փողոցի վնասված ասֆալտն ու մայթերի սալիկները: Էլ չասեմ, որ աշխատանքները տարվել են մեծ անփութությամբ:
 Դիտելով տեսանյութը, նախ կհամոզվեք, որ աշխատանքներին կարող էին ավելի բարեխղճորեն մոտենալ, երկրորդ` ես նույն համայնքի բնակիչ եմ և գիտեմ որ մայթեզրերի քարերի վիճակը այն վիճակին չէր, որի համար պետք էր ասֆալտը քանդել , երրորդ, եթե անգամ մայթեզրերի քարերի վիճակն այդքան վատ էր, ապա այն կարող էին փոխել մի քանի ամիս առաջ, երբ փողոցը կապիտալ ասֆալտապատում էին: Չորրորդ` 2 ամիս է շինարարական աղբը մայթեզրերի է, ու քամին այդ փոշին լցնում է մարդկանց բնակարանները, էլ չեմ ասում որ փողոցն անցնելու համար պետք է քայլելու փոխարեն ցատկոտես, մայթին հասնելու համար, ու այսպես արդեն 2 ամիս... Հնարավոր չէ՞ր ավելի արագ անել աշխատանքները:
 Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետարանին և տվյալ վարչական շրջանի պատկան մարմիններին: Որքա՞ն ժամանակ պետք է փողոցի «բարեկարգումը» անբարեկարգ վիճակում թողնի փողոցը: Սա այն դեպքում, երբ մինչ այդ բարեկարգման աշխատանքները, մայթեզրերի քարերն այդքան էլ կարիք չունեին նորոգման: Կարելի է հետաքրքրվել և պարզել, թե որ քարհանքից են բերվում քարերը և ով է իրականում այս «բարեկարգում»-ից բարելավում իր գրպանի պարունակությունը՝ քաղաքացուն անհարմարություն պատճառելով: Միաժամանակ նշեմ, որ իմ նախորդ հոդվածներից մեկում բարձրաձայնած խնդրի լուծման համար քաղաքապետարանը դեռ որևէ քայլ չի ձեռնարկել և անպատասխան է թողել հոդվածում հնչեցրած հարցերը:

Տեսանյութի և լուսանկարների հեղինակ՝ Արմեն Մխեյան:


Комментариев нет: