2013-05-06

Հոգով ստրուկ և օլիգարխների երկիր Հայաստան

Եվ այսպես ամփոփենք հերթական ընտրությունները: Այս ընտրություններն առանձնանում էին մի շարք հատկանշական բնորոշիչներով:
Նախ սկսենք նրանից, որ լայնամասշտաբ կերպով լուսաբանվում էր մամուլում, ավելի ակտիվ, քան նախագահականի դեպքում: Յուրաքանչյուր փորձառու և անփորձ լրագրող, զինված տեսանկարահանման սարքերով, կարողանում էր րոպեների ընթացքում նկարահանածը տեղադրել համացանցում: Կարծես թե ինֆորմացվածության խնդիր չէր զգացվում: Էլեկտրոնային լրատվամիջոցներն էլ ակտիվ աշխատում էին՝ ներկայացնում, լուսաբանում:
Հենց այդ իսկ պատճառով ընտրախախտումների արձանագրությունները, դեպքերն ու դեմքերը անմիջապես դառնում էին լրատվական կայքերի հերոսները: Կես կատակ կես լուրջ ասեմ՝ եթե ինքնահաստատման խնդիր ունես, գնա ընտրատեղամաս մի հատ դեբոշ արա ու վերջ, դու դեմք ես:
Ընտրության օրը լրագրողների թիվը Երևանում կրկնապատվեց: Ամենուր լրագրողներ էին, անգամ իրենք էլ չիմանալով որտեղ են աշխատում: Այս զավեշտը նորություն էր, ու ինձ համար անսպասելի նորություն:
Բայց դե մյուս զավեշտները, որոնց հիմքերը գալիս են նախորդ ընտրություններից, ևս աչքի էին զարնում ու կատարելագործվում էին:
Բնակիչներին մեքենաներով ընտրատեղամասեր տանելը, գունավոր գրիչներով քվեարկելը, կաշառքը, կրկնակի քվեարկությունները, թաղային հեղինակությունների ու խամաճիկների հեղիանակություն ցույց տալը, ընտրատեղամասերում ոստիկանների անզոր հայացքներն ու անգործությունը,  կառուսելներն արդեն բնորոշ են մեր ընտրական մշակույթին: Ինչպես կասեր Մուկուչյանը՝ ձևավորվում է ընտրական մշակույթ: Ահա քեզ ընտրական մշակույթ: Բայց ամենացավալին մնում է պաշտոնյաների անթաքույց ցինիզմը ու նրանք բարբաջում են՝ անցան խաղաղ ու առանց միջադեպերի:
Հերթական խորը հիասթափությունն ապրեցի: Կրկին եկա այն եզրահանգման, որ ազգի տականքը պաշտպանում է իշխանությանը, իրեն  ապագայում ապահովագրելու համար, իսկ իշխանությունները, համոզված եմ, չեն զլանա նման «անձնուրաց» մարտնչողներին պարգևատրել: Ու նորից նույնը: Իշխանությունը Սուրբ է ձևանում, բայց ձեռքերը քրեական ու թաղային հեղինակություններ են: Այս դեպքում ասեք հարգելիներս, ի՞նչ կարող է անել գիտակից քաղաքացին, ում վրա իշխանությունները բառի բուն իմաստով թքած ունեն: Ով քաղաքացի է անձնագրով, բայց իրեն իր հայրենիքի քաղաքացի չի կարողանում զգալ միայն այն պատճառով, որ պետությունը ոչ թե Հայաստանն է, այլ մեծն ցինցիկների հավաքույթ հիշեցնող կուսակցույթունը: Մի մեղադրեք նրանց, ովքեր արտագաղթում են, քանզի նրանք հոգնել են գաղջ մթնոլորտից ու չեն ուզում ֆիզիկական ստրուկ լինելուց բացի նաև հոգով ստրուկ լինել:
Թող ոչ մեկ կասկածի տակ չառնի իմ հայրենասիրությունը, որովհետև գուցե ես էլ լքեմ Հանրապետությունը, քանի որ այսօր իմ հայրենիքը արդեն ես ու իմ նման մտածող քաղաքացիները չեն, այլ ցինցիզմի ցայտուն հատկանիշներով օժշտված իշխանավորները:
Ցավում եմ, որ այսօր Հայաստանը հայտնվել է բնակչության ամենաշատ արտագաղթող երկրների ցանկում ու տարիներ հետո, երբ ՀՀ-ում բնակչության թիվը 1 մլն-ով էլ նվազի և մեր սահմանները նույնիսկ մենք չենք կարող պաշտպանել, ազերին ու թուրքը կմտնեն Հայաստան: Այդ դեպքում մեր պաշտոնյաները իրենք էլ կարտագաղթեն: Հավատացե՛ք, նրանց երեխաները չեն կանգնի թշնամու դեմ ու զենք չեն վերցնի: Զենք կվերցնի կրկին հասարակ քաղաքացին՝ ես, դու և նա, ով կպայքարի ամեն թիզ հողի համար իր սեփական արյամբ: Ամենացավալին այն է, որ այսօր այդ իշխանություն կոչվածը ամեն ինչ անում է վերջնականապես համոզելու համար, որ պետությունը ինքն է, և ոչ թե քաղաքացին: Որ ինքն ինչ ուզի կանի, ինչքան ուզի կխփի: Քաղաքացիական գիտակցությունը մորթվում է: Մարդն իրեն չի զգում քաղաքացի, այլ միայն ստրուկ:
Խոսվում է խոսքի ազատությունից՝ … «Տեսեք ամեն ինչ թափանցիկ է, ով ինչ ուզում ասում է» ― պնդում են նրանք:
Երբ եք վերջապես հասկանալու, խոսքի ազատությունը այն չէ, որ մեկն ինչ ուզի ասի, այլ այն է, որ դուք հանեք ձեր ականջներից բամբակներն ու լսեք քաղաքացու ձայնը: Քաղաքացու ձայնը լսելի դարձնելն ու խնդրին լուծում տալն է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ:
Շատերն էլ հույս չունեն, ու լքում են Հայաստանը, բայց ես դեռ ունեմ ուժ պայքարելու, հոգով չստրկանալու դեմ, պահանջելու իշխանություններից, որ չմնան իշխանություն միայն փողոցի խուժանի, օլիգարխների, քրեական ու հանցագործ տարերրի, գրպանող ու ատկատներով աշխատող կառույցների հովանավորը: Ինքնամաքրվել, դառնալ ժողովրդի ու արդար քաղաքացու պաշտպանն ու սոցիալական,  ժողովրդական, պետության իշխանությունը: 

Комментариев нет: