2012-02-08

ԼՎԱ՛ ԻՆՁ

Առատ ձյունը թվում է թե պետք է սպիտակ վերմակով ծածկեր երևանյան փոշոտ ու գորշ փողոցները, սակայն  հիանալ Երևանի ճերմակ զգեստով հասցրեցինք միայն մեկ գիշեր, իսկ հաջորդ առավոտյան ձյան հալոցքի հետ ցեխն ու փոշոտ մայթերի աղբը միախառնվեցին ճերմակ զգեստի գույնի  հետ ու…
Այսօր միայն զզվանքով կարելի էր նայել երևանյան փողոցների ցեխոտ մայթեզրերին ու գազոններին: Կեսօրին, երբ նայեցի շուրջս,  մի պահ երանի տվեցի սառնամանիքին, այն պատճառով, որ եթե ցուրտ լիներ, ապա ձյունը չէր խառնվի ցեխի հետ ու գոնե հնարավոր կլիներ երկար վայլել Երևանի ճերմակ մաքրությունը: Սակայն այս ամենը մի կողմ դնելով անդրադառնամ մեկ այլ խնդրի՝ «ցեխաինքնաշարժներին»: Երևանի հասարակական տրանսպորտի բառից բուն իմաստով աղտոտվածությունը գարշելի է և իմ և հազարավոր այն քաղաքացիների համար,  ովքեր ստիպված են լինում ամեն օր որպես փոխադրամիջոց օգտվել հասարակական տրանսպորտից: Որպես Երևանի բնակիչ և քաղաքացի ինձ մի հարց է տանջում: Ո՞վ է պատասխանատվություն կրում  միկրոավտոբուսների ու ավտոբուսների շահագործման, անվտանգության և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար: Քաղաքապետարա՞նը, «գծի տե՞րը», վարորդը թե՞ մենք… Արդյո՞ք այդքան դժվար է մեկ դույլ ջուր վերցնել ու մաքրել այն փոշու հաստ շերտը, որ «մաքրվում» է ամեն երթուղային նստող-իջնող քաղաքացիների հագուստով: 
Լուսանկարը hraparak.am կայքից
Չգիտեմ ինչպես կարելի ձևակերպել. խնդրանք, կոչ, հորդոր, պահանջ... սակայն այս իրավիճակը պետք է փոխվի: Առաջարկ ունեմ: Եթե պետավտոտեսուչները նաև տուգանեն նման վիճակում գտնվող մեքենաների վարորդներին, «գծի տերերին», ապա համոզված եմ, որ մեկ դույլ ջուրը հաստատ չեն ափսոսա և ժամանակ կգտնեն մաքրելու մեքենաների վրայից ամիսների ու գուցե տարիների փոշին : Պատկերացրեք եթե մեքենաները լեզու ունենային, ապա փողոցում միայն կլսվեր «ԼՎԱ՛ ԻՆՁ» արտահայտությունը: 

2 комментария:

Анонимный комментирует...

Շնորհակալություն «Լվա ինձ» հոդվածով բարձրացված հարցի համար։

Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի շահագործման, անվտանգության և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը իրականացվում է տվյալ երթուղային գիծը սպասարկող կազմակերպության կողմից, իսկ հսկողությունը իրականացնում է «Երևանտրանս» ՓԲԸ-ն։
Կիսելով մտահոգությունը հայտնում եմ, որ վերջին օրերին մայրաքաղաքում տեղացած առատ ձյան և շարունակվող ձնհալի պատճառով, հնարավոր չի եղել հասարակական տրանսպորտը շահագործել մաքուր վիճակում։
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ եղանակային բավարար պայմանների դեպքում՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի համապատասխան աշխատակիցների միջամտությամբ հնարավորինս կանխվում է ոչ պատշաճ տեսքի հասարակական տրանսպորտային միջոցների շահագործումը։
Նշված հոդվածում կոնկրետ երթուղու կամ տրանսպորտային միջոցի համարը նշելու դեպքում, հնարավոր կլիներ ձեռնարկել համապատասխան միջոցներ և սահմանել հսկողություն։


Աշխատակազմի տրանսպորտի
վարչության պետ Հ.Նավասարդյան

Анонимный комментирует...

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի
վարչություն
Հեռ։ 514198