2014-05-23

Անցյալի ստվերը



Սրբագրեց Արամ Հովակիմյանը:


Արդեն երկու օր էր, ինչ «Սուրբ Տիրամայր» հիվանդանոցը մարդաշատ էր: Հազարավոր մարդիկ այստեղ էին գալիս ոչ թե բժշկի դիմելու, այլ գոնե մեկ պահ տեսնելու նրան, առողջություն մաղթելու և նրա համար աղոթելու: Հիվանդանոցի սրահներում նույնիսկ կանգնելու տեղ չկար, իսկ հիվանդասենյակի շուրջ խմբվել էին լրագրողներ, նույնիսկ միջազգային ամենաառաջատար լրատվական գործակալություններն իրենց թղթակիցներին գործուղել էին այստեղ` րոպե առաջ իմանալու հետագա զարգացումների մասին: Հիվանդանոցի անձնակազմը, հատկապես բժիշկները, լրագրողների թիրախն էին դարձել: Ամեն րոպե ստիպված էին պատասխանել հարցերի, սակայն վերջին քսանչորս ժամերի ընթացքում գրեթե բոլորը միևնույն կարճ պատասխանն էին տալիս` «հիվանդի վիճակը կայուն է, բայց ծանր»:
Հիվանդը պաշտոնյա չէր, ոչ էլ քաղաքական գործիչ: Կյանքի արդեն ութերորդ տասնամյակը բոլորած ծերունին ընդամենը գրող էր` դարի ամենամեծ գրողներից մեկը: Նախորդ դարի ամենաընթերցվող գրողի կոչումը իզուր չէր, որ տրվել էր նրան: Նրա ցանկացած ստեղծագործության միլիոնավոր տպաքանակով վաճառվում էր աշխարհի բոլոր գրախանութներում` թարգմանված մի քանի տասնյակ լեզուներով: Մեծ գրողը գրականության ասպարեզում ստացել էր ամենահեղինակավոր մրցանակաները, սակայն ինչպես հենց հանճարեղ ստեղեծագործողն էր սիրում կրկնել, իր համար ամենամեծ գնահատականը իր ընթերցողներին էին, մարդիկ, ովքեր կարողանում էին գրողի հոգուն մոտենալ ստեղծագործության կերպարների միջոցով:
«Իմ ստեղծագործությունների հերոսները իմ հոգուց մի մասնիկ են կրում, քանի որ ես նախևառաջ ինքս եմ ապրում ամենը, հետո նոր թղթին հանձնելով` կերտում կերպարները», - հաճախ կրկնում էր նա:
Նրա հավատարիմ ընթերցողների բանակը արդեն երկու օր էր չէր հեռանում հիվանդանոցի բակից:

Հանկարծ ամբոխում իրարանցում սկսվեց: Երիտասարդ կինը փորձում էր անցնել մարդկանց հոծ բազմության միջով, սակայն նրան արագ շրջապատեցին լրագրողները:
-Օրիորդ Սանչես, ինչպե՞ս է պարոն Ռոդրիգեսի առողջական վիճակը…
Առաջին հարցին հետևեցին մի քանի այլ հարցեր:
Երիտասարդ կինը, որին Պաուլա Սանչես էին կոչում, արդեն երեք տարի շարունակ աշխատում էր աշխարհառչակ գրողի կենսագրական աշխատության վրա, սակայն այդ ամենից բացի` մեծ գրողը Պաուլային դեռ փոքր տարիքից իր հոգեզավակ էր ճանաչել:
Պաուլայի հուզված հայացքը կանգ առավ վերջին հարցը հնչեցրած լրագողի ուղղությամբ:
-Ներեցեք, բայց ես գիտեմ այնքան, որքան այս պահին գիտեք դուք: Ես նոր եմ վերադարձել և շտապել եմ այցելության: Երբ նորություն լինի, անպատճառ կհայտարարվի:
-Կենսագրական գրքի հրատարակումը կարո՞ղ է է՛լ ավելի շուտ լինել, օրիո՛րդ Սանչես…
Սանչեսի դեմքին ակնհայտ հուզմունք երևաց:
-Կհրապարակվի, երբ ամբողջությամբ ավարտենք աշխատանքները: Այլևս ոչ մի հարց, խնդրում եմ:
Պաուլան հազիվ կարողացավ ազատվել լրագրողներից ու ոտք դնելով հիվանդանոցի դռներից ներս` մի պահ կանգ առավ, ապա դժվարությամբ առաջ քայլեց: Իր լավագույն ընկերը, այն մարդը, որ կարողացավ փոխել իր աշխարհը, նա, ով իրեն հարազատ դստեր պես սիրում էր, ամենայն հավանակությամբ անգամ չի էլ կարողանա խոսել, բայց ինքը պարտավոր է տեսնել նրան:
«Մի՞թե Ռոդրիգեսն այլև չի ապրի: Աստվա՜ծ իմ, օգնիր նրան»:

***
Վաղուց կեսգիշերն անցել էր, բայց Պաուլայի աչքերին քուն չէր գալիս: Փորձելով հարմար տեղավորվել հիվանդասենյակի մոտ գտնվող աթոռներից մեկին, շարունակում էր  դյուրակիր համակարգչով շարունակել այն աշխատությունը, որն սկսել էր դեռ երեք տարի առաջ: Եթե միայն ոմանք իմանային թե ինչե՜ր էր այս համակարգչի հիշողությանը պահ տրված: Որքա՜ն մարդ կցանկանար իր ձեռքում ունենալ մեծ գրողի նոթերն ու հիշողությունները, դեռևս անավարտ պատմվածքներն ու տարիներ շարունակ կիսատ թողնված վեպերը:
Միջանցքում հիմա միայն ինքն էր: Գալով այստեղ` նրա առաջին գործը եղել էր բոլոր լրագրողներին հարկաբաժնից դուրս հրավիրելը: Առանց նրանց ներկայության էլ ավելի լավ կլինի: Բժիշկը թույլ չէր տվել Պաուլային տեսակցել հիվանդի հետ, հիվանդն առանց այդ էլ անգիտակից էր: Միայն հիվանդասենյակի պատուհանից Պաուլան կարողացավ տեսնել  ծերունու գունատ դեմքը: Եթե չլինեին սրտի աշխատանքի գրանցման սարքի էկրանին տատանվող գծերը, կարելի էր կարծել, թե ծերունին մահացել է: Պաուլան ամենից շատ հենց դրանից էր վախենում, ու հաճախ ոտքի կանգնելով նայում էր պատուհանից ներս, համոզվելու համար, որ չի եղել այն, ինչին այդքան մեծ անհամբերությամբ սպասում էին լրագրողները, ովքեր արդեն հասցրել էին բազմիցս հուղարկավորել Ռոդրիգեսին, երբ ծերունուն վերջին տարիներին մի քանի անգամ տեղափոխել էին հիվանդանոց:
  Պաուլան հիմա մեղադրում էր իրեն միայն նրանում, որ վերջին երկու ամիսների ընթացքում Ռոդրիգեսի կողքին չէր: Արտասահմանում ուսումը շարունակելը հենց Ռոդրիգեսի մտահղացումն էր: Ինչո՞ւ համաձայնվեց: 
  «Պետք է միշտ լինել այն մարդկանց կողքին, ովքեր ամենադժվար պահին միշտ հասել են օգնության, միշտ եղել կողքիդ կյանքի ամենադժվար փորձություններն հաղթահարելիս: Չէ՞ որ նրանք բացառիկ մարդիկ են, որ բախտ է վիճակվել հանդիպել յուրաքանչյուրիս կյանքում...»:
Պաուլայի ականջին հասած ոտնաձայները կտրեցին նրան մտքերից ու նա արագ շրջվեց: Մեծահասակ կինը արագ քայլերով մոտենում էր իրեն: Պաուլան անմիջապես ճանաչեց տիկին Ռոդրիգեսին: Յոթանասունամյա կինը` Ամանդան, ով արդեն երկար տարիներ մեծ գրողի քաղաքացիական կինն էր, շատ էր փոխվել: Հատկապես վերջին օրերի ընթացքում, թեպետ ընդամենը երկու ամիս էր, որ Պաուլան չէր տեսել նրան:
-Պա՛ուլա, թանկագի՛ն Պաուլա, - բացականչեց կինն ու գրկեց ոտքի կանգնած Պաուլային:
Որքան բարություն ու ջերմություն կար այս կնոջ հոգում: Պաուլան, դեռ փոքրուց զրկված լինելով մորից, տիկին Ամանդային սիրում էր իր հարազատ մոր պես:
-Այնքան էի կարոտել Ձեզ:
-Իմ սիրելի Պաուլա, դու նրան շատ ես պետք:
Պաուլան չկարողացավ զսպել արցունքները:
-Լաց մի՛ եղիր, ես աղոթում եմ, ու վստահ եմ` Ռոդին կհաղթահարի այս փորձությունը և թույլ չի տա, որ ես տեսնեմ իր մահը: Նա ուժեղ է, նա կկարողանա պայքարել, իսկ ես այդ հարցում շատ թույլ եմ, ես չեմ կարողանա տեսնել նրա մահը…
Պաուլան էլ ավելի հուզվեց տիկնոջ խոսքերից: Որքան պարզ և մեծ սեր էր կապում նրան ու Ռոդրիգեսին: Պաուլան հաճախ էր մտածում, որ ինքը երբեք չի կարողանա  սիրել այնպես, ինչպես իրեն որդեգրած ծնողներն էին սիրում միմյանց: Պատասխանը գտնել, թե ինչո՞ւ, անհնար էր թվում իրեն ու անգամ փորձում էր չմտածել այդ ուղղությամբ: Սեր, պարզապես մեծ կապվածություն, որը կարող է դառնալ կախվածություն, և հենց այդ էլ մարդիկ սեր են կոչում, իսկ ինքը դեռ ուսանողական տարիներից, երբ ուսանում էր հոգեբանության բաժնում, արդեն իսկ վստահ էր, սերը մեծ կախվածություն է, ուրիշ ոչինչ:
Իր երկրորդ հայրը, որի ստեղծագործություններում անպակաս էր սիրո թեման, այդպես էլ չկարողացավ բացատրել իրեն թե ինչ է այն: Առանձնապես այդ թեման Պաուլան միշտ էլ փորձում էր շրջանցել, իսկ հիմա որքան կուզեր լսել մեծ գրողին, հասկանալ նրան, բայց հաճախ միտքն էր գալիս լավագույն ստեղծագործություններից մեկում Ռոդրիգեսի միտքը` «Եթե փորձենք բացատրել բառերով ինչ է սերը, այն կդառնա խոսք, այնուհետև բառ և հետո ձայնային ալիք: Բացատրել բառերով սրտի թրթիռը չես կարող, այն միայն կարող ես զգալ»:
-Հերթապահ բժիշկն ինձ հայտնեց, որ վիճակը կայուն է, այնպես որ կարող ենք նրան այցելել:
-Վերջապես, - բացականչեց Պաուլան և հենց նույն պահին նկատեց, իրենց մոտեցող այն նույն բժիշկին, ով արգելեց մտնել հիվանդասենյակ ու բավական նյարդային ձայնով լրագրողներին դուրս հրավիրեց` պահանջելով կատարել հիվանդի բարեկամների ցանկությունը:
Հիմա նրա դեմքին մեղմ ժպիտ կար:
-Տիկին Ռոդրիգես, օրիորդ Սանչես, - դիմեց բժիշկը` մոտենալով միջանցքում կանգնած կանանց, - հիվանդի վիճակը կայուն է, վատթարացում չի նկատվել և քանի որ մեզ հաջողվեց հարկաբաժինն ազատել լրագրողներից, կարծում եմ ժամանակն է, որ այցելեք պարոն Ռոդրիգեսին, սակայն, խնդրում եմ հնարավորինս կարճ ժամանակով, - ավելացրեց նա` բացելով դուռը, - եթե հիվանդի վիճակը ավելի լավ լինի հնարավոր է, որ մնաք նրա կողքին: 
Հիվանդասենյակում առավել մութ էր: Ծանր լռությունը խախտում էին միայն սարքերի համաչապ ու թույլ ձայները:
Տիկին Ամանդան մնաց դռան մոտ կանգնած, իսկ Պաուլան մոտեցավ մահճակալին:
Ծերունին ասես ժպտում էր: Թեպետ հիմա կարծես քնած էր, բայց խորշոմապատ դեմքին դաջված ժպիտը չէր անհետացել: Պաուլան հիշեց Ռոդրիգեսի խոսքերը` ես այնքան ժպտացի բոլորին, որ անկախ ամեն ինչից ժպիտն այլևս չհեռացավ իմ դեմքից:
-Նա այնքան ասելիք ուներ քեզ, անընդմեջ մտածում էր հանդիպման մասին, - շշուկով խոսեց կինը, ապա շարունակեց մտքում, - հուսանք` կկարողանա ասել այն, ինչ այսքան տարի տանջել է, ծվատել հոգին, ծանրացրել խիղճը:
-Եթե խնդիր լինի, կարող եք կանչել, - ասաց բժիշկն ու մենակ թողեց նրանց:
Պաուլան ձեռքի ափը դրեց ծերունու ձեռքին ու հենց նույն պահին ծերունին շարժեց այն:
-Հայրի՞կ, - զարմացած բացականչեց Պաուլան Ամանդայի հետ հայացք փոխանակելով:
Հիվանդը բացեց աչքերն ու հայացքը հառեց Պաուլային: Նրա դեմքին փայլեց ժպիտը:
-Հայրի՜կ:
-Պետք է ասեմ, որ ինձ արթնացրեց քո արտաբերած հայրիկը: Թե չէ` ես այսպես էլ քնած կմնայի: Զարմանալի է` դու այդքան էլ հաճախ հայրիկով չես դիմում
Պաուլան գրկեց Ռոդրիգեսին:
Ամանդան ևս մոտեցավ ու համբուրեց Ռոդրիգեսի ճակատը:
-Ինչ լավ է, որ այստեղ եք:
-Հայրիկ, խնայիր ուժերդ, դու դեռ թույլ ես:
-Այդ ո՞վ քեզ ասաց նման բան, - ժպտաց ծերունին, - ես ինձ շատ լավ եմ զգում, բայց ձեր մասին չեմ կարող ասել նույնը: Այդ ի՞նչ թախծոտ հայացքներ են:
Պաուլան ժպտաց:
-Առավել գեղեցիկ է մեղմ ժպիտդ, որ փորձում է քողարկել թախիծը: Այն…
Ծերունին կեղծ հազաց, սակայն միայն նրա համար որպեսզի չշարունակի ասել հաջորդ բառերը, որ ակամա կարող էին ասվել:
-Այս իմ լեզուն, - վերջապես խոսեց ծերունին, - լեզուն միշտ էլ վերջին պահին դավաճանել է…
-Լեզո՞ւն, - զարմացավ Պաուլան, գուցե ջուր բերեմ…
-Ոչ, ոչ: Ես հիշեցի այն դեպքերից մեկը, երբ ֆրանսիայի ու Իսպանիայի նախագահներին շփոթեցի:
-Հայրիկ, դու շարունակում ես կատակել: Պետք է բժշկին տեղյակ պահել:
-Ես կասեմ, - շտապեց ասել Ամանդան ու դուրս գալ հիվանդասեյակից:
-Աստվա՜ծ իմ, այդ բժիշկները, նրանք ծերուկին չեն թողնում գոնե հանգիստ մեռնել, - ծիծաղեց Ռոդրիգեսը:
-Խնդրում եմ, մի՛ ասա նման բան, դու դեռ երկար պետք է ապրես, գոնե ինձ ու այն մարդկանց համար, ովքեր քեզ սիրում են: Խոսք տուր, որ կլսես բժշկին ու գոնե կթողնես ծխելը: Հանուն ինձ, - խնդրեց Պաուլան` վերջին պահին ժպտալով:
Ծերունին կիտեց հոնքերն ու աչքի տակով նայեց Պաուլային:
-Այդ ո՞վ է քեզ այդքան եսակենտրոնության դասեր տվել: Չլինի՞ ես:
Պաուլան նորից գրկեց Ռոդրիգեսին:
-Ես  քեզ այնքան ասելիք ունեմ, Պաուլա, միայն թե կարողանամ մինչև լուսաբաց, - մի պահ լռությունից հետո խոսեց ծերունին:
Պաուլան նայեց ծերունու աչքերին: Ո՜չ, այս անգամ Ռոդրիգեսը կատակ չէր անում, նրա դեմքին չկար յուրահատուկ ժպիտը:
 -Միշտ մտածել եմ` եթե անընդմեջ մտածենք անցյալի մասին ու հարցնենք` ի՞նչ կլիներ եթե, ապա կունենանք հարյուրավոր անցյալներ և ոչ մի ապագա, - շարունակեց ծերունին, սակայն անցյալը միշտ էլ քայլել է ներկայիս հետ: Միշտ զգացել եմ նրա ծանրությունը:
Պաուլան սովոր էր լսել մեծ մտածողի մտքերը և հաճախ դրանք գրի էր առնում: Այդ մտքերը անպայման պետք է տեղ գտնեին Ռոդրիգեսի կենսագրական գրքի մեջ:
Ծերունին հազիվ էր ավարտել խոսքը, երբ բժիշկն ու Ամանդան մտան սենյակ:
-Ա՜խ, որքան էլ արագ եկաք, - դիմեց բժշկին հիվանդը` ակնհայտ դժգոհ դեմք ընդունելով:
-Պարոն Ռոդրիգես, - ժպտաց հերթապահ բժիշկը, - ես ուրախ եմ, որ դուք արթնացաք:  Ինչպե՞ս է ինքնազգացողությունը:
-Վստահ եմ, որ լավ, - պատասխանեց ծերունին:
-Թույլ տվեք մի քանի գործողություն անել և հեռանալ: Ես լավ գիտեմ, որ դուք մեղմ ասած, բժիշկներին այդքան էլ չեք սիրում, այնպես որ իմ ներկայությամբ Ձեզ չեմ ձանձրացնի, սակայն կարծում եմ` Ձեզ պետք է պառկած մնալ և խնայել ուժերը
- Սա ի՞նչ բան է, ինչ արթնացել եմ, բոլորն իմ փոխարեն որոշում են` ես ինչ եմ սիրում, ինչ` ոչ, - բայց Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ: Ախր շատ եք խոսում, է՜, - տրտնջած ծերունին ու փորձեց գլուխը բարձրացնել բարձից:
Բժիշկը միայն ժպտաց, ապա անցավ գործի:
-Կարծես թե ամեն ինչ նորմալ է: Կխնդրեի երկար չմնալ սենյակում, - բժիշկը դիմեց Պաուլային ու Ամանդային, - եթե ամեն ինչ նորմալ լինի, առավոտյան կարող ենք հիվանդին տեղափոխել արդեն հիվանդասենյակ: Այնտեղ կկարողանա ընդունել բոլոր այցելուներին, - շարունակեց բժիշկը:
Ծերունին ոչինչ չպատասխանեց, միայն դեմքի դժգոհ արտահայտությամբ գլուխը դրեց բարձին:
Բժիշկն հապճեպ դուրս եկավ:
-Հիմա, քանի որ արդեն չափազանց լավ եմ, կարող եք գնալ հանգիստ քնել: Արդեն քանի օր է Ամանդան չի քնել, - մի փոքր լռելուց հետո խոսեց Ռոդրիգեսը, - նրա կարմրած աչքերն ամեն ինչ ասում են: Պաուլա, դու ևս կարող ես գնալ հանգստանալ, բայց միայն ինձ փոխանցիր թուղթ ու գրիչ, - խնդրեց Ռոդրիգեսը:
Տիկին Ամանդան մեծ դժկամությամբ դուրս եկավ հիվանդասենյակից` խոստանալով մնալ ընդհանուր սրահում, և երբ Պաուլան կցանկանա մի փոքր քնել, իրեն անպայման զգուշացնի, որպեսզի Ռոդրիգեսը մենակ չմնա:
 Պաուլան քնելու չէր պատրաստվում: Ինքն այսօր կմնա Ռոդրիգեսի կողքին այնպես, որ ծերունուն այդպես էլ չհաջողվեց Պաուլային ևս համոզել, որ մի փոքր հանգստանա, թեպետ սրտի խորքում Ռոդրիգեսն էլ էր ուզում, որ Պաուլան մնա: Գուցե վերջապես կարողանա ասել, անկեղծորեն պատմել, թե ով է իրականում Պաուլան իր համար:
Մինչ օրս էլ Պաուլային հաճախ էր հուզում այն հարցը, թե ինչու իր կենսաբանական ծնողների մասին ինքը գրեթե ոչինչ չգիտի: Ռոդրիգեսն ու նրա արդեն երկրոդ կինը ամեն անգամ փորձում էին խուսափել հարցերի այն տարափից, որ Պաուլան տալիս էր դեռ փոքր տարիքում: Նրանց համար դժվար էր ասել այն ամենը, ինչ իրականում կար:
Քիչ անց Պաուլան վերադարձավ Ռոդրիգեսի մոտ:
-Ամանդան ննջում է, - խոսեց Պաուլան` տեղավորվելով փոքրիկ աթոռին:
Ռոդրիգեսի հայացքը հիմա թախիծ էր կրում: Գրիչը դժվարությամբ, բայց շարունակում էր շարժվել թղթի վրա:
Պաուլան չհարցրեց, թե ինչ է գրում Ռոդրիգեսը: Լավ ճանաչելով նրա բծախնդիր բնավորությունը, Ռոդրիգեսը ոչինչ չէր ասի, մինչև չավարտեր:
-Ինչ որ բանի կարի՞ք ունես, - հարցրեց Պաուլան տեսնելով Ռոդրիգեսի տխուր, բայց միաժամանակ ժպտացող դեմքը:
-Ոչ մի, - հոգոց հանեց ծերունին, - միայն ժամանակի կարիք ունեմ, բայց ավաղ այն ուղղակի փախչում է, - գրիչը մի կողմ դնելով խոսեց ծերունին: - Վերջերս հաճախ մտքով ետ  եմ գնում տարիների խորքը, դեպի մանկություն` հեքիաթային աշխարհ: Հիմա, երկար տարիներ անց միայն կարելի հասկանալ թե որքան անհոգ էին այդ տարիները: Այնտեղ այնքա՜ն ջերմություն, գուրգուրանք, քնշություն, սեր ու վառ գույներ կային: Միայն փոքր տարիքում է, որ կյանքի պայծառ գույները միշտ շողում են և ժամանակն անվերջ է թվում: Երբ անցնում են տարիները ու հետահայցք ես ձգում, հասկանում ես, որ կյանքդ այս պահին ակնթարթի պես սլանում է, սլանում է դեպի ավարտ:
Պաուլան ակնհայտորեն հուզվեց: Ինչո՞ւ միայն հիմա է այս մասին խոսում Ռոդրիգեսը: Մանկության, մի աշխարհի, որ հեքիաթ էր թվում, սակայն այն մի օր իր համար ավարտվեց: Ավարտվեց այն օրը, երբ պարզ դարձավ որ ինքը, ում հայրիկ է կոչում, իրականում իր հայրը չէ: Սակայն դժգոհել Ռոդրիգեսից, ուղղակի դավաճանություն կլիներ: Փոքր տարիքից Ռոդրիգեսը իր համար, թե՛ մայր էր, և թե՛ հայր, մինչև իրենց փոքրիկ ընտանիք եկավ Ամանդան, ում Պաուլան մինչև այսօր էլ չկարողացավ մայրիկ կոչել:
Ի՞նչ կլիներ եթե ինքը չիմանար, որ Ռոդրիգեսը, իր հայրը չէ
-Ես փորձել եմ անել հնարավոր ամեն ինչ քեզ համար, - Պաուլայի մտքերը կտրեց Ռոդրիգեսի կամաց ձայնը, - բայց միայն մի բան չեմ կարողացել անել
-Կարծում եմ դու արել ես ավելին, քան կարող էր հարազատ հայրը, - ընդհատեց Պաուլան:
-Ո՛չ, ո՛չ, Պաուլա…
-Խնդրում եմ, հայրիկ, չեմ կարծում, որ պետք է հենց հիմա խոսենք այդ մասին: Ես գիտեմ, որ շատ հարցերում դու և Ամանդան թաքցրել եք իմ իսկական ծնողների վերաբերյալ ճշմարտությունը, - Պաուլան իր ափերի մեջ առավ Ռոդրիգեսի խորշոմած ձեռքը - անցյալը փոխել չենք կարող: Ես միշտ էլ  երջանիկ եմ զգացել ինձ ձեր կողքին:
-Ուրախ եմ լսել այդ խոսքերը:
Ռոդրիգեսը գլուխը թեքեց: Հիշողություններից մի քանիսը ճնշում էին հոգին: Մտովի սկսեց վերապերել այն տեսարանը, որ միշտ ցավ էր պատճառել:
«Օգնի՜ր ինձ, հայրիկ, - լսվում էր երիտասարդ կնոջ ձայնը, ասես երեկ լիներ ամեն ինչ,- ես այստեղ չեմ կարող էլ մնալ: Երդվում եմ էլ չեմ անի, խոստանում եմ մատով անգամ չդիպչել, խոստանում եմ…»:
Գուցե պետք էր հավատալ, նրան դուրս բերել նարկոլոգիական կլինիկայից ու տեղափոխել տուն: Այդպես գուցե խիղճը չծանրանար ամեն անգամ նրա արցունքները հիշելիս:
-Ամելի՛, փոքրի՛կս, հասկացի՛ր, այն քո երեխայի համար է արվում: Դու պետք է պայքարես, այստեղ քեզ հետևում են, ինչպես նաև փոքրիկին, որ կրծքիդ տակ ես պահում:
Ամելին Ռոդրիգեսի ու նրա առաջին կնոջ միակ զավակն էր: Դեռ դեռահաս տարիքից ինչպես պետք է հետագայում խոստովաներ Ամելին, թմրանյութերի կախվածությունն արդեն իսկ կար:
Ռոդրիգեսը հաճախ էր իրեն մեղադրում դստեր նկատմամբ չափից դուրս անտարբերության համար, սակայն մյուս կողմից այն անտարբերություն չէր, այլ վստահություն, որ փոքրիկ Ամելին իրեն ու մայրիկին չի կարող խաբել: Ուսման նպատակով տանից հեռանալը Ամելին համարել էր ծնողներից հեռու մնալու լավագույն տարբերակը և երբ ամիսներ անց Ամելիին հեռացրել էին համալսարանից, այդ մասին ծնողներին ոչինչ չէր ասել, այլ շարունակել էր գումար պահանջել և ծախսել արդեն ոչ թե ուսման, այլ թմրանյութերի ու մի խումբ ընկերների հետ զվարճանալու վրա:
Ռոդրիգեսը բավական ուշ հասկացավ, որ Ամելիի հետ ինչ-որ բան է կատարվում, ինչ որ սարսափելի բան, սակայն արդեն շատ ուշ էր: Ռոդրիգեսը պահանջեցոր Ամելին անմիջապես վերադառնա տուն, երբ ուսման վարձը ուղարկելով համալսարան պատասխան նամակ ստացավ այն մասին, որ Ամելին այլևս չի հանդիսանում իրենց ուսանողուհին: Ամելին չէր էլ պատրաստվում հետ գնալ հայրենի քաղաք:
Հետագայում միայն Ամելիի օրագիրը կարդալով` Ռոդրիգեսը կհասականա, որ դուստրը անհնար էր համարում վերադարձը, քանի որ իրեն թմրամոլ էր համարում: Ամելին ամաչում էր: «Ես նրանց արժանի դուստր չեմ համարում ինձ»:
Ռոդրիգեսի հաջորդ քայլը Ամելիին ամսական հատկացվելիք գումարից զրկելն էր, սակայն արդյունքում Ամելին զրկվեց վարձով բնականարանից ու անհետացավ: Երկար փնտրտուքից հետո Ռոդրիգեսին վերջապես հաջողվեց գտնել Ամելիին, սակայն այն ինչ ինքը տեսավ անսպասելի էր իր համար: Ամելին արդեն այն աղջնակը չէր, որին ինքը ճանաչում էր: Թմրանյութերից մեծ կախվածություն, ագրեսիա ու ոչ ադեկվատ պահվածք: Այս ամենին գումարվում էր Ամելիի հղիությունը: Թե ով էր հայրը, այդպես էլ Ռոդրիգեսը չկարողացավ իմանալ:
Ռոդրիգեսը անում էր ամեն հնարավորը, որպեսզի երեխան ու Ամելին գտնվեն առավել ապահով միջավայրում,  սակայն այդ ամենը Ամելիի կողմից դիտվում էր, որպես թշնամական գործողություն: Ամելիի համար ծնողները դարձան առաջին թշնամիները: Այլ ելք չէր մնում քան նրան տեղափոխել համապատասխան  կլինիկա: Ռոդրիգեսի համար սա կյանքի հաջորդ մեծ ցավն էր, որ միչև հիմա ստիպում էր զղջալ: «Իսկ գուցե հնարավո՞ր էր առանց կլինիկա տեղափոխելու ամեն ինչ լուծել», - հաճախ մեղադրում էր իրեն Ռոդրիգեսը: Կինը, չդիմանալով ցավին, սրտի կաթվածից մահացավ, երբ Ամելին դեռ մեկ շաբաթ էլ չկար որ տեղափոխվել էր կլինիկա: Այս ամենածանր հարվածը Ռոդրիգեսին միանգամից ձեռնունայն թողեց: Կյանքն ասես խամրեց նրա համար: Այլևս ոչ մի ստեղծագործություն, և դեռ հետագայում շատ տարիներ նա չի կարողանա գրել:
Ռոդրիգեսի հիշողության մեջ դաջվել էր Ամելիի հետ յուրաքանչյուր հանդիպման ամեն մի մանրուքը: Ամեն անգամ սրտի խոր ցավով ստիպված էր իրեն մեղադրել այն ամենի համար ինչ կատարվում էր, ինչի միջով ստիպված է անցնել: Մեղադրել նրա համար, որ Ամելիին չի կարողացել տալ այն, ինչը պետք էր, կամ ավելին էր պետք` ուշադրություն:
Ամիսներ անց թեպետ Ամելիի վիճակը կայունանում էր, սակայն բժիշկները կտրականապես դեմ էին, որ լքի կլինիկան: Ռոդրիգեսը ոչինչ չխնայեց դստեր բուժումը երկրի լավագույն հիվանդանոցում իրականացնելու համար: Ամելին շրջապատված էր լավագույն մասնագետներով, մեծ ուշադրությամբ, իսկ դրական քայլեր արդեն իսկ նկատելի էին:
Բժիշկների հավաստմամբ փոքրիկի ծնվելուց հետո հնարավոր էր Ամելիի հիվանդանոցից դուրս գրումը: Փոքրիկը ծնվեց ողջ ու առողջ, միակ ուրախալի փաստը, որ հետագայում Ռոդրիգեսին  պետք է մխիթարեր, սակայն փոքրիկի լույս աշխարհ գալուց մեկ օր անց Ռոդրիգեսի կյանքում տեղի ունեցավ հաջորդ ողբերգությունը: Ամելին հենց ծծնդատանը ինքնասպանություն գործեցՍարսափելի ողբերգությունը երրորդ ծանր հարվածն էր մեկ տարում:
Այժմ, արդեն կյանքի մայրամուտին, Ռոդրիգեսը հաճախ էր զարմանում` ինչպե՞ս կարողացավ այս ամենին դիմակայել, սակայն  պատասխանն ինքը լավ գիտեր: ՊաուլանՊաուլան իր հարազատ թոռնուհին էր, միակ հույսն ու լուսավոր կետը, ով կարողացավ կրկին կյանքը լցնել գույներով, հաղթահարել ցավը և վերադառնալ գրական աշխարհ: Միայն մեծ ողբերգությունները կարող են ստիպել գրողին գրել այնպես, որ ընթերցողը քեզ գնահատի: Ռոդրիգեսի ստեղծագործություններում անձնական ողբերգությունները թեև տեղ չէին գտել, սակայն դրանց հաղթահարումը ստիպել էր մեծ գրողին խոսել սրտից, այնպես խոսել, որ անտարբեր չէր կարող թողնել ընթերցողին:
Պաուլայի` իր հարազատ թոռնուհին լինելու փաստը, Ռոդրիգեսը երկար տարիներ թաքցնում էր: Միայն ինքն ու հետագայում Ամանդան գիտեին այս մասին:
Ինչո՞ւ այդպես էլ քաջություն չունեցավ ասել Պաուլային, որպեսզի նրանից լսի ոչ թե հայրիկ այլ պապիկ բառը: «Ես մեղավոր եմ, ես գիտեմ որ մեղավոր եմ և ես ինձ ներել գուցե չկարողանամ»:
Կյանքի ամենաբարդ տարիները մեկ ակնթարքի տեսքով հայտնվեցին Ռոդրիգեսի աչքերի առջև ու սլացան հեռուներ: Դժգույն անցյալի ստվերները, միևնույն է կհայտնվեն ներկայում, քանի դեռ այդ մութ անցյալը չես մոռացել, իսկ Ռոդրիգեսը մոռանալ չէր կարող:
Այնտեղ, որտեղ սխալվել ենք, արդեն այլ աշխարհ է, անցյալ, իսկ երբ հիմա փորձում ենք ուղղել անցյալի սխալները, մենք արդեն այլ աշխարհում եք` առնվազն ներկայում:
Ռոդրիգեսը լուռ հայացք ձգեց Պաուլայի ուղղությամբ`որքան նման է Ամելիին:
-Պաուլա, - գրեթե շշուկուվ կանչեց Ռոդրիգեսը, - պետք է քեզ մի բան խնդրեմ:
-Ինչ կամենաս, հայրիկ, - վեր կացավ Պաուլան` արագ մոտենալով Ռոդրիգեսին:
-Խնդրում եմ ներիր…
-Ինչո՞ւ համար ես ներողություն խնդրում, չեմ հասկանում:
-Որ այդպես է չկարողացա, ես չկարողացա
Ռոդրիգեսի աչքերը արցունքով լցվեցին:
-Ի՞նչ պատահեց, խնդրում եմ, մի ասա այդպես:
-Համարձակությունը հաճախ ամենավճռական պահին դավաճանում է, այդ կերպ թույլ չտալով փոխել ապագան, - վերջապես կարողացավ խոսել ծերունին, - սակայն հիմա կասկածում եմ, արդյո՞ք արժե փոխել մի բան: Անցյալից միայն հիշողություններ են մնում: Ինչո՞ւ չպահել միայն լավ հիշողությունները: 
Ռոդրիգեսը խորը հոգոց հանեց:
-Դու այդպես էլ չասեցիր, ներո՞ւմ ես:
-Ներում եմ, իհարկե ներում եմ, - անմիջապես պատասխանեց Պաուլան` չիմանալով ինչի համար է Ռոդրիգեսը ներողություն խնդրում:
-Իսկ հիմա կարող ես գնալ հանգիստ քնել, խնդրում եմ:
Պաուլան լուռ հեռացավ ու կրկին տեղավորվեց աթոռին: 
Արևելքում խավարը սկսեց կամաց-կամաց նահանջել:
«Լուսաբացը մոտ է, - մտածեց Ռոդրիգեսը: - Մի՞թե վերջինը: Ամեն երեկո փակելով աչքերս մտածում էի, գուցե այլևս չտեսնեմ այգաբացը, սակայն առավոտյան կրկին համոզվում`քանի դեռ կենդանի եմ, ուրեմն կա հնարավորություն ամեն ինչ փոխել: Պետք է քնել, քնել»:
Ռոդրիգեսը փակեց աչքերը:

Պաուլան ակնդետ նայում էր Ռոդրիգեսի գունատ դեմքին: Աչքերը փակ էին: Լավ է, որ քնեց, հիմա նրան պետք է խնայել ուժերը, սակայն Պաուլային տանջում էր Ռոդրիգեսի վերջին խոսքերը: Դժվար էր հասկանալ, թե ինչ էր ուզում ասել, որ կրկին չասաց: Գուցե՞ իսկապես անհրաժեշտ չէր, իսկ ներողությու՞նը: Ինչո՞ւ էր խնդրում, որ ներեմ: Ի՞նչ ներեմ:
Հանկարծ կտրուկ ու տարօրինակ ազշդանշանի ձայնը սարսափեցրեց Պաուլային: Վայրկենապես վեր թռչելով աթոռից` անմիջապես վազեց Ռոդրիգեսի մոտ:
Բազում սարքավորումներից մեկը բարձր սուլում էր: Միայն այդ պահին Պաուլան նկատեց մահճակալից ոչ հեռու գտնվող էկրանին պատկերվող տատանվող գծերն անհետանում են` տեղը զիջելով երկար ու բարակ գծին: Պաուլան դուրս նետվեց ու կարողացավ միայն գոռալ` բժի՜շկ:

Առավոտյան հիվանդանոցն առավել քան մարդաշատ էր: Լրատվամիջոցներ արդեն իսկ հասցրել էին հրապարակել մեծ գրողի մահվան բոթը, տարածելով Ռոդրիգեսի գրած վերջին բառերը, որ մեծ գրողը հանձնել էր թղթին մահվանից քիչ առաջ: Ընդամենը մեկ տող, ինչպես միշտ ինքնատիպ և համեստ, բայց զղջումով լի:  «Ես այդպես էլ ոչինչ չկարողացա ասել, ես այդպես էլ լուռ մնացի»: