Armen
Mkheyan
ԱՐՄԵՆ
ՄԽԵՅԱՆ
●
ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
(Մաս առաջին)
Армен Мхеян
Արմեն Մխեյանն այս անգամ անդրադարձել է գենետիկ ձևափոխության ենթարկված մշակաբույսերի խնդրին: Իրադարձությունների կիզակետում հայտնվում է լրատվական կայքի խմբագիրը, ով ակամա դառնում է բարձրաստիճան պաշտոնյայի սպանության վկան:
Հանցագործություն, որը նպատակ ունի կոծկել և վերացնել մեկ այլ հանցագործության հետքը:
Գլխավոր հերոսները, քաջ գիտակցելով, թե ինչ հնարավոր վտանգների առջև կարող է կանգնել պետությունը, անհավասար պայքարի մեջ են մտնում` հանուն ճշմարտության բացահայտման, սակայն ապացույցը մեկն է, իսկ այն ձեռք բերելու համար ստիպված են խախտել օրենքը:
Հանուն արդարության նրանց պայքարը վերածվում է կյանքի ու մահու կռվի, որտեղ վստահել կարող են շատ քչերին...
Գործողությունների կտրուկ ու անհավատալի զարգացում` լի անսպասելի լուծումներով:
Միևնույն ժամանակ հեղինակը փորձում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց անտեսումը կարող են վտանգել պետության և ժողովրդի անվտանգությունը:
Վեպում օգտագործվել են պետական մի շարք կառույցների անուններ, ինչպես նաև
Mediamall.am և 1in.am լրատվական կայքերի անունները: Հերոսները, սյուժեն ու նրանց
անունները մտացածին են, ցանկացած համընկնում` պատահականություն:
Հատուկ շնորհակալություն Mediamall.am, 1in.am կայքերին և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել վեպի ստեղծման գործում:
Խմբագիր` Արամ Հովակիմյան
Այս գիրքը էլեկտրոնային տարբերակն է: Այն ենթակա չէ տպագրման և տարածման՝ առանց հեղինակի
թույլտվության:
© ArmenMkheyan
Խավարին պետք
չէ վստահել, քանի որ չգիտես թե քանի թշնամի կարող է քողարկել այն…
Արմեն Մխեյան
Օրը շաբաթ էր, բայց
ավտոմեքենաների պակաս կայանատեղում չէր
զգացվում: Սամվելը դժվարությամբ, բայց վերջապես կարողացավ մեքենան կայանել կանգառում:
«Առավոտյան եթե սկսենք բարկանալ,
ապա ի՞նչ կլինի օրվա մյուս ժամերին,- ինքն
իրեն հանգստացրեց Սամվելն ու արձակեց
ամրագոտին: Նրա ուշադրությունը գրավեց
ոչ հեռու կայանած մեքենայում նստած զույգը: Մեքենան թանկարժեք էր ու վերջին սերնդի
ամենագնացներից, այնպես որ իր վարած մեքենան հնոտի էր` նրա հետ համեմատած:
Երիտասարդ, մոտ երեսուն տարեկան կնոջ դեմքը իրեն շատ լավ ծանոթ էր: Որպես լրագրող
և լրատվական ամենահայտնի կայքի գլխավոր խմբագիր, նա լավ ճանաչում էր այդ կնոջը, ով
բավականին բարձրաստիճան պաշտոնյա էր նախարարությունում: Ղեկին նստած տղամարդու
դեմքը չէր երևում, բայց վառ կարմիր փողկապը և շքեղ մեքենան խոսում էին այն մասին,
նա ևս պաշտոնյա է: Հավանաբար կրկին նախարարության աշխատակից, քանի որ Կառավարական
շենքը հենց գրասենյակի հարևանությամբ էր գտնվում ու ինքը հաճախ էր հանդիպում
պաշտոնյաների: Կնոջ դեմքը հուզմունք էր արտահայտում
ու Սամվելին թվաց՝ անգամ վրդովմունք:
Երիտասարդ կինը նախարարության
սննդամթերքի անվտանգության վարչության պետն էր: Վերջերս իր հրապարակած հոդվածներից
մեկը մեղադրանքներ էր պարունակում հատկապես նորանշանակ պետի՝ Տաթև Ստեփանյանի
աշխատանքի վերաբերյալ:
«Հետո կասեն, թե լրագրողներն
անգամ իրենց անձնական կյանք են ներխուժում», - մտքում ասաց Սամվելն ու բարձրացրեց
մեքենայի կողապակիները՝ պատրաստվելով դուրս գալ: Բայց այդ պահին շքեղ մեքենայի
դուռը բացվեց ու տիկին Ստեփանյանը դուրս եկավ մեքենայից:
Սամվելին կրկին թվաց, որ տիկին
Ստեփանյանը մի փոքր զայրացած է: Մեքենայի դուռը սովորականից ուժեղ փակվեց: Կինն արագ քայլերով հասցրեց շրջանցել մի քանի կայանած մեքենաներ ու
արդեն բավական հեռացել էր, երբ տղամարդը ևս մեքենայից փորձեց իջնել:
Հանկարծ Սամվելի ականջին հասավ
մեկ ուրիշ մեքենայի անիվների ճռռոց, ապա տեսադաշտում հայտնվեց հենց մեքենան:
Մինչ Սամվելն ինքն իրեն կհարցներ,
թե տեսնես` ո՛ր պաշտոնյայի անդաստիարակ տղան է Կառավարական շենքի մոտ նման բան
անում, կատարվեց անսպասելին: Արագ ընթացող մեքենայի կիսաբաց պատուհանից Սամվելը
նկատեց ինքնաձիգի փողը, ապա լսվեց վեց-յոթ կրակոց հենց իր ու իր կողքին կայանած
մեքենաների ուղղությամբ:
Երբ բարձրացրեց գլուխը հասկացավ,
որ թիրախը պաշտոնյան էր և ոչ թե ինքը: Մի քանի մեքենաների ազդանշանային
համակարգերը գործի ընկան, լսվեցին առաջին ճիչերն ու օգնության կանչերը:
Սամվելը ոչ թե իջավ, այլ դուրս
թռավ ու վազեց դեպի վիրավորը:
Միջին տարիքի տղամարդը դեմքով
դեպի գետինն էր պառկած՝ ամբողջովին արյան մեջ:
Սամվելը փորձեց շրջել նրան, որպեսզի վիրավորը
կարողանա շնչել:
-Ոստիկանություն, շտապ օգնություն
կանչե՛ք, - գոռաց նա:
-Չտա՛լ, չտա՜լ ոչ մեկին, - հազիվ կարողացավ արտաբերել վիրավորն ու ձեռքը մեկնեց դեպի Սամվելը:
-Մի խոսեք, ամեն ինչ լավ կլինի, լսո՞ւմ եք:
-Չտա՜լ, - շարունակեց վիրավորը:
-Զանգեցի՞ք շտապ օգնություն, - հարցրեց Սամվելն իրեն մոտեցած մարդկանց:
Մի քանիսը գլխով արեցին:
Սամվելի ուշադրությունն այդ պահին գրավեց երիտասարդ կինը: Նա ահից երկու ափերով ծածկել էր դեմքը: Այդ կինը վայրկյաններ առաջ հենց նույն մեքենայում էր: Սամվելը փորձեց բարձրացնել վիրավորի գլուխն ու միայն այդ պահին ճանաչեց նրան`գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն էր: Սամվելը կրկին հայացք գցեց Տաթև Ստեփանյանի ուղղությամբ, բայց կինը կորել էր ամբոխի մեջ:
***
Մեդիամոլ լրատվականի գլխավոր խմբագիր
Սամվել Գևորգյանն ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Դեպքից րոպեներ
անց շտապ օգնության մեքենան ծանր վիրավորին տեղափոխեց հիվանդանոց, իսկ
լրագրողները, մարդիկ ու ոստիկաններն անմիջապես շրջապատեցին դեպքի վայրը: Սամվելը
ուշքի չէր գալիս կատարվածից հետո:
Սեփական աչքի առաջ, օրը ցերեկով
նման հանցագործություն:
Ոստիկաններին հակիրճ
ներկայացնելով կատարվածը` փորձեց շարժվել դեպի խմբագրություն, բայց այս անգամ
լրագրողների մի մեծ խումբ շրջապատեց իրեն:
-Սամվել, քա՞նի հրազենային վերք
կար…
-Մեքենայի, մակնիշն ու
պետհամարանիշը հիշո՞ւմ եք…
-Ի՞նչ տեսակի զենք էր…
Սամվելը նայեց շուրջը հավաքված լրագրողներին. յուրաքանչյուրն
զինված էր տեսախցիկով: Տարօրինակ կաշկանդվածություն զգաց: Միշտ ուրիշներն էին իր
ուշադրության կենտրոնում, իսկ այսօր ինքը: Իր հագուստն ու ձեռքերն ամբողջովին արյունոտված
էին, իսկ րոպեներ անց իր լուսանկարները կհեղեղեն մամուլը:
-Մի քանի րոպեից կայքում
կտեղադրվի մանրամասները: Հիմա էլ չեմ կարող խոսել: Կներեք:
Սամվելը վերջապես կարողացավ դուրս
գալ շրջափակումից ու մտնել շենքի մուտք:
Իր խմբագրակազմի գործընկերներն՝
Արտակն ու Գոհարը, անմիջապես օգնության հասան:
-Վիրավո՞ր չես, ցավեր չկա՞ն, -
հարցրեց առաջինը մոտեցած Արտակը:
-Վիրավոր չեմ, ամեն ինչ լավ է:
Ո՞վ կա խմբագրությունում:
-Ես եմ ու Գոհարը:
-Պատրաստո՞ւմ եք հոդվածը:
-Գրեթե պատրաստ է, երեք րոպեից կարող
եմ տեղադրել:
-Շատ լավ, ես լվացվեմ, գնամ տուն՝
շորերս փոխելու: Լրագրողների հարցերին էլ դուք կպատասխանեք:
Լվացվելուց հետո երբ Սամվելը
մտավ աշխատասենյակ, առաջին իսկ գործողությունը հեռուստացույցն ու համակարգիչը
միացնելն եղավ:
Եթերում արդեն իսկ մի շարք
հեռուստաընկերություններ հեռարձակում էին րոպեներ առաջ կատարվածը:
«…Բժիշկների գնահատմամբ վիրավոր
փոխնախարարի վիճակը խիստ ծանր է: Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար: Արձակված
գնդակներից չորսը դիպել են կրծքավանդակին»…
Հազիվ էր նստել, երբ դռան ետևից աղմուկ
լսվեց: Գոհարն էր:
-Չեմ կարծում, որ կկարողանա խոսել Ձեզ
հետ...
Դուռը թակեցին ու առանց սպասելու պատասխանի՝ բացեցին:
Շեմքին հայտնվեց բավականին հմայիչ ու նրբաոճ հագուկապով այն նույն կինը, ում քիչ առաջ տեսել էր Սամվելը մեքենայում:
Սամվելը հայացք գցեց շփոթված Գոհարի դեմքին, ով աչքերով փորձեց հասկացնել, որ չկարողացավ կանգնեցնել հյուրին:
Հյուրը, չսպասելով հրավերի, առաջ եկավ: Սամվելը փորձեց ոտքի կանգնել:
-Հուսով եմ` դուք չեք վիրավորվել, մենք պետք է զրուցենք հոդվածի վերաբերյալ:
«Հոդվածի վերաբերյա՞լ: Այս կինն կամ աննորմալ է կամ էլ դեռ շոկային վիճակում»:
-Ի՞նչ հոդված տ...
-Կխնդրեի, որ մեզ մենակ թողեք, - ավելի բարձր ու ակնհայտ փորձելով ընդհատել Սամվելին, շարունակեց կինը:
Գոհարը զայրութով լի հայացք ձգեց անկոչ հյուրի ուղղությամբ ու դուրս եկավ:
Դուռը փակվելուն պես կինը մեկ քայլով մոտեցավ սեղանին ապա վերցրեց սեղանին
դրված նոթատետրն ու գրչամանից մատիտ և սկսեց ինչ-որ գրառում անել թղթի վրա:
Սամվելին այս ամենը ծիծաղելի էր թվում: Երբ փորձեց ձայն հանել, կինը նորից միջամտեց.
-Գիտեմ, դժվար է խոսել այն ամենից հետո, ինչին այսօր ականատես եք եղել, բայց որպես լրագրող ես իմ աշխատանքն եմ կատարում:
«Լրագրո՞ղ: Չէ՜, Տաթև Ստեփանյանն առնվազն հոգեկան խնդիրներ է ձեռք բերել, կամ էլ ուներ»:
Մեկ վայրկյան էլ ու նրա համբերություննը կլցվեր այս խեղկատությունից, բայց Տաթևը դեպի իրեն շրջեց նոթատետրը, որին մանր ու գեղեցիկ տառերով գրված էր՝ «Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ»:
Սամվելի գլխին ասես ցնցուղից սառը ջուր մաղեցին ու նա լուռ նստեց աթոռին:
Տաթևը նիհարակազմ, բավականին գեղեցիկ դիմագծերով կին էր: Թեպետ տարիքը երեսունն անց էր, բայց ավելի փոքր էր երևում: Նրա ձեռքն արագ շարժվում էր թղթի վրա: Երբ ավարտեց երկրորդ գրառումը, մեկնեց որպեսզի Սամվելը կարդա:
«Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդականց»:
Սամվելը զարմացած նայեց Տաթևի դեմքին հասկանալու համար, արդյոք այս ամենը խա՞ղ է թե, ոչ: Բայց Տաթևի մտահոգ ու վախեցած դեմքը խոսում էր, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Նոր գրությունը չուշացավ. «Վերցրեք կոստյումն ու հետևեք ինձ»: Տաթևը նորից սկսեց գրել, բայց ավարտելուց հետո պատռեց էջն ու հաջորդ էջին նկարեց փոքրիկ կակաչ:
Սամվելը մի պահ վարանեց, բայց հետո վերցրեց կախիչից արյունոտված կոստյումն ու հետևեց Տաթևին:
Միջանցքում երևաց Գոհարը:
-Ամենաուշը մեկ ժամից կգամ, - հակիրճ
ասաց Սամվելը:
Դիմացից քայլող կինը քմծիծաղ տվեց:
«Դժվար թե…»:
***
Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ
Մհեր Դարբինյանը վերջացրեց կարդալն ու մի կողմ դրեց աշխատանքից իր իսկ ազատման ծանուցագիրը: Հատկապես վերջին շրջանում վերադասի հետ հարաբերությունները էլ ավելի էին բարդացել: Ավելին. ինքն ուներ բավական հիմքեր մտածելու, որ իր անմիջական ղեկավարը մի շարք խարդախությունների մեջ է ներքաշված, բայց ոչ իր աշխատանքի բերումով, այլ ընտանեկան բիզնեսի: Գաբրիելյանի ընտանիքի անդամները հանդիսանում էին խոշոր ընկերության բաժնետերեր, իսկ այն հիմնականում զբաղվում էր գյուղմթերքի արտահանմամաբ և ներմուծմամբ: Տվյալ կազմակերպությունը վերջերս հաղթել էր կառավարության կազմակերպած գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի մեծ խմբաքանակի ներմուծման համար հայտարարված մրցույթը: Առաջին հայացքից թվում էր՝ արտասովոր ոչինչ չկա: Սակայն իրեն հայտնի էր դարձել գումարային մեքենայությունների մասին: Մասնավորապես ընկերությունը հաշվետվությունում գրեթե կրկնակի թանկ է ներկայացնում գումարի չափը՝ կապելով
ճանապարհածախսի հետ: Բայց այդ ամենից, ընկերության գումարը փոխանցվել է մաս առ
մաս երկու տարբեր հաշվեհամարների, և մի ընկերության, որը գրանցված այսպես կոչված օֆշորային գոտում: Դասական փողերի լվացման եղանակ: Այս ամենին էլ միաժամանակ գումարվում է գյուղատնտնեսության նախարարության մտահոգությունը: Հատկապես այն հարցում, որ ապրանքը գնվել է մի ընկերության կողմից, որի ստանդարտները մեղմ ասած չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Նախարարության սննդի անվտանգության վարչությունը
սննդամթերի անվտանգության և որակի
ստուգման պետական ծառայությանը պատվիրել էր սերմացուի որակի լաբորատոր ստուգում անցկացվել:
Արդյունքները ոչ միայն հուսահատեցնող էին, այլև դրանց հրապարակման դեպքում
ներմուծող ընկերությունը և կառավարության որոշ պաշտոնյաներ կկանգնեին դատարանի
առջև: Գաբրիելյանի ընտանիքին պատկանող բիզնեսը հօդս կցնդեր, իսկ ընտանիքի որոշ
անդամներ հաստատ կհայտնվեին ճաղերի ետևում:
Օրեր առաջ կրքերն ավելի էին թեժացել: Գաբրիելյանին հատկապես մտահոգում էր այն հանգամանքը, որ Մհերի կինը գյուղատնտեսության նախարարության աշխատակից էր ու տիրապետում էր ողջ տեղեկատվությանը: Արդյունքը եղավ այն, որ այսօր ստացավ աշխատանքից ազատման ծանուցագիրը, առանց որևէ հիմնավորման:
Լսվեց բջջայինի ձայնը: Համարը ծանոթ էր: Միանգամից սեղմեց ընդունման կոճակը:
-Հա, Սերգեյ, ասա...
-Միացրու հեռուստացույցը, ցանկացած ալիք, -
լսվեց Սերգեյի շնչակտուր ձայնը:
-Ինչի՞ համար:
-Միացրու՝ կհասկանաս:
-Լավ, միացնում եմ, - ավարտելով խոսակցությունը ձեռքն առավ հեռակառավարման վահանակը:
«... Բժիշկներն այս պահին փորձում են անել հնարավորը փոխնախարարի կյանքը փրկելու համար: Հիշեցնեմ, որ այսօր Կառավարական շենքի դիմաց զինված հարձակման է ենթարկվել գյուղատնտեսության փոխնախարար Անդրանիկ Սարգսյանը: Դեպքը կատարվել րոպենար առաջ: Ինչպես տեսնում եք, այս պահին ոտիկանները դեպքի վայրում են...»:
Մհերը տեղից վեր թռավ: Աշխատանքից հեռացումն այլևս նշանակություն չուներ նրա համար: Հիմա միայն մտածում էր նրա մասին:
***
-Հիմա ամեն ինչ կբացատրես, թե՞
նորից հանելուկներով ենք խոսելու, - դեռ շենքի մուտքից դուրս չեկած, զայրույթը մի
կերպ զսպելով, խոսեց Սամվելը:
Տաթևը, որ մի քանի քայլ առաջ էր
անցել, հետ եկավ ու ուղիղ նայելով Սամվելի աչքերին, որքան հնարավոր է ցածրաձայն խոսեց.
-Ինչպես ես, այնպես էլ դու մեծ վտանգի մեջ ենք: Րոպեներ առաջ
կատարվածը վկայում է այն մասին, որ որոշ մարդիկ դիմել են ամենածայրահեղ միջոցին:
Ու ես քեզ վստահեցնում եմ՝ հիմա վտանգված է, իմ, քո ու շատ
շատերի կյանքը:
-Սպասե՛ք, ես ի՞նչ
կապ ունեմ…
-Նստենք մեքենան, կփորձեմ բացատրել: Եթե դժվար չէ, կխնդրեի
մոտեցնեիր մեքենան: Ես չեմ կարող դուրս գալ փողոց:
Սամվելն այս ամենն ավելի ու ավելի
էր նմանեցնում սարսափ երազի: Նախ առավոտ շուտ այս ամենը, իր արյունոտ շորերն ու հիմա էլ այս պաշտոնյան: Նա անցավ ոստիկանների ու
լրագրողների միջով, որքան հնարավոր է ուշադրություն
չգրավելով ու մեկ րոպե անց մեքենան մոտեցրեց շենքի մուտքին:
Տաթևը շտապ նստեց մեքենան:
Սամվելն անջատեց շարժիչն ու
հայացքը հառեց դեպի Տաթևը՝ սպասելով բացատրության:
-Կարո՞ղ ես տալ բջջայինդ մեկ րոպեով:
Սամվելը մի պահ վարանեց, ապա մեկնեց «Սամսունգ» սմարթֆոնը:
Տաթևը միանգամից սեղմեց անջատման կոճակը, ապա հանեց մարտկոցը:
-Հիմա մեզ դժվար թե լսեն, - բացատրեց նա:
Տաթևը մի քանի վայրկյան լուռ էր,
ապա միանգամից սկսեց.
-Միջազգային կարգի հանցագործներ,
մի քանի կազմակերպությունների ապօրինի գործունեություն և հիմա արդեն սպանություն:
Այսքանը բավակա՞ն է:
Սամվելի դեմքին որևէ մկան չշարժվեց ու հանգիստ, բայց
միաժամանակ հարցական հայացքով շարունակեց նայել:
-Սամվել, գիտեմ, որ այս ամենը շատ տարօրինակ է, բայց այս պահին քեզնից շատ
բան է կախված:
-Օրինա՞կ: Ի՞նչ է կախված ինձանից: Եթե այդպես է, խորհուրդ կտամ դիմել
ոստիկանություն, ոչ թե խմբագրին:
-Ոստիկանություն դիմելիս էլ ավելի մեծ խնդիրների առաջ
կկանգնենք…
-Կկանգնե՞նք, Տաթև, ի՞նչ կապ ունեմ ես, կասե՞ս վերջապես, ձայնը բարձրացրեց
Սամվելը:
-Մինչ այն պահը, երբ մոտեցար փոխնախարարին, ոչ մի: Շարժվենք այստեղից, եթե քո
համար անվտանգ է, ապա ինձ համար՝ ոչ:
-Իսկ հիմա ի՞նչ կապ ունեմ, -
հարցրեց Սամվելը՝ շարժիչը գործի գցելով:
-Նա քեզ փոխանցեց այն, ինչը պետք
է ոչնչանար, այսինքն այդպես էին ուզում
մարդասպանները:
«Այս կինը լրիվ խելքը կորցրել է:
Ավելի լավ կլինի հոգեբուժարան շարժվենք»:
Սամվելը չկարողացավ զսպել ծիծաղը:
-Այս
ամենն ինձ ուղղակի խաղ է հիշեցնում:
-Իզուր:
-Ու՞ր պետք է ուղեկցեմ քեզ: Այսօր կատարվածն արդեն ինձ
լրիվ բավական է:
-Սամվել, ես քեզ վստահեցնում եմ,
որ նրանք քեզ էլ կհետևեն, քանի որ նրանց հարկավոր
է այն, ինչ քեզ մոտ է:
-Տաթև, ես կարծում եմ, քեզ պետք է բժշկի դիմել: Այդ մարդն ինձ ոչինչ չի տվել:
Տաթևի դեմքին առաջին անգամ ժպիտ
նկատվեց, այն էլ հեգնական:
-Շատ լավ, ինձ չես հավատում` մի՛ հավատա, բայց հապա ստուգիր կոստյումի աջ գրպանը:
Սամվելը մեքենան կանգնեցրեց մինչ
լուսացույցի գույնը կփոխվեր:
-Չե՞ս ուզում նայել ինչ կա
այնտեղ, - շարունակեց Տաթևը:
-Այնտեղ ոչինչ չկա:
-Իսկ դու նայի՛ր, -
շարունակեց պնդել Տաթևն ու հայացքը ուղղեց կոստյումի գրպանին:
Սամվելը կախեց գլուխն ու նկատեց՝ իր կոստյումի գրպանի
մոտ արյունոտ ձեռքի հետքեր կային: Այն չէր կարող
լինել իր ձեռքերի արյունը, քանի որ արյան բիծը ոչ թե վերևից ներքև էր, որը կլիներ եթե ինքը փորձեր արյունոտ ձեռքերը գրպանը մտցնել, այլ հորիզոնական, ու
ամենատարօրինակը՝ արյունը կոստյումի
այդ հատվածում նման ձևով թողնելու համար պետք էր ձախ ձեռքն աջ գրպանը խոթել:
Սամվելը ձեռքը գրպանը տարավ ու իսկապես շոշափեց փոքրիկ առարկա:
Տաթևի դեմքին հայտնվեց գոհ ժպիտ: Ինքը չէր սխալվել,
երբ նկատել էր պաշտոնյայի ձեռքի շարժումը: Նա պարտավոր էր այդպես վարվել:
-Սա ի՞նչ է, - զարմացած հարցրեց Սամվելը, երբ գրպանից հանեց արյունոտ իրը:
Սամվելի աչքերի առջև նորից հայտնվեց վիրավոր պաշտոնյան ու նրա վերջին խոսքերը: Հիմա ամեն ինչ պարզ էր: Վերջին վայրկյանին վիրավորը գրպանն էր խոթել այս փոքրիկ բանալին:
Լուսացույցի գույնը փոխվեց: Սամվելը մեծ արագություն զարգացնելով անցավ փողոցը: Անիրական թվացող վտանգն արդեն կերպարանք էր առնում:
-Կբացատրե՞ս, ինչ բանալի է սա:
-Իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանի:
-Մենք հենց հիմա կգնանք ոստիկանություն...
-Լրագրողներդ այդքան միամի՞տ եք, թե՞ ինձ է այդպես թվում: Եթե պետք, լիներ առաջինը ես կդիմեի, կամ հենց ինքը: Եթե իհարկե հասցներ: Ոստիկանությանը այս պահին չեմ կարող վստահել, քանի որ այդ փաստաթղթերի ոչնչացմամբ հետաքրքրված են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդ որում ուժային կառույցներից ևս:
-Ի՞նչ փաստաղթեր են դրանք:
-Ինքդ կտեսնես:
Սամվելը զարմացած հայացք գցեց Տաթևի ուղղությամբ, իսկ վերջինս ասես չնկատելով շարունակեց.
-Մենք պետք է գնանք նախարարություն, բայց դրա համար առաջին հերթին պետք է փոխես հագուստդ: Շտապիր, մենք պետք է առաջինը հասնենք:





