Լուսանկարը՝ Արմեն Մխեյանի Պետո Պողոսյանի հրաշք նկարը |
Երևանյան ամենաշոգ
օրերից մեկն էր, բայց հեղձուցիչ տոթը չէր խանգարում իմ զբոսանքին: Անցորդներն արագ
անցնում էին վայրկյան առաջ ստվերում հայտնվելու համար, իսկ ես շարունակում էի քայլել:
Այնպիսի տպավորություն էր, ասես տարիներ շարունակ չէի եղել իմ քաղաքում ու հիմա արևի
կիզիչ ճառագայթներն ի զորու չէին ետ պահել ինձ նորից զգալու Երևանի շունչը: Հանրապետության
հրապարակից քայլեցի դեպի Հյուսիսային պողոտա: Երևանյան կոլորիտին մի քիչ օտար, բայց
շատ երևանցիների համար արդեն հարազատ դարձած այս փողոցով օրական հազարավոր անցորդներ
են անցնում, հատկապես երեկոյան ժամերին, այն էլ ուրբաթ օրով: Հին ծանոթներ, ընկերներ
տեսնելը այստեղ այնքան հաճելի է, առավել ևս, երբ նրանց երկար ժամանակ չես տեսել: Սա
Երևանն է, իմ քաղաքը ու ես Նրան շատ եմ սիրում:
Հանկարծ ուշադրությունս
գրավեց մի երտասարդ, ով գրեթե փողոցի կենտրոնում էր նստած ու ձեռքին բռնել էր փայտե
տախտակ, որին ամրացված թղթին էր հանձնում հեռու
և մոտ շենքրի գծերն ու շինությունները: Հասկացա, որ նկարն իսկապես գեղեցիկ է լինելու,
անգամ եթե միայն մատիտով լինի նկարված: Մոտեցա, սակայն մտածեցի որ շատ մոտ կանգնելով
գուցե խանգարեմ աշխատանքին ու հեռու գնացի մի փոքր: Տեսնում էի ինչպես է մատիտը սահուն ու վարժ անցնում
թղթի վրայով, սպիտակի վրա սևով գծում ու նկարում պատկերը, պատկեր որ կենդանի է, հոգի
ունի… Հետաքրքրությունս առավել մեծացավ, երբ փոքրիկ ներկապնակին հայտնվեցին ջրաներկի
գույները: Այնտեղ գույներ էին ծնվում ու հանձնվում թղթին: Նորից մոտեցա: Գծանկարը գույներով
էր պատվում, ու ստացվում էր այն, ինչ մեկ բառով կարելի է հրաշք անվանել: Ֆոտոխցիկով
ընդամենը մեկ ակնթարթ է պետք լուսանկար ստանալու համար, սակայն կենդանի նկար հնարավոր
չէ: Լուսանկարը մեկ ակնթարթն է կանգնեցնում, իսկ նկարչի ձեռքով նկարվածը ամեն վրձնի
հարվածի հետ հոգուց մի մասնիկ է փոկում ու գույների երանգի հետ միախառնվելով, մնում
թղթի վրա: Նկարը շունչ ունի, բովանդակ հոգի ու կենդանի է այնքա՜ն: Հանեցի ֆոտոխցիկը,
բայց միացնել այն անհնար էր: Էկրանին հայտնվում էր միայն «փոխել մարտկոցը» արտահայտությունը:
Դիմեցի հեռախոսի օգնությանը: Մի քանի լուսանկար, թեպետ անշունչ, բայց պատկերված նկարի
շունչը տարածող… Ահա այսպես:
Հ.Գ. Շնորհակալություն Պետո Պողոսյանին հրաշք նկար ստեղծելու համար:
Комментариев нет:
Отправить комментарий