2015-12-29

Հետհայացք




   Անցավ ևս մեկ տարի: Թեպետ գեղեցիկ թվերով գրվող տարի էր, սակայն այդքան էլ հեշտ չէր: Հակասական զցաղողություններով, վերելքներով ու նաև անկումներով հագեցած տարի: Իմ կյանքի ամենաանբացատրելի տարին կարելի է համարել 2015-ը: Եվ հիմա՝ արդեն տարեմուտին, ամփոփելով անցյալ ժամանակով գրում եմ՝ հույս ունենալով ամենը թողնել անցյալում ու ամեն ինչ սկսել նորից...

  Շատ հարցերում եմ թերացել և չեմ խուսափի բարձրաձայնելուց, նաև սխալվել եմ, հաճախ եղել առավել քան սառը, ինչպես սառույցը, հաճախ հոգումս բորբոքել մի ողջ արև, իսկ այդպիսի ջերմաստիճանային տարբերությունը միանշանակ իրենց հետևանքներն են ունեցել: Անցել եմ շատ դժվարությունների միջով, հաճախ գերագնահատել ու շատ հարցերում թերագնահատել ինքս ինձ, եղել անհանդուրժող, կարեկցանքի փոխարեն՝ անտեսել, իրականն ու արժեքավորը՝ արժեզրկել, վանել լավը, շուրջս վատը կուտակել, եղել անհանդուրժող, ու այս ամենը գիտակցելով, ինքս ինձ հարցրել ու փնտրել պատճառներ: Եվ ի՞նչ եք կարծում, մեղավորներ գտնվե՞լ են: Այո՛, բայց միայն մեկը՝ ես... Վստահ եմ՝ շատերը չեն էլ նկատել, շատերին պարզապես ցույց չեմ տվել այն ամենն, ինչ կատարվել է իմ հոգում՝ այդ ամենը խորը թաքցնելով ժպիտի ներքո ու սա, թերևս, դրական կողմերից մեկն է հավանաբար: Իմ խնդիրները փորձելով ինքս լուծել՝ ավելի ամուր եմ կանգնել, ավելի վճռական ու պայքարի ոգով տոգորվել: Անցնելով ամենի միջով՝ հասել եմ այն գիտակցության, որ կյանքում ցավի ու տառապանքի դեմ կա մեկ միջոց՝ պայքար, պայքարել հանուն...
Պայքարել եմ հանուն լուսավորի, բարու, արդարության, թեպետ ավելի կարծրացած սրտով եմ նայել անարդարություններին, սակայն երբեք թույլ չեմ տվել դրանց տեղ գտնել իմ հոգում: Պայքարն այդ երբեք էլ չի ավարտվի, բայց ցավալի է, որ այդ պայքարի ընթացքում կորցրել եմ շատերին, անտեսել ու անկարող եղել կարևորն ու անկարևորը տարբերակելուց. պարզապես խնդիրներն այնքա՜ն շատ են եղել... Բայց հավատացնում եմ. գիտակցել եմ սխալներս ու հիմա պատրաստ եմ ընդունել դրանք՝ միաժամանակ ներողություն խնդրել: Ներողություն եմ խնդրում, եթե ցավ եմ պատճառել, եթե չեմ հասկացել, եղել եմ անտարբեր, սակայն ոչ մի դեպքում չեմ դրել վերջակետեր, այլ շարունակելի համարելով, դրել բազմակետեր... Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել, աջակցել, թիկունք կանգնել...
  Թողնելով ամենն անցյալում մաղթում եմ ինձ և ձեզ խաղաղության, ներդաշնակության, առողջության, բարեկեցության, նորանոր ձեռքբերումների, հաջողություններ և ամենակարևորը երջանկության, ցանկությունների, երազանքների իրականացման տարի... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...



Отправить комментарий