2012-07-14

Մենության ներքո

Լուսանկարը` Արմեն Մխեյանի

Կրկին ուշ եկա տուն: Վերջերս հաճախ էի կեսգիշերից ուշ տուն հասնում ու ասես այս անգամ էլ չէի խախտել վերջին ժամանակների սովորությունը: Լույսն առանց վառելու, մտա սենյակս. չարթանացնեմ  հանկարծ տնեցիներին: Հոգնած մարմինս նետեցի անկողնուն, բայց քունս չէր տանում: Վեր կացա ու միացրեցի համակարգիչը, ապա դուրս եկա պատշգամբ: Գիշերային ամպերի քողի տակից լուսինն իր շողն էր նետել: Շուտով ամպը կհեռանա և լուսինն իր մենությունն ու  ողջ հմայքը կտարածի գիշերային անդորրում: Քար լռություն, ոչ մի շշուկ, ոչ մի ձայն: Մենության  լռությունը խոսուն է ավելին, քան կարելի է պատկերացնել: Մենություն, որտեղ նախևառաջ դու սկսում ես ինքդ Քեզ հասկանալ, զգալ սրտիդ բաբախյունի ձայնն ու ամեն վայրկյան ունկդրել նրա տրոփյունը, որ միշտ ճիշտ է, միշտ գիտի ավելին, քան դու: Այլ հարց է. արդյոք միշտ ճի՞շտ ենք կարողանում այն հասկանալ:
       Այս ամենը մենություն է: Թեպետ հաճախ մենք մեր մենությունը կիսում ենք շատերի հետ, բայց հոգով միշտ էլ միայնակ ենք` հոգով երբեք զույգ չենք դառնում:
 Վառեցի հերթական գլանակը: Երբ հարցնում են ծխում եմ թե ոչ, ասում եմ` հիմնականում չեմ ծխում, բայց լինում են օրեր, երբ մի ամբողջ տուփ եմ դատարկում: Նայեցի վեր:
Լուսինն ազատվեց փոքրիկ ամպի պարուրած շղարշից ու իր ողջ շրջանակով արտացոլում էր լույսն Արևի, ասես ապացուցելու համար, որ ինքն ավելին է, քան հեռավոր, բայց շիկացած աստղերը, որ միայն մեկ կետ են երևում: Նա ևս միայնակ է զգում իրեն, բայց  հպարտ, որ միակն է որպես այդպիսին` իր նազանքով ու պերճանքով:
Գլուխս պտտվեց մի պահ: Հոգնածությո՞ւն էր զգացնել տալիս, թե ծխախոտի ծուխը: Հավանաբար երկուսն էլ միասին: Մի պահ փակեցի աչքերս ու մի ձայն լսեցի, մենության ձայնը: Ասես լուսինը մենության իր երգն էր երգում, որ լռության միջով անցնելով հասավ ականջիս: Ներս գնացի ու բացեցի պատուհանը: Գիշերվա զովը խուժեց սենյակ: Միացրեցի դանդաղ երաժշտություն ու նոր գլանակ վառեցի ու սկսեցի թափառել համացանցում: Ոչ մի կարևոր ու առանձահատուկ իրադարձություն չգրավեց ուշադրությունս:
«Այստեղ ևս մենությունն է տիրում», ― մտածեցի ես ու այդ միտքն անգամ ինձ ծիծաղելի թվաց:
Այսօր տպավորություններն ու զգացողությունները միայն մենությանն էին վերաբերվում: Տարօրինակ է, բայց ինչո՞ւ այդ մեծն «Մենությունը» ստիպեց ինձ նորից մտածել իր մասին: Մենություն, որ միշտ մեզ հետ է, մեր հոգում, այն երբեք մեզ միայնակ չի թողնում, անգամ այն ժամանակ, երբ միայնակ ենք մեզ զգում: Այն միշտ մեզ հետ է` հոգու մենությունը, յուրօրինակությունը: Հենց այդ յուրօրինակությունն էլ ստիպում է հասկանալ, որ յուրաքանչյուրս այլ ենք, տարբերվող ու առանձնահատուկ` հոգով, մարմնով և ողջ էությամբ: Ահա և մենության գաղտնիքը: Ահա այն, ինչից մեր մենությունը դարձնում է մեզ միայնակ այս ողջ աշխարհում: Մենք մեր մենությունը փորձում ենք կիսել մեզ նմանի հետ, բայց միայն արտաքին, իսկ հոգու մենության միակ ընկերն ու բարեկամը մեծն «Մենությունն» է, միակ ճշմարիտն ընկերն ու բարեկամը, միակ խորհրդատուն ու գործած մեղքերի մեղսակիցը, բոլոր ձեռքբերումների դափնեկիրը: 
Սպառվեց հերթական գլանակը ու նորը վառեցի: Սկսեցի մտքերս իրար գլխի հավաքել ու գրել: Նորից այդ մենությունը, նորից նա ստիպեց մենության զգացումից դրդված գրել: Նա այնքա՜ն դաժան է հաճախ:

 Միայնակ ենք միշտ մեր կյանքում.
Միայնակ ենք դառնում մենք,
Երբ ծնվում ենք, աշխարհ գալիս,
Ու միայնակ էլ հեռանում աշխարհից:
Թողնում աշխարհը բոլոր նրանց,
Ովքեր միայնությունն են մեր կիսում:
Մեր ողջ կյանքում այս ընթացքի,
Հոգով երբեք զույգ չենք դառնում...

Աչքերս փակվում էին հոգնածությունից:  
«Ես Քեզ կհաղթեմ, միայնություն,― քմծիծաղեցի ես,― ես միայնակ քեզ կթողնեմ, ինչպես հաճախ դու ես ստիպում ինձ լինել: Այս գիշեր ես իմ երազների հետ կլինեմ, իսկ առավոտյան արևի ջե՜րմ ու ոսկե շողի հետ: Հետո գուցե դու նորից արթնանաս, բայց հոգումս բացի քեզանից նաև լույս կլինի, իրական արևի լույս, ոչ թե լուսնի` արևից գողացած լույսը: Ամեն դեպքում ես կպայքարեմ, իսկ հիմա վայելիր մենությունդ, իմ հպարտ Մենավոր…»:

2 комментария:

Unknown комментирует...

amen inch shat lava uxaki mi xndranq eli sev fon@ poxeq eli ete hnaravora vorovhetev vor miqich erkar es nayum spitak tarerin achqert sksum en cavel teche @ndhanur amen inch shat lava

Արմեն Մխեյան комментирует...

Շնորհակալ եմ Գևորգ ջան: Դիտողությունդ հաշվի առնելով՝ բլոգիս դիզայնը փոխել եմ: